Грикор Зограб

Դիմակը

Ա

Արշակ Յազըճյան, որ պարահանդեսին էն տաք միջոցին, միտքը ուրիշ տեղ եղող մարդու մը պես աննպատակ և անուշադիր կպտտեր, հանկարծ թևի մը շոշափումը զգաց իր թևին տակ. վարդագույն տոմինո մըն էր հասակագեղ, որ կ'ըսեր իրեն.

- Ինչո՞ւ չեք պարեր։

- Չեմ ախորժիր։

- Ձեզի պես երիտասա՜րդ մը…

- Պարելը տարիքի հետ գործ չունի. տեսեք սա ալևոր մարդը որ վալս կդառնա պատանիի մը աշխույժով։

Ու երիտասարդը իր ընկերուհին դիտեց ոտքի պզտիկ կոշիկեն մինչև դիմակը, բեհեզի պատառ մը՝ որուն շիկնոտ երանգը դեմքին չծածկված մասին վրա կշարունակվեր. իր մեծաշեն գեղեցկությանը հակառակք մանուկի ձեռքեր ուներ և մինչև արմունկը հասնող ճերմակ ձեռնոցները կհիշեցնեին Պեշիկթաշլյանի երգած ձյունաթույր թաթիկը։

Կուրծքը, զոր տոմինոյին մեջքը սեղմող մետաքսյա գոտին դուրս կցայտեցներ, զույգ մը ըմբոստ նժույգի գլուխների պես, քարակարկառ արձանի մը լանջքին խոստումը ու գաղափարը կուտար, խոստում, զոր հիմա իրարու դպող թևերուն մեջ սողոսկող սարսուռը կշեշտեր։

Տոմինոն անձնավստահ մեկու մը պես թող կուտար առանց տրտնջալու, որ զինքը երկարորեն դիտեն, քննեն ու գնահատեն, գիտնալով, որ վերջիվերջո նպաստավոր պիտի ըլլա եզրակացությունը իրեն։

Բ

- Կսիրե՞ս զիս։

- Այն ատեն միայն կրնամ ըսել երբոր դիմակդ վար առնես։

- Անկարելի է այդ։

- Գնամ քովես ուրեմն։

Կվռնտեր. առանց քաղաքավար դարձվածներ փնտրելու, Արշակ կվռնտեր այս կինը, որ իր ցանկազարթույց ընկերությամբ եկած էր ընդմիջելու իր գաղափարի, խոկումի մարդու պտույտը պարասրահին մեջ։ Ինքը կսոսկար այն կիներեն, որ մունջ ու անխոսիկ մատուցում մը կկրեն կարծես հրապուրիչ և ուշադրություն հրավիրող շարժումներնուն մեջ։ Կվախնար անոնցմե. ինքը, լուրջ ու պարկեշտ տղա, սիրո հաճույքն ալ անոր պարկեշտ, գրեթե առաքինի հանգամանքին մեջ կփնտրեր։

Այնպես կհավտար, թե այն կինը միայն կարող պիտի ըլլար սի¬րել որ զինքը մերժեր մինչև վերջը. այս տոմինոյին պես իր գիրկը նետվող կիներեն խորշած էր միշտ. զինքը չսիրող կինն էր, որ իր իտեալ սիրուհին պիտի ըլլար։ Սերը՝ իր աչքին՝ տառապանքի մեջ էր միայն, այնպես որ դժբախտ ըլլալով կարծես երջանիկ պիտի ըլլար։

Իրոք ալ այնպես էր այս երիտասարդ երազատեսը. այն հազար ու մեկ կիներեն որոնք կրնար սիրտը շահիլ, և ոչ մեկին կապված էր. իր բարեկեցիկ վիճակովը երբեք չէր խորհած ամուսնության, և ոչ ալ այն վաղանցիկ հաճույքի ժամերուն, որոնցմե իր տարեկիցները չէիլ կրնար անցնիլ. ողորմելի մարդիկ՝ որոնք կազմ ու պատրաստ երանություններով կբավականանային։

Ինքը կշրջեր փողոցները, դժվարահաճ արվեստագետի մը պես

որ աչքն ի դարան և քիթն ի քամի,


ինչպես կըսեր Ռուսինյան, կամ որսորդի մը պես, որ արյունարբոլ վագրի մը հանդիպելու երազովը երջանիկ կ'ըլլա։ Այսպես կույս ու մաքուր մնացած էր իր սիրտը, սպասելով հազվագյուտ կերպով հրապուրիչ ու նույնքան անմատչելի կնոջ մը երևումին։ Թեև ճիշտ քսանմեկ տարու էր հիմա, կապույտ, անուշ աչքերով, երկուքի ճեղքված երկար, շագանակագույն մազերով ու ազնվական երևույթով երիտասարդ մը։

Գ


Այդ ըղղձացած կինը ճանչցած էր օր մը. փողոցը հանդիպած էր երբեմն. սիգաճեմ ու խրոխտ կին մ ըն էր, նայվածք մը անգամ չշնորհելով բոլոր կանգ առնողներուն, բարև բռնողներուն իր ճամփուն վրա. մեկ հեղ, երկու հեղ ու քիչ-քիչ անտեղիտալի պետք մը դարձած էր անզգալաբար հետևիլ անոր ամեն կողմ։

Եվ հետաքրքրվելով՝ հետը տեսնվելու, տունը երթալու առիթը փընտրած ու գտած էր. իրեն պես դեռ քանինե՜ր կուգային հոդ, անմատչելի կուռքի մը առջև ծխող սպառող երիտասարդի սրտեր, բռնված այն անմռունչ հրապույրեն, որ տիկնոջ խստահայաց, բայց նշուլագեղ աչքերուն մեջ կկարդացվեր։

Առաքինի կնիկ մըն էր, որուն կրնայիր ժամերով խոսիլ կամ հետը առանձին մնալ առանց մոռնալու թե իր ամուսնին հավատարիմ մեկն էր այս բարակամեջք ու առույգաբարձ գեղանի կինը, որ իր թիկնաթոռին մեջ մարմնակործան կ'ունկնդրեր քեզի, վառարանին դուռնեն ցոլացիկ լույսին նայելով միշտ։

Դեղնած դեմքով տղաք կագային երերուն քալվածքով, այս տաքուկ սրահին մեջ, որ կարծես հիվանդանոց մըն էր տառապյալներու, որոնք ներս կմտնեին գիշերվան ճաշեն ետքը թեթև հազով մը ընդմիջված բարևով, հոս՝ այս ջերմոցին գաղջ օդին մեջ կազդուրվելու, այս կնոջ տաք ու խոնավ նայվածքեն, անոր այրեցյալ գոտիեն իբրև թե կենդանություն փնտրելու համար։

Ու փալթոնին հանած, իրենց հագուստին վայելչությանը մեջ կպարտկեին նիհար իրաննուն ցցվող ոսկերոտիքը, ու ձյունաթույր մաքուր շապիկի պարանոցին մեջ՝ վիզերնին, վտիտ, երկարած, մորթվելու ոչխարի սիրահոժար պատրաստականությամբ։

Դ


Այս կինը ահա կսիրեր երկու տարին ի վեր, անոր համար որ անկե չէր կրցած սիրվիլ. իր երազը կ'իրագործվեր ու երջանիկ էր. ճիշտ իր ուզած անգութ ու գեղեցիկ կինն էր դեմինը։ Հիմա առանց քաշվելու, երկու տարիե ի վեր հաստատված համարձակությամբ մը կ'ըսեր անոր.

- Անկեղծապես շնորհակալ եմ զիս չսիրելուդ. եթե սիրեիր՝ շատոնց քեզ ձգած փախած էի. բայց տես, որ այդ սիրուն ու խոժոռ դեմքդ պահելով կապեցիր զիս։

Ու կինը կպատասխաներ ծանրությամբ, առանց երեսը նայելու, անթարթ ակնարկով մը դիտելով վառարանին դռնակեն ցոլացող կարմիր բոցը.

- Շատ կվախնամ, որ մինչև վերջը այդպես կապված մնաս։

- Ուրեմն երբեք զիս չպի՞տի սիրես։

- Բնավ։

- Ոչ իսկ պզտիկ համբո՞ւյր մը։

- Մատիս ծայրեն անգամ չեմ տար։

Հետո խոսակցությունը կփոխվեր. երբեմն պեզիկ կխաղային կամ ընթերցում մը կ'ըներ Արշակ, որովհետև այս կինը աղվոր ընթերցումները կսիրեր, ու աչքը գոց, բոլորովին ընկողմանած իր աթոռին խորը, անուշ երազի մը մեջ կորսվածի պես կ'ունկնդրեր անոր ժամերով։

Կեսգիշերին կմեկներ, տխուր ու երջանիկ միանգամ այն այս սիրով, որ ստվերի մը պես անշոշափելի էր։

Այս էր երիտասարդին բոլոր կյանքը. անկե զատ որևէ կին չէր զբաղեցուցած զինքը, ու պարահանդեսին մեջ պտտած պահուն դեռ այդ կնոջ պատկերովը լեցված էր սիրտը, երբ վարդե տոմինոն, առանց իր հոժարությունը առնելու, թևը կմտներ ու տիրաբար կքաշեր կտաներ զինքը ուզած կողմը։

Ե

Տոմինոն կբռնանար։

Ամբողջ մարմինեն՝ մանիշակի զգլխիչ բուրում մը կծավալեր, չնչին կանխավճար այն ամեն թաքուն հրապույրներուն զորս այս հսկա վարդի թերթը կպահեր իր ծոցին մեջ։

Պզտիկ խուցի մը մեջ նստեր էին քով քովի, ու տոմինոն՝ վաստա¬կաբեկ կհենուր իրեն, մինչդեռ վերը՝ պարասրահը կգոռար, կթնդար ցնծության թափերով, որպես թե քաջալերեր վերեն իրենց վարանող երիտասարդությունը։ Ջերմությունը՝ անոր թևին դպած տեղը կ'ավելնար, այրուցի մը կփոխվեր հոն, երիտասարդին շնչառությունը կդժվարաց¬ներ, անոր անտարբերությունը կվրդովեր։

Քոնյաքի փոքրիկ բաժակները կպարպեին մեղմիվ, քամելով վեր¬ջին կաթիլը ու չուզելով կարծես բաժակը զատել բերաննուն. ամեն մեկ ումպին՝ մտածումներ կուգային իրենց միտքը, զորս կուլ կուտային անոր մեջի հեղուկին պես։ Ու երկուքն ալ արբած այս լռին առանձնութենեն, տաքեն, մանիշակի հոտեն, չէին խոսեր՝ ալ հեղգացած, առջի ընդհարումին իյնալու, կործանելու պատրաստ կավե արձաններու նման, կորսնցնելով դիմադրության ույժը։

Վերը՝ աղմուկը կ'ավելնար, կսաստկանար, ոտքերու տրոփյունը՝ թատրոնին երկաթե ձեղունը կցնցեր տեղեն, երաժշտության ձայները պատերեն կ'անցնեին, խուլցած, անհասկնալի եղանակներով, որ իրենց ականջին մեջ բզզային։

- Դիմակդ վար առ,- կ'ըսեր Արշակ։

- Երբե´ք։

Մի´ գուցե տգեղ ու տարիքոտ կին մը ըլլար որ ամչնար երեսը ցույց տալու, հուսախաբ չընելու համար զինքը. բայց ամեն ինչ կհեր֊քեր այս ենթադրությունը։ Աթոռին մեջ ընկողմանած էր բազկարձակ ու վայելչապանծ, ու հևքոտ կուրծքեն երկար, խուլ հառաչանք մը դուրս կթռեր։

Ո՞ վ էր այս կինը։ Երեսը տեսնելու հուսահատ փորձ մը ըրավ, բռնի վար առնել ուզելով դիմակը։

Տոմինոն ցատկեց ոտքի ելավ, ուղիղ, գրեթե սպառնալից.

- Երբե´ք, հասկցա՞ր։

Խրոխտ ու կտրուկ կերպով կխոսեր միշտ, փոխելով, սքողելով իր ձայնը. ու տեսնելով որ երիտասարդը կտառապեր, անուշությամբ ավելցուց.

- Պիտի զղջաս, գիտեմ որ պիտի զղջաս զիս ճանչնալուդ։ Ենթա֊դրե որ սիրած կինդ եմ ես։

Արդյո՞ք։

Վերը՝ երաժշտությունը, աղմուկը, պարերը կշարունակեին։

Զ


Այնպես ենթադրեց. այս քարուկիր, մութ ու գեջ խցիկը հեծեծանքներ լսեց, արցունքներ տեսավ, բայց մինչև վերջը չտեսավ այդ պատրվակին տակ պահվըտող երեսը։ Բաժնվեցան, խռոված մարդոց պես իրարմե դժգոհ։

Հետևյալ գիշերը, երբ Արշակ իր բարեկամուհիին սրահեն ներս մտավ վարանեցավ. հանկարծ տարակույս մը ծնավ ու մեծցավ իր սրտին մեջ. հետախուզող ակնարկը իր դիմացինին աչքին մեջեն մինչև սրտին խորը թափանցեց՝ կարդալու համար հոն։ Արդյո՞ք. շփոթած՝ կեցավ պահ մը, մինչդեռ տան տիկինը իր աթոռին մեջ ընկողմանած կմնար պարտասուն, աչքերը սևեռած միշտ վառարանեն ցայտող բոցին, որուն նշույլները կերպասներուն վրա կխաղային. կրակը ու լույսը այդ վառարանին խորեն կուգային տաքցնել ու զբոսցնել զինքը, ու փույթ չէր ըներ թե ո՞ւրկե էին անոր մեջ խանձող, տոչորող փայտերը։ Արշակ չհամարձակեցավ ուղղակի հարցում մը ընել, բայց սովորական պեզիկի խաղին ատեն, մանիշակի հոտ մը առավ ծանր, խնկաբույր, առջի գիշերվան պես ու չկրցավ ինքզինքը զսպել։

Արդյո՞ք։

Ի՞նչպես ատեն անցուցիր երեկ գիշեր, տիկի´ն։

- Միս մինակ, դուն ալ մոռցար զիս։

- Եթե գիտնայի՜ր... պարահանդեսին մեջ մեկը կար, որ այնքան կնմաներ քեզի:

- Իրա՞վ։

- Մինչև վերջը անոր հետն էի:

- Զիս կարծելով, այնպես չէ՞, բայց երեսը տեսար անշուշտ։

- Ոչ, չկրցա տեսներ, և այս վայրկյանիս իսկ կկարծեմ, որ դուն էիր թերևս։

Տիկինը խնդաց սիրուն քահքահով մը։ Հետո.

- Այսպես եք դուք՝ էրիկ մարդիկ ամենքդ ալ,- ըսավ,- դիմակի կտոր մը և ահա սիրածնիդ ու չսիրածնիդ զանազանելու անկարող կ'ըլլաք. դիմակ մը ու անոր մեջ ամեն դեմքերը կտեսնեք. բայց կիները այնպես չեն. ամեն ծպտումի տակ միշտ կճանչնան իրենց սիրած անձը, որովհետև սիրտով կսիրեն անոնք, մինչդեռ դուք աչքով կսիրեք միայն, և աչքը խաբելե դյուրին բան չկա։

Խոստովանությո՞ւն մըն էր այս թե հերքում մը։

1893

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Мелодия
Арно Бабаджанян

Мелодия

Египетские маски
Египетские маски
Играть онлайн