Комитас

Մարգարիտ Բաբայանին 1906, 6 դեկտեմբերի, Փարիզ

Սիրելի՛ օրիորդ Մարգարիտ,
Ձեր նամակն ինձ շատ մխիթարեց, բայց եւ այնպէս, մարդիկ հաւատում են աւելի վատ լուրերին, քան լաւերին. եւ անուանարկուածը երկար ջանք պէտք է գործ դնէ, որ կարողանայ անպիտանների միտքն էլ մաքրէ: Բայց կասէք, ի՞նչ փոյթ, թող չարն իր չարութեան մէջ խեղդուի: Իրաւ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գէշ մարդու օր արեւը սեւ հողի տակով արէք». միեւնոյն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են քան բարեհոգի. չը կան, եթէ կան, չեն երեւում, այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն, ընդհակառակը, մարդկային թոյլ եւ շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու, այո՜, շատ հեշտ է դատելը՝ մանաւանդ ուրիշին, բայց դատուել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նոյնիսկ դատից խուսափում է, ո՛ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թէեւ ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում: Անշուշտ, կանցնէ պղտորումը, էլի վճիտ կը լինի, բայց եւ այնպէս պղտորելուց յետոյ: Գէթ մի այնպիսի չար բան արած լինէի, որ անպատուաբեր լինէր իմ կոչման, սիրտս չէր ցաւի, կասէի՝ «Հնձի՜ր ցանածդ», բայց չարի բերանը չոփ է լցրած:
Էլի մոռացել եմ բոլոր բաները, իմ ազնիւ, հաւատարիմ նուագարանս, որ հասարակ սնդուկ է, մետաղի թելով, նա՜ անգամ ինձ հասկանում է եւ ես իմ սիրտը բաց եմ անում նորա առաջ, նա ինձ կարեկցում է, որպէս ինքս կցանկայի, նա ինձ հասկանում է, որպէս ես ինքս ինձ, նա ինձ մխիթարում է իմ սրտից բղխած հեծկլտանքների արձագանքն ինձ անդրադարձնելով, եւ ես էլի մխիթարում եմ ինձ եւ ասում, որ կայ բնութեան մէջ մի ազնիւ բան՝ գեղարուեստ, որին ամենքը մատչելի չեն, եւ հէնց այնտեղ եմ գտնում իմ անդորրութիւնը եւ հանգստութիւնը եւ զգում եմ, որ մի վայրկեան հեռու եմ սլացել աշխարհի անօրէնութիւններից: Ցաւն անցաւ, սպին մնաց: Աստուած իրանց բարին տայ: Վաղը կը գամ եւ տետրակներն էլ հետս կը բերեմ:
Շատ ու շատ բարեւ բոլորիդ
Ձեր անձնուէր Կոմիտաս

Կար ու չը կար,
Մի մոծակ կար:
Բզզաց,
Դզզաց
Եկաւ,
Նըստաւ
Ճակտիս վերան,
Բացաւ բերան,
Հանեց իր փուշ,
Ու եկաւ կուչ,
Ձայնը կըտրեց,
Ինձի խաբեց
Կըծեց, ծակեց,
Թոյնը թափեց,
Նըշան դըրաւ
Ելաւ, թըռաւ:
«Մոծա՜կ անկոչ,
Երկարապոչ,
Դու բուն չունի՞ս,
Դու քուն չունի՜՞ս,
Իմ ճակատիս
Դու ի՞նչ ունիս»:
– «Այդ պարտքըս է,
Բայց ինձ լըսէ:
Սազով,
Նազով,
Ձայն եմ տալիս,
Այնպէս գալիս:
Զգուշացիր դու
Դու մըլակից,
Որ կըծում է
Կաշու տակից»:
1906. դեկտեմբերի 8. Փարիզ.

Յ. Գ. Ներսըս կը կարդաք ներսի թղթերի մէջ, իսկ դուրսըս՝ դրսի:
Բոլոլին նոլից բալեւ եմ գլում, սատ ապլիք, ուլախ լինիք, չալը չոլում չոլանայ, իսկ սատանան կուլանայ: Ամէ՛ն:
Կոմիտաս Վարդապետ

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Новое небо для Луны
Элен Йолчян

Новое небо для Луны

Молодая женщина в желтом
Молодая женщина в желтом
Играть онлайн