Ханум Аванян

Շրջափակում

Ցուրտ եղանակին պատուհանից այնկողմ հատուկենտ մերկացած ծառերի ճյուղերի ծայրերին տերևներն օրորվում են ջազի նուրբ ելևէջների ներքո։ Մառախլապատ երկնքում ոչինչ չկա, ոչ ոք չի երևում․․․

Սովորություն է` երկնքին նայելիս փնտրում եմ, բայց ոչ աստղեր։

Մի թռչուն անցավ. ներքևից էր թռչում։ Մի քանի րոպեից երկինքը կլացի, կհորդի ներքև։ Հաճախակի եմ մտածել՝ այդ անձրևը մեկի արցունքն է, և վերևից թափվում է։

Քիթ քթի տված տներից ճաշի, սոխառածի հոտ չի գալիս, նույնիսկ մարդահոտ չի գալիս։ Ներսիսյան փողոցի երկայնքով ավտոմեքաների շարասյունը կանգնել է, չի շարժվում ո'չ առաջ, ո'չ հետ։ նից տաք գաթայի հոտ է գալիս. յուղի, շաքարավազի ու վանիլի բույրերը միախառնվել են։ Այդքան էլ տաք չէ պատերից այսկողմ, սակայն կրակ է վառվում տան կենտրոնում։ Մայրն իր որդիներին, հարսներին, թոռներին, ամուսնուն կանչեց խոհանոց, յուրաքանչյուրին տվեց իր բաժինը և կարգադրեց ուտել մինչև վերջ։ Համով էր, ինչ խոսք։

Խոսեցին, խոսեցին։ Լինել իրար կողքի, բայց լռել․ դա այնքան կարևոր է․․․ Բոլորի լռությունը միաձուլվել էր։ Պավարոտտիի և Բրայըն Ադամսի երգի ձայնը զգուշորեն բարձրացրի` տեսնեմ` ով առաջինը կասի.«Անջատի'ր այդ կլկլոցը»։ Համբերեցին մինչև վերջ։ Մի քանի տուն այնկողմ արցախցիներ են ապրում վարձով, մի հինգ տուն այնկողմ` նույնպես։ Ասում են՝ հող հանձնողներ են։ Այդ հողում իրենց մորթեի՞ն, թլփատեի՞ն։ Անխոնջ, հնազանդորեն սպասեի՞ն իրենց հերթին։ Երբ ասում էի՝ արցախցի եմ, մարդկանց մի մասը վիրավոր առյուծի էր վերածվում, հիշեցնում Եռաբլուրը։ Պատերազմ, պատերազմ, պատերազմ...

«Տիրա հոտը կտրվի», - ասում էր տատս։ Հայն ուրիշ հոտ չգիտի. ծաղիկները ջրվում են արյունով, աղջիկները քաղում են, հիանում։ Այնքան փոքրացել է տունս, դուռս. գնում֊գալիս են, կողպեք չունի։ Դրախտս տվին, ծեռիցս առան, բախչե՜ս, բախչե՜ս»,- մրմնջում էր տատս` մարգարտահատիկ արցունքներով ջրելով սահմանից այսկողմի հողը։ Իր այգին, ծաղկանոցը, ծառանոցը մի դրախտավայր էր, աննկարարագրելի տեսարան էր բացվում, երբ ոտք էիր դնում ցանակապատից ներս։ Ծառերի տերևներն էին նույնիսկ համաչափ, թռչունները միայն տատի դրախտում էին այդպես երգում։ Պապի մահից հետո, տատը կռացել էր, մոտեցել ծաղկին, խոտին։ Նրանց ականջին սեր էր խոստովանում, որ պապին տանեն, հասցնեն իր բառերը։ Մոլախոտն էր միայն պոկում, այն էլ զգուշորեն` իր մարմինը ցավեցնելով։ Պապի տնկած թթենին չէր կարողանում թափ տալ։ «Ա քը թաղեմ, ա՜յ մարդ, բալքի մանդր ծառ կտնիր (սերը նաև թաղելով էր արտահայտում)»։

Տատը հանգիստ չուներ, թե նստեր` թելն ու միլերը կվերցներ, կսկսեր գործել թոռների համար։ Նստում էր ու ասում.

֊ Տելեվիզորը խոդ տուր, ֊ ականջի պոչով լսում էր լուրերը։

«Մի խումբ ադրբեջանցի բնապահպաններ փակել են անցակետը», - հայտատարարեց Առաջին ալիքի հաղորդավարը։ ֊ Վե՞նց թե, ես տրա՜նց... , - տեղից վեր թռավ Ասատուրը՝ տատի տղան։

Ու սկսվեց շրջափակումը, շրջափակման օրերը։ Սկզբից մենք ուժ ունեինք. մատ էինք թափ տալիս ու ասում․ «Պյաց արեք, թե չէ․․․», նրանք՝ «Մենք բնապահպաններ ենք, պահպանում ենք բնությունը, մենք ճանապարհ ենք տալիս հայերին»։ Այդ ընթացքում անցնում է ադրբեջանական համարներով մեքենա։ Շրջափակման օրերը մեկը մյուսի ետևից գլորվում էին, հայրենիքիս խոսքին լսող չկար։ Աշխարհը խլացել էր։

֊ Մա'մ, պետք ա քնյանք, ֊ ասաց Ասատուրը։

Տատը երկար ժամանակ չխոսեց, հայացքն անդունդի ծայրին էր՝ էն ժայռի պռնկին` պապի ու տատի սիրելի վայրին։ Հետո դուրս եկավ, նստեց ծառի տակի հովին դրված փոքրիկ նստարանին. հայացքը տնից չէր կտրում։

Տատը տասնվեց տարեկան էր, երբ ամուսնացրին, դեռ երեխա էր։ Նազանքով հիշեց պարը, հետո քարը քարի վրա դնելով տան կառուցումը։ Նա ու պապը` դեռ քսանը չբոլորած, ծնվեց առաջնեկը։ Տատը անսպասելի սկսեց հեկեկալ` իր մարգարտահատիկները վերջին անգամ շաղ տալով այգում։ Տատը երկար լռեց։ Մեքենայի թափքի մեջ լցրեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, տատի թևերն ընկան, տարան դեպի մեքենան։ Մեղուների պես լուրեր էին պտտվում.

֊ Եկել են, մոտ են ազերները։

Երկու օր էր` մեքենայի մեջ էին, հասան սահմանին։ Ազերները քմծիծաղով հրամայեցին տղային ու թոռանը դուրս գալ մեքենայից։ Տատը դուրս եկավ մեքենայից, ծնկեց զինվորի առջև ու ադրբեջաներեն ասաց՝ «Esger menim ve senin Allahin birdir. Bizim oglanlara burax seni gurban olum (Ա՜յ զինվոր, իմ ու քո Աստվածը մեկն է, քեզ մատա՜ղ, տղեքիս բա՜ց թող)»: Տղան շրջվեց. ուրախացել էր` տատը խոսեց։ Զինվորականն ապշեց, քմծիծաղը դեմքին սառեց։ Անձնագրերը շպրտեց գետնին, «get get, men seninem (Գնացեք, գնացեք, ես ձեր․․․)»: Արագ վազեցին դեպի մեքենան ու սլացան։ Հեռու չգնացին. մոտ գյուղերից մեկում` քարը քարի վրա․․․

Տատը դուրս էր գալիս նայում սահմանից այնկողմ. իր տնից բացի` փնտրում էր ամուսնու գերեզմանը։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Спартак - Адажио
Арам Хачатрян

Спартак - Адажио