Грант Матевосян

Վերընթացի պահեր

Թեկուզև զուտ այն պատճառով, որ «բնազանցական Հայաստանը» արդեն գեղարվեստի խոշոր փաստ է դարձել նկարիչ Հակոբ Հակոբյանի ողջ գործով, Հենրիկ Սիրավյանը պետք է դավաներ այլ Հայաստան՝ «իրական առարկաների հետ մարդկանց հոյակապ մտերմության» երկիրը, և ես էլ շատ էի ուզենալու Հակոբի և իմ ընկերոջ նկարների շքերթը այդպես տեսնել և նրանց ցուցահանդեսը գլխագրել այդպես՝ Դու հավերժող իմ Հայաստան, անուն քաղցր ու վսեմ:
Ամեն բնազանցականից մեր աներկբա խորշանքի և իրական երկրի հետ մեր հոյակապ մտերմության մասին երկու դիտումն էլ Օսիպ Մանդելշտամի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքից են. իր անձի, գործի, երկրի ու ժամանակի մղձավանջը խուսանաված՝ նա այստեղ հիանում էր մարդկանցով, որոնց համար լոլիկը դեռ լոլիկ ու քարը միայն քար էր, հիանում էր երկրով, որ երկրագընդի ժամանակից իրեն դուրս էր դրել և այս հավերժական արևի տակ կար որպես բիբլիական ժամանակներում. լեզու չգիտեր և ուրախությամբ էր անգիտանում մեր հոգիներում ուռճացող խռովքին՝ որ ի վերջո վերաճելու էր փլուզման. ուզում էր երեսնականների այս կործանվող իր աշխարհում ունեցած լինել կայուն մի կայմ՝ իրական առարկաների հետ մարդկանց հոյակապ մտերմությունը:
Հար և շատ նման մի անգիտություն էլ Հենրիկ Սիրավյանն է, դիտումնավոր ու միտումնավոր, իրեն վերապահել: Վերապահել է՝ լինելով այստեղացի, բնիկ բնիկ, վերապահել է՝ հունցված ու թրծված լինելով այս երկրի զանգվածից, վերուվարումների գծերից, խոսքի, մեղեդու, պատումի ելևէջից: Չի ուզում, չի ընդունում, մերժում է այս համընդհանուր խուճապը, որ եթե նահանջ է՝ ինքը վերջապահ է մնալու, իսկ եթե այսուամենայնիվ շարժում ու առաջընթաց է՝ ինքը նախնու կողքին է լինելու և նրա հետ՝ առաջապահ: Չի ընդունում այսօրվա այս կույր ուխտագնացությունը առ ոտս զորաց՝ որ վհատների ու թերիների ճանապարհն է:
Հայրենիքի որդու հույժ կարևոր, հայեցակետային նշանակության իր այս կեցվածքին նեցուկ էր լինելու բնորդը, որի խիստ ընտրությունը հատկապես մատնանշում է ցուցահանդեսը.- Վիլյամ Սարոյան, դարձյալ Սարոյան, Փարաջանով, դարձյալ Փարաջանով և կրկին Փարաջանով՝ իր թատերասայաթնովյան գեղուհիների մեջ՝ որ իր արգասիքն են ու իր գովքին են բոլորվել, Ընկերները, Ընտանիքը, Թուփը, Ծիրանին, Թուփը, Ժայռը… որոնք մի անուն են պահանջում՝ Հաղթողներս: Կամ՝ Անընկճելիներս: Կամ՝ Ես կամ ու կլինեմ:
Բայց… Նրանք հատկապե՛ս են հաղթող: Ծիրանին հատկապե՛ս է պոռթկունորեն ծաղկած, ժայռը հատկապե՛ս է անձեռակերտորեն վեհապանծ, ծառը հատուկ միտումո՛վ է այդքան խորհրդավոր ու գեղեցիկ, Սևանը հատկապե՛ս է գեղածիծաղ:
Եվ այդ «հատկապես»-ությունը, այդ ցուցադիր գեղեցկությունը, միտումնավոր վեհապանծությունը ընդգծված մի բան են նշում - նշում են, որ մեր ընկերոջ հոգում և բուն իսկ բնորդների ներսում մի բան այնքան էլ այդպես չէ:
Չգիտեմ ինչպես, ես հանկարծ նկատեցի, որ այդ ժայռերը՝ որ իհարկե հավերժի ժայռներն են, Սարոյան ասված այդ մեծ դերվիշը այս արևի տակ իհարկե դեռ շատ ճանապարհներ է անցնելու իր ոտքերի տակով, այդ կենդանի Փարաջանովը մինչև կուռք դառնալը դեռ, իհարկե, երկար է խաղալու իր երկրային ժամանակը, այդ ծիրանին… բայց դրանք 1993-ի ժայռ, Սարոյան, Փարաջանով ու ծիրանի են: 93-ի են ոչ թե այն պատճառով, որ 93-ին կամ քիչ ավելի վաղ են նկարվել, ոչ թե այն պատճառով, որ ցուցադրված են 93-ի երևանյան շոգ տաղավարում, այլ 93-ի են և վերջ, 1973-ին նրանք այսպիսին չէին կարող և 2093-ին այսպես չեն լինելու:
Նշանակում է՝ ծանր, անտես մի իրողության բախվել ու բեկվել է նաև մեր ընկերը, ինչը որ նրա կտավաշարը դարձնում է այր մարդու ողբ առ տագնապող, տառապող, մաքառող, հեռացող բնությունն ու հեռացող մարդիկ: Նշանակում է՝ այդ ծաղկումը, այդ քարե խոյանքը, մարդկանց այդ վեհությունը իրենց վերջին ճիչն են ճչում իրենց մտերմի առաջ:
Ահա չկարողացանք շրջանցել Սարյան մեծ մտածողին. ասում էր՝ Վերածննդի մեծերը աշխարհի իրենց գյուտի ուրախությունն էին ապրում, մենք կորցնելու երկյուղից ենք սիրում նույն այդ աշխարհը:
Նշանակում է՝ կործանումի այս տագնապը նոր չէ ու անտեղի չէ, մեր մեծերից զատ և ուրիշ մեծերի է ներառել իր ոլորտները, և նրանցից ոմանք, ողջ ճակատագրայնությամբ ըմբռնելով հանդերձ փլուզման ահռելիությունը, այնուամենայնիվ մարգարեացել են, թե մարդը դիմանալու ու դիմակայելու է իր և բնության մեծ կործանումը:
Եվ որպեսզի դիմանա ու դիմակայի, նրանք կայունացրել են նրա վերընթացի պահերը՝ չուրանալով նրա անկման երկար ժամերը, այց են տվել նրա գեղեցկության ժամին՝ լավատեղյակ լինելով նրա քայքայման երկար օրերին…
Ավելորդ է վերջաբանել, թե գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանը մերօրյա վկան է մարդու և բնության ա՛յդ պահերի:
29 հուլիսի 1993

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Элегия
Арно Бабаджанян

Элегия

Полевые цветы
Полевые цветы
Играть онлайн