Грант Матевосян

Վախթանգ Անանյան

Վախթանգ Անանյանի «Երբ դեռ մանուկ էի» այս ժողովածուն որոշ չափով ամբողջականացնում է նրա ստեղծագործության ակվարիումը, որն անընդհատ, կարելի է ասել սկզբից մինչև հիմա, նպաստել է մի բանի. որ մենք առավել շատ հասկանանք ու սիրենք մեր բնաշխարհը: Այն գեղեցիկ հեռվության վրա, որը մեզ երևում է հեռադիտակի հեռացնող-փոքրացնող կողմով դիտելիս,- այդ հեռվության վրա, ինչ-որ թափանցիկ-պարզ ու միաժամանակ կարծես թե վառ-կանաչ մթնոլորտի մեջ լողում են դեպքեր, դեմքեր, եղած ու հնարված բաներ, որոնք մեզ սովորեցնում են կանգ առնել զննելու մեզ շրջապատող ամեն մի թուփ ու քար, ամեն կածան ու մացառ: Անանյանի ստեղծագործությունը, և այդ ստեղծագործության մեջ այս ժողովածուն ևս, մի տեսակ, Հայաստանի աշխարհագրության կենդանագրությունն է. Լոռի և Ղազախ, Արարատյան դաշտ ու Սևան-Սևանի ավազան, Զանգեզուր ու Դարալագյազ, Մեղրի, Ղարաբաղ, Փամբակ,- ահա այն ամբողջի մանրամասն ատլասը, որը մենք սովորել ենք Անանյանի «կազմածով»: Որսորդական լինելով՝ այս պատմվածքները կարծես թե պիտի հարուցեին ինչ-որ չափի հետաքրքրություն դեպի միայն որսաշխարհը. բայց կատարվում է հետաքրքիր մի բան. հատկապես լինելով ուղղված դրան՝ Անանյանի ստեղծագործությունը մեզ սիրել է տալիս մեր հայրենիքն ավելի, քան եթե ուղղված լինեին հատկապես այդ բանին: Սա բացատրվում է նրանով, որ սերը սովորաբար ծնվում է ճանաչելուց. այս կածանով գնում ես արջի կամ նապաստակի ետևից, որսում ես կամ չես որսում (դա դառնում է այլ հարց), և հետադարձ հայացքի ժամանակ քեզ համար պարզվում է, որ սիրահարվել ես այն անցողիկ կածանին, որ ամենևին էլ նպատակ չէր հեղինակի համար: Դա բացատրվում է տվյալ կածանի՝ հեղինակի լավ իմացությամբ (պարզ է, որ իմացությունը պետք է բերեր նկարագրության ճշգրտություն կամ ճշգրտության չափ հավաստիություն):
Բայց Անանյանի ո՛չ ամբողջ ստեղծագործությունը, ո՛չ էլ այս ժողովածուն (մասնավորապես այս ժողովածուն) կատարյալ չէ, ոչ էլ ունի այն բարձրությունը, ուր կից թերություններ չեն երևում կամ երևում են չտեսնել տալու փոքրությամբ: Հեղինակի պատմվածքները սկզբնական շրջանում (այս ժողովածուում էլ շատ տողեր) զուտ որսորդական էին,- որսորդական արկածներ, դիպվածներ, օրինաչափ բաներ, որոնք ուրիշների, ոչ որսորդների համար այնուամենայնիվ արկածներ են դառնում շնորհիվ այդ «մասնագիտության» հենց արկածային բնույթի: Ինչ֊պես ստեղծագործության սկզբնական շրջանում, այնպես էլ այստեղ, պատմողը կրքոտ որսորդն է և ոչ թե բնությունը դիտող փիլիսոփա մարդը: Հեղինակն այդ բացը հաճախ է զգացել և հաճախ է մղվել խցելու այդ մեծ ճեղքը, և տվել է պատմվածքներ, որոնք համարյա ուղղագիծ կոչ են՝ սիրել կենդանական աշխարհը, բայց դրանք ավելի տոնական լոզունգ են հիշեցնում, քան ամեն պահի տրոփող զարկերակ: Սերը բնությանը դեռևս արյուն չի դարձել հեղինակի համար, թեկուզև այս ժողովածուում այն ավելի հաճախ է տրոփում, քան նախորդ գործերի մեջ: Եղջերվի ջարդ, աղվեսի ու գայլի ջարդ (այս դեպքում դրանց գիշատչությամբ արդարացվող), թռչունի ջարդ, ձկան ջարդ, մի խոսքով այն ամենի ջարդ, ինչ կա բնության մեջ, ու վերջում խորոված. ուտիլիտարությունը ցցված է ջայլամի հետույքի պես. և փաստորեն այլ ցցվածք էլ չկա. ասենք հիացումը արջով, եղջերվով, փասիանով ու գայլով մեզ պետք էր տեսնել այդ հիացում-ցցվածքը և ոչ թե կրակոցի ծուխը, որ հաճախ է բռնում հեղինակի աչքերը: Իսկ եթե կա այդ հիացումը, ապա դրա վերջը խորոված է: Խորովածացու են արջը, եղնիկը, փասիանը, կարմրախայտը, իշխանը, և եթե կա հիացքի պատառիկ, այդ սրանց նկատմամբ է: Ստացվում է այն, որ դա ոչ թե հիացմունք է, այլ նախախորովածային տրամադրություն, պատկերավոր ասած՝ հեղինակը ուտելուց առաջ ձեռքերը շփում է: Հիացքը տեղավորվում է շփման այս ակտի մեջ: Հիացքին հետևում է կրակոցը, կրակոցին՝ ուտելը, ուտելուն հաջորդում է «ափսո՜ս»-ը. դա կուշտի ափսոս է: Այսպիսին է և, առանձին վերցրած, պատմվածքների կոնստրուկցիան և հեղինակի ստեղծագործությունն ամբողջությամբ: Այդպիսին լինելուց չեն դադարեցնում խոստովանության ու զղջումի երեկոները, մի կրծքի տակ երկու սրտերը (իմա որսորդի և բանաստեղծի): Հեղինակն սկսել էր գրել որպես կրքոտ որսորդ և վերջացնում է ափսոսով, բայց այս ափսոսը չի թաթախված պանիզմով. սա մնում է որսորդի ափսոսանք: Այսինքն՝ ափսոս էլ չկա, որ խփեինք: Ժողովածուին կցված «Հարստացնենք հայրենի բնաշխարհը» գլուխ-մասը մեր մտքի ուղղակի վկայությունն է. հարստացնենք հայրենի բնաշխարհը, որպեսզի կրակելու նպատակակետ ունենանք: Ավելին. հարստացնենք հայրենի բնաշխարհը, որպեսզի ժողովրդական տնտեսությունն ունենա մի՝ կողմնակի թվացող, բայց գործը խելոք կազմակերպելու դեպքում բաղադրիչ եկամուտ. ասենք ՈՐՍ-ի պահեստներ մտնեն այսքան եղնիկի, այսքան մուֆլոնի, այսքան լորի միս: Գուցե իրոք հնարավոր է ամիճով գյուղի մթերած միսն ավելացնել ասենք 1000 տոննայով (Չեխոսլովակիայի օրինակն ասում է, որ դա հնարավոր բան է), բայց մեջտեղը չկա հարցի մեզ հետաքրքրող կողմը՝ մեջտեղը չկա գրողը, գրողի հայեցակետը. եղջերվի անհետացած սերնդի համար ափսոսանքը բնապաշտ գրողի ափսոսանք չէ: Եվ այլևս անուղղելի, որովհետև գործ ունենք արդեն ավարտվող հեղինակի հետ:
Գրախոսության սկզբում մենք ասացինք, որ հեղինակը մեզ սիրել է տալիս մեր բնաշխարհը: Չմոռանանք, որ դա մի տեսակ օբյեկտիվ հանգամանք է. որսորդը նկարագրում է, թե ինչպես ձյունառատ էր որսատեղը, վերձիգ սեպերով ու գլխապտույտ անդունդներով, ինչպես արջը խաղում է քոթոթների հետ, ինչպես տրորված էր արտը, ինչպես փռռացրեց ձին ու մի կողմ թռավ կրակոցից հետո և ինչպես արջը մռնչոցով տապալվեց և այլն, հեղինակը հետամտում է կրակելը և տապալվելը, իսկ ընթերցողի մեջ մնում են հեղինակի համար որպես օդ ու ֆոն ծառայածները՝ ձիու փռռոցը, որսատեղի ձյունառատությունը, արջի խաղը քոթոթների հետ, արտը, գլխապտույտ անդունդները և այլն: Այսպե՛ս է օբյեկտիվ: Բայց, թեկուզև չմիտված, հեղինակն օգտակար գործ է կատարել և կատարում է սույն ժողովածուով. սիրել է տալիս հայրենի բնաշխարհը: Այսքանով էլ նպատակահարմար է հրատարակել այս գիրքը ևս պատմվածքների որոշակի ընտրությամբ:
Որոշակի ընտրությամբ, որովհետև հեղինակն ինքը բավական անփույթ է վերաբերվել իր գործին: Այնքան անփույթ, որ ստացվում է այն տպավորությունը, թե հեղինակն ինչ ունեցել է ձեռքի տակ՝ լցրել է պապկայի մեջ, միայն անելով այն, որ կարծես թե խմբավորել է ըստ բաժինների («Երբ դեռ մանուկ էի», «Հանդիպումներ Սևանի ափին», «Ներկայացնում եմ ինչպես որ կան», «Չեխոսլովակիայում», «Անցած գնացած բաներից», «Զանազան», «Հարստացնենք հայրենի բնաշխարհը»): Բայց այս բաժանումը ևս, իր հերթին, չափազանց անփույթ է արված և օրինական կերպով կարող ես հարցնել, թե ինչո՞ւ, օրինակ, «Արեգնազ» պատմվածքը «Զանազան» բաժնում չէ, «Ներկայացնում եմ ինչպես որ կան» բաժնում է, «Շատախցի Գելո» պատմվածքը «Զանազան» բաժնում չէ, այլ՝ «Անցած գնացած բաներից», և այլն: Վատն այն է, որ բաժիններն էլ չունեն թեմատիկ միասնություն, այդ սկզբունքով չեն կազմված, այլ «հիմք» ունենալով մակերեսային ինչ-որ բան. պատմվածքի մեջ Սևանի անունը կա՞, ուրեմն պետք է դրվի «Հանդիպումներ Սևանի ափին» բաժնում: Այնինչ ափաշկարա է, որ «Ինչպես են գրվում պատմվածքները», «Փորձում ենք սրտերը», «Բողարի, Չալանկի և «ասեղ մաշկող» Եղոյի մասին», «Դեպք խոպանում», «Վայրի խոճկորներ», «Չարաճճի արարածներ» և նմանատիպ այլ գործեր կազմելու էին մի բաժին, «Հպարտ պատասխանը» պետք է լիներ «Երբ դեռ մանուկ էի» բաժնում, «Ամեն ծակից պոչդ մի կախիր»-ը՝ «Զանազան» բաժնում: Կամ ինչո՞վ, օրինակ, «Ներկայացնում եմ ինչպես որ կան» բաժնինը զանազան չէ, և «Զանազանը» ինչպես որ կան չէ: Այն տպավորությունն է ստացվում, որ ձանձրալի, միապաղաղ երկարությունից խուսափելու համար հեղինակը ժողովածուն կտրտել է բաժինների, իսկ այդ կտրտումը ստացվել է ինչ-որ չափազանց կամայական: Այլ կերպ լինել չէր կարող, որովհետև ամբողջ ժողովածուն ինքը մի մեծ զանազան է: Այս հանգամանքը գալիս է իրականության տեսք տալու ընթերցումից բխած մեր այն տպավորությանը, թե հեղինակը մի պապկայի մեջ է հավաքել ինչ ունեցել է արդեն գրած-մեքենագրած հինունոր: Սա իր հերթին հաստատում է այն, որ մենք գործ ունենք ոչ թե գրող-պատմողի, այլ որսորդ-պատմողի հետ, թեկուզև տեղ-տեղ համով բաներ պատմողի: Մենք այս բանը պնդում ենք սխալվելուց չվախենալով, որովհետև ժողովածուի գործերի կեսից ավելին սոսկ դեպք է, եղած կամ հնարված դեպք է, չի բարձրացված գեղարվեստական գործի մակարդակի: Դա ներելի չէ անուն հանած մեր լավագույն հեղինակներից մեկին: Եվ, ճիշտն ասած, այդպիսի ցածրորակ գործերը չեն փրկվում՝ ունենալով «Ներկայացնում եմ ինչպես որ կան» շապկա, կամ ակնարկ ենթավերնագիրը, որովհետև թեկուզ իրականության մեջ (էլ չխոսելով գրականության մասին) ոչ բոլոր եղածներն են պատմում, հաղորդում իրար, այլ առավել համովները: Դե պատկերացրեք, թե ինչքան և ինչերով ծանրաբեռնված կլիներ մեր հիշողությունը, եթե մեր բոլոր պապերի հենց այնպես դեպք-պատահարները պատմվելով հասնեին մեզ: Չենք կարծում, թե մեր հարգելի գրողը ցանկություն ու ժամանակ կունենար լսելու, եթե մեկնումեկիս խելքին փչեր իմացած-լսած-տեսած բոլոր բաները պատմել նրան: Ուրեմն՝ ինչ հիշում ես չպիտի գրես. շատ դեպքերում հիշողության մեջ մնացածները անհամից անհամն են լինում: Անանյանի պատմվածքներից թույլերն այդքան դատարկ չեն, ճիշտ է, յուրաքանչյուրի մեջ մի ճիշտ դիտում, մի նոր սովորած-սովորեցնող բան կա, բայց դա չափազանց շա՞տ չէ քիչ, որպեսզի դեպքը դառնար պատմվածք, դա գրավորի մեջ նո՞ւյնը չէ, ինչ բանավորի մեջ ասում են անհամ:
Շատ տեղերում է երևում հեղինակի գովելի ցանկությունը՝ անհամ զրույցը դարձնել տանելի պատմվածք. այդ անում է հիմնականում ֆինալով. վերջացնել մի իմաստավորող խոսքով, որը կփրկեր գործը: Բայց վատը այն է, որ այդ անել է փորձում ֆինալով, երբ անելիքը վերջացրել է. ստացվում է այն, ինչ Մյունխհաուզենի մոտ մեխի մասին շատախոսությունը. Մյունխհաուզենի ցավը խոսել-պարծենալ-զարմացնելն է. տվյալ դեպքում ինչի՞ մասին խոսել. ասենք թե մեխի. խոսել վերջացնել, ազատվել խոսելացավից և ցույց տալ, թե տակն ավելի լուրջ դրդիչ կար, քան է խոսելը. «Ասելս էն է, որ ճամփի վրա ընկած ժանգոտ մեխն էլ որ կա, էդ ժանգոտ մեխն էլ պիտի վերցնես, մի տեղ պետք կգա»: Սա ցանկություն է փիլիսոփայորեն հիմնավորել մի բան, որ այլ հիմք իսկ չունի, կախված է զուտ օդում: Սրանից մեր ժողովրդի մեջ էլ կա. պատմում են, չգիտեն ինչի են պատմում և վերջացնելուց հետո մի քիչ լռում են ու՝ «Հիմի ասում ես»: Դու ի՞նչ ես ասել, դու ոչինչ էլ չես ասել. նա պարզապես ուզում է քո վզին փաթաթել իր շատախոսության պատճառը. թե իբր քո ցանկությամբ է խոսել: Անանյանի ժողովածուի շատ պատմվածքներ են այսպես անկախ, «Հիմի ասում ես» վիճակում. այսինքն՝ ոչինչ էլ չեն ասում. մեջտեղը մնում է շփոթված հեղինակը, որ անհամ զրույցին կցել է իր ասելս էն է, որ ճամփի վրա ընկած ժանգոտ մեխն ինչ է, էդ ժանգոտ մեխն էլ պիտի վերցնես, մի տեղ պետք կգա (տես «Ոզնին ու գեներալի կինը» - ի՞նչ է ասում հեղինակը. որ հարամ ու հալալ, որսակենդանիներ չկա՜ն. չափից ավելի շա՜տ չէ պուճուրիկ այս «պրոբլեմը» և որին համառորեն հետամտում է Անանյանը այս էլ որերորդ պատմվածք-ակնարկ-հիշողությունում - «Հովազի հետքերով», «Միմիայն սրտին», «Ճամփորդություն դեպի Արզական», «Ամբրոցներ սարի բնակիչները», «Հողմերն ու մարդիկ», «Իմ ընկեր Վարազդատը», «Ձմերուկ» (որն ի դեպ շատ ցրված, դես-դեն ընկած գործ է ), «Իշխանաց իշխանի հափշտակումը» և այլն, և այլն):
Մի քանի պատմվածքներում և հատկապես ժողովածուի վերջին բաժնում հեղինակը ֆաունայի նվազման մեղքը կապում է ոչ ավել ոչ պակաս՝ ցարական ինքնակալության հետ. հասկացանք, որ ցարը պրոլետարներին ճնշում էր, գյուղացիների կաշին պլոկում էր, թուրքերին հանում էր հայերի դեմ, ռուսներին՝ հրեաների. բայց ինչու ֆաունայի անհետացման մեղքն էլ բարձել բարձված ցարին: Հեղինակի տրամաբանությունը,- «դե մեկը որ ժողովրդի մասին չէր մտածում, անպաշտպան կենդանիների մասին կմտածե՞ր»,- շատ է մակերեսային. ստացվում է այն, որ ժողովրդի մասին մտածող մեր կառավարությունը, տրամաբանորեն, շատ է մտածել նաև անպաշտպան կենդանիների մասին: Այնինչ փաստն այն է, և դա լավ գիտե ինքը հեղինակը, որ ֆաունան աչքաթող արված բնագավառներից է և խիստ տուժած հենց սովետական կարգերում: Հակառակը պնդելը ոչ այլ է, քան հայրենասիրության մակերեսայնություն: Դա նաև ծիծաղելի է: Դա էժանացնող է: Եվ դեռ լավ է, որ ֆաունայի անկումը չի կապվում անհատի պաշտամունքի հետ: Ինչ որ է. նման տողերը պիտի ջնջվեն ժողովածուից. նման տողերը չի կարելի հրամցնել դպրոցականին իսկ:
«Հարստացնենք հայրենի բնաշխարհը» բաժնի ինը ակնարկ-հոդվածները պետք է միավորվեն մեկ ակնարկ-հոդվածի մեջ, որովհետև, փաստերի տարբերությամբ, հաճախ էլ հենց նույնիսկ փաստերով, կրկնում են իրար: Կամ թե չէ՝ պետք է նրանցից վերցնել միայն մեկը, մնացած ութը հանելով ժողովածուից:
Ամենևին էլ ոչ խիստ ընտրությամբ՝ առաջարկում ենք տպագրել միայն և միայն հետևյալ գործերը (չհիշվողները վերցնում են բազմաթիվ առարկություններ, որոնցից առաջին հերթին պիտի ասել գեղարվեստական չլինելու հանգամանքը, գոնե, որպես դեպք, համով-հոտով չլինելու հանգամանքը). «Բողարի, Չալանկի և «ասեղ մաշկող» Եղոյի մասին», «Ավելորդը», «Ամեն ծակով պոչդ մի կախիր», «Ձմերուկ» (ուշադիր վերանայելուց-սղմելուց հետո), «Ինչպես են գրվում պատմվածքները»։ «Փորձում ենք սրտերը», «Որբ բադիկը», «Հնի վերապրուկը» (վերնագիրը փոխել), «Ծովի տղան» (ի միջի այլոց սա միակ գործն էր, որտեղ դեմք երևաց), «Ներկայացնում եմ ինչպես որ կան» շարքը՝ բացառությամբ մեկի («Խուստուփը շնչավորված»), «Չեխոսլովակիայում» շարքը՝ բացի երկուսից («Դիալոգ թռչնաբուծարանում», «Աներկյուղ արարածներ»), «Չատնի թաղումը», «Շատախցի Գելո», «Գայլն էլ իր հաշիվն ունի», «Կորած ու նորից գտնված վստահություն», «Զանազան» բաժնից հետևյալները. «Չարաճճի արարածներ», «Բոբիկը», «Վարազի զենքերից», «Պաշարվածը», «Հողագործ մարդկանց բարոյական հաղթանակը», «Գեղանի արարածներ», «Դեպք խոպանում», «Մի պտույտ Երևանի…», «Վայրի խոճկորներ», «Անդունդի պռնկին», «Ոխերիմ թշնամիներ», «Ապտակ», «Երեք օր օձերի մեջ», «Ավելորդ զգուշավորություն» և «Հարստացնենք հայրենի…» բաժնից որևէ մեկը - այսպիսով ընդամենը քառասունյոթ ակնարկ ու պատմվածք:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Sobre Dance
Арам Хачатрян

Sobre Dance

Ожидающий
Ожидающий
Играть онлайн