Грант Матевосян
Նա ստեղծել էր իր գեղարվեստական իրականությունը
Հարյուրամյա վաղեմության ազգային մեր անցյալը կրկնվեց մեր օրերում, և անցյալի այդ վերադարձը թվում է պիտի որ նվազեցներ և շատ դեպքերում իսկապես էլ նվազեցրեց գրական, այլև հասարակական լայն շրջանների բուռն, շահագրգիռ հետաքրքրությունը բուն այդ անցյալի ու նրա գրականության, անգամ վավերագրության նկատմամբ. նոր ու նորոգյալ անցյալը հարկ չուներ միջնորդավորված ներկայանալ անցյալը այսօր վերապրողներիս, և շատ անուններ ու դեմքեր՝ որ կոչված էին օրվա պատմության գլխավոր հերոսները լինել՝ մերօրյա պատմության լուսանցք անցան: Թվում է լուսանցքն էր տեղը նաև Խաչիկ Դաշտենցի, բայց այդպես չեղավ: Նրա «Խոդեդանը», նրա «Ռանչպարների կանչը»,- որ 1890-1920 թվականների մեր ազգային կյանքի գեղարվեստականից ավելի վավերական ու վավերականից ավելի գեղարվեստական համապատկերն էին,- հին զինվորի իրենց գործը թվում է արած և մարտադաշտից այլևս քաշված էին լինելու: Բայց ահա - չեն քաշվել, բայց ահա - իրենց շողքուփայլից ոչինչ չեն կորցրել:
Նշանակում է՝ Դաշտենցը ժամանակի մեր ազգային իրականությունից ստեղծել է իր գեղարվեստական իրականությունը՝ հանդիպումը ինչի հետ միայն խինդ ու հրճվանք է պարգևում, ինչը չէիր ասի մեր նորօրյա հանդիպման մասին հարյուրամյա վաղեմության իրականության հետ:
Այդ մարդու հետ ամեն առիթով ամեն մի հանդիպում,- լինեն դրանք նրա շեքսպիրյան հիանալի վերարթնացումները, իր բանաստեղծությունը թե վերոհիշյալ վիպասքերը,- քեզ ողողել են միայն ուրախությամբ ու հպարտությամբ՝ քո իսկ հայոց լեզվի, քո իսկ պատմության, քո իսկ շիտակ կեցվածքի համար քո իրականության և քո ազգային կյանքի առջև: Եվ բնական է, որ այսօրվա շփոթահար մարդը ցանկանում է իր կողքին ունենալ անցյալի իր բազումներից առավել ազնիվներին, առավել շքեղներին, առավել շիտակներին, որպիսին Խաչիկ Դաշտենցն էր: