Грант Матевосян

Մենք բոլորս անկրկնելի ենք

ԿԱՄ՝ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ 60-Ի ՇԵՄԻՆ

Մարդիկ կան, գալիս-խրվում են քո օրվա մեջ, և այլևս դու չես օրվադ տերը, մարդիկ կան, գալիս-խրվում են կյանքդ ու քեզ տեր են դառնում, ավելին՝ տեր են դարձնում քեզ... Ու ապրում են այդ մարդիկ քեզ հետ, քո մեջ՝ անկախ նրանից՝ հեռո՞ւ են, մո՞տ, ծանո՞թ են, անծանո՞թ: Իրենք են, և առանց իրենց դու արդեն դու չես...
- Ո՞վ եք Դուք ըստ Ձեզ:
- Այդ հարցին պատասխան տվել են իմ գործն ու իմ քննադատները: Հակոբ Մնձուրու իմ բնորոշումը վերադարձվել է ինձ՝ «Անցյալի մոլորված առաքյալը այսօրվա քաղաքակրթության բավիղներում»:
- Ամեն դարաշրջան առաջադրում է իր հերոսին. ինչպիսի՞ն պիտի լինի 20-րդ դարավերջին հայ գրականության տիպական հերոսը կամ ինչպիսի՞ն է:
- Հայ գրականության կայացած հերոսների վարքի հաշվառումով՝ շատ քիչ ենք հարաբերվել մեծ գրականության ոլորտներին և ըստ այդմ կերպավորված հերոսը չունենք: Նոր ժամանակներ, նոր պատասխանի պահանջ՝ հայ գրականությունը շատ քիչ է արձագանքում նոր ժամանակներին իր նոր կերպարներով: Թերևս ճշգրիտ պատասխանն էպոսն է տվել, հանձին Փոքր Մհերի, և էպոսին հարաբերվելով կամ կրկնելով, կամ ինքնուրույն խուզարկումներով ժամանակի մեջ գտնելով գլխավորը, մի քանի գրողներ միայն կարողացել են հարաբերվել նոր ժամանակների նոր հերոսին: Հեղհեղուկ ժամանակներ, թշնամու խուսափուկ կերպար, ծավալվող ողբերգություն, ուր ոչ ողբերգությունն է ձևավորվում, ոչ հերոսներն են անուն առնում, ոչ թշնամին է անուն առնում, իսկ ողբերգությունն, այնուամենայնիվ, ահագնանում է: Սա պիտի բացվի, պիտի գրվի: Քո հարցից հետո անմիջապես հիշեցի Կաֆկային: Շոլոխովին չհիշեցի՝ «Խաղաղ Դոնը», որ ողբերգություն է՝ ժամանակի ու անհատի, հասարակության ողբերգություն, բայց Շոլոխովը անցյալ դարակեսերի գրականության, ասենք, Տոլստոյի գրականության մի մասն էր: Իսկ Տոլստոյից հետո ձևավորվել էր մի իրականություն, որտեղ նոր ողբերգությունը հնին ամենևին նման չէր... Իսկ մեր ձեռքերը կապված էին միտումնավոր, կողմնակալ գրականության կապանքներով, և մենք ի զորու չէինք իսկապես բացել ժամանակն ու կերպարները, գտնել էականը, կերպավորել գլխավորը: Գրականության այդ առաքելությունը փաստորեն չկայացավ: Հսկայածավալ երկիրը փլուզվեց, ու ոչինչ չկարողացանք անել կործանումից խուսափելու համար: Այդ գրականությունը պիտի գրվի:
- Կողմնակալ էր գրականությունն իր հերթին, բայց կողմնակալ էր նաև քննադատությունը:
- Ես ամբողջության մեջ եմ վերցնում երևույթը, եթե կուզես՝ փիլիսոփայությունն էլ ներառյալ:
- Այդ դեպքում պիտի գրականությունից շեղվենք դեպի քաղաքականություն:
- Փիլիսոփայությունն էլ, գրականությունն էլ, քաղաքականությունն էլ էթիկայի ու իրականության որդիներն են, սա նույնպես նկատված է:
- Ուրեմն 20-րդ դարավերջի մարդու ու հայ մարդու նշանաբանը ո՞րը պիտի լինի Ձեր կարծիքով:
- Բաներ կան, որ ես չեմ կարողանում հասկանալ:
- Հարցի՞ց, թե՞ մարդուց:
- Ինչ-որ սադրիչ երանգ կա հարցի մեջ այնքանով, որ համաշխարհային գրական միտքը ձևավորել ու հրապարակ է բերել, ու մենք էլ, ինչպես թույլերին է հատուկ, ահա այդ ձևավորված հոսանքի մեջ ենք ընկնում ու քշվում: Մեր վիճակը չենք կարողանում առանձնացնել ու մեր խոսքն ասել: Հարցը միշտ այդպես են դնում՝ մա՞րդը, թե՞ պետությունը, հասարակությո՞ւնը, թե՞ մարդը, ու մենք առաջին հերթին ասում ենք՝ իհարկե մարդը: «Պղնձե հեծյալում», օրինակ, իհարկե, Եվգենին և ոչ Պյոտրը: Եթե անհատը, եկեք ամբողջ հասարակությամբ, գրական-պատմափիլիսոփայական խորքով միանանք, լծվենք պետության կործանման գործին: Լծվեցինք, կործանեցինք՝ եղավ կործանված հայրենիք, արդյունքում՝ կործանվում է յուրաքանչյուր անհատ:
- Փաստորեն ռուս առաջադիմական դեմոկրատիան հենց դրանով էլ զբաղվել է մոտ 200 տարի՝ կործանել պետությունը՝ սկսած դեկաբրիստներից, վերջացրած ռուս նորօրյա դեմոկրատներով:
- Հարցը այդպես է դրված եղել, բայց պետությունը, այնուամենայնիվ, պահպանվել է:
- Ուրեմն ինչպե՞ս բացատրել այդ երևույթը:
- Պատասխանատու պահին հենց այդ արիստոկրատներն ու դեմոկրատները կանգնել են պետության կողքին, ոչ թե մարդու:
- Գուցե դա հենց նշանակում էր մարդու կողքին կանգնել՝ պետության միջոցով: Ի վերջո՝ ինչի՞ համար է պետությունը, այն զուտ ցարերի քմահաճույք չէր, չէ՞, երկիր, ազգ, ժողովուրդ պահող մեխանիզմ էր:
- Քո գալուց առաջ մտածում էի Դոստոևսկու մասին. «Դևերի»: Ահա անհատը, և համակրանքը խեղճերի, թշվառների կողմն է, բայց ահա եկել է բունտարների ժամանակը, տեռորն է մոլեգնում, և համակրանքը շրջվում է դեպի պահպանողականություն, պետություն:
- Նախորդ հարցի Ձեր պատասխանի մեջ ինձ շատ հետաքրքրեց մի փաստ, որի մասին ինքս էլ շատ եմ մտածել՝ Փոքր Մհերի խնդիրը. արդյո՞ք Փոքր Մհերը մեր ազգային գենի նահանջի առաջին դրսևորումը չէր, ինչո՞ւ գնաց-մտավ Ագռավաքար, ինչո՞ւ չմտածեց ինչ-որ ձևով ինքը հողը պահելու մասին: Ինչո՞ւ «Հողն ինձ չի պահում»: Ես Ագռավաքարում փակվելու այդ ֆենոմենը չգիտեմ ինչու կապում եմ մեր պետականության կորստի, և այլնի, և այլնի հետ: Այնուամենայնիվ, ինչո՞ւ մեր ազգային հերոսն ընտրեց հեռանալու, ինքնամեկուսացման ճանապարհը, ի՞նչ էր դա, ազգային երազի անիրականալիությո՞ւնը. ինչո՞ւ հենց այդ անիրականալին դարձավ մեր ազգային իդեալը: Ընդհանրապես՝ ո՞րն է հայ ֆենոմենը: Ի՞նչ է դա:
- Հայ ազգային հերոսն ի վերջո Դավիթն է:
- Բայց ինչո՞ւ Դավիթով չավարտվեց մեր ազգային էպոսը. թող ավարտվեր Դավիթով, ավարտվեց Մհերով, ու Մհերը հեռացավ: Ամենահզորը բոլոր դեպքերում երևի թե Մհերն էր, չէ որ միշտ ամենափոքրն է ուժեղ լինում՝ թագավորի փոքր տղան:
- Քննադատական հայացքով պետք է նայել էպոսին: Այդ պահը հանճարեղ կռահումն է, ժողովրդի հանճարեղ կռահումը, որ ինչ-ինչ եզրերով հարաբերվում է արևելյան փիլիսոփայության, համաշխարհային մտքի հետ: Ես երբեք ինձ չեմ հարցրել, ինչո՞ւ ժողովուրդը, մեր միտքը կամ որևէ միտք ունեցել է կյանքը վերափոխելու, Աստծուն, բնությանը դեմ գնալու ձգտում, ոչ թե կատարել-անելու, այլ լինելու: Դավիթն անում էր, Մհերը՝ լինում: Այս հարցին պատասխանելիս շատ ավելի պիտի խոսել խորաթափանց իրապաշտության մասին՝ հողը կակղած է, հերոսները մանրացած են, նույնիսկ Կոզբադին չկա, կան Կոզբադնի թոռներ, մանրիկ հերոսներ, մանրիկ ռեսեր, որ կաշկանդում են հսկային, նա հալածվում է այդ գաճաճներից:
- «Մեր կյանքի հիմներն անդո՞ւնդը ընկան»:
- Դա կա: Այո, այդ հրաշալի, հոյակապ բանաստեղծությունն էլ մի պատասխան է:
- Հիշում եք, չէ, մանրացել են արաները, արաների համար նոր բավական է մի ժպիտ...
- «Բայց կլինի մի գիշեր»... Դիպուկ, խելացի բանաստեղծություն է: Դոն Կիխոտն ի վերջո նույն պատմությունն է ապրում՝ իր ֆանտազիաները, իր կռիվն ու իր պարտությունը: Համլետն էլ նույն երկվության մեջ է:
- Բայց Համլետը մեռավ, չէ՞, իսկ Մհերը հեռացավ: Ինչո՞ւ հեռացավ:
- Նույնը չի՞: Ինքդ պատասխանիր, ես ի՞նչ գիտեմ:
- Ես Ձեր պատասխանն եմ ուզում: Այստեղ հուզողը, դրդողը ոչ այնքան էպոսային պահն է, որքան առնչությունը մեր ժամանակին ու Փոքր Մհերի վարքագծի կրկնությունը մեր օրերում, որ արդիական է դարձնում հարցը՝ ինչո՞ւ:
- Ժամանակին ես շատ եմ մտածել Մհերի մասին: Մեր հասարակարգը, մեր հաղթանակած, մեր լիովին դրսևորված անհատների կյանքերը կրկնում են Մհերին, ոչ Դավթին: Ժամանակին մտածում էի «Մհերը» վիպագրել, հրապուրում էր՝ և՛ պատմությունը, և՛ էպոսը, ստիլիզացիայի հնարավորությունը: Նաև Թումանյանի մասին էի մտածում, որ նույն Մհերն է, նա էլ քարայր մտավ, Չարենցն էլ պարտվեց:
- Ո՞րն էր Չարենցի պարտությունը: Մա՞հը:
- Մահն էլ:
... Մյուս դաշտերը - չլուտ ու չոր,
Ու դաշտերում այն - գրաստ-ապին,
Հագին նեխած մի, ցեխոտ շապիկ,
Հոգին միշտ համր, հրատոչոր...
- Չէ, ես մտածում եմ, որ Չարենցը չի պարտվել:
- Դե, Թումանյանն էլ չի պարտվել:
- Գուցե Թումանյանի ժամանակն է պարտվել: Թումանյանի տիպը:
- Քո հարցով դու ինձ կարծես շտկեցիր, այդ դեպքում Չարենցի էլ ժամանակը պարտվեց:
- Հիշո՞ւմ եք Չարենցի «Երկու աշխարհի սահմանագծում»՝ գյումրեցի Ավոն, լոռեցի Օհանեսը, ախալքալաքցի Վահանը...
- Դա կա, կա, բայց և Չարենցի ժամանակը պարտվեց:
- Ո՞ր Չարենցի: Մենք ունենք 3-4 Չարենց, ո՞ր Չարենցի:
- 18-23 թթ. Չարենցի: «Հետշավարշյան» Չարենցի: Եթե ասում ենք Թումանյանի պարտությունը չէր՝ ժամանակի պարտությունն էր, ապա Չարենցի ժամանակն էլ պարտվեց:
- Լավ, հիմա ես կտամ սադրիչ, գուցե անպատկառ հարց՝ ո՞վ էր նրանցից ամենահա՛յ հայը: Ես հասկանում եմ, որ դա անհարգալից վերաբերմունք է նրանց նկատմամբ, այնուամենայնիվ, մեր ժամանակի չափանիշներով գնահատած՝ ո՞վ էր ավելին:
- Այնքան նույնական, այնքան նման են, որ սադրանքիդ չեմ ենթարկվի: Այնքան են նրանք նման իրար՝ Խորենացին, էպոսը, Նարեկացին, որ առանձին խոսակցություն է, Աբովյանը, Թումանյանը, Սարյանը, Տերյանը, Արամ Խաչատրյանը, Արշիլ Գորկին, Վիլյամ Սարոյանը... Տարբեր լեզուներում, մշակույթի տարբեր ոլորտներում՝ այնքան են նույնանում, այնքան են նման: Ամենահայ հայն այդ ամբողջի միությունից է հառնում:
- Կարո՞ղ եք մի նախադասությամբ բանաձևել հայի ֆենոմենը:
- Մի ժամանակ կարող էի:
- Ժամանա՞կը փոխվեց, հա՞յը փոխվեց, թե՞ Դուք:
- Բոլորս միասին: Կային բաներ, որ չէի ուզում տեսնել, ինչպես չես ուզում մորդ մերկ կամ հորդ խեղճ տեսնել, անկման մեջ տեսնել: Կային բաներ, որ ենթադրում էիր, բայց խղճում էիր, չէիր ուզում այդպես տեսնել և ուզում էիր հայի այն կերպարը տեսնել, որ ստեղծում է, վերապրում է: Ես եղեռնից հետո էի եկել և իմ անձնական ճակատագրով, իմ դաստիարակությամբ այդ վերապրող սերնդից եմ, համընդհանուր նահանջի, փախուստի, մեր աչքի առաջ ծավալվող կործանումի պատկերի առաջ ուզում էի տեսնել, գտնել, ստեղծել մի կերպար, որ ստեղծիչ է, որ շրջանցում է պարտությունը, կործանումը, անկումը:
- Ի՞նչ, «Նահանջ առանց երգի՞»:
- Նահանջ երգով:
- Բայց արդյո՞ք նահանջ էիք ուզում: Ինձ թվում է՝ Ձեր որոնածը նահանջի երգը չէր:
- Նահանջ կար, ուզեի-չուզեի: Հողից զրկվել ես, աչքիդ առաջ ժողովուրդդ ցնդում է՝ հեռանում են Մերձավոր Արևելքից, հայրենիքից: Առաջանալիք հայրենիքի հնարավորությունները նվազում են, և դու հետապնդում էիր ստեղծի՛չ կերպարը, ամբողջականությունը, խոցելի տեղերը մոռացության տալով: Այդպիսով առաջանում էր թերարժեք, մի քիչ կողմնակալ, կիսատ...
- Գուցե անանկեղծ: Մի քիչ «մտքում պահված» գրականություն:
- Ուղղակի՝ որ ազգային նիհիլիզմ չլիներ: Դա պարտադրված մի բան էր, ամբողջ սովետական գրականությունն էր համակված դրանով՝ միմյանցից ծածկել թերությունները՝ կիրգիզը բարձր մարդ է, վրացին բարձր մարդ է, ռուսը բարձր մարդ է, միմյանցից թաքցնում էինք մեր վատ ու թույլ կողմերը, կուսակցության գաղափարախոսությունն էլ հենց դա էր:
- Ինձ թվում է՝ առնվազն գոնե Դուք չէիք թաքցնում:
- Ըստ երևույթին՝ արածս ուրիշ բան է եղել, ձգտումներս՝ ուրիշ:
- Արածը գուցե ավելի ճիշտը, բարձրը, իրապատումն է եղել:
- Ըստ երևույթին գրիչը ձեռքներիս չէինք կարողանում գաղափարներով առաջնորդվել, նյութը տանում էր իր ետևից:
- Գիտե՞ք ինչ հիշեցի, Միքելանջելոյի օրագրում այսպիսի գրառում կա՝ փառահեղ են բոլոր կարգի մտահղացումները, բայց երբ մուրճը առնում ես ձեռքդ ու ինչ-որ բան ես անում, այդ ժամանակ մտածողը մուրճն է, ու ինչ-որ ստեղծվեց, թեկուզ հազար անգամ քո աչքի համար քո մտահղացմանը զիջի, կատարյալը ստեղծածդ է:
- Դա իսկապես այդպես է: Կա: Իսկապես պռատ են այն գործերը, որոնք արվել են մտածվածի պես: Մեզ նյութն է տիրում, մենք կատարում ենք նյութի կամքը:
- Հնարավոր չէ՞, որ նյութի տարերքը ձախողի ստեղծագործությունը:
- Ֆոլքների՞ն նկատի ունես՝ ձախողում, դարձյալ ձախողո՛ւմ, կրկին ձախողո՛ւմ - ամեն անգամ, երբ լայն ընդգրկման էր գնում: Հեմինգուեյին կշտամբում էին զգուշավորության համար՝ անում է այն, ինչ ուզում է:
- Թե՞ այն, ինչ գիտի:
- Այն, ինչ ուզում է ու ինչ գիտի:
- Ծավալուն, մեծ, չըմբռնվող, փոփոխվող իրականությունից վերցնում ես ինչքան հնարավոր է շատ: Վերցնում ես ու չես կարողանում ամբողջացնել, և ահա ձևավորվում է ձախողումը, որ Ֆոլքները համարում էր մեծագույն հաջողություն:
- Ասում են՝ արվեստն անկում է ապրում, արվեստ չկա, ու ասում են՝ միանգամայն հակառակը՝ արվեստը հիմա, նոր-նոր է սկսվում. Ձեր խոսքի մեջ էլ այդ երանգները հնչեցին, Ձեր կարծիքով արվեստի ո՞ր վիճակն է հիմա:
- Այնքան թուղթ է գրվել ու այնքան է գրվում, բայց, այնուհանդերձ, գրականությունը նոր-նոր իրեն գտնում է: Այնքան քիչ է գտնվածը, գոնե հասկացողների համար, որ ամբողջ արվածը կարելի է միայն սկիզբ համարել: Իսկական գրականությունը նոր է գտնվելու: Գրականության անկման առասպելներին ես չեմ հավատում: Ես չեմ հավատում, թե ընթերցող ենք կորցնում, հարյուրից հինգը կամ երեքը մշտապես եղել է ու լինելու է, գրականություն է պահանջելու, նրա գրողը միշտ առաջանալու է, միշտ պահպանելու է գրականության միջուկը, այն միջուկը, որ միությունն է «Հաջի Մուրադի», թումանյանական «Եղջերվի», չարենցյան «Շավարշի», բակունցյան «Տիգրանուհու»: Սրանք գրականության համար ձեռագիր են, կայուն, հանճարեղ նյարդերից հյուսված:
- «Արվեստը արվեստի համար». կա՞ այդ սկզբունքը՝ մաքուր արվեստը: Որքանո՞վ են Ձեզ համար այդ հասկացություններն իրական:
- Երբ արվեստն արվեստի համար է՝ միայն այդ դեպքում է դառնում մարդու համար: Արվեստն արվեստի համար է արվում, երբ պատվեր չի կատարում, իդեալ է տալիս, հասարակությանը հարստացնում է, դառնում կատարելության զինանշան:
- Այնքան շնորհակալ եմ Ձեր այդ պատասխանի համար:
- Նայիր նույն Չարենցի օրինակով, երբ փորձել է ոճավորել, գրել կուսակցության համար, հանճարեղ մարդ էր, այդ գործերն էլ կարող ես փրկված համարել: Եթե մի ուրիշը հարձակվի, ես այդ գործերը կպաշտպանեմ, բայց դա չէր իրական, մեծ գրականությունը, այլ այն, որ ստեղծվեց միայն իր համար՝ «Դեպի լյառն Մասիս» - արվեստն արվեստի համար, գրականության համար: Ոճավորումներն ի՜նչ փառահեղ էին, չէ՞...
- «Կապկազ թամաշան», էպոսի մշակումը, լենինյան շարքը: Գիտեք՝ ինչքա՜ն եմ սիրում «Ռոմանս անսերը»: Ստորություն է, նողկալի, բայց հրաշք ստորություն է՝ զգում ես, որ ո՛ւժ կա, Չարե՜նց կա, «Դանակը բկին» չէ: Գուցե դա էլ էր նյութի տարերքի հաղթանակ:
- Այդ կտրուկ վերաբերմունքն անհրաժեշտություն էր ժամանակին...
- «Կգա, կպառկի, կակուղ, կմոտենամ, ոնց որ ինձ Հայկոոպփայ տան մի»: Գարշելի է, չէ՞: Բայց պարուրում է քեզ, ձգում է, ապրում ես այդ գարշանքով...
- ...Եթե նկատի ունենանք միջակության ստեղծած այն շարադրանքը, որ նրա այդ վերաբերմունքի ետնաբեմում է, լորձոտ մի գրականություն, որի դեմ կռվում էր Չարենցը:
- Չարենցը մնում է այն Չարենցը, որ հայ գրականության մեջ թերևս ամենահզոր բնորոշումն է տվել կնոջը՝ «Թանգարաններում մրսող քույրեր»: Հիշո՞ւմ եք:
- «Էլեգիան» եմ ես սիրում.
Տեսի երկիրը ես Իտալիո,
Եվ Վենետիկը, և գոնդոլներ...
Այնտեղ շրջում էր պոետը մեր
Երազային իր տարտամ քայլով:
Իսահակյանը ճշգրիտ է բնութագրված, Իսահակյանի բերանով ասվածը՝ մարգարեություն - ցնդելու է ձեր հեղափոխությունը, զառանցանք է ձեր հեղափոխությունը...
- Չգիտեմ, ինձ թվում է՝ Չարենցն ահավոր թեմա է, որ ո՛չ կհասնես, ո՛չ կհեռանաս:
- Իսկ դու պատկերացրու մի մշակույթ, որի Չարենցները շա՛տ խոշոր, բայց առօրյա են իրենց համար և անընդհատ այդքան սուր են դնում պրոբլեմները ու գրականության անընդհատ մակարդակ ապահովում: Մեզանում դա հնարավոր չեղավ. ով փորձեց բարձրանալ՝ գավառը գլխին խփեց:
- Մեր կյանքի բոլոր ոլորտներում էլ, ինչքան տեսնում եմ, զգում եմ, մտածում եմ, գավառականությունը բոլորիս հերն անիծել է: Եվ մեր կյանքի ահավորության պատճառը շատ դեպքերում հենց այդ գավառականությունն է: Մեր դիլետանտությունը նաև, հազիվ տառաճանաչ՝ քիչ է մնում Մաշտոցին հարություն տանք, այբուբենը սովորեցնենք:
- Այդպես է: Թերուսների ժամանակ է: Երբևէ ավելի հաստատ էի այդ մասին խոսում, պլատֆորմ կար, կարող էի դաժանորեն խփել՝ տգետ վարժապետներ, պռատ բժիշկներ, տհաս ուսանողներ, կիսատ գոյությունների հանրապետություն է, գավառ, խեղճության հաղթահանդես: Ձգտում չկա: 20-22 տարեկան թուրքի տղան ավտոբուս էր նստել-եկել Հրանտ Մաթևոսյանին տեսնելու: Գրականություն էր մտնելու ու իրեն առաքելությամբ էր օժտել, իմանալ՝ ո՞ր հրապարակում է աշխատելու, շուրջն ի՞նչ կա, հասել էր Իրկուտսկ, Ռասպուտինի մոտ, Վոլոգդա էր եկել՝ Բելովի մոտ...
- Չե՞ք կարծում, որ պատճառը մեր հավակնոտությունն է: Հիշո՞ւմ եք Սևակի հոդվածն ազգային սնապարծության մասին:
- Մեծ, անհրաժեշտ ներկայություն էր, բայց նրա լիցքը ես շատ ավելի վերագրում եմ մեր քննադատական մտքի բացակայության. շարադրողների փաղանգներ կային, վտառներ, երամներ, կային, գրում էին, հեկտարներո՜վ, և ոչ մեկը իր պատկերը չէր տեսնում քննադատության մեջ: Սուրեն Աղաբաբյանը փորձեց մի քիչ բոլորին իրենց տեղը դնել... և միայն:
- Չդրեց, չէ՞, մինչև վերջ:
- Ոչ, թերևս: Ու պիտի գար Սևակը, ում խոսքի կեսը կռիվ է, հոդված: Եթե քննադատությունն ասած լիներ սա ով է, էսինչն ով է, մյուսն ով է, լավը վատից ջոկեր և գորշությունը չտիրապետեր՝ Սևակն այդքան դասատու չէր լինի: Նա նուրբ թրթիռների, նուրբ ընկալումների մարդ էր, բայց գավառական մեր խավարը նրան ամբիոն էր բարձրացրել անընդհատ, գործով և ուղիղ խոսքով սովորեցնելու, թե ինչ անենք և ինչ չանենք:
- Երևի թե եզակի համաձուլվածք էր՝ գրող, քննադատ, բանաստեղծ, ընթերցող, ուսուցիչ:
- Այնուամենայնիվ՝ խոսքաշատ էր, խիտ ու ծանր չէր, և պատճառը մեր «լինելությունն» էր: Նա սկիզբ պիտի լիներ, ոչ ավարտական վկայագիր:
- Իսկ չե՞ք մտածել, թե Սևակը քանի՜-քանի բանաստեղծի է սպանել:
- Իր մեղքը չէ, իր շնորհն է:
- Հիշո՞ւմ եք հենց Սևակի խոստովանությունը՝ կարդացի Չարենցին, զգացի, որ բանաստեղծ չեմ: Թողեցի գրելը: Հետո նորից գրեցի:
- Լավ օրինակ է, բնություն հիշեցրեց: Աղվեսի ոտքերը կարճ են, մի երկու ցատկով շները ետևից կհասնեն, բայց մի սքանչելի, սիրուն, փափլիկ պոչ ունի և ձորի պռնկով է փախչում. շները ահա պիտի բռնեն՝ պոչը աջ է թեքում, շները ձորն են թափվում, շները ձորում են, ինքը նազուկ վազում-գնում է անդունդի եզրով: Սևակը պոչն ահա ձորն է գցել և պոչի հետ նրանց, որ հենց ձորում էլ պիտի լինեին: Շնորհակալ ենք:
- Գուցե տվյալ պահին շնորհակալ ենք: Այնուամենայնիվ, ես դա նկատել եմ ոչ միայն Սևակի պարագայում, ընդհանրապես, համաշխարհային գրականության մեջ, երբ հանդես են գալիս չասեմ հարյուրամյակի, ասեմ հազարամյակի գրողներ, նրանց շուրջը ձևավորվում է վակուում:
- Չէ՛, այդպես չէ, նրանք ստեղծվում են այդ հսկային առաջացնելու: Քանի «Անուշ» է գրվել, ես ստույգ չգիտեմ ժամանակի պարբերականներն ու ձեռագրերը, բայց ինչ որ գիտեմ. մի անգամ Րաֆֆին՝ սոցիալ-քաղաքական պոեմ, մի անգամ Պռոշյանը՝ «Սոս և Վարդիթեր», Միրաքյանը՝ «Լալվարի որսը», «Անուշի» 92-ի տարբերակը, եղա՞վ չորս, և ապա այն, որ եզակի, անկրկնելի «Անուշն» է: Դա ժողովրդի, դա լեզվի ձգտումն է՝ ինչ-որ բան կայացնելու: Դա վակուում չէ, ձգտում է: Այլևս «Անուշ» չի գրվելու: Մարդն անկրկնելի ծնունդ է, նույնն էլ գրական գործը:
- Դժվար է գրականությունից դուրս գալ, բայց պիտի հարցնեմ՝ ինչպե՞ս եք վերաբերվում մեր կյանքի համընդհանուր քաղաքականացմանը:
- Չի կարող այդպես չլինել: Վատ եմ վերաբերվում, նյարդեր է մաշում, մարդ է սպանում, գործ է ոչնչացնում, մեծից փոքր այդ անպտուղ խաղով են զբաղված: Մենք մամուլի ու գրականության աշխատողներ ենք ու առնչված ենք քաղաքականությանը, բայց իսկապե՞ս ամբողջ ժողովուրդն ու բոլորը զբաղված են քաղաքականությամբ:
- Հետաքրքիր հարցադրում է, մի՞թե այդքան քաղաքականամոլ ենք, թե՞ մի անգամ ասել ենք ու մենք էլ հավատացել: Թերևս՝ ոչ, որովհետև աշխարհը դեռ փուլ չի եկել: Այնուամենայնիվ, Դուք ինչո՞ւ գնացիք ու ինչո՞ւ հեռացաք հայոց նորընտիր խորհրդարանից:
- Գնացի Զորյանի, Սարյանի, Սևակի՝ նախորդ խորհրդարանների նախորդ գրող-պատգամավորների հետքերով, որ տարին մեկ-երկու անգամ գնում-նստում էին, հետո իրենց գործերին դառնում: Ահա, նաև փառասիրության խնդիրը կար, չգիտեի՝ ի՜նչ զարհուրելի է լինելու: Դա ծանր աշխատանք էր, առաջին օրերին, առաջին ամիսներին գնում էի, ջանում էի իսկապես պատգամավոր լինել, դեպքերի ընթացքի վրա ազդել, հետո տեսա, որ կամ ես, կամ՝ խորհրդարանը:
- Այսինքն՝ կամ գրո՞ղ, կամ պատգամավո՞ր:
- Այո, դա շատ ծանր, շատ լուրջ աշխատանք է, որ չի կարելի իմ պարագայում հարադրել ու համադրել գրողի քո գործի հետ: Խորհրդարանում մնալով չէի կարող մտածել, թե գրող եմ մնալու: Մարդիկ կան, որ կարողանում են, ես՝ ոչ: Իմ հացը իմ գրասեղանին էր, ես իմ հացին էի դառնալու: Մյուս կողմից՝ խորհրդարանում ձայն ունենալու համար պետք է որևէ խմբակցություն, կուսակցություն ունենալ ու ձայների որոշակի քանակով ազդել այս կամ այն խնդրի ձևավորման վրա, իսկ դա կազմակերպչական աշխատանք է, անհարիր իմ բնույթին, ես «խմբի տղա չեմ», անմարդամոտ եմ, ես չեմ կարող բանակցել ու չեմ կարող համոզել, դա ինձ դավ է հիշեցնում: Վատ եմ տանում, երբ ֆրակցիայի անդամը քեզ հետ ջերմ հարաբերությունների մեջ է, բայց իր կուսակցության շահերն է պաշտպանելու: Թեպետ ինչ-որ բան փորձեցի, կլոր սեղանի գաղափարը, օրինակ, կամ հակոտնյա խմբերին ի մի բերելու ցանկությունը: Թվում էր՝ հակասությունները թյուրըմբռնման, թերասացության արդյունք են, ու պետք է մարդկանց իրարու բերել՝ պարզելու համար:
- Չէին գա:
- Չէին գա՝ կծավալվեր ահա այս ողբերգությունը, որ ուրիշինը չէ, հենց իրենցն է:
- Ինչպե՞ս եք վերաբերվում նախագահի վերջին հրամանագրին՝ նկատի ունեմ Դաշնակցության գործունեության կասեցումը: Շատերը ասում էին ու ասում են, թե դա դաշնակցականներին ընտրություններից հեռացնելու քայլ էր: Արդյո՞ք այդպես է, թե՞ դա պոպուլիստական, մակերեսային գնահատական է միայն:
- Քո այդ հարցով դու մեր զրույցը փակուղի ես քաշում, ինչպես որ նախագահի հրամանագիրը և այդ կուսակցության այդ գործունեությունն են փակուղի մտցնում իմ գործն ու կյանքը, նրանք խնդիրը կամ-կամ են դնում՝ կամ ես - կամ դու, կամ մենք - կամ դուք, իսկ ես կամ-կամ չեմ - և կուսակցությո՛ւնն է ազգային իմ մարմնի էական բաղադրյալը, և՛ նախագահն ու պետականությունը. մեկի կամ մյուսի բացառումն իմ կյանքից՝ ի՛մ ջլատումն է, իրենց համար դա գուցեև խաղ է (քաղաքակա՜ն, կարևո՜ր, շահաբե՜ր, հեռագնա՜), ինձ համար՝ մահ: Բայց պետք է որ և իրենք հասկանալիս լինեն, որ միմյանց օտարելով, միմյանցից օտարվելով՝ հենց իրենք, իրենցից յուրաքանչյուրն է թալանվում: Չի՛ կարելի համազգային զորությունը այդպես անխղճորեն մսխել, չի կարելի: Ասում են՝ չենք թալանում, իշխող խմբակցությունն ասում է՝ չեմ թալանում, մյուսը՝ նույնպես, ասում են՝ ուժեղանում ենք, և գուցե իրոք ուժեղանում են, բայց ահա այս է, որ խարան է՝ «կուսակցական էգոիզմ», խարան են առաջին զոհի՝ առաջին հանրապետության վրա, խարան է դառնում այսօրվա հանրապետության հիվանդ մարմնին:
Բայց այս խնդիրը մե՞նք ենք քննելու, այսօ՞ր, որտե՞ղ: Կլոր սեղանի կարիք չի՞ զգացվում - երես երեսի գային, խոսք խոսքի, մի խոսքի...
- Ո՞վ պիտի քննարկեր ամենից առաջ ու հետո՝ չգիտեմ, բայց քննարկումների ժամանակ բոլորս սիրում ենք ամեն ինչ իջեցնել-բերել կենցաղային մակարդակի, վերածել առտնին խոսակցության: Տե՜ր Աստված, չպիտի՞ լինի մի ժամանակ, երբ երկրի նախագահը ինչ-որ բան որոշի, որ ընդունենք առանց քննարկումի, իբրև երկրի տիրոջ խոսք:
- Քո խոսքն ինձ համար մի քիչ ուշացած է, բառը բառին, ելևէջը ելևէջին ես նույն վերաբերմունքն եմ ունեցել ու արտահայտել եմ: Օրինակ, անտանելի է, որ նախագահին պարոն նախագահ չեն ասում՝ Լևոն ու վերջ: Իսկ եթե գլխներիս թուրքի փաշա նստած լիներ կամ մոսկովյան մի բյուրոկրատ, այդքան կհայհոյեի՞նք, ինչքան այս մի երկու տարում մեր մսից ու ոսկորից շինված նախագահին:
- Գուցե հենց պատճառն էլ դա է՝ մեր մարդն էր, ինքն ո՜ւր հասավ, մենք ո՜ւր մնացինք:
- Ահա, մեր թագավորները չէին ասում ձեզնից ենք, ասում էին Ճենաց աշխարհից ենք եկել:
- Մարգարեն իր հայրենիքում տեղ չունի՜:
- Շատ անգամներ եմ տեսել, որ ի՛ր խոսքը պետք է լինի, որովհետև երբ միտքս փակուղի է մտել, հնչել է նախագահի իր վճռական խոսքը:
Հայ-հայկական պատերազմի վտանգը, հայ-ադրբեջանական բաց, ցուցադիր, անկանխատեսելի հետևանքներով լեցուն պատերազմից խուսանավելը...
- Ձեր վերաբերմունքը նոր ընտրություններին: Որևէ սպասելիք ունե՞ք նոր ընտրվելիք խորհրդարանից ու ի՞նչ սպասելիք:
- Իմ կարծիքով քաղաքականապես ավելի հասուն այրեր չեն առաջադրվի, քան հներն էին: Այս խորհրդարանը՝ կարող, կայուն, սկզբում նույնպես սիրելի մարդիկ էին, ինչո՞ւ չկայացավ՝ չգիտեմ, ըստ երևույթին կուսակցական էգոիզմը տնաքանդ, սարսափելի ուժ է, որ թույլ չտվեց միմյանց հասկանալ, առաջացավ էս գզվռտոցը, ջուր ծեծելը, սպանիչ տաղտուկը, խորհրդարանի ու խորհրդարանական մտքի վարկաբեկումը:
- Նո՞րն էլ այդպես կլինի:
- Դե եթե ՀՀՇ-ի բացարձակ հաղթանակը լինի, մյուս կուսակցություններն իրենց զրկված ու նվաստացած են զգալու, հակառակ դեպքում՝ անպայման սրանից վատ է լինելու:
- Ցրե՞նք խորհրդարանը:
- Մի ժամանակ ասել եմ, թե ես դիկտատուրա եմ ուզում, աղբի, արևելյան այս բազարի, այս համաճարակային փնթի թալանի, այս գազազած խեղճության հարցերը լուծող դիկտատուրա եմ ուզում: Հարց լուծող դիկտատուրա: Կոմունիստները վատ հեռացան, բայց եկողներն էլ ուշ հասկացան՝ ինչ է կատարվել, կարծում էին ուրիշ երկիր է: Չէին տեսնում, որ իրենց երկիրն են քանդում ու կողոպտում: Պապանձվել էի, եթե հրապարակի զառանցանքին իմն ավելացնեի՝ ինչո՞վ էի տարբերվելու բազարի կնկանից... Հիմա էլ չեմ խոսում, արդեն պատմություն է, եղած-անցած, երեկվան չնայենք: Խոսենք այսօրից:
- Լավ, իսկ գրողների համագումարում ինչո՞ւ էիք լռում:
- Համագումարը ձգտում էր միությունը պահել, պահպանել, ես համաձայն էի, ուրիշ ի՞նչ խոսեի:
- Եթե ինչ խոսել ենք, համարենք Հայաստանի ներկա վիճակի գնահատական, ի՞նչ է լինելու մեր վաղվա օրը Ձեր պատկերացմամբ:
- Իշխանությունը և ունեցվածքը այսպես նույնազոր չեն լինելու (անիծյալ ժառանգություն), իշխանությունը այսպես ունեցվածքի երաշխիք չի լինելու և ուրեմն միջկուսակցական կռիվները ազգային գոյապայքարի մեջ այսպես պատերազմների կերպարանք չեն ստանալու, և երանի այդ օրերին:
- Ամենից շատ ո՞ր գույնն եք սիրում:
- Կարմիրն էի սիրում, հիմա կանաչն եմ սիրում, բաց կանաչը, գարնան տերևի կանաչը:
- Ո՞ր թիվն եք սիրում:
- Թի՞վը, թվանշա՞նը: Երևի 1960 կամ 1959:
- Ձեր սիրած երգը:
- «Սոլվեյգի կանչը»՝ Գրիգ:
- Իսկ փողո՞ցը:
- Չկա արդեն. Ջիմ Թորոսյանը կերավ: Հին Ջրաշատի փողոցը: Գերագույն խորհրդի ետևն էր, Խաչատուր Աբովյանի վերացած, կորած այգու գլխին, մեծ քաղաքում էր ու այնքա՜ն խաղաղություն կար:
- Ո՞նց է սկսվում ու ավարտվում Ձեր օրը:
- Իմ երազած օրը, որ երբեք էլ այդպես չի լինում, սկսվում է երեկվա արածիս հետ կապերի մեջ մտնելով, երբ որևէ կերպ գտնում եմ տողը: Սովորաբար պարբերությունը չեմ փակում, որ հաջորդ օրվա համար մուտք ունենամ: Եթե գրելը ստացվում է՝ կենդանություն է, սարսափելին հետո է, երբ չգիտես ինչ անես, հեռուստացույցը սպանիչ է, ռեստորանները թանկ են, խմիչքները վայրենի են, մամուլը՝ տաղտկալի:
- Ասենք՝ ունեք երեք ցանկություն, մեկնումեկը տեղնուտեղը կատարվում է, ո՞րը կընտրեք:
- Մաքուր, կոկ առանձնատների Երևան քաղաք ունենալ:
- Ձեր ինչի՞ն է պետք այդպիսի կլայեկված քաղաքը:
- Մաքուր, կոկ առանձնատների Երևան և վերջ: Հետո որ այդ քաղաքում մարդիկ ժպտան, ինչպես որ 60-70-ական թթ., դրանից հետո կատաղածների-չարացածների քաղաք դարձանք:
- Գուցե 60-70-ական թթ. Դուք էիք երիտասարդ, ոչ թե մարդիկ էին ժպտուն:
- Ըստ Արտո Փելեշյանի՝ այո: Դիմանալու, ներելու, հանդուրժելու, սիրելու համբերությունը տարիքի հետ պակասում է, բայց ժպիտն էլ է պակասել:
- Չէի ասի, որ ինքներդ շատ ժպտուն եք:
- Գեղարվեստի կատարյալ գործ եմ ուզում: Զորեղ, զրնգուն, հրաշալի կյանք է հորդում՝ մենք կողքին կապված-կաշկանդված ենք: Գրական մի խոշոր հաղթանակ եմ ուզում: Մարդն առհասարակ ինքն իրեն խաբում է, բացահայտ ձախողումն անգամ հաջողություն կարող է համարել: Զղջալը, սխալն ընդունելն ահավոր դժվար է: Կուզենայի այն հաջողությունը ունենալ, որ Աստծո առաջ իմ նախորդների ու ժամանակակիցների կողքին բացճակատ կանգնեի:
- Ի՞նչ վերաբերմունք ունեք անակնկալին:
- Չգիտեմ: Կա՞ն անակնկալներ:
- Լի՜քը:
- Չէ: Եկեք ճշտենք: Կա՞ն անակնկալներ, թե՞ ոգեկոչել էիր՝ և դեմդ կանգնեց: Անակնկալներ չկան:
- Իսկ ինձ թվում է՝ կան:
- Կա՞ն:
- Կա՛ն: Անպայման կա՛ն:
- Քո հարցերի նպատակը ո՞րն է: Ի՞նչ ես ուզում:
- Պահի մեջ ու պատկերի մեջ տեսնել ու ճանաչել մարդուն:
- Անակնկալները մարդուն մերկացնում են, այո՞:
- Բոլոր դեպքերում մարդը դեմ առ դեմ է մնում իր ուժին, իր թուլությանը, համենայն դեպս ոչ այնպիսին, ինչպիսին ինքն իրեն պատկերացնում է, այլ՝ կա: Ո՞վ ես դու: Դո՛ւ ու դո՛ւ: Դու ո՞վ ես:
- Այնուամենայնիվ, ես սիրում եմ նրանց, ովքեր իրենցից մի ուրիշ կերպար են ստեղծում ու փորձում են իրենց ներսի անասունին ճնշած պահել և իրենց պատկերացման կերպարը դառնալ: Բոլորս բոլորիս համար ուսուցիչներ ենք, ապրում ենք միմյանց կենսառիթմերով, և իմ համակրանքը նրանց կողմն է, ովքեր լիցքավորվում են այդ ռիթմերով, թեկուզ դառնան դոնկիխոտներ: Մեզ կերպարներն են, չէ՞, առաջնորդում:
- Շա՛հն է առաջնորդում:
- Շահն էլ կերպավորված է առաջնորդում: Այսօր մեզ ի՞նչն է առաջնորդողը: Մեր հիմնական ցավն այսօր գիտե՞ս որն է: Մեզ մեր կերպարը չի առաջնորդում, մեզնից ստեղծված կերպարը չի, մեր հնարավորությունների կերպարը չի, աղքատ, զրկված, ցնցված, մինչև տակը սրբված հանրապետությանը, այսուհանդերձ, ներքևից վերև առաջնորդում է հարստության կերպարը:
- Հարստությա՞ն, թե՞ ուժի:
- Երկուսը միասին՝ ուժեղ հարուստի, հարուստ ուժեղի:
- Ես չէի ուզենա, որ մենք լինեինք հարուստ երկիր, ես կուզենայի ուժեղ երկիր ունենալ:
- Այդպիսի բան չկա: Երկուսը միասին են: Առաջնորդում է հարստության կերպարը: Ռուսներին էլ առաջնորդում է միասնացման, հարուստ, զորեղ երկրի կերպարը՝ մենատուն, ընտանիք, ապահով երեխաներ, ամառանոց, ամառները ճանապարհորդություն երկրագնդով մեկ՝ ամենակարողություն, գերմարդ, գերհարուստ: Այդտեղ եղբայրը եղբորը ոտնատակ կարող է տալ, ուրանալ, մոռանալ: Այս բացատն ինձ շատ էր դուր գալիս, սքանչելի անտառ է, սոճի, գետակ, միայն մի պակասություն ունի՝ մենատուն չկա, ի՛մ մենատունը... ամառանոց եմ կառուցում, շուռ գալիս, տեսնում, որ բացատը չկա, ոչնչացրել եմ:
- Բայց չէ որ հիմա դա Ձերն է:
- Ոչնչացված է իմը, ուրեմն ես վրիպեցի՝ ուրիշների, օտարների մենատունը Նյու Ջերսիից բերեցի այստեղ:
- Հապա Ձերը ո՞րն է:
- Իմն այստեղ պիտի առաջանա: Դրա համար էլ հաճախ եմ ասում, որ մեր երգը չենք երգում, մեր խոսքը չենք խոսում, չենք գտել դեռ մերը:
- Ինչո՞ւ: Որոնում ենք՝ չե՞նք գտնում: Իդեալ չունենք՝ չե՞նք գտնում: Չգիտենք ինչ ենք ուզում՝ չե՞նք գտնում: Ինչո՞ւ:
- Վերևները պարտադրեցին իրենց կերպարը: Ազատության, անկախության սպարտակյան ժամանակների կուռքը մղեցին, մեզ առաջնորդ կարգեցին, մենք էլ հաճույքով գնացինք օտար կուռքի ետևից և մեր փոքրիշատե ապահով վիճակը մի օրվա մեջ ուրացանք-մոռացանք, հայտնվեցինք այսօրվա մեջ:
- Ուրացա՞նք որ...
- Չեմ կարողանում մոռանալ, թե ինչու Սպիտակի շաքարի գործարանը քանդեցինք ու տվեցինք վրացիներին, հենց այնպես, Ալավերդու պղնձի գիգանտը կործանեցինք, Կիրովականի ամիակի արտադրամասը ռուսները քանդեցին, 70 միլիոն դոլարով տվեցին Հարավային Կորեային: Այսպես հանրապետության զորությունը զրոյի հավասարվեց: Բոլոր դեպքերում տվյալ պահին կարծես արդարացված քայլեր էին, բայց ինչպե՞ս եղավ, որ մենք մեզ տեր չկանգնեցինք - իմ գործարանն է՝ չեմ քանդում, իմ երկրաշարժն է՝ հեռո՛ւ իմ աղետից:
- Մտածո՞ւմ եք մահվան մասին:
- Երբ մտածել եմ՝ սարսափել եմ: Բնազդով խուսանավում եմ: Մահը սարսափելի է:
- Հոգիների վերաբնակությանը չե՞ք հավատում:
- Գրական հնարք է, սիրելի հեքիաթ: Մենք բոլորս անկրկնելի ենք:
- Չէ, ինչո՞ւ: Չի՞ եղել, որ անցել եք ծառի, քարի, մարդու կողքից ու ահավոր հարազատություն եք զգացել, շատ ծանոթ ու շատ սիրելի գուցե ինչ-որ մեկի հոգին է եղել այդ քարի, այդ թփի, այդ ծաղկի, այդ գույնի, այդ ձայնի, այդ աչքերի մեջ...
- Դա հրաշալի է, բայց դա...
- Պոեզիա՞ է:
- Չէ, գիտես իմ կիսատ գործի մեջ էլ այդպիսի պահեր կան, ես լրջորեն խորանում էի ու մտածում, թե ահա լավ հատված է լինելու գործի մեջ: Մինչև որ ինքս էլ դառնում էի այնքան զգայուն, որ վախենում էի հարաբերվել այդ ամենին: Մի քանի այդպիսի կերպարներ սկսել ու կիսատ եմ թողել, որովհետև այնքան եմ զգայունացել, որ կրկնել եմ նման վիճակը, հիմա զգուշանում ու հետ եմ քաշվում, որովհետև գրելիս ես պետք է իշխեմ և՛ իմ հերոսների, և՛ ինձ վրա:
- Իսկ հանդերձյալ կյանքին հավատո՞ւմ եք:
- Իհարկե չեմ հավատում:
- Ինչո՞ւ, դա շատ լուսավոր, բնական կլիներ: Երևի թե կոպիտ էլ հնչի՝ ձեռնտուն հավատն է, չէ որ դա կյանքի հարատևության հնարավորություն է:
- Ես հավատում եմ, գուրգուրում եմ, սիրում եմ, ուզում եմ մի քիչ աշխատանք ու ոսկեփոշի թափել Ստեփանակերտի վրա, Ղափանի, Վանաձորի վրա՝ Շվեյցարիա կլինեինք, կփոխենք գորշ կղմինդրը, կարմիր կղմինդրածածկ տանիքների, պուրակների, այգիների երկիր կդառնանք... Ես դրան էի հավատում:
- Հիմա չե՞ք հավատում:
- Հուսահատվելու պահեր շատ կան: Դեպի «ուզվոր ազգ» այս սողացող ուխտագնացության առաջը ինչպե՞ս առնենք, էսօր-վաղը մեր մռութին խփելու են՝ ո՞ւր է ձեր հայրենիքը, կորեք ձեր երկիր: Ուզած-չուզած՝ վերադառնալու ենք տուն:
- Ստացվում է՝ ընկածին պիտի խփես, որ կանգնի:
- Ստացվում է, որ արժե խփել: Այս օգնությունը մոլորություն է: Այս օգնությունը ոչնչացնում է մեր կարողությունը:
- Հոգեբանական սպանություն է՝ կեցցե՜ մարմինը անդամալույծի ու մուրացկանի իր սինդրոմով:
- Ի սկզբանե էի կռահում, որ գութը պարոնտիրոջ խոսք է. դու ողորմում ես՝ ինքը գթում, ի սկզբանե էի զզվում տաճարների առաջ ի մեջ մարդկան գթացողներից ու ողորմացողներից: Իմոնց մեջ թերևս հենց այդ էի տեսնում և ոչ արդար եղբայրությունը:
- Աստծուն հավատո՞ւմ եք:
- Ինչո՞ւ ես այդ հարցը տալիս:
- Ուզում եմ իմանալ:
- Աստծուն չեմ հավատում:
- Ինչո՞ւ:
- Աստծուն չեմ հավատում: Հավատում եմ որդուս, դստերս, քեզ, մարդու աստվածային կարողություններին, յուրաքանչյուրիս մեջ Աստված կա, դրան եմ հավատում:
- Հապա ինչո՞ւ մեր աստվածությունները ստում, սպանում, ստորացնում, իրար են ուտում:
- Վախից: Թյուրիմացությունից:
- Ինչո՞ւ ենք վախենում: Ինչո՞ւ ենք թյուրիմացության մեջ:
- Կարծում ենք՝ Աստված կա, ինքն է կարգավորելու: Եթե միմյանց հավատանք, ոչ թե Աստծուն, ամեն ինչ լավ կլինի:
- Մենք կարո՞ղ ենք այդքան ուժեղ լինել:
- Անպայման կարող ենք:
- Որտեղի՞ց այդ ուժը:
- Մի պատմվածք էի գրել՝ մի կնոջ մասին, տգետ է, բայց երեխային դպրոցում խնդիր են տվել, պիտի լուծի, տառերն էլ չի ճանաչում, չգիտի՝ խողովակն ինչ է, բայց պիտի լուծի մի խողովակով պարպվող ու երկուսով լցվող ավազանի խնդիրը: Ու այդ կինը լուծեց խնդիրը իր երեխայի համար՝ ահա այդ կնոջ մեջ, հայ կնոջ մեջ ես աստված եմ տեսնում և ուրիշ աստծո կարիք չեմ զգում:
- Կինը ո՞ւժ է, թե՞ կինը թուլություն է:
- Կինը ուժ է, կինը կյանքն է:
- Ուժեղ կանայք տղամարդկանց թուլությունը չե՞ն:
- Դա ուրիշ հարց է:
- Ձեր հարցը ինձ:
- Ձեր հայ ու այլազգի կոլեգաները հարցազրույց են անում ինձ հետ, ինչո՞ւ ռուսներինը լավ է ստացվում: Ինչո՞ւ է այդպես, չէ որ ակունքը ես եմ:
- Դուք Ձեզ եք հարց տալիս, ի՛նձ հարց տվեք:
- Ամենից շատ ի՞նչ ես սիրում:
- Ծով ու ամառ ու արև:
- Այսօ՞ր, թե՞ միշտ:
- Մի՛շտ ու մի՛շտ:
- Մի խոսքով՝ բնություն ու ազատություն...
- Ազատությո՛ւն ու բնությո՛ւն...
- Լայն-լիքը գետ լիներ կանաչ ափերով. դա է ինձ սնել:
- Գուցե չենք հեռանում մեր մանկությունից, ու դա է մեր ուժը:
- Չե՞նք հեռանում:
- Հեռանո՞ւմ ենք:
- Հուշերս քրքրելով պիտի ասեմ, որ այդ շրջանը հաղթահարելու, օտարին, անծանոթին շփվելու դողը ունեցել եմ, հրճվագին դողը, այնուամենայնիվ, կարծես երեք ոտքով եմ ու մի ոտքս այդ շրջանից չեմ կտրել:
- Բայց երեք ոտքով տեղից կպոկվե՞ք որ...
Բանաձևած է, չէ՞, գրականության հավերժական նյութը՝ չկա վերադարձ դեպի տուն, բայց և, մեր ընթացքը անընդհատ ընթացք է դեպի տուն, դեպի մանկություն, առաջին գործս այդ մասին է եղել և անընդհատ տեսնում եմ այդ նույն ճանապարհը՝ անընդհատ վերադարձ:
- Հիմա ո՞ւր եք վերադառնում:
- Իոն Դրուցեն (շատ լավ գրող է) մի զրույցի ժամանակ ասաց. «Գիտես, Հրանտ, էլ գյուղ մի՛ գնա: Պատկերը թող մնա ինչպես կար, երբ տեսնում ես այս աղարտվածը՝ աղարտում ես նաև հիշողություններդ»: Այնքան եղբայրական էր այս խորհուրդը: Բայց իմ երկիրը այնքան փոքր է, որ անհնար է նույն արահետին երկրորդ և երրորդ անգամ ոտք չդնել: Ես իսկապես ուզում եմ չվերադառնալ, բայց ինչպե՞ս:
- Աշխարհում ամենից լավ Ձեզ որտե՞ղ եք զգում:
- Ցավալիորեն արդեն միայն սպիտակ էջի առաջ, իմ մարմնի վրա բռնանալով, իմ կարոտները ճնշելով:
- Չե՞ք վախենում սպիտակ էջից:
- Վախենում եմ:
- Սիրո՞ւմ եք այդ էջը, կռվո՞ւմ եք, թե՞ կանչում է, գնում եք:
- Ամեն անգամ մտածում եմ էջը փրկելու մասին, գործը փրկելու մասին. երբ գլուխ է գալիս, լավ եմ զգում:
- Է՞ջն եք փրկում, թե՞ Ձեզ:
- Ես էջն եմ: Նույնն ենք: Ցավալին այն է, որ այնքան քիչ եմ գրում, որ չեմ կարողանում գեղեցիկ ավելորդը նետել, խմբագրել:
- Շա՛տ գրեք:
- Շատ չի կարելի, շատը, օ՜յ, ես ես չէի լինի:
- Շա՞տ զզվելի բան ասացի:
- Ախր լավն այնքան քիչ ենք արել... լիքը մեռած էջեր, մեռած գրքեր, մեռած խոսք, չգիտես ինչո՞ւ ենք գրել, երբեմն վիճակդ այնքան է նեղվում, որ երանի ես տալիս իրենց տհասությանը, որ, միամի՜տ, կարծել է, թե մի բան է անում ու հա՜ շարադրել է, հա՜ գրել է...
- Ձեր ամենասիրած գրական ստեղծագործությունը:
- Ինչո՞ւ ես այդպիսի տարբերակում դնում:
- Ուզում եմ իմանալ: Օրինակ, Չարենցն ասում էր՝ «Իմ ամենաչքնաղ երկը՝ «Նավզիկեն»:
- Չարենցն իր գործերից էր ասում:
- Այո, ես էլ ուզում եմ Ձերն իմանալ:
- Ի՞մ գրածից:
- Ձեր էլ, ուրիշների էլ:
- «Հաջի Մուրադ»՝ Տոլստոյի, «Խմբապետ Շավարշը»՝ Չարենցի, «Եղջերուն»՝ Թումանյանի, «Թիֆլիս»՝ Աղասի Այվազյանի, «Տիգրանուհին»՝ Բակունցի և այլն: Թումանյանի մանկական ամբողջ գործը, էպոսը, իհարկե, էպոսը, մեջս այնքան գեղեցիկ բան կա Իսահակյանից: Չե՞ս սիրում: Չեղավ, «Փոքր Մհերի» իր պատումը, երբ կարդացի... այնպիսի՜ շքեղություն է՝ հանրագիտարանային, պիտի ամբողջ հայ մտավորականությունը ժողովես, որ կարողանա քեզ այդքան բառ ու լեզու, ազգապատմություն, ազգագրություն տալ... այնպիսի լայն ու խոր իմացություն է... Առհասարակ, ազգի վերածնության շրջանի այդ սերունդը հրաշալի էր: Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց...
- Եվրոպան էր, Թումանյանին բացառած, Եվրոպան էր: Թումանյանն էլ Արևելքն էր:
- Թումանյանը չգերվեց - մնաց Արևելքում, Իսահակյանի որոշ գործերում Արևելքը հենց Արևելք էլ մնում է, Թումանյանը Արևելքը բարձրացրեց այն ոլորտը, որտեղ չկան Արևելք ու Արևմուտք, հակադրված չեն, միասին են, համաշխարհային են:
- Չգիտեմ: Իսահակյանին չեմ սիրում, չեմ կարողանում այդ արյունը, այդ որակը, այդ կտրվածքը ընդունել: Իմը չի, լավն է, բայց իմը չի:
- Գիտես ինչ, այդպես լինում է, շրջան է, կանցնի ու կգաս Իսահակյանին:
- Շրջան չկա, հարևանի տուն է:
- Արձակում չսիրվող էջեր կան:
- Բանաստեղծություններում էլ:
- Մանավանդ առակները, սիրելի չեն նաև որպես թե մանկական գործերը:
- Գրողներ կան, կարդում ես, ու քո տունն է, Իսահակյանն ինձ համար միշտ եղել է հարևանի տուն, այնտեղ էլ շատ լավ բաներ կան, բայց քեզ ինչ, դու չես, հարևանդ է, քոնը չէ, ուրիշինն է:
- Այդպես խոսելու համար ես պիտի իմ թարմ ընկալումների ժամանակը հիշեմ: Մի ժամանակ կինոռեժիսոր ընկերներիցս մեկի հետ վիճում էի, ասաց. «Հեռուստացույցը քեզ կերել է: Այնքան կինո ես նայել, ճաշակդ փչացել է»: Կարող է պատահել, որ ես իրոք հիմա կորցրել եմ գրականության զգացողությունը:
- Հեռուստացույցով Հենրիկ Մալյանի ֆիլմերն էլ էին ցույց տալիս: Հրա՛շք էին:
- «Եռանկյունին»: Մալյանը կարողացավ ձեռագիր ունենալ:
- Մալյանը ստեղծեց ազգային կինոմտածողություն: Գուցե ինչ-որ չափով Մալյանը ստեղծեց այսօրվա մեր մտավորականությանը Հայրենիքի իր ընկալումով: Ես Մալյանի պաշտամունքն ունեի, բայց և՝ իմ կռիվը Մալյանի հետ: Ուղղակի կռիվը՝ չէի ուզում Մալյանը հեքիաթ տար: Մալյանը հեքիաթ էր տալիս: Կյանքի հեքիաթը՝ մաքուր, լուսավոր, երկինքոտ:
- Իրականության այդ հասարակացումը, որ կյանքը միաշերտ է տեսնում, կար Մալյանի ֆիլմերում:
- Հասարակացումը Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերում է: Փառահե՜ղ ֆիլմեր են: Շատ եմ սիրում՝ «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը»: Հրաշալի ֆիլմեր են, բայց...
- Երկրորդված, հուշված զգացումների գործեր են, ի՞նչն է հրաշալի:
- Չգիտեմ: Լավն են, լավ ֆիլմեր են, մանավանդ դերասանների խաղը, աստվածային են խաղում:
- Բայց ինչի՞ց է, որ այդ ֆիլմերը քոնը չեն դառնում:
- Չգիտեմ, բայց այդ ֆիլմերը երբեք չեն տա այն, ինչ տալիս էր Մալյանը: Մալյանի ֆիլմերը հարազատ էին, հայն էր ու հայկականը՝ բնածին, արյունով:
- Աղջիկ կա՝ հագուկապը տեղը, տեսքը տեղը, բայց անհմա, այդպես էլ գեղարվեստի գործերը, ամեն ինչ կատարյալ է, բայց հմայք չկա, կենսադաշտ չեն ստեղծում:
- Աստծո շունչը չկա:
- Այո, Աստծո շունչը չկա: Մի ձեռագիր էին բերել ինձ, տնային կառավարչության փականագործի գրածը, փականագործն էլ էր եկել՝ գլխին 30-ականների մի գդակ, բաճկոնը երկար կախված մնալուց ուսերը ուղիղ, ինքը շատ շփոթված: Տետրակն իր խոստովանությունն էր ու իր կարծիքով վատ բան էր արածը՝ իր կյանքը օտար մարդու առաջ ի ցույց էր դնում: Բերեց տվեց, մյուս օրը եկավ տարավ: 24 էջ էր, անգրագետ, անստորակետ-անվերջակետ: Տգե՜տ, մոտավորապե՜ս-մոտավորապե՜ս: Մի կերպ էի կռահում ինչ է ասում, մի կերպ-մի կերպ: Բայց այդպիսի հմայք ես չեմ տեսել՝ ի՜նչ գեղեցկություն էր մեր շինովի գրականության կողքին:
- Կյա՛նքի փիլիսոփայությունն է:
- Այնպիսի՛ կյանք կար, այնպիսի՛ գեղեցկություն: Գրականության այս խեղճ որոնումների, սուտ իդեալների մեջ: Եկավ տարավ, ինչ արեցի-չարեցի, ասացի՝ քո անունով կտպեմ, չհամաձայնեց, բայց մի ընթերցումով ամեն ինչ տպավորվել է, տող առ տող կարող եմ վերականգնել: Ա՜յ մարդը, ա՜յ գրողը, ա՜յ ուսուցիչը, ուսուցիչ մեզ համար, որ խոսում ու խոսում ենք, բայց բանը չի կայանում, խոսքը մեռնում է, չկա:
- Կա՞ր այնպիսի հարց, որին սպասում էիք, բայց չլսեցիք:
- Կարծես ոչինչ չեմ լսել, կարծես ոչնչի չեմ պատասխանել:
- Ինչպե՞ս:
- Դու առանձին, ես առանձին, վստահ եմ, կարողանալու էինք երկու շատ լավ հոդված պատրաստել, հիմա զրուցեցինք, բայց տեքստ չդարձավ: Հարցազրույցի այս մակաբույծ ժանրը փչացնում է խոսքը, ուրեմն գրողն ու լրագրողը չե՞ն կարող հոդված, մարմին սարքել, պիտի հա՞րցը օգնության գա:
- Չէ, ինչո՞ւ: Հարցազրույցն իր հրաշալի կողմերն էլ ունի. իր ժանրը ու իր ոճը, պարզապես պիտի վարպետ լինես ու քո խոսքով խոսակցիդ չճնշես, թողնես խոսի ու հետո էլ չհամահարթես, չկոկես խոսքը, որովհետև հարցազրույցը պիտի կենդանի խոսք ունենա ու չհիշեցնի գիտական հոդված կամ ուսումնասիրություն, հարցազրույցն իր կանոններն ունի, և երբ ժանրի երակը բռնես՝ շատ ու շատ խորքեր կբացվեն:
- Ռիշինան Լիխաչովի, Այթմատովի հետ լավ զրույցներ էր վարում՝ ձուլված-կոփված չափի մեջ: Պիտի գեղեցիկ լինի, հակիրճ, ստույգ, խելացի: Դա էլ է մարմին, չէ՞:
- Չգիտեմ, նայած մարմնին ի՞նչ պահանջներ ես առաջադրում ու ո՞նց ես օգտագործում:
- Դա մարմին է որպես պատմվածքը, որպես վիպակը, ունի իր ռիթմը: Չէ՞: Ունի իր ծավալը, իր ժամանակը: Պատմվածքի առաջին տողերը կարդում ես՝ գիտես քանի էջ է գնալու:
- Եթե գրողը դրան բնազդով է գալիս, քննադատը գիտի, լրագրողը պտտվում է շուրջբոլորը:
- Շուրջբոլորը պտտվողը արդեն լրագրող չէ:
Այսպես ասաց Հրանտ Մաթևոսյանը: Չգիտեմ: Երևի: Թեև գուցե լրագրողի գործը հենց դեպքերի, փաստերի շուրջբոլորը պտտվելն է ու կենտրոնում լինելը: Կենտրոնում, բայց ոչ կենտրոն: Իսկ գուցե ոչ: Աստված գիտի: «Ու գնաց, գնաց, գնաց, դեմ առավ պատին» գրված թե չգրված բանաստեղծության ինչ-որ տող համառ կպել էր լեզվիս ու ունկիս ու պոկ չէր գալիս: Անտեղի, անիմաստ տող էր՝ «Ու գնաց-գնաց-գնաց, դեմ առավ պատին»: Անհեթեթ տող էր այս պարագայում: Ես բարի, շատ բարի էի, լիքը, շատ լիքն էր իմ այս կիրակին, միայն մի մեղք կար. Հրանտ Մաթևոսյանին գուցե կտրել էի իր սպիտակ թղթից, բայց այդ մեղքը քավվող էր, գիտեի, տեսել էի գրասեղանին սպիտակ թղթերը, պատրաստի գրիչները ու կիսատ ձեռագիրը:
Արվեստի ճգնաժա՞մ: Հիմարությո՜ւն: Գրողը գրում է, չգրողը հերյուրում: Սեփական գրչի սնանկությունը համաշխարհային աղետ հայտարարածների վայնասուն, հարայ-հրոց... Արվեստը չի մեռնում, մեռավ արվեստը՝ մարդկությունն անելիք չունի, կմեռնի մարդկությունը:

Հ. Գ.
Հրանտ Մաթևոսյանը չի սիրում հարց ու պատասխանի խաղը, նա գերադասում է հարցազրույցում մենախոսությունը, որ մարմին ունի: Ես չգիտեմ՝ մարմին ունեցա՞վ այս հարցազրույցը, բայց զարմանալիորեն նրա լավագույն պատասխանը իմ... չտրված հարցին էր, ու ես ուղղակի իրավունք չունեմ չհրապարակել մեր երկխոսության մեջ հնչած այս մենախոսությունը:
«Մեր գյուղը սարերի ետևն է, թնդանոթների ձայնը Ոսկեպարից գալիս էր, չէի ուզում ետ գալ, շրջգործկոմի նախագահը եկավ, բարձրացանք սարերը: Ուզում էինք նորից Ոսկեպար գնալ, Ոսկեպարից փախածներ կային. գդակը ծուռ դրած, հենց մեզ տեսան՝ արաղը մի կողմ դրին, խմիչքն էլ, ուտելիքն էլ մեզ համար պահեցին, փախածներ էին, խեղճերի հացը մենք կերանք, քիչ հետո մեր ուտելիքը հասավ, արաղը վերադարձրինք: Հետո կարկուտը խփեց, երեք րոպեում ամեն ինչ ծածկեց, ցրվեցինք: Ես մեր գյուղ գնացի - հորս բաճկոնի բույրը, որ ուսերիս էի առել, շունը, վառարանի հոտը, կաթը, մեր տունը... Տեսա, որ չեմ ուզում Երևան գալ, յոթ օր ինձ համար լա՜վ, մոր ծոցն ընկած երեխայի պես տաքուկ տեղ գտած՝ ապրեցի: Էդ լռությո՜ւնը: Էդ աշնանային խաղաղությո՜ւնը, պիտի լքեի, պիտի գայի, մեքենա չկար, ոտքով ճամփա ընկա... գույները, ծաղիկները վերջին անգամ էդ օրն եմ տեսել: Շա՜տ լաջվարդ ծաղիկներ էին, շատ կապույտ, շատ ծաղիկներ: Դանդաղ գալիս էի ու՝ Տե՜ր Աստված, էստեղ ավտո չուղարկես, ավտո չհանդիպի: Էդպես մի յոթ կիլոմետր ոտքով եկա, հետո ավտո գտնվեց, եկա-ընկա էս դժոխքը: Հերս ասում էր՝ մի՛ գնա, ի՜նչ գործ ունես, էդ քաղաքը քո տեղը չի: Ինքն էլ գեղամեջ չսիրող մարդ է, մեր տունն էլ անտառի մեջ էր, մեր այգու ծառերի կեսը վայրի կաղնիներ էին: Հերս գեղամեջը չէր սիրում, էդ աղմուկը, էդ ժողովը... ես էլ չէի սիրում: Ձեռքիս կիսատ գործը, որ գրում եմ, մի տարբերակի անունը «Գեղամեջ» էր: Առաջին ժխորը, որ հիշում եմ՝ հորս գրկին եմ, հացի հերթ է, ինչ-որ սպիտակ գլխարկ ու կատաղած աղմուկ: Ես հորս գրկին եմ ու շատ վախեցած եմ՝ շատ ժողովրդից, աղմուկից, էդ կանանցից, տղամարդկանցից, գեղամիջի աղմուկից, ու հիմա գետն ի վար գալիս եմ, ոչ մի մեքենա չկա, գետի վշշոցն է, տունս էստեղ է: Գյուղ էինք գնում. Սարոյանին ասացի. «Մնալու եմ էնտեղ»: Ասաց. «Հրա՜նտ, երեխեքը չեն թողնի»: Այդպես է, չկա վերադարձ»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն», 11.02.1995 թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Солнце Осени
Тигран Мансурян

Солнце Осени

Армянская семья
Армянская семья
Играть онлайн