Грант Матевосян

Ինքդ պիտի որոշես՝ Իշխանն ես, թե Ավետիքը

– Ինչո՞ւ է ժամանակը մեզ համար կանգ առած, ու վաղուց ի վեր: Էն, ինչը հրատապ էր, ենթադրենք, Խորենացու օրոք, այսօր էլ է հրատապ: Ու բոլոր մեր հիշած ու իմացած անհատներն էլ, փաստորեն, դառնում են մերը՝ մեր ժամանակակիցը...
– Իսկապես ժամանակակիցներ, արյունակիցներ, գաղափարակիցներ են դառնում՝ հայոց համար հավերժական մեկ խնդրում. ազգի փրկությունը պետականության մեջ են տեսնում: Այդ հիմնահարցն է նրանց մեծացնում մինչև գիգանտություն՝ Խորենացուց մինչև Աբովյան, Թումանյան, Չարենց: Այդ մի հարցն է բոլոր չափումների մեջ դառնում նրանց թուլությունը, հայ գրականության թուլությունը: Այլ ներսուզումների, այլ խորացումների փոխարեն պետականության հավերժական հարցն է ամեն տեղ: Պատ, որին մշտապես եկել, դեմ են առել մեր մեծ այրերը: Այսինքն՝ միաժամանակ նրանք անում էին այն, ինչ ռուս իրականությունը, ռուս կյանքը տարաբաշխել է իր երկու խոշոր մեծությունների՝ Պետրոս Մեծի և Մեծն Պուշկինի միջև: Մշակութային գիգանտացման համար ռուսական կյանքն ընտրել էր Պուշկինին, իսկ պետությունը առաջ մղելու խնդիրը տվել էր Պետրոսին: Այս իմաստով Թումանյանի մեջ Պետրոսը ու Պուշկինը միասին են՝ և՛ միմյանց թուլացնում են, և՛ միմյանց զորացնում են: Իմ Թումանյանը թիկունքում Պետրոս Մեծ չունենալով, ազգային հարցը կայսերաբար ստանձնելով՝ դարձրել է իր գրականության էությունը ու թուլությունը:
– Տասը տարի արդեն՝ պետականության խնդիրը կարծես թե լուծել ենք. հիմա ինչո՞ւ ենք Խորենացուց սկսած բարձրացված հարցերը արդիական համարում: Եթե լատինաամերիկյան գրականությունն իր ազգային խնդրից կարողացավ պոկվել՝ մետաֆիզիկայի ու միֆականացման դիմելով՝ մեր իրականության մեջ որևէ նոր բան ոչ գրելու, ոչ մտածելու չի մնացել: Ինչ գրված է՝ գրված է, ինչ մտածված է՝ մտածված է: Ու... Ոչինչ էլ արված չէ: Ավելին՝ նաև չի էլ արվում...
– Ինձ էլ է ցավ պատճառել, թե ինչո՞ւ Սալվադոր Դալին չառաջացավ Հայաստանում՝ իմ Սարյանի մեջ: Ուրիշների առնչությամբ՝ նույնը: Քանի անգամ հայ գեղագիտական միտքը մետաֆիզիկայի աշխարհին հարաբերվելով, բնազանցականին հարաբերվելով՝ ետ է քաշվել ազգային խնդրի պատճառով: Սարյանը, այո, մետաֆիզիկայի սահմաններում լինելով (իր հեքիաթների շրջանը հիշիր)՝ ետ քաշվեց, որպեսզի Հայաստանի գերբը պատկերի՝ ներդաշնակության և հոգածության խորհրդանիշը: Մարկեսի ու Դալիի աշխարհի հետ հարաբերվածները, հենց Չարենցը, վերադարձել են Հայաստանին, Հայրենիքին, հայոց պատմությանը՝ բանաստեղծին ներքաշել են պետական մտածողության մեջ:
– Գուցե անկախության և պետականության վերականգնմանը պատրաստ չէի՞նք: Ինչպես ասացիք, դարերով խմորումներ են եղել, դարերով մտածվել է, ու ամեն ինչ եկել, դեմ է առել նույն պատին, որը ոչ մի կերպ չի քանդվել, չի փլվել: Բայց տասը տարի առաջ, մեր կամոք թե անկախ մեզնից, պատը քանդվեց. ինչո՞ւ առաջքայլ չենք կարողանում անել ու մնում ենք հիմա արդեն անգո պատի նախկին տեղի դիմացը կանգնած: Իսկ գուցե մեզ համար հեշտ է եղել մտածելը, որ անընդհատ բախվելու ենք պատի. ու ոչ քանդելը, ոչ էլ դրանից հետոն ոչ միայն չենք մտածել, այլև չենք էլ տեսել: Չենք պատկերացրել: Կամ էլ մեր կարողությունը ընդամենը մինչև այդ պատն է բավականացրել:
– ...Մինչև հիմա արածներս ի՞նչ է եղել: Կորուստների և ձեռքբերումների հաշվեկշիռն արե՞լ ենք, թե՞ չենք արել:
Թե ի՞նչ է տարել, ի՞նչ է տվել անկախությունը:
Ընթացքն է վրիպած եղել:
– Ո՞վ պիտի աներ: Մենք անընդհատ ասում ենք՝ չենք արել, չենք արել... Ո՞վ էր անելու, ինչո՞ւ չի արել: 1988 թվականից հետո բոլոր հաջորդ իշխանությունները կրկնել են նախորդների սխալները և ավելացրել են սեփականը: Մենք ինչո՞վ ենք, օրինակ, լավը բաբելացիներից, ասորեստանցիներից, մյուսներից, որոնք կորանգնացին. գուցե մենք էլ ենք կորել, պարզապես դեռ չենք գիտակցում:
– Ի՞նչ էինք անելու, որ ասեինք՝ եղանք, կանք:
– Նախորդ երկրում կարողանում էինք միութենական էլ, համաշխարհային էլ ասպարեզ դուրս գալ. ինքնարտահայտվել կարողանում էինք, հիմա...
– Էն երկրում կայինք. ոչ շատ լավ, ոչ շատ վատ կայինք: Հիմա դարձյալ կլինենք, երբ հայտնվենք նոր երկրում՝ համաշխարհային ժողովրդավարության մեծ երկրում՝ որպես լիարժեք անդամներ, որպիսին էինք երեկվա երկրում:
– Բայց մենք ինչ-որ քայլ անո՞ւմ ենք, թե՞ նստած մտածում ենք՝ «Էրեխա վախտ Հիտլերը քարից ընկներ»՝ Հայաստանը Շվեյցարիա դառնա, Ճապոնիա դառնա, ու ոչինչ չենք անում, որ Հայաստանը գոնե Հայաստան դառնա:
– Չարենցին հիշո՞ւմ ես. «Նաիրյան հովվերգությունը»: Հիշեցնեմ.
Մի անգամ մտա թանգարանը մեր հեղափոխական.
Նստած էր այնտեղ վարիչը և դինջ զրույց էր անում
Մի շատ անվանի խմբապետի հետ:– Երբ դուրս եկա ես–
Գնա՛,– ասացի իմ բարեկամին,– մտի՛ր թանգարան.
Հեղափոխական մեր թանգարանում անվրդով նստած
Զրույց են անում Դանը նաիրյան և քեռի Մախնոն:–
Մի անգամ, այսպես, հիշեցի, և ինձ հարցրին, թե այդ ո՞վ է նաիրյան Դանը: Ես մինչև հիմա էլ չգիտեմ՝ ո՞վ է եղել նաիրյան Դանը: Իսկապես իր պատմության առջև տգետ սերունդ է եկել, իր պատմությունը չիմացող սերունդ, որ ծարավի չէ ոչ գիտության, ոչ աշխարհի իմացության: Ու այս տգիտության պայմաններում չի կարող ջատագովը լինել որևէ ընթացքային գաղափարի:
– Իսկ մենք ընդհանրապես պատմություն ասածն ունե՞նք: Թե՞ ով ոնց պատահի...
– Պատմությունը իբրև կայսրերի ու ազգային պետությունների զարգացման տարեգրություն՝ չունենք: Գուցե մեր պատմությունն այնպես է ընթացել, որ չունենալով իր կաղապարը համաշխարհային պատմագիտական փորձի մեջ՝ գիտնականների ձեռքով չի կարողացել գրել իր պատմությունը: Պատմություն, իհարկե, ունեցել ենք՝ ամիրաները, օտար կայսերական պալատներում քո որդիների ծառայությունները, բարեգործությունները, կրոնիդ ու մշակույթիդ պատմությունը, գաղութիդ պատմությունը, գաղթերիդ պատմությունը: Սա էլ է պատմություն: Իսկ ինչպե՞ս է, որ հրեաների անկման ու վերածննդի պատմությունը դառնում է պատմություն ու Աստվածաշունչ:
– Հրեաների պատմությունը հստակ է՝ միշտ առաջնորդվել է մի նպատակով, մերը հակասությունների կծիկ է, թեկուզ 20-րդ դարի 20-ական թթ.՝ թվերի մեջ իրենց-իրենց խաղ են անում ու...
– Իրենց մի ասա՝ իրենք չկա, մենք ենք, մենք բոլորս ենք:
– Լավ, մեր 20 թ. մայիսյան դեպքերը ապստամբությո՞ւն, թե՞ խռովություն էին: Նույնը 1921 թ. փետրվարին՝ ապստամբությո՞ւն, թե՞ խռովություն էր: Մինչև չիմանաս, ի՞նչ դաս ես քաղելու: Ախր ապստամբության դասն ուրիշ է, խռովության դասն՝ ուրիշ: Մենք շատ ենք նեղացրել մեր պատմությունը, և ամեն մեկս մեր դիտանկյունից նայելով, ինչ տեսնում ենք՝ դարաշրջանի ու իրադարձության գնահատական ենք դարձնում:
– Մայիսյանը իմ տպավորությամբ ապստամբություն էր, որը, ցավոք, չհաղթեց: Պատանի օրերիս «դաշմոլի» հպարտություն էի ապրում, որ Սեպուհը 600 մաուզերիստով Ալեքպոլի 2000-նոց կայազորը հպատակեցրեց, որտեղ ապագա մարշալ Բաղրամյանն էլ կար: Ցավալիորեն, բայց ապստամբությունը չի հաջողվել, թե չէ Կարսը, Արդահանը մերը կլինեին, Նախիջևանն էլ: Ապստամբության տապալումից հետո Հայաստանը Մոսկվայի աչքում դիտվեց որպես նացիոնալիստական երկիր, ինչպիսին էր ցարի ժամանակ իր անկախության նկրտումներով, և պատժվեց՝ տարածքներ կորցրեց:
– Բայց Ռուսաստանը ինքն իրեն էլ էր պատժում...
– Ինչո՞վ:
– Հայաստանը Ռուսաստանի մասն էր, չէ՞, մեր տարածքի կորուստը իր տարածքի կորուստն էլ էր:
– Նրա՜ն ինչ: Նա Հայաստանից կորցնում էր, Ադրբեջանից գտնում էր, Արևելքի համակրանքն էլ շահելու համար Թուրքիայի պես դաշնակից էր ձեռք բերում: Այդպես չէ՞:
– Երևի, բայց ինչո՞ւ մենք մեր երկրի ու մեր կյանքի ամեն հինգ տարին նվիրում ենք նախորդ տասը տարին ջնջելուն:
– Ես այդ ջնջողներից չեմ, ես գրողի իմ սկզբունքն ունեմ՝ ինչ ծնել է մայր Հայաստանը, իմ որդիներն են, ես տեր եմ ամենքին:
– Բայց գերիշխողը հասարակական-քաղաքական մտածողությունն է, որ ամեն նախորդ իշխանության անվանում է նախկին հանցավոր ռեժիմ...
– Դա հույժ կուսակցականացվածությունից է: Որպեսզի իրենց գործը հեշտացնեն, վերցնում են մեծ ամբողջի մի չնչին մասը և սքանչելիորեն հաղթահարում են. իրենց հոդվածը կամ գրվածքը կամ էլ իշխանության մի կարճ օրը գլուխ է գալիս, իսկ մեծ պատմությունը տապալվում է:
Առաջին խորհրդարանի ժամանակից կար կլոր սեղանի ճանապարհը. առաջին հանրապետությունը կործանվեց մեր կուսակցականացվածության պատճառով, երրորդի թուլությունը նույնպես կուսակցականացվածությունն է: Պիտի հաղթահարենք կուսակցական էգոիզմը:
– Ինչո՞ւ չի լսվում Ձեր ձայնը, ինչո՞ւ օրը մի կուսակցություն է ստեղծվում և նոր ոչինչ չի ավելացնում եղածին:
– Մաքիավելին էր ասում. «Հասարակությունները սիրում են, երբ մեծագույն և ամենամարդկային գաղափարներն անգամ իրենց պարտադրվում են բռնությամբ»: Մովսեսը բռնությամբ էր Աստծո խոսքը պարտադրում իր ժողովրդին:
– Ինչո՞ւ այդ «բռնությանը» պետությունը չի դիմում: Երբ մենք 6–7 տարեկան ենք, ուսման ծարավից, «գիտության գրանիտը» կրծելու տենչից չենք տոչորվում, մեր ծնողներն են մեզ տանում դպրոց ու մինչև եսիմ ո՛ր դասարան՝ ստիպելով դաս են սովորեցնում: Ինչո՞ւ իշխանությունը ծնողի դերը չի ստանձնում իր ժողովրդի նկատմամբ:
– Մենք ծարավի չենք ոչնչի: Ադրբեջանցի երիտասարդ գրողը գրականություն մտնելու հետ վեր էր կացել ճանապարհ ընկել, հասել Վոլոգդա՝ Վասիլի Բելովին էր տեսնելու, գնացել էր Իրկուտսկ՝ Ռասպուտինին էր գտել, Երևան էր եկել ինձ հետ ծանոթանալու: Ծարավի էր ճանաչել՝ ի՞նչ աշխարհում է ապրում, ո՞ւր է մտնում: Թռչունի պես որոշել էր տնտղել ու ճանաչել այն երկնքի սահմանները, որտեղ թևելու էր:
Մեզնից երևի թե վաղ զարթոնքի շրջանի տղաներն էին այդպես ծարավի՝ եվրոպական համալսարաններ են գնացել Նիկոլ Աղբալյանը, բժիշկներ, պատմաբաններ, տնտեսագետներ, Շանթը՝ հետաբովյանական սերունդը: Մենք ծարավի ժողովուրդ չենք: Նրանցից հետո տգետ, նեղմիտ մտավորականություն է առաջացել: Ազգայնականությունն ու «եղեռնը» քաղաքացիական խիզախության և իմացականության աստիճան էին համարվում, երբ ինքնին ոչինչ չեն նշանակում...
– Իսկ գուցե մենք ինքներս մեզ հետ լեզու չե՞նք գտնում:
– Տրվում եմ այն հույսին, որ պատվախնդրություն կա ազգերի ու ժամանակների մեջ, և չենք թողնի, որ մեր երկիրն ու ժամանակը մեզնից հետո անապատ մնա:
– Գուցե, բայց ետ-ետ ենք գնում: Իսկ եթե ինքներս մեր գլխու ապրել չե՞նք կարողանում. իսկ եթե մեզ ինչ-որ մեկի սապոգն է պետք, Մոսկվա է պետք, Տիզբոն կամ էլ գուցե՝ Վաշինգտոն: Կամ գոնե՝ Նյու Յորք:
– Դա նույնպես ճանապարհ է, բայց մի ասա՝ սապոգ: Սապոգի ժամանակ մեծ երկրում էինք ապրում, հիմա պիտի դառնանք մեծ աշխարհի մի մասը:
– Էդ ո՞նց: Արժեքային համակարգ չկա. բոլոր չափանիշները կորչում են, ամեն ինչ էլ նույնն է՝ մի հաշիվ: Ով ինչ ուզում խոսում է, ով ինչ ուզում՝ անում: Ոչ չափ կա, ոչ կշիռ, ոչ գնահատական...
– Մի ռուս գրող մի պատմվածք էր տպել 60-ական թթ.՝ «Վիրունին»: Հեղափոխություն, ոջիլ, ՆԷՊ, սպիտակ գվարդիա, հալածանքներ, կարմիրների հաղթանակ՝ Սև ծովից Հարավային Կովկաս ու ավելի հեռու: Ամբողջ դասարանով նշանավորվել են որպես զինվոր ու հրամանատար, հերոս, իսկ տղաներից մեկը մեջտեղում չի երևացել: Դեռ դպրոցում մի քիչ տարօրինակ է եղել՝ հավերժական շարժիչ էր ուզում ստեղծել: Ու պատերազմից հետո գնում-տեսնում են՝ իր Տամբովի մարզի մի գյուղի մարագում հավերժական շարժիչ է շինել:
Հույս ունենանք, որ մեզնից որևէ մեկը հավերժական շարժիչ է սարքում իր մարագում:
– Գրականության մեջ հնարավոր է. գեղեցիկ է, տպավորիչ է, իդեալ է տալիս, իսկ կյանքում ոչ մի հավերժական շարժիչ, ինչպես համոզվել ենք, իսկի էլ չի շինվում, որովհետև դա պարզապես հնարավոր չէ... Փոխարենը սերունդ ենք կորցնում նույն այդ շարժիչի որոնումներում: Կամ էլ լրիվ դատարկ տեղը:
– Սերունդը, այո, կորցրեցինք:
– Շղթան, ուրեմն, ո՞նց ենք կապելու:
– Էդ ի՞նչն է կապվել, որ դա կապվի:
– Վաղվա օր ունենալու համար այսօր պիտի կապենք այդ օղակները: Երեք հարց գոնե այսօր պիտի լուծենք:
– Որո՞նք են այդ հարցերը:
– Էս հողատարածքը երկիր, պետություն ու Հայրենիք դարձնենք, Ղարաբաղի խնդիրը լուծենք, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտենք: Սրանցից ո՞ր մեկը գոնե ուրվագծվող պատասխան ունի: Արատավոր շրջան է դառնում, քանի դեռ այս հարցերը լուծված չեն, չգիտես՝ մշակույթդ ի՞նչ է լինելու, արդյունաբերությունդ ի՞նչ է լինելու, գյուղատնտեսությունդ ի՞նչ է լինելու... Ոչ մի հարց լուծել չենք կարողանում, որովհետև Ղարաբաղի հարցը չենք լուծել, Ղարաբաղի հարցն էլ չենք լուծում, որովհետև օրեցօր թուլացող երկիր ենք ու մեկը մյուսով պայմանավորված՝ նահանջ ենք ապրում, վերջն էլ չի երևում:
– Ոչ մի դեպքում Ղարաբաղը չի կարելի տալ:
– Ոչ տալիս ենք, ոչ վերցնում ենք... Ոչ էլ կարողանում ենք նույն վիճակում թողնել: Առաջին դեմք էլ չունես...
– Այո, առաջին դեմք չունես: Յուրաքանչյուրը կարող էր առաջին դեմք լինել, եթե իրեն առաջին դեմքի իրավունք տար:
– Ինչո՞ւ չի տալիս:
– Իրեն արդար ու իրավատեր չի տեսնում:
– Բա էդ դեպքում մեր տարբեր հոխորտանքներն ինչի համար են:
– Դու պատկերացրու, որ ազգդ երազ էլ չունենա, ռոմանտիկա չունենա, հիշողություն չունենա... ի՞նչ ես անելու:
– Երազը, ռոմանտիկան, հիշողությունը պիտի հիմքում գոնե ինչ-որ ուժ, ինչ-որ արժեք ունենան, որ կարողանաս այլոց հետ հավասարը հավասարի պես խոսել... Թույլին ո՞վ է ինչ տվել, ո՞վ է բանի տեղ դրել: 1700-ամյակ տոնող ժողովուրդ ենք, բայց իսկի սկսնակ քրիստոնյա էլ չենք:
– Իսկ ո՞վ է այդ խոր քրիստոնյան աշխարհիս քո բոլոր ազգերի մեջ:
– Չգիտեմ, բայց որ մենք չենք՝ էդ հաստատ է...
– Ծանր տնտեսական-քաղաքական պայքարից դուրս ենք եկել պարտված և դարձյալ նույն կանոններն են պարտադրվում՝ մրցակցությանը դիմանալու. բանվորդ՝ բանվորին, առևտրականդ՝ առևտրականին, գրողդ՝ գրողին: Պիտի դիմանանք:
– Այդ մրցակցությանը դիմանալու համար առաջին հերթին ոգի է պետք, չէ՞: Ես պիտի տեսնեմ, հասկանամ իմ վաղվա օրը, որ այսօրը էդ հանգով ապրեմ՝ վաղը նախապատրաստելով: Եթե անկախությանը գիտակցված գնացած չլինեինք, հանրաքվեին ազգովի մասնակցած չլինեինք, երեք-չորս տարի ցրտին, սովին, մթին, պատերազմին հազիվ թե դիմանայինք: Էդ ոգին էր, չէ՞, որ ոչ միայն գոյատևում ապահովեց, այլև հաղթանակ...
– Անհնար է ետ դառնալ, ուղղակի անհնար է:
– Ազգովին անտարբեր ենք, իներտ կամ էլ հատվածական՝ ինչ-քան ուզում ես մաքուր եղիր, ճահճի մեջ նվազագույնը տիղմահոտը որ կպչելու է: Փրկությունը ո՞րն է:
– Փրկությունը... Մեր վիճակն իհարկե վիճակ չի, բայց թշնամին էլ մի բան չի: Տեղ երկնքի տակ երկուսիս համար էլ կա:
– Հույսներս էլի՞ ուրիշների վրա դնենք...
– Քանի՞ տարի ես ուրիշի դրոշի ետևից գնացել. տասը տարի առաջ իրար հանդիպելիս ի՞նչ էինք խոսում՝ ո՞ր երկրում ես եղել: Քո Աստվածը որտե՞ղ էր, ո՞ւր էիր ուխտագնացության գնում: Պարիսպները քանդելուց հետո ուխտագնացությունն էլի շարունակվում է:
– Այն ժամանակ թունելի ծայրի լույսի հույսով ապրում էինք, հիմա ոչ միայն լույսը, իսկի թունելն էլ չի երևում: Գուցե ինչ-որ գաղափա՞ր է պետք գտնել...
– Գաղափար գտնելու կարիք չկա, ի՞նչ գաղափար: Քո հեռուստացույց սարքողը ճապոնացու նման հեռուստացույց պիտի սարքի, քո մեքենա սարքողը գերմանացու նման մեքենա պիտի սարքի, շուկայից պիտի նրան դուրս մղես, քո դրամը եվրոպական խնամված–գուրգուրված դրամին հավասար պարտավոր է հաց տալ: Ի՞նչ գաղափար:
– Ինչո՞ւ իմ դրամը ինձ հաց չի տալիս:
– Մենք անընդհատ օրիորդաբար ուզում ենք դուր գալ որևէ մեկին՝ Եվրոպայում թե Ամերիկայում: Երբեք էլ բարձրաքիթ մեր ընթացքը առաջ չենք տարել, մեր անելիքը չենք արել, մեզ դուր չենք եկել:
– Ինչո՞ւ:
– Ես իմ խոսքով եմ գնալու, իմ երթով եմ գնալու, իմ բանակն եմ ունենալու: Էդ քայլերը արեցինք ու տեսանք՝ ինչ ստացվեց: Հոկտեմբերի 27-ով պատժեցին: Սա գուցե վախեցրեց մեր մյուս պաշտոնյաներին, գուցե ոչ ուղիղ խոսքով, բայց լավ էլ հուշվեց՝ ինչ պիտի անենք: Այս դեպքում իմ ազգի առաջնորդները շատ վեհերոտ են լինում, եթե անսում են հրամայական ձայներին և պահում են իրենց ի հաճույս նրանց, ովքեր մեր երկնքի տերերն են:
– Բայց կարելի է, չէ՞, գտնել մեր և մեր երկնքի տերերի ընդհանրությունը: Գոնե շահերի շփման կետերը:
– Շատ դժվար է: Եթե անգամ բնական գիտությունների մեջ 2 անգամ 2-ի պատասխանը չորս է, այս դեպքում տիեզերական օրենքներով չգիտես ինչ է: Միասնական պատասխան գտնելը շատ դժվար է:
– Որովհետև չի գտնվել պատասխանատվության ու իշխանության հարաբերակցությունը. ինչո՞ւ մի կողմ չի դրվում եսը՝ հանուն մենքի:
– Երկրին թագավոր ու թագավորին կամք է հարկավոր՝ արքա և արքայական կամք:
– Ունենալո՞ւ ենք:
– Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես ինձ կդնեմ այս երկրի յուրաքանչյուր իշխանավորի ենթակայության տակ, եթե այդ ենթակայությունը կառաջացնի միություն ու պատկառանք մեր նկատմամբ՝ ուրիշ ժողովուրդների ու ցեղերի մեջ: Վազգեն Սարգսյանն այդ ճանապարհին էր և այդ պատճառով առաջ գնալ չթողեցին:
– Հիմա ինչո՞ւ են վարկաբեկում, արդեն հանգուցյալ է՝ անվտանգ...
– Դա զարհուրանք է: Ես իմ խոսքը պահում եմ, որ երբևէ լրջորեն անդրադառնամ այդ վարկաբեկումին:
– Ինչո՞ւ երբևէ: Ինչո՞ւ ոչ հիմա: Հիմա եթե չկասեցնենք, Վազգենի, Դեմիրճյանի, մյուսների համար՝ ոչինչ, մենք մեր ոտքի տակի հողն ենք հանում, երկրի հողը:
– Հեգնանքի արժանացա, երբ առաջինը լինելով ասացի, որ պատմական հեռուներում Վարդան Զորավար տեսնելն ավելի հեշտ է, քան կողքիդ՝ կենդանի Սպարապետ: 100 տարվա ու 1000 տարվա հեռուներում Աստված գտնելը հեշտ է, բայց ծնողիդ մեջ Մարիամ Աստվածածին տես ու եղբորդ մեջ՝ քո մսից ու արյունից, տես քո Սպարապետին:
– Վախից են հեգնել: Ուժից վախենում են, իսկ հեռավորներն ու հանգուցյալները անվտանգ են: Ապրող ուժեղներն անկառավարելի են ու վտանգավոր: Ու ոչ միայն Ձեզնից ու Ձեր ասածից են վախեցել, այլև Ձեր ասածի իրականացումից:
– ...Այո, սրբացրու ու ենթարկվիր, հետո՝ ոչնչացրու... Շատ տարօրինակ, մահահոտ խաղաղություն է դա բերում:
– Քաղաքականության լեզվով կոչվում է կայունություն:
– Սադափի պես ավարտուն, փայլփլուն ու մեռած կայունություն, որից ոչինչ չի ծնվում, որը մահն ինքն է: Մահվան գույնով ու մեռյալ կարծրությամբ:
– Հարցազրույցներից մեկում ասել էիք՝ «Մենք ո՞վ ենք, որ հոկտեմբերի 27 բացահայտենք»: Հիմա՞ էլ եք այդպես կարծում:
– Ասել եմ և ասում եմ՝ հիշելով, թե ովքեր են հոկտեմբերի 27-ի դատավարությունը տնօրինում:
– Բա ո՞նց ենք անելու...
– Գրականությունն ու պատմությունն ինքը այնքան գեղեցիկ ու բարձր հատկանիշներ են բացահայտել ազգիդ անցած ու ներկա հազար-հազարների մեջ...
Տես ժողովրդիդ, ապավինիր այդ հատկանիշներին և դիտարկիր դրանք ուրիշների համապատկերին:
– Ձեր գրականության հիմնական հերոսը Տերն է, առանցքը՝ Տիրոջ գաղափարը...
– Տերը մեր մեջ է, մեր կողքին, պիտի չթողնենք, որ քանդի:
– ...Իսկ ի՞նչ պիտի անենք, որ ոչ թե քանդի, այլ կառուցի:
– Իր մեջ պիտի կառուցող տեսնենք: Այրականություն տեսնենք: Հող ու հաղթանակ: Գեղեցկության ձգտում: Ուժ տեսնենք, որին ապավինած՝ հեղձուկը հաղթահարում ու չենք խեղդվում:
– Ձեր լավատեսության հիմքը իրակա՞ն է, թե՞...
– Հայեցակարգի խնդիր է:
Ամբողջ Ուկրաինայի, Զապորոժյան Սեչի կազակության թևերը Պետրոսը կապեց, հյուսիս քշեց՝ նոր նվաճված ճահիճներում Պետերբուրգ կանգնեցնելու: Սահմանները փակեց, որ Ռուսաստան ապրանք չներմուծվի, որ ռուս մուժիկն ինքն աշխատի: Դա տղամարդու քայլ էր: Տղամարդու ռիսկ էր: Քո երկրում արա քո քայլը: Ուրիշի երթին մի խառնվիրգնա: Սեփական քո երթը ունեցիր: Մեր երթի գլխին մեր ձեռքով հյուսված մեր դրոշը չէր՝ ուրիշի երթի ետևից գնացինք: Ընթացքում տղամարդիկ հայտնվեցին, կարողացան առևտրի, խաբեության, պատերազմի դաշտում խորամիտ, նրբամիտ, խելացի, կամային, ռազմիկ լինել, բանակ սարքեցին, մեզ հետ հաշվի նստեցրին աշխարհին, մեր վարքը մեր ձիու պես մեր տակը քաշեցին ու ընթացք տվեցին, կարողացան նախանձ շարժել ու ծանր հատուցեցին:
Հատուցեցինք:
Բայց որ մի անգամ հնարավոր էր, էլի է հնարավոր: Հրաշամանուկ չէր: Մեր պատվախնդրությունը, մեր այրականությունը իրեն վերստին կգտնի: Ազգերն ու ժամանակները այդ պատվախնդրությունը, կրկնում եմ, ունեն, իրենցից հետո անապատ չեն թողնում:
– ...Իսկ արվեստը, մշակույթը, գրականությունը:
– Գրականությունը Քրիստոս է ստեղծում: Ղուկասը, Հովհաննեսը, Մատթեոսը, Մարկոսը Ավետարան էին գրում: Գիրքը ստեղծվեց և ամբողջ աշխարհը վերափոխեց: Խաչատուր Աբովյանը վերածնեց Խորենացու անցյալը, Վարդան Զորավարի: Ազգի անցյալը և ազգի հեռանկարը: Քո գրականությո՞ւնն ինչ է անում: Գրականությունը Րաֆֆին է, կարո՞ղ ես ուրանալ, Աբովյանն է, Թումանյանն է, Չարենցն է, ուրանալո՞ւ ես:
– Այսօ՞ր էլ նրանք են:
– Նրանք միշտ են: Այսօր մեծ անուններ չկան, բայց մի քիչ էլ մեզ նայենք՝ երեկ ինչո՞ւ կային ու այսօր չկան: Ինչո՞ւ Պարույր Սևակը երեկվա օրով Վարդան Զորավարից մեծ ներկայություն էր...
Այդուհանդերձ՝ եթե հրապարակը այսօր պարապ է, մեղքը ժամանակակիցներինը չէ, ժամանակինն է: 20-ական թթ. Չարենցը կայծակի պես ճայթեց և իրենով հրապարակը լցրեց, որովհետև թիկունքում համաշխարհային հեղափոխական–ժողովրդավարական շարժում կար: Ազգդ պատրաստ էր այդ ճայթյունին: Այսօրվա մեջ էլ պայծառ-լավ անուններ կան, ոչ շատ, բայց կան:
– Անցած տասը տարին ինչպե՞ս եք գնահատում:
– Ճակատագիր է: Եղանք և ուրիշը չէինք լինելու: Կատարվեց՝ ինչ կատարվելու էր:
Ի՞նչ ենք արել, որ չլինի:
Ինչը որ բացթողում եմ համարել, վերին զորությամբ կատարվել է մեր հարևան ազգերի մեջ և վերջացել ձախողումով: Չեչնիա է եղել, Վրաստան, Ադրբեջան, Հարավսլավիա...
Ինչ որ Լևոն Տեր-Պետրոսյանը արել կամ չի արել և վերջացել է այս իրավիճակով, այլ դեպքում վերջանալու էր ողբերգությամբ:
Ամբողջ ազգի համար և ինձ համար ահավոր կորուստ է Վանոյի բացակայությունը, Վազգենի մահը, մյուսների աղարտումը, աղավաղումը: Համազգային զորություն էին լինելու տիրական կայսեր գոյությամբ: Այսօրվա ներկաներն էլ աղարտված-աղավաղված են և ավելի բացակա՝ քան սպանված Վազգենը, արտաքսված Վանոն:
Առանց Ռուսաստանի ի՞նչ էր լինելու Պուշկինը, առանց տաճարի ի՞նչ էին լինելու զանգը կամ երգեհոնը...
Միմյանց համար զինվոր ու հրամանատար լինեինք. ի՜նչ գեղեցիկ էր լինելու մեր միությունը:
– Լավ, բա մեջներս վրեժ չպիտի՞ լինի, բռունցք չպիտի՞ լինի, որ անարդար հարվածը գոնե փոխադարձենք, չպիտի՞ էնպես անենք, որ գլխներիս խփելուց՝ իրենց ձեռքը ցավի, չպիտի՞ ատենք, կծենք, հիշողություն ու ցավ չպիտի՞ ունենանք: Մեր միջի աղտը, աղբը չպիտի՞ հանենք, պիտի հանդուրժե՞նք, ներե՞նք...
Ավետի՞քն ենք, թե՞ Իշխանը...
– Ավետիքն էլ, Իշխանն էլ մենք ենք: Մենք մեզ պիտի պաշտպանենք: Գոյությունն ատամներով են պաշտպանում: Թշնամուդ պատկառանքի՞ն, թե քամահրանքին ես տեր:
– Պատկառանքին:
– Ուրեմն ուժեղ եղիր, քոնը ուրիշին մի տուր:
Ինչքան տվեցիր, տանելու են: Տարան՝ ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են:
Հիմա դու որոշիր՝ Իշխանն ես, թե Ավետիքը...

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Հայացք Երևանից», N 4, 2001 թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Песня Айсоров
Георгий Гурджиев

Песня Айсоров

Утро в Севане
Утро в Севане
Играть онлайн