Грант Матевосян

Հայրենիքի իրական բովանդակությունը

- Մեր լինելության, գոյության անժխտելի պայմանն է լեզուն: Աշխարհի քարտեզի վրա ու երկրի հսկա տարածքում գրաված իրենց մի պստիկ տեղը, դարերի ճակատին գրած հայ ու Հայաստան անունը այս փոքրիկ հողն ու ժողովուրդը նվաճել են լեզվով: Լեզուն ապրելու ձև է, լեզուն աշխարհ է, սնունդ ու պայքարի միջոց, ինքնարտահայտման ու ինքնադրսևորման եղանակ:
- Ի՞նչ է լեզուն Ձեզ համար:
- Լեզուն հայրենիք է: Մտածվում, թե ինձ համար և որևէ գեղջկուհու համար տարբեր մոտեցումներ են պարտադրվում, թե լեզվի մեջ ես ինձ ուժեղ եմ զգում Վահան Տերյանի, Մովսես Խորենացու, էպոսի, գեղջկականի և մշակութայինի իմացությամբ, բայց նաև չի կարելի մոռանալ, որ լեզվի վայելքը ապրում է եթե ոչ ամբողջ ժողովուրդը, ապա գոնե շատերը, ովքեր լեզուն ընկալում են իբրև նվագ, թատրոն, իբրև խաղ, նկարչություն: Նրանց համար նույնպես լեզուն իրենց Վահան Տերյանի, Խորենացու մշակութային շերտերն ունի, իրենց համար նույնպես լեզուն հայրենիք է:
Լեզուն աշխարհ է: Բայց այսօրվա իմ վերաբերմունքը պիտի որ երեկվանից տարբեր լինի: Երեկվա Միության ժողովուրդների համատեղ կյանքի, լեզվի կորուստների ու նաև փոքր ազգերի լեզուների չքացման պայմաններում իմ խոսքը բոլորովին այլ երանգ էր առնում: Մարտականորեն էի տրամադրված լեզուն պաշտպանելու, իշխանություններին՝ դեպի լեզվական հայրենիք վերադառնալու, օտար և ռուսաց լեզվով դպրոցների շատացման պայմաններում դրանց լեզվական հայրենիք բերելու իմ ագրեսիվ կոչերով: Ես այդպես էի տրամադրված, հիմա այդպես չէ: Չնայած այն ժամանակ քաղաքացու վիճակս ավելի նպաստավոր էր, որոշակի պլատֆորմ կար, սովետական մեծ երկրի քաղաքացու կարգավիճակը ինձ ապահովում էր նաև ընդդիմադիր ուժ դառնալ և ինչ-որ բանի համար պայքարել, հիմա հիմքս մի քիչ խախուտ է: Կարծես Միության բերած ոչ կայունությունը կա, ոչ էլ իր վտանգը: Ի վերջո, լեզվական տարբեր մարզերի միությունն է ամբողջական լեզուն՝ վարչական, բանակի, գործարանային, փողոցային, տարբեր ժարգոններ: Ռազմական արդյունաբերություն չունես՝ ուրեմն չունես այդ մարզի բառամթերքը, գրասենյակներդ աշխատում են այլ լեզուներով՝ ուրեմն աղքատանում է ամբողջ լեզուդ: Նախանձելի է ինձ համար վրացիների, էստոնացիների միտումը՝ վրացացնել, էստոնացնել բոլոր մարզերը՝ ծանր մրցակցության պայմաններում: Խանդի պահեր էի ունենում: Մի փոքրաթիվ ազգ, ինչպիսին վրացիներն ու էստոնացիներն են, դեռ էն ժամանակ իրենցից ուժեր էին պոկում, նստեցնում և Ջոյս էին թարգմանել տալիս, համաշխարհային մշակույթի գագաթներ էին փորձում փոխադրել իրենց լեզվական փոքր տարածքներ: Նրանց մեջ ավելի ուժեղ էր այն գիտակցությունը, թե լեզվի կորուստը ցեղի կորուստն է: Այդ վտանգը մեզանում դեռ վերացած չէ: Այլ չափումներում է ապրում այսօր հայոց լեզուն, մտավորականությունը և ժողովուրդը: Լեզվով ապրում, լեզուն հարստացնում, այն գործառնության մեջ է դնում ազգի մի չնչին մասը: Մնացածը այլ գործի են և, փաստորեն, հայերենի որդիները չեն: Կհաջողվի՞ արդյոք մեր մտավորականությանը վերադարձի հրավեր անել դեպի գիրը, լեզուն, ինչպես դա արեց 1500-ամյա պատմության մեջ հայ հոգևորականության փոքր ջոկատը: Պահելով գրաբարը՝ նա, փաստորեն, եկեղեցու և լեզվի սահմաններում կարողացավ ազգին վերադարձի կոչ անել դեպի ինքը, դեպի լեզուն:
Մեր նախնյաց պես մերն էլ նույնն է լինելու, եթե կարողանանք այդ հրավերն անել: Ի սփյուռս աշխարհի շատերը ունենք, որ մեր մշակույթի ոլորտներում չեն: Սա մեր դժվար ժամանակներից է: Սակայն մտավորականության ամենամեծ ջոկատն այստեղ է: Ներուժն այստեղ է: Եթե այսօրվա պայմաններում Հայաստանը կարողանար դառնալ Մխիթարյան միաբանություն և չորս ծագերի վրա իր լույսը, գիրը հղեր...
Վտանգի տակ է մի մեծ մարզի՝ գյուղական լեզվի գոյությունը: Մի օր լուսահոգի Սահյանի տուն մտա, տեսնեմ քրտինքը ճակատին, շուրջը՝ թղթեր թափված, տեղն էլ երևի հարմար չէր, տնքալով, փնչալով նստած է: Հացի հետ կապված 500 բառ էր գրել՝ ակոս, լուծ, սամի, եզ, մղեղ, հասկ, ցանքս, կալ, էրան, հերանց գնալ, դեզ, ջաղաց, ալյուր, էդպես եկավ, եկավ... ու վերջում ասում է՝ էսօրվա երեխան էդքան բառի փոխարեն ընդամենը երկու բառ գիտի՝ կոպեկ և բուխանկա: Ահա թե աստվածաշնչային տեքստերից ինչքան է հեռանում հայ ընթերցողը, իրենից օտարելով գեղջկական, գյուղական, գյուղատնտեսական հայերենը: Բայց չէ՞ որ քրիստոնեությունը ծավալվել է ինչքան շուկայում, այնքան էլ գեղջկական միջավայրում: Եվ այնտեղի բառամթերքի մեծագույն մասը առնչվում է գյուղական աշխատանքին: Օտարվելով լեզվական այս մեծ շրջանից, իրենից օտարում է Աստվածաշնչի, միջնադարյան մշակույթի բերած լույսը: Եվ եթե ասենք, որ նաև միջնադարյան, համաշխարհային և մեր գրականությունը մեծիմասամբ հյուսված են դրանով, այդքանով ահա այդ գրականությունը դժվարամարս է դառնում և ծանոթագրություններ պահանջում:
- Լեզուն իր կենսագրությունն ունի, որ ստեղծում են նաև գրողները:
- Չի կարելի մոռանալ լեզվի կենսագրությունը: Տես, նույնիսկ Թումանյանը թուրքերենի նկատմամբ պուրիտանական վերաբերմունք չուներ, մաքրամոլ չէր լեզվի հանդեպ: Դե, ժողովուրդները միասին ապրել են, լեզուները խառնվել են, և ահա կազմվել է լեզվի կենսագրությունը: Տես, թե գրականության պատմությունը մեզ ինչ է սովորեցնում: Բոլոր գլուխգործոցներն առաջացան ժողովրդի կենդանի լեզվի վրա: Ապա հիշիր Աբովյանի «Վերքը», Սունդուկյանի տիտանական ներկայությունը՝ Թիֆլիսի համով-հոտով լեզվով: Մյուս կողմից էլ՝ մաքրակրոններն ինչ են արել: Կա, պոեզիայում դա կարծես թե ստացվում է: Կարճ շնչառության գործերում մաքուր լեզուն կայանում է. Վարուժանը, Մեծարենցը, Տերյանը...
- Իսկ լեզվի երկփեղկումը... Արևմտահայերենի և արևելահայերենի միջև առաջացած վիհը որքան էլ անհրաժեշտաբար առաջացած իրողություն է, բայց և այնպես կլլեց, տարավ շատ գույներ:
- Լինելու է մեծ, միասնական հայոց լեզու՝ արևելահայերենի հիմքով: Արևելահայերենն է, որ, այնուամենայնիվ, պահելու է հիշողությունը գրաբարի և բարբառների մասին, պահելու է արևմտահայ մշակույթը: Սփյուռքի մեր հայ եղբայրներին հասկանում եմ: Նրանք գիտեն, որ լեզուն աշխարհ է, որ չի կարելի հեղինակին իր լեզվից հանել, ինչպես և չի կարելի մի լեզվից առանց կորուստների փոխադրել այլ լեզու: Թեկուզ համաշխարհային որևէ հեղինակի, ասենք՝ Շեքսպիրին, բերել հայերեն և կորուստներ չունենալ, Պուշկինին բերել հայերեն և կորուստներ չունենալ, Թումանյանին՝ հայերենից հանել, Սունդուկյանին՝ իր բարբառից: Այնուամենայնիվ, ճանապարհը սա է: Արևելահայերենը իր մեջ պիտի ներառի ստեղծված մնայուն արժեքները: Մեծերը, տիտաններն են օրենքներ դառնում, տարտամ մշուշը իրենք են կերպարանքի բերում: Փափազյանն արեց, չէ՞, փայլուն ձուլման օրինակը տվեց: Գյոթեն արեց, չէ՞, միասնական գերմաներեն ստեղծեց, Բիսմարկն ու Գյոթեն արեցին, չէ՞: Պուշկինը փախչող, կորչող բարբառների Ռուսաստանը բերեց ռուսաց լեզու: Մի գեղեցիկ բան հիշեցի՝ մեծ Ֆիրդուսու արտահայտությունը. «Երեսնամյա ջանքով պարսկերենով ես կենդանացրի Պարսկաստանը»: Առանց Տերյանի, Թումանյանի, Մեծարենցի Հայաստան չէր լինելու, էդպես է, հայրենիքի իրական բովանդակությունը իրենք են բերել:
- Ո՞րն է Ձեզ համար բառի արժեքը: Ի՞նչ կշիռ ու չափում ունի բառը Ձեզ համար:
- Երբ դեռ զգայուն էի, հեղինակն ինձ համար բացահայտվում էր առաջին, երկրորդ, երրորդ էջում: Մեկ էլ տեսնում էի՝ էջը արթնացավ այսինչ գտած բառի շնորհիվ: Բառը առարկայի վրա ճիշտ տեղավորվում էր, ու... առարկան, շարժումը, մակդիրը, իրականությունը, միտքը էջից հառնում էին, և տեքստը առաջանում էր որպես այդպիսին: Հիշիր, թե քո Մահարուն ինչպես ես կարդացել: Մի քիչ մեռած, անկենդան տեքստ, քիչ հետո՝ առկայծում, կարծես կարճ միացում է լինում: Իրենը թումանյանական խաղաղ, հավասար ջերմությունը չի, ինքը կայծկլտումների, փայլատակումների հեղինակ է:
- Ուրիշ ո՞ւմ եք համարում բառերի հրավառության հեղինակ:
- Մուշեղն էր էդպիսին՝ Մուշեղ Գալշոյանը: Իր գաղտնիքն էր բառը: Նույն բառը ուրիշների տեքստերը չի փրկում: Չէ, չի փրկում: Այն ժամանակ Մուշեղին ասացի. «Ինչ մեծ ու գեղեցիկ շտեմարան ունես»: Սասնո բարբառը, էպոսը համաժողովրդական սիմվոլիկա է, գանձարան: Այ այդպես կարդում ես Մուշեղին՝ ոնց որ գանձարան մտած լինես: Բայց տես, որ ուրիշների համար դա չկա: Ահա, մեծերն են իրենց օրենքներն ստեղծում:
- Ձեր գրականության մեջ էլ է ճարճատում բառը: Որտեղի՞ց են ակունք առնում Ձեր լեզվի զգացողության կայծերը:
- Ի սկզբանե Մահարու, Բակունցի արձակի սերը ես ունեցա: Իմ պատանության տարիները նրանք փրկեցին, հայոց լեզվի տեքստեր տվեցին: Բայց արձակի խաղաղ պատումի ճանապարհը Զորյանն է: Վառվռուն գույների մակդիրներ չունի:
Գրական մեծությունների՝ Տերյանի, Թումանյանի, Չարենցի, Վարուժանի ներկայությունն ինձ մղեց դեպի գրականության լեզուն: Նրանցով հագենալուց հետո եղավ վերադարձը դեպի կենարար ակունքը:
- Չուզենալով համեմատել տասնամյակներ առաջվա պատկերի հետ, չեմ կարող չասել սակայն, որ այսօր մեր ժողովրդի մի ստվար զանգվածի շուրթերին մեր լեզուն հնչում է արևածաղկի չրթոցի անդուր սղոցումով: Կինոժապավենի ետ պտտվող կադրերի նման մեր սրբված ու մաքուր հայերենը գլորվել ընկել է դարակները, քուն մտել փակված գրքերի էջերում: Շուկայաշունչ քաղաքներն ու գյուղերը բռնկվել են գարեջրահոտ խոսքուզրույցով, վաճառակուլ փողոցներում խճճվել, քարկապ են ընկել մեր համով-հոտով լեզվի հնչյունները... Օտարածին բացիլի առաջացրած դողէրո՞ցք է, թե՞ աճպարարի խաղ:
- Էպոխա է փակվում, հումանիտարի էպոխան: Ոչ թե 70-ամյա կոմունիստական անցյալը, այլև մեր տեսողության սահմանների երկհարյուրամյա անցյալն է փակվում: Ի վերջո, իդեոլոգիկ հանրություն էր նաև ցարի Ռուսաստանը, կաթողիկոսի Հայաստանը: Գաղափարի ժամանակներ էին, որի բաղադրիչները էին նկարչությունը, երգը, թատրոնը, լեզուն, լեզուն... ցարից մինչև մուժիկ ժողովրդի երթը երթ էր դեպի հումանիզմի գաղափար և գեղեցկություն՝ ի հակակշիռ նոր շրջանի պրագմատների: Ահա այդ էպոխան է փակվում: Ծանր վիճակի առջև է կանգնած լեզուն իր բոլոր ատրիբուտներով: Հասարակական կյանքը իր բոլոր բաղադրամասերով կանգնած է փորձության առաջ: Բայց ինչ էլ որ լինի, ինքնապաշտպանության բնազդը մեզ մղելու է ինքնատարբերակման, ինքնապահպանության ճանապարհ: Էջմիածինը երբեք չդարձավ բյուզանդիոնական, երբեք չդարձավ մոսկովյան: Երեկ էր դա, չէ՞, դիմադրություն եղավ, ինքնագիտակցությունը խոսեց. ես պետք է ունենամ իմ ազգային կրոնը: Այդպես էլ այսօր է: Բացվելու է ինքնատարբերակման ուղին՝ իմ տառը քո տառից տգեղ չի լինելու, իմ բանաստեղծությունը քոնից լավն է լինելու: Վիճակն այս է, ուղին այս է: Մեր ժամանակներում ետ մնալով, մեր ժամանակներ շուտ մտած ազգերին ուսուցիչ անելով, այդուհանդերձ, նրանց «դավաճանելու» ենք: Մենք նրանց երթի մեջ չենք: «Կդավաճանենք», ինչպես միշտ ենք արել, միշտ չենք ձուլվի: Վերադարձ է լինելու ինքներս մեզ:
- Դուք ասում եք, մենք էլ ենք ասում՝ լեզուն հայրենիք է: Այսօր բոլորս գիտենք, որ իրավացի թե հանիրավի՝ շատերն են լքում հայրենիքը: Ասել է թե՝ լեզուն ենք լքում: Մեռնո՞ւմ է նրանց հոգում ու մաշկի տակ լեզվի՝ իրենցը լինելու զգացողությունը:
- Անշուշտ: Ինչքան դպրոցն է ինձ հայերեն սովորեցրել, այդքան էլ մեր տունն ու փողոցը: Օտար միջավայրում նա աղքատանալու է: Մեր մշակութային կենտրոնը, մեր Սուրբ Ղազարը Հայաստանն է լինելու: Որովհետև այստեղ է ազգի գլուխը:
- Իսկ ճակատագրով ուրիշ հողում ծնված-մեծացածինը ինչ է, ո՞րն է նրա լեզվահայրենիքը:
- Լեզվի պարտադրանքը, դիկտատը կա: Սարոյանը, այդուհանդերձ, ամերիկերենի, անգլերենի որդին է: Ամերիկացի գրողները անգլերենի դեմ կռվում էին, որովհետև գիտեին, որ անգլերենով ստեղծվող մշակույթը չի մտնում ամերիկյան կյանք, ամերիկյան կյանքից չի արտացոլվում: Ուզում էին ստեղծել իրենց՝ ամերիկյան անգլերենը:
Մեր լեզվի իմպերատիվը այստեղ մեզ պարտադրելու է իրական հայ մշակույթ, հայ մշակույթի հայրենիք, դեպի որն էլ եկողներ ու ձգտողներ կլինեն օտարացումներից:

Հարցազրույցը վարեց Վարդանուշ ԹՈՐՈՍՅԱՆԸ
«Հայություն», N 6, 1996 թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Вагаршапат
Комитас

Вагаршапат