Оганес Шираз
Մասիսն ի վեր
Երբ օրոցում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,
Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա,
Ա՜խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վե՜ր,
Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա:
Ա՜խ, ասացին ճամփա չըկա քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Մենակ դու չես սիրտ իմ կարոտ, աչքդ հառել Մասիսն ի վեր,
Ժողովուրդս է ձգտել հավերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս:
Միթե՞ իրավ անհաս ես դու, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր,
Միթե՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,
Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս,
Ա՜խ, միթե՞ չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր:
Ս՜խ, չէ՛, նա է հույսիս ճամփան՝ քարերն ի վե՛ր, ի վեր Մասիս,
Թո՛ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կըտանեմ սիրտս վիրավոր որպես դրոշ Մասիսն ի վեր,
Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս: