Григ

Փոքրիկ, մոխրագույն ճամպրուկ

Մարդիկ, ովքեր հաճախ են քայլում Երևանի փողոցներով, անկասկած հանդիպած կլինեն նրան. միջին հասակի տղամարդ էր՝ ո՛չ գեր, ո՛չ նիհար, արևից թխացած ճաղատով ու մոխրագույն, միշտ անհանգիստ աչքերով: Նրան կարելի էր հեռվից հեռու ճանաչել իր հագուկապից. միշտ միևնույն շորերն էին հագին՝ հանգուցյալ հոր հնացած տաբատն ու մուգ պիջակը, որն ի տարբերություն տաբատի՝ բավական լավ էր պահպանվել: Ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե ով էր նա և ինչ էր անունը: Նրա մասին հայտնի էր միայն, որ միշտ կեսօրից հետո իր փոքրիկ, մոխրագույն ճամպրուկը ձեռքին ժամերով միայնակ շրջում է Երևանի փողոցներով ու հայացքը գետնից չի բարձրացնում, կարծես ինչ-որ բան է փնտրում, ինչ-որ շատ կարևոր, շատ թանկ բան:

Նա փակեց բնակարանի դուռն ու ձեռքը բազրիքին՝ սկսեց անշտապ իջնել աստիճաններով: Օրը լուսավոր էր, մի տեսակ անբացատրելի ու չպատճառաբանված բարություն էր թրթռում օդում: Բարձրանալով երթուղային՝ շտապ տեղավորվեց պատուհանի մոտ և ճամպրուկից թուղթ ու մատիտ հանելով՝ դուրս նայեց. հոնքերը խոժոռվել էին, աչքերը լարվել, կարծես շատ կարևոր գործ էր անում պատուհանից այդպես նայելով, կարծես վախենում էր, որ ինչ-որ բան կվրիպի հայացքից, ինչ-որ բան բաց կթողնի: Սկսեց նշումներ կատարել թղթերի վրա, մատիտն անփութորեն սահելով՝ անճոռնի, անընթեռնելի հետքեր էր թողնում, նա հայացքը չէր կտրում պատուհանից, միայն մեկ-մեկ շրջվում, զայրացած նայում էր վարորդի թիկունքին, հետո փնթփնթում քթի տակ և նորից շարունակում դուրս նայել: Երթուղայինում գտնվող մարդիկ երբեմն հայացք էին գցում պատուհանին՝ տեսնելու, թե ինչն է այդպես գրավել նրա ուշադրությունը, սակայն ոչ մի արտառոց բան չգտնելով՝ նորից կուչ էին գալիս մտքերի մեջ և շարժիչի բթացնող աղմուկի հետ շարունակում ընթացքը:

Իջնելով երթուղայինից՝ ճեմեց Աբովյան փողոցով՝ հայացքն ինչպես միշտ չբարձրացնելով գետնից. նրա ամենասիրելի փողոցներից էր, որովհետև միշտ մարդաշատ էր, որովհետև լավագույն քայլվածքներից շատերը հենց այդ փողոցում էր գտել: Արդեն շատ տարիներ էր, ինչ նա իր ամբողջ ժամանակն ու եռանդը վատնում էր տարօրինակ, չլսված զբաղմունքի վրա. մարդկանց քայլվածքներն էր ուսումնասիրում, հավաքում, դա մի աշխարհ էր, որը միայն իրեն էր պատկանում, ինքն էր ստեղծել, և ոչ ոք մուտք չուներ այնտեղ, իրենից բացի: Ամեն օր՝ կեսօրից հետո, ճամպրուկը ձեռքին՝ նա սկսում էր շրջել քաղաքով, անցնում էր փողոցից փողոց և հայացքը մարդկանց քայլվածքներից չպոկելով՝ համառորեն փորձում էր նոր՝ դեռ չհանդիպած քայլվածք գտնել: Մարդկանց ճանաչում էր քայլվածքից, հաճախ ինքն իրեն ժպտում էր, երբ տեսնում էր որևէ ծանոթ քայլվածք, նրա համար մարդիկ չկային, կային միայն քայլվածքներ, իսկ քայլվածքները բոլորն էլ տարբեր ու հետաքրքիր էին:

Անշտապ անցավ «Մոսկվա» կինոթատրոնի մոտով և քայլերն ուղղեց դեպի հրապարակ: Թվում էր՝ շուրջն այդքան մարդիկ կան, այդքան քայլվածքներ, սակայն այդ ամենն արդեն ձանձրալի էր, նա փնտրում էր նոր, չտեսնված քայլվածք, լավ չէր պատկերացնում, թե ինչ է փնտրում, սակայն համոզված էր՝ երբ տեսնի, անտարակույս կհասկանա, որ իր փնտրածն է: Հոգնելով՝ նստեց անկյունի նստարանին, անկեղծ ու մանկաբար զայրանալով անցորդների վրա, որ համառորեն իրենից թաքցնում են լավագույն քայլվածքները, բացեց ճամպրուկը, խնամքով հանեց իր անգին թղթերը, սկսեց աչքի անցկացնել: Այդ համարակալած թղթերը նրա զավակներն էին, կյանքի իմաստը, դրանց վրա էին լավագույն քայլվածքները, որ երբևէ հանդիպել էին: Հայացքը սահում էր միայն իրեն հասկանալի գծագրերի, բառերի վրայով և սիրտը սկսում էր խուտուտ տալ կրծքի տակ, քայլվածքները գալիս էին աչքերի առաջ, վերհիշում էր ամեն մանրուք, ամեն շարժում և անբացատրելի հաճույք ստանում: Քայլվածքները նկարագրված էին բառ առ բառ, ոչ մի շարժում չէր վրիպել նրա հայացքից, ահա դրանցից մեկը, որ գտել էր Չարենցի փողոցի մոտակայքում, ահա մեկ ուրիշը՝ Թումանյան փողոցից… Քայլվածքները տարբեր էին՝ չէին կրկնվում, և բոլորի համար նա ուներ իր բացատրությունը, յուրաքանչյուրը մարդկային ինչ-որ խառնվածք, գաղտնիք էր թաքցնում, և ինքը, միայն ինքը գիտեր բոլորի գաղտնիքները:

Փողոցներն արդեն վառել էին իրենց շեկ լույսերը, նա շրջել էր ամբողջ քաղաքով ու այդպես էլ չէր գտել փնտրածը, հիմա անշտապ քայլում էր կանգառի կողմը՝ շարունակելով հետևել քայլվածքներին, սակայն լապտերների լույսն արդեն սակավ էր, տեսողությունը սկսում էր դավաճանել, ստվերները խաբկանքներ էին ստեղծում, չէր հասցնում հետևել շարժումներին: Մի պահ մի քայլվածք ի վերջո գրավեց ուշադրությունը, տեսողությունը լարելով՝ կարողացավ որսալ, բաց չթողնել պահը, սակայն երկար նայելուց հետո քթի տակ «սարեցի է» փնթփնթալով՝ գլուխը հուսահատված շրջեց և շարունակեց քայլել: Դեռ վաղուց նկատել էր, որ գյուղից նոր եկած մարդիկ կամ, ինչպես ինքն էր ասում, սարեցիները, ոտքերը մի տեսակ առաջ նետելով են քայլում, շատ են առաջ նետում, իսկ քաղաքացիները կամ նրանք, ովքեր երկար ժամանակ են ապրում քաղաքում, ընդհակառակը՝ կարճ-կարճ և զգուշավոր են քայլում…

Կանգառի նստարանին նստած՝ սպասում էր երթուղայինին, մի քանիսն արդեն անցել ու չէին կանգնել, անսովոր չէր, հաճախ էր պատահում, որ հագուկապին նայելով՝ երթուղայինները նրան չտեսնելու էին տալիս… Հանկարծ աչքի պոչով անսովոր շարժում զգաց, նայեց գետնանցումի կողմը, սիրտը սկսեց արագ. խփել, մի՞թե... Տեսողությունը լարելով՝ փորձեց համոզվել, արդյոք հերթական անգամ չի՞ սխալվել... Ոչ, իր փնտրածն էր, այն քայլվածքը, որին երկար սպասել է: Արագ վեր կացավ և շտապող քայլվածքի ետևից նետվեց գետնանցում. վախենում էր, որ չի հասնի, որ տեսադաշտից բաց կթողնի, սակայն հասավ: Գետնանցումն անմարդ էր, կիսախավար, դիմացից մարմնով փոքր՝ քիչ առաջ ձգված, ընդգծված կոնքերի թույլ, հանդարտ շարժումներով սահում էր քայլվածքը. անպատասխանատվություն, թեթևամտություն կար այդ շարժումների մեջ, անբացատրելի հարազատություն էր զգում, թվում էր՝ այդ ամենն արդեն եղել է, թվում էր՝ քայլվածքը փորձում է ինչ-որ բան հուշել, ինչ-որ հին ու շատ տաք բան: Նա գրեթե վազում էր, ճգնում հասկանալ անբացատրելի հարազատությունը, հնարավորինս մոտիկից հետևել քայլվածքին, մտապահել ամեն շարժում, սակայն գնալով ավելի էր հեռանում, անտեսանելի ուժը իրեն ետ էր քաշում, մեծացնում էր իր ու քայլվածքի միջև եղած տարածությունը: Հանկարծ նկատեց՝ ինչ-որ բան փոխվում է՝ քայլքն արագանում է, կարմրավուն կոշիկները տագնապով թակում են գետինը, կտկտում են, կարծես վերջին հույսի ճիչեր լինեն, կարծես կոշիկները գնալով թեթևանում են, ուր որ է՝ ոտքերն ընդհանրապես կդադարեն հպվել գետնին, և քայլվածքը կթռչի, կբարձրանա թափանցիկ, չերևացող աստիճաններով:

– Ինձ մենակ մի՛ թող,– զգալով, որ քայլվածքը հեռանում է՝ անկախ իրենից բղավեց:

Քայլվածքը մեկ ակնթարթում վեր սահեց աստիճաններով և դուրս եկավ գետնանցումից. նա, ժողովելով ուժերը, շտապեց, թվում էր՝ երբ դուրս գա, արդեն շատ մոտ կլինի, կհասնի…

– Հանգի՛ստ թողեք, թե չէ կգոռամ...– դողացող ձայնով ասված խոսքերը նրան անշարժացրին, մեխեցին տեղում, ամենը ակնթարթորեն ցրվեց, ցնորքը սահեց աչքերից, և դիմացը կանգնած մնաց կարմրավուն կոշիկներով մի աղջիկ, որի սարսափից փայլող աչքերը փակուղի ընկած կենդանու հայացքով նայում էին իրեն:

– Ես...ես...– փորձեց ինչ-որ բան ասել, արդարանալ, սակայն չկարողանալով՝ շրջվեց և սկսեց արագ իջնել աստիճաններով. աչքերից չէր հեռանում քայլվածքը, լավ չէր հասկանում, թե ինչ կատարվեց, և ինչ էին նշանակում աղջկա՝ տագնապով լեցուն խոսքերը, այդ պահին դա երկրորդական էր. մտածում էր միայն իր նոր գտածոյի՝ նոր քայլվածքի մասին, պատկերացնում, թե ինչպես է համարակալում թուղթը, որի վրա նոր քայլվածքն է, և խնամքով դնում ճամպրուկի մեջ՝ այլ քայլվածքների կողքին (միշտ համարակալում էր թղթերը, որովհետև նրան թվում էր, թե անընդհատ պակասում են, հաճախ ճամպրուկից հանում էր բոլորը և խնամքով շարելով կողք կողքի՝ հաշվում. անվերջ կրկնվող այդ հաշվումները կարծես հանգստություն, թմրություն էին բերում նյարդերին, և կարճ ժամանակով իրեն կարևոր մարդ էր զգում):

Շրջվելով և համոզվելով, որ ետևից ոչ ոք չի գալիս, կանգ առավ և սկսեց անհագ կլանել գետնանցումի օդը. վախենում էր, չէր հասկանում ինչից, սակայն վախենում էր, իսկ երբ չվստահելով հիշողությանը՝ ցանկացավ նոր քայլվածքը հնարավորինս շուտ անցկացնել թղթի վրա, կարծես մեկը գլխում բղավեց՝ «ճամպրուկը...», և միայն այդ ժամանակ կռահեց, որ ճամպրուկը ձեռքին չէ: Ամբողջ մարմնով դող անցավ, սիրտը ծովից դուրս նետված ձկան պես սկսեց թպրտալ, կանգնել էր դատարկ գետնանցումի պատի տակ ու չէր կարողանում շարժվել, չէր հավատում, որ իրենից միշտ անբաժան ճամպրուկը ձեռքին չէ:

«Նստարանին եմ թողել»,– քթի տակ կրկնելով՝ իրեն կորցրած սկսեց վազել: Հիշում էր, որ մինչ քայլվածքը նկատելը, երբ կանգառում նստած էր՝ ճամպրուկը կողքին էր. համոզված էր, որ դեռ այնտեղ է, դեռ դրված է նստարանին... Սակայն երբ դուրս եկավ անցումից, կանգառը դատարկ գտավ. ճամպրուկը չկար: Չհավատալով աչքերին՝ մոտեցավ նստարանին, սկսեց շոշափել այն տեղը, որտեղ քիչ առաջ ճամպրուկն էր դրված, իսկ երբ համոզվեց, որ ճամպրուկն իրոք չկա, արցունքներն աչքերին նետվեց մոտակայքում կանգնած մարդկանց վրա, սկսեց խնդրել, որ ետ տան իր ճամպրուկը: Մարդիկ կարծելով, թե խելագար է, մի կողմ էին քաշվում, իսկ նա շարունակ մոտենում էր և «խեղճ մարդ եմ, շատ խեղճ» ասելով՝ աղերսում ետ տալ իր ճամպրուկը:

Լույսն արդեն սկսում էր բացվել, երբ նա տուն հասավ, ամբողջ մարմինը ցավում էր, ոտքերում ուժ չէր մնացել, այնպես էր քրտնել, որ շորերը կպել էին մարմնին, բացեց դուռն ու ներս մտավ. տունն իր լռությամբ միանգամից կլանեց կորացած մարմինը, ամբողջ գիշեր վազել էր քաղաքով, փնտրել էր ամեն տեղ, բոլոր կանգառների նստարաններին, բայց չէր գտել իր փոքրիկ, մոխրագույն ճամպրուկը: Տուն մտնելուն պես շտապեց սենյակից սենյակ. փնտրում էր: Գիտեր, որ տանը չի, հիշում էր, որ թողել է կանգառի նստարանին, սակայն չէր կարողանում իրեն զսպել: Անձայն գնաց հյուրասենյակ և փլվելով բազմոցին՝ սկսեց երեխայի պես ձայնով լաց լինել. ցանկանում էր ինչ-որ բան կոտրել, բռունցքներով հարվածել բազմոցին, սակայն մարմինը չէր արձագանքում, ուժերը սպառվել էին: Այդպես պառկած մնաց մի քանի օր, ելնում էր տեղից միայն ջուր խմելու և զուգարան գնալու համար, սակայն վերջին օրը չելավ, ոչինչ չէր ուտում, քաղց չէր զգում: Մի անգամ, երբ գնում էր խոհանոց՝ ջուր խմելու, հայացքն ընկավ փոքրիկ, օվալաձև հայելուն, որ դրված էր սառնարանի գլխին, սարսափեց. հայելու միջից իրեն էին նայում մոմի լույսի պես թրթռացող երկու մոխրագույն աչքեր... Միանգամից հասկացավ, որ դա իր հայացքը չէ, իր հոր հայացքն է, այդ հայացքն ուներ հայրը, երբ անկողնում պառկած՝ անձայն մահանում էր...

Հիմա նա պառկած էր բազմոցին, կարծես ոչ քնած էր, ոչ արթուն. թվում էր՝ աչքերը բաց են, սակայն պատկերներ, շարժում էր տեսնում այնպես, կարծես երազ լիներ՝ ջերմ, շատ տաք երազ: Անվերջ աչքերի առաջ էր գալիս ճամպրուկը, մտովի շոյում էր խազերով պատված մոխրագույն մակերեսը. սառն էր, շատ սառն էր թվում, հետո մատները հպում էր մաշած, գունաթափված անկյուններին, հետո արծաթե փականներին... Քայլվածքներն էին գալիս աչքի առաջ, հիշում էր ամեն շարժում, ամեն մանրուք ու ագահաբար գրանցում, անցկացնում էր քայլվածքները թղթերի վրա, ուրախանում էր, ծիծաղում:

– Կրունկները քստքստացնելով քայլք, ծանր-ծանր ու հպարտ, ոտնաթաթերը մշտապես ձգած, ակնհայտորեն տկար ու անեռանդ, ընդգծված լայն և... Չեն կորել, չեն կորել,– շուտասելուկի պես թվարկելով՝ կարծես ակնթարթորեն սթափվում էր, իրականություն էր վերադառնում, սակայն երկար չէր տևում, միտքը նորից կտրում էր սանձերը և նրան տանում այլ ճանապարհներով: Աչքերի առաջ էր գետնանցում շտապող քայլվածքը, նորից վազում էր ետևից, նորից անբացատրելի հարազատություն զգում, սրտխփոցն արագանում էր... Ձեռքը երկարում, ցանկանում էր հասնել քայլվածքին, բայց վերջին պահին պատկերը փոխվում էր, հայրն էր գալիս աչքերին, հիշողությունն ակնթարթորեն դրվագներ էր փոխում, ամենը շատ արագ էր, չէր հասցնում ընկալել ժամանակը, կորցրել էր ժամանակը, միայն զգում էր, որ հայրը շատ մոտ է, շատ... Ահա, մտնում է տուն, ինքը վազում և սկսում է քրքրել վերարկուի գրպանները, ինքը գիտի, որ հայրը գրպաններից մեկում է թաքցրել կոնֆետները, միշտ այդպես է անում... Գտավ, հայրը ծիծաղում ու գրկելով համբուրում է իրեն, հոր վերարկուից հացի հոտ է գալիս, միշտ հացի հոտ է գալիս...

Հանկարծ սկսեց կանչել կնոջը, մի պահ թվաց, թե կինը վերադարձել է, տանն է՝ խոհանոցում, ամանների չխկչխկոց էր լսում, ցանկացավ ելնել, բայց չստացվեց. մարմինը շատ ծանր էր, աչքերի առաջ այն դրվագն էր, երբ ինքը կանգնած նայում է, թե ինչպես է կինը՝ իրենց երեխան գրկին, հեռանում տնից, և նրան թվաց, թե կնոջ քայլվածքը շատ նման է գետնանցումի քայլվածքին: Այո՛, նույն քայլվածքն էր, նույնը...

«Թեթև, ինչպես ծիծաղ, թեթև, ինչպես...»,– անընդհատ կրկնում էր, փորձում մտապահել, չմոռանալ, իրեն վերջապես հաջողվել էր դիպուկ բնութագրում գտնել գետնանցումի քայլվածքի համար, մտքից թռել էր, որ կորցրել է ճամպրուկը՝ բոլոր քայլվածքներով, կնոջն էլ, հորն էլ արդեն մոռացել էր, միայն համառորեն փորձում էր ելնել բազմոցից և հնարավորինս շուտ մի թղթի վրա գրել դիպուկ բնութագրումը, որ հանկարծ չմոռանա:

Հիշողությունը մինչև վերջին րոպեն հանգիստ չտվեց նրան, ամեն ինչ խառնվել էր գլխում, տեսնում էր մոռացված, կցկտուր դրվագներ մանկությունից, անցյալից, տեսնում էր հորը, կնոջը... Պատկերներն անվերջ հաջորդում էին մեկը մյուսին, ձայներ էր լսում, անհասկանալի ձայներ, կարծես շշուկներ լինեին, միայն կեսն էր հասկանում ու չէր կարողանում մտապահել, թվում էր՝ երեխայի լացի ձայն է լսում՝ շատ ծանոթ ձայն, ինքը անվերջ վազում էր, փորձում հասնել, բռնել ձայնը, բայց չէր կարողանում, տեսնում էր, թե ինչպես է իրենից հեռանում իր փոքրիկ, մոխրագույն ճամպրուկը, և ոչինչ չէր կարողանում անել, բղավում էր միայն. «Ինձ մենակ մի՛ թող», բայց ձայնը դուրս չէր գալիս:

Վերջին ժամերն անցան լուռ ու անձայն, արդեն չէր տնքում, չէր բղավում, միայն մեկ անգամ հազիվ լսելի ասաց. «Հացի հոտ եմ առնում», ու լռեց:

Հիմա կեսօրից հետո նա չի շրջում Երևանի փողոցներով, հեռվից հեռու չես տեսնի հնացած տաբատն ու մուգ պիջակը, միշտ անհանգիստ աչքերը չեն հետևում քայլվածքներին, հիմա, ինչպես միշտ, աղմկում է փողոցն Աբովյան, ինչպես միշտ, շտապում են տարբեր, չկրկնվող քայլվածքները, ու երևի մինչև հիմա էլ իր տիրոջ ապրած կյանքի պես լուռ և միայնակ ինչ-որ տեղ ընկած է մնում փոքրիկ, մոխրագույն ճամպրուկը, ինչ-որ տեղ...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Aл Айлуг
Комитас

Aл Айлуг