Григ

Մակինտոշ

Պատմությունը սկսվել է ձմռանը՝ երբ լրագրող էի քաղաքային թերթերից մեկում և գլխավոր խմբագրից հանձնարարություն ստացա ակնարկ պատրաստել անտուն մարդու մասին: Խմբագիրը սկզբում երկմտում էր՝ արդյոք բարդ հանձնարարական չէ՞ ինձ համար, կարո՞ղ եմ գլուխ հանել: Բայց ես ինձ բնորոշ պնդաճակատությամբ ոչինչ չէի ուզում լսել, հավաստիացնում էի, որ գործը պատվով կկատարեմ: Նա երկար, մանրամասն բացատրում էր աշխատանքի նրբություններն ու բարդությունները՝ ասելով, որ հերոս պիտի ընտրեմ այնպիսի մեկին, որը, լինելով սոցիալական սանդուղքի ստորին հատվածում, կորցրած չլինի մարդկային դեմքը և հուզի ընթերցողին: Խմբագիրը մի քանի անգամ կրկնեց հուզել բառը, որից հետո հաջողություն մաղթեցինք իրար, ու ես, դուրս գալով խմբագրությունից, նոր միայն զգացի ուսերիս ծանրացող շփոթմունքը: Երթուղայինում, տան ամբողջ ճանապարհին, մտորում էի՝ իր կյանքի պատմությամբ ընթերցողին հուզել կարողացող անտուն էր պետք գտնել, բայց որտեղի՞ց: Ակնարկը գրելու համար իմ տրամադրության տակ երկու շաբաթ ունեի, սակայն հաջորդ օրն արդեն ձեռնամուխ եղա հերոսի որոնման գործին: Անօթևանների հավաքատեղիներ այցելելու միտքը սարսափ էր ներշնչում՝ միշտ խուսափել էի այդ մարդկանցից, փողոցում տեսնելիս աշխատում էի շրջանցել: «Նրանցից եկող հոտը վանող է, էլ չեմ ասում՝ ինչ հիվանդություն ասես կարելի է ձեռք բերել մի քանի րոպե հետները զրուցելիս»,– մտածում էի: Երկար տատանվելուց ու երկմտելուց հետո այդուհանդերձ վճռեցի գնալ, ուրիշ ելք չկար:

Հագնելով հնարավորինս հասարակ հագուստ, վերցնելով լրագրողի կարևորագույն զենքը՝ ձայնագրիչը, շտապեցի Մաշտոցի պողոտա: Կարծում էի՝ օպերայի շենքի տարածքում ոնց էլ լինի, կգտնեմ մեկին, աչքովս ընկել էին, բայց կես ժամ պտտվելուց հետո հասկացա՝ ապարդյուն է, ոչ ոք չկար, գուցե ժա՞մը հարմար չէր կամ ոստիկանական բազմաթիվ խմբերի ներկայությո՞ւնն էր պատճառը: Որոշեցի զանգ տալ իմ հին ծանոթին՝ Տիգրանին, որի հետ նույն բակում էինք մեծացել, և որը հիմա հայտնի հարբեցող էր ու չէր քաշվում ոչ մեկի ընկերակցությունից, կարևորը՝ խմելու բան լիներ: Նա մի քանի անգամ պատմել էր ինձ՝ ինչպես է հարբել տեղի բոմժերի հետ: Լսելով խնդրանքս, թե ցանկանում եմ ծանոթանալ իր «ընկերների» հետ, սիրով համաձայնեց օգնել:

– Արի քեզ Յուրա պապիի հետ կծանոթացնեմ, մեզնից մի քանի շենք հեռու է ապրում, էն հինգհարկանիում... Մենակ թե օղի վերցրու... Օղին չմոռանաս...

Գնելով օղին՝ պայմանավորված վայրում հանդիպեցի ծանոթիս: Բարձրանում էինք շենքի աստիճաններով, ու մտովի զարմանում էի, թե այդ ինչ անտուն է, որ բնակարանում է ապրում, իսկ երբ հասանք հինգերորդ հարկ, ուր բնակարանն էր, երկաթե հաստ դուռը շփոթեցրեց ինձ: Տիգրանը սեղմեց զանգի կոճակը, մի քանի վայրկյանից դռան մեջ հայտնվեց զառամյալ տղամարդը: Մարմինը պնդակազմ էր, մեջքը՝ ուղիղ, ծերությունը մատնում էին միայն սպիտակած մազերն ու մորուքը, որ բերանի շուրջը շատ ծխելուց դեղնել էր:

– Ի՞նչ կա,– հարցրեց:

– Հյուր ենք եկել, նստենք, խոսենք մի քիչ,– ասաց ծանոթս, ու մտանք բնակարան:

Տեղավորվելով խոհանոցի աթոռին՝ վերջնականապես ապշեցի. տան տերը սառնարանից հանեց ապխտած երշիկ, պանիր, պահածոներ ու ակնթարթորեն սեղան գցեց: Չկորցնելով ինձ՝ հանեցի բերածս օղին, խմեցինք ծանոթության համար: Ես սպասեցի, մինչև ծերուկը դուրս եկավ խոհանոցից, ու հարձակվեցի Տիգրանի վրա.

– Ինձ էշի տե՞ղ ես դրել, քեզ ասում եմ՝ բոմժ է պետք, թոշակառուի մոտ ես բերում:

– Բոմժերը ամեն երեկո էստեղ են հավաքվում, հանգստացի ու համբերի...

Հետագա զրույցից պարզեցի, որ Յուրա պապին, իրոք, ամեն երեկո իր բնակարանում հավաքույթներ է կազմակերպում՝ մենակությունը լցնելու և օրը հետաքրքիր դարձնելու համար: Սակայն ոչ բոլոր անտունները մուտք ունեին, տան դռները բաց էին միայն հանգիստ վարք ունեցողների ու քիչ թե շատ իրենց հետևողների համար: Ծանոթս ասում էր՝ ծերուկը նրանց ուտելիք է տալիս, խմում հետները, որոշ դեպքերում էլ թույլ է տալիս գիշերել, և որ այցելուների պակաս երբեք չի զգացվում:

– Մռթոշն ու Կարոն են գալիս,– վերադառնալով ասաց տան տերը, շարունակեցինք խմել:

Յուրա պապին ինձ պատմեց, որ լամպերի գործարանում է աշխատել, չորս երեխա, տասը թոռ ունի, ասում էր՝ երեխաները ապահովված կյանքով են ապրում, ոչնչի կարիք չունեն, և որ ինքը նրանց կյանքին չի խառնվում, նրանք էլ՝ իր: Մինչ ծերուկը իր պատմությունն էր պատմում, երկու մոխրագույն կերպարանք միացան մեզ. Մռթոշն ու Կարոն էին: Մռթոշի դեմքի արտահայտությունից դժվար չէր կռահել՝ որտեղից էր մականունը: Խոժոռ հայացքով նայում էր սեղանին, առանց ծպտուն հանելու վրա-վրա դատարկում բաժակը: Կարոն ավելի շփվող դուրս եկավ, ծանոթությունից անմիջապես հետո սկսեցինք զրուցել, իսկ երբ իմացավ, որ լրագրող եմ ու պատրաստվում եմ իրենցից մեկի մասին նյութ գրել թերթի համար, ոգևորվեց, ասածս կարծես հետաքրքրել էր նրան:

Կենացները հաջորդում էին մեկը մյուսին, և ինչպես տղամարդկանց յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ՝ ևս մի քանի բաժակից խոսք բացվեց կանանց մասին, ու ես նորից զարմանք ապրեցի:

– Վերջերս թուլացել եմ, էն չեմ,– ծխախոտի գլանակը բերանը դնելով՝ ասաց Յուրա պապին:– Շաբաթը հազիվ երկու-երեք անգամ եմ կնոջ հետ լինում:

– Քանի՞ տարեկան եք, ես կարծում էի՝ վաթսունից հետո տղամարդը այլևս չի կարողանում...

– Էն էլ ոնց եմ կարողանում, հիմա Անժելս կգա, իրենից կհարցնես... Յոթանասուներեքս շուտով կլրանա, բայց առողջությունից չեմ բողոքում:

Շատ չանցած եկավ Անժելը: Քառասունն անց նիհար կին էր, որի մարմինը դեռ պահպանում էր գրավչությունը: Սպասվածից լավ տեսք ուներ, միայն դեմքի քիչ ուռածությունն ու հագուստի բազմազանությունն էին հիշեցնում հասարակության ստորին շերտին պատկանելու մասին: Տանտերը ծանոթացրեց մեզ և բացելով Անժելի բերած անհայտ ծագման օղին՝ լցրեց բաժակները, ամեն ինչ սկսվեց նորից:

Ծերուկի տրամադրությունը բարձրացել էր, կատակներ էր անում, կսմթում Անժելին, զգում էի՝ հեռանալու ժամանակն է, միայն հարմար առիթ էր պետք, որն էլ չուշացավ:

– Մենք գնում ենք, պապին երբ կնոջ հետ է, չի սիրում, որ երկար ենք մնում,– ասաց ինձ Կարոն ու քմծիծաղով ավելացրեց:– Արի ջահելներին մենակ թողնենք ու բարձրանանք վերև, կտեսնես՝ ոնց ենք ապրում:

Դուրս գալով բնակարանից՝ Տիգրանն ու Մռթոշը գործով ինչ-որ տեղ գնացին, իսկ ես մնացի Կարոյի հետ, որը, բացելով տանիք տանող դուռը, սկսեց բարձրանալ աստիճաններով:

– Վախենո՞ւմ ես,– ծիծաղելով հարցրեց,– ոչ ոք քեզ մատով չի դիպչի, մենք անշառ մարդիկ ենք:

– Մարդկանցից չէ, կռիսներից եմ վախենում,– խոստովանեցի՝ զգուշորեն բարձրանալով:

– Համարյա չեն մնացել, բոլորին թունավորել ենք...

Գնում էինք՝ շրջանցելով ոտքի տակ ընկած արկղերը, մետաղե ջարդոններն ու այլ անպետք իրերը: Չնայած ասածին, թե առնետներ չեն մնացել, այդուհանդերձ, ամեն վայրկյան սպասում էի, թե ուր որ է մեկը ոտքերիս տակ է նետվելու: Եվ իրոք, շատ չանցած մոխրագույն, երկար կերպարանքը, պոկվելով անկյունից, սլացավ ոտքերիս դիմացով. մարմնովս սարսուռ անցավ, պարզվեց՝ կատու էր: Կարոն, ձեռքն ընկերաբար դնելով ուսիս, հասկացրեց, որ չվախենամ ու առաջ շարժվեմ: Շուտով երգի ձայն լսվեց, կարծեցի՝ թվաց, սակայն ինչքան մոտենում էինք, այն ավելի լսելի էր դառնում, «Հայաստանը դու ես...», երգում էր կանացի զվարթ ձայնը:

Շրջանցելով հերթական արկղը՝ վերջապես հասանք, և հայտնվելով «հյուրասենյակում»՝ քարացա: Ինչ կարելի էր ակնկալել շենքի տանիքի տակ ապրող մարդկանցից. սպասում էի տեսնել անթիվ դատարկ շշեր, աղբամաններից հայթայթած ուտելիքի մնացորդներ և գարշահոտության ու աղբի այդ տիեզերքի կենտրոնում՝ անտուններին: Բայց առաջինը, որ մտնելուն պես գրավեց ուշադրությունս, հեռուստացույցն էր՝ դրված փոքրիկ փայտե տակդիրին: Հեռուստացույցն աշխատում էր, ես այնպես էի հափշտակվել տեսածովս, որ իսկույն չնկատեցի անկյունում՝ վառարանի մոտ նստած մարդուն և նրա սիրալիր բարևից հետո միայն սթափվեցի:

– Մակինտոշն է,– ծանոթացրեց Կարոն, և իրար ձեռք սեղմեցինք:

Նոր ծանոթս հիսունն անց նիհար, բարձրահասակ տղամարդ էր, որի դիմագծերից, հագուկապից դժվար էր հավատալ, թե անտուն է: Սափրված էր, սուր քիթն ու բարակ շրթունքներն ազնվականություն էին հաղորդում դեմքին, մոխրագույն աչքերը նայում էին սառը, անվրդով հայացքով, իսկ կերպարն ամբողջացնում էր մինչև սրունքները հասնող բաց մոխրագույն անձրևանոցը: Նայում էի, ու գլխումս չէր տեղավորվում, տեսքն այնպիսին էր, ասես պաշտոնյա լիներ... Մինչ ես ուսումնասիրում էի նրա արտաքինը, Կարոն, մի քանի արկղ իրար միացնելով, սեղան սարքեց և հանելով օղու շիշը, որը, ըստ երևույթին, ծերուկի սեղանից էր թռցրել, շարունակեցինք կիսատ թողած գործը...

Այսպես սկսվեցին իմ այցելությունները. ամեն օր գնելով նրբերշիկ և օղի՝ շտապում էի տանիք, որտեղ ինձ սպասում էին: Գցելով սեղանը՝ սկսում էինք խմել, ընթացքում փորձում էի կորզել ինձ հետաքրքրող տեղեկությունները, սակայն միայն Կարոյի հետ էր ստացվում զրույցի բռնվել: Մյուս երկուսը մի տեսակ քաշվում էին, իսկ Կարոն, հակառակը, անվերջ խոսում էր, գլխով անցած պատմությունները հիշում: Թվում էր՝ շատ բան հորինում է, արհեստական ինչ-որ բան կար խոսքում: Դժվար չէր կռահել նրա փոքրիկ խորամանկությունը, պարզ էր, որ պատրաստ է ասել այն ամենը, ինչ ցանկանում եմ լսել, միայն թե հոդվածը իր մասին գրեմ: Միացնում էի ձայնագրիչն ու հետևում ներկայացմանը:

– Ուր ասես, որ չեմ եղել,– ասում էր,– անգամ Կամչատկայում եմ եղել... Հետո հիպի դարձա: Հիմա ոչ մեկի հետ չեմ շփվում, տղերքը հինը չեն, ընտանիքներ ունեն, բան, իսկ էն ժամանակ գիտե՞ս ինչեր էինք անում: Երբ Օպերայի շենքի մոտ փակցված Բրեժնևի հսկա նկարի վրա անհայտ անձինք գիշերով ներկ շփեցին ու փախան, քո կարծիքով ո՞ւմ ձեռքի գործն էր...

– Ես հոգով անարխիստ եմ, դեմ եմ բոլոր տեսակի կառավարություններին: Ուզում է սովետական լինի, ուզում է հակասովետական, ինչ ուզում է լինի, դեմ եմ: Ես միշտ դեմ եմ բոլորին... Կոմունիստների ժամանակ բոմժերին բռնում էին, ստիպում աշխատել, հիմա ո՞վ է մեզ շան տեղ դնում: Կառավարությունը մեզ չի նկատում ու դրա համար «բոմժային» ջերմ շնորհակալություն իրենց...

– Ոչ ոք չի ցանկանում ընդունել ասածս, ոչ ոքի դուր չի գալիս աղբակույտ դարձած քաղաքը, բայց եթե մի օր շրջես Երևանով ու նկատես, որ կատարյալ մաքրություն է, գիտե՞ս ինչ կկատարվի հետդ, կսարսափես, կխելագարվես՝ կարծելով, թե մարդիկ վերացել են...

Կարոն գլուխ էր գովում, թե կյանքում երբեք, ոչ մի րոպե չի աշխատել պետության համար, որ ինքը ամենաազատ ու անկախ մարդն է և էլի շատ բաներ: Իսկ հարցիս՝ ինչպե՞ս է գոյատևում, չէ՞ որ պետք է ինչ-որ կերպ հացի ճար տեսնել, ասաց՝ ոչ միայն հացի, այլև օղու համար փող կգտնվի: Պարզվեց՝ փող աշխատելու շատ միջոցներ կան՝ շուկայում մեքենա բեռնաթափել կամ շշեր, գունավոր մետաղ հավաքել ու հանձնել...

Օր օրի պատմություններն ավելի գունեղ էին դառնում: Հետևելով Կարոյի վարակիչ օրինակին՝ Մռթոշը ևս միացավ զրույցներին, և միակը, որ շարունակում էր անհաղորդ մնալ, Մակինտոշն էր: Վառարանի մոտ աննկատ նստած՝ ուշադիր լսում էր մեզ, սակայն ոչ մի բառ չէր ասում: Կոկիկ հագուկապն ու կիրթ շարժուձևը դեռ առաջին հանդիպման ժամանակ ապշեցնող տպավորություն էին գործել, իսկ ինքնամփոփ, զուսպ բնավորությունն էլ ավելի էր բորբոքում հետաքրքրասիրությունս: Միացնում էի ձայնագրիչն ու աչքի պոչով հետևում յուրաքանչյուր շարժմանը: Նկատել էի՝ միայն նա էր, որ ընդհանրապես չէր խմում, իր բաժին ուտելիքը վերցնում, քաշվում էր անկյունը: Մակինտոշի վարքագծում ուշագրավ շատ այլ բաներ էլ կային, որոնք չէին վրիպել աչքիցս, բայց ամենատպավորիչը ժամանակ առ ժամանակ ծոցագրպանից նոթատետրը հանելն ու մեր խոսակցությունից ինչ-որ գրառումներ կատարելն էր. ի՞նչ էր գրում, ինչի՞ն էր պետք... Հերթական անգամ, երբ հավաքված էինք տանիքում և հասցրել էինք մի քանի բաժակ դատարկել, նորից խոսք բացվեց կանանց մասին: Կարոն հարցուփորձ էր անում՝ արդյոք աչքիս տակ ոչ ոք չկա՞, ինչո՞ւ չեմ ամուսնանում և այլն, ու ի պատասխան բոլոր հարցերի, ինքս էլ չիմացա ինչու, բերանիցս թռցրի՝ իմ կինը ճանապարհն է: Հենց այնպես ասված խոսքս գրավեց Մակինտոշի ուշադրությունը, իսկույն հանեց նոթատետրը և սկսեց գրել...

Մակինտոշի՝ տանիքում հայտնվելը և անօթևանների շարքին միանալը, պարզվեց, հետաքրքիր պատմություն ուներ: Ասում էին՝ Բելառուսում է ապրել, ինչ է աշխատել՝ անհայտ է, Հայաստանում հայտնվել է իր գրած գրքերի պատճառով: Ձեռագրերը ոչ ոք չէր տեսել, բայց խոսում էին, թե շախմատի ու ֆուտբոլի մասին են: Մռթոշը ոգևորված, ասես ականատեսի աչքերով, պատմում էր՝ իբր գրքերը ուսուցողական ձեռնարկներ են, երբ Բելառուսում մերժել են դրանց տպագրությունը՝ համարելով ժամանակավրեպ, մեկնել է Ռուսաստան՝ հույսով, որ այնտեղ կտպագրվեն: Ռուսաստանում ևս մերժել են, և հրատարակիչը Մակինտոշին խորհուրդ է տվել տպագրել հայրենիքում, նա էլ եկել է Հայաստան... Գրքերն այդպես էլ չեն տպագրվել, փողերը վերջացել են, ու արդեն երեք տարի է, ինչ «լռվել, մնացել է»։

– Ինքն է ինձ պատմել,– ավելացրեց,– շախմատի ու ֆուտբոլի մասին են... Դե գրված է, ասենք, երբ գնդակը բարձրից գալիս է, պաշտպանը գնդակի՞ն պիտի նայի, թե՞ հարձակվող ֆուտբոլիստին, կամ...

Մակինտոշի բացակայության ժամանակ խոսակցությունը բուռն ստացվեց, սակայն միակ ստույգ տեղեկությունը, որ կարողացա կորզել, այն էր, որ Մակինտոշ մականունը ստացել է հագի մոխրագույն անձրևանոցի համար:

Կարոյի ու Մռթոշի ասածները չափազանց պարզունակ էին հավատ ներշնչելու համար, կասկածը մեծանում էր, ներքին զգացողություն ունեի՝ ինչ-որ կարևոր բան ինձ չէր ասվել... Երբ Կարոյի հետ մնացինք, պարզվեց՝ չէի սխալվում: Նա հաստատեց, որ Մակինտոշը երեք տարի է, ինչ Հայաստանում է ու չի կարողանում մեկնել, արդեն հայտնի մյուս տեղեկություններն էլ չհերքեց, բայց ավելացրեց, թե կին ու երկու աղջիկ ունի, որ Բելառուսում են հիմա:

– Քո կարծիքով էս գործում կնոջ մատը խառը չի՞: Միամիտ չլինես, ինչ արել, կինն է արել, հավատա ինձ...Դուրս են արել տնից՝ դե գնա ու ոնց ուզում ես ապրի...

– Մակինտո՞շն է քեզ ասել:

– Ինձ ոչ ոք էլ չի ասել: Մարդ հիմար պիտի լինի, որ չհասկանա...

Իրենն էր պնդում, համոզում, թե Մակինտոշի բոլոր դժբախտությունների պատճառը կինն է:

– Էս տարիների ընթացքում ինչո՞ւ մի անգամ չհետաքրքրվեց ամուսնով... Բելառուս է, իր երկրում է, բարեկամներ կունենա, ձեռքը քարի տակ չի, ինքնաթիռի տոմսի փողն ի՞նչ է, չի ուղարկում մարդը ետ գնա...

Չդավաճանելով սովորությանը՝ Կարոն այդ օրը ևս շատ խոսեց: Ասում էր, թե Մակինտոշը ռեստորաններից մեկում պահակ է աշխատում, աշխատավարձը բանի նման չէ, փոխարենը սոված չի մնում, թե երեք տարի է՝ պարբերաբար նամակներ է գրում պաշտոնյաներին և պատկան մարմիններին՝ խնդրելով օգնել իրեն տոմսի հարցում և այլն: Իսկ վերջում տարավ ինձ տանիքի՝ ծածկոցով անջատված անկյունը... Զարմանալի էր, Մակինտոշի «սենյակը» խիստ տարբերվում էր տանիքից՝ հատակը ներկված էր, պատերին բաց մանուշակագույն պաստառ էր փակցված, իսկ գետնին անկողինն էր: Նկատեցի՝ ներքնակի տակից տաբատի ծայրեր էին երևում, հարցիս՝ ինչի համար է, Կարոն ծիծաղեց.

– Մենք էլ էսպես ենք շալվար հարթուկում:

Կարոյի ասածները զուրկ չէին տրամաբանությունից, բայց ծանոթ լինելով խառնվածքին՝ հակված էի վառ երևակայության արդյունք համարել: Մի՞թե կինն է պատճառը, գուցե իրոք դուրս են արել տնից... Հարցերն ու կասկածներն էլ՝ ավելի շատացան անսպասելի դիպվածից հետո:

Յուրա պապին էր եկել, Կարոն ոգևորված գովում էր վերջինիս՝ հիշելով, թե ինչպես իրենց կացարան տվեց տանիքում, երբ Մակինտոշը ներս մտավ ու հայտնեց մեկնելու լուրը: Պարզվեց՝ նամակներից մեկը հասել էր իր նպատակին, հովանավոր էր գտնվել... Նա կանգնած էր կենտրոնում՝ ո՛չ ճամպրուկ, ո՛չ կապոց, ինչ ուներ, հագին էր՝ երկար անձրևանոցն ու անթերի տաբատը: Մեկ առ մեկ մոտենալով՝ հաջողություն էր մաղթում, ու երբ հերթը հասավ ինձ, սեղմեց ձեռքս և ժպտալով վրա բերեց.

– Իմ կինը ճանապարհն է:

Առաջին անգամ էի նրան ժպտալիս տեսնում...

Ճանապարհելով Մակինտոշին՝ խմեցինք, հետո միայնակ երկար շրջեցի. եղանա՞կն էր պատճառը, թե՞ խմիչքն էի չարաշահել, կիսատության զգացողությունը, որ միշտ հետապնդել է ինձ քաղաքով քայլելիս, ասես կրկնապատկվել էր, տպավորություն էր, որ ինչ-որ բան չի հերիքում, ինչ-որ կարևոր բան... Այդ օրը կեսգիշերին մոտ նոր տուն հասա: Ներս մտնելուն պես նստեցի գրասեղանի առջև, տանիքում ինչ ձայնագրել կամ գրի էի առել՝ սեղանին էր... Վերցրի գրիչը և գրեցի վերնագիրը՝ «Իմ կինը ճանապարհն է»:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Новое небо для Луны
Элен Йолчян

Новое небо для Луны

Зима в Ленинграде
Зима в Ленинграде
Играть онлайн