Григ

Հստակ

Երբ ամբողջ աշխարհում մեծ թափ էր հավաքում նոր տիպի կորոնավիրուսը, երբ բազմաթիվ երկրներում արտակարգ դրություն էր հայտարարված, երբ յուրաքանչյուր բացվող առավոտ գուժում էր հազարավոր մարդկանց մահ, փոքրիկ Հայաստանի միացյալ մասիվներում կյանքն ընթանում էր գրեթե բնականոն հունով: Միայն ոստիկանական մեքենայի ժամանակ առ ժամանակ հայտնվելն էր խախտում Նոր Նորքի անզուգական անդորրը, սակայն բարձրադիր մասիվի բնակիչները իրենց գենետիկ ճարպկությանն անսալով՝ արագ գտան նաև դրան հակազդելու եղանակը, և բլոտի ու նարդու համամասիվյան առաջնությունները տեղափոխվեցին աչքից հեռու վայրեր: Մութ ու ցուրտ տարիներից ժառանգություն մնացած և չգործող կրպակները դարձան փակ հավաքատեղիներ, դրանց կողքով անցնողը կհավաստիացնի՝ կրքերն այնտեղ այն աստիճան էին բորբոքվում, որ «Կամպ Նոու»-ն անգամ երազել չէր կարող: Կարճ ասած՝ մեզ մոտ ամեն ինչ կարգին էր, և նարդու բացարձակ չեմպիոն Մհեր պապի «մենք հին ազգ ենք, մեզ չոռ չի կպնի» կարգախոսով էլ առաջնորդվում էին հին ազգի նոր զավակները:

Հայաստանում կորոնավիրուսից արձանագրված մահվան առաջին դեպքի օրն էր, հինգերորդ մասիվի 15-16 տարեկան մի խումբ տղաների շրջանում խռովք էր ընկել, պատճառը՝ Սաքուլիկի փոքր եղբոր անսպասլի ծեծն էր երկրորդ մասիվցիների կողմից.

-Բայց խի՞ են ծեծել:- Հարցնում էին ընկերները:

-Մենակ տղա են տեսել, ծեծել են համբալները:- Պատասխանում էր Սաքուլիկը:

-…

-…

-…

Ոչ ոք չգիտեր, թե կոնկրետ ուր է պետք գնալ և ում փնտրել, Սաքուլիկն էլ չգիտեր, բայց դա կարևոր չէր. հրադադարը այսուհետ խախտված էր, հապաղելու ժամանակ չկար, գործել էր պետք: Պատասխան հարված հասցնելու նպատակով տեղում ինքնակազմակերպվեց քսան-երեսուն հոգուց բաղկացած խումբ, Սաքուլիկի հրահանգով խումբը արագորեն երեք մասի բաժանվեց ու աննկատ շարժվեց երկրորդ մասիվի ուղղությամբ: Տեղ հասնելուն պես նորից միավորվեցին նախապես որոշված վայրում՝ շարունակելով ընթացքը: Առաջին հայացքից մասիվյան դատարկ բակերը հաջորդում էին միմյանց, բայց շուտով, չգիտես որտեղից, տարեկից տղաների մեկ այլ խումբ ձևավորվեց և արծիվների հավասարազոր խմբերի առաջնորդները զրույցի բռնվեցին: Սաքուլիկը պատմեց իրենց այդտեղ գտնվելու նպատակը և այլն, թվում էր՝ ոչինչ չի կանխատեսում բարիդրացիական զրույցի կտրուկ շրջադարձ, սակայն «ո՞ւմ եք ման գալիս, հստակ ասա» հարցին Սաքուլիկը խոցված գազանի պես մռնչաց. «էդ ո՞ւմ ասիր հստակ» ու ապտակեց… Կռիվը թեժ էր… Այն խոստանում էր լինել ավելի դաժան քան կոմիտասցիների հետ բախումը… Բոլորը հարվածում էին բոլորին և ժամանակ չկար պարզելու, թե ինչ տեղի ունեցավ…

Վերադասավորվելու նպատակով խմբերը դադար վերցրին և տեղակայվեցին հակադիր կողմերում:

-Ի՞նչ ասեց,- հարցնում էին ընկերները,- ինչի՞ սիլեցիր:

-Ինձ ասեց հստակ:- Զայրույթից գլուխը կորցրած՝ բղավում էր Սաքուլիկը:

Թե՞ ճակատամարտը վերսկսվեց այնքան արագ, որ ընկերները չհասցրին ասել, թե՞ իրենք էլ չգիտեին, որ «հստակ»-ը հայհոյանք չէ, անհայտ է: Մարտը սկսվում է հայհոյաձգությամբ, քարանետությամբ և փոխադարձ գրոհով: Հասնելով կենտրոնին՝ երկրորդցիները կանգ են առնում, իսկ հինգեցիները անցնում են այն և ամբողջ ճակատով մարտի բռնվում: Հինգեցիների ճնշմամբ թշնամու խմբի ձախ թևն ու կենտրոնը նահանջում են։ Սաքուլիկը պահեստազորի մի մասը նետում է կենտրոն՝ այնտեղ ճնշումը ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապում ձախ թևին և ետ շպրտում թշնամուն։ Սակայն, ի պատիվ երկրորդցիների, վերջիններս ուժ և անասելի կամք դրսևորելով՝ կարողանում են պահպանել մասիվյան չգրված օրենքը, որի համաձայն անթույլատրելի է սեփական բակում ծեծվել օտարի կողմից: Տեսնելով թշնամիների ավելի ու ավելի բազմամարդ դարձող խումբը, շենքերից դուրս շտապող անթև, ճերմակ շապիկներով՝ նույն ինքը մայկաներով մեծահասակներին՝ Սաքուլիկը վերջնականապես համակերպվում է անհավասար մարտում հերոսաբար ծեծվելու գաղափարին, բայց հնչում է փրկության ձայնը.

-Ի՞նչ ա եղել, ինչի՞ եք իրար ծեծում արա:- Բղավում էր հողաթափերով նիհար տղամարդը:

Սաքուլիկն ու ընկերները, տեսնելով ինչպես են մյուսները հաշվի նստում նրա խոսքի հետ, իրենք էլ ենթարկվեցին. ակնհայտ էր, որ սովորական մեկը չէ, իսկ ձեռքի դաջվածքները, որ հուշում էին բանտային անցյալի մասին, հաստատում էին դա.

-…

-…

-…

-Ինչի՞ ես խփել:- Տղամարդը հարցրեց Սաքուլիկին:

-Ինձ ասեց հստակ, ես էլ խփեցի:- Իրեն չկորցնելով՝ խրոխտ պատասխանեց:

Մի պահ լռություն տիրեց, օդը կանգնել էր, թե՞ տղամարդը ցանկություն չուներ ժամանակ վատնելու, թե՞ ինքն էլ չգիտեր, որ «հստակ»-ը հայհոյանք չէ, անհայտ է, նա, չլսելու տալով, հրահանգեց երկու կողմերին էլ.

-Հլը ձեռ ձեռի՛ տվեք ու պաչե՛ք իրար, հե՛նց հիմա, ձեռ ձեռի՛ տվեք ու պաչե՛ք:

Բոլորը ձեռքսեղմում արեցին ու իրար հպեցին այտերը: Մասիվի հարմոնիան վերակնագնված էր: Այդ օրը ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ հաղթանակ տոնեց: Բոլորը գոհ էին, անգամ կորոնավիրուսը:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Aл Айлуг
Комитас

Aл Айлуг

Вид на море
Вид на море
Играть онлайн