Аветик Исаакян

Հացի երգը

Գովք եմ երգում ցամաք հացին,
Փշրանքներին չոր հացի, -
Փշրանքներին, որ մնացին
Լի աշխարհից փայ ինձի …
Արյուն ու քրտինք ծով – ծով թափեցի,
Ոսկի արտերում արևի բոցին,
Եվ անձրևի չափ արցունք թափեցի
Ու արյուն – քրտինք` ի սեր չոր հացին:
Կալիս միջին շեղջ – շեղջ ցորեն,
Քյոխվեն եկավ, խարջ ու խարաջ
Հաշվեց, չափեց, քաշեց տարավ
Իմ աչքի լուս – ոսկի ցորեն.
Աղան եկավ, ոտքը զարկեց,
Հաշվեց, չափեց, քաշեց, տարավ
Իմ աչքի լուս – ոսկի ցորեն.
Խաչ ու տերտեր, աղքատ, աշուղ,
Բոշա, դերվիշ, հավք ու թռչուն`
Ամենքն եկան, իրենցն առան, -
Ես մնացի աղքատ նորեն, -
Ձեռքս ծոցիս` մերկ ի մորեն.
Ձեռքս ծոցիս` կուտ կըմուրամ
Իմ քրտինքով շեղջած ցորնեն.
Հերի՛ք մնանք աղքատ ու զուրկ,
Մեր խողճ խելքի կորածն ենք մենք. –
Մենք ենք դատել, մերն է հացը,
Մեր քրտինքի տերը մենք ենք.
Մենք ենք լցրել ամբար, մառան
Աղին, խանին, իշխանին.
Մենք մեր ձեռքով լուծ ենք շինել`
Լուծ ենք դրել մեր վզին …
Ե՛լ. Աշխատավոր, ստրուկ ժողովո՛ւրդ,
Եվ լուծդ քցի՛ր, եղի՛ր ինքնիշխան.
Քրտինքիդ տերը մենակ դու եղի՛ր,
Մեկեն կըկորչեն աղա, խան, իշխան.
Ազատությունն է հացն այս աշխարհում,
Երգեցե՛ք գովքը ձեր հալա՛լ հացին:
Հացն է, իմացե՛ք, ազատությունը,
Երգեցե՛ք գովքը ձեր հալա՛լ հացին.
Առա՛ջ գնացեք, աշխատավորնե՛ր,
Երգելով գովքը ձեր ազա՛տ հացին.
Հացն է լո՛ւյս ու զե՛նք, ուժ ու իրավունք,
Երգեցե՛ք գովքը ձեր արդա՛ր հացին,
Ձեր ազատության – ձեր հալա՛լ հացին …

1906

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Симфоническое Панель "Армения"
Лазарос Сарьян

Симфоническое Панель "Армения"