Аветик Исаакян

Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը - սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
- Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ... Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև...
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան...
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ... Ես զիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, առքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, - Ո՞վ ես, ո՞ւր ես գնամ:
- ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնամ, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
- Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
- Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր...
- Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ, ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
- Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա:
Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա աչքովին տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է..

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Карс
Тигран Амасян

Карс

Вид на озеро Севан, 1869 г.
Вид на озеро Севан, 1869 г.
Играть онлайн