Александр Цатурян

Տո՛ւր ձեռքդ, ընկե՛ր․․․

Տո՛ւր ձեռքըդ, ընկե՛ր, այս ծանր օրերին
Թո՛ղ գործի սիրով հուզվին մեր սրտեր.
Նայի՛ր մեր առջև շա՜տ նեղ Է ուղին,
Մեր շուրջը դժգույն, սրտամաշ պատկեր...

Դեռ խոր թմրություն հայրենի երկրում,
Ազգը ծարավի ուսման, գիտության.
Ազգային ղեկը անշարժ ձեռքերում,
Եվ իշխող ոգին հետադիմության...

Վառ մտքի առաջ փակված ասպարեզ,
Թզուկին պահած և՛ գործ, և՛ դափնիք.
Օ՜, ընկեր, կարծես, մեր կյանքն է կըրկես.
Ուր քաջ վխտում են խեղկատակ մարդիկ -

Տգետը գիտուն, անգործը մշակ,
Ազգային հացով նա՛ է կշտանում,
Ով հոգով աղքատ, երեսին դիմակ,
Հայրենի արտում որոմն է ցանում...

Ազգի գանձերին դեռ գողեր պաշտպան,
Լույսին թշնամիք մեզ լուսավորիչ.
Ոչխարի վերա գայլն է պահապան,
Կույրը առաջնորդ, համրը քարոզիչ...

Տո՛ւր ձեռքդ, ընկե՛ր, լարե՛նք մեր ուժեր,
Անդուլ գործի է մեր կյանքը կարոտ.
Առա՜տ է հունձը, սակա՜վ մշակներ,
Դեռ խո՜ր է նինջը, դեռ լույսը աղո՜տ...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Элегия
Арно Бабаджанян

Элегия