Александр Ширванзаде
Ստախոսը
Նրանք մտերիմ բարեկամներ էին պատանեկան հասակից: Գուցե այն պատճառով, որ նրանց խառնվածքները տրամագծորեն հակառակ էին իրարու։ Արտաշեսը սակավախոս էր, կարելի է ասել իսկի չէր խոսում, երբ անհրաժեշտը չէր ստիպում նրան խոսելու: Միսակը շատախոս էր, կարելի էր ասել իսկի չէր լռում: Բացի դրանից, Արտաշեսը երբեք սուտ չէր ասում կամ, ճիշտն ասած, ծուլանում էր ասել, մինչդեռ Միսակի համար փչելը դարձել էր օրգանական պահանջ։
Հարկավ, Արտաշեսը վաղուց գիտեր իր ընկերոջ թերությունը և չէր հանդիմանում նրան։ Ոչ երկյուղից կամ նրբազգացությունից, այլ միայն ծուլությունից։ Չէ՞ որ պիտի խոսեր, մանավանդ գիտեր, որ Միսակի ստախոսությունը միանգամայն անմեղ է, առանց որևէ մեկին խաբելու, մոլորեցնելու կամ պարսավելու ցանկության։ Բայց և այնպես, մի օր հարկավոր էր ճշմարտություն ասել, և Արտաշեսն ասաց.
Գիտես, Միսակ, ես եկել եմ այն եզրակացության, որ դու մի քիչ ստախոս ես։
Ի՞նչ։
Այո՜, ստախոս ես։
Նկատողությունն այնքան անսպասելի էր, այնքան հանդուգն, որ Միսակն ապշեց։ Ամբողջ մի րոպե նա, աչքերը լայն բաց արած, նայեց ընկերոջ քթին, հետո կրծքին, այնուհետև ոտքերին, ապա նորեն քթին։
Երդվում եմ իմ մոր գերեզմանով, որ դու ցնորվել ես, սկսեց նա, ձեռը զարնելով մարմարյա սեղանին սոսկալի թափով։ Թուրքական սուրճի վաղուց պարպված գավաթներից մինն ընկավ հատակի վրա և փշրվեց։
Արտաշեսը ոչինչ չասաց, միայն բարեկամաբար ժպտաց։
Ե՞ս, ստախո՞ս, շարունակեց Միսակը, գլխարկը ճակատից ետ մղելով՝ խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար, ե՞ս, ե՞ս, Միսակ Մանուկյանս։ Ե՞ս, որ ճշմարտության համար հալածվել եմ, հալածվում եմ, մինչև գերեզման պիտի հալածվեմ մարդկությունից։ Ե՞ս, ասա, ե՞ս...
Արտաշեսը լուռ էր, ինչպես մի հրացան, որ միայն մի փամփուշտ ուներ, արձակեց ու պրծավ։
Երդվում եմ պատիվովս, ավելի բորբոքվեց Միսակը, որ դու կատակ ես անում և շատ հիմար կատակ։ Հապա տեսնենք...
Եվ, գրպանից մի զմելի դուրս բերելով, շարունակեց.
Տեսնո՞ւմ ես այս դանակը։ Դե՛հ, ասա, որ կատակ չէիր անում։ Երդվի՛ր, և ես իսկույն ևեթ սրանով փորս կպատռեմ, կտոր-կտոր կանեմ ինձ, կձգեմ շների առաջ։ Այո՛, այո, թող նրանք կրծոտեն ինձ ինչպես սատկած ձիու կամ իշի, միևնույն է։ Այո՛, այո, այդ ավելի լավ կլինի, քան հռչակվել ստախոս ու ապրել։ Երդվի՛ր, ասա. կատակ չէի՞ր անում...
Լա՛վ, երդվում եմ, որ կատակ չեմ անում, չծուլացավ արտասանել Արտաշեսը։
Պատվո՞վդ։
Պատվովս։
Որ ես ստախո՞ս եմ։
Մի քիչ։
Այդ միևնույնն է, քիչ թե շատ, ուրեմն ստախոս եմ, այո՞, շարունակեց Միսակը և զմելին, որով պիտի պատռեր իր փորը, ծալեց ու գրպանը դրեց։ Որ այդպես է, արի գրազ գանք։ Ես մեջտեղ կդնեմ հիսուն ռուբլի, իսկ դու դիր հինգ ռուբլի։ Քեզ ժամանակ կտամ մի ամիս, մի տարի, հինգ տարի, տասը, քսան, եթե դու մի անգամ ինձ բռնես սուտ ասելիս, կստանաս հիսուն ռուբլի, իսկ եթե չկարողանաս, ես քո հինգ ռուբլիով քեզ մի լավ կհարբեցնեմ ու հետո կողերդ կջարդեմ։ Գալի՞ս է։
Գալիս է, համաձայնվեց Արտաշեսն օձիքն ազատելու համար։
Նույն օրը երեկոյան նրանք հրավիրված էին մի ծանոթ ընտանիք թեյի: Որովհետև Միսակի երևակայությունն առանձնապես բորբոքվում էր կանանց ներկայությամբ՝ Արտաշեսն ասաց նրան.
Տես, Միսակ, զգույշ, որ գրազդ հենց այս երեկո տանուլ չտաս։
Ձայնդ կտրիր, անիրավ, գոչեց Միսակը, այսօր դու ինձ մի վերք տվեցիր, որ հավիտյանս հավիտենից չի բուժվիր: Ես, Միսակ Մանուկյանս, ստախո՞ս, հա, հա, հա...
Դժբախտաբար, այս անգամ գայթակղությունը բացառիկ եղավ։ Միսակը հյուրընկալ ընտանիքում, բացի տանտիրուհու երկու երիտասարդ քույրերից, հանդիպեց մի գեղեցիկ տիկնոջ, որի հետ վաղուց փափագում էր ծանոթանալ... Եվ, հակառակի պես, այդ տիկինը մեծ ախորժակ ուներ ամեն տեսակ արկածներ լսելու։ Իսկ Միսակը գիտեր այնպես ոգևորված, այնպես պատկերավոր պատմել, որ շատերը կամա-ակամա գրավվում էին։ Նույնիսկ նրանք, որոնք կասկածով էին ընդունում նրա ասածները։ Նույնիսկ ինքը՝ Միսակը, հաճախ հրապուրվելով իր բարձր բարիտոնային ձայնով, սկսում էր իր ստերին հավատալ։
Պատմելով իր և ուրիշների կյանքից մերթ տխուր, մերթ զվարճալի արկածներ, նա մի քանի անգամ փորձեց դիմել անզուսպ ֆանտազիայի օգնությանը, բայց ամեն անգամ հանդիպեց Արտաշեսի անտարբեր հայացքին ու լեզուն կծեց։ Սակայն այդ երկար չտևեց։ Շուտով նա մոռացավ ամեն ինչ և կծիկի ծայրը բաց թողեց։
Գեղեցիկ տիկինը լսում էր նրան և մերթ ծիծաղում, մերթ զանազան բացականչություններով արտահայտում իր հրճվանքը, զայրույթը, ուրախությունը, սարսափը, նայելով Միսակի պատմածներին։
Երբ ընկերները, հրաժեշտ տալով, փողոց դուրս եկան, Միսակն արդեն շատ խոսելուց քրտնել էր։ Այնուամենայնիվ, նա չհանգստացավ և տակավին ոգևորված, գոչեց.
Ահ, ի՛նչ հրաշալի երեկո անցկացրինք, Արտաշ...
Արտաշը իր կոկորդից արձակեց ինչ-որ հնչյուն, որից ոչինչ չէր կարելի հասկանալ։ Միսակը շարունակեց.
Տիկին Զարմարյանն ուղղակի սքանչելի է։ Տեսա՞ր, ինչպես էր քրքջում, երբ ես պատմում էի ծիծաղելի դեպքերը: Ինչ մեղքս թաքցնեմ, երբ լսողը գեղեցիկ կին է, չկա ինձ համար ավելի բարձր հաճույք։
Իհարկե, արտասանեց Արտաշեսը, բայց դու գրազդ տանուլ ես տվել։
Ինչպե՞ս։
Այ, այսպես։ Տե՛ս։
Այս ասելով, Արտաշեսը բռնեց Միսակի թևից և նրան մոտեցրեց փողոցի էլեկտրական լապտերներից մեկին։ Դուրս բերելով գրպանից իր հուշատետրը, բաց արավ և ասաց.
Կարդա՛։
Այդ ի՞նչ է,
Կարդա՛։
Միսակը կարդաց հուշատետրի մեջ։
«Իմ բարեկամ Միսակ Մանուկյանի երկու ժամվա մեջ ասած ստերը...»։
Աղվե՛ս, աղվես, գոչեց Միսակը, դրա համա՞ր էիր անկյունում սուս ու փուս թազնել շան պես։ Ապա տեսնենք ինչեր ես շարադրել։ Օհո, օհո, սուտ է, սուտ է, ես չեմ ասել, թե Պարիզում ապրել եմ երկու տարի...
Ասացի՛ր։
Ես չեմ ասել, թե Մոսկվայի «Ստրելնա» գիշերային ճաշարանում մի գնչուհու համար մի գիշեր հինգ մարդ եմ ծեծել։
Ասացի՛ր։
Ես չեմ ասել, Մոսկվայի «Էրմիտաժ» ճաշարանում կոշիկիս կրունկով հազար ռուբլիանոց հայելի եմ ջարդ ու փշուր արել...
Ասացի՛ր։
Եվ քեզ էլ վկա՞ եմ բերել։
Այո՛։
Բայց սպասիր, այդ ի՞նչ ես գրել։ Ես ասե՞լ եմ, որ Լենքորանի անտառներում երկու վագր և չորս վարազ եմ սպանել։
Այո՛, ասացիր ու ինձ էլ վկա բերեցիր։
Միսակի ձեռքերը թուլացան։
Քրիստոսի առեք կերեքը վկա, արտասանեց նա անկեղծորեն, ամենևին չեմ հիշում, որ այդ բոլորն ասել եմ։
Արտաշեսը ծիծաղեց իր կարողության չափ, այսինքն՝ մի անգամ ու շատ կարճ փռթկաց։
Կեցցե՛ս, ասաց նա, ճշմարիտ խոսք ասացիր...