Александр Ширванзаде

Կրակ

I

Այս անգամ փաստաբան Միրաբյանի մոտ հյուր էինք ընդամենը երեք հոգի՝ մի բժիշկ, մի ճարտարապետ և ես։ Դրսում փչում էր ձմեռային բուք, կարկտի պես կոշտ ձյունի հատիկներն ուժգին զարկվում էին լուսամուտների ապակիներին։ Սեղանի վրա խշշում էր ինքնաեռը, վառարանի մեջ ուրախ-ուրախ այրվում կրակը, իսկ լամպը մանիշակագույն լուսամփոփի միջով տարածում էր մեղմ, հաճելի լույս։ Այս բոլորը մեզ տրամադրում էր նույն երեկո սովորականից ավելի նստել հյուրասեր տանտիրոջ տաք, համեստ, բայց ճաշակով կահավորված, դուրեկան սենյակում։

Բժիշկը ոգևորված խոսում էր անհատի և շրջանի փոխադարձ ազդեցության մասին, և մենք վիճաբանում էինք։

Միրաբյանը լուռ էր և կարծես չէր հետաքրքրվում մեր խոսակցությամբ։ Նա անթարթ աչքերով նայում էր վառարանին՝ մերթ ընդ մերթ շփելով յուր խիտ և կարճ միրուքը, որ արդեն սկսել էր ճերմակել։

Կրակ էր, ինքն իրան կերավ, ոչնչացավ, հանկարծ արտասանեց նա կամացուկ, շարունակ նայելով վառարանին։

Բժիշկը լռեց և մենք բոլորս զարմացած նայեցինք Միրաբյանին։

Ներեցեք, պարոններ ասաց նա մի քիչ շփոթվելով, ես մտածում էի, բայց չկարծեք թե ականջ չէի դնում ձեզ։ Ինչի՞ մասին էիր մտածում, հարցրեց բժիշկը։

Զարմանալի է մարդու միտքը... գուցե գաղափարների ասոցիացիա էր. մտածում էի այս վառարանում այրվող այն կանաչագույն կեղևով փայտի մասին։ Նա մի նորաբույս ծառի բուն է եղել։ Այդ կրակը և ձեր խոսակցությունը ինձ հիշեցրեց մի դեպք, մի... մի... անբախտ մարդու կյանքը։

Նշանակում էր, որ Միրաբյանի անսպառ շտեմարանում կար դարձյալ մեզ անհայտ մի պատմություն։ Մենք միշտ հաճությամբ էինք լսում նրան, իսկ նա սիրում էր պատմել։ Ինչ ասել կուզի, որ մենք հետաքրքրվեցինք ու խնդրեցինք պատմել այն, ինչ որ այդ րոպեին պատճառել էր նրան այնքան մտախոհություն։ Մի-մի բաժակ թեյ ածելով մեզ համար, նա վառեց մի նոր ծխախոտ և նստեց դարձյալ վառարանի հանդեպ։


Այն ժամանակ, պարոններ, ես դեռ ուսանող էի, սկսեց նա անմիջապես, և բնակվում էի Մոսկվայի ծուռ փողոցներից մեկում, մի պատվավոր ընտանիքում։ Նա բաղկացած էր մի պառավ այրիից և երկու երիտասարդ աղջիկներից՝ մեկը քսանուերեք, մյուսը մոտ քսան տարեկան։ Մայրը վարձով սենյակներ էր տալիս, մեծ աղջիկը երաժշտության դասատու էր, իսկ փոքրը նոր էր ավարտել գիմնազիոնը։ Նրանց հայրը եղել էր երկար տարիներ գերմաներենի դասատու մի դպրոցում։ Այրին նրա մահից հետո թոշակ էր ստանում։ Բնակարանի յոթ սենյակներից երկուսում կենում էին տանտիրուհիները, իսկ հինգը տրված էին վարձով։

Մի օր սենյակներից մեկը դատարկվեց․ պառավն ընկավ հոգսի մեջ։ Նա մեզ խնդրեց, ինչպես և է, վարձող գտնել։ Պառավի խնդիրը կարողացավ կատարել իմ դրկիցներից մեկը ֆիզիկո-մաթեմատիկական ֆակուտետի մի հայ ուսանող՝ Զարիֆյան անունով։

Որովհետև Զարիֆյանը դեր է խաղալու իմ պատմության մեջ, բարեհաճեցեք լսել նրա մասին մի քանի խոսք։ Դա այն մարդկանցից էր, որոնց մասին, հենց առաջին անգամ նայելիս, կարելի է ասել՝ թե կյանքը երբեք նրանց համար տանջանքների բով չի դառնալ։ Նրա կարմիր երեսը, կարմիր ականջները, տափակ ճակատը, բաց-կինամոնագույն քծնող աչքերը արտահայտում էին խաբուսիկ համեստության և ամբարտավանության մի անորոշ խառնուրդ։ Նրա քայլվածքը դանդաղ էր, ձևերը մեղմ, խոսակցության եղանակը մի քիչ արհամարհական, մի քիչ ծանրաբարո։ Դա նրա բնական հատկությունները չէին, այլ արվեստական, շինծու։ Նա աշխատում էր երևալ ավելի խոհեմ և հասուն, քան կարող էր լինել քսանուչորս տարեկան մի երիտասարդ, որ շուտով պիտի ավարտեր ուսումը։

Ես զգում էի դեպի թարիֆյանը ինչ-որ խուլ հակակրանք, թեև նա ինձ ոչ մի անախորժություն չէր պատճառել, նա ինձ հետ վարվում էր շատ քաղաքավարի, նույնիսկ աշխատում էր հաճոյանալ։ Նա աշխատասեր էր, հաշվագետ, խորամանկ և գիտեր գրավել պրոֆեսորների ուշադրությունը։ Նրա աչքերի արտահայտությունը պարունակում էր ինչ-որ վատ բան, հոգու մի եսական և անհաճո ձգտում, բայց միայն այն ժամանակ, երբ լուռ էր։ Դժբախտաբար կյանքում առհասարակ դիտող մարդիկ շատ քիչ են պատահում, ուստի Զարիֆյանը ընկերների շրջանում համարվում էր բարեսիրտ, համեստ, ի՜նչ եմ ասում, նույնիսկ յուր ազնվությամբ օրինակելի։ Այնինչ, ես ոչ ոքից չէի լսում, թե երբևէ նրա կողմից իրականորեն արտահայտվել են այդ սիրուն հատկությունները։

Ահա այդ երիտասարդը մի օր հետը բերեց բնագիտական ֆակուլտետի մի ուսանող, որը նույնպես հայ էր և կովկասցի։ Առանց երկար խոսելու, նա վարձեց սենյակը ճաշով և նույն օրն ևեթ տեղափոխվեց։ Երրորդ օրից սկսած նա արդեն ճաշում էր մեզ հետ միասին։ Ես նստած էի նրա դեմուդեմ և կամա-ակամա դիտում էի նրան։ Նրա թուխ-թուխ դեմքը գունատ էր, աչքերը խոշոր, սևաթույր, ճակատը լայն և պայծառ։ Նրա ուղղաձիգ քիթը, նուրբ և մի փոքր կանացի շրթունքները, որ նոր-նոր ծածկվել էին կակուղ մազերով, նրա ամբողջ կերպարանքը արտահայտում էին հոգու անխառն մաքրություն։ Նրա նայվածքը խելացի էր և թախծալի։ Կար մի ինչ-որ հեգնություն այդ նայվածքի մեջ, մի ներքին ծիծաղ, բայց բարի և ցավակցական ծիծաղ այն բոլորի վրա, ինչ որ տեսնում էր գոնե, այսպես թվաց ինձ հենց առաջին անգամից։

Ճաշի միջոցին, ինչպես և հետո, նա մի վայրկյան հանգիստ չէր մնում։ Մասնակցելով մեր խոսակցությանը, նա մերթ սեղմում էր շրթունքները, դառն ժպտում և ճակատը տրորում, որպես թե գլուխը ցավելիս լիներ, մերթ անսպասելի ցնցումներ էր գործում, որպես թե մի անախորժ բան էր լսում։ Եվ միշտ նրա կրակոտ աչքերը կայծեր էին ցայտեցնում։ Նրա նիհար ձեռները մի քիչ դողում էին, ձայնը երերվում էր խոսակցության ժամանակ և երբեմն խեղդվում կոկորդում։

Հետևյալ օրը ես ճաշի ժամանակ դարձյալ նստեցի նրա դեմուդեմ։ Նույնն արի և երրորդ, չորրորդ օրերը։ Կարծես, նրա դեմքի, մանավանդ աչքերի մեջ կար մագնիսական զորություն, որ չէր թողնում իմ հայացքը հեռացնել իրանից։ Մի բան ասելիս, նախ և առաջ նրան էի նայում։ Ինձ հաճելի էր նրան նայել։ Իսկ նա նայում էր ամենին և ոչ ոքի։ Թվում էր, որ նրա միտքը երբեք չի կենտրոնանում սեղանակիցների վրա, որ խոսելով մեզ հետ, մտածում է ուրիշ բաների մասին։

Հինգ դրկիցներից մեկը լեհացի էր, ծառայում էր մի ինչ–որ բանկում, մյուսը՝ ռուս ուսանող, մենք՝ հայեր, տանտիրուհիները՝ գերմանացիներ, ամենքս էլ խոսում էինք, իհարկե, ռուսերեն։ Այսպիսով մեր խումբը ներկայացնում էր մի միջազգային խառնուրդ, Զարիֆյանը սովորաբար նստում էր օրիորդների միջև։ Աջ ու ձախ ծառայելով մեկին ու մյուսին, նա երկուսին էլ հաճոյախոսություններ էր անում։ Մեծ քույրը Մելիտան նշանված էր մի գերմանացի երաժշտի վրա, շուտով պիտի ամուսնանար և այդ միջոցին զբաղված էր յուր հարսանիքի հագուստներով։ Նա գեղեցիկ չէր, բայց խելոք էր և բարի։ Իավական սիրուն էր փոքր քույրը՝ Ադելաիդան։ Նրա մազերը ոսկեգույն էին, դեմքը առողջ, աչքերը խոշոր և լի կենսուրախության հրով, վառվռուն, կազմվածքը կանոնավոր, միջահասակ։ Մի ուրախ ու զվարթ աղջիկ էր, միշտ երգում էր, միշտ թռչկոտում, միշտ ծիծաղում։ Եվ դա այնքան դաշնակում էր նրա պատանեկական հասակին, որքան ծիծեռնակի երգը՝ գարնան առավոտին: Մենք բոլորս սիրում էինք նրան ինչպես եղբայր, կատակներ էինք անում, բարկացնում, և նրա առողջ քրքիջների շնորհիվ մեր ճաշն անցնում էր զվարճալի:

Բայց այն օրից, երբ նոր դրկիցը դարձավ մեր ճաշընկերը, մեր խմբի միջազգային բնավորությունն սկսեց քիչ-քիչ փոխվել. նա չէր մասնակցում մեր կատակներին և զվարճախոսություններին, չէր ծիծաղում և ոչ օրիորդներով զբաղվում։ Կարելի էր կարծել, որ մի ծանր, անխուսափելի միտք անընդհատ տանջում էր նրան: Իսկ իմ հետաքրքրությունը օրեցօր ավելանում էր։ Փափագում էի, որքան կարելի է, շուտ և մոտիկ ծանոթանալ այդ մարդուն։ «է՛հ, մտածում էի, գուցե մի վիշտ ունի, գուցե կարոտ է ընկերական սփոփանքների, և ես կարող եմ оգտակար լինել»։ Ես նրան առաջ էլ տեսել էի մի քանի անգամ, բայց ծանոթ չէի: Նա սկզբում եղել էր Պետերբուրգի համալսարանում և հենց այն տարին էր տեղափոխվել Մոսկվա։

II

Մի անգամ մենք արդեն ճաշի էինք նստել գերմանական ճշտությամբ ուղիղ որոշյալ ժամին, իսկ մեր նոր սեղանակիցը դեռ չկար։ Դրա համար մենք առաջվա պես ուրախ էինք, մանավանդ օրիորդները։ Կար մի բարոյական զորություն այդ երիտասարդի մեջ, որ անբռնաբարելի կերպով ազդում էր մեզ վրա: Նայելով նրա մշտապես գունատ ու մելամաղձոտ դեմքին, մենք կամա-ակամա զսպում էինք մեր ծիծաղը և նայում միմյանց երեսին։

Արդեն ճաշը ավարտվելու վրա էր, երբ հանկարծ ներս մտավ և առանց սովորական բարևն ասելու, նստեց տեղը։ Այս անգամ նրա դեմքն ավելի էր գունատ, աչքերն այրվում էին՝ մռայլված և կնճռված ճակատի տակից կայծեր արձակելով։ Այդ միջոցին ռուս ուսանողը լեհացու հետ վիճաբանում էր մարդասիրական և բարեգործական գաղափարների մասին։ Դա ժամանակակից խոսակցության առարկաներից մեկն էր։

Ուսանողը պնդում էր, թե մարդասիրությունը այժմյան տնտեսական անկանոն կազմակերպության հետևանքներից մեկն է։

Լեհացին հերքում էր նրա ասածները։

Ռուս ուսանողը խոսում էր առանձին ոգևորությամր, երևի խրախուսված Զարիֆյանի հավանողական ժպիտներից և Մելիտայի ուշադրությունից։

Ո՛չ, գոչեց հանկարծ մեր նոր սեղանակիցը, գլուխը բարձրացնելով և նայելով ուղղակի ռուսի աչքերին, ոչ, դուք սխալվում եք։ Ձեր ասածները ցնորք են և ցնորք էլ կմնան, քանի որ անհատի հոգին չի ենթարկվել արմատական հեղաշրջման. հասկանո՞ւմ եք, արմատական...

Ի՞նչ եք կամենում ասել, պարոն Սանթուրյան, հարցրեց ռուսը զարմացած։

Զարմացանք մենք բոլորս էլ և մի հարցական հայացք ձգեցինք Սանթուրյանի վրա։

Ա՛յն, որ մեր հոգին է ապականված, մեր սիրտն է նեխված, և ոչ մեր միտքը խավար, պատասխանեց նա, մի ներվային շարժումով հեռացնելով իրանից ապուրի ամանը, որ աղախինը նոր էր դրել նրա առջև։ Մարդկությունը երբեք չի հասնիլ ձեր երևակայած վիճակին, քանի որ գիտությունն ու կրթությունն անընդունակ են գջլել արմատից մեր կրծքի տակ թաքնված, քարացած ու ապականված մսի կտորը և նրա տեղը դնել իսկական մարդկային սիրտ։ Լսեցե՛ք, մարդկային սիրտ եմ ասում... Դուք պախարակում եք բուրժուաներին, որոնք գոնե իրանց սեղանի փշրանքը ձգում են չքավորներին։ Բայց ի՞նչ կասեք այն կրթված ու կրթվող բարբարոսների մասին, որոնք խոսքով ի՛սկ և ի՛սկ ձեր պաշտպանած գաղափարներն են քարոզում, իսկ գործով ուտում են իրանց բարեկամի ոչ միայն միսը, էէ, դա քիչ է, այլև հոգին. հասկանո՞ւմ եք, հոգին։ Այո՛, ուտում են, մարսում և էլի գաղափարական մարդիկ համարվում։ Ախ, ներեցե՛ք տանտիրուհիներ, ես այսօր ախորժակ չունիմ․ ներեցե՛ք պարոններ․․․

Այս ասելով, շտապով վեր կացավ և գնաց յուր սենյակը։ Մենք նայեցինք միմյանց երեսին։ Զարիֆյանը քթի տակ ժպտաց, գլուխը շարժեց և ինչ-որ խոսք ասաց Ադելաիդային։ Իսկ ես չկարողացա զսպել իմ հետաքրքրությունը, թողի սեղանը և գնացի Սանթուրյանի հետևից։ Մոտենալով նրա դռներին, մի քանի վայրկյան տատանվեցի մտնե՞լ, թե ոչ։ Մինչև այդ օրը նրա սենյակում չէի եղել և ոչ էլ նա էր ինձ այցելել։ Բայց իմ ձեռը, գրեթե, ակամա երկու անգամ զարկվեց դռներին, և ներսից լսվեց նրա հուզված ձայնը «մտե՛ք»։ Երբ ներս գնացի, նա անկողնակալի վրա թերթերի մեջ շտապով փաթաթում էր ամառային վերարկուն։

Ներեցե՛ք ես անքաղաքավարի վարվեցի․ ա՜խ, ներեցեք, կրկնեց նա, յուր այլայլված դեմքը դարձնելով ինձ։ Դուք, երևի ինձ խելագար եք համարում։ Գուցե իրավունք ունիք։ Բայց ես շատ ուրախ եմ ձեր այցելությանը․ ցավում եմ միայն, որ պետք է գնամ․․․ Գիտե՛ք, գործը անհետաձգելի է, իսկ ես անսիրտ, դեռ ուզում էի ճաշել․․․

Նա գործը վերջացրեց, հագավ ձմեռային վերարկուն՝ և դուրս գնաց, հետը տանելով կապոցը։

Ես հիմարի պես ապշած, նայում էի նրա հետևից։

Մի ժամ անցած, երբ հագուստով պառկած անկողնակալիս վրա, մտածում էի դեռ այդ մարդու տարօրինակ վարմունքի մասին, լսեցի իմ դռների ձայնը։ Ներս մտավ Սանթուրյանը, և ես լամպի լուսով նշմարեցի, որ այժմ նրա դեմքը հանգիստ է։

Կրկին անգամ ներողություն. գնանք իմ սենյակը՝ միասին թեյ խմելու։

Նա բարեկամաբար բռնեց իմ թևից և տարավ ինձ յուր սենյակը։

Ես չափից դուրս վրդովված էի, ասաց նա, թեյ պատրաստելով, այժմ ոչինչ, անցավ․․․

Բայց ի՞նչ է պատահել։

Դժբախտություն. ո՛չ, տմարդություն։ Մի շատ սովորական, բայց սոսկալի տմարդություն. ընկերի տմարդություն՝ ընկերի վերաբերմամբ։ Լսեցե՛ք, եթե կամենում եք։

Նրա պատմածից երևաց, որ յուր ծանոթ ուսանողներից մեկը հիվանդ է։ Նա համալսարանում լսում է այդ մասին, գնում է հիվանդին այցելելու։ Տեսնում է, որ մարդը մենակ, անօգնական պառկած է։ Ոչ բժիշկ է գալիս, ոչ դեղերի փող ունի, նույնիսկ թեյ-շաքարն էլ վերջացել է։ Դա մի խեղճ մալարոս էր, ամենից ատված, արհամարհված։ Արհամարհված այն պատճառով, որ նրա մայրը վատ ճանապարհի էր եղել և հենց այն ժամանակ էլ էր։ Նա մի անհայտ դժբախտ զավակ էր, որ կրում էր անառակ մոր հանցանքի պատիժը։

Երևի, Ժառանգականության օրենքների հիման վրա, գոչեց Սանթուրյանը, հետզհետե նորից հուզվելով, չէ՞ որ մենք այժմ անգիր ենք անում Դարվինի թեորիան։ Երևակայեցեք, նա ամաչում է անգամ ընկերների օգնությանը դիմելու այդ նեղ վիճակում։ Դժբախտաբար ես գրպանումս միայն հիսուն կոպեկ ունեի։ Ի՞նչ կարելի էր անել։ Վազեցի մեկի, մյուսի, երրորդի մոտ․ բոլորը մերժեցին ինձ հինգ ռուբլի տալու։ Վերջապես, դիմում եմ չորրորդին։ «Փող չունիմ» ասում է։ Է՛հ, ի՞նչ արած, ստիպված դուրս եմ գալիս ձեռնունայն։ Սանդուղքի վրա հանդիպում եմ նրա աղախնին։ Կինը, մի ձեռին բռնած մի շիշ թանկագին խմիչք, մյուս ձեռի ափում սեղմած մի բուռն թղթադրամ, դիմում է նրա սենյակը։ Մի չար միտք ինձ թելադրում է, որ մեր փող չունեցող պարոնը յուր ընկերներին այս երեկո շաքարօղիով հյուրասիրելու համար քսասհինգանոց է ուղարկել խմիչքների խանութը... Ահա ինչեր են պատահում։ Իսկ այդ ուսանողը միշտ բարձր բաների մաս՛ին է խոսում... Օօ՜, զզվում եմ միանգամայն այդ խոսքերից․ ահա ինչու այսօր այնքան կոպիտ պատասխանեցի մեր սեղանակցին. ..

Նրա խոսքերի մեջ զգացվում էր մի անկեղծ հոգու բնական վրդովմունք։

Ինչո՞ւ ինձ չդիմեցիք, ես փող ունեի, ասացի ես։

Առայժմ կարիք չկա. ես նրա համար փող գտա...

Հարկավոր չէր հարցնել իմանալու համար, թե Սանթուրյանը որտեղից է փող ճարել։ Նա անշուշտ գրավ էր դրել իր ամառային վերարկուն։

Այդ երեկո երկար ժամանակ մնացի նրա մոտ և բավական ծանոթացա նրա հայացքներին։ Չնայելով տարիքին, նա անհամեմատ ավելի զարգացած էր, ավելի շատ կարդացած և կարդացածը լավ ըմբռնած, քան բոլոր իմ ծանոթ ուսանողները։ Խոսում էր լուրջ բաների մասին։ Երբեմն նրա միտքը այնպիսի թռիչքներ էր գործում, որ ես հազիվ կարողանում էր երևակայությամբ հասնել նրան։ Նրա ոչ մի դատողությունը սովորական չէր, ոչ մի դարձվածք անգամ չէր արտասանում այնպես, ինչպես ուրիշները։

Նա զգայուն էր և անչափ զգայուն։ Նրան վրդովեցնում էր մարդկանց անտարբերությունը դեպի հալածվածները, չքավորները, խեղճերը։ Եվ այդ մասին խոսելիս, ավելի էր հուզվում, գունատվում, նրա ձայնը ավելի էր դողում։ Իսկ աչքերը կրակի այդ անսպառ աղբյուրը շարունակ կայծեր էին արձակում։

Ո՛չ, ես այդ տեսակ շարժուն դեմք կյանքումս էչ չեմ տեսել։ Մարդը, կարծես, ամբողջովին բաղկացած էր ներվերից։

Այնուհետև մերկ ներվերից։ Այնուհետև ես երբեմն գնում էի նրա սենյակը կամ ինքն էր գալիս ինձ մոտ: Նա խոսում էր ամեն բանի մասին, բացի մեկից յուր անձնավորության և ընտանեկան վիճակի։ Իսկ ես, հարկավ այդ մասին չէի հարցնում։ Միայն ինձ թվում էր, որ նրա ազգանունը ինձ ծանոթ է, որ ես մի տեղ լսել եմ, թե կարդացել նրա մասին մի պատմություն։

Ես սիրեցի նրան։ Սիրում էր արդյոք նա էլ ինձ, չգիտեի։ Զգում էի միայն, որ իմ այցելությունները նրան չեն ձանձրացնում։ Մեր սենյակները միմյանցից բաժանված էին Զարիֆյանի սենյակով։ Երբեմն Սանթուրյանի ձայնը լսում էի իմ հարևանի մոտից։ Շուտով նկատեցի, որ Զարիֆյանը արդեն գրավել է նրա համակրությունը...

III

Մելիտան պսակվեց և ամուսնու հետ տեղափոխվեց Օդեսա։ Մեր խմբի միակ զարդը մնաց Ադելաիդան, Զարիֆյանը սկսեց ավելի հետամուտ լինել նրան։ Թե ինչ ուներ սրտումը՝ այդ դժվար էր իմանալ նրա նման մի գաղտնապահ և խորամանկ մարդուց։ Միայն այդ երիտասարդի հարաբերությունը դեպի օրիորդը ինձ դուր չէր գասլիս, ինչպես և նա ինքն առհասարակ։ Երբեմն նկատում էի, որ օրիորդի հետ խոսելիս, նրա քծնող աչքերի մեջ փայլում էր վավաշոտություն։ Ճշմարիտ է, Ադելաիդան չէր փախչում աչքի քաղցր և խորհրդավոր ժպիտներից, բայց նկատում էի, որ աչքի տակով դիտում է Սանթուրյանին և ավելի ուշադիր է դեպի նա։ Մինչդեռ ամեն բանի վերաբերմամբ զգայուն երիտասարդը տակավին անտարբեր էր նայում սիրուն օրիորդին։

Իմ բարեկամությունը Սանթուրյանի հետ օրեցօր դառնում էր մտերմական, բայց նրա ընտանեկան կյանքը ինձ համար դեռևս անթափանցելի էր։ Այն ուսանողը, որին օգնելու համար նա գրավ էր դրել վերարկուն, թոքախտ ուներ, շուտով մեռավ։ Նրա թաղման օրը Սանթուրյանը առավոտ կանուխ ինձ զարթեցրեց և խնդրեց տալ տասնհինգ ռուբլի պարտք։ Բարեբախտաբար մոտս փող կար, տվի։ Նա խելագարի պես դուրս թռավ և շտապով հայտնեց ինձ այն հիվանդանոցի տեղը, ուր խեղճ ուսանողին փոխադրել էին վերջին ամիսը։

Այդ օրը ինձ համար կմնա անմոռանալի։ Ես գնում էի հանգուցյալի դագաղի հետևից՝ տասի չափ աղքատ ուսանողների հետ։ Ներկա էր և Զարիֆյանը։ Նա յուր դեմքին տվել էր հանդիսին վայել տխուր, միայն իմ կարծիքով կեղծ՝ արտահայտություն։ Բայց, աստված իմ, այն ի՞նչ վիճակի մեջ էր Սանթուրյանը։ Երբեք մի հանգուցյալի դագաղի շուրջը ևս չէի տեսել այդքան ճնշված, ընկճված, վշտալի կերպարանք։ Թաղման հոգսերը նա յուր վրա էր առել։ Եվ հեռավոր Կովկասից եկած մարդը մի օտարազգի ուսանողի դագաղին հետևում էր այն վիճակում, որի մեջ գուցե միայն հարազատ մայրը կարող էր լինել։

Ի՞նչ կապ կար նրանց մեջ, հարցրի ես մի ուսանողից։

Ոչինչ․ նրանք միևնույն ֆակուլտետի ուսանողներ էին․ ահա բոլորը, պատասխանեց նա։

Դիակառքը հասավ գերեզմանատուն։ Միակ քահանան և միակ տիրացուն՝ կատարեցին վերջին կարգը։ Այն րոպեին, երբ չորս զույգ բիրտ ձեռներ ուզում էին դագաղը իջեցնել գերեզման, Սանթուրյանը բանվորներին ձեռով նշան տվեց սպասել։

Նա կանգնած էր գերեզմանից հանած թարմ հողի բարձրության վրա, դագաղի ոտքի կողմը։ Նրա այտերը և ականջները ցրտից կապտել էին, շրթունքները դողում էին, ատամները զարկվում էին միմյանց, իսկ աչքերը դարձյալ կրակ էին արձակում։

Ձեռի մի ջղային շարժումով նա հետ ձգեց լայն ճակատի վրա սփռված գանգուր մազերը։ Նա սկսեց խոսել։ Սկզբում նրա ձայնը երերվում էր, շրթունքները ցրտից անզոր էին արտահայտել խոսքերը։ Բայց այս տևեց միայն մի քանի վայրկյան։ Նա հաղթեց ցրտին, զսպեց ներքին հուզմունքը, ձայնը բարձրացրեց։

Երբեք ես չէի լսել մարդկային խոսքը՝ բխած սրտի այդքան անհուն խորությունից։ Դա դամբանական չէր, այլ մի ամբողջ ողբերգություն։ Նա մռայլ գույներով նկարագրում էր հանգուցյալի բարոյական վիճակը, պատկերացնում էր նրա դիրքը ընկերների շրջանում։ Ամբողջ ժամանակը խեղճը ենթարկված է եղել մի խուլ և անլուր արհամարհանքի։ Իբրև զգայուն և հիվանդ մարդ, նա չի կարողացել սառնարյուն տանել այդ արհամարհանքը և օր-օրի վրա ընկճվել է նրա ծանրության ներքո։ Եվ ի՞նչ է եղել նրա հանցանքը։ Միայն յուր մոր մոլորությունը, որ բերանից-բերան պատմվելով, հայտնի է եղել ամբողջ համալսարանին։

Դա էր Սանթուրյանի դամբանական միտքը։ Եվ նա, այդ կենդանի փաստը հիմք վերցրած, արծարծում էր մի ամբողջ գաղափար անհատի և շրջանի մասին։ Նա մի բարբարոսական զոհ էր համարում հանգուցյալին, զոհ մարդկային եսամոլության, գոռոզության, կեղծ պատվասիրության։

Նրա ձայնը ցրտից թանձրացած օդի մեջ այժմ արձակում էր երկաթի սուր հնչյուններ, այլևս չէր դողդողում, չէր խեղդվում կոկորդումը։ Նա թվում էր ամբողջովին մի կենդանի և սոսկալի բողոք ընկերների անիրավության դեմ։ Ա՜խ, որքան ցավում եմ, որ նկարիչ չեմ։ Այդ պահին նա այնքան գեղեցիկ էր, գրավիչ և ազդու յուր կերպարանքով, որ կարող էր ոգևորություն ներշնչել մի հանճարեղ վրձինի։ Ամենքն զգացվեցին։ Իմ հոգուն տիրել էր մի անսովոր ջերմություն։ Ցուրտը ինձ համար անզգալի էր դարձել, ես ամբողջովին հափշտակվել էի Սանթուրյանի վառվռուն խոսքերով և նրանց խոր իմաստով։

Տեր աստված, ո՛րքան պերճախոս է, ո՛րքան կրակ կա այդ մարդու սրտում, և ո՛րքան ուժ նրա ձայնի մեջ, մտածում էի ես:

Ես արտասվեցի, նաև մի քանի ուրիշները, բայց ոչ Զարիֆյանը:

Հանդեսը վերջացավ և մենք, Սանթուրյանի խոսքերի խորին տպավորության տակ, վերադառնում էինք տուն։

Դուք կարող եք պարծենալ ձեր հայրենակցով, նա տաղանդ է, ասաց ինձ մի լեհացի ուսանող։

Այո՛, ես անկեղծ պարծենում էի իմ հայրենակցով։ Եթե նա յուր դամբանականը գրեր, մի սքանչելի էպոպեա դուրս կգար, եթե արտասաներ մի մեծ հանդիսում- հազարավոր քարացած սրտեր կշարժեր։ Նա տաղանդ էր, և անխառն, ինքնուրույն տաղանդ։

Լավ խոսեց մեր հայրենակիցը, բայց խոսողը նա չպիտի լիներ, դարձավ ինձ Զարիֆյանը։

Ինչո՞ւ նա չպիտի լիներ։

Այնտեղ գրեթե բոլորը գիտեն նրա հոր պատմությունը։

Ի՞նչ պատմություն, ի՞նչ եք ասում, գոչեցի ես հետաքրքրված։

Է՛հ, ուրեմն ձեզ հայտնի չէ։ Նրա հայրը բանտումն է․ ո՞վ գիտե, գուցե շուտով աքսորվի...

Ի՞նչ հանցանքի համար։

Կարծես կովկասցի չեք և հայ։ Միթե չե՞ք կարդացել Սարգիս Սանթուրյանի դատը՝ յուր ապահոված տունը կրակ գցելու մասին։ Այդ դատը ահագին աղմուկ հանեց։ Նրա մասին գրեցին նույնիսկ այնտեղի և Պետերբուրգի մեծ լրագրերը։

Ահա ինչ։ Ես մտաբերեցի, թե ինչու Սանթուրյան ազգանունը ինձ ծանոթ էր թվում։ Արդարև, այդ դատը աղմուկ էր հանել։ Մի քանի հրապարակախոսներ Սարգիս Սանթուրյանին ցույց էին տվել իբրև ազգային ընդհանուր տիպար և այս հիման վրա հարձակողական հոդվածներ գրել ամբողջ հայ ազգի դեմ, Սանթուրյան ազգանունը դարձել էր նախատական մակդիր հայերի մեջ, մանավանդ «ազգասերների» շրջանում։

Զարիֆյանի խոսքերի մեջ ես զգացի մի տեսակ սատանայություն։ Բայց եթե նա, մեր ընկերոջ ընտանեկան տխուր պատմությունն ինձ հիշեցնելով, ուզում էր իմ մեջ արհամարհանք զարթնեցնել՝ չարաչար սխալվում էր։ Ես այնուհետև սկսեցի ավելի սիրել Սանթուրյանին։

Այժմ ես այցելում էի նրան գրեթե ամեն օր և միշտ զբաղված էի գտնում։ Նա իսկույն գործը թողնում էր և սկսում ինձ հետ զրուցել։

Հազիվ էր պատահում, որ նա հոգով քիչ թե շատ անվրդով լիներ, միշտ հուզված, միշտ շփոթված։ Ամեն մի անարդարություն, թե՛ առհասարակ կյանքի մեջ և թե ընկերների շրջանում, պղտորում էր նրա սիրտը։ Իսկ անարդարություններ շատ էր տեսնում և միշտ հանդիսանում էր պաշտպան հարստահարվածին, զրկվածին, թույլին և խեղճին։ Մի անգամ ինձ մոտ կարդաց, թե ինչպես Խարկովում մի կին տանջել է յուր խորթ աղջկան և սպանել և սկսեց երեխայի պես հեկեկալ։

Նա չէր խոսում միայն յուր հոր մասին, և այս հանգամանքը ինձ թվում էր միակ սև գիծը նրա անհերքելի ազնվության մեջ։

Շուտով ես իմացա, որ նրա հայրենակից ուսանողներից շատերը աշխատում են փախս տալ նրանից, անպատված ու ապականված համարելով Սանթուրյանի ազգանունը։ Եվ ոմանք այդ համարում էին հայրենասիրություն։ Թող, ասում էին, օտարները հասկանան, որ մենք էլ գիտենք պատմել մեր հասարակության մեջ երևացող ախտերը։

Նա ինքը վատ տղա չէ, բայց շատ է պաշտպանում հորը, ասում էր մեկը։ Նա ազգային հպարտություն չունի։

Եթե նա լավ մտածեր, վաղուց հրաժարված կլիներ հորից ասում էր մյուսը։

Նա ինքը առաջինը պետք է ապտակեր նրան, գոռում էին ավելի արմատականները։ Ապտակել հարազատ հո՜րը։ Օ՜օ, երիտասարդություն, երիտասարդություն։ Բարոյականության այդ անողոք ասպետներից շատերը այժմ կյանքի մեջ են։ Եվ ի՜նչ, դեռ երեկ նրանցից մեկին տեսա դատարանում՝ փրփուրը բերանին մի բանկ կողոպտած պարոնի պաշտպանելիս։

Ես նկատում էի, որ ընկերների այդ խիստ վարմունքը ազդում է Սանթուրյանի վրա, և ազդում է շատ ծանր։ Նա այնքան ինքնասիրություն ուներ, որ ինքն էր փախս տալիս ամենից, ոչ ոքի չէր այցելում, և ոչ ոքի էլ չէր ուզում ընդունել իր մոտ։ Միայն Զարիֆյանը նրա հետ գեթ արտաքուստ բարեկամություն ուներ։ Այդ մարդը քանի-քանի անգամ իմ ներկայությամբ օգտվել էր Սանթուրյանի բարեկամությունից։ Մինչդեռ ես մի անգամ չտեսա, որ նա գեթ ամենաթույլ կերպով պաշտպաներ Սանթուրյանին յուր ընկերների մոտ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Կրակ"

Ятук Музыка
Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение
Георгий Гурджиев

Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение

Карфаген, 1968
Карфаген, 1968
Играть онлайн