Александр Ширванзаде

Հայ պեստալոցցին

Անցյալ կիրակին կարմիր կիրակի էր։ Չգիտեմ ուրիշ քաղաքներում նա ինչ գույն ուներ, Թիֆլիսում մոխրագույն էր, իսկ շրջակա սարերի վրա սպիտակագույն։ Երկինքը իր աչքունքը այնպես թթվացրել էր, որ կարծես ռևիզիայի ենթարկված բանկի կառավարչի կամ բաժանորդ չունեցող հայ խմբագրի դեմք լիներ։

Թեև անձրևում էր, բայց տնից դուրս գալ կարելի էր։ Ճաշից հետո գնացի շրջակա Մախաթի սարի ստորոտը, դեպի Արսենալների կողմը։ Այստեղ ի պատիվ օրվա տոնին, որին ռուսները «Կրասնայա Գորկա» են կոչում, մի հանդես կար։ Մի ընդարձակ հրապարակի վրա սարքել էին ճոճանակներ, բարձր սանդուղքներ, տրապեցիաներ և կարուսելներ։

Շարմանկան նվագում էր, ամբոխը թռչկոտում ճոճանակների վրա՝ հարբած այծերի նման։ Այստեղ ես տեսա «հինավուրց, դպրոցի» բոլոր աշակերտներին։ Հոգաբարձության վճռով նրանք դուրս էին եկել կրթական նպատակով արշավանք (էքսկուրսիա) կատարելու։ Ամեն մի աշակերտ իր հետ բերել էր նախաճաշիկ. մի ձու և մի ընկույզ։ Արշավանքին ուղեկցվում էր հռչակավոր հայ Պեստալոցցին, որին աշակերտները «փայտյա, իշխան» են անվանում իրանց մեջ:

«Հառա՜ջ, հառա՜ջ օն անդր, հառա՜ջ», գոչեց հայ Պեստալոցցին «Մեսրոպյան տառերի ճիշտ արտասանությամբ, և աշակերտները մրջյունների պես թափվեցին՝ կարուսելի վրա: Անշուշտ դուք գիտեք՝ ինչ ասել է կարուսել։ Դա մի հաստ սյունի վրա շինած կոլորակ ծածկոց է, որի տակ ամրացրած են նստարաններ ձիերի, եզների, սագերի և էշերի ձևով։ Մարդիկ նստում են այդ եզների, սագերի, էշերիև ձիերի վրա, շարմանկան նվագում է և ծածկոցը պտտում, իր հետ պտտեցնելով և էշերի, եզների, սագերի և ձիերի վրա նստած մարդկանց։

Հինավուրց դպրոցի աշակերտների զվարճությանը չափ չկար։ Բայց հայ Պեստալոցցին այն համոզմունքին էր որ ամեն մի զվարճություն պետք է կրթական նշանակություն ունենա։ Ուստի նա հանեց մի հեղինակավոր գերմանացի մանկավարժի ձեռնարկներից մեկը, երեսը շուռ տվեց աշակերտներից և թաքուն անգիր արեց մի հատված։ Ապա, բարձրանալով մի քարի վրա և իր դեմքին պառլամենտեոր-լորդի լրջություն տալով՝ սկսեց կարուսելի օրինակով պարզաբանել տիեզերքի մի օրենքը։

«Տղերք, ասաց նա, պետք է իմանանք, որ տիեզերքում ամեն բան պտտում է ճիշտ այնպես, ինչպես այդ կարուսելը և դուք։ Օրինակ, մեր երկրագունդը պտտում է արեգակի շուրջը, լուսինը՝ երկրագնդի շուրջը և այդպես, անընդհատ, գիշեր-ցերեկ։ Բայց մի տարբերություն կա, որի վրա դարձնում եմ ձեր ուշադրությունը: Երկրագունդը և լուսինը պտտում են առանց որևէ հենարանի, իսկ դուք (այդ միջոցին շարմանկան նվագեց «Ռոբերտ դիավոլից» մի արիա), դո՛ւք, մեր հինավուրց դպրոցն եք այսօր ներկայացնում, այդ սյունի շուրջ պտտում եք էշերի, ձիերի և սագերի վրա նստած և նրանց օգնությամբ։ Ուրեմն ձեր դիրքն ավելի հաստատ է, քան թե տիեզերքինը։ Օրհներք աստծուն և միշտ առաջ, առաջ, անդադար առաջ ընթանանք»․․․ Ավարտելով իր խոսքը, Պեստալոցցին ձեռով հրեց սագերից մեկին, և ծածկոցը սկսեց ավելի արագ պտտել։ Աշակերտները նայեցին ցած և ապշած մնացին, տեսնելով, որ իրանք, որ ներկայացնում են մի ամբողջ հինավուրց դպրանոց, անդադար պտտում են, պտտում և միշտ միևնույն տեղն են․․․

Եվ միշտ նույն տեղում կպտտեք, ասացի, թողնելով կարուսելը և հեռանալով։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Элегия
Арно Бабаджанян

Элегия

Старый дом Кахала
Старый дом Кахала
Играть онлайн