Александр Ширванзаде

Գեղարվեստական ժողով

Սքանչելի էր անցյալ կիրակի հայոց դրամատիկական ընկերության անդամների ընդհանուր ժողովը։

Գեղարվեստը ժպտում էր Արտիստիքական ընկերության փառահեղ դահլիճի բոլոր անկյուններից։

Ներկա էին հայկական աշխարհի բոլոր էսթետիկները, սկսած հիսնամյա խայտաճամուկ «երիտասարդներից» մինչև քսանուհինգամյա մռայլ ծերունիները։

Միաձայն համաձայնությամբ ժողովի նախագահ ընտրվեց մեր անզուգական և մշտադալար Համբարձում ամին։ Նա օրուկես առաջ նախագահ էր Թավրիզի էիլավա թաղի երկրորդ (կա և առաջինը) Գրականական ընկերության ընդհանուր ժողովին և իսկույն ևեթ օդապարիկով տեղափոխվեց Թիֆլիս։ Ինձ ասացին, որ երեք օր անցած նա պիտի ներկա լինի Ամստերդամի խաղաղասիրաց ժողովում, միևնույն ժամանակ ճանապարհին ռեֆերատ կարդա Ռուսիայի մի քանի այլազան ժողովներում։

Առաջին կարգում փառավորապես բազմած էր Թիֆլիսի լուսավորության իշխանը։ Մեր այս բիկոնսֆիլդի աջ ու ձախ կողմերում շարե-շար նստած էին ազգիս երևելիները, ի միջի այլոց, և ես:

Նախագահը քնթով «քր՛հ» արավ, երկու մատներով սեղմեց պնչերը և ահեղագոչ ձայնով ժողովը բացված ազդարարեց։

Տիրեց ընդհանուր լռություն։ Գեղարվեստագետները իրանց տեղերը դրստեցին։

Արևի պայծառ շողքերը հեղեղվեցին ներս։ Օդը փափկացավ։ Տրամադրությունները դարձան միանգամայն էսթետիկական։ Մի քանի անհանգիստ դերասաններ պատրաստվեցին իրանց սրտերում կուտակված թույնը, վերջապես, թափելու վարչության գլխին։ Իսկ վարչության անդամները իրանց բեղերը ոլորեցին թույնին թույնով պատասխանելու։

Նախքան կռիվն սկսելը, վարչության անդամ Տիգրան Հովհաննիսյանը հանդիսավոր կերպով խոստովանեց, թե վարչությունը մոռացել է մի բան, որ ծտի հիշողություն ունեցողն անգամ պարտավոր էր չմոռանալ, այն է, մոռացել է հարգել իր ներկայությամբ տարեդարձի հոգեհանգիստը հանգուցյալ այրի Մակարյանի, որ հօգուտ ընկերության կտակել է 3000 ռուբլի։ Ի դեպս ասած, մի կտակ, որ շփոթեցրել է հայ բարեգործներին և նրանց շրջանում հարց զարթեցրել. «այդ ինչ բան է թատրոնը, որի օգտին կտակ է արել հայ կինը»։

Ժողովը նկատելով Տիգ. Հովհաննիսյանի վարչության կողմից կարմրելը, որոշեց հանգուցյալ կտակարարի հիշատակը հարգել մի առանձին հոգեհանգստով։

Ապա վարչության գանձապահ բժիշկ Խատիսյանը կարդաց ընկերության տարեհաշիվը։ Երևաց, որ մեր թատրոնական գանձարանը չծաղկած՝ չորանում է և շուտով մկների զբոսավայրը պիտի դառնա։ Թեև պ. Խատիսյանը հաշիվը կազմել էր շատ ճիշտ, շատ մաքուր, շատ օրինակելի, բայց նա ինքը բարեհաճեց սրախոսել իր մասին։ Նա ասաց, որ եթե իր կազմած հաշիվը ուղարկի որևէ ցուցահանդես՝ «ՉՔԱՆՇԱՆԻ» չի արժանանալ։ Ժողովը միաձայն եկավ այս եզրակացության, թե հարգելի գանձապահի հաշիվը ընդհակառակը ամենախիստ ժյուրիի կողմից, իսկ կարող է արժանանալ «ՁՔԱՆՇԱՆԻ», վասնզի նա «ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ» կատարելատիպ է ներկայացնում թատրոնի գանձարանը։ Միանգամայն ցանկություն հայտնվեց, որ այսուհետև վարչության հաշիվներն արժանանան ոչ թե «ՉՔԱՆՇԱՆԻ», այլ շքանշանի։ Այս նպատակով որոշվեց վարչության վրա պարտականություն դնել թատրոնի գանձարանը չքավորությունից ազատելու՝ ժողովարարության միջոցով։

Խատիսյանը հավանություն չտվեց այդ վճռին, երևի, գերադասելով «ՉՔԱՆՇԱՆԸ» շքանշանից։

Այնուհետև սկսվեց պայքարը։ Դերասան Աբելյանը բաց արավ մի մեծ տոպրակ, որ լիքն էր դերասանների դժգոհություններով վարչության դեմ։ Եվ տոպրակից տեղացին մեղադրանքներ՝ մեղարդանքների հետևից։ Պարզվեց, գլխավորապես, որ վարչությունը շատ ինքնուրույն կերպով է վարում մեզնում թատրոնի գործը։ Ես մոռացել եմ Աբելյանի բոլոր ասածները։ Ընդհանուր միտքը այն է, թե վարչությունը մեծ մասամբ տրամադիր է քնելու, քան արթուն մնալու, թե նրա քունը մանավանդ սաստկանում է այն ժամանակ, երբ իսկապես պիտի արթուն լինի, այսինքն ամառը, երբ հարկավոր է պիեսներ ընտրել, խումբ կազմակերպել, թատրոն վարձել և այլն և այլն։

Վեր կացավ տեղից և ուստավը ձեռքին մի առ մի հերքեր Աբելյանի ասածները Տիգ. Հովհաննիսյանը։ Հերքումը նույնչափ պերճախոս էր, որքան և մեղադրանքը։ Թիֆլիսի լուսավորության իշխանը ձեռով իշխանական նշան արավ, որ վեճին վերջ տրվի։ Եվ բոլորը սարսափած լռեցին։ Եվ ոչինչ չպարզվեց: Եվ ես ոչինչ չհասկացա։

Ապա, դուն իս իմ պարունը, սկսվեց ժողովի ամենանշանավոր զբաղմունքը ընտրություններ։ Պետք էր ընտրել վարչության հերթով հրաժարվող երկու անդամների պ. պ. Յ. Տիգրանյանի և բժշկապետ Վահան Արծրունու փոխարեն նորերը։ Ժողովը միաձայն խնդրեց պ. Տիգրանյանին շարունակել անդամ և նախագահ մնալու։ Նա համեստաբար մերժեց, բայց վերջ ի վերջո զիջեց ժողովի տրամադրությանը։

Ժողովը վերջացավ ընդհանուրի տկողինակերությամբ, վասնզի ամենքը քաղցած էին։ Շատերը նախագահի բաժանած տկողիները փոխանակ ընտրողական արկղերը գցելու, իրանց փորերն էին գցում։

Նույնը արի և ես։


Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Песня Айсоров
Георгий Гурджиев

Песня Айсоров

Подсолнух
Подсолнух
Играть онлайн