Аксель Бакунц

Պրովինցիայի մայրամուտը

1

Ճշմարտության դեմ կմեղանչենք, եթե այս տարածությանը, որ կոչվում է Աստաֆյան, անվանենք փողոց, որովհետև մեր քաղաքում այս փողոցը հռչակված է նաև իբրև ժամադրավայր, նավահանգիստ, այն հին մակույկների համար, որոնք հանդարտ օրորվում են վերից վար, այսինքն «անցնում են և բարձրանում»։ Նա և պատկերասրահ է, այն տարբերությամբ, որ պատկերները զբոսնում են և մի օրվա ընթացքում հետաքրքրասեր մեկը կարող է տեսնել նաիրյան հոգևոր կուլտուրայի բազմաթիվ ներկայացուցիչների։ Այս փողոցն ունի նաև վատ համբավ, եթե մեկը կամենում է ցույց տալ իր բացասական վերաբերմունքը մի տեղեկության կամ կարծիքի մասին,− ասում է՝ «Աստաֆյան փողոցի զրույց է»։ Վերջապես կարելի է մեջտեղ բերել մի այլ ապացույց, որով աներկբա կդառնա այն, որ այս տարածությունը սովորական առումով փողոց չէ, այլ ունի այնպիսի հատկանիշներ, որոնցից զուրկ են քաղաքի մյուս փողոցները։ Նկատված է, որ այստեղ երկար տարիներ ժամադրվողներին, հանգստացողներին, փողոցում վիճաբանողներին և առհասարակ այս տարածության սիրահարներին հատուկ է մի առանձին քայլվածք՝ մի տեսակ հոգևոր երթ, երբ մարդը թեքում է վիզը, գնում է իրանը օրորելով, աչքերի առաջ մեռած մառախուղ և մառախուղի մեջ անիրական մի աշխարհ։ Մեր ծանոթներից մեկը, որ մասնագիտությամբ բժիշկ է, տպագրության համար պատրաստ ունի մի գիտական շարադրություն, որով ապացուցված է համարում մի առանձին՝ նրա տերմինով ասած՝ «էրիմենյան ախտի» գոյությունը և միանգամայն գիտականորեն բացատրում է այն պակասությունները, որ հատուկ են այս փողոցի սիրահարներին։

Կարող ենք թեթևակի պտույտ անել մեր քաղաքի մի քանի փողոցներում, որպեսզի համոզվենք, որ քաղաքի փողոցներից ոչ մեկը չունի այն առանձնահատուկը, միակը և անկրկնելին, ինչ որ այս թյուրիմացաբար փողոց կոչվող տարածությունը։

Քաղաքն ունի Կույր փողոց, որ վերջանում է այգիների ճանապարհով. Տպագրիչների փողոց, որտեղ մեծ մասամբ ապրում են պղնձագործ արհեստավորներ. Բաղնիքի փողոց, ուր երկու ատամնաբույժ կա և պարսկական հին բաղնիսից մնացել է միայն մի խոր գուբ, որ հետզհետե լցվում է բակերի աղբով։ Կան փողոցներ, որոնց բնակիչները տառապում են հարատև հարբուխով, լռակյաց և տխուր մարդիկ են, ինչպես գերեզմանափորները և ժամագործները։ Կան զարմանալի փողոցներ, որոնք ունեն ցածր դռնակներով պատեր և երգող ջրեր։ Կանուխ է իջնում մութն այդ փողոցներում և խավարն ավելի թանձր է, քան հարևան փողոցում, որտեղ գիշերային ժամերին կարելի է տեսնել արթուն և զվարճացող բնակիչների։ Պատահել է մեզ տեսնել հին փողոցներ, որտեղ ամեն քայլափոխի մի բան գրավել է մեր անզբաղ ուշադրությունը։ Մի տափակ կտուրով տան ամբողջ ճակատը զարդարված է գունագեղ աղյուսներով, որոնց համակարգության մեջ կա թաքնված իմաստ, մի ուրիշ տուն ունի երազային պատշգամբ, կապույտ ճաղերով և թվում է, թե ահա ցածր դռնակը կբացվի և նշաձև աչքերով մի աղջիկ դուրս կգա պատշգամբ, և, ինչպես երազ, նորից կանհետանա։ Ահա մի գետնափոր տուն, որ դրսից լուսամուտ չունի և գորշ պատի մեջ չի երևում դուռը։ Կարծես դեղնած այգիներում ամայի հնձան է, որտեղ այլևս չկա ո՛չ միրգ, ո՛չ երգ։ Սակայն գետնի տակից լսվում է երեխայի լաց, և գետինը թնդում է փայտե օրորոցի զարկերից։ Ու չքանում են պատերը, տեսնում ենք մորը՝ կռացած օրորոցի վրա, և մոռացված մի երգ օրորում է ձեր մանկությունը։ Ահա մի ուրիշ փողոց, որի միջով գնում է բարակ գետը։ Տները գետափին են և շատ պատշգամբներ կախված են ջրերի վրա։ Տնից տուն կամրջակներ են, որ գարնան հեղեղին բարձրացնում են վեր։ Ի՜նչ քաղցր է զով գիշերը քնել ջրերի վրա կախված պատշգամբում, լսել ջրի ձայնը և զգալ գետի հունով սարերից իջնող հովը։ Իսկ եթե պատշգամբի վրա շողք է գցել դեղձենին և նրա ստվերի միջով ջրերի մեջ լողանում են աստղերը, իսկ եթե գետի մյուս ափին, կավե պատի հետևը, քնել է մի աղջիկ, ինչպես եղնիկը անտառի խաղալի վրա...

Այդ փողոցից կարելի է մտնել մի ամբողջ քաղաք, քաղաքի մեջ քաղաք, բազմաթիվ խճճված անցքերով, ինչպես մրջնոցը, մանվածապատ և բոլորովին նեղ փողոցներով, որոնցով հազիվ է անցնում պաղպաղակ վաճառողի սայլակը,− կավե տների և կիսաչոր չինարների մի լաբիրինթ, որտեղ խլրտում է արհեստավորների ու մանր տնատերերի մի ահռելի բազմություն։ Այստեղ մի տուն կքել է ռադիոյի կայմի ծանրության տակ, մի ուրիշի փոքր դռնակին կպցրել են թիթեղի կտոր՝ «Նորոգեմ պրիմուս», իսկ տերը մտել է կիսաքանդ պատի ճեղքը։ Այս փողոցներում ապրում են ամենաօրինապահ և միլիցիոների կարգադրությունը երկյուղած բարեխղճությամբ կատարող քաղաքացիներ։ Երբ քաղաքի կենտրոնական փողոցներում դեռ նոր են կախում տոնական դրոշները, այս թաղի տների վրա արդեն ծփում է դրոշակների ծովը։ Ու թեև երիտասարդները գլխավոր փողոցներից լուր են բերում, որ տոնը վերջացել է, այստեղ դրոշակները դեռ ծածանվում են, մինչև գա ինքը՝ հերթապահ միլիցիոները և կարգագրի, որ հանեն դրոշակները։

Բայց կան և լուրջ փողոցներ՝ քարակոփ տներով և մայթերը սալհատակ։ Այդ փողոցներով անշշուկ սուրում են շքեղ ավտոներ, այնտեղ ծառերն անգամ միահավասար և միանման են ու չեն շարժվի ամեն պատահական քամուց, մինչև չշարժվի ծայրինը, և սոսափը, որպես հրաման, չանցնի սաղարթից սաղարթ։ Նրանց գրանիտե քարերը զրնգում են գեղեցիկ նժույգների դոփյունից և ներշնչում ակնածալի պատկառանք։

Մենք ակամա շրջեցինք քաղաքում՝ Տպագրիչների փողոցից մինչև գետափը, եղանք ասիական թաղի լաբիրինթում, տեսանք այն խաղաղ փողոցի երազային պատշգամբը, նույնիսկ հասանք այն փողոցը, որտեղ կան վանդականման տներ և պատուհաններ, որոնց հետևից, երբ լուռ է փողոցը, կարելի է լսել աղջկա սրտամորմոք երգ և դռան ճեղքից տեսնել արևելցու գեղեցիկ բակը՝ վարդենիներով, որոնց վրա դեռ կարմիր են վարդերը, երբ թափվում է առաջին ձյունը։ Մենք եղանք և այն փողոցներում, որտեղ չկան բարդիներ և որտեղ գրանիտե հունի մեջ գնում են ջրերն առանց խոխոջի, առանց շառաչի։ Բայց այդ փողոցներից և ոչ մեկի չի կազմում քաղաքի հպարտությունը և մեր նկարագրության առարկան։ Ավելին, նրանք բոլորը փողոց են, հաղորդակցության անոթներ, և նրանցից ոչ մեկի անունը չի կապված երազների, բամբասանքների, այլատեսակ շաղակրատությունների, դատարկապորտ թափառումների և ժամանակի վատնման հետ, ինչպես այս փողոցն է, որի նկարագրությունը հիմա կանենք, ապա կպատմենք մի ուրախառիթ դեպք և նրա հետ կապված մի անանուն մարդու եղերական վախճանը։

2

Տները նշմարվում են առավոտի մշուշով, լապտերների լույսը աղոտանում է։ Չի շարժվում և ո՛չ մի տերև, ո՛չ մի ծառ։ Ամեն ինչ քնած է լուսաբացի խոր քնով։ Հոգնած ձիերը պառկում են տաք աղբի վրա և վզները երկարում։ Այդ նշան է, որ շուտով կբացվի առավոտը։ Հեռվի ճահճուտներից լսվում է գորտերի կռկռոցը, որ ավելի վեհաշուք է դարձնում լուսաբացի խորհրդավոր երկունքը։ Լուսինը ջրային շուշանի նման լույս տալիս տիեզերական օվկիանոսում։ Իսկ աստղերը սկսում են անէանալ, որովհետև վաղուց է ասված՝ «երևելն արեգական անէանան աստեղունք»։

Ահա ճահճուտներից բարձրանում է տաք գոլորշին, որ դողդողում է շատ բարձրերում։ Մի րոպե, և սառը հոսանքը ցած է իջնում։ Արդեն խշշում են բարդիների բարձր կատարները, իսկ ներքևի ճյուղերը, խավարի մեջ, դեռ անշարժ են։ Ապա լուսավորվում են վերևի ճյուղերը, տերևները դողում են և դողը կամաց-կամաց սահում է ցած։ Կարծես մի խավար քող ընկնում է ծառերից և նրանք հագնում են ծիրանի շապիկ։ Փողոցը դեռ նիրհում է։ Լուսադեմի զովից քաղցր նինջ է իջնում ժամապահ միլիցիոներների վրա, որոնց սև սիլուետներն ընդունում են զանազան դիրք։ Ահա մեկը հենվել է հեռագրասյունին և անշարժ է, ինչպես սյունը։ Մյուսը ծեր գրենադիրի նման կռթնել է հրացանին, երրորդն անշարժ նայում է առվի ջրին, որ նրա համար երգում է սեր և խնդություն։ Վաղ առավոտյան ո՞վ գիտե, որ Շուշանն է միտն ընկել։ Չորրորդն արձանի պես է, որպես ահեղ մոնումենտ՝ ճանապարհի մեջտեղը։ Մի խոսքով լուսաբացին փողոցը նման է զինվորական արձանների հաղթական ալլեյի։

Գետի երեսով արդեն փչում է սառը հոսանքը և խոնավանում է գետինը։ Փողոցի ծայրին երևում է անտիրական մի շուն, որ դունչը վեր ցցած քշում է ուղիղ ներքև։ Նրա քթովն է ընկել ինչ-որ քաղցը բույր, որ մեյդանի կողմից բերում է քամին։

Ահա լուսավորվեցին այս փողոցի ծառերը, որոնց գեղեցկությունը վաղեմի մի օր գովել է այն նշանավոր պոետը, որի անունը մեզ համարձակություն ներշնչեց ավելի մանրամասն նկարագրելու լուսաբացը, քան այդ թույլատրում է չափի զգացումը։ Եվ վերջապես մի այլ բանաստեղծ, որից առավել քանքարով ոչ ոք չի նկարագրել բարդիները, լուսինը, ջրերի երգեցիկ զրույցը,− մեր ներկայությամբ մի թուխ մաշկով աղջկա, որ նման էր եթովպուհու, ասաց.

− Ձեր մազերը նման են այս ծառերին,− հետո թափահարեց ծառը, և հազարավոր նարնջագույն տերևներ տեղացին կայտառ աղջկա ուսերի վրա...

Ահա լուսավորվեցին այդ ծառերը, ելան դռնապանները՝ ավելներով, թիակներով, դույլերով և սկսեցին հարդարել փողոցը։ Նրանք էլ գնացին և ապա արևը ոսկի տեղաց Արարատի գագաթին։ Արդեն սուլեցին գործարանները՝ մեկը զիլ և ուրախ, մյուսը խռպոտ, երրորդը՝ երկարածոր, ինչպես տխուր սեգյահ։ Փողոցում զարթնեց աղմուկը։ Տասը, քսան, հետո հարյուրներ, միայնակ կամ խմբերով, ելան տներից, եկան մյուս փողոցներից և բանվորների բազմությունը լցրեց այս փողոցը։

Ոմանք դրսում են կոճկում բաճկոնը, ոմանք տրորում են աչքերը և գնում են լուռ ու լուրջ։ Կան տարիքավոր մարդիկ, որոնք հազար-հազար անգամ անցել են այս փողոցով, և տարիների ընթացքում նրանց ոտքերը վարժվել են մի չափի, որով անվրեպ հասնում են աշխատանքի վայրը։ Հինգ րոպե և փողոցը լցնում են կաշեգործները, հյուսները, դարբինները, մոնտյորները, հնոցապանները,− գործարանային աշխատանքի բոլոր ներկայացուցիչները։ Կան հյուսներ, որոնք երեսուն տարի նույն կողովը ձեռքին, նույն հաստ մատիտը ականջի հետևը, գնացել են այս փողոցով։ Կարելի է տեսնել ներկարարների, որոնց բարձրավիզ կոշիկների վրա երևում են բոլոր ներկերի հետքերը՝ գաջից մինչև օլիֆ։ Ահա «արճիճե» բանակը, ահա և կաշեգործները, որոնք վաղնջական ժամանակներում եղբայրակից էին բանաստեղծական արվեստին։

Աշխատանքի այդ բանակը անտարբեր է փողոցի գեղեցկության։ Եթե մեկը երազում է այս փողոցում՝ նրան անվանում են «ավարա»։ Եթե վարպետը բարկանում է աշակերտի վրա և հանդիմանում, ապա հիշատակում է և այս փողոցի անունը․ «Դու լավ կարաս Աստաֆյանը չափես...»։ Գործարանները շտապող այս մարդիկ չեն սիրում փողոցի երկարությունը։ Նրանք, երբ վերադառնում են աշխատանքից, հատկապես տարիքավորները, շատ են գանգատվում այս երկար փողոցից. «Գնա՜, գնա՜ թե վերջանա...», «Ե՞րբ կազատվենք սրա ձեռից...», «Ա՜խ, մի ոտքերս կտրվեն գետնից, գոռալով գնամ, գռռալով գամ...»։ Եվ այս բոլորն այն փողոցի հասցեին, որ համբերատար լսում է և մյուս փողոցներից ավելի մաքուր է, մայթերն ամուր են, իսկ լանջը՝ արծաթյա պնակի նման ողորկ։ Եվ այս բոլորն այն ժամանակ, երբ նկարների ծանր կոշիկներն ամուր դոփում են, այնինչ փողոցը, կարելի է ասել, կուլ է տալիս իր սեփական փոշին, որ հեշտ լինի նրանց երթը։

Սակայն բարակում է այն հոսանքը և միայն հեռվից, կաշեգործարանի մոտերքից լսվում է ներկարարների հաստ կոշիկների դոփյունը։ Նրանք դեռ գործարան չեն հասել։ Փողոցում երերում է փոշու ծխագույն շղարշը։ Դարձյալ երևում են հատուկենտ մարդիկ։ Նրանցից մի քանիսը շտապում են, մյուսները ծանրաքայլ են։ Շտապողները ետ մնացած բանվորներն են, ծանրաքայլ անցնողները՝ ծառայողների բանակի առաջապահները, որոնք թևերի տակ մատյան, համրիչ կամ թղթի կապոց՝ գնում են իրենց հիմնարկը կիսատ բալանսը լրացնելու, կամ քաղվածքներ գրանցելու և կամ հենց այնպես, մի քանի րոպե վարիչի աթոռի վրա նստելու և երազելոլ ո՞վ գիտե որպիսի հեռանկար։

Նրանք առաջապահներն են, իսկ բանակը դեռ թեյ է խմում և հաճախ նայում ժամացույցին։ Մի քանի րոպե ևս և ահա փողոցը հեղեղում են գործավարները, մեքենագրուհիները, հաշվապահները, վիճակագիրները, հաշվետարները, քարտուղարները, մանր բաժինների վարիչները, որոնց մեջ, ինչպես սարյակը ճնճղուկների երամում, կարելի է տեսնել և վարչության պետերին։ Այս բանակը առաջինի ո՛չ կարգապահությունն ունի, ո՛չ ծանրախոհ լրջությունը։ Միայն գլխավոր հաշվապահներն են իրենց քայլվածքով ներշնչում ուժ և վստահություն։ Իսկ մանր հաշվետարները, որ միայն թվաբանական չորս գործողություն են կատարում հաշիվների հետ,− կարծես դպրոց են գնում։ Հապա մեքենագրուհիները... Կա այնպիսին, որ փողոցումն է ավարտում իր տուալետը, կա, որ հենց գլխավոր հաշվապահի քթի տակ վեր է քաշում գուլպան և կորցնում է իր ոտքը (և ի՜նչ ոտք, սրտեր խոցող կեռ յաթաղան․․․)։ Կա և այնպիսին, որ մինչև հիմնարկի մուտքը զարմանալի արագությամբ տեղեկանում է գիշերային պատահարների մասին, մի քիչ բամբասում է, մի քիչ զվարճացնում և մի քիչ նախանձում։ Ահա սրանց են ասում «Աստաֆյանի օրիորդներ», սրանք են, որ փողոցը լցնում են երփնաբույր օծանելիքներով, օդի մեջ թողնելով աննյութական ժապավեն, երբ նրանց բարակ մատներն արդեն խաղում ունդերվուդի ստեղների հետ։

Առավոտյան այդ ժամին փողոցում կարելի է լսել զանազան տեմբրերի ծիծաղ, գլխավոր հաշվապահի կուշտ վրնջոցից մինչև մանր հաշվետարի անպատեհ քրքիջը։ Սակայն այդ ամենը ոչինչ են այն խոսակցությունների աղմուկի մեջ, որով հեղեղվում է փողոցը։ Ահա Մատժողկոմատի գործակատարը հանդիպեց Պտուղբանջարկենտրոնի գործավարին․ մի բարև և նրանք ընդհարվում են գրության սխալ նոմերի, առգիրը չլինելու, «մեր պատասխանը» ուշացնելու և էլ ով գիտե ինչպիսի՛ առիթով։ Մի ուրիշ տեղ բռնվել են իրար Վասիլ Պետրովիչը և Կոյուղու վարչության ծախսարարը։ Վասիլ Պետրովիչը սպառնում է Բողոքների բյուրոյով և ավելի բարձր ինստանցով, եթե Կոյուղու վարչությունը չմուծի տախտակների արժեքը։ Իսկ ծախսարարը կրկնում է․ «Վարկը բաց անեն, իսկո՛ւյն, իսկո՛ւյն, Վասիլ Պետրովիչ, հե՛նց նույն օրը․․․»։ Ահա Պետարխիվի աշխատակիցը պատմում է գիշերվա երազը, պատմում է և միաժամանակ ընկերոջ թևից քաշ տալով մոտենում՝ կարդալու թարմ մահազդը։ Մենք կարող ենք այս օրինակները բազմացնել, որպեսզի չկարծեն, թե այդ ժամին Աստաֆյան փողոցով անցնում են միայն սեթևեթ մեքենագրուհիներ և կամ թե մանր հաշվետարներ, ո՛չ, այդ բազմության մեջ կան պետական բարձր խելքեր, գլուխներ, որոնք ընդունակ են կառավարելու մի ամբողջ նահանգ, ոչ թե միայն մի դրամարկղ։ Կարող էինք բազմացնել գործի մարդկանց թիվը, բայց մինչդեռ մենք խոսքով էինք, նրանք արդեն անցան իրենց գործին։

Անցավ և մարդկային այս ալիքը, եղավ ժամը տասը։ Աստաֆյանը նորից ամայացավ։ Արդեն արևը բավական ճանապարհ է կտրել և գնում է դեպի այն սառն ամպը, որ մոլորվել է վերևի կապույտում։ Ծառերը ստվեր են գցում մայթերի վրա, և մայթերի ստվերով ծանրաքայլ անցնում են կոլեգիայի անդամները, որոնք վաղ առավոտյան իրենց բնակարաններում ընթացք են տվել մեծամեծ գործերի։ Արագ վազում են ցրիչները՝ դեպի հիմնարկները, փոստը, բանկերը,− տանելով հեռագրեր, ծրարներ և բազմաբովանդակ գրություններ։ Բայց ահա գալիս է այն ժամը, երբ կոլեգիայի անդամը լսել է երկու բաժնի զեկուցում, երբ կենսաթոշակ ստացողը նստել է «հառաչանքի ծառուղու» նստարանի վրա, երբ դպրոցում աշակերտները կորցնում են ուշադրությունը և խծբծում են նստարանների վրա,– մի խոսքով այն ժամը, երբ փողոցի մաքուր հայելին շողշողում է և լրագրային կիոսկի ստվերում քուն է մտել մշակը,− այն ժամը, երբ քաղաքի ամենաչքնաղ կանայք, ընդամենը ութ-ինը հոգի, իրենց մանուկների հետ, և եթե չունեն՝ մենակ, դուրս են եկել արևին ցույց տալու իրենց զգեստները, իրենց երեսները, քայլվածքը և իրենց։

Այդ ժամին Աստաֆյանը դառնում է լեռնային լիճ։ Եվ լողում են այդ լճի վրա նրբիրան կանայք, այնպես, որ նույնիսկ արևը խանդով է նայում այդ փողոցին։ Եվ ի՜նչ բույր, մշկենու ի՜նչ հոտ... Ահա գնում է մեկը և գիտե, որ քաղաքի ամենագեղեցիկ ոտքերն իրենն են. գնամ է և ոտքերը փոխում այնպես կաքավաքայլ, կարծես ափսոսում է կոխել գետինը։ Ահա մի ուրիշը՝ երկար և սև արտևանունքներով, որոնց տակից նայում են մթին աչքերը, ինչպես աստղերը ջրհորի մեջ։ Կան և կապույտ աչքեր, այնքան վճիտ, որ նրանց մեջ արտացոլում է զգեստի ծփանքը, ինչպես անտառի շորորը լեռնային լճակի մեջ։ Կան և հոլանի բազուկներ, և էլ ինչե՜ր չկան ու ի՜նչ ձևեր, ձևերի որպիսի կորություն, ամենը նուրբ...

Լավ է դադար առնել այստեղ։

3

Հետաքրքիր չեն մյուս ժամերը՝ մինչև երեքը, չորսը, և նույնիսկ այդ ժամերն էլ հետաքրքիր չեն, որովհետև բանակները աշխատանքից հոգնած շտապում են հացի և հանգստի։ Նրանք արագ են անցնում և ուշադրություն չեն դարձնում փողոցի եռուզեռին, այլևս բարձրաձայն չեն խոսում, իրենց ծառայության և առտնի գործերի մասին։ Եթե որևէ մեքենագրուհի մի քիչ կանգնում է վիտրինի առաջ և դիտում կանացի գլխարկները,− ուշադրության արժանի չէ նրա տխուր դիրքը։ Կարելի է լսել զուսպ տրտունջներ, որ շոգ է, սակայն այդ չի վերաբերում փողոցին, որովհետև շոգը արևն է թափում։ Նրանք չեն նկատում, որ հենց այդ ժամին փողոցի ծառերը շարժում են իրենց ճյուղերը՝ որպեսզի զովանան ծառայական անձանց հոգնած մարմինները։

Հետո երկարում են ստվերները, արևը հանգստի է գնում։ Հետզհետե կենդանանում է փողոցը։ Դուրս են գալիս նրանք, որոնք հետկեսօրյա քնից ծանրացել են, և նրանք, որոնք սպասել են ձգվող ստվերներին։ Սկսվում է Աստաֆյան փողոցի իսկական կյանքը, նրա վեհությունը, այն ժամանակը, երբ նա դադարում է փողոց լինելուց և դառնում է զբոսարան, ժամադրավայր, երազատուն, մի խոսքով հայրենի տուն, որտեղ շրջում են հորեղբոր որդիները և մորաքրոջ աղջիկները, հորեղբայրները, քեռիները և պապերը։ Ամենից անհամբերը երիտասարդներն են։ Ահա Գեռառի կողմից արագ գալիս է մի դեռատի պատանի։ Նա սանրել է մազերը, փայլում են կոշիկները և ձեռքին ծաղիկների փունջ ունի։ Նա չի տեսնում ո՛չ խոչընդոտ, ո՛չ մյուս փողոցների երթևեկը։ Նրան թվամ է, թե Աստաֆյանը մի անմարդ այգի է, որտեղ ծառերը բուսել են ստվերի և հառաչանքների համար։ Մի անմարդ այգի, որտեղ նրան սպասում է մի մանկահասակ աղջիկ և միամիտ մի զրույց։ Այդ դեռ սկիզբն է. և երբ վառվում են լապտերները, Աստաֆյան փողոցում կարելի է տեսնել նման պատանի զույգեր, որոնք հեռուները չեն գնում և ոչինչ չեն զգում մարդաշատ մայթերի վրա, բացի առավոտի նման բացվող իրենց սերը։ Նրանք իրարից որոշ հեռավորության վրա են կանգնած և շատ-շատ աղջիկը երկարում է իր բարակ բազուկը ծառից մի տերև պոկելու, իսկ տղան ծառի բունը գրկած շարունակում է սիրային շատախոսությունը։ Իջնում է գիշերը, երևում են ուրիշ զույգեր, որոնք գնում են փողոցն ի վեր դեպի համալսարանի բարդիները և ուշաթափվող աղբյուրը։ Գիշերային տարաժամին այդ կողմերում կարելի է տեսնել արձանի նման անշարժ զույգերի, որոնք բռնկվել են անհաղթահարելի կրակով։ Եթե բարդիները կարողանային խոսել և քարերը լեզու առնեին, այն ժամանակ կարելի էր լսել զարմանահրաշ պատմություններ՝ ավելի հետաքրքիր, քան հազար ու մի գիշերների հեքիաթները։ Իսկ եթե յուրաքանչյուր զույգ իր ատելությունը հավերժացնելու համար մի քար գցեր այդ կողմերը, այն ժամանակ մենք կունենայինք Բաբելոնի աշտարակի չափ բուրգեր և հյուսիս-արևելյան քամին փոշի չէր մաղի մեր քաղաքի վրա։

Իսկապես որ զարմանալի փողոց է Աստաֆյանը...

4

Այնուամենայնիվ ամենահրաշալի այդ ժամերի նկարագրությունը չի կարող գերել մեր գրիչը և մեզ ստիպել մոռացության տալու մի էակի, որին մենք պետք է անվանենք անանուն մարդ, որովհետև մի առանձին բան չի ավելանա, եթե հիշատակենք նրա անունը և ազգանունը, նկարագրենք նրա դեմքը և պատմենք նրա կյանքը, թեկուզ համառոտագրած։

Ահա վրա հասան այն ժամերը, երբ փողոցում, չհաշված նրանց, որոնք շտապում են տուն, մնացել են նրա հավատարիմ երկրպագուները։ Այդ մի քանի զույգ սիրահարներ են, որոնք իրարից չեն կարողանում բաժանվել, ապա մտավորական խավի ներկայացուցիչներ, որոնք ճեմելով վիճում են ո՜վ գիտե ինչպիսի անլուծելի խնդիրների մասին, ապա նրանք, որոնք նվվում են, ինչպես գիշերային բուն, և վերջապես նրանք, որոնց զգացմունքների կապանքներն արձակվել են և այդ տարածության վրա զբոսնելով գոհ են, որ վերևից ժպտում են հայրենի աստղերը, ոտքերի տակ հին հողն է, ջրերը զալիս են երկրի խորքերից և ջրերը նրանց պատմում են հին օրերի մասին: Գիշերային այդ ժամին քաղաքի այն խուլ փողոցներից, այն ասիական լաբիրինթից, որ ինչպես ասացինք քաղաք է քաղաքի մեջ և որտեղ խլրտում է մանր տնատերերի մի բազմություն,−դուրս է գալիս մի վտիտ մարդ․ մի անանուն մարդ։ Նա կանգնում է երեք բարդիների առաջ, նայում է ներքև, տեսնում է փողոցի գետինը, որ շողում է լույսերի տակ, և լսում է ջրերի ձայնը։ Հետո նա բարձրացնում է բարակ վերարկուի օձիքը և մայթի վրայով գնում է դեպի վեր։ Փողոցի վերջում նա անհայտանում է և երկար ժամանակ չի երևում։ Նա նստում է մի փոքրիկ բարձրության վրա և այնտեղից նայում է քաղաքի լույսերին, դաշտին և հեռվի լեռներին։

Մութի մեջ ցցվում է Արարատի սպիտակ գագաթը։ Ստորոտը, որտեղ ձյուն չկա, կորչում է մութի մեջ և երևում է միայն ձյունոտ գագաթը, որ հեռուներում դողում է, ինչպես վիթխարի ամպ։ Նրա աչքին ահա երևում է այդ սպիտակ գագաթը և քաղաքը, որի կրակները քանի հեռանում, այնքան խառնվում են իրար և ստացվում է կրակների ծփացող ծով։ Սակայն այդ անանուն մարդը խորշում է, կրակների ծովից և հայացքը դարձնում է դեպի լեռան գագաթը։ Ապա նայում է Աստաֆյանի ուղիղ սլաքին և փակում է աչքերը։

Ի՞նչ էր նրա ցնորքը, ի՞նչ կդարձներ նա այս փողոցը։

Նա կփակեր փողոցի բոլոր մուտքերը կավե պատերով, կթողներ միայն մի դռնակ, որով մտներ միայն սայլը։ Նա հողին կհավասարեցներ բոլոր քարաշեն տները և նրանց փոխարեն կկառուցեր կավե խրճիթներ, նրանց կտուրին չարդախ, որպեսզի լուսնկա գիշերներին բնակիչները բարձրանային վերև և լուսնյակը շողք գցեր փայտե օրորոցների վրա։ Նա կկտրատեր բոլոր լարերը և բնակիչներին կհրամայեր, որ ձմեռը ձեթ վառեն, մնացած ժամանակ ելնեն արևի հետ և պառկեն մթնով։ Ելնեն արևի հետ և աշխատեն իրենց պարտեզներում, այգիներում, ցանեն սոխ ու սխտոր, ոսկեհատ ցորեն և հնձաններում ոտքերով ճմլեն խաղողը։ Նա կցանկանար տեսնել համեստ աղջիկներ, արծաթյա մախչայով, գլխանոցներով, երկար-երկար ծամերով, որոնց ծայրերին լինեին ուլունքներ։ Աղջիկները սափորներով գինի բերեին հնձաններից, մարեն մառանից հաներ սպիտակ լավաշ, և՛ յուղ, և՛ պանիր, ինքը նստեր կտուրի վրա, ներքևը ջրեր խոխոջային, վերևը երկնքի խոր կապույտը։ Եվ ցոլք տար Բարձր լեռը։ Հավիտյան այդպես մնար այս փողոցը, բերդի պես դրսից անջատված խոր խրամատներով, կապույտ ծուխը բարձրանար վերև և ծխի միջից ինքը նայեր Արարատին ու հիանար։ Թող ամբողջ աշխարհում թագավորեր երկաթը, և միայն այստեղ իշխեր կավը, քարը, փայտը... Դրսից չհասներ ոչ մի հնչյուն, ոչ մի օտար աղմուկ և ոչինչ չվրդովեր նրա հանգիստը։

Անեղծ մնար պրովինցիան...

Այդ էր նրա ցնորքը։ Հետո նա լսում էր այն ձայները, որ բերում էր քամին լեռներից։ Նա զգում էր քամու բույրերը և որոշում, որ լեռան վրա արդեն բացվել է մանուշակը, որ բադերը բարձրացել են գետերի հոսանքով մինչև լեռնային մարգագետինները, որ հասկերը լցվում են կաթնագույն հեղուկով, ահա գալիս է տաք շեղջի բույրը, ուրեմն ցորեն են ծեծում և կարմրել է խնձորը։

Նստում էր այդ անանուն մարդը բարձրության վրա և մտածում էր մի անէական աշխարհի մասին։ Նրա աչքի առաջ բացվում էր բլուրների, լեռների և դաշտերի մի ընդարձակ տարածություն, մի ամբողջ երկիր։ Սպիտակ և բարձրահասակ եզները ահա քաշում են արորը, պարարտ սևահողը ծալվում է իրար վրա, երգում է մշակը պարզ երգեր, հետո աղջիկները հաց են բերում, մշակ և սերմնացան նստում են սև հողերի վրա, աղջիկները ժողովում են դաղձ, եզներն արածում են կանաչ արոտներում։ Մայր է մտնում արևը, հոգնած մշակները և եզները տուն են վերադառնում, օջախներից բարձրանում է ծուխը և լսվում է շների ուրախ աղմուկը։

Նրա անիրական աշխարհում միայն այդ կար՝ գյուղեր՝ խաղաղության մեջ, ծառեր՝ երգերի համար, ջրեր՝ որ ոռոգում են արտերը և պարտեզները, շներ՝ որոնք հաչում են լուսնի վրա, մարեներ՝ հաց թխելու համար և գզրարներ, որոնք ձմեռը նստեին օդաներում, գզեին բուրդ և մինչև լույս հեքիաթներ պատմեին։

Ամեն գիշեր այդ անանուն մարդը լինում էր այդ երկրում։ Ահա գնում է ջրելու պարտեզը։ Ձյուն է նստել, և ձյունի վրա նա տեսնում է գազանների հետքեր։ Անձրև է իջել և տաք գոլորշի է բարձրանում ձիերի մեջքից, որոնք սեղմվել են իրար և ննջում են։ Խշշում է անտառը. մինչև լույս նրա խորքում վառվում է հովիվների խարույկը։

Երբեմն նրանք, որոնք կես գիշերից ուշ անցել են այդ փողոցով, լսել են տխուր երգի և նվագի ձայն։ Ոմանք ենթադրել են, որ այն կույր երաժիշտն է փչում իր սրինգը, ոմանք վերագրել են մենավոր սայլապանին, որ քշել է սայլը դեպի գյուղական ճանապարհը և սայլի հետ օրորալով երգել իր միամիտ երգը, ոմանց նույնիսկ թվացել է, որ այդ խուլ ձայնը գալիս է աստղերից,−սակայն ստույգ է, որ երգողը այն վտիտ մարդն էր, որ ուներ մաշված հնաձև վերարկու և նիհար մարմին։ Ինչպես լաց, ինչպես մորմոք ու կարոտ հնչում էր նրա խեղճության երգը և նա գոհ էր, որ իրեն լսում են լեռներից իջնող քամին, ջրերը, բարդիները, այն ձյունոտ գագաթը, որ սահմանն էր նրա անիրական աշխարհի։ Այդ վտիտ մարդը իջնում էր փողոցի վրա և հիացած փողոցի խաղաղությամբ, ջրերի ձայնով ու ծառերի սոսափով, քայլում էր դանդաղ և չէր տեսնում անցնողներին։ Նա հասնում էր մինչև այն երեք բարդին և ապա կորչում էր նեղ փողոցների լաբիրինթում, կարծես մտնում էր գետնի տակ, ինչպես մի ոգի կամ մի սև բզեզ։

5

Այն բանակը, որ առավոտյան կանուխ աշխատանքի էր գնում և դժգոհում էր հեռավորությունից,− մի օր շրջվեց դեպի այս փողոցը։ Սկսվեց այն, ինչ անջնջելի կմնա մեր քաղաքի պատմության մեջ։ Բահերով և բրիչներով զինված մի բազմություն գրոհի դիմեց։ Փորեցին գտինը և արևի տակ շողաց այն հողը, որ երբեք արևի երես չէր տեսել։ Հող լցվեց մայթերի վրա, առաջացան խրամատներ և գուբեր, խճաքարերի կույտեր, որոնք վերջ տվին այս փողոցի սիրահարների հոգևոր երթթին։ Փողոցը դարձավ եռացող աշխատանքի կաթսա և նրանք, որոնց ուրախացնում էր այդ դժվար աշխատանքը, ապրում էին գործի հաջողությամբ, պայքարում էին հաղթանակի համար։ Քաղաքից դուրս արդեն հաստատ քայլերով, մետր առ մետր, քաղաքին և նրա փողոցներին էին մոտենում պողպատյա գծերը։ Հողաթումբերը և խրամատները ուղենիշեր էին, և որքան բարձրանում էին նրանք, մինչև վեր, մինչև քաղաքի վերջը, այնքան լեռնանում էր ուրախությունը։

Եկավ և այն օրը, երբ առաջին վագոնը սուրաց այս փողոցով... Խնդություն էր և ազատության աղաղակներ։ Կարծես զրահագնացք էր, որ քաղաքի բնակիչներին բերում էր փրկություն բազմադարյա ստրկությունից։

Փողոցն ուրիշ դարձավ։ Թեքվեց պրովինցիայի դեղնած արևը։ Բացվեց մի վիհ և այդ վիհը կլանեց այն միակը և անկրկնելին, որ հայտնի էր որպես Երևան քաղաքի Աստաֆյան փողոց։

Մի գիշեր այն անանուն մարդը, որ վերջին սիրահարն էր այս փողոցի, դուրս եկավ նեղ փողոցների լաբիրինթից, որտեղ ամեն մի տան մեջ, ամեն մի ներքնահարկում խոսում էին այդ վիթխարի հաղթանակի մասին։ Դուրս եկավ մարդը, նայեց իր երեք բարդիներին։ Նրանք կանգուն էին և երբ սլացավ լույսերով ողողված վագոնը, նա բնազդաբար սեղմվեց բարդիներին։ Ապա արագ-արագ բարձրացավ վեր, դեպի այն բարձրությունը։

Այնտեղից նա տեսավ ռելսերը, որ ձգվում էին փողոցի ամբողջ երկարությամբ։ Նրանք գնում էին հեռու, խառնվում ուրիշ ուղիների, անցնում աշխարհից աշխարհ։ Հետո նա հենվեց քարին, տեսավ դաշտը, տեսավ և այն ձյունոտ գագաթը։ Նա նույնն էր, ինչպես ամեն գիշեր։ Ապա կամեցավ կավե պատերով փակել բոլոր մուտքերը, որպեսզի դրսից ոչ մի հնչյուն չհասնի իր փողոցին։ Եվ ճանապարհ ելավ դեպի այն անիրական աշխարհը...

Հանկարծ, ներքևում, կապտագույն ռելսերի վրա նա տեսավ մի վիթխարի տուն, լույսերով ողողված, որ շարժվում էր ամեհի թափով, գալիս էր աղմուկով և զանգերի ղողանջով, գալիս էր, որ բարձրանա լեռը, խլի իրենից և այդ բարձրությունը։ Նրան թվաց, թե ռելսերի վրայով գալիս է մի ահեղ դագաղ, որից փրկություն չկա, ահա ղողանջում են զանգերը, և այդ վտիտ մարդը տեսնում է դագաղի բաց կափարիչը։

Նրա ստվերը անհետացավ։

Հետո պատահմամբ գտան մի վերարկու, որ կռթնել էր քարին, մի զույգ մաշիկներ և մի հնաձև գլխարկ։ Այդ ամենն այնպես էր, որ կարծես մեջը մարդ կա, գլխարկի տակ՝ գլուխ, վերարկուի մեջ՝ իրան, և կոշիկների մեջ՝ ոտքեր։ Բայց ոչինչ չկար։ Կարծես մարդը շորերի միջից հրաշքով դուրս էր եկել և անհետացել։ Այդպես իր հին շապկից դուրս է գալիս օձը։

Բայց ասում են, որ մի վտիտ մարդ, այլ տարազով, երեկոները, երբ հանդարտվում է քաղաքի աղմուկը, Աբովյան փողոցի վերջում սպասում է տրամվայի վագոնին։ Մարդը մտնում է ներս, նստում է, պատուհանից նայում է դուրս։ Տրամվայը, նրան տանում է քաղաքից դուրս և այդ մարդն անհանգստության նշաններ է ցույց տալիս, երբ երևում է այն Բարձր լեռան գագաթը։ Նա խնդրում է արագացնել ընթացքը, ուրախությունից դողում է և համոզված է, որ ինքը բարձրանալու է այն լեռան գլուխը և տեսնելու է իր ցնորքի աշխարհը:

1932
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Гаяне - Колыбельная
Арам Хачатрян

Гаяне - Колыбельная

Закат над Ялтой
Закат над Ялтой
Играть онлайн