Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։
1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեասյանի հետ։
Ստեղծագործական ուղի
Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը» (1960), «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։
Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն։