Shushanik Kurghinyan

Ուղիղ ուղին

Ամեն առավոտ նա գնում էր կայարանի այն մասը, ուր լիքը վագոններից դուրս էին թափում քաղաքի համար ստացված քարածուխը։

Մինչև ազդրերը խրված հոր՝ կարկատաններից ծանրացած կոշիկների մեջ, նրա հնամաշ բաճկոնը փաթաթած վտիտ մարմնի շուրջը, մեծ գդակը մինչև աչքերը քաշած, նա արագ թափահարում էր բաճկոնի երկար թևերի մեջ կորած ու սառած ձեռքերը, տրոփում կանգնած տեղը և ագահությամբ դիտում, թե ինչպես արագ լայն բահերը խրվում էին քարածխի մեծ կույտի մեջ, վարժ վեր բարձրանում և ունուշ խշշալով քարածուխը թափվում էր սայլերի մեջ․․․

Իսկ երբ սայլապանները մտրակները օդում ճոճելով խրախուսում էին չարքաշ ձիերին իրենց հատուկ բացականչյունով ու ընկնում ճամփա, ցրտից փայտացած տղան որոշ հեռավորության վրա հարգանքով նայում էր եղյամի մեջ կորած ձիերին և ակնածությամբ հավաքում սայլից թափած քարածխի պաղ կտորները։

Չտեսնված սառնամանիք էր այդ ձմեռ, թանձրացած оդը դժվար էր շնչվում․ սառած գետնի վրա անիվները քսվում էին ճռռալով, ձիերը սայթաքում ու սայլից թափվող քարածխի կտորները սև կետերով նախշում ձյունածածկ փողոցի սպիտակ դեմքը։

Աստված իմ, հոգյա՜կս, սիրելի՜ս, աշխատիր որ ձիերը հաճախ սայթաքեն, կամ թումբերի ու փոսերի հանդիպեն անիվները, աղերսանքով մրմնջում էր տղան, գդակի տակից կապույտ աչքերը երկինք հառելով։

Այդպես միշտ գնում էր նա սայլերի հետևից, լուռ ու զգուշ, որ սայլապանը չնկատե, մինչև որ տոպրակը ծանրանում էր և քաղցն ու դուրսը զրկում էին նրան, տանջում և մի կերպ հրում դեպի տուն։ Լավ էր, երբ մի անգամ վառելու ածուխ հավաքված էր լինում։ Տղան հուզված, ատամները իրար ծեծելով տուն էր վազում և հետզհետե տաքացող հյուղում, վառարանի մոտ, մոր ու քույրերի սիրով տաքացած, ծամում էր եռանդով սև հացը տաք գետնախնձորի հետ։

Աստված իմ, հոգյա՜կս, սիրելի՜ս, աղերսում էր տղան վերոհիշյալ բացառիկ բախտավոր օրերի մտապատկերով թևավորված, երբ հանկարծ մի մեծ երկար կտոր քարածուխ ճոճաց, օրորվեց սայլի վրա և հանդարտ սողալով դեպի վայր, շուռ եկավ մյուս կողքին և ընկավ գետնին․․․

Կայծակի արագությամբ տղան վրա վազեց, գրկեց ծանր կտորը և իսկույն անհայտացավ մի ամիս առաջ կատարված հրեական ջարդի առիթով ավեր ու անմարդաբնակ հրեայի տան մեջ, մեծ դժվարությամբ պատսպարվեց հրդեհից սևացած աղյուսի կույտերի մեջ, հոգատար սիրով ածուխը փաթաթեր բաճկոնով, նստեց վրան, սրտատրոփ սպասեց իր անակնկալ բախտի վախճանին․․․

Ցուրտը փչում էր ավեր պատերից և բաց լուսամուտներից, կտուրից թափված թիթեղները դողում էին քամուց, խփվում քարերին և սարսափ բերում խեղճ տղայի վրա։

Սակայն նա անդադար շոշափում Էր իր տակի քարածխի կտորը, սառած մատներով գծում, բաժանում մի քանի օր վառվելու մասերի և մոռանում և՛ ցուրտ, և՛ քաղց, և՛ ահ․․․

Սառնամանիքը դաղում էր նրա մարմինը, քամին քրքրում շապիկի ծվենները․․․

Աստված իմ, սիրելի՜ս, վերջին ճիգը վատնելով դողդոջ շշնջում էր գունաթափ տղան, փայտացած մատները կոխում կռների տակ կամ անձկությամբ հենված աղյուսի կույտին․․․

Նրան թվում է, թե կաշին պոկվում է մարմնից, ցուրտը մտնում է նյարդերի, երակների, արյան մեջ ու ծծում ջերմության վերջին մնացորդը։ Նա զգույշ վեր է կենում, վերցնում բաճկոնով պարուրած քարածխի կտորը, սեղմում կրծքին և կուչ գալով աղյուսի կույտերից գոյացած փոսում, խոսում ինքն իր հետ.

Մի քիչ հանգստանամ ու գնամ տուն։ Ինձ հետապնդող չի լինի այլևս, սայլապանները հեռացան։ Մի ցանկալի ջերմություն դեմքից, ականջներից վայր սահեց, անցավ կաշու տակը, ինչ-որ սրսկեց այնտեղ, քաղցր թմբիրը գերեց նրան, նա գոհ, երջանիկ ժպտաց ու քաջացավ, հուշիկ ցնցվեց ու մի երանելի անդորր իջավ նրա մարմնի ու հոգու վրա, ընկավ երազանքի մեջ․

«Ահա իրենց հյուղը, թաց, ցուրտ, խարխուլ, անծեփ։ Նա քաղցած ու դժգոհ դուրս եկավ տանից, վերցրեց իր մրոտ տոպրակն ու գնաց կայարանի այն մասը, ուր ածուխ են դուրս թափում մեծ ու լիքը վագոններից։ Նա կանգնեց իր սովորական տեղը և սպասեց սայլերի ճամփա ընկնելուն, սակայն, բանալուն պես սայլերն անհայտացան։ Նա կորցրեց իր հյուղի ուղին և շվար թափառելուց հոգնած նստեց մի պատի տակ։

Նստեց մի պատի տակ ու նայեց շուրջը, աջ ու ձախ։ Ինչպե՜ս գոհ էին անցորդները․ մտազբաղ, խոհուն գալիս, գնում էին, խոսում, շտապում։ Նա ճանաչեց իրենց հարևանին, որ գարնանն էր մեռել-տրորվել մեքենայի տակ։ Գնում է գոհ, ինչ-որ պատմում իր մասին։ Նա տեսավ իր տատին, որ մուրում էր եկեղեցու դռան առաջ, նույնպես գոհ, ուրախ, չքավորության ոչ մի հետք։

Տա՛տ, այ տա՛տ, կանչեց տղան։

Տատը ճանաչեց ու մոտեցավ նրան․

Ի՞նչ ես շինում այստեղ․․․

Մոլորվել եմ, տա՛տ։

Հիմար տղա, կմոլորվե՞ն, երբ ուղիղ ուղին է աչքի առաջ․․․

Տղան զարմացած մոտեցավ տատին և ամեն ինչ չքացավ նրա դեմ․ ու սև ածուխների բեկորներով լայն, անսկիզբ, անծայր ուղին բացված էր նրա առաջ։ Նա ընկավ ճամփա ու գնաց․․․ գնաց ու կանգ առավ։

Գործարանների՝ կերոնի պես դեպի վեր ցցված ծխնելույզներից լույս էր կաթում մթության մեջ և բոցավառում երկինքը։ Բանվորները մի մի վառ ծաղիկ ձեռքերին ուր որ գնում էին։ Տղան մտավ մի հսկայական տուն, որի առաստաղը աստղաշատ էր։ Աշխարհի բոլոր բարիքներից կային այնտեղ. այնտեղ էր և իր հայրը, որ մեռել էր թոքախտից։

Հա՜յր, աղերսեց տղան, մի կտոր ածուխ գտա, կորցրի, իսկ վառարանն արդեն մի քանի օր է, որ չէ տաքացել: Հայրը ժպտաց, բռնեց որդու ձեռքից և տարավ։ Երբ գնացին բավականին, մտան մի տուն, մի լույս, կահավորված ու տաք տուն։ Տղան ցրտից ուժասպառ նստեց բոցավառվող վառարանի մոտ, փափուկ բազմոցի վրա։

Հիմա տատդ քեզ տաք կերակուր կբերե, ասաց հայրը և դուրս ելավ։ Կերակուրի անունը լսելով նրա՝ տաքությունից փափկացած մարմինը թուլացավ։ Նա ձգվեց բազմոցի վրա, որ մինչև տատի երևալը քիչ հանգստանա ու քնեց․․․

Հետևյալ օրը, երբ մի խումբ աղքատ երեխաներ ավեր տան մեջ այրված փայտի կտորներ էին հավաքում, աղյուսի կույտի արանքում տեսան քնած տղային, սկսեցին զարթնեցնել ու սարսափահար փախան:

Երբ մարդիկ հավաքվեցին, մեկը մոտեցավ համարձակ և բաց արավ բաճկոնը, քարածուխը չկար։ Նրա տեղը դրված էր տան պատից փուլ եկած մի բեկոր։

1907 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Vagharshapat
Komitas

Vagharshapat