Shushanik Kurghinyan

Ծառն ու քամին

Ծառը լալիս էր ու անիծում սանձարձակ քամուն։

Ոտքդ կոտրեր, տեղ չհասնեիր, անառակ քամի, ինչպես որ դու իմ կանաչ ճյուղը կոտրեցիր, այնպես էլ աստված սիրտդ կոտրե․․․

Քամին ձայն չհանեց, գրկեց ծառը, համբուրեց բոլոր ճյուղերն ու տերևները և թռավ գնաց։

Այնուհետև թուխպերը կախվեցին երկնքից, արևը մնաց սարերի հետևը, և սկսեց մաղել պաղ ու ձանձրալի անձրևը։

Ծառերը խշխշում էին ցրտահար, ջերմի ու լույսի կարոտ, երազում պայծառ օրերի երգն ու մեղեդին։

Աղջի՛, ձայնեց դարավոր կաղնին իր մոտի ծառին, ձայն տուր ամենքին, թող չոքեն աղոթք անեն, որ քամին գա, ցրե ամպերը, արևի երես տեսնենք։

Ա՜խ, հառաչեց ճղակոտոր ծառը, ես անիծել եմ քամուն, որ ոտքը կոտրի, տեղ չհասնի․․․ Նա իմ կանաչ ճյուղն էր կոտրել․․․

Որ այդպես է, ընկիր ճամփա, գնա, չոքիր քամու առաջ, ներողություն խնդրիր, ասա թող գա, պաղ անձրևը մեզ մաշեց, հրամայեց կաղնին։

Ճղակոտոր ծառն ընկավ ճամփա, գնաց, գնաց, մի ընդարձակ դաշտ դուրս եկավ։ Նա մոլորվեց․ չգիտեր աջ գնա, թե ձախ․ ուստի չոքեց մեծ ճամփու վրա, աղաչեց քամուն ներել իր սխալը, դուրս գալ, ցրել մռայլ թուխպերն ու դուրս բերել արևին սարերի հետևից․․․

Քամին իրեն սպասել չտվեց․ արևը դուրս լողաց իր թաքստոցից, թուխպերը կորան-կորսվեցին ու խնդության երգ հյուսեց սաղարթախիտ անտառը։

Միայն թե ծառը մնաց մեծ ճամփու վրա, չոքած, գծուծ, խեղճ ու մոլոր։

Այս բանն ինձ պատմում են մենակ բազկատարած ծառերը մեծ ճամփու վրա չոքած։

1903 թ․

Be the first who will comment on this
Yatuk Music
Al Ailughs
Komitas

Al Ailughs

Tree, 1986
Tree, 1986
Play Online