Shushanik Kurghinyan
Պետք էր անկասկած
Արդար է՝ կյանքը․․․ ոճիրն՝ ուսուցիչ․․․
Սև շիրիմները նահատակների,
Հրդեհը լափող, սովը՝ կործանիչ,
Սուգ ու շիվանը՝ անմեղ զոհերի
Պետք էր մարդկային ցեղին անարժան․․․
Շղթայի, սրի շաչյունն ամեն օր,
Թաղման հանդեսներ և մահ տարաժամ,
Եվ մութ որոգայթ, կախաղան, աքսոր
Պետք էր անկասկած․․․
Ձե՛զ, թշվառ ազգեր, հոծ վամպիրների
Ոհմակներ քաղցած և արյունռուշտ․
Նմանի լեշից անգործ գիշերի
Ժամեր սպառող՝ գազաններ անկուշտ
Պետք էր, արժանի․․․
Արդար հատուցում․․․
Ձեզ՝ ով մոլորված ոչխարի հոտեր՝
Որ դիմում էիք դեպի խորխորատ
Անհայտ սարսափից․․․ լույսը ձեզ մոտ էր,
Բայց խիղճերդ սև, գծուծ, մեղապարտ․
Եվ կուրանալով ճնշելու ախտից՝
Ոսկի սրտերի խունկ էիք ծխում,
Դավադիր մտքով անուժի բախտից
Զազիր գործերի արձանն եր ձուլում․․․
Դո՛ւք, որ թավամազ, մտքերով տկար
Դարերի շնչից կռկած դուրս եկաք․
Որ գազան էիք անբան, անկատար
Անծայր երկիրը գերևար տարաք,
Անվախ ձգտեցիք մոլորակների
Հետքերը քննել, գաղտնիքը բանալ
Կապույտ անհունի,
Գոյական շնչին անխափ տիրանալ․
Եվ որպես խլուրդ երկրի շերտերում
Օվկիանի ծոցը մտաք անարգել,
Պատուհասներից, տանջանքից մարդուն
Նպատակների կատարին կանգնել․
Եվ հետք չթողիք նախնական խաղաղ
Կացության անպարտ բյուր վայելքներից,
Սուրբ ճշմարտության լույսից ուշաքաղ
Չարը տոնեցիք մռայլ խորերից,
Արյան գներով միացաք իրար,
Եվ բաժանվեցիք նույնպես արյունով,
Շքեղ ծիրանի հագնելու համար
Խեղճերի կաշին քերթեցիք սիրով,
Պետք էր անկասկած․․․
Ձեզ ցավ, տառապանք․․․
Դուք որ ծնելով տաղանդ-հանճարին՝
Անխռով թողիք մեռնել սովամահ,
Կամ թե անձնուրաց ըմբոստ հերոսին
Դահճին հանձնելով՝ կոչեցիք անմահ․․․
Դուք՝ որ զանազան պատահմունքների
Դիմակի տակից գործեցիք ոճիր՝
Հավատը արիք շահերիդ գերի,
Խաչի անունով սարքեցիք նախճիր
Լցվեց բաժակը․․․ մեղքերիդ համար
Այս կյանքը արդար՝
Լուռ, մեկիկ-մեկիկ վրեժխնդրության
Որոտ պիտ տեղա․․․
Եվ ի՞նչ եք կարծում,
Շահամոլ, խուժան, այլասեռ մարդկան,
Ձե՞րն է հաղթանակ, դո՞ւք եք այս կյանքում
Վճիռը տվող կյանքի և մահվան։
Հա՜, հա՜, հա՜․․․ վաղ է դեռ այդպես մտածելու․
Նույն պատմությունը կյանք, միտք դեգերող,
Պիտ կրկնվի նորից, նորից զոհելու,
Նորից կռվելու՝ մինչև որ կորչեք,
Հին մնացորդներ ոճիրով ծնված,
Մինչ ողջ արմատով անհետ փշրվեք․
Եվ ազատն աստված
Նորից ստեղծե կատարյալ էակ
Եվ նոր աշխարհի ղեկը վարեւու
Դուրս գան այլ մարդիկ կապույտ երկնի տակ
Նոր կյանքի համար․․․
Եվ ձեզ հաղթություն պիտ մնա միայն,
Պատմության էջը հավերժ հիշվելուն՝
Որ չարիքներին եղաք վերջաբան
Եվ հողը պարարտ նորը շինվելուն․․․
1907 թ. 12 մայիսի