Shushanik Kurghinyan

Նամակ Գարեգին Լևոնյանին 2

17 մարտի, 1916 թ․
Խարկով
Հարգելի պ․ Գ․ Լևոնյան

Ափսոս, որ մոռացել էի․ «Միտինգը» լույս է տեսել մի թերթում, «Ո՞ւմ ինչը» անտիպ է։

Վերջին ուղարակծներս էլ այժմ ինձ տաղտկալի են երևում։ Ուղարկում եմ նորերը։ Վարվեցեք ըստ ձեր հայեցողության։

Ինչպես կտեսնեք, կա և թուրքահայ բարբառով։ Թե ինչո՞ւ․ այնպես։ Այդ բարբառը խիստ ճկուն է և իրեն հատուկ բառերով ու հոլովներով նպաստավոր սիրուն հանգեր շարահյուսելու․ միայն ա՛յս։

Գրել եք․ «Բարևիր ինձ չճանաչող զավակներիդ»։

Զավակներս ձեզ ճանաչում են․ մեծ հաճույքով թերթում «Գեղարվեստը» և զարմանում, որ ամիսը մի անգամ լույս չի տեսնում, հայ իրականությունը նրանց դեռ անծանոթ է․․․

Զավակներս ձեզ հարգում են, որպես եզակի մի մարդու, որ առաջինն ու վերջինն է գրեթե, ով հարգել է իրենց մոր աղքատիկ երգը, անշահ ցանկություններով նեցուկ դառնալ համեստ փորտի անվստահ քայլին։

Հիշո՞ւմ եք, գուցե շատ է անցել, օրերի ու տարիների մի երկար շարան։ Ես այժմ էլ տեսնում եմ ձեր ժպտուն դեմքը, լսում ձեր ձայնը․ «Քաջ կացեք, շատ կարդացեք, գրեցեք և գրեցեք, ձեր մեջ ես տեսնում եմ բանաստեղծական կայծ․․․» և այլն, և այլն։

Եվ տարիներով գուրգուրած երազս իրականացրիք―երգս տպված էր «Տարազում»։

Պատահում են դեմքեր, դեպքեր, որ չեն մոռացվում բնավ, հենց այդ պատճառով էլ երեխաներս գիտեն, թե ով է Գ. Լևոնյանը․․․

Ընդունեցեք Արշակ, Շավարշ, Արշականուշ և Արշամիկ Կուրղինյանների ջերմագին ողջույնները։

Ձեր՝ Շ. Կուրղինյան
Be the first who will comment on this
Yatuk Music
Melody
Arno Babajanyan

Melody

March 18 1963 NYC
March 18 1963 NYC
Play Online