Shushanik Kurghinyan
Գորտը
Քոթոն իր աչքով տեսավ, թե ինչպես ծանոթներին բաժանեցին իր թխլիկ ձագուկները․ ի՞նչ արած․ մարդկանց օրենքն այդպես է և ամեն մի օրենք դրված է մարդու շահերը պաշտպանելու համար․․․ Քոթոն տեսել է ամեն ինչ և սիրում է հիշել բոլոր կենդանի փաստերը։ Օրինակի համար, անցյալ ամառ ծախեցին հորթը՝ կովին թողնելով անմխիթար վիճակի մեջ։ Աշնանը ճտերը սրի քաշեցին ու կերան։ Խաչի տոնին չարաճճի ուլին կախեցին վառած թոնրի մեջ ու ողջ տեղը ականջը թողին։ Ո՞ր մեկը հիշել։ Նույնիսկ գետի ձուկը չի ազատվում նրանց ձեռքից․ սուր դանակով քերում են խեղճի ցոլուն փշերը, քոթոն աչքով Է տեսել, փորի միջի եղածը կատվին են տալիս ու տապակում՝ մի այնպիսի գարշելի հոտ ձգելով տան մեջ, որ Քոթոյի աղիքները շարվում են կոկորդին։
Ի՞նչ կարող ես անել, աշխարհի տերը որ կա, մարդն է, պրծավ գնաց․․․
Շատ է մտածել Քոթոն, խելքին շատ զոռ տվել, նույնիսկ թաքուն հաչել, օգուտ չի եղել․ ո՛ր մեկի վրա հաչել։
Այսպես մեկը մյուսից այլանդակ արարքները շարվում էին Քոթոյի գլխում և նա սրտի դառը կսկիծով էր նայում իր կրծքի տակ կուչ եկած ու անուշ քնած քոթոթին, ի՞նչ է սպասում նրան կյանքում․․․
Մինչ շունը տարված էր իր ժառանգի ապագան գուշակելու հոգսով, ուրախ ու աղմկալի զրույցով տանից դուրս եկան տանտիկինն իր փոքրիկ, լավ կերակրած ու խնամած թոռը գրկին, հարսը և աղջիկները։ Աղայի այդ անդրանիկ թոռը Քոթոյի ձագերին շատ էր սիրում․ դա մեծ նշանակություն ուներ խելոք շան աչքում և տեղն եկած ղեպքում սիրում էր պարծենալ իր հարևան ցեղակիցների մոտ։
Բերեք քոթիկին, բերեք, թոռս խաղա, ասաց բախտավոր տատը, նստելով շվաքում դրած հնամաշ բազմոցի վրա։ Աղջիկներից ամենափոքրը իսկույն վազեց դեպի Քոթոյի բունը և նրա ցասկոտ հայացքից ազդված մի պահ կանգ առավ։
Մայրիկ, քոթիկը քնած է։
Արթնացրո՛ւ, արթնացրո՛ւ, ծաղրեցին միամիտ աղջկան բոլորը միաձայն։
Քոթոն ինչ-որ մոմռաց քթի տակ և պատրաստ էր մի անհեռատես, հանդուգն քայլի, երբ խոհանոցի լուսամուտից դուրս նետվող տաք ոսկորները գայթակղեցին նրան, և նա իր սխալը հասկացավ միայն այն ժամանակ, երբ իր ձագն արդեն բազմոցի վրա էր։
Փոքրիկ տղան ու շունը խաղում էին այնպես սիրով, կասես հարազատներ լինեին։
Ես դրա դեմ ոչինչ չունեմ, մտածեց հանգստացած շունը և ոսկորները բնի մի անկյունում հավաքելուց հետո նորից հեռու և երջանիկ ժպիտով սկսեց հետևել իր միակ զավակի խաղերին։
Փոքրիկ քոթոթը ուրախությունից ինքն իրեն կորցրեց ու առաջին թաթերը դնելով մանկան կրծքին, համարձակ լիզեց նրա դունչը։ Մանուկը վախից ճչաց, մեծերը սաստիկ վրդովվեցին և մի քանի քնքույշ ձեռքեր արագորեն ցույց տվին քոթոթին իր սխալի մեծությունը․․․
Քոթոն հեռվից դիտում էր կատարվածը ու կսկծից շվարած չէր իմանում ինչ դիրք բռնել, որ հետևանքը կորստաբեր չլինի իր վերջին զավակի համար․․․
Ծեծի՜ր, ծեծի՜ր, զավակս, անպիտանին, ասաց հարսը սրբելով ու համբուրելով որդու դունչը, մի լավ ծեծիր, այ այսպես, այսպես։
Մանկիկը ծիծաղելով հետևում էր մոր օրինակին ու թաթիկներով ու տոտիկներով հարվածում շանը։ Մոլորված քոթոթը լիզում էր իրեն հարվածող բռունցքները, կամ անվարժ կերպով բողոքում։ Ընդհանուր ծիծաղից ու իրարանցումից ջահել հարսն այնպես ոգևորվեց, որ բռնելով քոթոթի ականջից՝ վեր բարձրացրեց և շուռ տալով оդի մեջ՝ նետեց բնի մոտ․․․ Ամենքն էլ մնացին գոհ։
Քոթոն լիզում էր, փաղաքշում իր ծեծված ձագին և արտասուքը կուլ տալով մտածում, թե որքան տարբեր են լինում մայրերը կյանքում։
1903 թ.