Օղակ-օղակ, ոսկեգույն ու հրաշեկ
Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ,
Օրորվում են ալիքները լճերի:
  Կապույտ նիրհում սպասումը չմաշե՜ք.
Թող արևը մի նո՜ր բախտի լուր բերի:
Ահա ճերմակ առագաստները` ոսկի
Արևի դեմ հարսների պես շիկացած`
Օրորվելով, նազանքներով, կողք-կողքի  
Ճամփա ընկան դեպի հեռուն ոսկեբաց...
Դեմը, հեռուն, կապուտաչյա ջրերում,
Ոսկենկար դեմքը արև-արքայի  
Հուր-ժպիտի ոսկի թերթեր է թափում,
Որ լաստերի ճանապարհը զարդարի...
Առագաստները, ոսկեգույն քող հագած,
Արևելյան հարսների պես նազանուտ,  
Օրորվելով ճամփա ընկան թևաբաց`
Դեպի ոսկի հեռաստաններն արևոտ...

