Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Մատաղ սիրտըս խաս – բաղի պես

Մատաղ սիրտըս խաս – բաղի պես
Ծառով, ծաղկով կանանչ էր.
Սերս էլ նազան բլբուլի պես
Սրտումս անուշ կըկանչեր:

Ինձի ասիր, աղջի՛կ սիրուն,
- Քու բլբուլին զարմացք եմ.
Ուշքս է տարվեր վարդիդ սիրուն,
Մի հատիկ վարդ թո՛ղ քաղեմ …

Սիրտըս թնդաց, ջահել էի,
Անուշ լեզվեն շո˜ւտ խաբվա.
Ասի` բաղըս մատաղ քեզի, -
Սև աչերեն շա˜տ խաբվա …

Ու անգութը բաղըս մըտավ,
Ա˜խ, տըրորեց ծաղկունքըս,
Խեղճ բլբուլիս բըռնեց, տարա՛վ,
Կոտրեց նո՛ւռըս, չինարըս …

1898

Օդեսա