Եղիշե Չարենց
Երկիր Նաիրի
5
Մասն երկրորդ
ԴԵՊԻ ՆԱԻՐԻ
Հնամյա, հին մի երազ,
Երկիր մի՝ դարերի ուրու...
Ե. Չ. «ԱՄԵՆԱՊՈԵՄ»
Սույն այս վեպի առաջին մասում ես փորձեցի պատկերել նաիրյան այդ քաղաքն իր բոլոր հին ու նոր հրաշալիքներով, ջանացի տալ նրա բնակիչների կենցաղը կամ, ավելի լավ է ասել -կենցաղային կոլորիտը, ընդհանուր գույնը միայն ո՛չ թե մանրամասնը -այնպես, ինչպես տեսել եմ նաիրյան այդ քաղաքը ես, ինչպես պատկերացել է նա ինձ, այդ քաղաքը ճանաչողիս: Սրտի անհուն թրթիռով ես ձեռնամուխ եղա նրա նկարագրությանը, սիրելի ընթերցող, որովհետեւ սիրելի է նա ինձ, որպես մանկության օրորան, ծանոթ են նրա բնակիչներն ինձ, ինչպես հինգ մատս կամ այս գրիչս, որով գրում եմ հիմա: Կրկնում եմ՝ սրտի բուռն տրոփով սկսեցի գրել նաիրյան այդ քաղաքի պատմությունը, բայց հիմա, երբ ուզում եմ անցնել նրա հետագա օրերին ու դեպքերին, պատկերել նրա օրերն ու վաստակները -դառն, ծանր մի մորմոք թանձրանում է սրտիս, ուտում է սիրտս: Մի անգամ չգիտեմ շուկա՞ էի գնում, թե վերադառնում էի շուկայից, երբ անհեթեթ մի պատկեր գրավեց ուշադրությունս: Փողոցի մեջտեղով գնում էր բավականին տարիքոտ, միջահասակ մի մարդ, որ արտաքինով նման էր գավառցի վարժապետի կամ փոստ-հեռագրային ցրիչի, եւ, գլխի վրա դրած, տանում էր -երեւակայո՞ւմ եք -դեղնավուն մի դագաղ: Անձր էր, ցեխոտ փողոց. ցեխը հարիսայի նման ճպճպում, կպչում էր ոտքերին. այդ մարդը ահա, գավառցի այդ վարժապետը, տանում էր, գլխի վրա դրած, իրենից շատ ավելի ծանր մեծ մի դագաղ: Դեմքը չէր երեւում, բայց մեջքի ծնկների լարված կորությունը խիստ արտահայտիչ կերպով ցուցադրում էին, որ նա դժվարությամբ է տանում այդ բեռը, բայց ինչ գնով էլ լինի, ուզում է տեղ հասցնի, միայն թե հասցնի: Երեւի մայրն էր մահացել կամ կինը, կամ որդին -ո՞վ իմանա: Նա լարել էր ուժերը. դագաղի ծանրությունից կզակը կպել էր կրծքին. մեջքը չէր կարողանում միեւնույն կորությամբ պահել. այնպես որ դագաղը մերթ առաջ, մերթ ետ կշռվելով, քսվում էր ցեխերին: Ինչի՞ համար էր այդպես նա չարչարվում, ինչի՞ պիտի հանդիպեր այդ խեղճ վարժապետը տեղ հասնելիս...-Մի սիրած -դե՛, եթե ոչ սիրած, գոնե հարազատ մեռելի, որին նո՛ւյն այդ դագաղը դրած պիտի հանձներ հողին -ահա թե ինչո՞ւ էր այդպես անմխիթար. այդպես անօգնական ջանքերով, դագաղը նվացող ողնաշարին հպած, դեպի տուն շտապում այդ տխուր վարժապետը... Այդպես էլ ե՛ս, ընթերցո՛ղ, ճի՛շտ այդ վարժապետի նման.-ո՞ւր եմ գնում: Ինչո՞ւ եմ հպել -բայց ո՛չ թե ողնաշարիս, այլ գանգիս ուղեղին դագաղանման այս բեռը, ուզում եմ տեղ հասցնեմ... ո՞ւր: Եվ մի՞թե այնտեղ, տքնությանս վերջում, որպես նվիրական, սիրելի մի մեռել- չպիտի՞ պատկերանա ինձ Երկիրը Նաիրի, որին դամբանելու համար տանում եմ ես ահա խոհերիս տողաշար դագաղը -տանում եմ կամքիս հակառակ, որովհետեւ, այո, հարկավոր է տանել: Չէ՞ որ, այո՛-թաղել է հարկավոր բոլոր մեռելներին, որքան էլ նրանք սիրելի եւ հարազատ լինեն. չէ՞ որ, միեւնույն է, հակառակ դեպքում կքայքայվեն նոքա՝ զազրելի ախտաբույր, այնպես որ անգամ սիրահարը կզզվի պաշտելի աճյունից: Թողնենք, ուրեմն, մի կողմ լիրիկական զեղումը, սիրելի ընթերցող, անցնենք նաիրյան այդ քաղաքի օրերին դեպքերին: Եվ թող բացվի մեր դեմ օրերի մարդկանց «վաստակոց մեծագործությանց» խորհուրդում «երկիրը հազարամյա» - հնամյա Նաիրին...
Վեպիս առաջին մասում, ինչպես ասացի, ես ձգտեցի պատկերել կենցաղային այն բնույթը, երանգը, որ ուներ նաիրյան այդ քաղաքը «խաղաղ ժամանակ»: Ուժերս ներածի համեմատ՝ ես նախ նկարագրեցի քաղաքը՝ հին ու նոր հրաշալիքներով, ապա անցա բնակիչներին, որոնց ամեն մեկի մասին այնքանը միայն կարողացա ասել, որքանի որ, գուցե արժանի են նրանք: Գուցե դու կուզեիր, սիրելի ընթերցող, որ ես, եվրոպական անվանի հեղինակներին հետեւելով, մանրամասն վերլուծության ենթարկեի «հերոսներիս» հոգեբանությունը, մանրազնին պատմեի, թե ինչպիսի նրբին «ապրումներ» էր ունենում, ասենք, գեներալ Ալոշը, երբ նահանգապետն իջեւանում էր նրա հոյակապ բնակարանը կամ ասենք, հոգեկան ինչ ալեկոծումներ ունեցավ քաղաքային բժիշկ Սերգե Կասպարիչը կնոջը թաղելիս... Բայց այս առթիվ ես, մի անգամ ընդմիշտ, հարկադրված եմ ասել, որ սույն իմ այս վեպում չկա երեւի չի էլ լինելու եւ ո՛չ մի «հերոս»- այս տխուր հանգամանքում, կարծում եմ, ո՛չ թե ես եմ մեղավոր, այլ նաիրյան այդ քաղաքը, որովհետեւ -ի՞նչ, ի՞նչ «հերոսներ» կարող են դուրս գալ, ասենք, գեներալ Ալոշից կամ Համո Համբարձումովիչից -Մազութի Համոյից... Գուցե Մեռելի Ենո՞քը հարմար «հերոս» լիներ կամ Կինտաուրի Սիմո՞նը, կամ վերջապես Տելեֆոն Սեթո՞ն... Է, թողնենք այս հարցը, սիրելի ընթերցող, անցնենք, քանի շուտ է, մեր ընտրած քաղաքի «օրերին ու վաստակներին» եւ, ո՞վ գիտե, կարող է պատահի, որ դեպքերի բերումով այդ աննշան քաղաքի աննշան բնակիչներից շատ շատերը հանկարծ դուրս գան հերոսապանծ հերոսներ -դժբախտ ու հերոսական օրերի բերումով՝ դժբախտանան ու հերոսանան...
...Իսկ դժբախտ օրեր շատ անցան հետագայում ինչպես այդ քաղաքի, նմանապես ամբողջ Նաիրիի գլխից - չէին, չէին կարող, այո՛, այդ դըժբախտ օրերը չծնել անձնավորություններ՝ դըժբախտ ու հերոսական: Չէր կարող, օ, ո՛չ այդ դըժբախտ օրերի, տարիների հրից, չելնել, հերոսական, չհառնել, պայծառ ու սրբացած -Նաիրյան Ոգին:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ինչպես այսօրվա ճաշս, սիրելի ընթերցող, ես հիմա ամենայն մանրամասնությամբ հիշում եմ պատմական այն օրը -1914 թվականի հուլիսյան կիրակիներից մեկը -նաիրյան այդ քաղաքում: Սույն այս վայրկյանիս, երբ ես մտադրություն ունեմ մանրամասն նկարագրել այդ նշանավոր օրվա անցուդարձը -տարիների մշուշից կամ, ինչպես բանաստեղծը կասեր, տարիների մռայլ մոխիրների տակից ելնում են ահանկարվում են աչքերիս առաջ այն նշանավոր օրվա դեպքերն ու պատկերները: Պարզ, որոշ, կարծես այդ ամբողջը երեկ կամ մի ժամ առաջ կատարված լինի -ես տեսնում եմ ահա Մազութի Համոյին՝ քաղաքային այգու ակումբի առաջ, թղթախաղի կանաչ սեղանի վրայից, ճառ ասելիս... Պարզ, որոշ, կարծես թե հիմա, սույն այս վայրկյանիս կատարվելիս լինի -ես լսում եմ ահա Մազութի Համոյի հատու ձայնը, Մազութի Համոյի հզոր առոգանությունը: Խավարի, այո, սենյակիս գիշերային խավարի միջից նայում են ահա ինձ Համո Համբարձումովիչի կայծկլտող աչքերը սիրտս թպրտալ է սկսում անորոշ մի հուզմունքից, սիրտս տագնապալից զարկել է սկըսում, ինչպես էլեկտրական զանգի արծաթազօծ լեզվակ: Եվ երեւակայությունս, առաջ վազելով, արդեն նկարում է անողոք դահիճի մի նման, Մազութի Համոյին՝ փայտե մի մանեկենի նման կախաղանից կախված... «Խե՜ղճ, խե՜ղճ Համո...«, փսփսում է սիրտս, լացակումած - ես գրիչս ցած եմ դնում, որ սիրտս հանգստանա եւ ես հնարավորություն ունենամ պատմությունս շարունակելու:
Ծույլ, խաղաղ, կիրակնօրյա իր հանգիստն էր վայելում նաիրյան այդ քաղաքն այդ առավոտ: Ծլնգում էր Առաքելոց եկեղեցու զանգը՝ խաղաղ ու անվրդով: Ով սիրում էր աղոթքը -գնացել էր եկեղեցի, բայց քաղաքացիների մեծ մասը այգում էր գտնվում կամ նստած փակ խանութների առաջ՝ զբաղված էր առօրյա զրույցով: Կային էլ մարդիկ, որ հավաքվել էին Տելեֆոն Սեթոյի կամ Եգոռ Արզումանովի սրճարաններում: Կային էլ, որ հավաքվել էին այգու ակումբում: Ակումբում այդ օրը հավաքվել էին՝ քաղաքային բժիշկ Սերգե Կասպարիչը, Օսեփ Նարիմանովը -հաշտարար դատավորը, Արամ Անտոնիչը -դպրոցի տեսուչը, պ. Մարուքեն, Կինտաուրի Սիմոնը, որը սիրում էր «մեծերի հետ նստել«, անգլիագետ վաճառական Հաջի Օնիկ Մանուկոֆ էֆենդին եւ էլի մի քանի քաղաքացիներ -թուղթ էին խաղում: Խաղում էին -«պրաֆերանս», «մակաո», «բակարա»-սիրում էին խաղալ: Խաղում էին, ըստ սովորության, լուռ ու հանդիսավոր, մերթ ընդ մերթ միայն «փաս», «28», «տալիա» եւ նման բացականչություններով խզելով լռությունը: Բայց, չնայած խաղի մեջ գլխովին ընկղմված լինելուն, խաղընկերներից շատերը, ինչպես, մանավանդ Սերգե Կասպարիչը Օսեփ Նարիմանովը, լավ չէին զգում իրենց. նրանց թվում էր, որ «փչում է», չնայած հուլիսյան հաճելի եղանակին: Շուտ-շուտ դռանն էին նայում կամ պատուհանին: Բանն այն է, որ պակասում էր սովորական մի «բան», որին ընտելացել էին բոլորը -եթե միայն «բան» կարելի է ասել կենդանի այն էլ պատկառելի մարդուն:-Պակասում էր գեներալ Ալոշը: Առանց նրան կյանք չկար ակումբում, մանավանդ որ, նրա հետ մեկտեղ պակասում էր նաեւ ակումբի «երկրորդ հոգին«-ակումբի կենտրոնը -Մազութի Համոն: Դեռ խաղն սկսելուց առաջ Օսեփ Նարիմանովը հարցրեց, այսինքն՝ ոչ.-ակումբ մտնելով, ըստ իր մշտական սովորության, Օսեփ Նարիմանովն ուրախ բացականչեց -«Խորի՜ն հարգանքներս Ալյոշա Նիկիտիչին...»,-բայց պատասխան չստացավ այն հասարակ պատճառով, որ Ալյոշա Նիկիտիչը չկար: Օսեփ Նարիմանովը շվարեց: Գլխում, մի վայրկյանում, զարթնեցին մի շարք կասկածներ: Նախ՝ դեռ երեկ, գիշերվա ժամը չորսին ակումբից ելնելիս, գեներալ Ալոշը խոսք էր տվել առավոտյան տասին ակումբում լինել շարունակել ընդհատված «մակաոն»: Երկրորդ՝ վերջերս գեներալ Ալոշը մի տեսակ «ծուռ» աչքով էր նայում Օլգա Վասիլ եւնային- Շիկահեր Դդումին, իսկ Օլգա Վասիլեւնան ի՛րն է, ի՛րը՝ Օսեփ Նարիմանովինը միեւնույն ժամանակ ուրիշ ո՛չ ոքինը չի կարող լինել: Գեներալ Ալոշը թող այս լավ իմանա, գեներալ Ալոշը... Հազիվ էին այս մտքերը զարթնել Օսեփ Նարիմանովի գլխում, երբ Արամ Անտոնիչը, որի կնոջ համար այնքան անհանգստանում էր նրա լավ բարեկամ հաշտարար դատավորը -ներս մտավ հեւիհեւ եւ նկատելով, որ բոլորն արդեն անցնում են գործի -բռնեց, հետեւից մոտենալով, Օսեփ Նարիմանովի թեւից առաջարկեց նրան «մի ձեռք մակաո կամ պրաֆերանս»:- «Խորի՜ն հարգանքներս»,- բացականչեց Օսեփ Նարիմանովը սրտանց ուրախացած.-«Ինչպե՞ս է Օլգա Վասիլեւնայի առողջությունը, Արամ Անտոնիչ»: Օսեփ Նարիմանովը նոր կարծես մտաբերեց, որ երեք օր է արդեն, ինչ չի տեսել Օլգա Վասիլ եւնային. իսկ երեկ, ժամը երեկոյան վեցին, երբ, ըստ հին սովորության, նա գնաց «այցելության» (ժամը վեցին Արամ Անտոնիչը սովորաբար դպրոցում էր լինում)-աղախինը հայտնեց, որ Օլգա Վասիլեւնան հրամայել է ոչ ոքի չընդունել: Այս դեպքը հիշելով՝ արդեն մթնել էին սկսում Օսեփ Նարիմանովի աչքերը, արդեն ցանկանում էր հեռացնել Արամ Անտոնիչի պսպղուն աչքերից իր մշուշած աչքերը Օսեփ Նարիմանովը, երբ...-«Օլգա Վասիլեւնայից ջերմագին բարեւներ»,- ասաց Արամ Անտոնիչը խորհրդավոր ժպտալով ապա, շրթունքները մոտեցնելով Օսեփ Նարիմանովի ականջին, ինտիմ շշնջաց.-«Մամաշան»-քաղաքի մանկաբարձուհի Ակսյոնա Մանուկովնան -«երեկ երդվեց, որ այս անգամ անպայմա՛ն, անպայմա՛ն տղա կլինի...»: Օսեփ Նարիմանովի սրտից ծանրությունը, քար, ընկավ:-Իզուր չէ, ուրեմն, իր երկարամյա մտերմությունը Օլգա Վասիլ եւնայի հետ -մտածեց նա զվարթացած եւ հայտնեց, բարեկամաբար սեղմելով Արամ Անտոնիչի ձեռքը.-«Պատիվ ունիմ Կոլեչկի կնքահայրը լինելու.-հասկանո՞ւմ եք, Արամ Անտոնի՛չ. -անպայման «Կոլեչկի»... -Եվ բոլորովին հանգստացած՝ նստեցին խաղի:-«Իսկ ո՞ւր է Ալյոշա Նիկիտիչը»,- հարցրեց, թուղթը բաժանել սկսելով, Արամ Անտոնիչը, մի վայրկյան անց: Բայց բոլորն արդեն զբաղվել էին խաղով, այնպես որ ոչ ոք, չնայած որ ամենքն էլ զգում էին նրա բացակայությունը, չպատասխանեց նրան: Բժիշկ Սերգե Կասպարիչը միայն աչքերը կրկին դեպի պատուհանը հառեց, ուզեց ասել կարծես, որ «փչում է» այնտեղից, բայց գլխի ընկավ, որ այդ չէ անհանգստության պատճառը եւ լուռ շարունակեց խաղալ:
Եվ ահա, ցերեկվա ժամը մոտավորապես տասներկուսին, շնչասպառ ներս ընկան գեներալ Ալոշը եւ Համո Համբարձումովիչը- Մազութի Համոն: Ռումբի պես ներս ընկան գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն, արագ մոտեցան սեղաններին, խառնեցին թղթերը -թափեցին հատակին... Բոլորը վեր թռան տեղերից զարմացած ու ապշած: Իսկ Կինտաուրի Սիմոնը, չնայած որ բոլորից շատ էր տարվել եւ ավելի մեծ առիթ ուներ բարկանալու -ինքը եւս, անակնկալի եկած, կարծելով, երեւի, որ հարբած են «տղերքը»-վեր նետեց թղթերը, ոտքի թռչելով, բացականչեց, հիմարացած.- Ուռա՜, ուռա՜ա՜, ուռա՜ա՜ա՜...
-Ի՞նչ է, ցնդե՞լ եք, գասպադա,-զայրացած բացականչեց բժիշկը՝ ձեռքը սեղանին խփելով.-Ի՞նչ է պատահել:
Եվ դեռ չէին կարողացել ուշքի գալ մյուսները, երբ Համո Համբարձումովիչը ձեռքը վեր բարձրացրեց, նշան անելով, որ լսեն, եւ -
-Պատերազմ,-հայտարարեց Համո Համբարձումովիչը կիսաձայն -ու տիրեց լռություն՝ ակնածանք ու զարմանք:
Գեներալ Ալոշը եւս ցանկանում էր ինչ-որ բան ասել. ձեռքը վեր բարձրացրեց, բայց տիրած լռությունից ազդված՝ լռեց ու մնաց: Արամ Անտոնիչի աչքերը հառած մնացին գեներալ Ալոշի վեր տնկած ձեռքին: Հիմարային մի ժպիտ վախեցած քարացավ Կինտաուրի Սիմոնի -Կլուբի Մեյմունի դեմքին: Սերգե Կասպարիչը ձեռքը շրթունքներին տարավ եւ, մեքենայաբար, ինչպես այդ պատահում էր բժշկի հետ ընդունելության պահերին՝ չոր, պաշտոնական հազաց: Հետո գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն պատմեցին եղելությունը, ինչպես որ գիտեին: Բանից դուրս եկավ, որ առավոտյան ժամը յոթին-ութին, երբ Համո Համբարձումովիչը դեռ քնած է լինում, ոչնչից տեղեկություն չունենալով -գալիս հայտնում են, որ գավառապետը խնդրում է իսկույն իր մոտ անցնել մի չափազանց կարեւոր գործով: Խնդրում է, որ Ալյոշա Նիկիտիչին եւս վերցնի: Իսկույն հագնվում եւ Ալյոշա Նիկիտիչի բնակարանն է վազում Մազութի Համոն: Միասին գնում են գավառապետի բնակարանը: Վերջինս, առավոտյան այդ անսովոր պահուն, չափազանց սիրալիր ընդունելով հյուրերին,-հայտնում է նրանց, որ «կամոքն Աստծո եւ Օգոստափառ կայսեր՝ Ռուսաստանը, հարկադրված, պատերազմ է հայտնել... այսինքն՝ գերմանական ստոր կայսր Վիլհելմ II-ը պատերազմ է հայտնել Ռուսաստանին: Հարկավոր է այսօր ցույցեր կազմակերպել, ասել է գավառապետը Ալյոշա Նիկիտիչին եւ Մազութի Համոյին,- եւ հասկացնել ժողովրդին դեպքի մեծ նշանակությունը -դեպքի խոշորագույն նշանակությունը»:
Համո Համբարձումովիչի պատմածը ունկնդիրների վրա թողեց որոտի տպավորություն: Բոլորը ձեռք քաշեցին թղթախաղից եւ, Ալյոշա Նիկիտիչի առաջնորդությամբ, դուրս եկան ակումբից: «Պարոնա՛յք, հարկավոր է սկսել»,- ասաց Համո Համբարձումովիչը՝ ակումբի դռանը կանգնելով: «Ի՞նչը»,- հարցրեց Կինտաուրի Սիմոնը անհանգստացած. նրան թվաց, թե հարկավոր է պատերազմ սկսել: -«Ա՛յ, հիմա կտեսնես»,- պատասխանեց Համո Համբարձումովիչը խորհրդավոր կրկին մտավ ակումբ՝ Կինտաուրի Սիմոնը նրա հետեւից: Ակումբից դուրս եկան նրանք՝ կայսեր մեծադիր նկարը բռնած, իսկ նրանց հետեւից դուրս եկավ ակումբի ծառայողը դրեց ակումբի առաջ թղթախաղային կանաչ մի սեղան: Կայսեր նկարը բռնեցին գեներալ Ալոշը եւ Օսեփ Նարիմանովը. Մազութի Համոն բարձրացավ ու կանգնեց թղթախաղային կանաչ սեղանի վրա. ժողովուրդը հավաքվեց: «Պարոնա՜յք«,-բացականչեց, ձեռքը վեր բարձրացնելով, Մազութի Համոն. բոլորը քար կտրեցին, մնացին բերանբաց. հրաշք էր, զարմանալի զարմանք այդ Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն...
Հայտնեց, հայտնեց, թղթախաղային այդ կանաչ սեղանը պատվանդան արած, թղթախաղային կանաչ սեղանի ահռելի բարձունքից Համո Համբարձումովիչը ներքեւում խռնված նաիրցիներին պատերազմի լուրը: Հայհոյեց՝ աչքերը կայծկլտուք թափեցին. շանթեց իր բարձունքից գերմանական ստոր կայսր Վիլհելմ II-ին Մազութի Համոն: Ամբոխի մեջ կանգնած մանրածախ Կոլոպոտյանին թվաց, որ Մազութի Համոյի ոխերիմ թշնամին է, անձնական «պարտքնտերը»- գերմանական ստոր կայսրը՝ Վիլհելմը: Իսկ քիչ դենը կանգնած վարսավիր Վասիլին Վիլհելմ կայսրը պատկերացավ որպես արյունարբու մի հրեշ: Չմոռացավ հայտնել նաեւ Մազութի Համոն գավառապետի պատմած այն կարեւոր հանգամանքը, որ մեր ամենակարող թագավոր-կայսրը քանիցս անգամներ հեռագիր է խփել Վիլհելմին՝ առաջարկելով հաշտ-խաղաղ վերջացնել ծագած թյուրիմացությունը, բայց նրա հեռագիրները, ցավոք սրտի, մնացել են անհետեւանք: Վերջում կոչ արավ Մազութի Համոն օգնության հասնել ընդհանուր հայրենիքին այդ աղետալի ժամին՝ հոժարակամ զոհել, չխնայել անձնական փոքրիկ զոհաբերությունները մեծ Հայրենիքին: «Կեցցե, ուրեմն, մեր թագավոր կայսրը պանծալի բանակը. կորչի ստոր կայսր Վիլհելմ II-ը. ուռա՜ա՜ա՜»,-վերջացրեց իր պատմական այդ ճառը Մազութի Համոն եւ, ի մեծ զարմանս նրա -տիրեց լռություն: Չկարծեք սակայն, որ ժողովուրդը դիտմամբ չձայնակցեց. իհարկե, ոչ. ժողովուրդը չգիտեր, դեռ չէր սովորել, որ նման դեպքերում հարկավոր է արձագանքել: Բայց ահա օգնության եկավ իր բացառիկ դիրքով գեներալ Ալոշը. իր նման չաղ ծերուկից բավականին անսպասելի ճարպիկությամբ՝ ցատկեց կանգնեց Մազութի Համոյի կողքին, կանաչ սեղանի վրա, գեներալ Ալոշը. «ուռա՜ա՜ա՜«-բացականչեց գեներալ Ալոշը՝ գլխարկը թափահարելով. Սերգե Կասպարիչը, Օսեփ Նարիմանովը եւ Կինտաուրի Սիմոնը ահաձայն կրկնեցին - արդեն ծայրե ի ծայր այգին թնդում էր բացականչությունից, այնպես որ նույնիսկ պ. Մարուքեն, որ արդեն բաժանվել էր խաղընկերներից խառնվել էր ժողովրդին, մի վայրկյան շփոթվեց՝ քիչ մնաց ինքն էլ գլխարկը հաներ եւ գազանանման մռնչար: Բայց պ. Մարուքեն, իհարկե, այդ բանը չարավ. առաջին իսկ օրից ինքնուրույն դիրք բռնեց պ. Մարուքեն դեպի կատարվող անցքերը--բայց այս մասին հետո:
Դեռ թնդում էր այգին ուրախ բացականչությունից, երբ հնչեց գավառապետի ուղարկած զինվորական երաժշտախումբը. զինվորական երաժշտախումբը նվագում է «Բոժե ցարյա»: Բոլորը գլխարկներն հանեցին. երաժշտախումբը լռեց: «Կեցցե մեր սիրելի կայսր Նիկոլայ II-ը.- ուռա՜ա՜ա՜»,- նետեց Օսեփ Նարիմանովը դեպի հասարակությունը նորից, կանաչ սեղանի վրայից, չափ տվին, ձե՛ռքերը թափահարելով, գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն: Ապա, բավականին չափ տալուց եւ բղավելուց հետո, ցած իջան գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն, ահա, երկու այդ պատկառելի նաիրցիների առաջնորդությամբ, քաղաքացիների թափորը դուրս եկավ այգուց եւ շարժվեց դեպի մեծ փողոցը՝ գավառապետի բնակարանը:
Երբ թափորը, զինվորական երաժշտախմբի նվագակցությամբ, անցնում էր Տելեֆոն Սեթոյի եւ Եգոռ Արզումանովի սրճարանների մոտով -նրանցում հավաքված նաիրցիները, որ զբաղված էին թուղթ, դոմինո կամ նարդի խաղալով, դուրս թափվեցին եւ, մինչեւ թափորի հեռանալը, մնացին կանգնած սրճարանների առաջ: «Է՜ս ի՞նչ ղալաբալըղ է էլի»,-հարցրեց Մեռելի Ենոքը՝ դիների աղջիկը ձեռին: «Էլի հացը պըտի թանգընա»,- պատասխանեց կտրուկ Տելեֆոն Սեթոն եւ ներս մտավ սրճարանը՝ գլուխն օրորելով: «Հե՛չ չեմ հասկընա, թե յանի ընչի՞ է էս զուռնա-նաղարեն»,- ասաց նա սրճարանում՝ ոչ թե մասնավորապես մեկին, այլ ընդհանուրին դիմելով, բայց պատասխան չստացավ, որովհետեւ դեռ դուրսն էին բոլորը, նայում էին թափորին: «Էլի հացը պըտի թանգընա, էդ զուռնեն է կփչեն»,-կրկնեց նա իր խոսքը, երբ ներս մտան նորից այցելուները՝ ընդհատված խաղը շարունակելու:-«Ըբը ի՞նչ պտի էղնի»,-պատասխանեց նրան Քոռ Արութը,-եւ նաիրցիները, խորհրդավոր, գլուխներն օրորեցին: Սրճարանում եղածներից մի քանիսը սակայն, ինչպես պ. Աբոմարշը, մանրավաճառ «Ֆռանգը», Կաթոլիկ Դանիելը եւ ուրիշները, տեսնելով, որ թափորն առաջնորդում են այնպիսի պատկառելի նաիրցիներ, ինչպիսի՛ք են գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն,-իրենք եւս խառնվեցին թափորին, գնացին հոսանքով: Շուտով հայտնի եղավ ամենքին, որ գնում են գավառապետին իրենց քաղաքացիական պատրաստակամությունը հայտնելու, իրենց հպատակությունը,-եւ պ. Աբոմարշը գտավ, որ այդ միանգամայն անհրաժեշտ է, անհրաժեշտ ու ցանկալի: «Աշես մինչեւ քանի՞ տարեկանը պըտի կանչեն»,-հարցրեց Կաթոլիկ Դանելը մտահոգված. «Վո՞վ գիտե, նայած հանգամանքին»,-խորհրդավոր պատասխանեց Աբոմարշը եւ երկու խոսակիցներն էլ, կարծես թե, տխրեցին. լուռ քայլում էին՝ աչքերը սեփական կոշիկներին հառած:
Կիրակի, շոգ օր էր. արեւը փայլում էր ոսկեգույն. երկինքը, պարզ, անամպ՝ կործվել էր քաղաքի վրա, որպես կապույտ ափսե: Նվագում էր երաժշտախումբը, մարդիկ, կիրակնօրյա գույնզգույն շորերով, հետեւում էին նրան. ամբոխի մեջ խռնված, մեծ մասամբ երաժշտախմբի առաջն ընկած երեխաներին զվարթ խրախճանք էր թվում անհասկանալի այդ երթը: Տասը-տասներկու տարեկան մի տղա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի «պզտիկը», որ հայտնի էր բոլորին իր չար բնավորությամբ -քայլում էր, հաղթական, թմբկահարի կողքից եւ, իրեն զինվորականի նմանեցնելով, չափ էր տալիս՝ «Մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ»: Թափորը վերջապես մոտեցավ գավառապետի բնակարանին: Երաժշտախումբը նվագեց «Բոժե ցարյա», գավառապետը ելավ պատշգամբ: «Ուռա՜»,- բացականչեց ամբոխը՝ գեներալ Ալոշի ղեկավարությամբ: Ապա տիրեց լռություն՝ մեռելային սարսափ: Բոլորի աչքերը մեխվեցին գավառապետին: Նա.-նիհար, բարձրահասակ. -բարակ ձեռնափայտ է կարծես՝ ծայրին սոխի գլուխ: Մի-երկու վայրկյան նայում է վերեւից, պատշգամբից, ներքեւում հավաքված ամբոխին բարձրահասակ գավառապետը: Ձեռքը բերանին է տանում՝ հազում է երեւի, ապա-չոր, կտրուկ, զինվորականին վայել հատու, հաստատ ձայնով սկսում է խոսել: Պատերազմ: Կայսր: Վիլհելմ II: Մեր պարտքն է ծառայել հայրենիքին ու գահին: Կեցցե՛: Կորչի՛: Ուռաա՜:
Նորից արձագանքում է ամբոխը, նորից նվագում է երաժշտախումբը «Բոժե ցարյա»: Եվ ահա -նորից դուրս է գալիս... Մազութի Համոն: Քաղաքացիների դեմքը փայլում է պարծանքից, փթթում է նաիրցիների դեմքը, որպես բացված մի վարդ: Ի՞նչ պիտի աներ, ասացեք խնդրեմ, նաիրյան այդ քաղաքը, եթե չլիներ Համո Համբարձումովիչը, այդ «Լույսի» կառավարիչ Մազութի Համոն: Կկորչեր, ոտնատակ կլիներ՝ կթաղվեր տգիտության անսահման խավարում: Ամեն տեղ նա էր, ամեն դժվարին դեպքում նա՛ պիտի, միայն նա՛, սայլը ցեխից հաներ: Այդպես էլ այժմ: Քաղաքացիների կողմից նա, Մազութի Համոն, ամենայն պատրաստակամություն հայտնեց մինչ վերջին կաթիլ արյունը կռվելու՝ հանուն գահի հայրենյաց: Գիտեր, հասկանում էր Համո Համբարձումովիչը, թե որտեղ ինչ լեզվով է հարկավոր խոսել: Օձի լեզու ուներ Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն:
Մազութի Համոյից հետո շնորհակալություն հայտնեց երախտապարտ քաղաքացիներին գավառապետը ապա առաջարկեց ցրվել տները զբաղվել առօրյա գործերով: Գեներալ Ալոշը, Համո Համբարձումովիչը, Օսեփ Նարիմանովը եւ բժիշկը հրավիրվեցին վեր՝ ճաշի: Ժողովուրդը ցրվեց. գնացին՝ ո՛րը տուն, ճաշի, ո՛րը Եգոռ Արզումանովի կամ Տելեֆոն Սեթոյի սրճարանը, ոմանք էլ կրկին քաղաքային այգին վերադարձան՝ օրվա մնացած մասն այնտեղ անցկացնելու:
Այսպիսի՛ ահա շուքով ու հանդիսավորությամբ դիմավորեց նաիրյան այդ քաղաքը հետագայում Համաշխարհային Պատերազմ կոչված արյունալի հյուրին, դիմավորեց, ինչպես այդ վայել էր ամեն մի իսկական քաղաքի, խորին աչալրջությամբ, այդ հանգամանքում քաղաքը պարտական էր կրկի՛ն նրան, իր արժանի զավակին -Համո Համբարձումովիչ Ասատուրովին-Մազութի Համոյին:
Հաջորդ օրը, երկուշաբթի, բոլորը, ինչպես միշտ, արթնացան առավոտ մութլուսուն եւ գնացին գործի: Ոչինչ չէր փոխվել, ոչինչ չէր կատարվել, եթե միայն փոփոխություն չհամարենք այն հասարակ հանգամանքը, որ գեներալ Ալոշը, Մազութի Համոն եւ ընկերները այդ առավոտ մի փոքր հոգնած էին զգում իրենց, մի փոքր կոտրված, ինչպես այդ լինում է սովորաբար լավ քեֆերից հետո: Իսկ քաղաքացիների մեծ տոկոսին, մանավանդ առեւտրական փողոցի գործնական ներկայացուցիչներին, այնպես էր թվում, թե պատերազմի մասին երեկ, կիրակի օրը եղած բոլոր զրույցները ոչ այլ ինչ էին, եթե ոչ -կիրակնօրյա ներելի հանաքներ. անցավ կիրակին, եկավ երկուշաբթին՝ բավական է. թույլ տվեք զբաղվենք հոգսերով: Իհարկե, խոսում էին մեկ-մեկ եւ պատերազմի առթիվ, բայց խոսում էին այնպես, ի միջի այլոց, որպես իրենց չվերաբերող մի բանի մասին: Այդպես էր -առաջին, երկրորդ, երրորդ օրը, այդպես էր առաջին շաբաթվա ընթացքում, բայց կամաց-կամաց հեռու պատերազմն սկսեց նկատելի դառնալ նույնիսկ նաիրյան հեռու այդ քաղաքի, այո, ամեն ինչում - նույնիսկ մանրածախ Կոլոպոտյանը եւ Մեռելի Ենոքն սկսեցին զգալ իրենց շրջապատում անսովոր մի մթնոլորտ, անհասկանալի մի փոփոխություն: Բայց օրերում ու ժամանակներում պատերազմը հայտարարվելու առաջին իսկ վայրկյանից կատարված փոփոխությունը բոլորից առաջ պ. Մարուքեն զգաց նաիրյան այդ քաղաքում այն էլ հենց երկրորդ օրը, երկուշաբթի առավոտ ահա՛ թե ոնց:
Երբ, ըստ իր ամենօրյա սովորության (իսկ պ. Մարուքեն բացի իր այս միակ սովորությունից չուներ, ընդհանրապես, եւ ո՛չ մի սովորություն)-վարսավիր Վասիլի վարսավիրանոցը մտավ եւ, նստելով դեղնավուն հայելու առաջ, դեմքը, հլու, հանձնեց վարսավիրի թավ, կակուղ խոզանակին պ. Մարուքեն -վարսավիր Վասիլը, սապոնոտ խոզանակը թեթեւ սահեցնելով պ. Մարուքեի այտն ի վար, հարցրեց. «Էրեկ էդ ի՞նչ էր, պ. Մարուքե. տեսա՞ր Մազութի Համոյին... Օձի՛ պես կխոսեր անիծածը»: Պ. Մարուքեն չպատասխանեց: Տրամադրությունը վատ էր՝ գիշերը չէր քնել: Երեկոյան յոթից մինչ գիշերվա երեքը պրաֆերանս էր խաղացել այգու ակումբում Արամ Անտոնիչի, Կինտաուրի Սիմոնի էլի սատանան գիտե, թե ում հետ («շեֆերը» չկային. նրանք, ինչպես գիտենք, ճաշի էին հրավիրվել գավառապետի բնակարանը եւ այդ ճաշը, անհասկանալի պատճառով, տեւել էր մինչ գիշերվա տասնմեկը...): Բայց բանը նրանց ճաշը չէր, իհարկե, պ. Մարուքեն թքե՛լ էլ չէր ուզի նրանց ճաշի վրա. պ. Մարուքեն հասկանում էր, իհարկե, այդ ճաշի իմաստը. գավառապետի «տակլիզատորների» լակած «Մադերը» չէր նրա մռայլության պատճառը, այլ այն, որ նա երեկոյան խաղում տարվել էր Արամ Անտոնիչին մի խոշոր գումար եւ չէր կարողացել վճարել, որովհետեւ չէր ունեցել մոտը: Պ. Մարուքեն ինքը առաջինը չէր սիրում «նիսիա» խաղալ, բայց ավելի եւս դեմ էր դրան Արամ Անտոնիչը, բայց երեկոյան դեպքը կատարվեց թյուրիմացաբար, առանց իր իմանալուն. ինքն էլ չհասկացավ, թե ինչպես «տալիայի» վերջում ինքը տարված դուրս եկավ չորս հարյուր յոթը ռուբլի, այնինչ մոտը կար ընդամենը հարյուր իննսուն երկու ռուբլի: «Յորղանիդ չափը գիտենա՞ս»,-ասել էր, բարկացած, Արամ Անտոնիչը պ. Մարուքեին, երբ տեսել էր, որ վերջինս իր տարված գումարը չունի: «Ներողություն, վաղը կվճարեմ»,- պատասխանել էր պ. Մարուքեն քաղաքավարի շտապ դուրս էր եկել ակումբից՝ հետեւից լսելով Արամ Անտոնիչի հռհռոցը եւ Կինտաուրի Սիմոնի, այդ Կլուբի Մեյմունի ստրկական արձագանքը... Մեծ ինքնասիրություն ուներ պ. Մարուքեն սիրում էր ամեն ինչում «գերմանացի» լինել, այնպես որ այդ դեպքը թողել էր նրա վրա ահռելի տպավորություն, ոչնչացրել էր նրան, հավասարել էր գետնին: Գունաթափ եկել էր տուն երեսնիվայր ընկել էր անկողնու վրա. մինչ առավոտ մնացել էր այդպես: Բորբոքված ուղեղում մինչ առավոտվա ծեգը զանազան զուգորդությամբ ու կարգերով շարվել էին -թվեր, թվեր, թվեր. գույնզգույն թղթադրամներ. խաղաթղթեր: Գլուխը ցավում էր հոգնությունից. ուղեղը մշուշի էր նման. ծփում էր, ծանր, մութ, ծփում էր ուղեղը. եւ, տարբեր ձեւերով եւ կարգով, շարժվում էին ուղեղի միջով -թվեր, թվեր, թվեր. գույնզգույն թղթադրամներ. խաղաթղթեր: Պ. Մարուքեն ո՛չ մի մեղք չունի. պ. Մարուքեն երբեք չի երկարել իր ոտքերը վերմակից ավելի. կգտնի, այսօր եւեթ կգտնի պ. Մարուքեն այդ խղճուկ կոպեկները կշպրտի այդ չտեսի դեմքին: Եվ այժմ էլ դեմքը դեմ արած վարսավիր Վասիլի թավ, կակուղ ածելուն՝ հենց այդ էր մտածում, իր հոգնած ուղեղի չհնազանդվող ճիգերով, պ. Մարուքեն. ումնի՞ց վերցնի: Դեմքը դեղնել էր, այրվել, աչքերը՝ բութ, անիմաստ՝ նայում էին -ինքն էլ չգիտեր, թե ո՞ւր. աչքերը տեսնում էին -գույնզգույն թղթադրամներ:
Վարսավիր Վասիլը -ի՜նչ շունն էր, որ չիմանար... իհարկե գիտեր, դեռ երեկոյան լսել էր բանի եղելությունը, բայց չէր ուզում այդ առթիվ խոսել. նույնիսկ պ. Մարուքեի, ըստ սովորության, «տրամադրությունը» չհարցրեց. գիտեր, որ «վատ» է -ի՞նչ հարցներ: Մոտեցրել էր շրթունքները, որքան որ կարող էր, պ. Մարուքեի դեմքին, սահում էր -թավ, թեթեւ քսվելով՝ սահում էր ածելին նրա դեմքն ի վար: Լուռ էր, տոթ ու հանգիստ. լսվում էր վարսավիրի դանդաղ շնչառությունը -ու գոլ, կպչող, բաղանիքի շոգիի նման խեղդող ալիքներով քսվում էր Վասիլի շնչառությունը պ. Մարուքեի դեմքին: Բայց պ. Մարուքեն ոչինչ չէր նկատում, պ. Մարուքեի հոգնած ուղեղում, ինչպես բաղանիքի մառախուղում, օրորվում, օրորվում էին, շոգիի գույնզգույն կաթիլների նման -գույնզգույն թղթադրամներ...
Դուռը բացվեց ներս ընկավ -մանր, չոր, հաստատ քայլերով, կարծես երկու ձեռնափայտ էին հատակին խփում -Հաջի Մանուկոֆ էֆենդին: «Հը, բարի լույս, էֆենդի աղաներս, բարաջողում,-ուրախ բացականչեց Մանուկոֆ էֆենդին.-Գործդ աղեկ է, Վասի՛լ, վով չգա-չգա-պ. Մարուքեն հոս է ու հոս...«:
«Համեցե՛ք նստի, էս է, կվերջացնեմ,- շրթունքները հեռացնելով պ. Մարուքեի դեմքից, ժպտալով պատասխանեց վարսավիրը.-- Քեֆերդ տեղը կերեւա. փա՜ռք Ալլահին»: «Ինչո՞ւ չերեւա, աղա՛ս,-բացականչեց Հաջին բարկացած.-Տղա մըն ալ ավելցավ Հայաստանին. սա անգամ մանչ է, յա՜...»: Հերո՛ս էր, Հաջի Մանուկոֆ էֆենդու կնիկը -Նունուֆար հանըմը-տղա էր բերել:
Հաջի Մանուկոֆ էֆենդու այդ ուրախ տրամադրությունը հույսի պես վառվեց պ. Մարուքեի ուղեղում. բութ, քնկոտ աչքերում վայրկենապես բռնկվեց սուր, հուսալից մի իմաստ:
«Դե՛, շո՛ւտ»,-խռպոտ շտապեցրեց պ. Մարուքեն՝ ձախ ուսը ցնցելով.-«ուշանում եմ»:
Վարսավիր Վասիլը վերջացրել էր արդեն: «Շնորհավորում եմ, պ. Հաջաղա»,-վեր կենալով տեղից՝ պարզեց ժպիտն ու ձեռքը Մանուկոֆ էֆենդուն պ. Մարուքեն: Հաջի Մանուկոֆ էֆենդին երկու մատը դրեց պ. Մարուքեի ձեռքը. ձեռք սեղմել չգիտեր: Պ. Մարուքեն պինդ, սրտագին սեղմեց Հաջու երկու մատը եւ... չգիտեր, ո՞նց սկսեր: Բարեբախտաբար Մանուկոֆ էֆենդին հանեց նրան դժվարին դրությունից:
«Ժամանակ ունես նե- քալե ղահվե մը խմենք«,- ասաց Մանուկոֆ էֆենդին մատները խլեց պ. Մարուքեի ձեռքից:-«Հետո կուգամ»,-նետեց վարսավիրին Հաջին, շուռ եկավ. առանց ետ նայելու եւ պ. Մարուքեի համաձայնությունն առնելու դուրս եկավ վարսավիրից: Պ. Մարուքեն, առանց երկար մտածելու, հետեւեց նրան, իսկ վարսավիր Վասիլը զայրացած, զարմացած հայացքը նրանց կռնակներին հառած՝ մնաց մի-երկու վայրկյան սապոնոտ խողանակը ձեռքին. ապա՝ երբ նրանք անհետացան,-«Թյու, նալլա՛թ կարողությանդ, մա՛րդ»,- թքեց, ի խորոց սրտից, վարսավիր ՎասիլըՀաջու հասցեին. հետո մոտեցավ լվացարանին. լվանալով սապոնոտ խոզանակը, սկսեց շվվացնել «Ախ զաչեմ էթա նոչ» «մոդնի» երգը:
Մանր, չոր, հատու քայլերով, կարծես երկու ձեռնափայտ էին խփում մայթին -գնում էր առաջից, առանց ետ նայելու, Հաջի Մանուկոֆ էֆենդին: Ուրախ մտածում էր Մանուկոֆ էֆենդին, որ լավ ազատվեց «ուշաղբազ պերպեր»-ից: Ոչ թե սափրվելու նպատակով մտավ վարսավիր Վասիլի խանութը Հաջի Օնիկ էֆենդին, օ, ո՛չ. նա շաբաթը մի անգամ էր ածիլվում այն էլ շաբաթ օրերը.-նրա նպատակն էր իր նորելուկի մասին վարսավիրին հայտնելը. «Պերպերի լեզու-բաղանիքի դուռ»,-մտածում էր Հաջին եւ նա, իհարկե, իրավունք ուներ: Պ. Մարուքեի մասին, որին հրավիրել էր ինքը մի բաժակ սուրճի, մոռացել էր բոլորովին: Բայց պ. Մարուքեն նրան չէր մոռացել: Մտածում էր, նրա հետեւից հազիվ հասնելով, պ. Մարուքեն, որ եթե բարեհաճի Հաջին փոխարինաբար տալու հարկավոր գումարը -փրկված կլինի. հակառակ դեպքում... Պ. Մարուքեն չգիտեր, թե ի՞նչ կարող է լինել հակառակ դեպքում:
Հաջի Մանուկոֆ էֆենդին, խանութը հասնելով, կանգնեց. կտրուկ շուռ եկավ դեպի պ. Մարուքեն: Պ. Մարուքեն, որ, մտազբաղ, դեռ փոխում էր քայլը առանց դեմը նայելու -գլուխը թափով խփեց Հաջի Մանուկոֆի դեմքին. ռեզինե գնդակի նման ետ ցատկեց, շփոթված, պ. Մարուքեն:
«Յա՛վաշ, է, յավրում, ի՞նչ էղավ քեզի«,-բացականչեց Հաջին, բարկացած. ապա.-«Գնա՛ Սիմոնին ըսե ղահվե մը հրամցնե հաշվուս, ես ժամանակ չունիմ. ներող կըլլաս«,-ասաց նա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը. դուռը բաց արավ արագ, մտավ եւ դուռը ետ խփեց պ. Մարուքեի քթին:
Հասկացավ պ. Մարուքեն, որ հույս չկա: «Թո՛ւ«,-- թքեց պ. Մարուքեն, վարսավիր Վասիլի նման, էֆենդու հասցեին: Եվ քայլեց... ո՞ւր: Մթնեց, մթնեց աշխարհը պ. Մարուքեի աչքին, հուսահատությունը հասավ բարձրագույն կետի: Կպատմե, ծաղրելով, կպատմե երեւի իր բոլոր ծանոթներին Արամ Անտոնիչը հիմա այդ «վերջին խայտառակությունը»: Կպատմե -պ. Մարուքեի մթնած ուղեղում եր եւացին գունատ, զազրելի դեմքերը Օսեփ Նարիմանովի, Գեներալ Ալոշի, Մազութի Համոյի: Եվ հանկարծ, այդ վայրկյանին ահա, հուսահատության այդ ծայրահեղ վայրկյանին -հիշեց երեկվա եռուզեռը պ. Մարուքեն. կանգնեց, պատկերացավ հանկարծ պ. Մարուքեի բորբոքված ուղեղում կանաչ սեղանի վրա կանգնած Մազութի Համոն: Եվ Մազութի Համոն, այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչը, երեւաց նրան -ուրիշ. երեւաց անծանոթ: Ինչպես հեռո՜ւ-հեռո՜ւ, պատմական մի անձնավորություն, կանգնեց նրա գլխում Մազութի Համոն... Ինչպես պատմության դասագրքից հանած գրավյուր՝ պատմության դասագրքից սահեց Մազութի Համոն դեպի պ. Մարուքեի բորբոքված ուղեղը: «Պատերազմ»,-ասաց երեկվա ձայնով, պ. Մարուքեի բորբոքված ուղեղին Մազութի Համոն: Եվ պ. Մարուքեի սրտում ինչ-որ անհայտ մի ձեռք շարժեց, ժամացույցի սլաքի նման, ինչ-որ ծանր մի բան սովորական տեղից, պ. Մարուքեն հասկացավ, վերին մի հրաշքով, գլխի ընկավ հանկարծ, որ այդ վայրկյանից սկսած ուրիշ է աշխարքն արդեն,-որ, այդ վայրկյանից սկսած, սկսվում է օրերում ժամանակներում եւ ուրիշ մի բան.-այն, որ փոխելու է աշխարքը հիմնովին, ցնցելու, տակն ու վրա է անելու -եթե միայն կարելի է այսպես ասել -դարավոր հիմերը... Ցիրկի մեյմունի նման, ինչպես կասեր այդ մասին վարսավիր Վասիլը,-գլխիվայր մի ցատկյուն կատարեց կանաչ սեղանի վրայից, ինչպես դարավոր մի պատվանդանի վրայից, պ. Մարուքեի ուղեղում Մազութի Համոն, գլխիվայր մի ցատկյուն կատարելով՝ Մազութի Համոն թռավ դեպի պատմության դասագիրքը... Նորից, ինչպես ամբողջ գիշերը, սահեցին, դանդաղ, շարժվեցին մի վայրկյան նրա ուղեղում -գույնզգույն թղթադրամներ: Բայց, ի մեծ զարմանք իրա, սիրտը չպաղեց, չխոցվեց, չճմլվեց: «Եռունդա՛»,-դուրս թռավ, լսելի ձայնով, պ. Մարուքեի շրթունքներից. քարե մի ծանրություն սրտից ընկավ: Արագացրեց քայլերը պ. Մարուքեն. պ. Մարուքեն գնաց տուն՝ քնելու:
Հետագայում, հիշելով այդ վայրկյանը, քթի տակ ժպտում էր իր այդ զարմանալի, համարյա մարգարեական տեսողական կարողության վրա պ. Մարուքեն. բայց հետագայում իր այդ համարյա մարգարեական տեսողական կարողությունը այլ բանի էր վերագրում պ. Մարուքեն. - պ. Մարուքեի կարծիքով՝ իր այդ համարյա մարգարեական տեսողական կարողությունը հետեւանք էր ոչ թե ուղեղի բորբոքման, ինչպես կարող է մտածել միամիտ ընթերցողը, այլ, եթե միայն գեղարվեստական գրվածքում կարելի է այսպես արտահայտվել -քաղաքական հեռատեսության...
Արդեն սկսվել էր «կռիվը» ինչ-որ անհայտ տեղերում. մի-երկու ամիս էր արդեն, ինչ սկսվել էր պատերազմը: Վաղուց արդեն ծայր էին առել շշուկներ, որ շուտով, այսօր չէ -վաղը, ինչպես Տելեֆոն Սեթոն էր ասում՝ «ռուսը կռվի կը կանչե անօրենին»: Խոսում էր՝ արդեն ասում էր քաղաքային այգում ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին, որ կա, արդեն «Կենտրոնում» ստացված են ստույգ տեղեկություններ, որ շուտով, շատ շուտով կռիվ կհայտարարվի նաեւ «ոսոխին» եւ այն ժամանակ արդեն ամեն ինչ կփոխվի... Լայն հորիզոններ կբացվեն այն ժամանակ Նաիրիի համար,-խորհրդավոր ձայնով, որպես պետական մի գաղտնիք, ասում էր ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին: Չգիտեմ այդ ի՞նչ փոփոխություններ է, որ դեռ նոր պիտի տեղի ունենային այդ քաղաքի կյանքում ի՛նչ հորիզոններ պիտի բացվեին Նաիրիի առաջ այդ խորհըրդավոր փոփոխություններից. չգիտեմ, ասում եմ, որտեղի՞ց էր ստանում «Կենտրոնը» նման տեղեկություններ. բայց մի բան կարող եմ հաստատ ասել, որ որոշ փոփոխություններ արդեն իսկ տեղի էին ունեցել շատերի գործերում, բայց այդ բանը, դժբախտաբար, չէր կարողացել տեսնել ընկ. Վառոդյանը: Այդ «տեղեկությունները» նա կարող էր ինքը, առանց «Կենտրոնին» դիմելու, հենց տեղում ստանալ ամեն մի ամենահասարակ նաիրցուց, թեկուզ հենց մանրավաճառ Կոլոպոտյանից, որի առաջ, այո՛, արդեն իսկ բացվել էին որոշ հորիզոններ... Նրա, մանրածախ Կոլոպոտյանի կյանքում, արդեն իսկ տեղի էր ունեցել այն աչքի ընկնող, կենսական փոփոխությունը, որ, մի-երկու ամսվա ընթացքում, ռաֆինադ-շաքարի գինը 14 կոպեկից թռել էր 17-ի: Ավելացրել էր գինը -Հաջի Օնիկ Էֆենդի Մանուկոֆը, որ ստանում էր շաքարը տեղից, ստանում էր վագոնով եւ, իր հերթին, պարկերով ծախում էր մանրավաճառներին: Բայց այդ դեռ չնչին փոփոխություն էր, համեմատած այն ավելի քան շոշափելի փոփոխության հետ, որ տեղի էր ունեցել հենց այդ նույն Կոլոպոտյանի հարեւան Կաթոլիկ Սիմոնի խանութում: Եվ ուրիշ խանութներում եւս, որոնցում պակասել էր արդեն, կամ պիտի պակասեր, կամ պակասելու վրա էր օգնող ձեռքը, որի՝ որդին, եղբայրը, որը՝ հենց ինքը: Գնացել, տարել էին արդեն-- Կաթոլիկի որդուն, նրա հարեւան Կարապետյանի, Մարտիրոսյանի ու հազար ու մի անհայտ «յան»-երի որդիներին, եղբորը, իրան: Հերթի էին հենց իրենք -պ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը, սա, նա, մյուսը. ո՞րը թվես: Արդեն, ամեն առավոտ երեւում էին պատերի վրա -պատերի վրա փակցնում էին արդեն ինչ-որ անհայտ ձեռքեր սպիտակ հրամաններ: Կանչում էին թղթերի վրայից, պատերի վրայից, կանչում էին սպիտակ հրամանները -սրան, երկրորդին, հարյուրին. կանչում էին դեպի Հինգհարկանի Շենքը: Գալիս, թափվում էին արդեն ամեն առավոտ, լցնում էին փողոցներն ու մեյդանը -պատանի, երիտասարդ, տարիքոտ տրեխավորներ. շրջանի գյուղերից գալիս հավաքվում էին Հինգհարկանի Շինության առաջ: Գնում էին այդտեղից -կայարան. խմբերով, գնում էին կայարան: Կանգնում էր, երկար ու կարմիր, ապրանքատար գնացքը. կանգնում էր կայարանից բավականին հեռու, դեպոյի մոտերքը: Տրեխավոր մարդիկ լցվում էին մեջը, թափվում էին մեկը մեկի վրա, ինչպես ձկները տակառում: Սուլում էր շոգեմեքենան. սուր, խեղդամահ արվող անասունի նման, սուլում էր սուլոցը շոգեկառքի: Տրեխավոր մարդիկ գոռում էին անիմաստ, տրեխավոր երիտասարդները երգում էին պառավաձայն.-
«Տա-նը՜ը՜ը՜-մե՛ն-ադե՛ ջան-տա՜ա՜-նը՜ը՜ը՜-մե՜ե՜ե՜ե՜ն...«:
Իսկ, մյուս կողմից, գալիս էին գնացքներ, ամեն օր, ամեն գիշեր գալիս էին գնացքներ անհայտ հեռուներից դեպի նաիրյան այդ քաղաքը: Ու լցվում էր քաղաքը «սոխ» զինվորներով. լցվում էր քաղաքը օր օրի վրա, վայրկյան վայրկյանի հետեւից: Ուրախ էին Եգոռ Համբարձումովը, Բոչկա Նիկոլայը, մանրավաճառ Կոլոպոտյանը: Ուրախ էր, ընդհանուր առումով, ամբողջ Լորիս-Մելիքյանը՝ կայարանից -մեյդան: Էլ, իհարկե, առավոտ կանուխ, մշուշի միջից իր խանութը վազող նաիրցի վաճառականը, մանրավաճառը, չարչին, Հաջի Մանուկոֆն ու Կոլոպոտյանը չէին մտածում, որ մինչ ինը-տասը, ինչպես այդ տեղի էր ունենում առաջ, պետք է իրենց խանութների դռանը անգործ կանգնած, ձանձրությունից հորանջեն: Օ, ո՛չ, իհարկե ոչ: Առավոտվա ծեգից մինչեւ երեկոյան մութը լի՛քն էր, լի՛քն էր լինում փողոցը հիմա «սոխով ու սխտորով», ինչպես անվանում էին խանութպանները զինվորներին եւ գյուղացի նորահավաքներին: Եվ ի՛նչ. վատ չէ՛ր: Որը մի քառորդ շաքար, որը հինգ կոպեկի հալվա, որն էլ ուրիշ մի բան -ամենքից մի կոպեկ, հաշիվը -հարյուր՝ մանեթը կա: Այդ դեռ մանր-մունրը: Սրա հետ համեմատած -թալան էր, ինչպես, նախանձելով, ասում էր Կոլոպոտյանը,-Հաջի Մանուկոֆինը, պարսիկինը եւ ուրիշ մեծ մաղազաներինը՝ փոդրաթչիներինը:-«Տասը վագոն սապոն, 10 խոզի ճարպ, տասն էլ չգիտեմ ի՞նչ զահրումար»- ահա, Կոլոպոտյանի հաշվով, նրանց «տոմարը»: Մենակ Մեռելի Ենոքն էր, խեղճը, հին օրերի օրը. սկզբում նա կարծեց, որ իր գործը եւս աջողակ կգնա, բայց չարաչար սխալվեց. մեռնողները, ճիշտ է, շատացան աշխարհում, բայց ոչ այնպիսիքը, որոնք պետք ունեին դագաղի. «սոխերին», ինչպես նա էր ասում, «կազյոնի» էին թաղում, այսինքն՝ առանց դագաղի, իսկ «սխտորները»... Դե՛, ե՞րբ էին այդ տրեխավոր «բռիները» մարդավարի ապրել: Այնպես որ նա, ինչպես առաջ, օրվա մեծ մասն անգործ, ձանձրությունից ձանձրացած՝ թիթեղե սպիտակ հրեշտակներ էր փակցնում պատրաստի դագաղների վրա, իսկ երբ դրանից էլ էր ձանձրանում Մեռելի Ենոքը -գնում էր Տելեֆոն Սեթոյի սրճարանը՝ վերջինիս եղբոր, հիսունն անց Քոռ Արութի հետ դոմինո խաղալու: Վերջինս ճիշտ որ կույր էր. բայց, բարեբախտաբար, մի աչքից միայն. այդ մի աչքը Քոռ Արութը կորցրել էր երիտասարդ ժամանակ՝ բարեկենդանի օրը մեյդանում «ղոչի» հետ մենամարտելիս: Նրա մոտ էր գնում Մեռելի Ենոքը իր ձանձրույթը փարատելու, որովհետեւ իր նման անգործ էր լինում Քոռ Արութը. եղբոր սրճարանում Քոռ Արութը, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ վարում էր մշտական խաղակցի պաշտոն: Մեկ-մեկ էլ կայարան էր գնում Մեռելի Ենոքը եկող-գնացողին նայելու, որտեղից նա վերադառնում էր տխրած կամ ուրախացած. տխրած, որ ինքը ո՛չ մի շահ, ո՛չ մի հասույթ չունի գնացող-եկողներից, եւ ուրախացած, որ ինքը չկա եւ, երեւի, երբեք էլ չի լինի ուղարկվողների շարքերում: Բայց Մեռելի Ենոքի այդ եթերային ուրախությունը տեղի էր տալիս ծայրահեղ տխրության, երբ նա, քաղաք վերադառնալով, տեսնում էր խանութներում տիրող եռուզեռը:-Բոլորը աշխատում էին, բոլորը շահում -բացի իրենից միայն մեկ էլ իր միակ սրտակից՝ Քոռ Արութից: Բայց նրան վիճակված էր զրկվել իր այդ միակ սրտակցից -մի հանգամանք, որ խորը տպավորություն թողեց նրա ինքնասիրության վրա եւ մտցրեց նրա կյանքում եւս որոշ փոփոխություններ...
Մի անգամ իր անպետք դագաղներից ու հրեշտակներից ձանձրացած, Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց, ըստ սովորության մի ձեռք դոմինո խաղալու, Մեռելի Ենոքը, բայց մեծ եղավ զարմանքը, երբ տեսավ, որ Քոռ Արութը սրճարանում չկա: Կարծեց թե դուրս է գնացել, սպասեց, սպասեց -բան դուրս չեկավ: Քոռ Արութը չկար: Տելեֆոն Սեթոն էլ, դե, առաջվանը չէր, նրա սրճարանը ավելի քան լիքն էր լինում հիմա «սոխերով» «սխտորներով». դժվարանում էր հարցնի: Վատ զգաց իրեն Մեռելի Ենոքը, սիրտը պայթում էր սրտմտությունից, այնպես որ չկարողացավ համբերել, մոտեցավ հարցրեց: «Գործի եմ դրե վակզըլի մեյդանը»,- եղավ Տելեֆոն Սեթոյի պատասխանը. «սոխերուն չայ կծախե»: Չհասկացավ առաջին վայրկյանին Մեռելի Ենոքը, բայց մտաբերեց կայարանը, հիշեց. հիշեց վակզալի մեյդանը: Սուսուփուս դուրս եկավ Սեթոյի սրճարանից ու շտապ քայլերով դիմեց կայարան: Գնում էր խոշոր քայլերով. հեւիհեւ վազում էր փողոցի մեջտեղից Մեռելի Ենոքը. սոխերը հրում էին նրան, հայհոյում էին երբեմն, երբ դիպչում էր նրանց, բայց ուշադրություն չէր դարձնում. գնում էր գլուխը կախ ձեռքերը թափահարելով: Երկար, սեւ, խունացած չուխի առանց այդ էլ բորբոսնած փեշերը քսվում էին փողոցի փոշուն, ավլում էին փողոցը. նա գնում էր անկանգ, Լիր Արքայի նման սրտում դառնություն ու կսկիծ՝ Մեռելի Ենոքը գնում էր կայարան: Վերջապես նա հասավ կայարան եւ նո՛ր գլխի ընկավ, որ նրա դիմացը գտնվող նախկին ամայի տարածությունը դարձել է արդեն -բազար, դարձել է, ինչպես Տելեֆոն Սեթոն հորջորջեց -«Վակզլի մեյդան»: Նույն խոշոր քայլերով մտավ վակզալի մեյդանը Մեռելի Ենոքը եւ այն է, նոր էր սկսել, դեռ նոր էր փնտրել իր ընկերոջը՝ Քոռ Արութին, երբ մեկը քաշեց նրա փեշից: «Պաշո՛լ, սոխ հայվարա»,- կարծելով, որ ռուս զինվորներն են չուխիցը քաշում, հայհոյեց Մեռելի Ենոքը բարկացած. բայց... «Ե՛ս եմ, մա՛րդ Ասսու, հաչք չունի՞ս»,-լսեց Քոռ Արութի ձայնը շուռ եկավ դեպի նա: Ու մնաց, արձան կտրեց՝ տեղնուտեղը քարացավ Մեռելի Ենոքը տեսած տեսարանից: Փոքրիկ մի սեղան, առաջին կանգնած թեյ էր լցնում թիթեղե թեյամանից Քոռ Արութը. կողքից մի ռուս զինվոր պարզել էր ձեռքը, որ վերցնի: «Յա՛, տո՛. գործի՞ ես էղե, Հարո՛ւթ...»,-բացականչեց Մեռելի Ենոքը՝ հայացքը, պուշ, Քոռ Արութին հառած:-«Հա՛, ի՞նչ էնենք, Ենոք ջա՛ն. յավաշ-յավաշ փարա կաշխատինք, ի՞նչ կա օր...»,-կարծես արդարանալով, կարծես պարծենալով պատասխանեց Արութը. սկսեց դեմը դրած բաժակները մաքրել: Նայե՜ց-նայե՜ց. կոտրած ժպիտը դեմքին, իր նախկին խաղընկերոջը Մեռելի Ենոքը, մի երկու կցկտուր հարցուփորձ արավ առեւտրի մասին.-«Է, էրթա՛մ»,-ասաց, ապա, առանց ընկերոջը նայելու, Մեռելի Ենոքը: - Եվ շուռ եկավ անսպասելի կերպով. խոշորագույն քայլերով վերադարձավ քաղաք:
Հաջորդ օրվանից, փոքրիկ սեղանի դեմը կանգնած, հաց ու կալբաս էր ծախում վակզալի մեյդանում Մեռելի Ենոքը, իսկ մի շաբաթ անց այլեւս չէին վախենում, նրա խանութի առաջով անցնելիս, քաղաքի երեխաները. Մեռելի Ենոքը լիկվիդացիայի էր ենթարկել դագաղագործությունը զբաղված էր այժմ «ձեռքի առուտուրով»:
Ահա՛ թե ինչ փոփոխություններ էին արդեն տեղի ունեցել մի-երկու ամսվա ընթացքում, քաղաքի կյանքում,- իսկ ընկ. Վառոդյանը դեռ սպասում էր, հիմարը, որ «Կենտրոնը» տեղեկացնի իրեն ինչ-որ խորհրդավոր որոշումների մասին, որից հետո միայն, ընկ. Վառոդյանի կարծիքով, պիտի տեղի ունենային որոշ փոփոխություններ...
Եվ ահա... հիշում եմ, ինչպես օրս, սիրելի ընթերցող.-նորի՛ց, նորի՛ց, ամեն ինչի սկզբում, ամեն ինչ սկսողը, ամեն հասարակական քիչ թե շատ աչքի ընկնող երեւույթի մասին առաջին շեփորողը -նա ի՛նքն էր, Համո Համբարձումովիչ-Մազութի Համոն էր նաիրյան այդ քաղաքում: Եվ այս անգամ էլ էլի նա՛ էր, էլի նա ինքը, քաղաքի ամենաազդեցիկ մարդը, «Լույսի» կառավարիչը եւ «Ընկերության» տեղական կոմիտեի նախագահը -Մազութի Համոն: Իհարկե, «Ընկերության» ազդեցիկ անդամ լինելուն էր հարկավոր վերագրել այն հանգամանքը, որ Մազութի Համոն ամեն ինչ գիտեր, ամեն ինչ իմանում էր ժամանակին եւ ժամանակին էլ հայտնում էր, ում որ հարկն էր, ում որ հարկավոր էր հայտնել: Բայց այս դեպքում հարկավոր էր հայտնել ի լուր բոլորի. «Հայտնի՛ր բոլորին»,-այսպես էր գրված, ասում էր ընկ. Վառոդյանը, այն գրության վրա, որ ստացվել էր, ավելի ճիշտ կլիներ ասել՝ որ ստացել էին «Կենտրոնից»: Ընկ. Վառոդյանը իր սեփական աչքերով տեսել էր այդ գրությունը Մազութի Համոյի գրասենյակում, Համո Համբարձումովիչն ինքն էր ցույց տվել այդ հետաքրքիր գրությունը ընկ. Վառոդյանին: Ընկ. Վառոդյանն էլ, չգիտենք թե ինչու, հարկ էր համարել հայտնել ամենից առաջ պ. Մարուքեին -բայց ոչ թե «Կենտրոնից» ստացած այդ գրության, այլ այն «ըղձալի տեղեկության» մասին. որ բերել էր գրությունը: Պ. Մարուքեն այնքան էլ չէր սիրում ընկ. Վառոդյանին, այդ, ինչպես արտահայտվում էր նա -«նաիրցի վարժապետին», որի կռնակի վրա, ինչպես հայտնի է արդեն քեզ, սիրելի ընթերցող, «Դառնության կենտրոնից» հիշատակ էին մնացել հետաքրքիր հետքեր: Ընկ. Վառոդյանն էլ, իր հերթին, վերեւից էր նայում այդ «եվրոպացի ավանակ Գրաստամատյանին», որի պատմական ազգանվան սկզբնատառը այդպես անբարեխղճաբար փոխելով՝ բավականին զվարճություն էր պատճառում ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին: Բայց ընկ. Վառոդյանի նման, ոչ այնքան էլ բարյացակամ, վերաբերմունքը դեպի պ. Մարուքեն բխում էր ո՛չ թե անձնական, այլ ավելի քան օբյեկտիվ, հասարակական պատճառներից. բանն այն է, որ պ. Մարուքեն երբեմն թույլ էր տալիս իրեն բավականին երկիմաստ հայտարարություններ անել «Ընկերության» հասցեին. ահա թե ինչ... Այս բանը նրան ոչ միայն ընկ. Վառոդյանը, այլ եւԿլուբի Մեյմունն անգամ չէր կարողանում ներել, թեկուզ նա, այդ կոշկակար Սիմոնը, ոչ թե անդամ էր «Ընկերության», այլ սոսկական համակրող: Եվ ինչպե՞ս էր համարձակվում պ. Մարուքեն -ահա զարմանալին. ո՞վ, ո՞վ չգիտեր, որ ավելի հեշտ էր «Մութ սենյակում» հայհոյանք շպրտել «Նիկոլի» հասցեին, քան, անգամ երազում, անբարյացակամ վերաբերմունք ցուցահանել դեպի «Ընկերությունը»: «Ընկերությունը», ինչպես առաջին մասում առիթ ունեցանք ասելու, «Կենտրոն» էր, այն էլ -«Գեր-Կենտրոն»: Եթե դու ցանկություն ունես, սիրելի ընթերցող, թեկուզ ամենահեռավոր, ամենանսեմ կերպով պատկերացնել այդ «Կենտրոնը» -երեւակայի՛ր հետեւյալը:-Ինչ-որ անհայտ մի տեղ, մի տեղ, որի ուր լինելը ոչ ոք, նույնիսկ ընկ. Վառոդյանը չգիտե. նաիրյան, չինական, կամ, ո՞վ գիտե, կարող է պատահել, որ ասորաբաբելական իքս, իգրեք, զեթ -Անհայտ քաղաքում, քաղաքի ծայրամասում, կենտրոնում, կարող է՝ գերեզմանատանը -մի խոսքով՝ այնպիսի մի տեղում, որի գոյությունն անգամ կասկածի է ենթարկվում -կա, գոյություն ունի -չգիտեմ, ինչպե՞ս ասեմ, որ գլխի ընկնես -նո՛ւ, անհայտ մի սենյակ. կամ խցիկ. կամ ներքնահարկ: Այդտեղ, այդ ներքնահարկում ահա, որի ուր լինելը, ինչպես ասացինք, ո՛չ մի մարդ չգիտե,- ապրում է հսկայական մի սարդ, աներեւույթ մի սարդ. սարդանման ուղեղ: Եվ այդ սարդը ահա, սարդանման այդ ուղեղը, իր անհայտ տեղից, իր այդ անորոնելի բնակարանից պարզում է իր ճանկերը. այնտեղից սկսած՝ հյուսում է իր ոստայնը, կուռ, հյուսում է անողոք: Պարզում է իր ճանկերը, թելավոր, դեպի քաղաքները նաիրյան, դեպի ուղեղները, սրտերը, կամքերը նաիրյան.-պարզում է -Մուշ, Բիթլիս, Դիարբեքիր. պարզում է -Թիֆլիս, Թեոդոսիա, Էնզելի. պարզում է -Երուսաղեմ... Մի խոսքով՝ ամեն, ամեն անկյուն, ուր կա մի, գոնե մի նաիրցի: Նյու-Յորք, Ժնեւ, Կալկաթա, Պերու, Րիո-Ժանեյրո, Աննամ.-ի՞նչ, ի՞նչ քաղաք կամ երկիր հիշատակեմ, ուր չկա, ուր չեն հասել թելերը, երկաթյաթելիկները Ուղեղասարդի: Հյուսում է, հյուսում է իր ոստայնը նա. կուռ, երկաթե՝ հյուսում է քաղաքից քաղաք, երկրից երկիր. իսկ ինքը չի երեւում. անխուսափելի, անշոշափելի է ինքը, որպես հրաշք. հրաշք է, չես հասկանում. սարսափելի գաղտնիք.- զարմանալի զարմանք... Ահա՛ թե ի՛նչ է «Ընկերությունը» որպես «Կենտրոն», որպես, ինչպես ընկ. Վառոդյանն է շատ հաջող բնորոշում՝ «Գեր-Կենտրոն», սիրելի ընթերցող: Բայց ես դեռ ամենազարմանալին, ամենագլխավորը չասի. վախեցա չհավատաս: Բայց ի՞նչ կասես փաստերին. աչքի առաջ են փաստերը. փաստերը պերճախոս: Բանն այն է, սիրելի ընթերցող, որ Ուղեղասարդը ո՛ր վայրկյանին ուզենա՝ կարող է քաշել դեպի ինքը, գործողության դնել, շարժել, ինչպես որ կամենա, տիեզերական իր ոստայնը, ոստայնի թե՛լը ամեն մի, ամեն մի ամենահեռավոր թելիկը, թելիկի ծայրը, ծայրի ծայրածիրը... Ահա՛ թե ինչ: Երեւակայո՞ւմ եք՝ այնտեղ, իր անհայտ տեղում, սենյակում իր նստած՝ սարդային այդ ուղեղը կամ ուղեղային այդ սարդը կարող է շարժել, մի փոքր ձգել, տատանել հազարերորդ իր ճանկը, ճանկի ամենածայրը,- եւ ահա Նյու-Յորքում այսինչ-այնինչ թելիկները, թելիկային մարդիկ, կանեն, ինչ որ ինքը, Կենտրոնը կամենա, Կենտրոնաուղեղասարդը ուզե... Կշարժե նա, Կենտրոնաուղեղասարդը, իր հազար մեկերորդ թելիկը - ահա Ժնեւում, Եվրոպի մեջտեղում, նաիրատառ «Դրոշակի» վրա կշարվեն ահեղամռունչ, գահակործան կոչեր... Բայց դա էլ դեռ ոչինչ. դեռ ամենաաներեւակայելին կա, ամենահրաշանմանը: Ընտանեկան հարկում, կնոջդ, երեխաներիդ, քրոջդ կամ մորդ հետ նստած քեզ համար թեյ էիր խմում, կամ ճաշում, կամ ընթրում էիր դու, սիրելի ընթերցող, երբ քսանհինգ տարի առաջ, գեղեցիկ մի օր շարժեց իր ամենաբարակ ճանկը, ճանկի ամենածայրը Կենտրոնաուղեղասարդը աներեւույթ իր տեղից - ահա, երեւակայո՞ւմ ես,-այնտեղ, Վոսփորի դալարագեղ ափերին, սուլթանների լպիրշ մայրաքաղաքում, լիմոնադի խցանի մի նման՝ թավ, թեթեւ թռավ՝ անսիրտ դիվանագետների ժանգոտած ուղեղներում, որպես նաիրյան, այսինքն՝ «Ընկերության» ոգու ցասումնալից մի ցույց, արդարության բողոք -պայթեց, օդը ցնցեց Բանկը Օտտոման... Եվ ի՞նչ էր, ի՞նչ էր, եթե ոչ նո՛ւյն Կենտրոնասարդի ամենաաննշան թելերի ամենաաննշան շարժման ամենաչնչին հետեւանքը -այն, որ թռավ, գահընկեց, Ելդզի մեծաշուք պալատներից Ելդզի Ճիվաղը -նա, որի արյունարբու հայրենիքի մասին դրել էր, իր հեռու թելիկների միջոցով, դրել էր Կենտրոնասարդը, աշխարհիս առաջին մարդու անկաշառ նաիրասերի բերանը «Հիվանդ մարդը պետք է մեռնի» ճակատագրական պատգամը: Օ, ո՞րը, ո՞րը պատմեմ, քանի որ բազում են մեծագործությունները նրա, բազում ու անհատնում: Եվ ինչքա՜ն, ինչքա՜ն պիտի ծիծաղելի թվա այս ամենից հետո այն, միանգամայն ճի՛շտ որ անհանդուրժելի, հանգամանքը, որ այնպիսի մի մեծամիտ ոչնչություն, ինչպիսին էր պ. Մարուքեն, այդ ողորմելի «Գրաստամատյանը» հանդգնում էր զանազան երկմիտ, անթույլատրելի ակնարկներ անել, թղթե սլաքներ թռցնել «Ընկերության» հասցեին... Գիտեր, իհարկե, վաղո՜ւց շոշափել էր արդեն տեղական իր շնորհալի թելիկների միջոցով, այդ հանդուգն հանգամանքը Կենտրոնաուղեղասարդը. բայց շատ էր չնչին, շատ էր անարժան մժեղը, որպեսզի ճանկերը շարժվեին թռներ, հօդս ցնդեր պ. Գրաստամատյանը Բանկ Օտտոմանի նման... այո՛: Ավելի քան ճշմարիտ կլինի կարծել, որ պ. Մարուքեի հենց այդ չնչինությանը, այդ ոչնչությանը պետք է վերագրել այն, այլապես միանգամայն անհասկանալի, հանգամանքը, որ նա մնում էր անպատիժ նույնիսկ շարունակում էր նաիրյան այդ քաղաքում իր աննշան ծանրությամբ աննշան տատանումներ պատճառել Կենտրոնաուղեղասարդի թելիկներից ամենաթելիկին -ընկ. Վառոդյանին: Բայց ընկ. Վառոդյանն էլ հո գիտեր իր գործը. օ, նա շատ սքանչելի էր տիրապետել թելիկատատանման նրբագույն արվեստին. այդ բանում խրատական նշանակություն էր ունեցել ընկ. Վառոդյանի համար իր կարճատեւ մտերմությունը հանգուցյալ ընկ. Կարոյի հետ, այն տարաբախտ ընկ. Կարոյի, որ այնպես վաղաժամ, ինչպես ընթերցողին հայտնի է արդեն վեպիս առաջին մասից, զոհ գնաց Վարդանի կամուրջի, այսինքն՝ նրա դիմաց գտնվող աննշան խրճիթի պայթման դեպքին: Նրանից, այո՛, ընկ. Կարոյից էր առաջին անգամ, իր հեղափոխական գործունեության վաղ արշալույսին, առաջին հրահանգներն ստացել ընկեր Վառոդյանը: Նրանից էր ստացել առաջին անգամ ընկ. Վառոդյանը հեղափոխական ընդվզումի կարմիր ավետարանը -«Ամբոխային տրամաբանությունը»: Կարծում ենք, ավելորդ է վերստին հիշատակել այն ճակատագրական դասը, որ իր հերոսական կռնակի վրա, «շոմպոլի» կապո՜ւյտ-կապո՜ւյտ հետքերի ձեւով, ստացել էր ընկ. Վառոդյանը «Դառնության Կենտրոնից»: Այսպիսի պատկառելի հեղափոխական անցյալից հետո դժվար էր, իհարկե, գործ ունենալ ընկ. Վառոդյանի հետ, մանավանդ որ վերջերս նա կամաց-կամաց ավելի ավելի խոշոր ուշադրության էր սկսում արժանանալ Կենտրոնաուղեղասարդի տեղական գլխավորաթելի -Համո Համբարձումովիչի -Մազութի Համոյի կողմից: