Վրթանես Փափազյան
Ժայռ
Արարված երկրորդ
Մանուկյանների այգին. ամառվա վերջերն է։ Բեմի աջ կողմից մի քանի աստիճաններ և մի դուռ՝ տանում է դեպի ներսը։ Դռան երկու կողքին՝ ծառեր։ Սանդուղքի մյուս կողմից՝ ծաղկանոց, դեպի խորքը։ Բեմի առաջ՝ նստարան, քիչ հեռու, ձախ, մի սեղան, որի վրա կա ուտելիք, բաժակ։ Սեղանի մոտ՝ աթոռներ։ Խորքում մի կարճ ցանկապատ՝ մեջտեղը մեծ դարբաս։ Ցանկապատի մյուս կողմը փողոցն է։ Հորիզոնում երևում են անտառ ու լեռների ստվերագծեր։ Կեսօր է։
- 1) Բաղղասար-ամի, Զաքար, Մարգար, Սերոբ, հետո՝ Կիրակոս
ԲԱՂԴԱՍԱՐ.– (Հրում է այգու դուռը և զգույշ՝ ներս մտնում։ Ետևից երևում են մյուսները։ Չորս կողմն են նայում ամենքը, հետո ներս են գալիս)։ Ըստեղ չի… Նե՞րս գնանք…
ԶԱՔԱՐ. (Առաջ է գալիս)։ Ինչի՞ չէ. խնդիրք ունենք, փո՛ղ ենք տալու… (Համարձակ գնում է դեպի տան դուռը)։
ՄԱՐԳԱՐ. Կա՛ց, տո՛, Կիրակոսի՛ն ձեն տու… Էշ խո չե՞նք, որ բիրդան ներս ընկնենք։
ՍԵՐՈԲ. (Քայլում է դեպի տան դուռը)։ Կացեք ես ձեն տամ…
ԿԻՐԱԿՈՍ. (Տան դռնից երևում է սրճամանը ձեռքին։ Երբ տեսնում է գյուղացոց՝ խստությամբ)։ Հը՞, ի՞նչ ա. ի՞նչ եք ուզում:
ԶԱՔԱՐ. Աղին մեկ ձեն տա՞ս, քե՛զ մատաղ:
ԿԻՐԱԿՈՍ.– Ո՞ր աղին:
ԲԱՂԴԱՍԱՐ. Ալեքսան բեկին… Գործ ունենք։
ԿԻՐԱԿՈՍ. Հրե՛ն ինքը կգա հիմի… Սուդո՞ւմը գործ ունիք:
ՄԱՐԳԱՐ. Հա՛, իմը սո՛ւդի գործ ա։
ԲԱՂԴԱՍԱՐ. Ես էլ եկա, հա՛նց որ… Ասում են, չանի, Ալեքսան բեկը… հանց որ… զակո՛ն ա գտել ասում են… որ բա՛ն ա, վերսիլով պարտքը կարանք չտանք։
ԿԻՐԱԿՈՍ. (Ցած է դնում սրճամանը և ծիծաղում)։ Ո՞նց… Բա որ ըտենց ըլեր, առաջ հազր էդ զակոնովը ի՛մ վեքսի՛լը կոչնչացներ… Լա՛վ են էշացրել քեզ, ամի՛…
ԶԱՔԱՐ. Դե ամին մեղավոր չի… Քյաչալ Մարտիրո՛սն ա ասել… Հալբաթ ծիծաղած կըլի:
ԲԱՂԴԱՍԱՐ.– Բա ինչպե՞ս անենք, քե՛զ մատաղ… Բա թողամ հանց որ… բա՞ղս էլ խլի… էս տարի խո բերքիս կե՛սն էլ կտանի։
ԿԻՐԱԿՈՍ. Ո՞վ, Գրիգոր աղա՞ն… (Մոտենում է խորհրդավոր)։ Թե խելք ունես, ամի՛, անսա՛ս տեղդ գնա. Գրիգոր աղան ուզում ա Ալեքսան բեկին իրան փեսա շինի… իմացա՞ր…
ԲՈԼՈՐԸ. Բո՛… Ղո՞րթ…
ԶԱՔԱՐ. Լսել եմ։ Սրանց ասում էի՝ չէին հավատում… Տեսա՞ր, Բաղդասա՛ր ամի. դե հմի բա՛ղդ էլ գնաց, դու էլ հետը:
ԲԱՂԴԱՍԱՐ. (Գլուխն է երերցնում): Բա ասում էին՝ Ալեքսան բեկը ուսում առած մարդ ա, գեղացու ցավը գիտի՛, արդարության կողմը կբռնի…
ՄԱՐԳԱՐ. Դե արդարությունն էլ է՛ն ա, որ մարդ իր աներոջը դատաստանի չի քաշի, է՛լի… Բա չե՞ս իմանում, որ երկու տեսակ արդարություն կա։
ԲԱՂԴԱՍԱՐ.– Էդ խո աբլակատ Մարտիրոսը դառավ… Փող չունեցողի համար, ասում ա, ուրի՛շ արդարություն, հարուստի համար՝ ուրիշ։ (Գլուխն է երերցնում)։ Բա ինձ ասել են, թե օրենքը ամենքի համար մե՛կ ա…
ԿԻՐԱԿՈՍ. Մեկ լինելը՝ մեկ ա, ամա արի տես, որ ինձ ու քեզ համար օրենքով շարժվողները մեկ չեն… Ամա դո՛ւ գիտես, կուզես՝ սպասիր. հմի աղեն կգա:
ՍԵՐՈԲ. Ե՛ս էլ խնդիրք ունեմ…
ԿԻՐԱԿՈՍ. Քոնը իմանում եմ… (Գնում է դեպի դուռը)։ Մի քիչ ըտեղ կացեք, էն ա՝ կգա…
- 2) Նույնք և Ալեքսանդր
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Ամառվա հագուստով, գլուխը թաց, մտնում է տան դռնից)։ Հա՛… Գյուղացի՞ք են… (Մոտենում է)։ Բարև ձեզ։ Երևի ինձ հետ գործ ունեք։
ԲԱՂԴԱՍԱՐ. Հրամա՛նք ես, Ալեքսան բեկ… Սո՛ւդի գործ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Լա՛վ… Համեցեք նստեք… (Կիրակոսին)։ Ո՞ւր ես գնում, ինձ համար կոֆե բերի՞ր։ ԿԻՐԱԿՈՍ. Է՛ն ա բերել ե՛մ… Մարգարիտը կգա՝ կլցնի (Գնում է)։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Նստում է նստարանի վրա): Համեցե՛ք, նստե՛ք։
ԶԱՔԱՐ. Վնա՛ս չունի, աղա՛, սենց էլ լավ ա:
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Չէ՛, ինչո՞ւ… Ա՛յ, էն աթոռները առեք… Եվ կամ մեկդ հենց այստեղ, կողքիս նստեք… Ի՞նչ է, քաշվո՞ւմ եք… Ձեր գյուղացին չե՞մ, թե՞ ես յադ եմ ձեզ համար:
ՍԵՐՈԲ. Ինչի՞ յադ, քեզ ղուրբան, մեր Սահակ բեկի տղան չե՞ս, մեր քուչեքումը, մեր տներումը քի՞չ ես խաղացել…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Հա՞… Ավելի լավ… Մենք բոլորս էլ մի երկրի զավակներ ենք և եղբայրներ: Ի՞նչ անենք, որ ես Մոսկով եմ գնացել… Խո էլ ըստեղացի՞ եմ, գյուղացի և ձեր ընկերը… Նստի՛ր, Բաղդասա՛ր ամի, դու խո յադ չե՞ս, հորս հասակի մարդ ես… Ա՛յ, այստեղ, կողքիս նստիր… Դո՞ւ էլ գործ ունէս սուդումը…
ԲԱՂԴԱՍԱՐ. (Նստում է կողքին և սկսում է համարձակություն ստանալ)։ Դե ի՞նչ անենք, Ալեքսան բեկ, քեզ մատաղ… Դինջ թողնո՞ւմ են, որ… Ես սուդումը գործ չունեմ, չէ… Իմը ուրիշ բան ա… (Մյուս գյուղացիք, մեկը աթոռի, մյուսներն ուղղակի գետնի վրա նստոտում են)։
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Բաղղասարին)։ Վնաս չունի, առաջ դու ասա… Ի՞նչ է, չլինի՞ առնելիք ունես սրանից-նրանից և ուզում ես հավաքել, որ հոգեբաժին շինես… (Ծիծաղ։ Մյուս գյաղացիք էլ ծիծաղում են։ Առհասարակ ամենքը սկսում են բացվել հետզհետե)։
ԶԱՔԱՐ. Ա՛ քեզ մատաղ, Ալեքսա՛ն բեկ, ի՞նչ լավ արիր, որ եկար… Էն անիրավ Քյաչալ Մարտիրոսից մեզ կազատես… Դաղո՜ւմ է, դաղո՜ւմ… Զակոնը, դե՛, իրա ձեռքումը, հասկացողն էլ՝ ինքը… Դե՛, մենք էլ միամի՜տ, անգե՜տ… Պոկո՛ւմ ա ու պոկում, ու դեռ մեզ էլ անիրա՛վ դուրս բերում… Աստված քեզ օրհնի, որ եկար, որ իմանա՜ս, սաղ գեղը քեզ օրհնում ա…
ԱԼԵՔՍԱՆԴՐ– Լա՛վ, լավ. շնորհակա՛լ եմ… Ես էլ ձեր գյուղացին եմ, չէ՞, իմ պարտքն է ձեզ օգնել, ձեր ցավերի մասին աշխատել, չթողնել, որ ձեզ խաբեն… Հա՛մ էլ, օրենքը որ կա ամենքի՛ համար է: Բանն այն է, որ էդ օրենքները ձեզ ծանոթ չեն… Ի՛նչ որ է. ղոչա՛ղ կացեք, քանի ես կամ ոչ ոք չի կարող առանց օրենքի բան բռնել ձեր դեմ։
ԲՈԼՈՐԸ. Ա՛յ, աստված քեզ օրհնի… Ա՛յ դու ողջ կենաս… Աստված երկար կյանք տա…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Շնորհակա՛լ եմ… (Բաղղասարին): Դե՛, ամի՛, ասա տեսնինք. գործդ ի՞նչ է. առնելիք ունես, չէ՞… ԲԱՂԴԱՍԱՐ. Չէ՛–հա, քե՛զ մատաղ, որ ասե՛ս՝ պատանքի փող էլ չունեմ… հլա պարտքն էլ վզիս… Լսել եմ յանի որ… հրամանքդ զակոն ես գտել… հանց որ… վեքսիլով պարտք ըլեմ մեկին… մեկ ընենց մարդու, է՛լի… Որ յանի էդ վեքսիլով 100 մանեթ առած ըլեմ ու 150 գրած ըլի… որ էս երկու տարի էլ քաղիցս տամ, ցորենիցը տամ, եղիցը տամ… ու է՛լ հետ 200 մանեթ պարտք ըլեմ… Լսել եմ յանի որ… էդ զակոնովը, հրամանքդ էնպես կանես, որ կազատես ինձ էդ աստծու պատժիցը…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Ժպտուն)։ Սպասի՛ր… Ուրեմն դու պարտք ես առել միայն 100 ռուբլի՞…
ԲԱՂԴԱՍԱՐ. Հա՛, քեզ մատաղ, աստված էլ գիտի (գյուղացոց ցույց տալով), սրանք էլ գիտեն… Մեկ տարի բաղս բերք չտվավ, տո՛ւրք պիտի տայի…
ԶԱՔԱՐ. Ա՛յ Բաղղասար ամի, յանի զո՞ւր չես խոսում, էդ խո ըլելու բա՛ն չի. առել ես՝ պիտի տաս…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Իհարկե, իհարկե, առել ես՝ պիտի տաս… Բայց դու ասում էիր, թե 200 մանեթ է դարձել պարտքդ. հա՞:
ԲԱՂԴԱՍԱՐ. Տոկոս եմ տվել, տոկո՜ս… 100 մանեթը երբ առա, չէր տալիս՝ մինչև 150-ի տակ ձեռք չքաշեցի… բաղից-բանից էլ հարյուրից ավելի տված կըլեմ… էս տարի վեքսիլը թազացրեց չկարացի տալ 150-ը 200 շինեց… (Գյուղացոց)։ Ըսենց չի՞, ա՛ խալխը. դուք ու ձեր աստված, սո՞ւտ եմ ասում…
ԲՈԼՈՐԸ. Ղորթ ա, ըտե՛նց ա…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Գլուխն է երերցնում)։ Հը՞մ… վեքսիլի մեջ խո չի՞ գրած, որ հարյուրը տոկոսն է։
ԶԱՔԱՐ. Բա գրա՞ծ կըլի. գիժ խո չի՞։ Ինչի՞, մենք չե՞նք իմանում, որ զակոնով էդքան տոկոս չի ըլի… ամա որ նեղն ա լծո՜ւմ, դու էլ որ պե՜տք ես ունենում…
ԲԱՂԴԱՍԱՐ. Հա՜, քե՛զ մատաղ, նե՛ղն ա լծում… Ասում ա՝ է՛ս կուզես-տամ… Որ վեքսիլն էլ չես ուզում թազացնի գալիս բողազիդ ա չոքում, ուզում ա սուդը տա, տունդ ու տեղդ խլի…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Սպասիր… Դու ասացիր, որ 150 ռուբլու էր առաջին վեքսիլդ, երբ թազացրիր… Իսկ հինը հետ տվա՞վ քեզ, երբ երկրորդը առավ։
ԲԱՂԴԱՍԱՐ. Չէ… ընչի՞ որ… Կըլի որ ճղած ըլեմ… հա՛ ամա. մի՛տս ա, ի՛նքը հենց ինձ մոտ ճղեց ու գցեց…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Դառն ժպիտով)։ Խամություն ես արել, ամի՛… Բայց տեսնե՛նք, առաջ մեկ ասա, որի՞ն ես պարտ… ԲԱՂԴԱՍԱՐ. (Շփոթված և լուռ քիչ, մյուսներին է նայում)։ Սկի… չե՛ս ճանաչի…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Որ նկատում է գյուղացոց շփոթմունքը) Հը՞, էդ ո՞վ է, որ դժվարանում եք անվանել… Պիտի ասեք, որ գործ սկսե՞մ, թե՞ չէ… (Հանկարծ մի բան հիշելով, ոտքի է ելնում, ուշադրությամբ նայում է գյուղացոց, դեմքը մռայլվում է. խիստ)։ Չլինի՞ էլի…
ԲԱՂԴԱՍԱՐ. (Ոտքի է ելնում, վախեցած)։ Մի նեղանա՛, քե՛զ մատաղ… Ես հիմարացա… Որ իմացա, մտածեցի, թե ուսում առա՛ծ մարդ ես, կըլի որ արդարության կողմը պահես…
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Ավելի խիստ)։ Ուրեմն նա՛ է՝ Գրիգոր աղան…
ԲՈԼՈՐԸ. (Որ կանգնած են, լուռ՝ գլուխները խոնարհեցնում են։ Քիչ լուռ)։
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Շատ լա՛վ ես մտածել, Բաղդասա՛ր ամի, որ եկել էս ինձ մոտ… Այդ գործը թեև դժվար է, թղթե՛ր չունես, փաստ չկա, բայց ես վերցնում եմ ինձ վրա… Գյուղացիք վկա կկանգնե՞ն։
ԶԱՔԱՐ. Ով ասես… Ո՛ղջ գեղը վկա։
ՍԵՐՈԲ. Բոլորս վկա ենք… Դաղեց մեզ ախր էդ մարդը, ամենիս տունն էլ քանդեց։
ԲԱՂԴԱՍԱՐ. Օրհնվե՛ս դուն, Ալեքսա՛ն բեկ, թե էդ մարդին մեկ ընե՛նց, է՛լի, ոլորես, սուդի տակ գցես սաղ գեղը կազատես, մեր փրկիչը կդառնաս…
- 3) Նույնք և Մարգարիտ
ՄԱՐԳՈ. (Վազելով ներս է գալիս): Ուշացա, չէ՞, Սա՛շա… (Տեսնելով գյուղացոց՝ կանգ է առնում)։ Սրա՞նք ինչ են ուզում։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Գործ ունեն ինձ հետ… Կոֆեն շինիր ու գնա՛։
ՄԱՐԳՈ. Իսկ Թերե՞զը… Շլյապան էր հանում, որ այստեղ գա։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Թերե՞զը… Շո՛ւտ, ներս գնա և մի կերպ պահիր՝ մինչև սրանք գնան… Շուտ կվերջացնեմ… Այստեղ մի՛ գաք. գնա՛…
ՄԱՐԳՈ. (Զարմացած նայում է նրան, հետո կամաց-կամաց՝ ներս գնում)։
ԳՅՈՒՂԱՑԻՔ. (Թերեզի անունը լսելիս՝ իրար են նայում, հետո փսփսալ սկսում)։
ԶԱՔԱՐ. (Մարգոյի գնալուց հետո)։ Քե՛զ մատաղ, Ալեքսա՛ն բեկ, չնեղանաս։ Դե՛, մենք է՛լ գիտենք, որ Գրիգոր աղային դժվա՛ր ա կպչելը… Էլի ինչքան չըլի՝ զոռբա ա, փող շա՛տ ունի։
ՄԱՐԳԱՐ. Համ էլ մեր նեղ օրերին էլի նա ա հասնում… ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Բարկացած): Լռեցե՛ք, այդ ինչե՜ր եք ասում։ Ինչպե՜ս թե զոռբա է, փող շատ ունի… Թող ունենա։ Արդարությունը՝ ուժ, հարստություն չի՛ ճանաչում. նա մե՛կ է ամենքի համար։ Ասացի ձեզ. երկու ամսից ավելի է՝ այստեղ եմ, և օր չեղավ, որ նրա անիրավությունների մասին նոր բաներ չպատմեն ինձ… (Բաղդասարին)։ Գործդ ես կվերցնեմ, ամի՛։ Ո՛չ մի կոպեկ էլ չեմ առնի քեզնից… Ժամանա՛կն է գյուղն ազատելու այդ հրեշի ձեռքից… (Զաքարին): Իսկ դո՞ւ ինչ գործ ունես, քո՞նն էլ պարտքի, տալիքի զործ է։
ԶԱՔԱՐ. - Բաղս խլում են, Ալեքսա՛ն բեկ. գործը հին սուդումը. որդիքս կկոտորվեն քաղցածությունից։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ո՞վ է, դարձյա՞լ Գրիգոր աղան։
ԶԱՔԱՐ. Չէ՛, քե՛զ մատաղ, Ավետիսանց Գաբրելն ա…
ԲԱՂԴԱՍԱՐ. Սո՛ւտ ա, ա՛ խալխը, սո՛ւտ ա… Ես ձեզ ասել եմ ու կասեմ, որ Գաբրելը սկի կո՛պեկ չունի, ո՞րտեղից քեզ 500 մանեթ տվավ… է՛լի Գրիգոր աղան ա… Ա՛յ կտեսնեք, բաղիդ վրա աչք ա տնկել ու Գաբրելի՛ն ա մեջ գցել…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Մարգարին և Սերոբին)։ Իսկ դո՞ւք ինչ գործ ունեք… (Հիշելով)։ Հա՛… ձեր խնդիրը պատրաստել եմ… Ուզածս թղթերը բերի՞ք։
ՄԱՐԳԱՐ. (Հանում է ծոցից թղթեր և տալիս է): Հրե՛ս, բերել ենք…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Առնում է)։ Լա՛վ… Երբ գործը կնշանակվի, ձե՛զ էլ իմաց կտամ… Ապահո՛վ եղեք, իրավունքը ձե՛ր կողմն է։
ՍԵՐՈԲ. Այ, աստվա՜ծ քեզ օրհնի… Բաս մենք կպրծնենք, է՜լի…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Անպա՛տճառ։
ԶԱՔԱՐ.– Բաս ի՞մ գործը ոնց անենք, Ալեքսա՛ն բեկ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Քո գործն էլ ես կվերցնեմ։ Իհարկե դու էլ վկաներ կունենաս… Մի քանի օրից է՛լի եկեք, ես մեկ տանուտերի հետ կխոսեմ, հետո ձեզ կանչել կտամ։
ԲԱՂԴԱՍԱՐ.– Բաս գնա՛նք, ա՛ խալխ։ Աստված մեր Ալեքսան բեկին մեզ համար սա՛ղ պահի։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Մի՛շտ եկեք ինձ մոտ առանց քաշվելու՝ երբ գործ ունենաք։ Մեկ էլ այսուհետև առանց ինձ հարցնելու սկի՛ ձեռք չքաշեք վեքսիլի կամ ուրիշ թղթի… էդ քյաչալից էլ զգույշ կացեք, ասում են, որ Գրիգոր աղայի մարդն է… (Բաղդասարին): Ա՛մի… (Զաքարին): Դո՛ւք էլ. էս երեկո եկեք ինձ մոտ՝ խնդիրներդ գրեմ և մտածենք, թե ի՞նչ պիտի անենք… Մեկ 5-10 վկաների անուննե՛ր էլ բերեք… Գրիգոր աղան չլինի՝ ով ուզում է լինի– եթե անիրավ է, ձեռքիցս չի՛ պրծնի. միայն թե՝ վկաներ…
ԲՈԼՈՐԸ. Ամենքս, ո՛ղջ գյուղը…
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Շատ լավ ուրեմն… Չփախչեք, ա՛յ… իմացե՛ք, որ արջին թե բռնեցինք, էն ա բռնել ենք։ Թե ձեռքից բաց թողնենք, վայն եկել ու ձեզ տարել է հետո։
ԲԱՂԴԱՍԱՐ. (Ուրախ): Բաց չենք թողնի աստծով… Աստված քեզ օրհնի… Թե բաղս ու տունս ազատեցիր՝ ընտանիքով օրհնող կըլենք։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Նրա ուսը ծեծելով)։ Լա՛վ, լա՜վ, ա՛մի։ Օրհնի՛ր դու, որ հաջո՛ղ տանենք գործը։ Թե չէ՝ շատ էլ հեշտ չի այդ արջին թալակ գցելը… (Սպառնալից)։ Բայց որ գցեցինք, է՜է՜…
ԲԱՂԴԱՍԱՐ. Այ դու շա՛տ ապրես… էն սուրբ խա՛չը քեզ օգնական… (Բարեմաղթություններով և ուրախ խոսակցելով՝ բոլոր գյուղացիք դուրս են գնում)։
- 4) Ալեքսանդր (մենակ), հետո՝ Սահակ
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Մի րոպե լուռ և խոհուն՝ նայում է գյուղացիների ետևից, հետո կամաց-կամաց գնում և սուրճ է լցնում):
ՍԱՀԱԿ.– (Տան դռնից հանդարտ ներս է գալիս. պահ մի զննում է հեռվից որդուն, ապա սանդուղքից իջնում է)։ Մենա՞կ ես, Սա՛շա:
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Դառնում է դեպի նա)։ Մենակ եմ… Բա՞ն ունես ասելու։
ՍԱՀԱԿ. Մարգոն ասում էր, որ գյուղացիներ կան, և դու նրանց արգելեցիր գալ քեզ խանգարելու։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Գնացին… Եկել էին գանգատի… վաշխառուների մասին էր դարձյալ… (Խիստ)։ Դարձյա՛լ նա է, հա՛յր, մի՛շտ այդ մարդը…
ՍԱՀԱԿ. Ա՜ս՜ս… Թերեզան ներսումն է… Գրիգոր աղայի մասի՞ն է խոսքդ, չէ՞… Տեսա, Բաղդասար ամի՛ն կար եկողների մեջ… (Տխուր)։ Թշվա՜ռ ծերունի…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ուրեմն դո՞ւ էլ գիտես, թե նա ինչ է արել ծերունուն։ Եվ ինձ չէի՞ր ասում… Ո՛չ, հա՜յր, վճռել եմ ձեռքումս եղած բոլոր փաստերի հիման վրա՝ կովի՛ ելնել նրա դեմ, գյուղը միանգամո՛վ ազատել, վերջ տալ նրա արածներին…
ՍԱՀԱԿ. Կամա՛ց խոսիր, ո՛րդի… Նստի՛ր, նստի՛ր մեկ այստեղ: (Նստում է)։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Այսպե՛ս էլ լավ է: Սաստիկ վրդոված եմ… Հարյուր ռուբլի տալ, երկու տարի մեծ տոկոսնե՛ր առնել, հետո էլ երկա հարյուր ռուբլու պահա՛նջ դնել, ծերունու և նրա ընտանիքի ապավեն այգի՛ն խլելու ելնել… Ինչի՞ նման է սա: Մե՛կ չէ, երկո՛ւ չէ… Ամբողջ մի ամիս է, ինչ հարստահարության պատմություն եմ լսում – միայն և մի՛շտ այդ մարդն է երևում մեջտեղ, իր սարդային արյունո՛տ ճիրաններով։ Ո՛չ ոքի չի խնայել, ո՛չ ոքի…
ՍԱՀԱԿ. (Լուռ և գլուխը խոնարհած): Այո՜…
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Ավելի բորբոքված)։ Մեզ բարեկամություն է ցույց տալիս, զգո՛ւմ է, որ պիտի բացվե՛ր ինձ համար նրա աղտոտ դեմքը, գյուղացի՛ք պիտի դիմեին… Եվ կամենում է իր խոստումներով հորդորել ինձ՝ հեռանալու գյուղից, արգե՛լք չլինելու իր խայտառակություններին… Բայց օ՜, նա ինձ լա՜վ կտեսնի և լա՛վ կզգա… Չպիտի հեռանամ ես. պիտի մնամ և նրան քշե՛լ տամ այս կողմերից…
ՍԱՀԱԿ. Սա՜շա, ի սեր աստծո, ինչե՜ր ես ասում, մտածի՛ր մեկ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Միշտ բորբոքված)։ Մտածելու պե՛տք չկա։ Երդվե՛լ եմ ես արդարության կողմը լինել։ Ես դրա՛ համար եմ ուսել… Ւնքդ էլ տեսնում ես. թշվառների դառն քրտինքո՜վ է հարստանում այդ մարդը. ճզմո՛ւմ է ամենքին. կրակ դրել՝ գյո՛ւղն է վառում… Էլ ո՞ր օրվա համար ուսում առա. ինչո՞ւ բերնիցդ զրկեցիր և փող ուղարկեցիր ինձ. որ արդարությունը պաշտպանելու համար զինվեմ ու զինավարժվեմ…
ՍԱՀԱԿ. (Միջահատում է)։ Սպասի՛ր, Սա՛շա, մի տաքանա… Ախր որ ամեն բան չգիտե՜ս… Գուցե սո՛ւտ են ասում, թշնամությո՛ւն անում… (Տխուր և ինքը իր համոզմանը դեմ)։ Ա՛խ, գուցե՛, գուցե… Բայց ի՞նչ ասեմ… Հոգուս ինչո՞ւ մեղք բառնամ… Ճի՛շտ են, ճի՛շտ՝ բոլորը…
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Ահա՛, տեսա՞ր… Դո՜ւ էլ ճշտում ես ուրեմն։ Ես չեմ հասկանում դրանից հետո, թե ինչո՞ւ երկու շաբաթից ի վեր դու արգելում ես ինձ նրա դիմակը պատռելու, նրան դատարան քարշ տալու, ճզմելու և ոչնչացնելու…
ՍԱՀԱԿ. (Հուսահատ): Սպասի՛ր… (Հուզված ելնում է, տրորում ճակատը։ Հետո հանկարծ շուրջն է նայում, վարանում է և հուսկ, ուրեմն վճռականորեն մոտենում է որդուն, բռնում նրա թևից և՝ խռպոտ շշուկով)։ Լսի՛ր, Սա՛շա… Ո՛չ, այլևս չե՛մ կարող ծածկել… Լսիր, ի՛նչ կասեմ… Ե՛տ կաց այդ գործից, հանգիստ թող Գրիգոր աղային… (Ավելի հուզված)։ Եվ կամ, որն ավելի՛ լավ է, գնա՛ քաղաք. թո՛ղ գյուղը, թո՛ղ, խնդրում եմ քեզ, աղաչո՛ւմ եմ՝ թո՛ղ… ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Ետ է քաշվում զարմացած)։ Ինչպե՞ս, թողնե՞մ գյուղը… Գնա՞մ… Ձանձրացրի՞ ձեզ արդեն, ինձ վռնդո՞ւմ ես…
ՍԱՀԱԿ. (Նեղացած)։ Ախ, չէ՛, որդի՛ս, չէ՛, աստված գիտի՛, որ չէ… Ի՛նձ էլ, մե՛զ էլ հետդ տար։ Գնա գործերդ կարգի դիր՝ մե՛նք էլ գանք… Հերի՛ք է այստեղ… Է՛լ չեմ կարող…
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Բայց ինչո՞ւ, ի՞նչ է եղել… Ինչո՞ւ ես թաքցնում որդուցդ, ի՞նչ կա… (Բռնում է հոր թևից և քիչ լուռ՝ սպասում, հետո՝ խիստ): Խոսի՛ր, հա՛յր, ուզում եմ իմանալ, վերջապես… (Քիչ լուռ, հետո՝ ծիծաղելով)։ Կամ գուցե վախենում ես… որ հաղթվե՞մ, նա արդա՞ր դուրս գա և ինձ անպատվի՞… (Քրքիջ)։ Ինչ վախկո՜տն ես եղել, հա՛յր… (Քաջ)։ Մի՛ վախենա, ի՛մ կողմն է արդարությունը՝ թեկուզև հաղթվեմ ես, լռեցնե՛ն ինձ… Բայց ես կխոսեմ ամեն կերպ, կգոռա՛մ… Եվ վերջապես՝ խամ չեմ ես, գիտեմ օրենքները, փաստե՛ր ունեմ…
ՍԱՀԱԿ. (Ավելի հուզված): Չէ՛, չէ՛… ա՛յդ չէ… (Նստում է և գլուխը ձեռքերի մեջ առնում։ Մի վայրկյան լռություն է)։
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Հա՛յր…
ՍԱՀԱԿ. (Գլուխը բարձրացնում է և պղտոր հայացքով նայում)։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Ծանրակշիռ): Խոսի՛ր, հա՛յր… Ի՞նչն է քեզ ստիպում պաշտպանել նրան… Չլինի՞ դու էլ, գյուղացոց նման, մտածում ես, թե… Խոսի՛ր, վերջապես, հա՛յր… (Մոտենում է և կողքին նստում): Ուրեմն այդ չէ քո պաշտպանության պատճառը, չէ՞…
ՍԱՀԱԿ. (Վճռականորեն): Ոչ, այդ չէ… Եվ ո՞րտեղից ՛հանեցիր, որ ես նրան պաշտպանում եմ… Աստվա՛ծ էլ գիտե, մարդի՛կ էլ գիտեն, որ նրա ո՛չ մի գործի մեջ չկա՛ արդարություն, որ այդ հարստությունը դիզված է՝ խեղճերին կողոպտելով… Ես չե՛մ պաշտպանում, ո՛չ. բայց ես ի՛նքս, մենք, դո՛ւ, մայրդ և քույրդ… բոլո՛րս էլ նրա ձեռքի մեջ ենք…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Վեր է թռչում տեղից)։ Ինչպե՞ս… Մե՞նք, նրա ձեռքի մե՞ջ… (Հանկարծ հասկանում է)։ Ուրեմն դո՛ւ… դու պա՞րտք ունես նրան… Պարտքե՞ր ունես դու… և այն էլ՝ նրա՞ն… (Հուզմունք)։ Ո՞րքան է. և ինչո՞ւ… (Ավելի հուզված և հուսահատ)։ Նրա ձեռքի մե՞ջ… ե՜ս, բոլո՜րս… (Հորը)։ Իսկ դու փող չունե՞ս, չունե՞ս նրան տալու… Եվ շա՞տ է այդ պարտքը…
ՍԱՀԱԿ. Հինգ հազար։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Սոսկումով)։ Հի՜նգ հազար… Բայց ինչո՞ւ, ի՞նչը ստիպեց քեզ պարտք անելու… Եվ ինչո՞ւ ինձ չէիր գրում այդ ամենը… (Հուսահատ): Ախ, հա՛յր, հա՛յր, այս ի՞նչ դրության մեջ էս ձգում դու ինձ…
ՍԱՀԱԿ. (Մեղմ, հանդիմանական)։ Սա՜շա։ (Ոտքի է ելնում)։ Լսի՛ր ինձ: (Մոտենում է)։ Իսկ դու ինչո՞վ ուսար: Պակասե՞ց երբեք քո փողը այս չորս տարվա ընթացքում։ Երբեք դու մերժումն ստացա՞ր, երբ փող ուզեցիր… Իսկ այդ գումարների մեծ տոկոսնե՜րը, տոկոսների տոկոսնե՜րը…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Ընկճված՝ գլուխը խոնարհեցնամ է)։ Իրավո՛ւնք անես, հա՛յր… Ների՛ր ինձ, էս չէի մտածել, կարծում էի՝ փո՛ղ ունես, եկամո՛ւտ ունես այգուց…
ՍԱՀԱԿ. Այգին հենց առաջի՛ն տարվանից գրավ է նրա մոտ. արդյունքի կե՛սը գրեթե՝ տոկոսի է գնում… Տունն էլ անցյա՛լ տարի գրավ առավ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Լիովին ընկճված)։ Ամեն ինչ կորսվա՞ծ է այլևս… (Կռթնում է ծառին հուսահատ։ Երկուսն էլ լուռ են)։
- 5) Նույնք և Գրիգոր աղա
ԳՐԻԳՈՐ. (Այգու փողոցի դուռը մեղմությամբ բաց է անում, ներս մտնում և ետևից վրա քաշում)։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Որ տեսնում է նրան, ցնցվում, ուշքի գալիս, զսպում է իրեն և սառը՝ մնում է անշարժ)։
ՍԱՀԱԿ. (Նույնպես նկատում է նրան։ Ժողովում է իրեն և մնում է տեղում անշարժ)։
ԳՐԻԳՈՐ. (Մի վայրկյան փոխնիփոխ զննում է երկուսին էլ, հետո կեղծ ժպիտ դեմքին, սիրալիր)։ Բարև ձեզ… Խանգարեցի՞… Ասի աղջիկս այստեղ է… Այս կողմերիցն էի անց կենում… (Մոտենում է)։ Հը՞… Ի՞նչ է եղել, տխո՞ւր եք… Չլինի՞ կռվել եք։ (Սահակին): Երևի մի քիչ խի՞ստ ես խոսել հետը, հը՞… Ջահելի հետ խոսելը դեռ չես սովորել… (Ալեքսանին)։ Մի՛ նեղանա, ո՛րդի, հա՛յր է. միշտ որդոց լա՛վն են ուզում հայրերը… Համ էլ Սահակ բեկը խելոք մարդ է… (Նստում է)։ Նրա՛ն դու լսիր, զուր բաներ չի՛ ասի…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Շարժվում է տեղից և չոր)։ Սխալվում եք, մենք չե՛նք կռվել:
ՍԱՀԱԿ. (Տխուր ժպտում է)։ Է՛հ, ինչո՞ւ պիտի կռվեինք, խոսո՛ւմ էինք էնպես… Հրամանոցդ չէի՛նք սպասում…
ԳՐԻԳՈՐ.– Հա՛, տեսնո՛ւմ եմ… Ասի՝ մեկ մտնեմ, Սաշի քեֆը հարցնեմ… Բաս ո՞ւր է, մեր աղջիկը ձեզ մո՛տ էր եկել. ախր… Ախպե՛ր, էլ Թերեզին պահել չի լինում։ Չգիտեմ, ինչ-որ շատ է սիրել ձեր… Մարգարիտին: Գիշեր-ցերեկ նրա վրա՛ է խոսում: Տեղիցը վեր է կենում թե չէ՝ «Գնա՛մ Մարգարիտի մոտ»։ Յա թե չէ՝ «Սե՛րգո, գնա Մարգարիտին ասա՝ ինձ մոտ գա»… Որ բան է, ըստեղ ընկավ, է՛լ տուն վերադառնալ չկա…
- 6) Նույնք և Թերեզա
ԹԵՐԵԶԱ. (Տան դուռը բաց է անում, կիսովին երևում և շուրջն է նայում, առանց գլխարկի): Գնացե՞լ են գյուղացիք… (Ներս է գալիս սանդուղքների գլխից)։ Ֆո՛ւհ, Ալեքսա՛նդր Սահակիչ, ինչ վա՜տ մարդ եք եղել, ճշմարիտ… Մի ժամ է, որ մեզ ներսը փակել եք… (Մոտենում է և ձեռք է պարզում Ալեքսանին)։ Բա՛րև ձեզ… (Հորը)։ Դու է՞լ այստեղ ես, հայրի՞կ։
ԳՐԻԳՈՐ. Բո՜ւ, ա՛յ աղջի, մեկ ժամ է այստեղ ես և նո՞ր ես տեսնում Սաշային… Չլինի՞ դու էլ նոր ես գալիս։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ներսն էին. ես այստեղ զբաղված էի։
ԹԵՐԵԶԱ. (Հորը): Երևակայի՛ր, հայրի՛կ, մի ժամ է, որ այս անտանելի՛ մարդը մեզ ներսում փակել է և արգելել պարտեզ իջնելու – թե ի՞նչ է՝ մի քանի գյուղացիների հետ գործ ունի։
ԳՐԻԳՈՐ. Ը՛մ, դա՜… Փաստաբան մարդ է, աղջի՛կս, իհարկե, չպիտի խանգարել… Երևի գյուղացիները գործե՛ր ո՛ւնեին հանձնելու… (Ժպտալով): Ե՛ս էլ տեսա նրանց ճանապարհին՝ այստեղից գնալիս… (Ալեքսանին): Բայց գիտե՞ս ինչ կասեմ քեզ, Ալեքսա՛ն բեկ. (Խրատական); Ինձանից քեզ խրատ չի՛ հասնի, բայց, դեհ, որքան չլինի, փորձված, հորդ հասակի մարդ եմ… Գյուղացիներին, որդի՛ս, շա՛տ էլ վստահել չի՛ կարելի… Նախ որ՝ սկի ուղիղ բան նրանցից լսել չես կարող, էս՝ մեկ… Վրա երկրորդ՝ որ նրանք ամեն բան մեծացնում են… (Ոտքի է ելնում)։ Լուն՝ ո՛ւղտ են շինում։ (Սահակին)։ Հը՞, Սահա՛կ բեկ… Սաշան ջահել է, դո՛ւ ասա, դու լա՛վ կճանաչես գյուղացոց, ասածս ճիշտ չէ՞։
ՍԱՀԱԿ. (Խուսափողական)։ Ի՞նչպես ասեմ… Ասենք՝ իհարկե…
ԳՐԻԳՈՐ. (Խոսելով՝ հետզհետե մոտենում է Սահակին)։ Մեկ էլ որ… Ա՛յ, դու էդ լա՛վ կգիտենաս… Էդ գյուղացիք զահլա՛ են տանում: Կխոսան, կխոսան՝ բան չե՛ս հասկանա… Վայ է՝ թե ուրիշի կովը մի քիչ խոտ կրծեց իրենց այգու ծայրիցը։ Իսկո՛ւյն գանգա՜տ, ղալմաղա՜լ… (Ժպտուն): Հիմի էլ խո՞… փաստաբան կա գյուղումը, Ալեքսան բեկը գյուղացիների պաշտպանն է… (Նուրբ ծաղր)։ Էնպես է անում, որ մարդ կարո՛ղ է իր պարտքը չտալ թեկուզ մուրհա՛կ տված լինի, փող էլ առած… Ես ի՞նչ գիտեմ… Որ լսես նրանց – կասես, թե Ալեքսան բեկը հրաշքնե՛ր գործելիս լինի… (Ալեքսանին)։ Չէ՛, որդի՛, դու մե՛զ լսիր շատ երես մի՛ տալ դրանց, թե չէ ժամանակդ էլ կխլեն ու ոչինչ էլ օգուտ չես ստանա… (Սահակին)։ Հը՞, լավ չե՞մ ասում, Սահա՛կ բեկ…
ՍԱՀԱԿ. (Մեղմ)։ Դե, իհարկե, ձեր ասածն էլ ճիշտ է… Բանը շա՛տ են մեծացնում, չնչին բանը բան շինում։
ԳՐԻԳՈՐ. Դու դրան է՛դ հասկացրու, է՛դ… Որ էդպես, ամենքի առաջ դուռը բաց անի, ամենքին ականջ տա - ողջ օրը պիտի չնչին գործերո՛վ զբաղվի… (Մտնում է Սահակի թևը և խոսելով սկսում է հեռու տանել)։
ԹԵՐԵԶԱ. Դե՛հ, այժմ հույս ունեմ, որ ազատ եք այլևս… Կարո՞ղ եմ մնալ այստեղ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ազատ եմ… Դուք գուցե սո՞ւրճ կկամենայիք… (Գնում է դեպի սեղանը)։
ԹԵՐԵԶԱ. Ո՜չ, թողեք, ես արդեն խմել եմ։
- (Այդ միջոցին Սահակն ու Գրիգորը մտել են պարտեզի խորքը և այլևս չեն երևում։
- Բեմի վրա քիչ լուռ է։ Ալեքսանը կռթնել է մի ծառի, մռայլ է, ակնարկը գետնին։ Թերեզան, նստարանի վրա, երկար նայում է նրան):
ԹԵՐԵԶԱ. Խոսեցե՛ք… Բայց երևի դուք մտքով դեռևս գյուղացիների հետ եք…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Նայում է նրան և քիչ մոտենում)։ Դուք նեղանո՞ւմ եք… Այդ մարդիկ իրենց ցավե՛րն էին եկել պատմելու ինձ… Եվ որպիսի՜ ցավեր… Մի՞թե ձեզ չեն հետաքրքրում երբեք նրանց վշտերը։
ԹԵՐԵԶԱ.– (Թեթևամտությամբ)։ Է՛հ, Ալեքսանդր Սահակիչ, ինձ թվում է, որ դուք երբեմն ամեն ինչ շա՛տ եք մեծացնում և սրտի մոտիկ վերցնում… (Ժպտալով)։ Հայրս դրան ասում է «գրքերի քամիներ»… Չեմ գտնում, օրինակ, որ գյուղացիք, հիրավի, այնպիսի մեծ ցավեր ունենան, որ պետք լիներ ձեր ամբողջ ուշադրությանը և ոգևորությանը… (Նկատելով Ալեքսանի դժգոհ շարժումը)։ Դուք նեղանո՞ւմ եք ասածներիցս… (Քիչ լուռ)։ Լա՛վ ուրեմն, այո՛, գուցե ես սխա՛լ եմ… Ո՞վ գիտե… Բացատրեցեք գոնե… Ես գրեթե ոչի՛նչ կամ սխալ գիտեմ այդ բոլորի մասին… (Լուռ)։ Ինձ միշտ կրկնել են, որ գյուղացիք լուն ո՛ւղտ են շինում, լալկա՛ն են՝ թեկուզ հարուստ էլ լինեն… կեղծո՛ւմ են, դիտմա՛մբ աղքատ ձևանում, գանգատվում են և դժգոհություն հայտնում անտեղի կերպով… Չգիտեմ, ճշմարիտ, թե որքա՛ն իրավացի են այդպես ասողները…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ձեզ խաբե՛լ են, օրիորդ… Եվ այդ նրա համար են խաբել, որովհետև տեսել են, որ լա՛վ սիրտ ունեք, կարող եք հուզվել անիրավությունից… գուցե մինչև իսկ բողոքել, աղմուկ հանել… Դուք էլ անձամբ չեք կարողացել և կամ չե՛ք ջանացել իմանալու… (Քիչ լուռ)։ Բայց, եթե կուզեք, ես, իբր նմուշ, մի քանի խոսքով նրանց ցավերից մի ամենածանրը պատկերացնեմ ձեր առաջ…
ԹԵՐԵԶԱ.– Խնդրեմ. շնորհակալ կլինեմ… Հիրավի, այժմ մտածում եմ, որ ես չափազա՛նց տգետ եմ մնացել և շուրջս կատարված իրողությունների խորքը թափանցելու չե՛մ ճգնել… Եվ դուք այնքա՛ն լավ եք խոսում, որ… ինձ հաճո՛ւյք է ձեզ լսել… Դե՛հ, խոսեցեք… (Թեթնամտաբար՝ ծիծաղելով)։ Երևի սոսկալի բաներ եք պատմելու, չէ՞… (Կոկետաբար): Ա՜խ, դուք ֆանտազյոր…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Դեմքը կնճռելով): Ֆանտազյո՞ր… Այդպե՞ս եք համարում դուք ինձ։
ԹԵՐԵԶԱ. (Ծիծաղելով): Այն հաստափոր Մատվեյ Եգորի՛չն է ձեր մասին այդպես խոսում։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Իսկ դո՞ւք…
ԹԵՐԵԶԱ. (Լրջանում է)։ Ե՞ս… ես միայն գտնում եմ որ դուք… այո՛, չափազա՛նց լուրջ եք և զգայուն… այնպե՜ս, է՜լի… շա՜տ խորն եք մտածում… մի՞թե այդ լավ է… (Լուռ)։ Ա՛յ, հենց այս րոպեիս էլ. այնպե՛ս տխուր դեմք ունեք, որ կարծես մի ծա՜նր բան է պատահել… (Տխուր)։ Ու ինձ էլ չեք ուզում մասնակից անել ձեր ցավերին… Ե՛վ դեռ ասում եք, որ բարեկամ լինենք…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ճշմարիտ է… Այո՛, այս րոպեիս սրտիցս արյուն է հոսում…
ԹԵՐԵԶԱ. (Վախեցած և բոլորովին լրջացած՝ գնում է դեպի նա)։ Ուրեմն իրա՞վ է, մի դժբախտությո՞ւն է պատահել ձեզ հետ… Ասացեք, ասացե՛ք ինձ ձեր վիշտը…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Տխուր, գլուխն է ցնցում)։ Ո՛չ… Դա ձեզ գուցե չհետաքրքրի… մասնավո՛ր բան է…
ԹԵՐԵԶԱ. Թո՛ղ լինի, պատմեցեք ի՛նձ ևս, ի՛նձ էլ տխրեցրեք, ե՛ս էլ եմ ուզում տխրել ձեզ հետ, ուրախանալ ձե՛զ հետ… (Հուզված իր ասածներից՝ դարձնում է գլուխը)։ ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Բռնում է նրա ձեռքը)։ Թերե՛զ… Ախ, որքան լա՜վն եք դուք… միմիայն դուք…
ԹԵՐԵԶԱ. (Սեղմում է ձեռքը)։ Ավելի՛ լավացրեք ինձ… խոսեցե՛ք, ամբո՛ղջ սրտովս լսում եմ ձեզ: (Ձեռքը մեղմությամբ հանում է և քիչ ետ քաշվում)։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Սթափվում է, զսպում իրեն, քիչ՝ լուռ է)։ Խոստացա ձեզ մի նմուշ պատմել գյուղացու անհուն վշտերից, մի նմուշ նրա կրած տանջանքներից, լա՛վ ուրեմն, լսեցեք… (Լուռ): Ձեզ հավատացրել են, օրինակ, որ նրանք աղքատ չեն ու ավելի՛ հարուստ են, քան դուք… և ես… որ նրանք անընդհատ գանգատվում են, սովորություն են դարձրել լալկանությունը… Բայց, ոչ, օրիորդ, սո՛ւտ, սո՛ւտ են այդ բոլորը։ Եթե անձամբ մտնեք նրանց խրճիթները, տեսնեք նրանց կերածը, զգա՜ք նրանց կրած նեղությունները… Երբ տեսնեք, օրինակ, թե ինչպե՛ս վաշխառուն խլո՛ւմ է նրանց բոլո՛ր ունեցածը իր պարտք տված մի չնչին, բայց տոկոսներով խոշորացած գումարի փոխարե՜ն… Մի խոսքով, եթե տեսնեք նրանց այլևայլ անհաշի՛վ տանջանքները կզարմանաք, թե մարդիկ ինչպե՞ս կարող են այդքա՛ն տանջվել և քաջություն ունենալ ապրելու… (Քիչ լուռ)։ Կուզեի՞ք արդյոք իմանալ, նույնպես իբր նմուշ, թե ի՞նչ էին եկել ինձ պատմելու այդ գյուղացիները…
ԹԵՐԵԶԱ. Ասացեք…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Հուզված, բայց վճռական)։ Նրանցից մեկը, օրինակ, Բաղդասար ամին…
ԹԵՐԵԶԱ. Ճանաչում եմ այդ ծերունուն։ Հաճա՛խ է նա մեր տուն գալիս. յուղ, մածուն, հա՜վ է ընծա բերում միշտ… Շա՜տ բարի գյուղացի է…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Մռայլ)։ Ահա այդ լավ ծերունին, որ ընծաներ է բերում ձեզ, իր տանը, իր երեխաներին ուտեցնելու հա՛ց չունի… Այգին շուտով ձեռքից կխլեն, կո՛վն էլ… որովհետև ինչ որ բերք է ունենում, ցորեն հնձում, մի մասը, մի մեծ մասը տալիս է ուրիշի…
ԹԵՐԵԶԱ. Սպասեցեք… Ես ձեզ չե՛մ հասկանում… Իսկ ինչո՞ւ է տալիս. հարկի փոխարե՞ն, կամ գուցե պարտքե՞ր ունի…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Այ՛, պարտք ունի… (Լուռ)։ Մեկից, մի ժամանակ, երբ նեղ օրումն է եղել, պարտք է վերցրել 100 ռուբլի, իսկ ստորագրություն է տվել 150 ռուբլու…
ԹԵՐԵԶԱ. Բայց ինչո՞ւ, եթե 100 ռուբլի է վերցրել, ինչո՞ւ է 150 ռուբլու ստորագրություն տվել։ ԱԼԵՔՍԱՆԴՐ. Այլապես՝ պարտք տվողը չէ՛ր համաձայնում տալ. իսկ ծերունին պետք ուներ։
ԹԵՐԵԶԱ. Բայց դա խո անիրավությո՜ւն է, անգթությո՜ւն… Մի՞թե այդպիսի մարդիկ կան մեր գյուղում։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Ավելի հուզված)։ Դեռ լսեցեք… (Քիչ լուռ): Երկու տարի անդադար, այդ խեղճ ծերունին իր պարտքատիրոջն է տարել, տոկոսի փոխարեն, այգուց, ցորենից, յուղից… իսկ, վերջ ի վերջո, ստիպվել է մի նոր ստորագրությունով՝ 150-ը դարձնել 200… Եթե չաներ, կխլեին նրա տունուտեղը, ամեն ինչը…
ԹԵՐԵԶԱ. (Սաստիկ վրդովված՝ ոտքի է ելնում)։ Բայց դուք սոսկալի՜ բաներ եք պատմում… Երբ մտածո՜ւմ եմ… խե՜ղճ Բաղդասար ամի… Անշո՛ւշտ հայրս չգիտե այդ բոլորը, պիտի հայտնել, ապահո՜վ եմ, որ կօգնի թշվառին…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Բայց դեռ ավելի սոկալի՛ն պատմեմ ձեզ… (Լուռ, խիստ մռայլ)։ Դուք, անշո՛ւշտ, դեռ չեք մոռացել Սրբաշեն գյուղի փորձանքը… Մի գիշերվա մեջ ամբողջ գյուղը գրեթե մոխի՛ր դարձավ հրդեհից, տավա՜ր, մա՜րդ… Հիշո՞ւմ եք։
ԹԵՐԵԶԱ. Այո՜… ի՞նչ եք ուզում ասել։ Այդ ժամանակ ես Թիֆլիս էի, բայց լսեցի, սարսափելի բան էր։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Այո՛… Դեպքից շատ ժամանակ չի անցել… Ես Թիֆլիսից նոր էի գալիս և պատահմամբ ընկերացա այնտեղ գնացող մի քանի պարոնների հետ, որոնք Թիֆլիսում կազմված օգնություն հասցնող հանձնաժողովից էին ուղարկվել։ Դեպքից իսկո՛ւյն հետո արդեն՝ հաց, հագուստ և ուրիշ օգնություններ էին հասցրել թշվառ և բացօթյա մնացած վիրավորներին և անոթիներին…
ԹԵՐԵԶԱ. (Ուղիղ նրա երեսին նայելով): Այո՛… Հա՛յրս էլ, հիշում եմ, երկու հարյուր ռուբլի նվիրեց…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Սառը): Գուցե… Այդ պարոնների հետ մենք, մթնանում էր, երբ Սրբաշեն հասանք: Գյուղացիք նստել էին իրենց խրճիթների մոխիրների վրա, փլատակների առաջ… Կանայք արտասվում էին վիրավորների և մեռածների վրա… Ո՛ղբ, արտասո՛ւք… Սոսկալի՜ տեսարան էր… Իսկ եթե տեսնեիք վառվածնե՜րը, եթե լսեիք նրանց աղաղակն ու ճի՜չը… (Քիչ լուռ)։ Հետս եղած բժիշկը իսկույն ցա՛ծ թռավ իր օգնականի հետ, իսկ ես, հուզված մոտեցա մի պատի տակ կիտված գյուղացիների և խոսեցի, մխիթարեցի… Ահա՛, այդտեղ էր, որ մի սոսկալի՜ բան լսեցի… Գուցե սա ձեզ անհավատալի թվա, սակայն ստուգեցի, իրողություն էր… (Քիչ լուռ)։ Գյուղացիք պարտք ունեին մի վաշխառուի. վաշխառուն արդեն հրամա՛ն ուներ առնելու գյուղացիներից իր պարտքը՝ որևէ կերպով… ու եկել խլել էր նրանցից…Թիֆլիսից իբրև նպա՛ստ, անոթիներին և մերկերին իբր օգնություն ուղարկված ցորենը, ալյուրը… գրեթե ամեն ինչը…
ԹԵՐԵԶԱ. (Սաստիկ վրդովված)։ Դո ՛ւք… դուք հրեշային բանե՛ր եք պատմում… Եվ այդ վաշխառուն ա՞յն է, նո՞ւյնը…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Նա՛ է… Մի ամբողջ գավառ ճանկերի մեջ առած, չի խնայում նրանց թշվառությունն իսկ… Երաշտի, անբերրիության տարի է գալիս, պարտք են վերցնում… վաշխառո՛ւն է երևան գալիս…
ԹԵՐԵԶԱ. Սարսափելի՛ է… Շա՜տ, շա՜տ ահռելի… (Մի րոպե լուռ, հետո հանկարծ մոտենում է Ալեքսանին)։ Եվ դուք դրանց դե՞մ է, որ կռվել եք ուզում, դրա՞ համար է, որ մտածում եք գյուղում մնալ… Ասացե՛ք, դուք նրանց կոչնչացնեք, չէ՞…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Լուրջ և հաստատուն)։ Այո՛, դրա՛ համար է… Ես նրանց կջնջեմ աջ ու ահյակ, կջնջեմ անխնա, գյուղում մնալով՝ չեմ թողնի ես, որ այսուհետև այդպիսի ավազակները կողոպտե՛ն գյուղացիներին…
ԹԵՐԵԶԱ. (Մի րոպե հիացած նրան նայելուց հետո պարզում է իր ձեռքը)։ Դուք հերո՛ս եք, ահա թե ինչ… Ես հիմա՛ր էի, որ աշխատում էի հանե՛լ ձեր գլխից՝ գյուղում մնալու միտքը… Հայրս, ձեր օգտի համար, պատվիրել էր ինձ անպատճառ համոզել, որ գյուղում չմնաք… բայց ես ձեզ կատարելապե՛ս հասկանում եմ այժմ… (Ուզում է ձեռքը ետ քաշել)։
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Չի թողնում ձեռքը)։ Ո՛չ, ո՛չ, թողե՛ք ինձ ձեր ձեռքը… Օ՛հ, որքա՜ն, որքա՜ն լավն եք դուք, Թերեզ, և ես ձեզ որքա՛ն սիրում եմ…
ԹԵՐԵԶԱ. (Հուզված, երերուն)։ Ե՛վ ես… ես… թո՛ղ ձեռքս, Սաշա՛, մեր հայրերը գալիս են… Ձեզ ես հասկանում եմ… թողե՛ք…
- 7) Նույնք, Գրիգոր և Սահակ
ԳՐԻԳՈՐ. (Հեռվից սկսելով): Բա՜ս… որ ասում եմ… (Երևում է)։ Կխաբեն խեղճ տղին, կխաբեն… (Ալեքսանին ու Թերեզային, որոնք միմյանցից հեռացել են)։ Այստե՞ղ եք դուք դեռ։
ՍԱՀԱԿ. Մարգո՞ն ուր է։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ներսումն է…
ԳՐԻԳՈՐ. Երևի ճաշի պատրաստություն է տեսնում… (Սահակին)։ Դե՛հ, Սահակ բեկ, մե՛նք էլ ներս գնանք ու մեր էն գործը կարգադրենք… Թո՛ղ դրանք ըստեղ խոսան, ջահել են… Մեկ էլ՝ որ դրանց լեզուն մենք չենք հասկանա… Գնա՛նք։
ՍԱՀԱԿ. Համեցեք… (Առաջ է ընկնում և տան դուռը բաց անում)։
ԳՐԻԳՈՐ. (Քայլելով այն կողմը և աստիճանների վրայից)։ Երբ գնալու լինես, Թերե՛զ, ինձ իմաց տուր։
ԹԵՐԵԶԱ.– Լա՛վ, հայրի՛կ, մենք այս րոպեիս ներս կգանք…
ԳՐԻԳՈՐ. (Կանգ առնելով): Ես խո չասի էդ… Ինչքան քեֆներդ կուզի չա՛նա խփեք… Ձերը խո է՛դ է խո՛սա, հա խո՛սա… էս թա՛տրոն է, էս բա՜լ է… Ես ի՞նչ գիտեմ… (Ծիծաղում է)։ Դրուստ չե՞մ ասում, Ալեքսան բեկ… (Սահակին)։ Դե՛հ, գնա՛նք, Սահակ բեկ… (Ժպտում է և Սահակի ետևից ներս մանում):
- 8) Թերեզա և Ալեքսանդր
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Սպասում է, որ դուռը փակվի, հետո վազում է դեպի Թերեզը ու ձեռքերը բռնում)։ Խոսի՛ր, Թերե՛զ… Ասա, մի՞թե դու ինձ չես սիրում, մի՞թե ես սխալվել եմ։
ԹԵՐԵԶԱ.- (Քնքշությամբ կպչում է նրան)։ Կամա՛ց խոսիր, Սա՛շա… Դու լավ տեսնում ես…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Գրկում է և գգվում)։ Ի՛մ հրեշտակ… (Հանկարծ թողնում է նրան գրկից և դեմքը կնճռած՝ քիչ հեռանում)։ Բայց սպասեցեք… Ես դեռ ամեն ինչ չեմ ասել… Եվ դա՝ իմ կողմից վա՛տ բան է…
ԹԵՐԵԶԱ. (Թարմացած և վախեցած)։ Ի՞նչ եղավ քեզ… Ա՛հ, գուցե դու ուրիշի…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Արագ միջահատում է)։ Ո՛չ, ո՛չ, ա՛յդ չէ՛ (Քիչ լուռ)։ Լսեցե՛ք, օրիո՛րդ… Դուք իմացա՛ք իմ վճիռը… Ես պիտի մնամ գյուղում, լինեմ գյուղացիների պաշտպան, վարե՛մ նրանց արդար դատը… Ինձ հե՞տ եք դուք…
ԹԵՐԵԶԱ. Միայն ա՞յդ… (Ապահովված և ժպտուն՝ մոտենում է)։ Ես ինքս ուրախությամբ կօգնեմ քեզ այդ ավազակներին կախելու… Եվ ամենից առաջ՝ այդ խե՛ղճ ծերունու դահճին… Դու կարող ես, չէ՞, կարո՞ղ ես…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Հո՛ւյս ունեմ… (Ավելի լուրջ)։ Մի խոսք ևս… (Դժվարությամբ)։ Ի՞նչ կասեիր, օրինակ, եթե այդ վաշխառուն… հա՛յրս լիներ…
ԹԵՐԵԶԱ. (Սարսափած ետ է քաշվում)։ Հա՞յրդ… Դու կատակո՛ւմ ես, Սա՛շա… Սահակ աղա՞ն, այդ բարի ծերունի՞ն… ԱԼԵՔՍԱՆԴՐ. Այո՛… օրինակ հենց… հայրս… Մարդու արտաքինը խաբուսիկ է։ Գուցե հայրս մի կեղծավոր է, մի ավազակ, որ գիտե մեզ նմանների մոտ իրեն բարի ձևացնել…
ԹԵՐԵԶԱ. (Միջահատելով)։ Բայց լսի՛ր, ի սեր աստծո, այդ ինչե՜ր ես ասում… Դու հայհոյում ես, այդպես բան չի կարող լինել, ո՛չ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Իսկ եթե այդպե՛ս է, եթե փաստե՛ր կան… (Փորձիչ)։ Եթե նույնիսկ գյուղացինե՛րը պնդեն ու հաստատեն… Եվ եթե դու լինեիր ազնի՛վ մարդ, սիրեիր ինձ, նույնիսկ շա՜տ սիրեիր ի՞նչ կանեիր, կխնայեի՞ր հորս, չէի՞ր ջարդի նրան, չէի՞ր ազատի գյուղացիներին նրա ճիրաններից… (Մոտենում է հետզհետե): Խոսի՛ր, Թերե՛զ, քո խոսքերի՛ցդ, ասելիքի՛ցդ կախված իմ երջանկությունը…
ԹԵՐԵԶԱ. (Լուռ, դժգույն՝ նստում է, շատ մեղմ)։ Չգիտեմ… Անհավատալի բանե՛ր եք ասում… Չի՛ կարող լինել… Սխալվում եք անշուշտ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Իսկ եթե չեմ սխալվում, եթե զորեղ փաստե՜ր ունեմ…
ԹԵՐԵԶԱ. Դուք ինձ տանջո՛ւմ եք… Փորձո՛ւմ եք դուք ինձ… (Քիչ լռությունից հետո՝ հանկարծ ոտքի է ելնում, խիստ զննող՝ նայում է Ալեքսանին, ապա՝ շեշտելով և ծանր)։ Ի՞նչ եք ուզում ասել… (Դողդոջուն)։ Պարզ, ուղղակի խոսեցեք… Ձեր հայրը չէ՛ այդ վաշխառուն… Դուք ա՛յդ չէիք ասելու…
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Թերե՛զ, դուք ինձ չե՛ք պատասխանում։
ԹԵՐԶԱԱ. Պատասխա՛ն… Ահա՛… եթե ճշմարիտ են ձեր ասածները… ավազակը ավազակ է, թեկուզ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Թեկուզ նա ձե՛ր հայրն իսկ լիներ…
ԹԵՐԵԶԱ. (Ցնցվում է և գունատ՝ կռթնում ծառին): Ա՜հ… զգում էի, զգում էի… (Գլուխը ձեռքերի մեջ առնում, հանկարծ հեկեկում է և ընկնում նստարանի վրա)։
- 9) Նույնք և Մարգարիտ
ՄԱՐԳՈ. (Ներս է վազում)։ Թերե՛զ, հա՛յրդ գնում է… (Տեսնելով Թերեզայի դրությունը՝ սառած մնում է)։ Վա՜յ, Թերե՛զ… (Վազում է դեպի նա)։
ԹԵՐԵԶԱ. (Թույլ՝ ելնում է)։ Ոչինչ չկա… Այնպե՛ս… Գնա՛նք… (Ալեքսանին): Կատարեցեք այնպես, ինչպես զգում եք… Սակայն հասկանո՞ւմ եք. նա իմ հայրն է… և այդպիսի դեպքում…. մեր մեջ չի կարող լինել ոչինչ… (Գնում է դեպի տան դուռը, այնտեղ մի վայրկյան շվարած կանգնում, հետո մեկեն գլուխը դեմ է տալիս դռան): Աստվա՛ծ իմ, աստվա՛ծ իմ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Վազում է դեպի նա): Թերե՜զ, ների՛ր ինձ…
ԹԵՐԵԶԱ. (Հեռացնում է նրան)։ Ո՛չ… Վաղ թե ուշ՝ պիտի իմանայի… Օ՛, ես այժմ սկսում եմ շա՜տ բան հասկանալ… Հորս ստիպումները… Ամե՛ն, ամե՛ն ինչ… Բայց սիրեցի… Որքա՜ն, որքա՜ն ամոթալի բան… Ո՛չ, հեռո՛ւ կացեք… (Ետ է քաշվում)։ Թողե՛ք ինձ, մոռացե՛ք և… և եթե կարող եք՝ ներեցե՛ք ինձ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Թերե՛զ, մի րոպե, մի բա՛ն մտածենք…
ԹԵՐԵԶԱ. Ոչի՛նչ… Դուք ասացիք, որ փաստե՛ր ունեք, գյուղացիք բոլո՜րը… Իսկ դուք, դո՞ւք ինչ ունեք նրա դեմ. չէ՞ որ նա ձեզ սիրո՜ւմ է…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Նա մեր պարտատե՛րն էլ է, իմ խե՛ղճ Թերեզ… և մեր այս տո՛ւնը, այգին… Բոլո՛րը գրավ է հորդ մոտ…
ՄԱՐԳՈ. Սա՜շա…
ԹԵՐԵԶԱ. (Ավելի գունատ)։ Այդպե՜ս… Եվ դո՞ւք, և ձեր հա՞յրը… Այժմ ավելի հասկանում եմ հորս վարմունքը… Աստվա՜ծ իմ, որպիսի՜ ստորություն…
- 10) Նույնք, Գրիգոր և Սահակ
(Դուռը բացվում է, և դռան վրա երևում են՝ նախ Գրիգորը, ետևից՝ Սահակը)։
ԹԵՐԵԶԱ. (Որ տեսնում է հորը, ուղղվում է և երերուն)։ Հա՛յր… Սաշան իմ ձե՛ռքն է խնդրում քեզանից…
ԳՐԻԳՈՐ. (Ուրախ): Իրավ… Վա՛հ, այդպես հանկա՞րծ…
ԹԵՐԵԶԱ. Եվ ես մեր մերժեցի՛…
ԳՐԻԳՈՐ. (Դեմքը կնճռելով): Մերժեցի՞ր… Բայց ինչո՞ւ… Չէ՞ որ դու ինքդ ասացիր, թե սիրում ես նրան և թե իմ ցանկությունը կկատարես…
ԹԵՐԵԶԱ. (Բարկությամբ): Ծածկի՛ր, ծածկի՛ր այդ բոլոր կեղտը… Մերժեցի, որովհետև, չե՛մ ուզում քեզ ազատելու գործիքը դառնալ, իբր վարձ՝ քեզ փրկելու… Ես սիրո՛ւմ եմ Սաշալին, բայց եթե մեռնե՛ի իսկ սիրուց, և եթե իմանայի, թե դու ի՞նչ բանի գործիք ես դարձրել ինձ… (Հեկեկայով ընկնում է Մարգարիտի գիրկը, որ նրան ներս է տանում):
(Մի րոպե ամենքը լուռ՝ նայում են միմյանց)։
ԳՐԻԳՈՐ. (Բարկությամբ): Այդպե՞ս ուրեմն, պարո՛ն, դու վճռել ես ինձ կռվի՞ բռնվել… Փորձի՛ր… (Չարամիտ ծիծաղով՝ հանում է ծոցից մի մուրհակ)։ Տե՛ս… Ո՛չ ուշ քան մի ամիս և այս տունը ի՛մն է… (Ծիծաղ)։ Չգիտեիր այս, հա՞…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Գիտեի։ Գիտեի նաև, որ դուք մի գծուծ վաշխառու եք և ամբողջ գավառի հարստահարողը… Արե՛ք, վաղն իսկ արեք…
ՍԱՀԱԿ. Ալեքսա՛ն… Սաշա՛… Ի սե՜ր աստծո… (Գրիգորին): Գրիգո՜ր աղա…
ԳՐԻԳՈՐ. (Կատաղի)։ Է՛լ սուս, է՛լ հերիք է… Այս լածիրա՛կը շատ է առաջ գնում… Պրիսյաժնի՜, իմ դե՜մ կռվել… Տեսնե՞նք՝ ի՞նչ կանես հորդ ու մորդ, ի՞նչ կուտեցնես… Գյո՛ւղը մնա, գյուղացիների՛ն պաշտպանի՛ր… Պրիսյաժնի՜…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Բարկությամբ): Դուք անմիջական հրաման ունե՞ք արդեն՝ այս տանը տեր դառնալու…
ԳՐԻԳՈՐ. (Ավելի կատաղած)։ Անմիջական հրամա՞ն… Տո՛, ո՞ւմ հետն ես խոսում, դժվա՞ր է քեզ դուրս գրել տալ, օրե՞նք չգիտենք, ի՞նչ է…
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Լա՛վ, ուրեմն, քանի այդ հրամանը չունեք, այս տան տերը դեռ ես եմ… (Այգու դուռն է ցույց տալիս)։ Համեցե՛ք…
ԳՐԻԳՈՐ. (Կատաղի)։ Այդպե՞ս, ինձ դուրս էլ ես անում… Լա՛վ, ես քեզ ցո՛ւյց կտամ, թե ո՞վ է Գրիգոր աղան, որ հազար քեզ պես փաստաբանների է մատների վրա խաղացրել… (Քայլում է դեպի այգու դուռը և այնտեղից՝ Սահակին)։ Մինչև մեկ ամիս կա՛մ 5000 ռուբլին իր տոկոսներով և կա՛մ կտեսնենք…
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Իսկ առայժմ համեցե՛ք… (Քայլում է դեպի նա): Ափսո՜ս, որ Թերեզան ձեր աղջիկն է…
ԳՐԻԳՈՐ. Բայց ո՛չ քեզ նման լածիրակի պատառը… (Քրքիջ)։ Հա՜-հա՜-հա՜… Բաս ուզում էիր կո՞ւլ տալ, է՞լի, աղջկաս՝ հորդ պարտքն էլ վրան… Չէ՛, բարեկա՛մ, Գրիգոր աղան այդքա՛ն էլ էշ չէ… Լածիրա՛կ… (Սպառնալից դուրս է գնում)։
11) Ալեքսանդր և Սահակ
ՍԱՀԱԿ. (Քիչ լռությունից հետո՝ հուսահատ): Սա՛շա, մեր տո՛ւնը քանդեցիր…
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Խիստ)։ Նա այլևս մերը չէ՛, հա՛յր…