Վահան Թոթովենց
Հրդեհ
Երկրորդ պատկեր
Տեսարանը ներկայացնում է փողոց, որը կտրված է բարիկադով՝ կառուցված արկղներից, տակառներից, բարձերից, կոտրտված մահճակալի կտորներից և փայտերից: Բարիկադի ետևը կանգնած են Անդրեյը, Վասիլին և ուրիշ զինված բանվորներ: Ծխում են: Մի պատանի վազելով մտնում է՝ կռնատակին թռուցիկներով, մի քանի հատ նետում է. «Կեցցե՛ հեղափոխությունը» աղաղակում է, ցատկում է բարիկադի վրա, անցնում է մյուս կողմը և աղաղակելով կորչում:
ՎԱՍԻԼԻ. (Կարդում է թռուցիկը) Ամբողջ իշխանությունը բանվորների և զինվորների Խորհուրդներին հաշտություն, հաց և հող։ Կեցցե՜ Խորհուրդների իշխանությունը։
ԱՆԴՐԵՅ. Հրացանաձգությունը մոտենում է, կարող են այս կողմը թեքվել։
Ա. ԲԱՆՎՈՐ. Եթե փախչում են, ուրիշ ելք չունեն, անպայման պետք է անցնեն այս փողոցով։
Բ. ԲԱՆՎՈՐ. Մի 100 հոգու պետք է գետին փռել։
ԱՆԴՐԵՅ. Փախչելիս կարող են անզեն լինել։
ՎԱՍԻԼԻ. Եթե անզեն լինեն, չարժե ոչ մի կրակ բաց անել. թող անցնեն, կորչեն գնան։
Բ. ԲԱՆՎՈՐ. Կզինվեն մի ուրիշ կետում։ Պետք է գետին փռել ինչքան կարելի է։ Ո՜ւյ, էդ սրիկաները։
ՎԱՍԻԼԻ. (Ձեռքը դնելով Բ. բանվորի վրա) Ո՛չ, ընկեր, կարիք չկա կրակել անզեն մարդկանց վրա։ Բայց միայն մի բան՝ պետք է գերի բռնել և առանձնացնել։
ԱՆԴՐԵՅ. Դիմացից մարդ է գալիս, զգույշ, ընկերներ։
Ա. ԲԱՆՎՈՐ. (Հրացանը չխկացնելով) Ընկե՛ր, տվե՛ք երեկոյան պարոլը։
ԴՐՍԻՑ ՁԱՅՆԸ. Էնգելս։
Ա. ԲԱՆՎՈՐ.- Անցե՛ք։
ՁԱՅՆԸ ԴՐՍԻՑ. Անցնել չեմ ուզում, կազակները կարող են այս ուղղությամբ գալ, պետք է լինել պոստերի վրա և արթուն։ Ես եկել եմ ձեզ լուր տալու։
ԱՆԴՐԵՅ. Պատրաստ ենք։
ՎԱՍԻԼԻ. Անդրյուշա, շատ ենք քիչ, կարող են ճեղքել գիծը։
Բ. ԲԱՆՎՈՐ. Բայց միայն մեր դիակների վրայով։
ՎԱՍԻԼԻ. Ամեն մեկս պատրաստ ենք մեռնելու, բայց կարևորն այն է, որ չթողնենք գիծը ճեղքեն։ (Մտնում է մի զինված բանվոր, ուրախ և բարձր տրամադրությամբ, խոսում է ջղային արագությամբ:)
ՄՏՆՈՂԸ. Արդարադատության մինիստրի օգնականը և դավանությանց գործերի մինիստրն արդեն ձերբակալված են, ընկերներ, նրանք արդեն տարված են նկուղը։ Հեղափոխական գնդերը ցրված են քաղաքի զանազան կողմերը. մի գունդը մնաց հեռախոսի կայարանը գրավելու, մյուս գունդը արշավեց դեպի հեռագրատունը, իսկ երրորդ գունդը պաշարել է արդեն պետական բանկը։ Փաստորեն իշխանությունը մեր ձեռքն է։ Յունկերները աշխատեցին քանդել Նևայի կամուրջը, որպեսզի Վիբորգսկի թաղամասի բանվորներին ու զինվորներին արգելեն միանալ Խորհրդային իշխանության, բայց ոչինչ չհաջողվեց նրանց. Կրոնշտադտի նավաստիներն սկսեցին շինել կամուրջը։
ՎԱՍԻԼԻ. Ի՞նչ վիճակում է Սմոլնին։
ՄՏՆՈՂԸ. Սմոլնին ամբողջ կացության տերն է, Ռազմահեղափոխական Կոմիտեն գործում է ամենայն համերաշխությամբ։ Բայց, ընկերներ, նահանջող յունկերները կարող են այս ուղղությամբ գալ, պետք է պատրաստվել։
ՎԱՍԻԼԻ. Իմացել ենք։ Եթե գնում եք, ընկեր, լուր տվեք, որ օգնական ուժեր գան այստեղ, հարկավոր է այս գիծը բռնել, մենք չպետք է թողնենք, որ յունկերները այս գծից դենը անցկենան։
ՄՏՆՈՂԸ. Շատ բարի։ (Մնում է:)
ԱՆԴՐԵՅ. Գործը լավ է գնում, Վասիլի, աշխարհի բախտն է վճռվում։
Բ. ԲԱՆՎՈՐ. (Բղավում է բարիկադի վրայից) Ովքե՞ր եք։
ԴՐՍԻՑ. Կանայք ենք, ուզում ենք տուն գնալ։
ԱՆԴՐԵՅ. Ուղիղ գնացեք, զգույշ եղեք կամուրջն անցնելիս. ձայն տվեք նախքան անցնելը. մի վախենաք, մերոնք են։
ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ. Շնորհակալ ենք, բայց ովքե՞ս են ձերոնք. ի՞նչ ասենք, որ կարողանանք անցնել կամուրջը։
ԱՆԴՐԵՅ. Ձայն տվեք և անցեք, ոչինչ չեն ասի։
ՎԱՍԻԼԻ. Հեղափոխական բանվորներ են, քաղաքացուհի, մի վախենաք, դուք անզեն եք, ձեզ ոչինչ չեն անի։
ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ. Մենք միայն ցանկանում ենք տուն հասնել։ Ուրիշ ոչինչ։
ՎԱՍԻԼԻ. Կհասնեք անվնաս, միայն ճանապարհին չխառնվեք խոսակցությունների։
Ա. ԲԱՆՎՈՐ. (Բարիկադի վրայից դիտելով) Կարծես դիմացի փողոցից մարդիկ են անցնում։ Կասկածելի մարդիկ են, արագ-արագ փախչում են։
Բ. ԲԱՆՎՈՐ. Յունկերներ են։ (Հրացանով անմիջապես նշան է բռնում:)
ԱՆԴՐԵՅ. Զինված յունկերներ են փախչում, պետք է կրակել։ Բոլորը միասին սկսում են կրակել:
ՎԱՍԻԼԻ. Չպետք է թողնել, որ նրանք թեքվեն այն կողմը, կարող են նրանք մեծ շփոթության մեջ գցել մեր ընկերներին, մերոնք չէին հաշվում, որ այդ ուղղությամբ կարող են սրիկաները անցնել։
Բ. ԲԱՆՎՈՐ. Ա՛յ, ես ձեր... (Կրակում է:)
ԱՆԴՐԵՅ. Արդեն ետ են դառնում դեպի հին դիրքերը։ Կրակեցե՛ք։
ՎԱԱԻԼԻ. Նրանք մերոնց կրակին հանդիպեցին. կարող են այս կողմը թեքվել հիմա։
ԱՆԴՐԵՅ. Ոչ, գնում են դեպի հին դիրքերը։
Ա. ԲԱՆՎՈՐ. (Ցատկելով բարիկադի վրա) Ոչ ոք չկա, իզուր մի կրակեք։
ԴՐՍԻՑ. (Հաստ և խռպոտ ձայն) Վերջին թռուցիկը...
ՎԱՍԻԼԻ. (Ա. բանվորին) Մի հատ վերցրու, շո՛ւտ արա։
Ա. ԲԱՆՎՈՐ. Այս կողմն են գալիս։
ԱՆԴՐԵՅ. Ուրիշ ուղղություն չունի, այս կետից է անցնելու։
ԾԵՐՈՒՆԻ ԶԻՆՎՈՐ. Բարև՛, ընկերներ։
ՎԱՍԻԼԻ. Հը՞, ինչպե՞ս է դրությունը առհասարակ քաղաքում։
ԾեՐՈՒՆԻ ԶԻՆՎՈՐ. Շատ լավ։
ՎԱՍԻԼԻ. Ի՞նչ է այդ, ընկեր, քո թևից արյուն է կաթում։
ԾԵՐՈՒՆԻ ԶԻՆՎՈՐ. Ոչինչ. Ժամանակավոր կառավարության տապալման առաջին թռուցիկն եմ ցրում։
ԱՆԴՐԵՅ. Բայց ի՞նչ է պատահել, արյուն է կաթում, կարող ես ուժասպառ լինել։ Պետք է կապել։
ԾԵՐՈՒՆԻ ԶԻՆՎՈՐ. Կրակեցին մի լուսամուտից։
Ա. ԲԱՆՎՈՐ. (Թաշկինակով կապում է) Վերքն աննշան է, բայց ցուրտ է, լավ չէ, կապած պահիր։ (Ծերունի զինվորը կտրում է բարիկադը և անցնում, դրսից լսվում է նրա ձայնը:)
ԱՆԴՐԵՅ. (Կարդում է թռուցիկը:)
Ժամանակավոր կառավարությունը տապալվել է: Պետական իշխանությունն անցավ Պետրոգրադի Բանվորական և Զինվորական Պատգամավորների Խորհրդի օրգան Ռազմահեղափոխական Կոմիտեի ձեռքը, որը Պետրոգրադի պրոլետարիատի և քաղաքապահ զորքի գլուխն է կանգնած: Այն գործը, որի համար կռվում էր ժողովուրդը դեմոկրատական հաշտության անհապաղ առաջարկ, հողի կալվածատիրական սեփականության վերացում, բանվորական վերահսկոդություն ինդուստրիայի վրա, ստեղծումն Խորհրդային իշխանության այդ բոլորը ապահովված են:
Կեցցե՛ բանվորական, զինվորական և գյուղացիական հեղափոխությունը:
Պատգամավորական Խորհրդին կից
ՌԱԶՄԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԲ. ԲԱՆՎՈՐ. Ա՜յ, ես նրանց... (Օդում կրակում է ոգևորությունից:)
ՎԱՍԻԼԻ. (Լուրջ, հանգիստ և ծանր տոնով) Ընկերնե՛ր, իշխանությունը անցել է Խորհուրդների ձեռքը, իշխանությունը անցել է բանվորներին, զինվորներին, նավաստիներին և չքավոր գյուղացիներին։ Սկսվում է աշխարհում նոր պատմություն, նորագույն պայքարի պատմություն՝ սոցիալիզմ կառուցելու պատմություն։
Բ. ԲԱՆՎՈՐ. Ա՜յ, ես նրանց... Պրոլետարիատի դիկտատուրայով մենք կստեղծենք համաշխարհային հեղափոխության բոլոր նախապայմանները և կկառուցենք սոցիալիզմ։ Մի՛ մտածիր դրա մասին, պապաշա։
ԱՆԴՐԵՅ. (Ընդոստ ցատկելով բարիկադի վրա՝ ուշի-ուշով դիտում է և աղաղակում) Ընկերնե՛ր, թշնամին այս կողմն է խուժում։ Դիմադրության վերջին կորովն է պահանջվում բոլոր հեղափոխական զինվորներից (բարիկադի ետևն են շարվում բոլորը, հետզհետե օգնական ուժեր են հասնում): Կրակեցե՛ք թագավորի գեներալների, մինիստրների, կալվածատերերի և բանկիրների լակեյներին։ Ահա գալիս է մեզ ստրկացնող շղթան, պետք է կոտրել, փշուր-փշուր անել այդ շղթան, իշխանությունը մեր ձեռքին է, կռվենք հանուն բանվորների և զինվորների իշխանության։ Կրակեցե՛ք։
Բ. ԲԱՆՎՈՐ, Ա՜յ, ես նրանց... (Կրակում է:)
Ա. ԲԱՆՎՈՐ. Գալիս են, շատ են զինված։
ՎԱՍԻԼԻ. (Առանց խուճապի մատնվելու) Այս գիծը կարող են կտրել և անցնել միայն ամենավերջինի դիակի վրայից։
ԱՆԴՐԵՅ. Ետ են քաշվում, մի քանիսը ետ վերադարձան։
Բ. ԲԱՆՎՈՐ. Ա՛յ, ես նրանց... (Կրակում է:)
Ա. ԲԱՆՎՈՐ. Համառ կերպով առաջանում են։ Կրակեցե՛ք։
ՎԱՍԻԼԻ. Իմ դիրքը բարիկադի վրա է (ցատկում է բարիկադի վրա և սկսում է կրակել): Ով որ կյանքը թանկ է գնահատում, թող չմոտենա երբեք այս գծին։ Իշխանությունն արդեն մեր ձեռքին է, և ոչ ոք չի կարող խլել այն մեր ձեռքից, սպասեցեք և տեսեք, թե ինչեր... (Ծերունի Վասիլին վիրավորվում է և ընկնում: Անդրեյը նրան անմիջապես գրկում է, բարիկադի տակ պառկեցնում և սկսում է կրակել: Հանկարծ ներս են խուժում զինված նոր բանվորներ: Ներս վազողները անցնում են բարիկադի տակ և սկսում են կրակել:)