Շուշանիկ Կուրղինյան

Կարմիր խաչ

Ե. ԱՐԱՐ

(Բարձրավանդակ, հեռուն սևին է տալիս քաղաքը, ձյունախառն քամի, նեղ փողոցներում երևում են մարդկային սիլուետներ, երբեմն լսվում է հրացանաձգություն: Բարիկադի մոտ նստած են մի ծերուկ ու մի քանի բանվորներ, աղմուկ, կանչ, ծիծաղ):

ԱՌԱՋԻՆ ԲԱՆՎՈՐ․ (Ծերուկին) Պատմի՛ր, պատմի՛ր։

ԾԵՐՈԻԿ. Հա, ինձ ասացին, որ հսկեմ ճանապարհը ու մարդ երևալուն պես շվացնեմ։ Մտա վագոնի տակը և նայում, թե ո՞ր տխմարը ծուղակն է ընկնելու։ Հանկարծ փսփսոց եմ լսում։ Թու, սատանի ճուտ, տղամարդը մեռնելիս էլ այդպես չի փսփսում։ Կամաց սողում եմ առաջ և ի՛նչ եմ տեսնում (Ծիծաղում է ինքնագոհ ու ներս է քաշում ծուխը) երեք հոգի (Ծիծաղում է թուլացած) Օ՜ֆ․․․ երեք աղջիկ դիմում են առաջ։ Ի՞նչ անել, շվացնեմ, վախից վայր կընկնեն. դեհ եկ ու դրանց խոսք հասկացրու, չշվացնեմ չի լինի, ընկերները դժգոհ կմնան։ Վերջապես խելքիս զոռ տվի և վճռեցի սուտ վիրավոր ձևանալ ու սկսեցի ողորմելի ձայնով տնքալ։ (Պառկում է ու ձևացնում) Օ՜ֆ, օ՜ֆ, անգութներ, անաստվածներ, ի՞նչ ուզեցիք ծերիցս, ես ձեզ ի՞նչ էի արել․․․ աղջիկները քարացած կանգնեցին. մեկը, որ հազում էր շարունակ, ասաց. թողնենք, փախչենք, մյուսները ինչ-որ փսփսացին։ Մի անպիտան էլ ասաց. գուցե լրտես է, թող սատկի շան պես։ Իսկ երրորդը, որ մի բարձրահասակ սիրուն աղջիկ էր, խիզախորեն մտավ վագոնի տակ և մոտեցավ ինձ․․․ (Լռում է խորհրդավոր):

ԲԱՆՎՈՐՆԵՐԸ․ Հետո՞, հետո՞։

ԾԵՐՈՒԿ. (Ժպտում է) ․․․Գրկեց գլուխս և անուշ ձայնով հարցրեց իմ ցավի մասին։ ԲԱՆՎՈՐ.-Եվ դու, իհարկե, բռնվեցիր։

ԾԵՐՈՒԿ. (Նենգ ժպիտով) Չէ, տեսնեմ նա իր կապոցից վիրակապեր է հանում։ Ես իսկույն հայտնեցի, որ վիրավոր չեմ, այլ լավ ծեծված։ Մի կերպ դուրս եմ սողում վագոնի տակից և նայում ենք մրմյանց: Բանից դուրս է գալիս, որ մենք հին ծանոթներ ենք. ես՝ մահակը ձեռիս, նա՝ գթության քրոջ կարմիր խաչը կրծքին:

ԲԱՆՎՈՐ. Հետո՞․․․

ԾԵՐՈՒԿ. (Դժկամ) Էլ ի՞նչ հետո, վերջացավ․․․

ՄՅՈՒՍ ԲԱՆՎՈՐԸ. Ինչպե՞ս թե վերջացավ, աղջիկները ո՞ւր գնացին։

ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆՎՈՐ. (Հեգնանքով) Տուն փախան։

ԾԵՐՈՒԿ. Տարա ընկերների մոտ։

ԱՌԱՋԻՆ ԲԱՆՎՈՐ. (Մտատանջ) Քանի՞ հոգի էին։

ԾԵՐՈՒԿ. (Բարկացած) Թու, սատանի ճուտ, ասացի, թե երեք։ Չորս են եղել, մեկը ճանապարհին ընկել է կազակների գնդակից ու իսկույն մեռել։ Մեկն էլ սաստիկ դողում էր ու հազում, նրան պառկեցրին հիվանդանոցում, իսկ մնացած երկուսը աշխատում են իրար հետ․․․

ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆՎՈՐ. Իսկապես մենք մինչ այժմ չենք ճանաչել մեր աղջիկներին։ Ինչ պարծանք, որ ընդհանուր բողոքի ու կռվի պահին նրանք աջակցում են մեզ, ձեռք են մեկնում օգնության։ Եթե նրանց կատարածը մի գդալ ջուր է ծովի մեջ, սակայն որքան մեծ է նրանց տված ոգևորությունն ու խրախուսանքը։ Մեր ընկերները, շատ շատերին գիտեմ, որոնք ետ են դառել կիսաճանապարհ, ընկճվել ու մոռացել են անասելի զրկանքներով ձեռք բերած գիտակցության փշրանքները՝ իրենց տգետ մոր անեծքի, լացի, կնոջ անզգամ ու սպառնալից ճիչերի տակ։ Ճիշտ է, ես․․․ (Լսում է հրացանաձգության տարափ, ամենքը վեր են կենում, զենքերը պատրաստելով):

ԱՆՏՈՆ. (Իջնում է բլրակից մի բանվորի հետ, գլխիկոր ու տրտում) Ասում ես, ոչ մի լուր չբերի՞ր․․․

ԲԱՆՎՈՐ. Այո՛, առաջին անգամ ցնորված մայրն ասաց, որ գնացել է եղբոր՝ Մակարին բերելու քաղաքամասից, սաստիկ խմած էր։ Երկրորդ անգամ տանը ոչ ոք չկար, հարևաններն ասացին, որ աղջիկը գնացել է ընկերուհիների հետ քաղաք․․․

ԱՆՏՈՆ. (Շփոթված) Քաղա՞ք ես ասում․․․

ԲԱՆՎՈՐ. Այո՛, ասացին, որ նա արդեն հայտնի․․․

ԱՆՏՈՆ. (Գունաթափ) Լավ․․․ Իսկ այսօ՞ր։

ԲԱՆՎՈՐ. Այսօր էլ, որ գնացի, տունը ծխում էր, պատերն էին մնացել, (Անտոնը ցնցվում է) ասացին, որ մորը ազգականներից մեկը տարել է իր մոտ, իսկ աղջիկը մինչև օրս չկա՜ ու չկա՜․․․ ԱՆՏՈՆ. (Հազիվ լսելի) Շնորհակալ եմ․․․ այլևս ոչինչ հարկավոր չէ․․․ գնա ճաշիր (Հանում է ժամացույցը) արդեն 12-ն է։ (Մյուսներին) Ընկերնե՛ր, գնացեք ճաշելու, ես կմնամ այստեղ։ (Բանվորները գնում են, նկատելով ծերին, որ ուղղում է գուրգուրանքով բարիկադին մեկնած կարմիր դրոշն ու ապա տեղավորվում նրա մոտ) Գնա, ծերուկ, դու էլ տաքացիր, կշտացիր, ժամանակ է․․․ (Հենվում է բարիկադին):

ԾԵՐՈՒԿ. (Գոհ, ուրախ) Ես տաքացել, կշտացել եմ․․․ ԱՆՏՈՆ. Մի՞թե, այս ճգնաժամին․․․ (Բռնում է գլուխը) Ո՛չ, ո՛չ, անկարելի է, ես սեղանի վրա փող էի դրել, կարիք չզգա․․․ գուցե․․․ Ա՛խ, Մարթա, Մարթա․․․ (Լալիս է շնչախեղդ):

ԾԵՐՈՒԿ. (Կարեկից) Դժբախտությո՞ւն է պատահել տանը։

ԱՆՏՈՆ. (Ինքն իրեն) Ասաց. «Գնա, կսպասեմ քեզ․․․»։ Գնացի ես. ո՛չ, ո՛չ․․․ թևեր առած թռա․․․ ոտքերիս տակ հող չէի զգում և օդի տեղ ագահ ներշնչում, կորով ու եռանդ, ու մի ծանր ու մրոտ մուրճի տեղ կենդանի խոսքով հարվածում էի հնի, բռնության և չարի գլխին. իմ ձայնը երբեք չնվաղեց, չհատնեց խոսքերիս պաշարը, բանվոր բազմության ճոճող գլուխների ծովը արբեցրել էր ինձ, միտքը, որ կարոտով ու փափագով լսում են ինձ, հասկանում, տենչանքներով ձուլվում, միանում են ինձ հետ։ Վեր ու վեհ էր ու այսպես մի շաբաթ միտինգից՝ միտինգ, դիրքից՝ դիրք, բարիկադից՝ բարիկադ, անքուն, անհանգիստ սպասում եմ ողջունելու արշալույսի ղողանջներին, Մարթա, քո սերն ու ժպիտը կրծքիս՝ ի՞նչ արիր դու․․․ ո՞ւր ես դու․․․ ահ․․․ (Գնդակը սուրալով անցնում է նրա մոտից):

ԾԵՐՈՒԿ. (Սարսափահար) Դե՛հ, քիչ կռացիր, արձակում են անիրավները, կվիրավորվես։

ԱՆՏՈՆ. (Սթափվելով հրում է ծերին) Հեռու, ես վիրավոր եմ արդեն վաղուց։

ԾԵՐՈՒԿ. (Ժպտում է) Այսպիսի կտրիճին ո՞վ կարող է վիրավորել:

ԱՆՏՈՆ. (Ցասկոտ) Մի անգութ, անսիրտ աղջիկ․․․

ԾԵՐՈՒԿ. (Ծիծաղում է) Իսկ ինձ հետ ընդհակառակն է պատահել։

ԱՆՏՈՆ. (Ծխում է) Ինչպե՞ս։

ԾԵՐՈՒԿ. (Հլու) Նստիր, կպատմեմ։

ԱՆՏՈՆ. (Հպարտ) Այստեղ վախկոտներն են նստում։

ԾԵՐՈՒԿ. (Ներողամիտ ժպտով) Ես քեզնից պակաս անվախը չէի, բայց պառկա և չզղջացի, հավատա։

ԱՆՏՈՆ. (Վրդովված) Ծերուկ, հանաքի անհարմար ժամանակ է, լավ կանես եթե մի տաք անկյուն որոնես ու քնես։

ԾԵՐՈՒԿ. (Համառ) Ինձ պատվիրել են, «արթուն կենալ»։ ԱՆՏՈՆ. Ո՞վ։

ԾԵՐՈՒԿ. Մի սիրուն աղջիկ։

ԱՆՏՈՆ. (Հայացքով չափում է նրան և անցնելով բարիկադի մյուս կողմը, ծխում է մտատանջ):

ԾԵՐՈՒԿ. (Հիացած դիտում է նրան) Ի՜նչ զույգ․․․ իսկ ես ի՞նչ անեմ, թու, սատանի ճուտ, տրաքվում եմ, չեմ կարող լռել, մարդ է ուղարկել տուն, որոնում է, լալիս ու տանջվում աչքիս առաջ։ Թու, կյանքումս գաղտնիք պահած չեմ, դրա համար էլ զորաբաժնում ինձ մականունով էին կանչում, ի՛նչ արած, կենդանի մա՞րդն էլ գաղտնիք պահի, ահա խոսքերը շարվել են կոկորդումս, քիչ է մնում շնչահեղձ լինեմ։ Թու․․․ բայց շատ աղաչեց. «Պապիկ, լռիր ու հետևիր. հաշվիր թե որդիդ է (Զգացվում է) քանի հնարավորություն կա, թող օգնեմ, մխիթարեմ, ով կարոտ է դրան․․․ Թող գթության քույր լինեմ․․․ (Թևով սրբում է աչքերն ու բարձր սրբում քիթը ցուցամատի օգնությամբ) Դեհ, լավ, թող քո ասածը լինի, տրաքվելու էլ լինեմ՝ չեմ ասի․․․ (Մտածում է ու մոտենում Անտոնին) Մի բանով չե՞մ կարող մխիթարել քեզ։

ԱՆՏՈՆ. (Նայում է նրա խրճուկ կերպարանքին ու հեգնանքով) Ինձ չեն մխիթարում․․․

ԾԵՐՈՒԿ. (Զարմացած) Ապա ի՞նչ են անում։

ԱՆՏՈՆ. (Անտարբեր) Ես էլ չգիտեմ։

ԾԵՐՈՒԿ. Տեսնո՞ւմ ես. (Մտածում է վստահ ու ինքն իրեն) Ինչպե՞ս սկսեմ։

ԱՆՏՈՆ. Ի՞նչ ես ուզում։

ԾԵՐՈՒԿ. Ինչո՞ւ համար են կռվում բանվորները։

ԱՆՏՈՆ. (Անտարբեր) Ազատության:

ԾԵՐՈՒԿ. (Լուրջ) Ես այդ գիտեմ։

ԱՆՏՈՆ. Էլ ինչո՞ւ հարցրիր։

ԾԵՐՈՒԿ. Բայց չէ որ աստված ասել է՝ «Մի՛ սպանիր»։

ԱՆՏՈՆ. Նա, ում որ ասել է, նրանք չկան այժմ, իսկ եթե մեզ լավ գիտենար, մեզ էլ չէր ասի։

ԾԵՐՈՒԿ. Նա այդ կտակել է ամբողջ մարդկությանը։

ԱՆՏՈՆ. Մարդկությունը, կյանքն ու պայմանները, փոխվում և փոխվել են դարերի ընթացքում, իսկ նրա կտակը մնացել է միշտ միևնույնը, չի փոխվել, դրա համար էլ չի հարմարվում մեր կյանքին, մարդկային տառապանքի պատմությունը ցույց է տալիս, որ նա այդ քայլն անելու, այսինքն իր կտակը փոխելու երբեք տրամադիր չի եղել և չէ․․․ իսկ մենք ահա ոտքի ենք կանգնել ուղղելու նրա դարավոր սխալը, հասկացա՞ր․․․

ԾԵՐՈՒԿ. (Հիացած) Իսկ հետո՞։

ԱՆՏՈՆ. Ի՞նչ հետո։ ԾԵՐՈՒԿ. Ամեն բան տակն ու վրա անելուց հետո ո՞վ պիտի գրե նոր ավետարանը կամ կտակը, ինչպես ասում ես, մարդկությանը և կրոնքին հարմար։

ԱՆՏՈՆ. Նա արդեն գրված է: (Աղերսանքով) Այժմ թող ինձ, պապիկ, հետո եկ, կխոսենք, կդատենք։ Ես էլ սիրում եմ խոսել։ (Ցույց է տալիս կուրծքը) Ներիր, այստեղ օձեր են գալարվում, լրջորեն մտածելու կամ դատելու անկարող եմ․․․

ԾԵՐՈՒԿ. (Սիրալիր) Նստիր, աղաչում եմ (Ինքն իրեն) ուղղակի տրաքվում եմ․․․ Ե՞րբ պիտի վերջանա այս տանջանքը, կյանքումս այսքան լռած չեմ եղել․․․ Իմ ի՞նչ գործն էր գաղտնապահ դառնալը։ Թու, Անտոն: (Նստում է տխուր, վազելով գալիս են մի քանի բանվորներ) Ընկեր Անտոն, գլխավոր պահակակետում ձեզ կանչում են (Նկատելի իրարանցում, վազում են դես ու դեն, Անտոնը գնում է, բանվորներից մեկը գաղտագողի ետ է դառնում և հարձակվում ծերուկի վրա):

ԲԱՆՎՈՐ. (Հանդուգն) Հը, ծեր արջ, լավ կռվեցի՞ր։

ԾԵՐՈԻԿ. (Անուշադիր) Ինչ է, շքանշա՞ն պիտի տաս։

ԲԱՆՎՈՐ. Միտքս դրել եմ։

ԾԵՐՈՒԿ. Զուր ծախս։

ԲԱՆՎՈՐ. Ինչո՞ւ:

ԾԵՐՈՒԿ. Ես դեռ շնորհքս ցույց տված չեմ։

ԲԱՆՎՈՐ. Վախենո՞ւմ էիր։

ԾԵՐՈՒԿ. Չէ, դեռ կարիք չէ զգացվել։

ԲԱՆՎՈՐ. Իսկ երբ զգացվի՞:

ԾԵՐՈՒԿ. Այն ժամանակ կաշխատեմ ամոթով չմնալ։ Ես լավ զինվոր եմ եղել և ավելի լավ կռվել, դե՛հ, գնա գործիդ։

ԲԱՆՎՈՐ. Ուշ է շնորհքդ ցույց տալու։

ԾԵՐՈՒԿ. (Միամիտ) Ինչո՞ւ։

ԲԱՆՎՈՐ. (Արհամարհանքով ցույց է տալիս կարմիր դրոշը) Սա վար առ։

ԾԵՐՈՒԿ. (Կատաղած) Չհամարձակվես, անպիտան, լակոտ, սրիկա․․․

ԲԱՆՎՈՐ. Դավաճան, ապստամբ, ո՞ւմ դեմ ես կռվում․․․ (Հարձակվում է):

ԾԵՐՈՒԿ. (Զայրույթից դողալով) Մի մոտենար, լրտես, ստոր․․․ (Բանվորը հանում է ատրճանակը և սպանում ծերին, խլում է դրոշը, ճղում ու խփում ծերի կրծքին. փախչում: Երևում է Անտոնը մեքենայապետի հետ, երկուսն էլ ընկճված են ու գունաթափ):

ԱՆՏՈՆ. (Անպատմելի հուսանատ) Վերջացավ․․․ Իսկ ինձ թվում էր, թե կդիմանանք․․․ Ի՜նչ դրություն (Խփում է կրծքին) դեռ բոլորովին դուրս չի թափվել այստեղից վրեժն ու դառնությունը. ինչպե՞ս հանդուրժել պարտությունը․․․ (Ընկերոջը) Դու գնա․․․ (Ձեռքը նրա ուսին է դնում) Լսիր ինձ․․․ ես այստեղից ոչ մի քայլ անելու չեմ, թող լինի ինչ-որ լինելու է․․․

ՄԵՔԵՆԱՅԱՊԵՏ. Ես քեզ մենակ չեմ թողնի, հասկանո՞ւմ ես․․․ ինձ սպասում են տանը, կին, երեխաներ, մայր․․․ այս տագնապին, երբ մնում է մեզ մեր սեփական կաշու պաշտպանությունը, ի՞նչ անմտություն քո անտեղի համառությունը․․․

ԱՆՏՈՆ. (Սաստիկ հուզված գրկում է ընկերոջն ու հեկեկում) Ինձ սպասող չկա․․․ Խոստացել էր մեկը՝ խաբեց․․․ ես դարձյալ մենակ մնացի, դարձյալ անտուն-անտեր․․․ բաղձանքներս ու տենչերս հօդս ցնդվեցին, չարը հաղթեց, բռնությունը ուժեղ էր մեզանից․․․ (Վճռական) Ես կմնամ այստեղ․․․ (Վճռական դիմում է բարիկադին ու հանկարծ նկատելով ծերուկին) Խեղճ ծերուկ, քիչ առաջ հանաք էր անում ու ինձ հիշեցնում աստծու կտակը՝ «Մի՛ սպանիր». (Կռանում է) Պապ, վեր կաց խոսենք. այժմ ես ուզում եմ խոսել (Ցնցում է նրան) Նա վիրավորված է․․․ պապ, ինչ գեղեցիկ դիրք հավերժ քնելու, կեցցե՜ս, ծերուկ․․․

ԾԵՐՈՒԿ. (Թույլ ձայնով) Մի լակոտ ուզում էր դրոշը վար առնել․․․ չթողի, խփեց․․․ տրաքվում եմ, չեմ կարող․․․ այլևս բռնել․․․ կռացիր․․․

ԱՆՏՈՆ. (Գթալից) Ասա, ի՞նչ ես ցանկանում, կկատարեմ։

ԾԵՐՈՒԿ. (Ժպտում է) Սիրիր․․․ Մարթային․․․ լավ պահիր․․․ ասա որ մեռա ձեզ օրհնելով (Թույլ կերպով խաչակնքում է Անտոնի գլուխը):

ԱՆՏՈՆ. (Ցնորված) Մարթային․․․ ո՞վ ես դու․․․ ո՞ւր է Մարթան․․․

ԾԵՐՈՒԿ. (Ձգվում է) Օ՜ֆ, հանգստացա․․․ գնա կանչիր նրան․․․ ասա․․․

ԱՆՏՈՆ. (Մոլորված) Ասա, ո՞ւր է․․․ շուտ․․․ (Վազելով գալիս է մեկը տաք հագնված, մինչև աչքերը շալով փակած, կարմիր խաչը թևին, երկու բանվորների հետ):

ՄԱՐԹԱ. Զարմանալի բան. տեսել է մեռնող ծերուկին ու փոխանակ մի կերպ հիվանդանոց բերելու կամ իմաց տալու, պատմություն է անում, ես այդ տղային չհավանեցի, ընկերներ։ (Մոտենում է):

(Անտոնը և մեքենայապետը ետ են քաշվում, Մարթան կռանում է) Պապիկ․․․ (Գրկում է գլուխը) Այդ դո՞ւ ես․․․ (Լալիս է):

ԾԵՐՈՒԿ. (Վերջին ճիգով) Ասացի․․․ չկարողացա․․․ ներիր․․․ Մարթա, զավակս. (Մարթան երկյուղած դնում է մեռնողի գլուխը գետնին, Անտոնը ապշած նայում է նրան, ծերուկը ժպտում է ու <պարզում> ձեռքը դեպի Անտոնը, նա մոտենում է ու ճանաչում

ԱՆՏՈՆ. Մարթա․․․ (Գրկում է ու չոքում ծերուկի մոտ): ՄԱՐԹԱ. (Սաստիկ հուզված բանվորներին) Տարեք․․․ ես իսկույն կգամ։ (Բանվորները վերցնում են դիակն ու հեռանում):

ԱՆՏՈՆ. (Ինքն իրեն կորցրած) Մարթա․․․ (Գրկում է ու համբուրում) որտե՞ղ էիր։

ՄԱՐԹԱ. (Բաց է անում դեմքը) Եկել էի քո ետևից․․․

ԱՆՏՈՆ. (Զարմացած ու չհասկացած) Ինչո՞ւ։

ՄԱՐԹԱ. (Ժպտում է ու ցույց տալիս թևը, Անտոնը հիացած դիտում է նրան ու չի հավատում աչքերին):

ԱՆՏՈՆ. Անգին աղջիկ․․․ Իսկ ինձ ասացին, որ մայրդ․․․

ՄԱՐԹԱ. (Տխուր) Նա, տնակը, իմ ողջ անցյալը այրվեց, չկա․․․ ինքն է այրել, թե մարդիկ՝ չգիտեմ, ինձ ասացին, որ պատերն են մնացել․․․ (Անտոնը գրկում է նրան՝ ուզելով մխիթարել) Դու կարծում ես ցավո՞ւմ եմ, երբե՛ք։ Այսպիսի մի բախտավորություն ես նույնիսկ երազած չէի։ (Ոգևորված) Այրվեց ինչ որ հին էր, ապականված, հիվանդ ու անզոր․․․ Իմ աղքատ խրճիթի ծուխն էլ խառնվեց այն մեծ հրդեհին, որից մնացած փլատակները մաքրելու ուխտ եմ արել ես նորը շինելու անխորտակ հավատով՝ լսո՞ւմ ես, պրոլետարիատ․․․

ԱՆՏՈՆ. (Սիրով) Չեմ հավատում աչքերիս, ականջներիս։

ՄԱՐԹԱ. Հավատա։ (Սիրով ու ողջագուրանքով) Չէ՞ որ դու էիր ինձ կանչողը, ահա ես էլ եկա․․․

ՄԵՔԵՆԱՅԱՊԵՏ. (Հանում է գլխարկն ու մոտենալով Մարթային) Հասկացա․․․ Անտոնի և ձեր ընկերը, ուրախ եմ ու չափազանց գոհ․․․ (Երկար թափահարում է Մարթայի ձեռքը):

ԱՆՏՈՆ. (Հպարտ) Հավանեցի՞ր․․․ (Սեղմում է կրծքին) Սա իմ Մարթան է․․․ իմ․․․ իմ․․․

ՄԵՔԵՆԱՅԱՊԵՏ. (Աշխույժ) Լավ, լավ, դրա մասին հետո կխոսենք, պետք է փախչի։ (Մարթային) Իմ կինը մի շատ լավ մարդ է, գոհ կմնաք նրանից։ (Բռնում է Մարթայի թևից) Գնանք (Անտոնին) իսկ դու կեցիր, էլ չեմ խնդրում, դա քո ազատ կամքն է։ (Մարթային) Քիչ առաջ համառել էր, որ տեղիցը շարժվելու չէ։

ԱՆՏՈՆ. (Կանգնում է նրանց առաջ) Քիչ առաջ․․․ Իսկ այժմ իմ սրտի ընտրյալը ինձ հետ է։ (Տխուր) Ա՜խ, Մարթա, պարտված պիտի փախչենք կռվի դաշտից։ (Մտախոհ) Դեռ մեծ բաց ունի լցնելու ռուս բանվորը իր անհերքելի հաղթանակի դրոշը պարզելու համար։

․․․Դեհ գնանք, մի մխիթարանք, որ տանից դուրս եկա մենակ, այժմ գնում եմ ընկերով՝ երկուսով․․․ ոչինչ։ (Սպառնում է քաղաքին) Ես գնում եմ ուժերս կռելու, կոփելու, ես գնում եմ թշնամիներիդ թիվը ստվարացնելու, արհամարհում եմ քո դավադիր ուժի ժամանակավոր հաղթանակը, ատում ծերացած-հնացած սրտիդ օրհասական քրքիջը․․․ (Ոգևորված) Գնանք, փախչենք, մայրաքաղաքի հեռագիրը արդեն հայտնում է բոլորին․․․

ՄԱՐԹԱ․― (Ազատելով թևը) Ես չեմ փախչում․․․ ինձ խիստ դժվար էր վեր կենալ ու գնալը միայն, այժմ, այս մի շաբաթվա ապրումներից հետո ետ դառնալն ինձ անհնարին է։ Գնալու եմ․․․ (Սրտամորմոք) տուր ձեռքդ իմ թանկագին, իմ սիրելի․․․ թող այս վշտի ու լքման վայրկյանին քեզ հայտնի լինի այն բուռն սերն ու հարգանքը, որ զգացել եմ մի տարի, որ թաքցրել եմ մի տարի․․․

ԱՆՏՈՆ․ (Խելակորույս) Ա՜հ, իսկ ես ինչ վատն եմ եղել, կո՜ւյրը․․․

ՄԱՐԹԱ․ Տուր ձեռքդ․ տձև երկաթի հետ կռեցիր, կոփեցիր և իմ ողջ էությունը, ձև ու դիրք տվիր իմ խոպան մտքին, խլեցիր ինձ խաբող տղմուտ հոսանքից։ Օրհնված լինես դու․․․ (Սրբում է աչքերը) Օրհնված լինի քո ուխտը, քո ճանապարհը․․․ (Մնում է մի պահ լուռ ու խուլ, հազիվ ինքը իրեն զսպելով) ես գնում եմ քո հարթ ճանապարհով, մնաս բարյավ, Անտոն․․․

ԱՆՏՈՆ․ (Անակնկալ երջանկությունից շշմած) Գնանք, այժմ դու իմն ես, ոչ ոք, ոչ մի ուժ քեզ չի կարող խլել իմ ձեռքից․․․ գնանք զավակս․․․ (Ժպտով) Գնանք մի բուն շինենք, սթարվենք, հանգստի կարոտ է հոգիս, շատ եմ տանջվել, շատ եմ մաքառել․․․

ՄԱՐԹԱ․ (Տխուր) Դու ինձ չհասկացար, Անտոն։

ԱՆՏՈՆ․ Գնանք, դեռ խոսելու, վիճելու շատ բան կա։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես ես տանջել ինձ, անգութ աղջիկ․․․

ՄԱՐԹԱ․― (Աղերսանքով) Անտոն, դու չհասկացար ինձ․․․

ԱՆՏՈՆ․― (Զարմացած) Ի՞նչ ես ուզում, սիրելիս։

ՄԱՐԹԱ․ (Խղճալով նայում է Անտոնին) Այն որ մենք պիտի գնանք բաժան-բաժան․․․ (Անտոնը գունատվում է) Ուզում եմ ասել մի ճամփով միևնույն գաղափարի համար, բայց ոչ իրար հետ․․․

ԱՆՏՈՆ․― (Մոլորված) Մարթա, ինչե՜ր ես խոսում․․․

ՄԱՐԹԱ․ (Համոզիչ) Հանդարտվիր։ Ինձ ավելի դժվար է քեզանից բաժանվելը։ (Սրբում է աչքերը) Սակայն ուխտս ստիպում է ինձ խլել, ճնշել խելացնոր սերը սրտիս մեջ․․․ Անտոն, ես տանջանքի զավակ եմ, երջանկության համար, գեթ առ ժամանակ խորթ ու օտար, գնում եմ տանջանքի ու տանջվածների մոտ՝ ինձ մի ճնշիր, մի՛ բռնանա․․․ (Գրկում է նրան) Տե՛ս, բարիկադները, այս հանդուգն ապստամբները քո ծանոթ Մարթային թաղեցին, նա այլևս չկա՝ մեռավ․․․ Այրվեց իր հայրենական խրճիթի, իր դեղին տոմսի հետ․․․ այժմ քո դեմ կանգնած է նոր Մարթան, որ այստեղ, բողոքի ու վրեժի ժխորի մեջ աշխարհ եկավ։ (Աղերսանքով) Այդ նոր Մարթայի վերածննդյան համար շատ բան ես տվել դու, մի զլանար, և հիմա հանդարտվիր, բաժանվենք հաշտորեն։ (Բռնում է ձեռքը) Ժպտա ինձ, սիրելիս. թո՛ղ քո բարի ժպիտը մնա ինձ հիշատակ: (Գլուխը հենում է կրծքին, բոլորն էլ լալիս են) Դե՛հ, մնաս բարով։

ԱՆՏՈՆ. (Դառնասիրտ) Իհարկե, մի անմտություն էր ընկնել ցնորքների հետևից, մատնվել երազանքի, թող լինի պարտություն և իմ սիրույն, նա էլ թող փուլ գա այս բարիկադների հետ: Կնշանակե նրանց հիմքերը խարխուլ էին․․. (Կատաղած) Պետք էր էլ ավելի ուժեղ զարկ (Պարզում է բռունցքը) էլ ավելի ցասկոտ հարված․․․ (Մարթային) Ես քեզ սիրեցի այնպես, ինչ կերպ որ կարող էի, հոգու էլ ոչ մի անկյուն չմնաց, որ գերած չես։ Ինչո՞ւ այսպես եղավ՝ չգիտեմ․․․ Ազատ ես, Մարթա․․․ Ես, որ ամբողջ իմ հալածական ու թափառական կյանքով կռվել եմ բռնության դեմ ու կռվում եմ՝ ես չեմ կարող բռնանալ քեզ վրա․․․ գնա՛․․․

ՄԱՐԹԱ. Օ՜, ո՛չ. ես քեզանից այդպես չեմ բաժանվի, հանդարտվիր, Անտոն։

ԱՆՏՈՆ. (Առանց նրան նայելու) Ես այժմ ավելի քան հանդարտ եմ։

ՄԱՐԹԱ. (Ժպտալով փաղաքշում է) Իսկ ես կուզեի, որ ինձ հաշտության համբույրով ճանապարհ գցեիր։

ԱՆՏՈՆ. (Սառն) Դա մի ապահով զենք չէ մենակ ճամփա ընկնող աղջկա համար։

ՄԱՐԹԱ. (Համբուրում է ձեռքը) Անտոն․․․

ԱՆՏՈՆ. (Մեղմ ու հուզված նրա գգվանքից) Ասա՛․․․ (Նստում է ու գլուխը առնում ափերի մեջ, Մարթան հետևում է նրան):

ՄԱՐԹԱ. Անտոն, քո կինը լինելու, քեզ բախտավորացնելու դեռ պատրաստ չեմ, արձակիր ինձ։ Մինչև հիմա դու ապրել ու կռվել ես քո գաղափարի, քո ձգտումների համար և հարվածել միշտ քո ճամփին կանգնողին։ Մի՞թե ես ևս իրավունք չունեմ լինել քեզ նման, առաջ դու էիր կանչում ինձ, ես չէի հասկանում և լսում քեզ, այժմ երբ հասկացա, ինչո՞ւ ես կանգնում իմ դեմ, մի՞թե գերադասում ես այն, որ կեղծեի, խաբեի քեզ ու խոնարհ կին դարձած քեզ ընտանեկան խաղաղություն ստեղծեի կեղծիքի ու անարգանքի մեջ թաքցրած․․․ չէ, չեմ կարող, անձնական ոչ մի վայելք ինձ չի գրավում, ոչ մի անդորր չի կանչում մրրկող հոգուս, մի կանգնիր իմ դիմաց․․․ թող գնամ․․․

ԱՆՏՈՆ. (Կարոտով) Ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անելու, մի՞թե կարելի է այդքան թեթև կերպով նայել կյանքին, ա՜խ, Մարթա, Մարթա․․․

ՄԱՐԹԱ. (Խիզախ) Գնում եմ ժողովրդի մոտ․․․

ԱՆՏՈՆ. (Ժպտում է) Իսկ մինչև այժմ որտե՞ղ էիր, անխելք երեխա, և մի՞թե դրա համար ինձնից փախչել է հարկավոր, մի՞թե ես ժողովրդի թշնամի եմ․․․

ՄԱՐԹԱ. (Համեստ) Ես այնպես չասի, ինչպես որ պետք էր․․․ Ես արտահայտվել չեմ կարող (Ժպտում է) Ուզում եմ գնալ գործել․․․ Նվիրվել կեղեքվածներին, իսկ եթե քեզ հետ լինեմ, սերն ու բախտավորությունը կլափե ինձ բոլորովին, կկուրացնե․․․ Ես ուզում եմ քեզ պես լինել․․․ արժանի լինել քեզ․․․ ուզում եմ քավել վատ օրերի մեղքը․․․ Թող սերս քեզ լինի ամբողջովին, խնամքս ու գութս կարոտյալներին։ (Հուզվում է սաստիկ) Չեմ հասկանում, ինչո՞ւ ես համառում, ուրիշ աղջիկների ինքդ էիր հրում, քարոզում, համոզում, որ նստած չմնան, գնան գործեն, մաքառեն․․․ Դու ինքդ դատապարտում էիր, ինքդ հանգստություն չէիր տալիս․․․ (Անտոնը նայում է նրան բուռն սիրով) Կգնամ, կգործեմ որքան ուժերս ներեցին, քեզ կգրեմ միշտ իմ մասին․․․

ԱՆՏՈՆ. Հետո՞․․․

ՄԱՐԹԱ. Հետո կգամ (Կարոտալի) Մինչ այդ ինձ չե՞ս մոռանա․․․

ԱՆՏՈՆ. (Վճռական վեր է կենում և բարձրացնում Մարթային) Գնա․․․ թող քո կամքը լինի․․․ գգույշ կաց, գործելու պաշտոն ու աստիճան չկա այդ ասպարեզում, միշտ խոնարհ ու անկեղծ եղիր։ Գիտցիր, որ չես գնում պարտավորեցնելու կամ սովորեցնելու՝ այլ ընդհակառակը. այս մի մոռանար, հոգիս․․․ (Մեծ դժվարությամբ) Լավ պահիր քեզ․․․ (Գրկում է ու սեղմում կրծքին):

ՄԱՐԹԱ. Ինձ չե՞ս մոռանա։

ԱՆՏՈՆ. Քեզ մոռանա՜լ․․․ սիրտս, հոգիս, էությունս հետդ ես տանում, քեզ մոռանա՞լ կլինի․․․

ՄԱՐԹԱ. (Բերկրանքով) Շնորհակալ եմ, կաշխատեմ, որ գոհ մնաս։ (Ծոցից ծրար է հանում) Առ, օրիորդի որդու մահվան պատճառով ինձ մնաց, մի մասը ես վերցրի․․․ սրանով էլ դու․․․ (Հեծկլտում է) մի անտեր, որբ տղա․․․ ընկեցիկ խնամիր․․․ անունը Մակար դիր․․․

ԱՆՏՈՆ. (Սաստիկ զգացված) Դեհ, թող․․․ հերոսուհին էլ լա՞․․․ շտապիր, բաժանվենք, ժամանակը վատ է։ Ո՞ր կողմն ես գնալու․․․ (Քիչ մտածում է) Մենա՞կ ես․․․

ՄԱՐԹԱ. (Հանգիստ) Որ կողմը եղածը դեռ չգիտեմ, հետո կիմանաս, իսկ գնում եմ Նինայի, Զինայի ու Օլյայի հետ․․․

ԱՆՏՈՆ. (Զարմանքից քարացած) Նրա՞նց․․․ դո՞ւ․․․ սպասիր (Ինչ-որ մտածում է) Այդ դո՞ւ էիր հիվանդանոցում․․․ այդ քե՞զ էի գովում ընկերներիս․․․ ա՛հ․․․

ՄԱՐԹԱ. Ես էի․․․

ԱՆՏՈՆ. Ապա ասում էին, որ օտար տեղից է, ճանապարհը փակվելու առթիվ կայարան եկած․․․

ՄԱՐԹԱ. Ես խաբել էի, անունս էլ փոխել, որ դու չիմանաս․․․ երբ տանից դուրս եկար, ես էլ իսկույն եկա քո հետևից։

ԱՆՏՈՆ. (Գոհ, հանգիստ) Ո՞վ էր սպասում․ իսկ այն անպիտանները, գոնե մի խոսք ասեին, այժմ որտե՞ղ են։ ՄԱՐԹԱ. Կայարանում ինձ են սպասում, գնացքը շարժվելուն պես գնում ենք:

ԱՆՏՈՆ. Իսկ եթե ինձ չպատահեի՞ր (Ցավով) պիտի անհայտանայի՞ր այդպես։

ՄԱՐԹԱ. Ո՛չ, մենք վճռել էինք քեզ անպայման իմաց տալ։

ԱՆՏՈՆ. Մենք, ուրեմն աղջիկները գիտե՞ն, որ այժմ ինձ մոտ ես։

ՄԱՐԹԱ. Իհարկե, նրանք գիտեն ու սիրում են քեզ։ Նինան ծիծաղում է քեզ վրա, որ միշտ պարծեցել ես, թե քո սրտում մի կին տեղ ունենալու չէ․․․ իսկ այդ խեղճ ծերուկն էլ իմ խնդրանոք էր գիշեր ցերեկ հսկում քեզ․․․ և այդպես էլ մեռավ, տեսնո՞ւմ ես, նա իմ հին ծանոթն էր․․․

ԱՆՏՈՆ. (Ապշած) Ա՜հ, նոր եմ գլխի ընկնում․․․

ՄԱՐԹԱ. Ուրիշ շատ բաներ կան պատմելու, հետո, ուշանում եմ (Երկյուղած) գնամ, Անտոն․․․

ԱՆՏՈՆ. Գնա,՛ սիրելիս․․․ գնա․․․ (Համբուրում է):

ՄԱՐԹԱ. (Քանդում է թևից կարմիր խաչը) Իսկ այս քեզ հիշատակ․․․ հիշիր ինձ քո աղոթքներում։

ԱՆՏՈՆ. Ես չեմ աղոթում, բողոքում եմ. կհիշեմ քեզ իմ բողոքի ու վրեժի վայրկյաններին, որոնք կյանքիցս անբաժան են, գնա, Մարթա․․․ կարող ենք ձերբակալվել․․․ (Տխուր) Տեսա՞ր ինչ եղավ մեր դրությունը։

ՄԱՐԹԱ. (Խիզախ) Ոչինչ, ես այսպես հպարտ եմ զգում ինձ, այժմ միայն հասկացա, թե ինչեր կարող ենք անել։ Պարտվեցինք, սակայն մեծ շահով, հավատա․․․ բաժանվենք․․․ (Համբուրում է ու վազում բարձրավանդակով):

ԱՆՏՈՆ. (Վազելով դեպի նա) Մարթա, սպասե՞մ․․․

ՄԱՐԹԱ. Մնաս բարյավ․․․ սպասիր․․․ քաջ կաց․․․ դեհ, ժպտա, հպարտ կանգնիր… այդպես… մնաք բարյավ (Անհայտանում է):

ԱՆՏՈՆ. Գնաս բարյավ․․․ (Համբուրում է կարմիր խաչը):

"Կարմիր խաչ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Այզորների երգը
Գեորգի Գյուրջիև

Այզորների երգը

Հարմոնիա
Հարմոնիա
Խաղա առցանց