Րաֆֆի
Զահրումար
ԺԶ, ԺԷ, ԺԸ
ԺԶ
Հասավ հուլիս ամիսը։
Տոթը գնալով ավելի սաստկանում էր․ փոշին մարդ էր խեղդում և եղանակը օրեցօր անտանելի էր դառնում։ Բոլոր երևելի գերդաստաններրը գնացել էին ամառանոց, և քաղաքում մնացել էին միայն այնպիսի մարդիկ, որոնք չեն կարող բաժանվել կյանքի հոգսերից։
Մայիլովը նույնպես չեր երևում Հացի-Գելենց տանը, նա մի շաբաթ առաջ, մնաք բարով ասելով օրիորդ Սոֆիին, գնացել էր Կոջոր։ Բայց մեր հերոսուհին օր ու գիշեր հեծում էր տխրությունից՝ յուր սիրո առարկան մոտը չլինելու համար, մինչև մի օր փոքր-ինչ ուրախացավ, երբ նրանից ստացավ մի այսպիսի նամակ․
«Իմ հոգու հատոր, սիրելի իմ Սոֆի
Հրաշալի փոփոխություն..., բացականչեց օրիորդը։
Ա՜խ, սե՛ր, սե՜ր, ինչպիսի աստվածային զորություն է թաքուցած քո մեջ.․.։ Նա բաց է արել մունջ լեզուն, նա վառել է նրա սրտում երկնային կրակ, նա շնչել է նրա հոգում այսպիսի քնքուշ զգացմունքներ... և սառնարյուն սքոլական համբակը՝ ոգևորված այսպիսի նամակ է գրել...։
Նա երկրորդ և երրորդ անգամ կարդաց նամակը, սեղմեց նրան քուր կրծքին և հիացմամբ սկսավ զմայլիլ իր սիրո առարկայի վրա։
Հանկարծ դրսում լսելի եղավ ճանապարհորդական սայլակի զանգուլակների ձայն, և քանի մի րոպեից հետո ծառան հայտնեց, թե աղան եկավ Կավկայից։
Հոր գալուստն առավել ես ուրախացրեց օրիորդ Սոֆիին, որովհետև նա մտածում էր, թե այնուհետև անարգել կարող են ամառանոց գնալ։
Օրիորդն ուրախությունից դուրս վազեց և գտավ յուր հորը դահլիճում բոլորովին արևից այրված ու փոշուց սևացած, օրիորդը քնքշությամբ գրկեց նրան և համբուրեց նրա ձեռքը, հայրն էլ համբուրեց նրա երեսը։ Շուտով շրջապատաեցին նրան տիկին Բարբարեն, նրա մյուս աղջկերքը՝ Լիզան և Ելենան, սկսան փաթաթվել նրա վզով։ Ճանճուր Իվանիչը խիստ ուրախությամբ ընդունեց յուր զավակների գգվանքը, և նրա դեմքը թեև արևի կիզող ճառագայթներից այլայլված, բայց արտահայտում էր գոհունակություն, որով երևում էր, թե նրա գործերը հաջողել են Կավկայում։ Նա հանվեցավ, ծաոաները ջուր բերին լվացվելու:
Կեսօր էր, Ճանճուր Իվանիչը լվացվեցավ, ճանապարհի փոշին թոթափեց յուր փափախից, կաբայից և արխալուղից, ճաշեց և պատրաստվեցավ շուկա գնալ նույն հագուստով։
Տիկին Բարբարեն խնդրեց, որ այդ օր փողոց չգնա, այլ մնա տանը հանգստանա, երեկոյան պահուն բաղնիք գնա, այնուհետև մյուս օրը դուրս գա փողոց, բայց Ճանճուր Իվանիչը չհոժարեցավ իմ հանգստությունը իմ գործերս են, ասելով՝ տանից դուրս գնաց, թեև վրայից սարսափելի անախորժ թթվահոտ էր բուրում։ ճանճուր Իվանիչի գնալուց հետո տիկին Բարբարեն և օրիորդ Սոֆին մնացին միայնակ միասին։
Տեսնո՞ւմ ես, մայրիկ, այսօր արևը տոթային է, ասաց օրիորդ Սոֆին։ -Հա՛, Սոֆի, պատասխանեց տիկին Բարբարեն, դուրսը կարծես տաքացած փուռ լինի, խեղճ հայրդ ի՞նչպես է եկել այս տաք օրին։
-Հայտնի բան է, մեծ նեղությունով։ Բայց, մայրիկ, ես չեմ կարող տանել այս տոթը, խոսքը փոխեց նա, եթե այս ամառ քաղաքում անցկացնեմ, անպատճառ կհիվանդանամ։
- Ուրեմն միտք ունիս ամառանո՞ց գնալ, հարցրեց մայրը:
- Ես արդեն սովորած եմ. մենք վարժարանում եղած ժամանակ ամեն ամառ դնում էինք, պատասխանեց օրիորդը։
-Շատ լավ, մի քանի օր համբերիր, ես այդ մասին կխոսեմ հորդ հետ և անպատճառ կտնօրինեմ, որ այս ամառ Կոջոր գնանք։
Տիկին Բարբարեն թողեց յուր աղջկան միայնակ և դուրս գնաց ծառաներին պատվերներ տալու, իսկ օրիորդ Սոֆին մտավ յուր սենյակը, ներսից դուռը կողպեց, էլի մի անգամ կարդաց նամակը, որ ստացել էր Մայիլովից և սկսավ պատասխանը գրել։
Ավելորդ եմ համարում մեր հերոսուհու նամակի պատճենը հաղորդել ձեզ, պատվերի ընթերցող, մտածելով, թե դուք շատ անգամ կարդացած կլինեք նամակներ, թե ի՞նչ են գրում սիրուհիք իրանց սիրեկաններին։ Նրանց ոչ միայն խոսքերը, ոճը և պարբերությունները շնչում են ամբողջ բանաստեղծությամբ, այլև թուղթը, նրա գույնը, նրա նկարները, թանաքը, կնքամոմը, ծրարը, այդ բոլորը պարունակում են իրանց մեջ սիրո գաղտնիքներ։
Մենք հանգիստ թողնենք օրիորդ Սոֆիի յուր նամակը գրելու այժմ տեսնենք, թե ո՞ւր գնաց ճանճուր Իվանիչը։ Նա յուր տանից դուրս գալուց հետո ոտքով մի քանի ժամվա մեջ շրջեց բոլոր գլխավոր տեղերը, ուր գործ ուներ։ Նախ և առաջ գնաց ինժեներնոյե ուպրավլենիեն. իսկույն լսվեցին ծառայողների ողջույնները. «բարով, բարով, Ճանճուր Իվանիչ» գոչեցին զանազան ձայներ։ Նա մոտեցավ այս կամ այն ծառայող աստիճանավորին, սեղմեց նրա ձեռքը, մի փոքր խոսեց, մի փոքր ծիծաղեց և մի փոքր սրա և նրա ականջում քչփչաց։ Այնտեղից գուրս եկավ բիրժի առջև։ Կեղծավորաբար մոտեցավ սրան, նրան՝ «բարով, Իսակ Մարտինիչ», «բարով, Գարասիմ Յակուլիչ», մոտեցավ զանազան մարդկանց, սկսավ երկար ու բարակ հարցնել նրանց քեֆը, նրանց տանեցոց առողջությունը, մի փոքր զվարճաբանեց, մի փոքր փաղաքշեց, այնուհետև գլուխ տալով հեռացավ, յուր մտքի մեջ հայհոյելով նրանց ծնունդը․ «քու հերն անիծած» ասելով, նա սկսավ դիմել դեպի Միջի-փողոց։ Այնտեղ ևս զանազան մարդկանց գլուխ տալով, ամեն մինի հետ մի քանի րոպե խոսելով, անցավ բազազխանա։
Բայց ուշադրության արժանի է այն, որ երբ մարդիկ նրանից հարցնում էին, թե ի՞նչպես անցան յուր Կավկայի կապալները, շահավե՞տ էին թե ոչ, Ճանճուր Իվանիչը ցույց էր տայիս անչափ դժգոհություն, ասելով, թե նա պիտի բավական վնաս ունենա Կավկայում, թեև այն տարի նրա Կավկայի կապալները խիստ շահավետ եղան, բայց Ճանճուր Իվանիչր վնաս ցույց տալու մեջ ուներ յուր փոքրիկ քաղաքական խորամանկությունը, այն է, որ մյուսներն այնտեղի կապալները վնասակար համարելով՝ չմտնեն այնտեղ։
Ման գալով բոլոր շուկան, ճանճուր Իվանիչ մինչև անգամ գնաց Շիրաչխանեն, իմացավ, թե քանիսով է ծախվում գինին, գնաց Շեյթան փողոցը, այնտեղ իմացավ, թե քանիսով է ծախվում ալյուրը, ի՛նչպես է ծախվում գարին, այնտեղ իմացավ նաև հնդկահավի, ձվի ու ցոցխալի մազանդան, թեև այդպիսի բաներին նա փող տվողը չէր, բայց մտնելով դասաբխանա, գնեց խորովածի համար կես չարեք չալաղաջի և բերավ տուն։
Երեկոյան զանգակները զարկում էին։
Տանը նա պատրաստ գտավ թեյը։
Նա չգնաց յուր սենյակը, ինչպես սովորություն ուներ առաջ, այլ ուղղակի մտավ սեղանատուն, ուր նրա գերդաստանը նույն ժամուն հավաքված էին թեյի սեղանի շուրջը։ Քիտեսը չմոռանալով յուր աղայի հին պատվերը, դրեց նրա քուրսին, ճանճուր Իվա նիչը նստեց նրա վրա։
Նա սկսավ խոսել ու ծիծաղել յուր երեխաների հետ, նրանք նույնպես ուրախ էին իրենց հոր գալստյան համար։ Բայց օրիորդ Սսֆիի դեմքը չէր ցույց տալիս որևիցե ուրախություն, նա նույն րոպեին մտածում էր ամառանոցի մասին։
Հանկարծ հայտնվեցավ Սամիլ Պետրովիչը։
Անհասկանալի է, թե չարանախանձ բամբասողը ո՞րտեղից էր առել ճանճուր Իվանիչի գալստյան լուրը, ստերի մի պարկ թևի տակին և զինավորված մի քանի նոր բամբասանքներով, նա մտավ Հացի-Գելենց տուն՝ երեկոյան թեյն այնտեղ խմելու, իսկ եթե աստված հաջողի, նաև ընթրիքին մնալու։
-Բարով, բարով,Ճանճուր Իվանիչ, ասաց նա ուրախ դեմքով և մոտենալով՝ առավ նրա ձեռքը։ Բարով, Սամիլ Պետրովիչ, կրկնեց Ճանճուր Իվանիչը։
Նրանք ձեռք-ձեռքի տվին և պռոշտի արին։
Այնուհետև Սամիլ Պետրովիչը քաղաքավարությամբ գլուխ տվավ տիկին Բարբարեին ու մյուսներին և նստեց։
Ի՞նչ բարին հարցնինք, խոսեց Սամի Պետրովիչը, փառք աստծո, էլի սաղ֊սալամաթ էկաք ձիր օջախին արժանի էլաք։ Բարբարե, աչքդ չուս, դարձավ նա դեպի տանտիկինը։
Տիկին Բարբարեն գլուխ տալով՝ հայտնեց յուր շնորհակալությունը։
Ի՛նչ շատ քաշից սաֆարդ, Ճանճուր Իվանիչ, հարցրեց Սամիլ Պետրովիչը։ Աչքներս հենց քու ճամփին էր մնացի ասում էինք՝ էսօր գուքա, էգուց գուքա։
Հա՛, շատ քաշից, էրկու ամսից ավել է, պատասխանեց Ճանճուր Իվանիչը։
Ջանդ սաղ ըլի, մարդ դիփ աշխատելու համար է ծնված, կրկնեց Սամիլ Պետրովիչր։ Հալա մե ասա՝ տեհնինք, քու գործերի համա ի՞նչ շինեցիր։
Գուրծիրուս համա էլ մի հարցնի, Սամիլ Պետրովիչ, էս տարի խեր չկա, վնաս շատ կունենամ։
Ջանդ սաղ ըլի, դարդ մի՛ անի, ղոչաղ կաց. աշխարքի մալը աշխարքում կու մնա, ի՞նչ պիտի տանինք միզ հիդ Ամա ասա՛, տեհնիմ, Սիմոն Յագորիչն ի՞նչ է շինում, եփոր գուրծիրը, ինչպես ասում իս, վատ ին գնում։ Հիմի ես գիդիմ, բուռնութին քաշում կուլի, ախ ու վախ անելիս կուլի, էտենց չէ՞. ես նրա խասյաթը գիդիմ։
Էտենց է, աստուծ գիդենա, ծիծաղելով պատասխանեց Ճանճուր Իվանիչը։
Արմնալու մարդ է էտ Սիմոն Յագորիչը․ ուրիշը վնաս կոնե, համա ղուսեյնը նա կու քաշե։
Մագրամ շատ չեստնի մարդ է, պատասխանեց Ճանճուր Իվանիչը, քսան տարի է իմ գուրծերումն է, ես նրա նման մե խայինութին չիմ տեհած։
Ես էլ գիդիմ, որ չեստնի մարդ է, կրկնեց Սամիլ Պետրովիչր։
Սամիլ Պետրովիչին մատուցին թեյ։ Նա առավ ձեռքը, մի քանի կում ընդունեց, ապա ասաց․
Ի՜նչ լավ չայ է, ի՜նչ համ ու հուտ ունե, գրվանքեն վու՞նցիք առնում։ Իրենք մանեթով, մյուս կողմից պատասխանեց տիկին Բարբարեն։
Թեյի գրվանքան առնված էր տասը մանեթով։ Բայց երեք մանեթի ձայնը լսելիս դարձյալ ճանճուր Իվանիչի դեմքը մռայլվեցավ, որովհետև նրա կյանքում վեց աբասանոցից ավել թեյ նրա տուն չէր մտած։
Սամիլ Պետրովիչը նկատելով, որ թեյի հարցը լավ ընդունելություն չգտավ լսողներից, խոսքը փոխեց.
-Կիրակի օրը դուրս էկած կուլիք, էտենց չէ՞, հարցրեց նա։
-Հա՛, կիրակի առուտեհան դուրս էկանք, պատասխանեց ճանճուր Իվանիչը։
-Ճամփին խոմ շատ շուք չէ՞ր։
-Ի՞նչ շուք մարդ մրսում է. խալխը հենց ջանիքը նեժնի ունեին պահած, մե քիչ արև ըլելիս, ասում ին շուք է շուքն ի՞նչ է, մարգի ջանը պիտի ղայիմ ըլի, վուր շուքին էլ դիմնա, ցրտին էլ։
Օրիորդ Սոֆիին ձանձրացրեց դրանց խոսակցությունը, մանավանդ ճանճուր Իվանիչի նկատողությունները շոքի մասին փոքր ինչ թուլացրին նրա հույսերը ամառանոց գնալու մասին։ Նա վեր կացավ և դուրս գնաց պատշգամբ ու սկսեց նայել դեպի շուկան։
-Էլ ի՞նչ բարին հարցնինք, խոսեց Սամիլ Պետրովիչը, -հա՛, միր Սերգեյին տեհա՞ր էնտեղ։
-Սերգեյին իս ասո՞ւմ, ա՜յ աստուծ վուշ գիտենա նրա գլուխը, հա՛, տեհա, պատասխանեց Ճանճուր Իվանիչը մի փոքր գունաթափությամբ։
-Ի՞նչ է շինում։
-Ղազախի ձիաների խոտը փոդրաթով ունե վիր կալած։
-Շահի բիստի ունի՞ ձեռքում։
-Ի՞նչ գիդիմ, աթմորթու բանը սատանեն է խաբար։
-Լավ, էս էլ էտենց․ ասա՛, տեհնիմ՝ էրկաթե ճամփեն ինչկլի ո՞ւր ին բերի։
-Քութայիսեմեն անցին կացրի։
Ճանճուր Իվանիչը բոլորովին հոգնեցավ շատախոս Սամիլ Պետրովիչի հարցմունքներին պատասխանելով։ Եվ կամենալով նրան խոսել տալ, ինքը մի այսպիսի հարց առաջարկեց.
-Ասա՛, տեսնիմ, Սամիլ Պետրովիչ, քաղաքում ի՞նչ նուր խաբար կա։
-Նուր խաբար իս ուզո՞ւմ. Վ... ովը քվիրը մարդու էրիտ։ Այդ լուրն իսկապես շարժեց տիկին Բարբարեի հետաքրքրությունը, և նա կամեցավ գիտենալ այդ մասին մանրամասն, այդ պատճառով հարցրեց.
-Վ․․․ովը քվիրը մարդու էրիտ, հա՜, ու՞մ։
-Ղ․․․ովի տղին։
-Էտ լավ է, լավ փեսա է ճանգի, ասաց տիկին Բարբարեն։
-Լավ է, մագրամ յառսուն հազար մանեթ վրեն դրից, ինչկլի բանը գլուխ էկավ։
-Յառսուն հազար մանե՞թ, զարմանալով հարցրեց Ճանճուր Իվանիչը։
-Հա՛, էտքան փուղին մի կտքան էլ բաժինք կուլի, գիդի՞ս, կրկնեց Սամիլ Պետրովիչը։
-Քոլ տուտուց հե՛րն անիծա՜ծ, խոսեց Ճանճուր Իվանիչը բարկանալով, էտքան փուղ աղջկան տալ կուլի՜, էտ ի՞նչ բան է։
-Լավ, ինչի՞ է տուտուց, նրա խոսքը կտրեց տիկին Բարբարեն, փուղ ունի, տալիս է. հետո գիդի՜ս փեսեն ի՛նչ տղա է։
-Ի՞նչ տղա է, էգուց էլօր յառսուն հազար մանեթը բոլ-բոլ կու մսխե ու փուղ դաղողի հերն ու մերը ուշունց կուտա,-ասաց Ճանճուր Իվանիչը։
-Ինչի՜, գժվիլ է՞, կրկնեց կինը։
-Մուֆթա փուղը ում ձեռը տաս, կու գժվի։
-Լավ, ջեր դրանք թող մնան, նրանց խոսքը կտրեց Սամիլ Պետրուվիչը, մագրամ մարդ պիտի էնպես կամուրջ շինե, վուր ուրիշն էլ կանենա անց կենա։ Ասինք թե նրա հերը մե սկուպոչ մարդ էր, վուչ ինքը կուտեր, վուչ ուրիշին կուտացներ, իր կինքումը մե աղքատի կոպեկ տված չկա, ընկերներին կողոպտեց, ուսումնարանի ու էգեղեցու փուղիրը կերավ, էտպեսով մոդ արավ, մոդ արավ, իժում գոռբագոռ էլավ ու վուրթիկերանցը մինձ դովլաթ թողից։ Հերը տարիներով մե քաղաքի արխալուղով էր չոլա գնում, հիմի կի տղեն տարենը էրկու հազար մանեթ հենց փերշաթկի փուղ է տա լիս։ Էտպես մուֆթա փուղը հալբաթ էնքան կուտան փեսին։ Էն էլ հայ էշեր, գլուխը քարը, հաչ էլ չէ՛։
-Լավ, ասինք թե նա մուֆթա փուղ ունե (գլուխն ուտե իրա փուղը), այնումը չի գցում ու տալիս է, բաս խիղճ քասիբ-քուսուբն ի՞նչ անե։ Չէ՞ վուր նրանք էլ աղջիկ ունին, նրանք էլ փեսա գուղին,- խոսեց տհաճությամբ ճանճուր Իվանիչը։
-Քեսիբն էլ իրա գորա թող տա, պատասխանեց տիկին Բարբարեն, շատ չունե, թող քիչ տա։ Նրանից ո՞վ է հարցնում՝ շատ ունե, թե քիչ, պատասխանեց Ճանճուր Իվանիչը։ Նրան կոսին էսքան հարուր թուման կուտաս, աղջիկդ կառնենք, չիս տա՝ չինք առնի, թող մնա ու պառվի... Թող ենդումեն դենը խարազը գնա հենց կաշին կրծե ու օսկերիչը չաքուճ խփե, ինչկլի հարուր թուման դրստե, վուր իր աղջիկը կանենա մարդու տա։
Միր ազդի տունը էն վուխտը քանդվեցավ, նրանց խոսքը կտրեց Սամիլ Պետրովիչը, եփոր մինք միր պապենական ադաթնիրը փոխեցինք։ Գիտի՞ք ինչպես է էլած միր պապերու վուխտը. ասում ին, թե փեսեն է փուղ տալիս ըլում աղջկա հորը։ Հարսանիքի ժամանակ էն փուղը վուր փեսեն տվիլ է, հարսնիրը իրանց մեջ հավաքելիս ին էլի ու փեսին տալիս, էնպես վուր փեսեն էլ մեջտեղում իր հարսանիքի ծախսը մուֆթա էր քցում։ Հիմի ձեր ղզլբաշի երկրում ու Հայաստանում էտ ադաթը մնում է։
Էս ռուսոբան միր տունը քանդից, պատասխանեց Ճանճուր Իվանիչը. էտենց լավ է էլած, մաշ վո՞ւնց։ Տեհնում իք մե մարդ մե կով է ունենում, ան թե մե էշ է ունենում. եփոր դրանք ուրիշին հարկավոր է ըլում, առանց փողի չէ տալիս։ Ամա աղջիկը միր քաղքում կովից էլ, էշից էլ վատ է էլած. ինչկլի փուղ չիս տալիս, չին տանում։
Ճանճուր Իվանիչի վերջին խոսքերը վատ ներգործություն ունեցան տիկին Բարբարեի սրտին, և նա խոսեց վրացերեն.
Ծնողների համար ի՛նչ զանազանություն կա զավակների մեջ. նրանց համար թե տղեն, թե աղջիկը մեկ է։ Եթե նա ունի հարըստություն, ամենին էլ հավասար բաժին պիտի տա. էլ ինչի՞ աղջիկը պիտի զրկված մնա հոր կայքից։
Զանազանություն շատ կա տղի ու աղջկա մեջ, նրան պատասխանեց Ճանճուր Իվանիչը, նրա համար, վուր օջախը, հոր անունը տղեն է պահում, քաղաքական հարկերի համա տղեն է պատասխանատու։ Ծնողներին վերջում տղեն է պահում։ Մե խոսքով տղի ծախսերը շատ ին. չէ կարելի տղի հացը կտրել ու տալ աղջկան, վուր նա տանե ուրիշ տղամարդու հիդ քեֆ անե։
Էտ ու՞ր իք ասում, մեջ մտավ Սամիլ Պետրովիչը, տղամարդու առավելությունը աղջկանից թող հիռու մնա. բայց բանն էնպես է փոխվել, վուր տղամարղը ժառանգության մեջ խիստ ստոր է մնացել աղջկանից, և շատ անգամ եղբայրը ուրախ է զրկվել հոր կայքից, գեթ նրա քույրերը կարողանան մարդու գնալ։ Ձիզ մի օրինակ ասիմ. մի հայր ունե երկու հարիր թուման փուղ, երկու աղջիկ, երկու տղա. եթե հավասար բաժին անե նրանց մեջ, ամեն մեկին կու հասնի հիսուն թուման. էտ գումարը բոլորն էլ դնում է աղջիկների վրա, բայց դարձյալ չէ կարողանում մարդու տալ։
Էտ է պատճառը, վուր եփ մարդու տանը մե քանի աղջիկ կա, նա բազարում էհտիբար (վարկ) էլ չէ ունենում։ Էն մարդը, վուր փուղը տալիս է ապրանքի ու գցում է ծովի երեսը, նրան փուղ տալիս ին ու չին վախենում, թե կարելի է նավը ծովակուլ լինի, համա էն մարդուն, վուր աղջիկներ ունե, նրան փուղ չին տալի, ու էտպիսով մարդիկ ճարահատյալ իրանց աղջիկները օտար ազգերի ին տալի․ պատճառ, վուր հայի տղի համա պաս է էլած անփուղ աղջիկ առնիլը։ Ինչպես մինձ պասին՝ բարեկենդանի մնացած կերակուրները չուտելու համա տալիս ին թուրքի, ան աղքատի, վուր չհոտին, ասաց Ճանճուր Իվանիչը։
Ի՞նչ կորուստ է այդ հայերի համար պատասխանեց տիկին Բարբարեն կրկին վրացերն, դիցուք թե մի հայր ունի աղջիկ և նրան տալիս է փող։ Այդպիսով առաջին կորուստը լրացնում է երկրորդը։
Այդ միևնույն է, եթե մի մարդ թույլ տա իրան կողոպտել, մտածելով, թե փոխարենը ինքը կու կողոպտե ուրիշին, պատասղանեց Ճանճուր Իվանիչը։
Վեճը նրանց մեջ այսպես աննկատելի կերպով երկարեց մինչ մերձակա սենյակում ժամը զարկեց տասը։ Բայց թե Ճանճուր Իվանիչը, թե Սամիլ Պետրովիչը չկարողացան համոզել տիկին Բարբարին, թե փողով աղջիկ մարդու տալը չարաչար վնասում է հասարակությանը։ Նրանք կես ժամ ևս վիճեցին, մինչև ծառան ներս մտավ և հայտնեց, որ ընթրիքը պատրաստ է։ Սամիլ Պետրովիչը գդակն առավ և այնպես ձևացրեց, թե կամենում է գնալ, բայց նրան խնդրեցին մնալ իրանց հետ ընթրելու։
ԺԷ
Առաջին օրը Ճանճուր Իվանիչի համար անցավ բավական խաղաղությամբ, որովհետև նա չգիտեր, թե Կավկա գնալուց հետո յուր տան մեջ ինչ ու ինչ փոփոխությաններ են եղել։ Բայց մյուս օրվա առավոտյան պահուն յուր տան մեջ ամեն մանրամասնություններ քննելուց հետո նա իջավ ներքին հարկի հետնակողմյան բակը, որ առաջ թոնրատունն էր, նայելու հավերին։ Նա զարմացավ, հրբ տեսավ, որ փոքրիկ դռան տեղ մի ահագին երկփեղկանի դուռ բացվում էր դեպի շուկան, նախկին թոնրատան փոխարեն շինված էր մի նոր ծածկ, որի ներքև կանգնած էր մի փառավոր կառք և նրան կից՝ ախոռ, մեջը կանգնած մի զույգ սպիտակ, կապույտ պիսակներով, անգլիական ազնիվ ձիեր։
Նա առաջ այնպես կարծեց, թե կարելի է կառքը պատկանում է ներքևի կեցողներին, բայց հետո մտածելով, որ նրանք այնպիսի մարդիկ չեն, որ կարողանային կառք ունենալ, այդ պատճառով չհավատաց յուր կարծիքին։ Եվ զարմանալով առաջ գնաց՝ ստուգելու այդ նոր երևույթը։
Մանկահասակ կազանեցի թաթար կառավարը՝ շեկ մազերով, կարմիր շապիկով և կարմիր վարտիքով, կապույտ աչքերով, տեսնելով նրան, գլխարկն առավ և խոնարհությամբ գլուխ տվավ նրան: Ճանճուր Իվանիչր հարցրեց, թե ո՞ւմն է պատկանում կառքը։
Կառքը պատկանում է ձեր բարեծննդությանը, տեր իմ, պատասխանեց թաթարը։
Ճանճուր Իվանիչր զարհուրանքից փետացավ։
Ի՞նչպես թե դրանք ինձ են պատկանում, հարցրեց նա կատաղած կերպով։
Այո՛, տեր իմ, պատասխանեց թաթարը, ձեզ են պատկանում։
Աստված իմ, բացականչեց Ճանճուր Իվանիչր և դուրս եկավ ախոռատնից։
Կհրամայե՞ք լծել կառքը, հարցրեց թաթարը՝ կարծելով, թե յուր տերը եկել է կառքն ու ձիաները փորձելու։
Բայց Ճանճուր Իվանիչր ոչինչ չպատասխանեց, այլ արջի նման մրթմրթալով գնաց վերև։
Նա մտավ յուր սենյակը։ Նա բոլորովին կատաղած էր և չգիտեր, թե ի՛նչ անե։ Նա առաջ վճռեց կնոջը կանչել յուր մոտ և աշխարհի բոլոր անեծքներն ու հայհոյանքը թափել նրա գլխին կառքը գնելու համար։ Բայց մտածեց, թե այդ չէ կարելի։ Հետո յուր մտքում վճռեց յուր դստերը՝ օրիորդ Սոֆիին կանչել և րստ կարգին հանդիմանել նրան, իբրև այդ բոլոր չարիքների սկզբնապատճառի։ Մտածեց, որ այդ նույնպես «չի կարելի»։ Հուսահատությունը խեղդում էր նրան։ «Ես դրանց հետ (կնոջ և դստեր) չեմ կարող կյանք վարել այսուհետև», ասաց նա յուր մտքում։ «Լավն այն է, որ ես ինքս այս լուսամատից ներքև ձգվեմ, փշրվիմ քարերի վրա, գուցե ազատվիմ այդ կերպով այս վշտերից»։ Վերջին խորհուրդը եղավ նրան բոլորովին հավանական. նա ներսից կողպեց սենյակի դուռը և մոտեցավ լուսամուտին։ Նրա բոլոր մարմինը դողում էր բարկությունից։ Նրա սարսափելի դեմքը արտահայտում էր կատաղի խռովություն։
Նա ձեռքը տարավ բաց անելու լուսամուտը։
Հանկարծ նրա միտքն եկան Կավկան, կապալները, Սիմոն Ցադորիչը, Կուզմինը և յուր մյուս գործերը։ Նրա ձեռքը թուլացավ։ Նա դարձավ և նստեց մահճակալի վրա, նրանում զորություն չէր մնացել։ Նա պառկեց։ Քրտինքը աղբյուրի նման բխում էր նրա մարմնից։ Նա վառվում էր, կարծես թե կրակի մեջ։ Մի տաքություն, որ ավելի նման էր ջերմախտի, տիրեց նրան։ Նրա աչքերի առջև սևացավ։ Նա մնաց անզգա յուր մահճակալի վրա։
Բոլոր օրը Ճանճուր Իվանիչը մնաց նույն զարհուրելի թմրության մեջ։ Ոչ ոք ներս չմտավ նրա սենյակը, որովհետև կարծում էին, թե նա փողոցումն է։ Նա սթափվեցավ միայն երեկոյան, տեսավ, որ սենյակը մութն է, ճրագ վառեց և իսկույն հրամայեց կանչել յուր քաղաքի գործակատարին՝ նրա հաշիվները տեսնելու համար։
Մի ժամից հետո նրա սենյակում հայտնվեցավ մի կարճլիկ և կլորիկ մարդ, երկյուղած դեմքով․ թևի տա կին մի դավթար։ Նա բարի իրիգուն ասաց, և նստեց։
Ճանճուր Իվանիչը հրամայեց նրան ցույց տալ բոլոր հաշիվները, որ եղել են յուր բացակայության ժամանակ։ Նրանք նստեցին գրասեղանի մոտ․ Ճանճուր Իվանիչը հաշվակալը դրավ յուր առջև, իսկ գործակատարն սկսեց հաշիվները կարդալ։
Բոլոր հաշիվներից հետո գործակատարի վրա մնաց հինգ հազար մանեթ։
Էտ հինգ հարուր թումանն ուր է, հարցրեց Ճանճուր Իվանիչը։
Էտ հինգ հարուր թումանն ինձմեն ստացիլ է տիկին Բարբարեն, պատասխանեց գործակատարը։
Տիկին Բարբարե՞ն, զարհուրելով հարցրեց Ճանճուր Իվանիչը։
Հրամմել եք, խոմ սուտ չիմ ասում, էս էլ նրա ռասպիսկեքը, ասաց գործակատարը՝ հանելով յուր թղթապահի միջից մի քանի ստացական տոմսակներ և տալով Ճանճուր Իվանիչին։
Ճանճուր Իվանիչը միայն նայում էր տոմսակներին։
Էսքան փուղն ի՞նչ է արել էտ անիծածը, հարցրեց Ճանճուր Իվանիչը։
Ձիր գնալուց հետո շատ ծախս է էլի։
Հինգ հարուր թուման ծա՞խս, կոչեց կատաղի կերպով Ճանճուր Իվանիչը։ էտ ի՞նչ տնաքանդութին է։
Ես ի՞նչ գիդիմ, պատասխանեց գործակատարը, փայտոն ին առի, ձիանիր ին առի ու ուրիշ մխսիր ին արի։
Մեկ կոպեկ ինձ ընդունելի չէ, դուն գլուխդ քարովն իս տվի, վուր նրանց էտ ղադա փուղ իս տվի։
Ես ի՞նչ մեղավոր իմ։
Մաշ ո՞վ է մեղավորը, շուն շանորթի, գոռաց Ճանճուր Իվանիչը։ Ես ե՞փ իմ ասի, վուր դուն էտքան փուղ տաս էն անիծածներին։
Խեղճ գործակատարը մնաց քարացած, երբ Ճանճուր Իվանիչը սկսավ գազանաբար գոռալ նրա վրա։ Եվ երբ նա նշմարեց, որ այդ անպատվությունը չափից անցնելու է, վեր կացավ և առանց մի բան խոսելու, դուրս եկավ Ճանճուր Իվանիչի սենյակից։
Գործակատարի գնալուց հետո նա առավել ևս կատաղեցավ, որովհետև քանի նա այնտեղ էր, Ճանճուր Իվանիչը էլի փոքր-ինչ մխիթարվում էր յուր բարկությամբ, երբ յուր հայհոյանքի առարկան այնպես հնազանդությամբ տանում էր յուր խոշոր հիշոցները, բայց նրա գնալուց հետո այդ բախտից ևս զրկվեցավ Ճանճուր Իվանիչը։
Մի՞թե աշխարհում սակավ բաներ կային, որոնց Ճանճուր Իվանիչը կարող էր հայհոյել և յուր սրտի տապը զովացնել։
Եվ նա սկսավ հայհոյել կառք մոգոնողի (հորինողի) հերն ու մերը, և իրանց երկրում այդ զահրումարն ադաթ գցողին էլ խառնեց նրա հետ։ Նա սկսավ հայհոյել թատրոն մոգոնողի օխտը պորտը և հանգուցյալ Թամաշովին էլ մասնավորապես հիշեց, որ, նրա կարծիքով, մի այդպիսի սատանայական բույնը դրեց յուր քարվանսարի կենտրոնում։ Հետո մտքով նա ներս մտավ մոդնի մագազինները և հիշեց մոդա դուրս գցողի մեռելն ու կենդանը։ Այնտեղից անցավ Ալեքսանդրյան այգի, Մուշտայիդ, բուլվար և ամեն տեղ սկսավ թափել յուր հայհոյանքների կայծակները, և այդ նրա համար, որ այդ զբոսարանները, այգ զվարճության տեղերը այդպես ոխերիմ կերպով զինավորվել էին նրա դեմ և նրա քսակից անիրավաբար քաշում էին արծաթներ։ Այնուհետև մակաբերելով, թե բոլոր այդ չարիքների գլխավոր պատճառները՝ կինը, որդիքը, աղջկերքն ու ընտանիքն է, Ճանճուր Իվանիչը յուր հայհոյանքի կայծակների տարափը դարձրեց դեպի ընտանեկան կյանքը, դեպի ամուսնությունը և դեպի... ի՞նչ ասեմ՝ ավելի սուրբ բաներ...:
Եվ այդպես առատ հայհոյանքով բավական կազդուրելով յուր սրտի թուլացած զորությունը, որ պատճառեց կառավարի հանկարծական լուրը ախոռատան բակում, Ճանճուր Իվանիչը վճռեց, թե նրա ընտանեկան կյանքում այդ մեծ կործանիչ վերանորոգության գլխավոր ռեֆորմատորը ոչ այլ ոք էր, բայց միայն օրիորդ Սոֆին։ Եվ եզրակացնելով թե յուր աղջկան դեպի մի այդպիսի չարագործության հարկադրող պատճառներն էին ուսումն ու գիտությունը, Ճանճուր Իվանիչը յուր հայհոյանքի մնացորդ մասը թափեց ուսումնարանների և գրի ու կարդալ մոգոնողների վրա։
Եվ մինչ Ճանճուր Իվանիչը յուր փոքրիկ սենյակի խորքից արձակում էր հայհոյանքի կայծակներ դեպի Աթենասա սրբարանները, հանկարծ ներս մտավ Սամիլ Պետրովիչը։ Նա այն գիշեր նախ մտնելով տիկին Բարբարեի մոտ, մասնավորապես տեղեկացել էր, թե այն օրը ինչ էր անցել նրանց տան մեջ, որովհետև նա այնտեղ վրա հասավ, երբ գործակատարը նստած պատմում էր տիկին Բարբարեին բոլոր անցքը, որ անցավ յուր տիրոջ սենյակում։ Եվ ջրի պղտորության մեջ ձուկ որսալը Սամիլ Պետրովիչի էական կանոններից մինը լինելով, նա մտածեց օգուտ քաղել այդ խռովությունից։
Մինչև Ճանճուր Իվանիչի սենյակ գալը նա մտածում էր, թե արդեն կատաղած Ճանճուր Իվանիչը իսկույն կսկսե դարձյալ հայհոյել, անիծել, լաց լինել և բողոքել յուր ընտանեկան անկարգությունների դեմ, իսկ ինքը փոքր-ինչ կխրատե նրան, կհանգստացնե, կմխիթարե, այնուհետև կտանե նրան յուր ընտանիքի մոտ, այնտեղ կբարիշացնե նրան յուր կնոջ և աղջկա հետ։ Եվ այդպիսով լինելով միջնորդ հաշտության նրանց միջև ու բավական խորը մտնելով նրանց ընտանեկան գաղտնիքների մեջ, նա կարող է Հացի-Գելենց գերդաստանի շրջանում յուր բարձի համար հիմնավոր տեղ գտնել։
Բայց մտնելով Ճանճուր Իվանիչի սենյակը, Սամիլ Պետրովիչը գտավ նրան ոչ այն, ինչ որ սպասում էր։
Թեև բնականաբար երկու ծայրահեղ իրողություն, զորօրինակ ծնունդ կամ մահ, ծիծաղ կամ լաց, ուրախություն կամ տխրություն միշտ չափազանցորեն գրգռում են ու բորբոքում կրքերը և մարդ այդպիսի րոպեներում միշտ կարոտում է կարեկցի, բայց ընդհակառակը, Ճանճուր Իվանիչի այդ տեսակ կատաղի գրության մեջ Սամիլ Պետրովիչի ներկայանալը յուր նպատակին համաձայն ընդունելություն չգտավ։
Որովհետև Ճանճուր Իվանիչը այն տեսակ մարդկանցից էր, որ գիտեր տիրել յուր կրքերին։ Նա գիտեր հազարավոր գույներով կեղծավորել յուր արտաքին կերպարանքը և խիստ խստությամբ պահպանել յուր ընտանեկան հուզմունքների գաղտնիքը արտաքին աշխարհից։
Այդ պատճառով նկատելով բամբասողի գալուստը, նա յուր մի րոպե առաջ վայրենացած դեմքին տվավ ավելի մեղմ արտահայտություն և ծիծաղի պես մի բան, որ ավելի նման էր դիվահարի դեմքի սոսկալի ցնցողության, երևաց նրա անճոռնի երեսի վրա։
Բարով, Սամիլ Պետրովիչ, էտ ո՞ւր իք, քանի օր է չիք երևում, էնպես շուտ֊շուտ գնացեք-եկեք, վուր մեկզմեկու լավ ճանչնանք, ասաց Ճանճուր Իվանիչը՝ ուրախությամբ ձեռք տալով բամբասողին։
Քանի օր էր մե քիչ քեփ չունեի, տանեմեն դուրս չէի գալի, պատասխանեց Սամիլ Պետրովիչը տնքալով, որով կամենում էր ցույց տալ, թե տակավին բոլորովին չէ առողջացել։
Բոլորովին սուտ էր խոսում Սամիլ Պետրովիչը, նրա համար, որ թեթև հիվանդությունները չէին կարող հարկադրել նրան տանը մնալ։
Հիմի խոմ, փառք աստուծո, լա՞վ իս, հարցրեց Ճանճուր Իվանիչը։
Փառք աստուծո, լավ իմ, դո՞ւք ինչպիս իք։
Է՜հ, կա՛նք էլի՜... աշխրքի հիդ յոլա ինք գնում...
Սամիլ Պետրովիչը նկատելով նրա խորին սառնասրտությունը, ինքը ևս իրան այնպես ձևացրեց, իբրև ոչինչ չէ լսած նրանց տան անցքից։
Նրանք կցեցին իրանց խոսակցությունը։
Սամիլ Պետրովիչը յուր խոսակցության համաձայն, խոսեց քաղաքի մեջ պատահած նոր բաներից և կցեց յուր բամբասանքները։ Ապա ավելացրեց մի քանի զվարճախոսություններ. այնուհետև սկսավ խնդալ այլոց անբախտության վրա, թե ով վնասվեց առևտուրում, ո՛վ դատաստանատներում յուր գործը տանել տվավ և այլ այդպիսի չարախնդություններ։ Հայց Ճանճուր Իվանիչը լսում էր այդ բոլորը առանց համակրության, միմիայն բամբասողի սիրտը շահելու համար, որովհետև նա նույն րոպեին մտածում էր մի այլ իրողության վրա։
Ճանճուր Իվանիչի կյանքում ամեն մի երևույթ, թեև լիներ շատ չնչին, դարձյալ ուներ յուր էական պատճառները։ Հանկարծ կատաղի բարկությունից մտնել խաբեբա կեղծավորի կերպարանքի մեջ, այդ ևս Ճանճուր Իվանիչի մեջ յուր հարկադրիչ պատճառն ուներ։
Նա մտածում էր Սամիլ Պետրովիչի ներկայությունը շահավետ կացուցանել յուր նպատակներին։
Ճանճուր Իվանիչը տակավին չէր մոռացել Սամիլ Պետրովիչի այն խոսքը, որ նա ասաց օրիորդ Սոֆիի ուսումնարանից իրանց տուն գալու առաջին գիշերը, երբ խոսք բացվեց օրիորդին մարդու տալու մասին։ Ճանճուր Իվանիչը մտածում էր նորոգել նույն խոսակցությունը, որ այնպես անխոհեմաբար առանց ուշադրության թողեց առաջին անգամ։ Թեև նա բոլորովին չէր հավատում Սամիլ Պետրովիչի ասածներին, բայց որպես առածն ասում է՝ «խեղդվող մարդը դեպի ծեղն էլ է ձեռք մեկնում»։
Բայց թե ի՛նչպես խոսք բաց աներ այդ մասին, նա դժվարանում էր։ Ճանճուր Իվանիչը գիտեր, որ յուր աղջիկը «ի՛նչ սանրի կտավ է»։ Բայց դարձյալ յուր ապրանքը չէր կամենում էժան գնով ծախել։
Այդպիսի բնավորությունր հատուկ էր նրա համաքաղաքացիներին։ Ով որ եղել է Թիֆլիսում, նա գիտե, թե թիֆլիզեցին ոշ միայն յուր լավ ապրանքր, այլ յուր ամենավատ ապրանքը ևս փա՛հ-փա՜հ-ով է ծախում։ Եթե մեր ընթերցողը երբեմն անցել է բազազխանի, մրգավաճառների առջևից, նա տեսած կլինի, թե ի՛նչպես մրգավաճառները, հոտած խնձորը կամ տհաս տանձը, ածած թաբախներում, ձայն են տալիս և գոռում՝ «աբա՛ լավ խնձորը, լավ տանձը, լավ բողկը... պա՛... պա՛... պա՛...», կամ թե Ալյուրի մեյդանով բաղնիք գնալու միջոցներում, իհարկե, նա տեսած կլինի, թե ինչպիսի գովասանքներով են ծախում ծլած բակլան, բորբոսնած ջոնջոլը և հոտած խրամուլին։
Ճշմարիտն ասած, մենք միտք չունինք վատաբանել մեր քաղաքացի ազգայիններին կծու կատակներով իրանց արդար շահասիրության համար, երբ մեր աչքի առաջ ունինք ասիական կյանքի պահանջմունքները։ Մենք կբավականանանք մեր պապերի առածով, թե՝ «ոչ ոք յուր թանին թթու չի ասիլ»։
Այնուամենայնիվ չի կարելի սառն աչքով նայել այն հետաքրքրական տեսարանի վրա, որ վաճառքի նյութը՝ բողկը կամ ջոնջոլը և կամ խրամուլի չէ, այլ մեզ նման մարդու մի սիրուն աղջիկ։
Արդարև, զանազան կողմերում մենք տեսել ենք հայաբնակ քաղաքներ և գյուղեր, ուր հայրը վաճառում է յուր դուստրը, որպես յուր տան չորքոտանին, չնչին արծաթի գնով, որ նա ստանում է յուր փեսայի հորից։ Բայց այդ քաղաքի աղջիկների առևտուրը լինում է բոլորովին հակառակ մեր տեսածներին։ Այստեղ աղջիկը ծախվում է վրադիր փողով, այսինքն՝ հարսնացուի հայրը վճարում է արծաթ յուր փեսային, որ կարծես թե, ցավալի է ասել, մի մարդ վարձատրում է մշակին, որ տանե և հեռացնե նրա տանից մի անպետք բան:
Ցավալի՜ դրություն, ո՛րքան ոտնակոխ է եղած գեղեցիկ սեռի պատիվն ու իրավունքը։ Այստեղ փեսայի աչքում յուր ընտրելու հարսնացվի գեղեցկությունը, սերը և նրա բոլոր արժանավորությունները ոչինչ նշանակություն չունին, եթե նա յուր հետ չի բերում առատ արծաթ։ Եվ ընդհակառակը՝ աղջկա տգեղությունը, բարոյական և հոգեկան արատները բոլորը ծածկվում են փեսայի աչքերից, երբ նա յուր հետ բերում է շատ փող։
Բայց մեր չքնաղագեղ հերոսուհին բախտավոր է այդ կողմից։ Նա ունի ոչ միայն գեղեցկություն և ուրիշ արժանավորություններ, այլև փող։ Բայց դարձյալ նա կարոտ է դալալի, որ գտնի նրա համար, ինչպես ասացինք, մի մշակ՝ նրան յուր հոր տնից հեռացնելու համար։
Հոգ չկա, մի կարգ մարդիկ պարապում են այդ դալալության արհեստով․ դրանք կոչվում են մոցիքուլներ: Թեև մենք խորին կերպով այդ լեզվին տեղյակ չենք, որ հայոց խոսքով բացատրենք այդ վրացերեն բառի նշանակությունը, միայն մեր կարծիքով՝ միեցի փուլի խոսքից է, որ նշանակում է «տո՛ւր փող»․ այդ արհեստով պարապողների համար խիստ հարմարավոր անուն։
Հրավիրում ենք այսուհետև ծանոթանալ Սամիլ Պետրովիչի՝ այդ կարգի մարդկանց պատվավոր անդամներից մեկի հետ։
Մեզ հայտնի է, որ ճանճուր Իվանիչը կյանքի փորձերում եփված մարդ է։ Նա և՛ բաղկալի աշկերտ է եղել, և բազազի։ Նա գիտե գործ դնել բոլոր փահ-փահը յուր վաճառելի ապրանքի համար։ Բայց դժբախտությունը նրանումն է, որ նա մտածում էր բանն այնպես բերել, որ Սամիլ Պետրովիչն ինքն այդ մասին խոսք բաց անե։ Ճանճուր Իվանիչի այդ իղձը նույնպես կատարվեցավ։
Սամիլ Պետրովիչը վաղուց նկատել էր, թե Հացի-Գելենց տան ընտանեկան անհամաձայնությունների գլխավոր պատճառը տիկին Բարբարեի անտանելի ծախսերն են, որոնք լինում էին օրիորդ Սոֆիի առիթով։ Այս իրողությունից նա եզրակացրել էր, թե օրիորդ Աոֆիին տնից հեռացնելը Ճանճուր Իվանիչի գլխավոր ցանկություններից մինն է լինելու։ Եվ մտածելով, թե այն օրվա անցքն առավելապես գրգռած պիտի լինի Ճանճուր Իվանիչի մի այդպիսի ցանկությունը, նա հարմար դատեց այդ մասին խոսել նրա հետ, գուցե կարողանար օրիորդի սովդան բարիշացնել մինի հետ և մեջտեղից մի քանի հարյուր մանեթ փող գջլել։
Ջեր դրանք թող մնան, խոսեց վերջապես Սամիլ Պետրովիչը, հալա դուն ինձ ասա, տեհնիմ, Ճանճուր Իվանիչ, Սոֆիին ե՞փ պիտիս մարդի տա, վուր մենք էլ մե քանի շահի խերվինք։
Ի՞նչ իս ասում, Սամիլ Պետրովիչ, պատասխանեց այդ անակնկալ հարցի համար ուրախացած Ճանճուր Իվանիչը։ Սոֆիի ջեր ի՞նչ վուխտն է։
Ինչի՞ վուխտը չէ, թթու իս դրի՞, ինչկլի չքացխի չիս ծախի՞:
Չէ, նա ջեր տասնուչորս տարեկան է։
Արդեն հինգ տարի կլիներ, որ Ճանճուր Իվանիչը հենց ամեն հարցնողին պատասխանում էր, որ «Սոֆին տասնուչորս տարեկան է»։
Տասնուչորս տարեկա՞ն, կրկնեց Սամիլ Պետրովիչը։ Իմ հոգին գիդենա, հենց լազաթի մարդու տալու վուխտն է։
Չէ, աստուծ գիդենա, Սոֆին ջեր էրեխա է։
Թե ինձ կու հարցնիս, աղջիկը վուրքան չուստ մարդու տաս, չիս փոշմնի, նրա համա վուր աղջիկը պահելու ապրանք չէ։
Ճանճուր Իվանիչը մի քանի րոպե լռեց ու որպես թե դժվարանում էր այդ հարցին պատասխանել։
Լավ ո՞ւմ տանք, ո՞վ է էտպես լավ օքմին, ամեն մարդու էլ խոմ չիս ըլի աղջիկ տալ, որպես ակամայից համոզվելով՝ խոսեց Ճանճուր Իվանիչը։
Լավ մարդիկ իս ուզո՞ւմ, հարցրեց Սամիլ Պետրովիչը։ Էգուց էվետ հազարը ճարիմ։ Բանի վուխտ է վուր քա՛նի-քանի օրինավոր օքմնիր ինձեմեն խնդրում ին Սոֆիի մասին։
Ո՞վքեր։
Եվ Սամիլ Պետրովիչը սկսավ անունները մեկ֊մեկ հիշել՝ ամեն կարգերից և ամեն աստիճաններից։ Եվ ապա ավելացրեց. Հիմի քու կամքն է, դրանցից վուրն ուզում իս՝ ջոգե, չինովնիկ իս ուզում՝ ասա՛, դոխտուր իս ուզում՝ ասա՛, առուտուրական մարդ իս ուզում՝ ասա՛, փեշաքար իս ուզում՝ ասա՛։ Ես ամեն ջուռիցն էլ քիզ նշանց տվի, որը գուզիս՝ ջոգե, ամեն մեկին մե մազանդա ունե. դուն էլ գիդիս, վուր չինովնիկի, ան գոխտուրի մազանդան բարձր է. իժում սովդաքարն է, իժում փեշաքարն է, ու էդպես սանդուղքներով դվեր է գալիս։
Ճանճուր Իվանիչը, մի քանի րոպե մտածելուց հետո, պատասխանեց.
Ղուրթ է, իմ Սոփոն թաքավուրի խարջ աղջիկ է, մագրամ ամեն մարդ իր բաբ մարդ պիտի գթնե։ Միզ համա ավելի լավ է միր համքրի մարդու հիդ բարեկամութին սարքինք։
Բաս դուն սովդաքար մարդ իս ուզում, էդպես չէ՞։
Հա՜, էտպես, մե հալալ կաթ կերած... փուղ դադող, իմանում ի՞ս...
Աչքիս վրա, ումը վուր մտքումդ ունիս՝ ինձ ասա՛, ես հենց առուտեհան բարիշացնիմ։
Մախոխենց Խեչոն վո՞ւնց է։
Իմ հոգին գիդենա, շատ օրինավոր օքմին է, պատասխանեց Սամիլ Պետրովիչը, յուր մտքում զարմանալով Ճանճուր Իվանիչի տարապայման ընտրողության վրա։ Շատ լավ մարդ է, մեկ կտուր հաց ունե, միր քաղաքացի է, ինքը փող դադող․ քվիրքը մարդու է տվի, ախպեր չունե, ինքն է ու իր չոր գլուխը ու մեկ էլ իր պառավ տատը։
Նա ի՞նչ բանով ռազի կուլի։
Հիմի վուչինչ չիմ կանա ասի, ինչկլի իրան չտեհնիմ։
Վուրքան կարաս քիչով բանը շինե։
Հալբաթ, քիզմեն խոմ չիմ խլի, վուր նրան տամ. հազար վուր ըլի, էլի քու ղեյրաթը պիտի քաշի, մինք մետի հաց ինք կերի ու ախպերութին ինք արի, մաշ ախպերութինն էլ վո՞ւր օրվա համա է...
Ավելորդ չէր լինի մեր ընթերցողին ծանոթացնել Մախոխենց Խեչոյի' Ճանճուր Իվանիչի ընտրած փեսացուի հետ։ Դա մի քառասունհինգ տարեկան մարդ էր, ալեխառն մազերով, գորշ և մելամաղձոտ դեմքով, նիհար և ցամաքած կազմվածքով։ Ծիծաղ կոչված բանը երբեք չէ տեսնված նրա տխրամած դեմքի վրա, նրա դժգոհ աչքերից խոսում է մամոնայի ժանգոտ ոգին, որ կարծես թե վաղուց բույն է դրել նրա սրտում։
Նրա հայրը աղքատ մարդ էր. քիլան թևի տակ ման ածելով մախոխ էր ծախում Շեյթան փողոցում և մեռավ դառն չքավորության մեջ, միայն յուր արհեստի անունը ժառանգություն թողնելով յուր զավակներին։
Բայց Խեչոն այնքան խելոք տղա էր, որ կարողացավ այնուհետև այնքան փող աշխատել, մինչև մարդու տվավ յուր երեք քույրերը և ինքը այնքան գումարի տեր դարձավ, որ Միջի-փողոցում ուներ մի հասարակ խանութ մանրավաճառի, այլև պարապում էր փոքրիկ փոդրաթներով։ Բայց որպես և իցե Մախոխենց Խեչոն առևտրականների խիստ ստոր տեսակիցն էր։
Բայց զարմանալու արժան է Ճանճուր Իվանիչի մի այդպիսի ընտրողությունը թե ի՛նչ նպատակով նա այնքան բազմության միջից որոշեց Մախոխի տղին։
Հարցը խիստ պարզ է։
Ճանճուր Իվանիչին դրդողը դեպի մի այդպիսի ընտրղություն, սրի մասին ասաց Սամիլ Պետրովիչին, առանձին համակրությունը չէր դեպի իրան համավիճակը և արհեստակից մարդիկ․ նա դրանում ուներ յուր գաղտնի նպատակը, որի մեջ թաքուցած էր տնտեսական խնայողությունը։ Նա մտածեց, թե մի չնչին գումարով կարելի կլինի մի այդպիսի մարդու գլխին կապել իր աղջիկը։
Այդ պատճառով նա իր փեսայի ընտրողության մեջ վարվում էր այնպես, ինչպես յուր փոդրաթներում, որոնց մեջ նա փորձված էր։ Այն նյութերը, որոնցից պիտի կառուցաներ արքունական մի շինություն կամ այն պաշարները, որոնցով պետք է կերակրեր արքունի զորքը, որքան պատրաստվում էին վատ տեսակներից, որքան էժան էին նստում, այնքան առավել շահավոր էին լինում նրա համար։
Բայց արդյոք օպիորդ Սոֆին կընդունե՞ր նրան թե ոչ՝ կան թե կարո՞ղ էր յուր դուստրը բախտավոր լիներ մի այնպիսի ամուսնու հետ՝ դրանք Ճանճուր Իվանիչի համար մտածելու իրողություններ չէին, քանի որ նա յուր աչքի առաջ ուներ դրամի հաշիվը և հաստատ գիտեր, որ քիչ արծաթով կարելի էր որսալ մի այնպիսի փեսա։
Սամիլ Պետրովիչը նույն գիշեր բոլոր պայմանները կապեց Ճանճուր Իվանիչի հետ և խոստացավ երեք օրից հետո նրան վճռական պատասխան բերել։ Եվ այդպիսով, հանգստացնելով Ճանճուր Իվանիչի տարավ նրան կնոջ սենյակը, այնտեղ բոլորը միասին ընթրեցին։ Եվ ճանճուր Իվանիչը չուզեց այնուհետև կառքի կամ մյուս ծախսերի պատճառով խռովել յուր ընտանիքի հանգստությունը, մտածելով, թե օրիորդ Սոֆին մի քանի օրվա հյուր է յուր տան մեջ, նրան ճանապարհ գցելուց հետո ինքը գիտե, թե կառքն ու կառավարը ո՛ր ջհանդամը կկորցնե։
Մոցիքուլն այն գիշեր հեռացավ նրանց տանից տասնևերկու ժամին։
ԺԸ
Ճանճուր Իվանիչի սրտմտության այդ փոթորիկը, որ հարուցել էին նրա մեջ յուր կնոջ անկարգ շռայլությունները, նույնպես անցավ բավական լռությամբ՝ տիկին Բարբարեին դեռևս անհայտ պատճառներով։ Եվ Հացի-Գելենց տան խաղաղությունը կրկին վերականգնվեցավ ու ամենայն բան սկսավ գնալ յուր կարգով։
Ճանճուր Իվանիչը ոչինչ չհայտնեց յուր կնոջը Մախոխի տղի մասին՝ մտածելով, որ նա կարգելեր այդ բարի գործը, միայն թե սկսեց խաղաղությամբ վարվել նրա հետ, մինչև յուր նպատակը իրական կերպարանք կստանար։
Իսկ տիկին Բարբարեն զարմանում էր յուր ամուսնու բնավորության մի այդպիսի տարօրինակ փոփոխության վրա և չգիտեր, թե ի՛նչ է պատճառը նրա ներողամտության՝ գործակատարի հետ այն զարհուրելի խռովությունը բարձրացնելուց հետո. մինչդեռ ինքը սպասում էր նրանից կատաղի հանդիմանություններ, հանկարծ հանդիպում է նրա խաղաղ դեմքին։ Այդ պատճառով տիկին Բարբարեն մտածում էր, թե Ճանճուր Իվանիչի այդպիսի վարվեցողության մեջ անտարակույս թաքնված է մի որևէ խորհրդավոր գաղտնիք։
Այնուամենայնիվ, օգուտ քաղելով Ճանճուր Իվանիչի թեև կեղծավոր ներողամտությունից, տիկին Բարբարեն մի օր խնդրեց նրան ամառանոց գնալու մասին։ Բայց Ճանճուր Իվանիչը վճռողաբար մերժեց նրա խնդիրը։
Տիկին Բարբարեին անչափ վշտացրեց այդ։
Ճանճուր Իվանիչը ամառանոց գնալն արգելելու մեջ ուներ երկու նպատակ. մին որ՝ նա չուզեց ավելորդ ծախսերի տակ ընկնել, և մեկ էլ որ՝ ամառանոց գնալը, նրա կարծիքով, կհետաձգեր յուր դստեր պսակը Մախոխի տղի հետ։
Բայց կամենալով ջնջել այն վատ տպավորությունը յուր դստեր սրտից, որ ինքը պատճաոեց ամառանոց գնալն արգելելով, Ճանճուր Իվանիչը յուր մոտ կանչեց օրիորդ Սոֆիին, խիստ փաղաքշանքով ու կեղծավորությամբ նրա հետ խոսեց վրացերեն. Սոֆի, իմ սիրեկան, գիտեմ, որ դու քո մոր պես թեթևամիտ չես, նրա համար, որ դու ուսում ունի, գիտություն ունիս, խելք ունիս, ուրեմն հորդ խրատը չի դառնացնիլ քո սիրտը։ Սոֆի, ճշմարիտ է, ես արգելեցի ձեր ամառանոց գնալը, բայց եթե դու գիտենաս, թե ինչ էր իմ դիտավորությունը, երբեք չես վշտանա. ես արգելեցի ամառանոց գնալն այն պատճառով, որ ազատվիմ ավելորդ ծախսերից։ Դու գիտես, որ առանց դրան էլ այս տարի չափազանց ծախս է եղած։ Բայց իմ գործերի այժմյան դրությունն այնքան էլ աջողակ չէ, որ ես կարողանամ տանել այդ խոշոր ծախսերը։ Ուրեմն պետք է այնպես ապրենք, որ միշտ կարողանանք ապրել։ Թեև օտարները մեզ շատ հարուստ են կարծում, և շատ կարելի է դու էլ ու քո մայրն էլ այնպես եք մտածում, թե Ճանճուր Իվանիչը այն հարուստ ջհուդի (Ռոտշիլդի) չափ փող ունի։ Աստված է վկա, որ այդպես չէ. իմ հարուստ կարծվիլս մի դատարկ անուն է, որ նրանով կարողանամ պահպանել իմ վարկը և իմ համարումը մեր հասարակության մեջ։ Այլև մտածեցե՛ք, թե ես ի՛նչ դժվարություններով եմ փող աշխատում․ մեծ անխղճություն է իմ դառն քրտինքի պտուղներն այդպես անիրավաբար վատնել։ Բայց մեր ժամանակը վատ է, ապրուստի հոգսերը բազմացել են, իսկ աշխատանքի դռները փակվել մեզ նման մարդկանց համար և մեր երկրի օգուտները ֆրանցուզն ու նեմեցն է տանում, մենք էլ մեջտեղում զուր չախկ չուխկ ենք անում։
Այդպես երկար խոսեց Ճանճուր Իվանիչը, բայց նրա այդ խրատներն այնպես էին գլորվում օրիորդ Սոֆիի գլխից, ինչպես ընկույզը մինարեթի գլխից, և երկար լսելուց հետո օրիորդը պատասխանեց.
Եթե մեր ամառանոց գնալն կծանրաբեռնի ձեզ ավելորդ ծախսերով, ես սիրով կհրաժարվեմ այդ վայելչությունից. միայն իմ կարծիքով ամառանոցը թեթևացնում է ծախսերը, որովհետև այնտեղ ավելի մխսելու առիթներ չկան։
Մենք բոլորեքյանքս չենք կարող գնալ, պատասխանեց Ճանճուր Իվանիչը. գերդաստանը կբաժանվի երկու մասի, այն ժամանակ ծախսը ևս կլինի կրկին՝ մեկը քաղաքում, իսկ մյուսը՝ ամառանոցում։
Այդ նույնպես փաստ չէ. խոսեց օրիորդը, իմ կարծիքով մի ամբողջ, երբ բաժանվում է երկու հավասար մասերի, նրա մասերն ունին նույն չափը, նույն կշիոր և նույն համարումը, ինչ որ ուներ ամբողջը։ Դիցուք մեր բոլոր գերդաստանը քաղաքում ունի ամսական հարյուր մանեթ ծախս, իսկ բաժանվելով երկու մասի, հավանական է, որ ամեն մի բաժինը կունենա հիսուն մանեթ։
Մաթեմատիկա ես չգիտեմ, բայց այնքան մանրամասնություններ կան այստեղ թաքնված, որ չէ կարելի մի առ մի համարել, պատասխանեց գլուխը շարժելով Ճանճուր Իվանիչը։ Բայց թող դրանք մնան. Սոֆի, ես ուրիշ նպատակ ունիմ քեզ համար, այդ պատճառով վախում եմ ամառանոց գնալն արգելք լինի... գիտե՞ս։
Թե դուք ինչ նպատակ ունիք իմ մասին, այդ ես չգիտեմ, միայն մենք այնքան հեռու չենք գնում քաղաքից, որ իմ բացակայությունս արգելք լիներ ձեր նպատակին․ մինչև Կոջոր ընդամենը տասնվեց վերստ է։
Ճանճուր Իվանիչը նկատելով, որ օրիորդ Սոֆին չէ համոզվում՝ ընդունեց փոքր-ինչ խիստ կերպարանք։
Դու լսիր, ինչ ասում են քեզ. քո հայրը կյանքի փորձերում ավելի հմուտ է, քան թե դու, և գիտես, որ հայրը միշտ յուր զավակների բարին է մտածում, ասաց նա։
Ես չեմ ընդդիմանում ձեր կամքին, պատասխանեց օրիորդը դժգոհությամբ, սակայն առողջությունը ամենագլխավորն է, և ծնողները պիտի մտածեն դեռ իրանց զավակների առողջության համար։
Ճանճուր Իվանիչը ոչինչ չպատասխանեց։ Եվ օրիորդը մի քանի րոպեից հետո խորին տրտմությամբ դուրս գնաց հոր սենյակից։
Ճանճուր Իվանիչի խստասրտությունը կայծակի հարված եղավ օրիորդ Սոֆիի սրտին, և այնքան ամառանոցի զվարճությունների ցանկությունը չէր, որքան պատանի Մայիլովի կարոտը, որ սկսավ օրըստօրե մաշել նրան, մինչև նա ուղիղ հիվանդացավ։
Մյուս օր առավոտյան օրիորդը դուրս չեկավ յուր ննջարանից։ Տիկին Բարբարեն գնաց նրա մոտ և գտավ նրան վառվելիս ջերմության մեջ։ Զարհուրեցավ խղճալի մայրը և իսկույն հրամայեց բժիշկ կանչել։
Հայտնվեցավ բժիշկը, մի փոքրիկ մարդ ալեխառն մազերով և ակնոցներով։ Նա նայեց հիվանդին. «թեթև տաքություն է, շուտով կանցնի», ասաց։ Եվ գրելով մի դեղատոմս, հիվանդի մասին մի քանի հարկավոր պատվերներ տվավ և հեռացավ։
Երեկոյան տաքությունն ավելի սաստկացավ և նա սկսեց զառանցել. «Նիկոլ, թող տուր ինձ» հաճախ այդպիսի խոսքեր լսելի էին լինում նրա մտավոր ցնորքների մեջ։ Հիվանդի դրությունը վատանում է, մի քանի օրից հետո հայտնեց բժիշկը։ Պետք է գործ դնել խիստ հնարներ. եթե շուտով չվերադարձվի նրա առողջությունը, հիվանդը կորած է։
Օրիորդ Սոֆիի հիվանդությունը ցավալի ներգործություն ունեցավ Հացի-Գելենց տան վրա, միայն Ճանճուր Իվանիչն էր, որ սառնասիրտ էր դեպի յուր դուստրը, որ շատ էլ հեռու չէր գերեզմանից. սակայն տիկին Բարբարեն չէր հեռանում նրա անկողնի մոտից, նույնպես Մաշան՝ ռուս աղախինը, օր ու գիշեր սպասավորում էին նրան։
Լսելով օրիորդի հիվանդությունը՝ Հացի-Գելենց տանը հայտնվեցավ նաև Մայիլովը։ Նա մտավ հիվանդի սենյակը, երբ միայն Մաշան էր նրա մոտ։ Փետացած մնաց խղճալի պատանին, երբ տեսավ հիվանդի մաշված և գունատված դեմքը։ Նա խելքը կորցրեց և կատաղածի պես ուզեց իսկույն գրկել նրան, բայց աղախինն արգելեց՝ ասելով.
Նիկոլ, ի սեր աստուծո, մի՛ վրդովեք հիվանդին։
Նա մեռնո՜ւմ է... գոչեց պատանին՝ ձեռքով զարկելով յուր ճակատին։
Այսօր նրա դրությունն ավելի լավ է, պատասխանեց Մաշան։
Ո՛չ, նա անզգա է... ես սպանեցի նրան, բացականչեց պատանին՝ ավելի ևս ցավալի կերպով։