Րաֆֆի

Ճանապարհորդություն Պարսկաստանում

Նամակ Բ

Մենք հասանք վանքը երկրորդ ավուր երեկոյան պահուն: Առավոտյան պետք է սկսվեր ուխտավորների տոնախմբությունը:

Առավոտը լուսացավ:

Վանքում դեռ ամեն ինչ չուռ էր և անշարժ: Ուխտավորներն զբաղված էին յուրյանց հիվանդներով: Վանական միաբանությունը, յուր թթված ռեխով, խիստ սառն կերպով էր նայում յուր կողոպտված այցելուների վերա, որոնք այս անգամ չէին խոստանում առատ արդյունք...

Եվ արդարև, վանքն այս անգամ չէր որոտում այն բյուրավոր զվարճություններով, որ սովորաբար լինում են տոնական հանդեսներում, որոնք հիշեցնում են անցյալը, շատ հին հեթանոսական անցյալը և այն բոլոր կրոնական բարոյական մոլությունները, որ կատարում էին Աշտիշատի, Երիզայի և Բագարանի տաճարներում...:

Ես այն առավոտ ժամանակ չունեցա ոչ տեսնվելու վանահոր հետ և ո՜չ նայելու վանքի շինվածքը կամ քննելու նորա հնությունները: Ես հոգս էի տանում իմ վիրավորներին: Իմ վերջին այցելությունը եղավ մի երիտասարդի մոտ, որ արդեն հոգեվարքի մեջ էր. դեղերն այլևս անօգուտ էին նրան, միայն քահանան մատուցանում էր կրոնական վերջին մխիթարությունը: Հիվանդը միայնակ պառկած էր վանքի խուցերից մեկի մեջ, երևում էր, նա տեր կամ ազգական չուներ: Նա մի պնդակազմ և առույգ երիտասարդ էր, մարմինը պատած էր մահացու վերքերով, բայց տակավին չէր կորցրել յուր հիշողությունը:

Ես մեռնում եմ, տեր հայր, դարձավ նա դեպի հաղորդող քահանան, թողություն տուր իմ մեղքերին, ես շատ մեղավոր եմ...

Ի՞նչ է մեղքդ, որդի, հարցրուց խոստովանահայրն:

Ես իմ ձեռքով սպանեցի «նրան», ես չուզեցի, որ «նա» ընկնի անօրենների ձեռքում... պատասխանեց հիվանդը դողդոջուն ձայնով:

Ո՞ւմն սպանեցիր դու:

«Նրան», որին սիրում էի... եղավ հիվանդի վերջին խոսքը:

Ես հետո իմացա, որ այս երիտասարդը սիրելիս է եղել մի օրիորդ, որ նույնպես ուխտավորների թվումն էր: Ավազակներն կամեցել են հափշտակել նրան: Երիտասարդը երկար պատերազմել է ազատելու յուր սիրուհուն, բայց երբ հնար չէ եղել, ինքը մի սրի հարվածքով սպանել է նրան, ավելի լավ համարելով տալ ավազակների ձեռքը անմեղ աղջկա մեռած դիակը, քան թե նրա կենդանի մարմինը...: Երիտասարդի մի այսպիսի կատաղությունն որքան և վայրենի լիներ, նա դարձյալ ուներ յուր մեջ այն հատկությունը, թե հայ մարդու սրտում բոլորովին չէ մարած պատվի զգացմունքը, թե նա գիտե պատահած միջոցում գործ դնել յուր սուրը, և որպես երևաց, մի քանի ընկած ավազակներն այս երիտասարդի ձեռքով էին սպանված եղել:

Ես խիստ տխուր զգացմունքներով թողեցի մեռնողի խուցը և գնացի միայնակ ման էի գալիս վանքի բոլորտիքը: Բոլոր շինվածքներն յուրյանց կոշտության մեջ դարձյալ գեղեցիկ էին, որպես վաղեմի մարդու բնավորությունը յուր նահապետական պարզությամբ: Բայց որքա՞ն արծաթ ծախսվել էր այն հսկա շինությունների կառուցման վերա…:

Իմ ուշադրությունը ավելի գրավեց մի պարսկերեն արձանագրություն, որ փորված էր ահագին մարմարիոնի վերա և հագցրած էր վանքի դռան ճակատին: Այս արձանագրության պարունակությունից երևաց, որ պարսից մեծ իշխան Նաիբուլ-Սալթանան16 նվիրել է մի ամբողջ գյուղ Դարաշամբ անունով Ս. նախավկային որպես վանքային կալվածք և հաստատել է յուր նվերը արքունական ֆերմանով:

Մինչ ես զբաղված էի արձանագրության արտագրությամբ, իմ մոտ լսվեցավ մի ձայն.

«Աստված պահապան»:

Ողջունելու ձևիցը հասկացա, որ հանդիպողն վարդապետ էր. մի թուխ դեմքով մարդ, որի երեսի ապուշ բացատրություններն և ոչինչ չհայտնող աչքերն լավ վկայություն չէին տալիս յուր մասին:

Վարդապետը բոլորովին զարմացավ, տեսնելով, որ ես կարողանում եմ կարդալ և արտագրել արձանագրությունը:

Այդ կռապաշտի գրերը դու ինչպե՞ս ես կարդում, հարցրուց նա զարմանալով:

«Կռապաշտի գրեր» ասելով, հասկանում էր հայր սուրբն ոչ թե պարսկերենը, այլ հին և անվերծանելի նշանագրերը, որպիսի են սեպաձև տառերն և այլն:

Իմ հարցմունքին, թե ո՞ւմ հետ պատիվ ունեի խոսելու, հայր սուրբն պատասխանեց, թե վանահայրն է: Ես մտածեցի փոքր-ինչ թափ տալ նրա գլուխը:

Դուք ինչո՞ւ, հայր սուրբ, մինչև այսօր չեք աշխատել կարդալ այս «կռապաշտ գրերը», որովհետև այս գրերով ընծայված է ձեր վանքին մի ամբողջ գյուղ:

Վարդապետը բոլորովին նոր խոսքեր էր լսում, բայց խոսքերը նրան երևի չհետաքրքրեցին, և նա խիստ սառնությամբ պատասխանեց.

Է՛հ, որդի, մենք այս վանքի քարերը չենք կարում պահել անօրենների ձեռքից, գյուղը ինչպե ՞ս պետք է պահենք:

Հարկավոր չէ, որ դուք պահեք գյուղը, այլ նա կպահե ձեզ և ձեր վանքը, եթե միաբանությունը օրինավոր կերպով հոգ կտանե նրա վերա, կմշակե և նրա հողից արդյունք կստանա:

Է՛դ էր պակաս, հեգնորեն խոսեց վարդապետը, սրանից հետո պետք է վեղարը ձգենք, խարազանը առնենք և հող վարենք:

Վեղարը ձգելու հարկ չկա, երկրագործությունը սուրբ է որպես քահանայի, նույնպես և հասարակ շինականի համար: Վերջապես, եթե ձեզ դժվար է գալիս դա, դուք կարող եք աշխատացնել ձեր գյուղացիքը:

Մեր գյուղացի՛քը... անիծվին նրանք... այնքան ծույլ են, որ տրտնջում են աստուծո դեմ, «Ինչո՞ւ, աստված, հացը այնպես չստեղծեցիր, որ գետնից հենց թխած բուսներ, մենք վարելու, ցանելու, հնձելու, աղալու և թխելու հոգ չունենայինք»:

Մտքումս ասացի, թե դուք եք ծուլացրել նրանց:

Բայց ես չէի կարողանում հանգստացնել ինձ առանց լիակատար տեղեկություն ստանալու գյուղի մասին, թեև իմ հարցմունքների պատասխանը ստանում էի խիստ թերի և շատ անգամ բոլորովին տարօրինակ:

Հայրենական, մայրենական լսել ենք, առաջ տարավ վարդապետը, որ այս գյուղը վանքինն է եղել, բայց ո՞վ է թողել, ումի՞ց է մնացել, այդ աստված գիտե:

Բայց վանքը պետք է ունենա գյուղի մասին պարսից թագավորներից և մանավանդ Նաիբուլ-Սալթանայից շնորհված արքունի ֆերմաններ: Այդպես է երևում արձանագրությունից:

Ես այդ չգիտեմ, բայց մտքիս գալիս է, շատ տարիներ առաջ ես այն ժամանակ տասն և ութն տարեկան էի, հիմա, գիտե՞ք, հիսունից անցել եմ հա՜, այն ժամանակ ես փոքրավոր էի, «մեր հայր սուրբի» մոտ, աստված յուր հոգի՛ն լուսավորե, դու մեկ տեսնեիր նրան. ինչքա՛ն լավ մարդ էր, Սաղմոսը, Նարեկը ձեռքից չէր գցի, սուրբի տեղ կպաշտեին նրան, ինձ շատ կսիրեր «լուսահոգին», յուր հոգու հետ չէր փոխի. մի օր ասաց. «Ղազար, որդի, մի կտոր թուղթ բեր, իմ խուցի պատուհանը գոցի՜ր, տաքություն չէ պահում». և իրավ, այն ձմեռ շատ ցուրտ էր, մեր հավերը ցրտից սառեցան, ես այս կողմ վազեցի, այն կողմ վազեցի, որ մի կտոր թուղթ գտնեմ, չկա ու չկա: Մեկ էլ աստված մտքիս բերավ, որ վանքի պահարանում մի սնդուկի մեջ հին թղթեր կային, իսկույն վազեցի դեպի պահարանը, մի քանի թերթ այն թղթերից վեր առի. նրանք էլ այդպիսի տառերով էին գրված, որպես այդ արձանագրությունը. այն թղթերով ես պատուհանը գոցեցի:

Հայր սուրբի անկապ պատմությունը որքան և տաղտկալի լիներ, դարձյալ ես հետաքրքրությամբ էի լսում, որովհետև նրա մեջ ես տեսնում էի հայ աբեղայի անհոգ և անմիտ պատկերը:

Նա շարունակեց.

Այն ձմեռ առաջնորդի գործակալը մեր վանքը եկավ թո՜ղ ոտը կոտրվեր, ամենևին եկած չլիներ գործակալը սատանորդի մեկն էր, դևից յոթն օր առաջ էր ծնվել... Մի օր նա «մեր հայր սուրբի» խուցի մեջ նստած էր, հանկարծ աչքն ընկավ պատուհանին, «Տո՜, էդ ի՞նչ թղթեր են», ասաց նա և մոտեցավ պատուհանին, աչքերումը կրակ վառվեցավ, սկսավ «մեր հայր սուրբին» չլսված խոսքերով հայհոյել: Մենք մտածում էինք, թե վարդապետը խելքը թռցրեց: Նա սկսավ թղթերը պատուհանից պոկել: «Ախա՜ր դրանք վանքի ղաբալաներն (կալվածագրերն) են» ասաց նա, պոկեց և սկսավ պատառոտած տեղերն ուրիշ թղթերով կպցնել: Շատ չմնաց մեզ մոտ առաջնորդի գործակալն, մեր վանքը թալանեց, կողոպտեց և գնաց Սրբազանի մոտ, թղթերն էլ յուր հետ տարավ: Հիմա, որդի, խոսքը փոխեց հայր սուրբը, մեր վանքումը թուղթ չէ մնացել, եղած-չեղածն տարան, որը Էջմիածին, որը Թարվեզի առաջնորդարանը:

Սույն միջոցին վանքի ծառաներից մեկն մոտեցավ հայր սուրբին, ինչ-որ փսփսաց նրա ականջին, և նա առանց մի բան ասելու ինձ թողեց և հեռացավ:

Վանական միաբանության անտարբերությունը և նրանց անհոգությունը դեպի վանքի սեփականությունները ես նկատել եմ ոչ միայն այստեղ, այլ բոլոր հայոց վանքերում, մինչև անգամ Ս. Էջմիածնում: Զանազան մարդիկ, օգուտ քաղելով վարդապետների տգիտությունից, տիրել են այս և այն հողերին, մինչև անգամ վանքապատկան ամբողջ գյուղերին: Եվ շատ անգամ ինքը վանահայրը, կամ մի խարդախ վարդապետ, գողանալով կալվածագրերը, խիստ չնչին արծաթով ծածուկ տվել են անիրավությամբ տիրողին…: Ծերունի ականատեսների մտքի մեջ միայն պահվել է մի տխուր հիշողություն, թե «այս գետինը մի ժամանակ պատկանում էր վանքին... մենք նրա վերա վար ու ցանք էինք անում... »:

Վանքերում շատ անգամ ցույց են տալիս քեզ սրբոց մասունքներ, պատած ոսկով կամ արծաթով, ցույց են տալիս քեզ հին գրչագիր ավետարաններ, որոնց կազմերը նույնպես պատած են ոսկով և արծաթով, և նրանք զարդարած են գույնզգույն ակունքներով: Եվ դու միշտ լսում ես այս խոսքերը.

«Այս ավետարանի, այն սուրբ մասունքի վերա կային թանկագին ալմաստներ և գեղեցիկ գոհարներ, նրանց, փոխեցին և տեղը հասարակ գունավոր ապակիներ դրեցին...»: Ո՞վ փոխեց, ո՞վ տարավ, պատասխան չկա, որովհետև «տնային գողը միշտ անհայտ է մնում»:

Ահա այսպես են վարվում այն հարստությանց հետ, որ ժողովրդի կրոնասեր ձեռքը թափում է յուր վանքերի մեջ, ահա այսպես սպառվում են մեր ազգային սեփականությունքը...

Ի՞նչ է պատճառը. այն, որ մեր վանքերում չկա այն եղբայրությունը, որ ուրիշ խոսքով կոչվում է վանական միաբանություն: Մեր վանքերում կան միայն ծույլ ու տխմար աբեղաներ, որոնք միայն յուրյանց փորի և աղոթքների մասին են մտածում, որոնք մի որոշ նպատակի չեն ծառայում, որ վերաբերում էր հասարակության այս և այն շահերին:

Արդարև, վանական կազմակերպված միաբանություններն շատ անգամ հառաջ են բերում այն հրեշավոր ընկերությունները, որ կրոնական լեզվով կոչվում է կղերականություն. դա մի զորեղ և սարսափելի կուսակցություն է, որ ունի յուր որոշ նպատակը, որ ծառայում է յուր հատուկ գաղափարին, որ տիրում է ժողովրդի մտքի և սրտի վերա և կրոնական դիմակի տակ հառաջ է տանում յուր հոգևոր հարստահարությունները...:

Մենք հայերս բախտավոր ենք, որ չենք ունեցել և չունենք այսպիսի կղերական միաբանություններ, բայց մենք չունենք և այն վանական միաբանությունները, որոնց գործունեությունը նվիրված լիներ մի բարի նպատակի, որոնք ժողովրդի կրթության գործի մեջ մի բանով օգուտ բերեին:

Մտածել, գործել, որևիցե նպատակի ծառայել, կարող են միայն կենդանի մարդիկ, իսկ մերոնք զուրկ են կենդանությունից...:

Այստեղից հասկանալի է մեր վանականների այն սառն անտարբերությունը, որ ունին նրանք դեպի վանքի հարստությունները, որովհետև հարստության բաղձանք ունին նրանք, որ նպատակներ ունին: Այսպիսի մարդիկ հարստության վերա նայում են որպես յուրյանց նպատակները իրագործելու գլխավոր միջոցի վերա: Եթե կա մի վանքի մեջ տպարան, կա դպրոց, եթե միաբանությունը զբաղված է գրականության այս և այն ճյուղերը մշակելով, այսպիսի վանքը միևնույն ժամանակ կաշխատե բարվոքել և այս նյութական դրությունը: Բայց մեր վանքերում ցանկանում են միայն ապրել, լավ է հանգիստ ապրել, և ժողովրդի ջերմեռանդությունը բավական է լցուցանելու նրանց մի այսպիսի անասնական բաղձանքը: Մեր վանականը յուրյան աշխարհից կտրված, ժողովրդից հեռացած, և կյանքի հետ յուր հաշիվները վերջացրած մարդ է համարում. նա մտածում է այն բանի վերա, ինչ որ հուգուն և երկնքին է պատկանում. նա գործ չունի աշխարհի հետ...:

Արեգակը բավական բարձրացեք էր հորիզոնի վերա, բայց օրվա տաքությունը տակավին զգալի չէր: Ես սկսեցի դուրս գալ վանքի բակից, մտածում էի գնալ դեպի վանքին պատկանող գյուղը և տեսնել նրա մշակությունները: Հանկարծ մի քանի բարձր ձայներ գրավեցին իմ ուշադրությունը: Ձայները լսվում էին մոտավոր գավիթից, ուր զետեղված էին վանքի անասունների ախոռները, ձայները լի էին հայհոյանքներով և կծու խոսքերով: Իսկույն հասկացա, որ կռվում էին երկու կանայք, թեև նրանք չէին երևում:

Անզգամ, ասում էր մինը, յուղը գողանում ես, պանիրը տանում ես, բուրդը ծախում ես, էլի լեզուդ մի արշին երկայն է...

Հոգիդ էլ կհանեմ, աչքդ էլ կփորեմ, պատասխանում էր մյուսը, ինչ ձեռքիցդ կգա, արա՜, դու ո՞վ ես, որ ինձ արգելում ես:

Իհարկե, պատասխանեց առաջինը հեգնորեն, թե ես էլ քեզ պես ջահել լինեի, թե ես էլ քեզ պես երեսս կոկեի, ինձ էլ թույլ կտային հայր սուրբի խուցը մտնել, այնտեղ ավել անել, հայր սուրբի շապիկը լվանալ ինձ էլ չէին արգելի յուղ ու պանիր գողանալ:

Դե՜, պատռվի՜ր, դե՜, տրաքիր, ես էսպես եմ, ես էսպես կանեմ... դու քո սպիտակ ծամերով շա՛տ բարի պտուղ ես... ուզո՞ւմ ես ամենը բացեմ... ուզո՞ւմ ես ասեմ...

Ի՞նչ բացես... ես քեզ պես առանց էրկան (ամուսնի) տղայի տե՞ր իմ դարձել, թե...

Վերջին խոսքը մնաց կիսատ, նրան կտրեցին մի քանի հայհոյանքներ և ապա լսելի եղան հարայ-հրոց, թրըխկոց... ամա՛ն.. մեռա՛ ... խեղդվեցա՛ ... ազատեցե՛ք...

Տո՜, լիրբ քածեր, ի՞նչ եք կատաղել, ինչո՞ւ եք մեկ մեկու խեղդում, լսելի եղավ մի ուրիշ ձայն և ապա աղմուկը դադարեց:

Վերջինը վանքի տնտեսն էր, մի հինավուրց ալևոր, որ տակավին յուր բարկության մեջ մռմռալով, դուրս էր գալիս ախոռատան գավիթից: Տեսնելով ինձ, նա լռեց, և խորին կերպով գլուխ տվեց:

Այս ի՞նչ կռիվ էր, ծերուկ, հարցրի նրան:

Վանքի խանումները (տիկինները) մեկ մեկու երեսը ծվատում էին, պատասխանեց նա ավելի սառն կերպով:

Շա՞տ են այս խանումները:

Սատանան գիտե... դաշտի գայլերն համբարք ունին, նրանք չունին…

Ի՞նչ են շինում այստեղ:

Ի՛նչ են շինում... կրկնեց ծերունին կոպիտ ժպիտով. մեկը վանքի հացն է թխում, մյուսը խմորն է անում, մեկը ոչխարն է կթում, մյուսը բուրդ է մանում... շատերն էլ ուրիշ-ուրիշ «մասլահաթներ» ունին… հասկանում ե՞ս:

Հասկանում եմ... ասացի և հեռացա:

Դե՜, գնա՜, աստված ողորմի քո հորը, ասաց իմ հետևից ծերունին:

Գյուղի մեջ ես չմտա, նա զզվելու չափ կեղտոտ և անտանելի էր, նա չէր նմանում այն գյուղերին, որոնց արտաքին տեսքն անգամ ցուցանում է, թե այնտեղ բախտավոր և հանգիստ ապրում են մարդիկ: Ես անցա գյուղի մոտից. անցա դեպի մշակության դաշտերը: Ամեն կողմ երևում էր ամայություն, դեպի ամեն կողմ տարածվում էին անապատներ. մշակված էին խիստ սակավ տեղեր միայն: Ինձ պատահեց մի գյուղացի, որ դառնում էր հունձքից:

Բարև, եղբայր, ողջունեցի նրան:

Գյուղացին շփոթվեցավ, նրան ողջունում էր մարդ, որ յուր դիրքով բարձր էր նրանից. նա զարմացավ, որ իրան մարդի տեղ են դնում: Նա խոնարհությամբ գլուխ տվեց և փայտի նման մեխվեցավ գետնին: Խե՛ղճ մարդ, կարծես նրանում լեզու չկար...:

Ինչպե՞ս է գնում ձեր գործը, հարցրի ես:

Վատ է, աղա, շա՛տ վատ... ցանքերը այս տարի չեկան, մի կողմից ցավը անասունները ջարդեց. էլ ի՞նչ մնաց. մեր հույսը ուխտավորների վերա էր. էն էլ մեր մեղքիցը էսպես պատահեց...:

Ուխտավորների կողոպտվիլն գյուղացին մի զգալի վնաս է համարում յուրյան. նա չէր ցավում, որ պատվելի մարդիկն վիրավորվել են, սպանվել են, նրանց կանայքը խայտառակվել են, այլ ցավում էր այն մասին, որ ինքը զրկվեցավ այն շահերից, որ սպասում էր նրանցից:

Մի՞թե ուխաավորներն չլինեին, դուք չե՞ք կարող ապրել. ցանեցե՜ք, շատ ցանեցե՜ք, և ձեր արդյունքով սովորեցեք ապրիլ:

Որտե՞ղ ցանենք, աղա, ամեն լավ տեղերը թուրքերն մեր ձեռքից խլել են. ամեն լավ արոտներն նրանց ձեռքումն է. մեզ ի՞նչ է մնացել:

Ինչո՞ւ վարդապետները հոգ չեն տանում այդ մասին, չէ որ այս գյուղը յուր դաշտերով վանքին է պատկանում:

Վարդապետները... վարդապետներն իրանց քեֆին են նայում... նրանց ի՞նչ հոգն է, թե գյուղացին աղքատ է, հաց չունի ուտելու... իրանք էլ մի կողմից են մեզ թալանում...

Վերջին խոսքերի միջոցին ես նկատեցի, շինականի աչքերն լեցվեցան արտասուքով. խե՛ղճ մարդ, ինչո՞ւ այնպես փղձկեցավ նա:

Մի արտ ունեի, որ հորս ժամանակից ցանում էի, տանս հացը տալիս էր, խոսեց գյուղացին րոպեական լռությունից հետո. այն արտն էլ խլեցին ինձանից. տվեցին մեր դրկիցին:

Ի՞նչ պատճառով խլեցին:

Այն դրկիցի որդին «մեր հայր սուրբի» մոտ սպասավոր է, նրա համար խլեցին... Բայց ես անբախտ եղա, լավ որդի չունիմ, որ վանքումը ծառայե, կինս էլ մեռած է...:

Գնա՜, եղբայր, աստված ինքը թող քեզ մի ճար անե, գնա՜ և համբերություն ունեցիր, կգա մի ժամանակ, երբ վարդապետներն այլևս չեն կարող տիրել ձեր ապրուստի և ընտանիքի վերա, այլ դուք ձեր ձեռքումը կունենաք նրանց սանձը...:

Գյուղացին իմ խոսքերից ոչինչ չհասկացավ, գլուխ տվեց և հեռացավ: Բայց նրա խոսքերն իմ մեջ խիստ, տխուր տպավորություններ թողեցին. ես երկար չէի կարողանում մոռանալ, թե վանական վարդապետը և թուրքի խանը յուրյանց գյուղացիների վերաբերությամբ միօրինակ հարստահարող են...:

Ես առավոտյան դուրս գալով, բոլորովին մոռացել էի, թե ոչինչ չեմ կերել. քաղցը սկսավ զգալի լինել, և էսօրվա արևը սաստիկ այրում էր. ես ստիպվեցա վերադառնալ դեպի իմ կացարանը: Շա՛տ ապրի իմ Մեսրոպը, նա ինձ համար պատրաստել էր մի թեթև, բայց խիստ ախորժելի ճաշ:

Ճաշից հետո ես աշխատեցի քնել, բայց հնար չեղավ, խռովված գլխին քունը մոտ չէ գալիս: Ի՞նչ անեմ, ինչո՞վ զբաղվեմ, եթե գնամ դուրս, դարձյալ նույն անախորժ պատկերներին պիտի հանդիպեմ: Նստեմ գրեմ, թո՜ղ նամակս երկար լինի, փույթ չէ, դու կկարդաս, դու սիրում ես այսպիսի բաների կարդալը: Ահա՜.

Երբ որ քննում ենք նշանավոր վանքերի և ուխտատեղիների պատմական անցյալը, տեսնում ենք, որ վանքերը և ուխտատեղիները եղել են յուրյանց շրջապատող ժողովրդի թե բախտավորության և թե կործանման պատճառը: Թողնենք Դելֆյան Ապողոնի, Սպանդարամետական Բաքոսի և այլ դոցա նման տաճարները հեթանոս աշխարհի. թողնենք հարուստ Հնդկաստանի Օրանդեսը և Բենարեսը, թողնենք Դալայ-Լամայի Լհասսան վեր առնենք արևելյան երկու մեծ ազգերի տաճարները՝ Քյաբան Մեքքայի մեջ և Սողոմոնի տաճարը՝ Երուսաղեմի մեջ: Արաբացվոց մեջ ղորեյյան ցեղը միշտ պատերազմում էր այն իրավունքի համար, որ յուր ձեռքում կարողանա պահել Քյաբայի բանալիներր, որովհետև այս իրավունքի հետ կապված էին ոչ միայն նույն ցեղի նյութական շահերն, այլ ամբողջ Հեջազի բախտավորությունը: Երուսաղեմի մեջ ղևտացի քահանաներն նույն նպատակին էին ձգտում, որովհետև սուրբ տաճարի սպասավորության հետ կապված էր ոչ միայն մի ամբողջ քահանայական քաստայի բարօրությունը, այլև բոլոր Պաղեստինի բախտավորությունը նրա հետ կից էր:

Ուխտավորների բազմաթիվ կարավաններն բերում էին յուրյանց հետ առատ արծաթ և նույն արծաթով շահվում էր ժողովուրդը. նա փոխում էր այն արծաթի հետ յուր արդյունաբերությունները, յուր աշխատության պտուղները: Եվ այսպես, ուխտագնացությունը յուր մեջ ուներ և վաճառականական նպատակ. սուրբ տաճարի տոնախմբության հետ կից էր և առևտրական տոնավաճшռը:

Բայց ապրուստի և գործունեության մի այսպիսի ձևը միշտ հաստատած է լինում խիստ խախուտ հիմքերի վրա. եղավ որ, մի կրոնական հեղափոխության պատճառով, սուրբ տաճարը կորցրուց յուր նշանակությունը, այն ժամանակ ուխտավորների երթևեկությունը դադարում է, և հետևապես թե վանքը և թե նրան շրջապատող Ժողովուրդը ընկնում են վերջին աստիճանի աղքատության մեջ և զրկվում են ապրուստից: Որպես և Պաղեստինի հրեա ժողովրդի անկումը և նրա կանգնումը միշտ կապված էր սուրբ տաճարի կործանման և նորոգման հետ, այնպես էլ արաբները կորցրին յուրյանց նշանակությունը, երբ Քյաբան անցավ մահմեդական ազգերի ձեռքը:

Բայց նայելով Հայաստանի վանքերի և նրանց շրջապատող ժողովրդի վիճակին, բոլորովին հակառակ երևույթ ենք տեսնում: Ժողովուրդը որքան մոտ է վանքին, այնքան ծույլ, տխմար և աղքատ է, բայց որքան հեռանում է, այնքան թուլանում է վանքի վատ ազդեցությունը, և ժողովուրդը ավելի բախտավոր և գոհ է յուր վիճակից:

Ի՞նչ է պատճառը:

Հայոց վանքերի ուխտագնացության հետ կապված չէ որևիցե առևտրական նպատակ, հայոց վանքերի տոնախմբության ժամանակ չեն լինում տոնավաճառներ, այստեղ մթերքի և արդյունաբերության փոխարինություն չէ լինում արծաթի հետ: Ուրեմն վանքի գյուղացին, կամ նրան շրջապատոդ ժողովուրդը ավելի չեն շահվում ուխտավորներից. նրանք մինչև անգամ ուտելու իրեղեններ վաճառելու բախտից զրկված են, որովհետև ուխտավորներն կերակրվում են վանքի սեղանից և իրանց զոհելու անասուններր գնում են վանքի հոտերից:

Հայոց վանքերում լինում է տոնավաճառ, բայց բոլորովին ուրիշ տեսակ. վաճառքի նյութը բոլորովին աներևույթ, բոլորովին վերացական մի առարկա է. վաճառքի նյութը սուրբ տաճարի և նրա մեջ բնակվող սուրբի շնորհներն և օրհնությունն է իսկ այդ շնորհավաճառությունից շահվում են վարդապետներն միայն: Գյուղացին զուրկ է այս տեսակ առևտուրից, որովհետև նրա մշակության դաշտերում շնորհ և օրհնություն չէ բուսնում...:

Գյուղացուն մնում է մի բան միայն, այն է՝ ուխտավորներից ստացած նվերը, որ նրան տալիս են որպես ողորմություն: Բայց նվերներն և ողորմությունն միշտ լինում են վնասակար, որովհետև նրանք խլում են մարդից նրա ինքնագործունեությունը, գցում են ծուլության և աղքատության մեջ:

Բոլոր հայոց վանքերի գյուղացիներն ծույլ և աղքատ մարդիկ են և նրանց ընտիր օրինակը կարող է լինել Էջմիածնա Վաղարշապատը: Այս գյուղի մեջ մի քանի ընտանիքներ միայն բացառություն են կազմում, մի քանի տուներ միայն ուտելու հաց ունեն, և դրանք այն բախտավորներն են, որոնք ունեն վանքի պարիսպների մեջ ազգային կամ բարեկամ «հայր սուրբեր...»:

Բայց ես սխալված չեմ լինի, եթե դնեմ մի երկրորդ և ավելի խորին պատճառ վանքին մոտ եղող բնակիչների անգործունեության և նրանց ծուլության:

Վանական աբեղան աշխարհից հրաժարված մարդ է. նա իրան նվիրել է ճգնավորական կյանքին... նրա քարոզներն միշտ լի են այսպիսի խոսքերով՝ «Աշխարհս մի փուչ աշխարհ է, նրա մասին հոգ տանել պետք չէ. մարդը այս աշխարհում մի առժամանակյա հյուր է, այսօր կա, վաղը չկա... Մտածեցեք ձեր հոգու համար, աշխատեցեք երկնքում ձեզ համար տեղ պատրաստել և դա կլինի ժամով, աղոթքով, պասով և պատարագով ևն...»: Այսպիսի քարոզներն՝ բացի մարդուն անփույթ շինել իրական կյանքի և նրա պետքերի մեջ՝ ուրիշ նշանակություն չունին. այսպիսի քարոզներն նույնպես խլում են մարդից նրա աշխարհաշինության ոգին, մեռցնում են նրա մեջ աշխատության եռանդը:

Ես արդեն ձանձրացրի քեզ, սիրելի ընկեր, այսքան երկար գրելով հայոց մի վանքի մասին, բայց ես տալիս եմ քեզ մի հատիկ օրինակ միայն ամբողջ տեսակից, որից դու գաղափար կստանաս մեր բոլոր վանքերի մասին. նրանք շատ չեն զանազանվում միմյանցից.

Բացի ծուլությունը և անհոգությունը հայոց վանքերին մոտ եղող բնակիչներն ունին ուրիշ և ավելի վատ հատկություններ, այն է՝ վերին աստիճանի անբարոյականություն և հավատքի մեջ թուլություն: Առաջինը՝ բնակիչների կուսակրոն աբեղաների հետ ունեցած հարաբերության արդյունքն է, իսկ երկրորդն՝ նույնիսկ աբեղաների գայթակղեցուցիչ օրինակների ծնունդ է... կրոնափոխություններն և աղանդներն է... Կրոնափոխություններն և աղանդներն հայտնվում են ավելի վանքերի պարիսպների մոտ, որովհետև ոչ մի բան այնպես չէ թերահավատացնում և մոլորության մեջ ձգում ռամկին, որպես յուր վարդապետի չար օրինակը:

Այստեղ հարկավոր եմ համարում հիշեցնել քեզ Եզնիկի՝ մեր հինգերորդ դարու փիլիսոփա աբեղայի խոսքերը. «Այն որ սյուն է եղած և բոլոր շինվածքը յուր վերա հաստատված ունի, եթե խորտակվի, բոլորն էլ դեպի ցած կկործանե: Այնպես էլ առաջնորդն (ուղղություն տվող անձն) եթե աստուծո կամքին համեմատ չէ վարվում, ամեն եղբայրությունը սատանային կմատնե, և փոխանակ առաջնորդելու՝ մոլորության պատճառ կլինի: Մեծ հերձված և անբժշկելի չարիք է այնպիսի առաջնորդությունն, որովհետև մարդիկ օրինակին ավելի են նայում, քան ճշմարտությանը»:

Մինչ զբաղված էի այս խոսքերը գրելով, հանկարծ աչք ընկավ վանքի բակը, տեսա խուցերի մեկի միջից, աղաղակելով, մինը մյուսին հրելով, դուրս թափվեցավ մի քանի մանուկներ: «Օհո՛, այստեղ վարժատուն էլ է եղել...»:

Երանի՛ թե չլիներ, լսելի եղավ մի ձայն:

Ետ նայեցի, իմ սենյակում կանգնած էր վանքի տնտեսը, նույնը, որին տեսել էի առավոտյան երկու «վանական տիկինների» կռվելու ժամանակը:

Ինչո՞ւ եք այսպես խոսում, հարցրի ես:

Ես այս մազերը այս վանքի մեջ եմ սպիտակացրել, նա ձեռքը տարավ դեպի գլուխը, իմ մեղավոր աչքերն շատ բաներ են տեսել... այս լակոտներն այստեղ մի լա՜վ բան չեն սովորում..

Չգիտեմ, ինչո՞ւ ես դարձյալ հիշեցի Եզնիկի խոսքերը. «Պետք չէ կրոնավորին (կուսակրոնների վերա է խոսքը) մանուկների հետ կենակից լինել…: Կրոնավորն եթե երկինքը բանալու լինի՝ չմտնես, եթե հրեշտակի վարք ունենալու լինի՝ չհավատաս»:

Ես այլևս չհետաքրքրվեցա վանքի վարժարանով, միայն հարցրի տնտեսից, թե ի՞նչ գործով եկած էր ինձ մոտ:

Ծերունի տնտեսը ծոծրակը քորեց, մի քիչ հազաց և գլուխը այս կողմ այն կողմ թափ տվեց այս բոլոր ցույցերից երևում էր, որ նա մի բան կամենում է ասել, բայց դժվարանում է:

Ասա, ի՞նչ կա:

Ծերունին դարձյալ սկսեց կմկմալ: Նույն միջոցին վանքի աբեղաներից մեկը, որ կարծես դռան հետքում հսկում էր, տեսնելով տնտեսի անհաջող դեսպանախոսությունը, ներս մտավ: Նա եկավ նստեց իմ մոտ, և ձեռքերը տրորելով, խոսեց.

Ախար վանքումը մի կարգ կա, օրհնած, մեր ապրուստն էլ ուխտավորներից է… էն էլ այս տարի մեր բախտից էսպես էլավ... ինչ որ մեզ պետք է հասներ, ավազակներն տարան...:

Լավ, ի ՞նչ եք կամենում:

Ի՞նչ պետք է, օրհնած, ձեզ պես աղաներն վանքի կարգն իմանում են… «դարպաս» կա, «խաչհամբույր» կա... եթե առանձին պատարագ էլ մատուցանել տալու լինիք հոր հոգուն, էն էլ յուր հարկն ունի…:

Որքա՞ն կարժե մի առանձին պատարագը:

Որքա՜ն պետք է արժենա, շատ-շատ մի երկու թուման... բայց ձեր նման աղաներն, իհարկե, վարդապետներին մի բանով ավելի կշահեն... մենք էլ միշտ աղոթող ենք...:

Վարդապետի մի այսպիսի սակարկությունը ինձ խիստ անախորժ թվեցավ, և ես պարզ նրան պատասխանեցի, թե ես իբրև ուխտավոր այս վանքը եկած չեմ, այլ ուխտավորների ցավալի դեպքերն ինձ բերավ այստեղ, որպեսզի նրանց որևիցե օգնություն մատուցանեմ:

Բայց վարդապետը պնդերես մեկն էր, նա իմ պատասխանով չբավականացավ, և կրկին լեզուն ծռմռելով, խոսեց.

Թո՜ղ էսպես լինի, աղա, բայց մենք էլ խեղճ ենք, ազգի համար աղոթում ենք այստեղ...: Անցյալ տարի աղա Կ-ը եկավ մեր վանքը, շե՛ն մնա նրա տունը, քսան թուման տվեց, և մինչև այսօր մենք նրա հոր-մոր և օխտը պորտի անունները հիշում ենք մեր պատարագների մեջ...:

Ես տեսա, որ վարդապետը ինձանից, ինչպես ասում են, «ձեռք քաշելու» միտք չունի, մի քանի արծաթ պետք էր զոհել նրա ճանկերից ազատվելու համար:

Ա՜ռ այս արծաթը, ասեցի, բայց աղոթք և պատարագ ինձ պետք չեն, ես ինձ համար աղոթում եմ:

Աբեղան առանց կարմրելու ընդունեց արծաթը և լի դժգոհությամբ հեռացավ: նախասենյակից ես լսեցի այս խոսքերը. «Դա հայ չէ, անհավատ է...: »

Դու լավ չարեցիր, աղա, ասաց Մեսրոպը, որ կանգնած լսում էր մեզ:

Ինչո՞ւ:

Դու բարկացրիր հայր սուրբին, նա կանիծե քեզ:

Թո՜ղ անիծե, ես անեծքից չեմ վախենում:

Դա լավ չէ, հոգևորի անեծքը ծա՛նր բան է:

Աստված անիրավ անեծքը չէ ընդունում:

Մեսրոպը լռեց, բայց դարձյալ իմ խոսքերն նրան բավականություն չտվեցին:

Ես մյուս առավոտը թողեցի վանքը:

Անցնելով Մագվա դաշտից, ես այցելություն գործեցի և Ս. Թադեոս առաքելոց վանքին: Հայաստանի այդ նախկին սրբարանների հոյակապ կերպարանքը իսկույն հարուցին հիշողությանս մեջ այն հինավուրց ավանդությունները, որ իմ պառավ տատը ջերմեռանդությամբ տպավորել էր սրտիս մեջ: Բայց ես Ս. Թադեոս առաքելոց վանքի մասին ոչինչ գրելու չեմ քեզ. դու չես տեսնելու մի նոր բան: Ինչ-որ մինչև այսօր իմ հայոց վանքերի նկարագրությունների մեջ կարդացել ես, այժմ պիտի կարդաս նույնը, այսինքն՝ «կղերի մոլի վարք, վանքի եկամուտների անիրավաբար վատնողություն և շնորհավաճառությունը վերջին աստիճանի հասած17...: »

Մի բանով միայն այդ վանքերն պահպանել են իրանց հին նահապետական բնավորությունը, այն է, որ նրանց դռներն բաց են անում աղքատների առջև, և ամեն վաստակած ճանապարհորդը կարող է գտանել նրանց մեջ հաց ու հանգիստ:

Դու գիտես, ընկեր, որ ես չեմ սիրում քաղվածքներ անել ուրիշի գրվածքից, բայց այս անգամ իմ նամակը մտադիր եմ վերջացնել Եզնիկի խոսքերով: Այս երևելի մտածողը ապրում էր 5-րդ դարու սկզբումը, Սահակի և Մեսրոպի դարումը, այն դարումը, որին մենք պարծենալով «ոսկի» ենք կոչում, այն դարումը, որի եկեղեցականներն մի գեղեցիկ բացառություն են կազմում մինչև այսօր եղած իրանց դասակարգի մեջ: Բայց լսի՜ր, ինչպե՞ս է պախարակում Եզնիկը այն երևելի եկեղեցականը՝ կուսակրոն աբեղայական կյանքը. «Անասունների միսը չեն ուտում, բայց իրանց եղբորը անկշտանալի կերպով կեղեքում են. գինի չեն խմում, բայց հոգին արյունով շաղախում են, ամուսնացածներին ատում են, բայց իրանք պիղծ խորհուրդներով միշտ պոռնկություն են գործում. վատ զգեստներ են հագնում, բայց ագահությունով այրվում են. այսպիսիներից արժանի է փախչել և նրանց հետ հաղորդակցություն չունենալ: » «Մեր բերանները հոտել են պաս պահելուց, շարունակում է նույն փիլիսոփա-աբեղան, և մեր լեզուներն բթացել են սաղմոսներ կարդալուց, բայց այն բանը, որը աստված պահանջում է, չունինք, այսինքն է՝ սեր և խոնարհություն. շրթունքներով միայն սիրում ենք աստծուն և իզուր ենք աշխատում...»:

Տասն և չորս դար անցել է այս խոսքերի վերա, բայց մեր աբեղաները ամենևին չեն փոխվել... տասն և չո՛րս դար... դա քիչ չէ...: Եվ ես այսօր Եզնիկի խոսքերից ավելի հատկանիշը չեմ կարող գտնել, մեր վանքային աբեղաների պատկերը նկարելու համար:

Կուսակրոն աբեղայությունը, այլ խոսքով, վանքային միաբանությունը մի՜շտ եղել է մեր ազգի կյանքում մի անպիտան հասարակություն: Եղիշեներն, Խորենացիներն, Մեսրոպներն չեն կարող սրբել նրանց նախատինքը. այդ խնկելի մարդիկ եղել են իրանց ժամանակի հալածակա՛ն զոհերը, հալածակա՛ն նույնիսկ ծույլ և տխմար եկեղեցականներից...18:

Կարդա՜, եղբայր, Խորենացու ողբը, կարդա՜ Ղազար Փարպեցու թուղթը, կարդա՜ Եզնիկի վերջին խոսքերը, և դու կհամոզվիս իմ ասածների մեջ: Մենք երբե՜ք չենք ունեցել ծաղկյալ եկեղեցականություն, մենք ունեցել ենք մի քանի պաշտելի եկեղեցական անհատներ միայն..:

"Ճանապարհորդություն Պարսկաստանում" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Հողուշող
Էլեն Յոլչյան

Հողուշող

Արևելյան մոտիվներ, 1886
Արևելյան մոտիվներ, 1886
Խաղա առցանց