Րաֆֆի

Մինն այսպես, մյուսն այնպես

2

Դ

Քաղաքի Երևանյան հրապարակի վրա կանգնած էր մի քառակուսի մեծ շենք, որ կոչվում էր քարվանասար։ Նրա չորս կողմի գլխավոր մուտքերի աջ և ահյակ կողմերում հսկում էին մի-մի զույգ արույրյա սև արձաններ, որ ներկայացնում էին թևավոր առյուծներ արծվի գլխով։ Թե ի՞նչ իմաստ ունեին այդ առասպելյալ գազանները, կամ ի՞նչ խորհրդով շենքի տերը դրել էր նրանց յուր քարվանսարայի մուտքերի մոտ, դժվար է բացատրել։ Միայն առյուծը յուր ահարկու ճիրաններով և արծիվր յուր բաց արած անհագ բերանով այնպիսի սպառնական տպավորություն էին գործում, կարծես, զգուշացնելիս լինեին հաճախորդներին, ասելով. «ապա մի ներս մտեք, կտեսնեք, թե ի՞նչպես մեր եղբայր-գիշակերները այնտեղ կկեղեքեն ձեզ»...

Դա առաջին շենքն էր ամբողջ Թիֆլիսում, որ պահպանելով հին, ասիական անունը` «քարվանսարա», իբրև թե եվրոպական առևտրական տան ձև ստացավ և յուր մեջ հավաքեց այն վաճառականներին, որոնք նույնպես, պահպանելով ասիական բարքն ու վարքը, միայն իրանց արխալուղն և գաբան եվրոպական սերթուկի փոխեցին։

Այդ քարվանսարայի սրտումն էր կառուցված Մելպոմնեի սրբազան տաճարը -Թիֆլիսի առաջին թատրոնը: Հայն ու վրացին, կովկասյան կոպիտ լեռնցին` առաջին անգամ այստեղ լսեցին իտալական օպերաներ, չհասկացան, բայց երկար խնդացին... Այստեղ թիֆլիսեցին տարիներով զվարճանում էր անհամեստ բալետներով, որը միմիայն հասկանալի էր նրան...

Մի տարօրինակ համակցություն` քարվանսարայի մեջ թատրոն։ Քարվանսարայի գրկում սեղմված էր գեղարվեստի և հանճարի թագուհին, իսկ նրա շուրջը թագավորում էր վաճառականության խաբեբա աստվածը -Հերմեսը։ Մրցությունը զգալի էր։ Վերջինը հաղթեց, և մի գիշեր կրակը լափեց ամբողջ թատրոնը։ Նրա տեղը բռնեցին դարձյալ խանութներ։

Սույն քարվանսարայումն էր գտնվում և Աղա-Պարոնովի մեծափարթամ խանութը։ Յուր խանութի վերաբերությամբ մնացել էր նա նույն հին մարդը, նույն գծուծ «բազազը», յուր վաղեմի ավանդություններով:

Օրը շաբաթ էր։ Օրիորդ Անիչկայի փառավոր տոնախմբության երկրորդ օրը։ Չնայելով, որ Աղա-Պարոնովի ամբողջ ընտանիքը` երեկվա շռայլ խրախճություններից հետո` բոլորովին հոգնած, թմրած և դեռ քնած էին, բայց Սերգեյ Եգորիչը, յուր մշտական սովորության համեմատ, առավոտյան շատ վաղ վեր կացավ և, չկամենալով ծառաներին անգամ անհանգստացնել, ինքը լվացվեցավ, հագնվեցավ և, առանց թեյ խմելու, տանից դուրս եկավ։

Նոր ծագած պայծառ արեգակը խոստանում էր ջերմ օր։ Փողոցները բոլորովին սառած էին, միայն սալահատակների վրա կարելի էր առանց սայթաքելու քայլել: Դուրս գալով տնից, Սերգեյ Եգորիչը, յուր քրքրված մուշտակի մեջ կոլոլված և կանաչագույն (մի ժամանակ սև գույն ուներ) ջարդված ցիլինդրը ականջների վրա քաշած, սկսեց դիմել դեպի Գալավինսկի պրոսպեկտը։ Նա ուղղակի յուր խանութը չգնաց, որովհետև քարվանսարան այդ ժամանակ բացված չէր լինի։ Այլ յուր ամենօրյա սովորության համեմատ, մտածեց` փոքր-ինչ շրջագայել, մինչև քարվանսարան բաց կանեին։ Նա գնում էր և, միևնույն միջոցին, խուզարկուի աչքերով գիտում էր, թե ո՞վ արդյոք խանութը բաց էր արել, և ո՞վ դեռ տանը քնած էր։ Առաջիններին գովում էր, վերջիններին յուր սրտում հայհոյում էր։ Նա գնում էր և, միևնույն միջոցին, բոլորից ողջույններ էր ստանում, և բոլորին ամենայն խոնարհությամբ ողջունում էր: Այդ մասին Սերգեյ Եգորիչը բավականին համեստ էր։

Այսպես անցավ նա ամբողջ Գալավինսկի պրոսպեկտը և կրկին վերադարձավ։ Քամոյենց եկեղեցու մոտ հասնելու միջոցին` ներս մտավ, եկեղեցու դուռը համբուրեց, երեսը մի քանի անգամ խաչակնքեց և լռությամբ մի ինչ-որ աղոթք կարդաց։ Ցրտի պատճառով եկեղեցում ոչ ոք չկար։ Լսելի էր լինում միայն քահանայի և յուր միակ տիրացուի ձայնը։ Իսկ կարճահասակ մղդսին` կծկվել էր մի անկյունում և բուրվառի համար պատրաստած ածուխների վրա տաքացնում էր սառած մատները։ Սերգեյ Եգորիչը այսօր եկեղեցում մնաց մի քանի րոպե միայն և իսկույն դուրս եկավ։ Բայց կիրակի և տոն օրերում, առանց պատարագ տեսնելու, նա հաց չէր ուտի։

Մտնելով քարվանսարան, նա յուր աշակերտների և գործակատարների ստվար խումբը յուր խանութի դռանը պատրաստ գտավ։ Մոտեցավ, ուշադրությամբ նայեց մոմով կնքած ահագին կողպեքին, յուր ձեռքով լուծեց կնիքը և, ապա գրպանից հանելով բանալին, տվեց գլխավոր գործակատարին, որ դուռը բաց անե: Երբ յուր տաճարի դռները բացվեցան նրա առջև, նա դարձյալ երեսը մի քանի անգամ խաչակնքեց, մի ինչ-որ աղոթք կարդաց և ներս մտավ։

Այդ միջոցին սկսվեցավ գործակատարների և աշկերտների ժրաջան գործունեությունը։ Մեկը հատակը սրսկում էր ջրով, մի ուրիշը ավելում էր, մյուսները տեղափոխում էին վաճառքները։ Իսկ Սերգեյ Եգորիչը, մեջտեղում կանգնած փոշու ամպերի մեջ, յուր ջերմեռանդ աղոթքից հետո, նույն ջերմեռանդությամբ հայհոյում էր, երբ որևէ անուշադրություն էր նկատում։

Վաճառքների խորհրդավոր տեղափոխությունը կատարվում էր համարյա ամեն առավոտ։ Այդ մասին Սերգեյ Եգորիչը նույն նախապաշարմունքն ուներ, ինչ նախապաշարմունք որ ուներ յուր խանութի շեմքի վրա մեխած պայտի մասին։ Վերջինը սրել էր նա, որ հաճախորդներ շատ լինի։ Իսկ վաճառքները տեղափոխում էր, որ շուտ ծախվեն։ Նրա կարծիքով, եթե անշարժության մեջ մնային, երբեք չէին ծախվի։ Նրա սնահավատությունը` մի այլ կողմից` յուր նպատակահարմար նշանակությունն ուներ. վաճառքները, անդադար տեղափոխվելով, գոնե կազատվեին ցեցից, փոշուց և փտությունից։

Երբ ամեն ինչ կարգի դրվեցավ, Սերգեյ Եգորիչը գնաց նստեց դազգահի (ստոյկա) ետևում, իրանից անբաժան երկաթյա դրամարկղի մոտ, որպես մի քուրմ յուր ամբիոնի վրա։ Այդ միջոցին աշկերտներից մեկը վազեց մերձակա դուքանը, որտեղ սովորաբար հավաքվում էին կառապաններն ու թուլուղչիները, և այնտեղից երկու թեյամաններ միմյանց վրա դրած, և մեկը թեյով լցրած, իսկ մյուսը` տաք ջրով, բերեց և մի կտոր շաքարի հետ դրեց դազգահի վրա, յուր պարոնի մոտ։ Նրա հայտնի բաժակը տարիներ ի վեր խանութում միշտ պահվում էր։ Յուր ձեռքով ածեց թեյը, որը պարզ ջրից զանազանվում էր միայն իր բաց-դեղին գույնով և, շաքարի փոքրիկ պատառը ատամներին քսելով, սկսեց մի առանձին ախորժակով խմել։ Տանը աոավոտյան թեյ խմելու սովորություն չուներ նա, որովհետև այնքան վաղ էր վեր կենում, որ ոչ մի ծառա հանձն չէր առնի զրկել իրան քնից և նրա համար թեյ պատրաստել. բացի դրանից, խանութի թեյը, ըստ վաղեմի սովորության, նրան ավելի ախորժելի էր։

Նրա թեյ խմելու միջոցին, թե՛ գործակատարները և թե աշկերտները, յուրաքանչյուրը յուր հատուկ տեղը բռնած ուներ։ Աշկերտները, որսորդական փոքրիկ շների նման, խանութի դռանը կանգնած, հանգստություն չէին տալիս անցորդներին։ «Այստեղ համեցե՜ք, պարոն, այստեղ համեցե՜ք, տիկին», աղաղակում էին և, ոմանց թևքիցը բռնելով, զոռով ներս էին տանում ու նետում էին գործակատարների ճանկը։ Վերջինները, երդվելով և վաճառքների գերազանցությունը իրանց հատուկ լեզվով գովաբանելով, առաջ էին տանում իրանց գործը։

Օրը շաբաթ լինելով, «ղըստի» օր էր։ Երկու դասակարգ սովորություն ունեին շաբաթ օրը իրանց ապառիկները հավաքելու վաճառականները և մուրացկանները։ Վերջինները խմբերով անցնում էին խանութների առջևից, և խղճալի ձայներով ողորմություն էին խնդրում։ Սերգեյ Եգորիչը գթասիրտ մարդ էր։ Նա ըստ յուր հին սովորության, մի ռուբլի (և ոչ ավելի) կանխապես մանրել էր ավել և հարյուր հատ կոպեկանոցներ դարձնելով, դիզել էր յուր մոտ, դազգահի վրա։ Եվ ամեն անգամ, մի աղքատ անցնելիս, նա իր ձեռքով վեր էր առնում մի հատ կոպեկ, տալիս էր աշկերտին, որ հասցնե ըստ պատկանելույն։ Այսպես, յուրաքանչյուր շաբաթ, հարյուր կոպեկներով թեթևացնում էր նա հարյուր թշվառների կարիքները։

Բայց պետք էր մտածել և յուր կարիքների մասին. «ղըստի» օր էր. ապառիկներ հավաքելու օր էր։

Նա նստած էր դրամարկղի մոտ և, յուր ամբողջ հոգով խորասուզվելով դավթարների մեջ, ուշադրությամբ նայում էր, թե ո՛վ ո՛րքան էր պարտական, և ումից ո՛րքան պետք էր ստանալ։ (Նա հաշվապահի չէր հավատում, բոլոր հաշիվները ինքն էր պահում)։ Նրա քրքրված, յուղոտված ջհուդի դավթարների մեջ, բացի Սերգեյ Եգորիչից, եթե ինքը` ամենագետ սատանան, ևս ընկնելու լիներ, անպատճառ գլուխը կկոտրեր։ Ոչինչ կարգ, ոչինչ կանոն չկար, բացի հաշիվների խառնափնթորությունից։ (Խոսքը մեր մեջ մնա, նոր ձևով հաշվապահությունը բոլորովին անտանելի էր նրա համար։ «Եթե հարկավոր լինի մի բան փոխեք, մի բան դրստել, կամ մի թուղթ դուրս գջլել, այն ժամանակ ի՞նչ կանես», -մտածում էր նա։ Նրա դավթարները մինչև անգամ երեսների թվահամարներ չունեին)։ Գրում էր նա վրաց խոշոր տառերով և վրաց լեզվով։ Բայց երբեք վրաց լեզվով փող չէր համբարում, մտածելով, որ «բարաքաթ» չի ունենա, որովհետև վրացիք վատնող էին։ Համբարում էր միայն հայերեն և միշտ 13 թվին հասնելու ժամանակ երեսին խաչականքում էր, որ չարը խափանվի։ Գրելու ժամանակ զմելինն ավելի շատ գործ էր կատարում, քան թե փետուրյա գրիչը, որի գործածության սովորությունը դեռ պահպանել էր նա։ Այդ էր պատճառը, որ նրա դավթարներում թերթ չկար, որ անդադար քերելուց մի քանի տեղ ծակված չլիներ։

Սերգեյ Եգորիչը ա՛յն խոշոր դրամատերերից մեկն էր, որ կարող էր, եթե ցանկանար, դուրս գալ յուր ողորմելի խանութից, և ավելի կանոնավոր ու ընդարձակ առևտրական ձեռնարկությունների մեջ մտնել։ Բայց դրա համար պակասում էին նրան նույն ձեռնարկությունների պահանջած ընդարձակ հմտությունները։ Բացի դրանից, նա կաշկանդված էր այն հին նախապաշարմունքով, թե ինչ գնով որ հացի տեր ես դարձել, նույնը պետք է շարունակես»։ Նրան դժվար էր բաժանվել յուր արշինից ինչպես դժվար էր բաժանվել փետուրյա գրչից թեև ամբողջ լուսավոր աշխարհը երկաթյա գրչով էր գրում։

Արտասահմանի հետ գործ չուներ նա և մանավանդ սաստիկ բարկանում էր, որ նրանք ռուսաց ռուբլին անխնա կերպով մկրատում են։ Յուր վաճառքները ստանում էր Մոսկվայից և Ռուսաստանի այլևայլ քաղաքներից, թեև միշտ հավատացնում էր, որ «զագրանիցի» ապրանք է։ Վաճառում էր ըստ մեծի մասին բրդեղեն և մետաքսյա գործվածքներ։ Բանկային հիմնարկություններին չէր համակրում։ «Դրանք դուրս գալուց հետո, ասում էր նա, հայ-քրիստոնյայի գործը խարաբ էլավ, քանի որ դրանք չկային, մենք փողը ավելի մեծ տոկոսներով շահով էինք տալիս»։ Բայց Սերգեյ Եգորիչի տրտունջը բոլորովին անտեղի էր, գոնե իր վերաբերությամբ, որովհետև նա երդվել էր թե «ձեռքս կկտրեմ, բայց թումանը ամիսը երկու աբասուց պակաս չեմ տա» (40 տոկոսով)։ Երբեմն միայն փոքր-ինչ զիջումներ էր անում, երբ անշարժ կալվածքներ գրավ դնելով, նրանից փող էին առնում։

Առավոտից մինչև երեկո անբաժան էր խանութից։ Մի շատ կարևոր գործ միայն կարող էր նրան դուրս կոչել իր դրամարկղի մոտից։ Ամեն ինչ յուր ձեռքով էր կատարվում, ամեն ինչ յուր հսկողության ներքո էր, թեև ոչ մի խանութում այնքան գողություններ չէին լինում, որքան նրա խանութում։

Ճաշին տուն չէր գնում, այլ աշկերտներից մեկը տնից «բաժին» էր բերում: Նրանից ավելացածը ուտում էին աշկերտները, թեև ոչինչ չէր ավելանում։ Տնից բերված ճաշը պետք է անպատճառ պարզ լիներ և սակավ։ Հաց ու պանիր, երբեմն փոքր-ինչ ձկնեղեն, մի տեսակ ջրալի կերակուր, փոքր ինչ կանաչեղեն, -այդքանը միայն: Գինու գործածության մեջ ավելի շռայլ էր. պետք է անպատճառ կես շիշ լիներ, այն ևս կարմիր։ Խանութում «կատլետ», «ժարկո» և ուրիշ այս տեսակ եվրոպական կերակուրների գործածությունը անվայել էր համարում, որպես անվայել էր համարում «չանգալ-դանակով» ուտելը։ Այստեղ ուտում էր մատներով, իսկ տանը արծաթյա «չանգալ-դանակով»։

Իսկապես, Սերգեյ Եգորիչը սակավապետ մարդ էր։ Նա յուր տանը սեղանի վրա` «կատլետը» և զանազան կերպով պատրաստված նուրբ «սուպերը» ուտում էր ոչ իբրև բնական պետք, այլ որպես սովորության ստիպողական պահանջ։ Բարձր շրջաններին նմանվելու համար` պետք էր այնպես ուտել, նա էլ այնպես էր ուտում, ինչպես բարձր շրջաններին նմանվելու համար պետք էր «ցիլինդր» կրել կամ օսլայած շապիկ հագնել, նա էլ հագնում էր։ Թե՛ առաջինը, թե երկրորդը կատարում էր բոլորովին դժկամությամբ։ Բայց մի մեղքից միշտ իրան ազատ պահեց, այն էր, որ երբեք ձեռնոցներ չկրեց և ֆրակ չհագավ։ Հովանի գործ էր ածում միայն անձրևային օրերում, ձյունից և արեգակից չէր վախենում։

Իբրև գնահատիչ Սերգեյ Եգորիչի հատկությունների, ավելորդ չէր լինի հիշել մի դեպք, Թիֆլիսի ամառանոցներից մեկում կառուցանում էին նրա համար մի նոր շենք։ (Նա զանազան ամառանոցներում տներ ուներ, որ վարձով էր տալիս։) Գնացել էր նոր շենքը տեսնելու։ Գործավորները մի ոչխար էին մորթել և «խաշլամա» էին արել։ Նա նստեց բանվորների հետ կերավ յուր վաղուց չտեսած կերակուրը, իսկ ճաշը վերջանալուց հետո ասաց բանվորներին. -«քանի՜ տարի էր, որ այսպես իշտահով հաց չէի կերել»։

Յուր խանութում ճաշելուց հետո` սովորություն ուներ փոքր-ինչ հանգստանալու։ Ետևում, մի բոլորովին մթին խորշում կար դատարկ տեղ, ուր ածած էին խանութի ավելները, նավթի ամանը, ձեռքի լամպաները, սեղանի պարագայք և զանազան կոտրատված իրեղեններ, որ դժվար էր հասկանալ, թե ի՞նչ բանի պետք էին։ Այդ փոշու և սարդի ոստայնի տակ ծածկված խառնափնթորության մեջ դրված էր մի հասարակ սեղան անգույն փայտից, իսկ նրա մոտ՝ մի տախտակ, որ երկար նստարանի ձև ուներ։ Սերգեյ Եգորիչի տանից ստացված ճաշը դրած էր` առանց սփռոցի, մերկ սեղանի վրա։ Բոլորովին հոգնած յուր շաբաթ օրվա պարապմունքներից, և մանավանդ շատ խոսելուց և շատ երդվելուց, ներս մտավ նա, բազմեցավ սեղանի մոտ, նստարանի վրա։ Չնայելով որ ցերեկ էր, բայց այդ խորշում սաստիկ մութն էր։ Աշկերտներից մեկը վառեց լամպը, դրեց նրա մոտ և ինքը հեռացավ։ Նա սկսեց ուտել։ Ուտում էր և, միևնույն ժամանակ, գրպանի թաշկինակով երբեմն բերանն էր սրբում, երբեմն քիթը և երբեմն աչքերը։ Սխալմամբ ձկան հետ այնքան մանանեխ խառնեց, որ սաստիկ կծու դարձավ, բայց դարձյալ ուտում էր և աչքերի արտասուքը սրբում էր։ Ուտում էր, որովհետև փող էր տված։

Երբ ճաշը վերջացավ, աշկերտը դարձյալ ներս մտավ, հավաքեց լիզած դանակները և մի կողմ դրեց, ձեռքով սրբելով սեղանի երեսը և ոսկորները թափելով հատակի վրա, որ հետո ավելե։ Այնուհետև սկսեց հարդարել յուր պարոնի անկողինը։ Նույն տախտակի վրա, ուր նստում էր նա, տարածեց մի թոփ մահուդ, մի թոփ էլ բարձի փոխարեն դրեց գլխի տակին, և Սերգեյ Եգորիչը ձգվեցավ։ Հետո խանութում վաճառվող բրդեղեն գործվածքներից մեկը իբրև վերմակ քաշեց նրա վրա և, լամպան հանգցնելով, դուրս գնաց։ Սերգեյ Եգորիչը, որպես մի դատապարտյալ, սկսեց խռմփալ յուր խոնավ ու մթին նկուղի մեջ։ Իսկ տանը, ի ցույց մարդկանց, դրված էին կարմիր ատլասով պատած դիվաններ և փափուկ մահճակալներ, մետաքսյա շքեղ վերմակներով...

Շաբաթ օրվա զբաղմունքները թույլ չտվին նրան երկար հանգստանալ։ Աչքերը կարմրած, գլուխը բաց, կոճակները արձակ, միայն ներքին հագուստով, դուրս եկավ յուր որջից, և բազմության առջև, պպզեց խանութի դռան մոտ, սալահատակի վրա։ Այդ միջոցին աշկերտներից մեկը սկսեց ջուր ածել նրա ձեռքերի վրա լվացվելու։ (Ջուր ածելու ամանը անպատճառ պետք է խեցեղեն լիներ «խելադա», նրանով համ երեսն էր լվանում, համ ծարաված ժամանակ ջուր էր խմում։)

Լվացվելուց հետո հագնվեցավ, դարձյալ նստեց դազգահի ետևում, դրամարկղի մոտ, որ նրա սրբություն սրբությանցն էր ներկայացնում։ Եվ իրավ, Սերգեյ Եգորիչը, իբրև հին վաճառական, դեռ պահպանել էր վաղեմի սովորությունը՝ կրոնական արարողությունը խառնել խաբեության գործի հետ և յուր խանութին մի սրբարանի ձև տալ։ Շաբաթ օրվա պատճառով, երեկոյան նրա խանութը ծխում էր խունկի և կնտրուկի հոտով։ Մի անկյունում քաշ արած աստվածածնի պատկերը, որի փոքրիկ երեսը հազիվ երևում էր ոսկեզօծ-շրջանակի միջից, լուսավորված էր մի զույգ ճերմակ մոմով։

Գիշերը՝ նրա խանութը միակն էր, որ բոլորից ուշ փակվեցավ։ Սերգեյ Եգորիչը յուր ձեռքով կողպեց, կնքեց, բանալին դրեց գրպանը և այնտեղից ուղիղ գնաց կլուբը։

Ե

Աղա-Պարոնովի ընդարձակ խանութին կից էր մի փոքրիկ կրպակ, որ յուր վրա էր դարձրել ամբողջ քարվանսարայի ուշադրությունը։ Մինչդեռ բոլոր խանութներում կպցրած էին զանազան իմաստներով հայտագրեր «Без Запроса», «Без торгу», «B кредит некому», հիսուն կոպեկ արժեք ունեցող առարկան մի ռուբլի գնահատելու, վերջը, երկար բազար անելուց հետո, պակասացնում էին, ընդհակառակն, հիշյալ կրպակը, ներկայացնում էր մի տարօրինակ երևույթ։ Առաջին անգամ, երբ բացվեցավ նա, նրա ճակատին խոշոր սև տառերով կարդացվեցավ մի այսպիսի հայտագիր. «Без обмана» (առանց խաբեության)։ Մինչև այնօր օրինակը չտեսնված հայտագրի բովանդակությունը գրգռեց մյուս վաճառականների, մանավանդ Աղա-Պարոնովի, բարկությունը, իսկ հաճախորդների՝ հետաքրքրությունը։ Ամեն ոք ցանկանում էր այնտեղ մտնել, գոնե փորձելու համար, արդյոք կարո՞ղ է լինել մի վաճառական, որ չխաբեր։ Դա, իհարկե, մի ծաղր էր կրպակատիրոջ կողմից. և նա շուտով վեր առեց յուր չարագուշակ հայտագիրը։

Նրան կոչում էին Ռուբեն Արուսյան, մի նրբակազմ երիտասարդ, թեթև սև մորուքով և նույնպես սև, գանգուր մազերով։ Բոլորովին նիհար և գունաթափ դեմքր յուր խոշոր, մելամաղձոտ աչքերով մի առանձին մշտահոգ արտահայտություն էին տալիս նրա թափանցող հայացքին։ Յուր խանութում ավելի ուրիշ գործերով էր զբաղված նա, քան թե առևտրով։ Խանութը փոքր էր, և վաճառքների քանակությունը սակավ, միայն բազմատեսակ։ Առևտուրը անում էին երկու գործակատարները։ Մինչդեռ մյուս վաճառականների աշկերտները, խանութների դռանը կանգնած, անցորդներին հանգստություն չէին տալիս և ուժով ներս էին քաշում, այստեղ, ընդհակառակն, ամեն ոք յուր տեղում նստած, այն ժամանակ միայն վեր էին կենում, երբ գնողը ներս էր մտնում։ Երդում կամ գովասանքներ չկային։ երբեմն մեծ դժվարությամբ արտասանվում էին այդ խոսքերը միայն, «եթե տանեք, պարոն, գոհ կմնաք»։

Պարոն Արուսյանը բնիկ թիֆլիսեցի չէր։ Բոլորովին աղքատ ծնողների զավակ, պատանեկության հասակում եկավ նա գավառական մի փոքրիկ քաղաքից որևէ պարապմունք գտնելու։ Յուր ծանոթներից մեկի միջնորդությամբ մտավ մի եվրոպացի վաճառականի մոտ, ուր սովորեց ֆրանսերեն և բավական վարժվեցավ առևտրական ձեռնարկությունների մեջ։ Հետո նույն վաճառականի գործերով քանիցս անգամ ուղևորվեցավ դեպի արտասահման, տեսավ Փարիզը, Մարսելը, եղավ Լոնդոնում, Մանչեստրում և ծանոթացավ զանազան եվրոպական առևտրական քաղաքների հետ։

Նա ոչ մի դպրոցում կանոնավոր ուսում չէր ստացել։ Բայց ինքնակրթությամբ այն աստիճան զարգացած էր, որ մի քանի լեզուներով ոչ միայն վարժ խոսում էր, այլև գրում էր ու կարդում էր։ Ֆրանսիացու գործերի մեջ մի չափավոր դրամագլուխ ձեռք բերելով, սկսեց յուր համար անկախ վաճառականություն անել։

Նրա փոքրիկ խանութը կից էր Աղա-Պարոնովի բազմահարուստ խանութին, որ բաղկացած էր մի քանի բաժանմունքներից, և յուրաքանչյուրը լի էր զանազան տեսակ վաճառքներով։ Շատ հասկանալի է, որ պարոն Արուսյանը յուր նվազ միջոցներով չէր կարող զգալի մրցություն անել Աղա-Պարոնովի հետ, բայց, այնուամենայնիվ, երիտասարդ վաճառականի դրացիությունը բոլորովին անտանելի էր դարձել մեր Կրեսոսին։ նա մի քանի անգամ ակնարկել էր քարվանսարայի տիրոջը, որ, կամ միանգամայն արտաքսե նրան, կամ հեռացնե, և յուր շենքի մի այլ կողմում խանութ տա։ Բայց շենքի տերը միշտ միևնույն զգուշավոր պատասխանն էր տալիս, թե «չարժե նրա հետ ընկնել, կլյաուզնի մարդ է, կգնա կազեթներում, ով գիտե, ի՛նչ կգրե»... Կազեթից երկուսն էլ վախենում էին։

Պարոն Արուսյանը, իրավ է, ծանոթ էր հայոց թերթերի խմբագիրների հետ և երբեմն վաճառականների կյանքից հոդվածներ կամ փոքրիկ պատկերներ էր տալիս, բայց նա ամենևին «կլյաուզնի» մարդ չէր, այլ ընդհակառակն, շատ ազնիվ երիտասարդ էր։ Բայց ի՞նչ արած, որ Աղա-Պարոնովի աչքի փուշն էր դարձել։ Նրա դրացությունը վնասակար էր համարում Աղա-Պարոնովը մի քանի պատճառներով. նախ` մտածում էր, որ յուր աշկերտներն ու գործակատարները լրբանում են, երես են առնում, երբ տեսնում են, որ նա յուր գործակատարների հետ խիստ քաղաքավարի կերպով է վարվում, իսկ ինքը չէ կարողանում ոչ ծեծել և ոչ հայհոյել իրաններին։ Բացի դրանից, նրա խանութի կարգերը, սովորություններն անգամ, բարկացնում էին նրան, որովհետև Աղա-Պարոնովի կարծիքով, «դուզ խոսքի ոտը կոտրած է լինում, շատ առաջ չէ գնում», իսկ առանց ստախոսության, առանց երդման, անկարելի է առևտուր անել։

Մի քանի անգամ, սաստիկ զայրանալով և գլխին տալով խլեց նա «Մշակ» թերթը յուր աշկերտներից մեկի ձեռքից, որ պարոն Արուսյանի խանութից բերելով, սկսել էր կարդալ։ Ամբողջ քարվանսարան ոչ մի լեզվով լրագիր չէր կարդում։ Մի քանի հոգի ստանում էին մի ռուսաց թերթ, միայն հայտարարությունները կարդալու համար։

Նա մտքին դրեց վնասել այս Արուսյանին և մինչև անգամ բոլորովին ոչնչացնել նրան։ Յուր նպատակին հասնելու համար ձեռք առեց կեղծ բարեկամությունը։ Դա Աղա֊Պարոնովի ամենավտանգավոր զենքերից մեկն էր։ «Ումը կամենում ես վնասել, նախ հետը բարեկամացիր» նրա համար կանոն էր դառել։ Թեև պարոն Արուսյանը ամենևին չէր հավատում նրա բարեկամությանը, բայց, ի պատիվ դրացիության, արհամարհանք ևս չէր ցույց տալիս, միայն երբ Աղա–Պարոնովը զանազան շողոքորթություններով դիմում էր նրան, երիտասարդի գունաթափ շրթունքների վրա միշտ պատրաստ էր մի հեգնական ժպիտ, որ սաստիկ խոցոտում էր նրան։

Աղա֊Պարոնովը հայտնի ուժ էր ամբողջ քարվանսարայում: Վաճառականներից մեծ մասը նրա փողովն էին առևտուր անում, այդ պատճառով, միշտ զայրանում էր, թե ինչո՞ւ պարոն Արուսյանը չէ դիմում նրան, որ գոնե պարտքերի միջոցով ստրկացնե նրան։ Իսկ պարոն Արուսյանը թեև խիստ սահմանափակ կարողության տեր էր, բայց թե՝ Մոսկվայում և թե արտասահմանում բավական վարկ ուներ, բացի դրանից, նա յուր գործերը այնքան կանոնավոր կերպով էր տանում, որ երբեք Աղա-Պարոնովի կորստաբեր սնդուկին դիմելու կարոտություն չուներ։

Չնայելով այդ բոլորին, հասարակաց կարծիքը Աղա֊Պարոնովի մասին շատ նպաստավոր էր։ Նրան համարում էին ոչ միայն ճշմարիտ մարդ, այլ մինչև անգամ առաքինի մարդ։ Նա գիտեր գրավել, գիտեր հաճոյանալ։ Ամեն տարի, Մեծ Զատկի տոնին, սովորություն ուներ մի քանի հարյուր ռուբլի ընծայել այս կամ այն համքարին, որ գնան Օրթա-Ճալա, մատաղ կտրեն ու իրանց համար քեֆ անեն։ Երբեմն արհեստավորների աղքատ կամ որբ աղջիկները յուր փողով մարդու էր տալիս։ Վաղուց խոստացել էր և շատ անգամ կրկնում էր, թե քաղաքի այնինչ թաղում, որ զուրկ էր եկեղեցուց, պետք է յուր փողով եկեղեցի կառուցանե։ Բարեգործական դեպքերում բավական առատաձեռն էր։ Երբ ներկայացնում էին նրան որևէ հանգանակության թերթ, միշտ պատրաստ էր մի քանի հարյուր ռուբլի ստորագրել, երբ մանավանդ գիտեր, որ լրագրներում պետք է հրատարակվի։ Այդ պատճառով, երախտագետ համքարները և մանր խանութպանները պաշտում էին նրան և իրանց բարերարի լավությունները փոխարինելու համար՝ քաղաքային խորհրդի իրավասուներ ընտրելու ժամանակ՝ իրանց բոլոր քվեները նրան էին նվիրում, և Աղա-Պարոնովը ամեն անգամ ընտրվում էր մի քանի հարյուր սպիտակ քվեով։

Նա միշտ մտնում էր քաղաքային վարչության խորհրդի մեջ իրավասու ձայնավոր, բայց ուժեղ ձայնավոր։ Թեև խոսելու շնորհք չուներ, ճառեր չէր կարդում, բայց երբ պետք էր այս կամ այն հարցի մասին ի նպաստ կամ աննպաստ ձայն տալ, նրա հետ աթոռներից բարձրանում էին ուրիշ շատ իրավասուներ, որ նրան էին սպասում, և իսկույն ձայնակից էին լինում։ Դրանք այն վաճառականներն էին, որոնց համար միշտ բաց էր Աղա-Պարոնովի սնդուկը, երբ փողի կարոտություն ունեին։

Ամեն տեղ ընտրվում էր նա։ Մի քանի որբերի (բայց անպատճառ մեծ ժառանգություն ստացած որբերի) խնամատար էր։ Մի քանի հարուստ կտակների կտակակատար էր։ Չէր մերժում, երբ զանազան առևտրական ծանր վեճերի մեջ միջնորդ-դատավոր էին ընտրում իրան։ Մնում էր, որ Ներսիսյան դպրոցի հոգաբարձու ընտրվեր, կամ մի որևէ եկեղեցու գանձապետ-երեսփոխան և կամ Թիֆլիսի բարեգործական ընկերության խորհրդի անդամ, որ յուր փառքի զենիթին հասած լիներ։ Դա շատ հեշտ էր, եթե ցանկանար միայն, բայց նա իրան միշտ հեռու էր պահում ազգային գործերից։

Թատրոն չէր սիրում, երաժշտություն կամ նվագահանդեսներ ատում էր, իսկ կլուբ հաճախում էր համարյա ամեն գիշեր։ Երբ հայտնվում էր կլուբում ո՞վ ասեք, որ այնտեղից չէր բարձրանում և, մոտենալով, չէր սեղմում նրա ձեռքը, այն ձեռքը, որ հարյուրավորների տունն էր քանդել, որ հարյուրավոր ընտանիքներ թշվառացրել էր։ Այնտեղ փայլում էր նա յուր ոսկու բոլոր պայծառությամբ։ Ամեն ոք իրան երջանիկ էր համարում, երբ Աղա-Պարոնովը մերձենում էր նրա սեղանին, ամենուրեք պատրաստ էին նրա համար հաճոյական քաղցր խոսքեր։ Բայց նա այդ մասին բավական համեստ էր, իսկույն կքաշվեր մի անկյունում և յուր նմանների հետ հերթը մի կոպեկով նարդի կխաղար։

Կլուբից վերադառնում էր տուն այնքան ուշ, որ ամբողջ ընտանիքը քնած էր լինում, իսկ առավոտյան տնից դուրս էր դալիս և խանութը դնում այնքան վաղ, որ նրանց դարձյալ քնած էր թողնում։ Այդ էր պատճառը, որ նա յուր կնոջ և զավակների հետ խիստ հազիվ անգամ էր հանդիպում, և խիստ վատ հետևանքներ ուներ նրա ընտանեկան կյանքի վրա։ Արևը վաղուց արդեն մտել էր։ Մի քանի լապտերներ միայն մնացել էին վառ, նրանք ևս մարեցան, և երեկոյան ծանր խավարը տիրեց վաճառականների մթին աշխարհը։ Այդ միջոցին երկու դրացիները կողպեցին իրանց խանութները և միասին դուրս եկան քարվանսարայից։

Գնանք մի փոքր ման գանք, աոաջարկեց Աղա-Պարոնովը։ Զով գիշեր է։

Քարվանսարայի Կրեսոսի ուշադրությունը զարմացրեց պարոն Արուսյանին, որովհետև նա սովորություն չուներ փողոցներում իրանից ստորին անձանց հետ զբոսնելու և մանավանդ պարոն Արուսյանի հետ, որին սաստիկ ատում էր։

Ներեցեք, հարգելի Սերգեյ Եգորիչ, ասաց երիտասարդը, մեծ ուրախությամբ կգայի, բայց տանը փոքր-ինչ գործ ունեմ։

Օրհնած, միշտ գո՛րծ, միշտ գո՛րծ, պետք է երբեմն էլ հանգստության համար մտածել։

Բայց այնպիսի գործ է, որ հետաձգել չեմ կարող։

Դարձյալ «էն բաներեմեն կուլի».․., նկատեց Աղա-Պարոնովը ծիծաղելով։

Կամ «էն բաներեմեն», կամ մի ուրիշ բան, հարգելի Սերգեյ Եգորիչ, պատասխանեց պարոն Արուսյանը, նույնպես ծիծաղելով։ Ով ինչ որ սիրում է, նրան այն է դուր գալիս, թեև շատ հասարակ բան լիներ։

Նրանք սեղմեցին միմյանց ձեռքը և բաժանվեցան։ Պարոն Արուսյանր դիմեց դեպի յուր բնակարանը, իսկ Աղա-Պարոնովը յուր ծանր քայլերն ուղղեց դեպի Գալավինսկի պրոսպեկտը ծանոթներին հանդիպելու և նոր «խաբարներ» լսելու։ Նրա համար տուն չկար, ընտանիք չկար։ Խանութից տուն վերադառնում էր նա այն դեպքերում միայն, երբ հյուրեր ուներ, և հարկադրիչ պահանջը ստիպում էր նրան տանը գտնվել։

Բայց նրա նկատողությունը՝ պարոն Արուսյանի այնպես շտապով տուն գնալու մասին առանց խորհրդի չէր։ Նա գիտեր, որ գիշերները զանազան երիտասարդներ հավաքվում են պարոն Արուսյանի մոտ, ժամանակ են անցկացնում և զանազան բաների վրա խոսում են, իսկ թե ի՞նչ բաների վրա, թեև այդ մասին ճիշտ տեղեկություն չուներ, բայց, այնուամենայնիվ, նրան ոչ միայն զարմացնում էր, այլ խիստ ծիծաղելի էր թվում, որ մարդիկ նստում են, իզուր խոսում են այնպիսի հարցերի մասին, որոնցից' նյութապես առանձին շահ չունին։ Պարոն Արուսյանը սեփական տուն չուներ. երկու սենյակ միայն վարձել էր նույն փողոցի վրա, ուր գտնվում էր Աղա-Պարոնովի եռահարկ տունը։ Խանութով դրացի լինելով, յուր բնակարանով ևս շատ հեռու չէր նրանից։

Վերադառնալով յուր կացարանը, լամպան վառ գտավ, սեղանի վրա դրած էր մարած սամովարը, իսկ նրա մոտ՝ դատարկ թեյամանը մի քանի հոգնած բաժակների հետ, որոնք այնպիսի տխուր տպավորություն էին գործում, որ, կարծես, հենց նոր էին ազատվել խմողների ագահ շրթունքներից։ Բաժակների մոտ ածած էին պանրի, հացի, երշիկի կտորտանքներ, որ լրացնում էին թեյի սեղանի անկարգությունը։

Փոքրիկ սենյակը սաստիկ ծխված էր. լամպայի աղոտ լույսը հազիվ թափանցում էր տիրող մառախուղի մեջ։ Երիտասարդը զարմանալով աչք ածեց յուր շուրջը և ապա մոտեցավ լուսամուտին, բաց արեց, որ խեղդող օդը փոխվի։

Առավոտյան, խանութը գալու միջոցին, պատվիրել էր ծառային, որ երեկոյան սամովարը շուտ դնե, փոքր-ինչ ընթրիք պատրաստե, որովհետև գիշերը հյուրեր պիտի ունենա։ Բայց մի՞թե նրանը եկել էին և, իրան չսպասելով, դարձյալ գնացել էին։

նա ձեռքը տարավ դեպի զանգակի պարանը, մի քանի անգամ ձիգ տվեց։ Խոհանոցից, աչքերը տրորելով և հորանջելով, հայտնվեցավ քնաթաթախ սպասավորր, որ, միևնույն ժամանակ, խոհարարի պաշտոն էր սատարում։ Երիտասարդը նայեց նրա երեսին և ծիծաղելով հարցրեց.

Դարձյալ քնա՞ծ էիր, Հայրապետ։

Ապա ի՞նչ անեի, պատասխանեց նա Խռպոտ ձայնով։ նստեցի. այնքան նստեցի, մենչև քունս տարավ։

Այստեղ մարդիկ եղել են։

Հայրապետի քնեած աչքերը սկսեցին զարմացմամբ խուզարկել ծխված սենյակի շուրջը։

Եղել են, պատասխանեց նա անփույթ կերպով։ Եկան, նստեցին, հրհռացին, բայց հիմա չկան։

Տեսնում եմ որ չկան։ Ո՞վքեր էին։

Հայրապետը ձեռքր տարավ դեպի ճակատը, սկսեց սաստիկ շփել, որ հիշողությունը ամփոփե։

Մեկը այն երկար մազերով տղան էր, ասաց նա մի նշանավոր գյուտ արածի նման։

Ո՞ր երկար մազերով տղան։ Այն, որ ձեռքին հաստ փայտ է ման ածում և, ման գալու ժամանակ, գլուխը գիժ մոզիի նման միշտ ժաժ է տալիս։

Պարոն Արուսյանը հասկացավ, թե ում մասին է խոսում։

Մյուսը ո՞վ էր, հարցրեց նրանից։

Մյո՞ւսը, մի առանձին հեգնությամբ կրկնեց Հայրապետը, մյուսը այն կաղն էր։ Աջ ոտից խո չոլախ էր ու չոլախ, իսկ այս գիշեր սկսել էր ձախ ոտիցն էլ կաղալ. ասում էր կոշիկս հուպ է տայիս։

Երրո՞րդը։

Երրորդը այն պատռտված վարժապետն էր, որ միշտ գալիս է, ասում է, դասեր չեմ գտնում, և քեզնից փող է վեր առնում։ Ախար նրանց ո՞վ տուն կթողնե։ Ով որ նայելու լինի, կվախենա, չլինի՞ թե նախասենյակից պալտո գողանա։

Չորրո՞րդը։

Նրան չճանաչեցի, առաջին անգամն էի տեսնում, նոր մարդ է։ Մի ակնոցավոր տղա էր։ Քթի տակից միշտ երգում էր, ո՞ւմ համար էր երգում, ինքն էլ չգիտեր։

Հայրապետի թե՝ արհամարհանքը և թե տհաճությունը այցելուների վերաբերությամբ այնքան սովորական էր, որ պարոն Արուսյանը առանձին ուշադրություն չդարձրեց, միայն կամեցավ յուր մշտական պատվերը այս անգամ ևս կրկնել, որ յուր բացակայության ժամանակ՝ ով որ գալու լինի՝ պետք է նրա անունը հարցնե, որ իրան ասե։

Այսպես չէ կարելի, Հայրապետ, նկատեց նրան, ինչո՞ւ անունները չես հարցնում։

Հարցնում եմ, որ միտքս չէ մնում, ի՞նչ անեմ, պատասխանեց նա փոքր–ինչ զայրացած ձայնով, որ դժվար էր որոշել, արդյոք յուր մոռացկոտ մտքի վրա է բարկանում թե՞ պարոնի ծանր առաջարկության վրա։

Գրել խո իմանում ես, հարցրու և իսկույն գրիր, որ չմոռանաս։

Մատիտս կորցրել եմ։

Դու միշտ կորցնում ես քո մատիտը։ Եկ, քեզ մի նոր մատիտ կտամ։ Երիտասարդը մոտեցավ գրասեղանին, որ նրան նոր մատիտ տա։ Իսկ Հայրապետը մոտեցավ թեյի սեղանին և, նկատելով նրա վրա տիրող անկարգությանը, բոլորովին գժվեցավ։ Սկսեց ինքն իրան տրտնջալ. Հազար անգամ ասում եմ, երբ դու տանը չես, պետք չէ ոչ մի մարդու ներս թողնել։ Նա ինձ չէ լսում։ Ա՛յ, կգան ու այդպես կանեն։ Սամովարը դատարկել են, հացը կերել են, շաքարը պրծացրել են և ստաքանները այսպես կեղտոտ թողել գնացել են։ Արի ու նորից սամովար դիր, նորից ստաքանները լվա։ Ես ում համար էի պատրաստել, ովքեր եկան լափեցին...

Վնաս չունի, Հայրապետ, աշխատում էր հանգստացնել նրան պարոն Արուսյանը։

Նրանք շատ լավ տղերք են, շատ լավ տղեք են, դու իզուր ես բաարկանում նրանց վրա։

Հա՛, ուտելու, խմելու, փողի համար շատ լավ տղերք են..., գլուխ շարժելով մրթմրթաց Հայրապետը և սկսեց սեղանի վրա թափված փշրանքները հավաքել։

Պարզամիտ Հայրապետի վրդովմունքը մի առանձին զվարճություն էր պատճառում պարոն Արուսյանին։ Ժպտալով ասաց նրան.

Աշխարհի բանը այդպես է, Հայրապետ, այսօր ես ունիմ, նրանց կտամ, ո՞վ է իմանում, մի օր էլ ես չեմ ունենա, նրանք ինձ կտան։

Նրանք երբեք փողի տեր չեն դառնա։ Ինչո՞ւ, Հայրապետ։ Նրանք ավելի ընդունակ, ավելի խելացի մարդիկ են, քան թե մեր փողատերերից շատերը։ Բայց եթե մի դժբախտություն ունեն, այդ այն է, որ վերին աստիճանի ազնիվ մարդիկ են։ Ազնվությունը և ոսկին բավական դժվար է հաշտեցնել միմյանց հետ։ Դա ամբողջ աշխարհի դժբախտությունն է... Առ այդ մատիտը։

Հայրապետը մոտեցավ մատիտը առնելու, դարձյալ մնալով իր համոզմունքի մեջ։ Այդ միջոցին նրա աչքին ընկավ պապիրոսների կապոցը, որ այն երեկո էր դնել և դեռ չէր բացված։ Սկսեց նորից մրթմրթալ.

Մի հատ էլ չեն թողել, բոլորը ծխել են... Ասում եմ, թե ինչո՞ւ է սենյակը այսպես մխով լցված։ Ծխածը ծխել են, մնացածն էլ իրանց հետ են տարել...

Նոր կորուստը այն աստիճան զայրացրեց Հայրապետին, որ յուր պարոնի թուլությունները պատմելու համար հրաժարվեցավ մինչև անգամ մատիտը ընդունել նրա ձեռքից, և այնուհետև չմոռանալու համար, նրա այցելուների անունները գրել։

Պարոն Արուսյանը հույս ուներ, որ խաղաղությամբ կվերջացնե բարեսիրտ Հայրապետի հետ, բայց պապիրոսների հարցը բոլորովին գժվացրեց նրան։ Թե՛ պապիրոսները, թե՛ թեյը և թե ճաշելիքները պատրաստել էր նա՝ այն երեկո սպասվող հյուրերի համար. իսկ այժմ, ընդհակառակն, բոլորովին ինքնակոչ հյուրեր եկել, ամենը սպառել էին։ Այդ անկարգությունից հետո ի՞նչպես ասել նրան, որ նորից սամովար դնե, որ նորից ընթրիք պատրաստե։ Պարոն Արուսյանը թողեց, որ նա փոքր-ինչ հանգստանա, մանավանդ երբ տեսավ, որ Հայրապետը մարած սամովարը վեր առեց և տրտնջալով դուրս գնաց սենյակից։

Հայրապետը բնիկ Հին֊Նախիջևանի գյուղերիցն էր, մի ցամաք, թխադեմ երիտասարդ, որ քսան տարեկանից ավելի կլիներ, բայց իրանց երկրի երեխաների նման՝ դեռ կարմիր շապիկ էր հագնում։ Երկար ժամանակ ծառայում էր նա, բայց տակավին դժվար էր որոշել, թե պարոն Արուսյանի փոքրիկ տնտեսության մեջ որը ավելի ձայն կամ հեղինակություն ուներ։ Երբեմն նա բռնանում էր յուր պարոնի թե՝ քսակի և թե ճաշակի վրա։ Օրինակ, պարոն Արուսյանը պատվիրում է նրան, որ մի սուկի առնե և գիշերվա համար խորոված պատրաստե։ Բայց նա, ընդհակառակն, պատրաստում է ոչխարի մսից տապակ, մտածելով, որ դա ավելի էժան է և համեղ, իսկ սուկին թանկ է։ Նրա հավատարմությունը օրինակելի էր, իսկ խնայողությունը ժլատության էր հասնում։ Խոհարարի և սպասավորի իրավունքներից անցնելով, երբեմն նա յուր պարոնի վերաբերությամբ նաև դայակի իրավունքներ էր գործ դնում։ Պատահում էր, որ պարոն Արուսյանը գիշերը ուշ էր վերադարձել, կամ երկար էր նստել և առավոտյան ուշ էր վեր կենում։ Այդ դեպքերում Հայրապետի տհաճությունը չափ չուներ։ Առանց քաշվելու կմտներ նրա քնարանը և, կողքը բզելով, կզարթեցներ, որ խանութ գնա, ինչպես մայրերը ծույլ երեխաներին զարթեցնելով, վարժատուն են ուղարկում, որ դասից հետ չնկնեն։ Նա չափազանց զգաստ էր յուր գործին։ Բայց միակ դժբախտությունը նրանումն էր, որ եթե երկու բան միասին պատվիրեիր, ամենակարևորագույնը անպատճառ կմոռանար և միշտ կմեղադրեր պարոն Արուսյանին, թե ինչո՞ւ ամեն բան յուր ժամանակին չէ ասում։ Հաշիվներ չգիտեր։ Ստացած փողի մնացորդը կդներ պարոն Արուսյանի սեղանի վրա, ասելով, «այդքան մնաց»։ Եվ պարոն Արուսյանը իրավունք չուներ որևէ նկատողություն անել։

Սենյակի մուխը դուրս գալուց հետո այժմ միայն նկատելի եղավ նրա ներքին կարգն ու սարքը։ Կոկիկ սենյակը ավելի մի աշխատասեր, լրջամիտ ուսանողի կացարանի էր նմանում, քան թե վաճառականի բնակարանի։ Պարզ, մաքուր կահ֊կարասին բոլորովին համապատասխանում էր այն անշքությանը, որ տիրապետում էր այնտեղ։ Յուրաքանչյուր առարկայի մեջ նկատվում էր ճաշակ և հարմարություն։ Պահարանում կարգով շարված էին զանազան գրքեր, զանազան լեզուներով։ Լայն գրասեղանը ծանրաբեռնված էր այլևայլ ուսումնական պարագայքով։ Նրա հանդեպ՝ պատից քաշ էր ընկած սենյակի միակ զարդը, մի տխուր պատկեր, որ ներկայացնում էր ավերակների ընդարձակ տարածություն։ Մի մանկահասակ կին, սգավոր դեմքով, նստած էր փլատակների վրա և ձեռքը մեկնած, մի առ մի ցույց էր տալիս յուր փոքրիկ զավակին կործանված քաղաքները, հզոր պալատների բեկորները, և պատմում էր նրանց անցյալի պատմությունը։

Հայրապետի հեռանալուց հետո՝ պարոն Արուսյանը կրկին մոտեցավ գրասեղանին, նստեց, և ծոցի գրպանից հանելով մի փոքրիկ տետրակ, սկսեց կարդալ։ Նա ուշադրությամբ կարդում էր և միևնույն ժամանակ մատիտով ուղղում էր զանազան տեղերը։ Այս արարմունքի մեջ խորասուզված էր, երբ սենյակի դռները հեզիկ կերպով բացվեցան, և կաշյա թղթապահը թևքի տակին, ներս մտավ մի մանկահասակ օրիորդ։ Նրա սևլիկ դեմքը ավելի մռայլ արտահայտություն էր ստացել մուգ-ծխագույն խոշոր ակնոցներից, որոնց տակին թաքնված էին նույնպես խոշոր, բայց թախծալի աչքերը։ Նա լուռ մոտեցավ, թղթապահը դրեց պարոն Արուսյանի գրասեղանի վրա ու ձեռքը մեկնեց զբաղված երիտասարդին։

Ա՜խ, դո՞ւ ես, Սաթենիկ, ասաց նա տետրակը մի կողմ դնելով։ Կներես, օրիորդ, որ երեկ ես բոլորովին մոռացա ասել, որ այս երեկո հազիվ թե կարող կլինեմ պարապել քեզ հետ։

Ոչինչ, ասաց օրիորդը մի այնպիսի խուլ ձայնով, որ որովայնախոսի նման, կարծես կուրծքի խորքիցն էր լսվում։ Ես իսկույն կգնամ, չեմ խանգարի քեզ։

Նա զգուշությամբ գրասեղանի վրայից առեց յուր թղթապահը և պատրաստվում էր հեռանալ։ Երիտասարդը նայեց ժամացույցին, ասելով.

Նստի՛ր, դեռ ևս կարող ենք մի փոքր խոսել։ Օրիորդը կրկին թղթապահը դրեց գրասեղանի վրա և նստեց նրա մի կողմում։

Այժմ ինչպե՞ս է առողջությունդ, հարցրեց երիտասարդը։

Դարձյալ նույնպես... ոչինչ փոփոխություն չի եղել..., պատասխանեց նա նվազած ձայնով։

Դու պետք է թողնես դասերդ, Սաթենիկ, անպատճառ պետք Է թողնես։ Այդ անտանելի դասերը բոլորովին մաշեցին քեզ: Բժիշկը պատվիրում է, որ շատ չխոսես, շատ ման չգաս, իսկ դու քո դասերի պատճառով՝ ստիպված ես ամեն օր մի քանի անգամ քաղաքի մի ծայրից մյուսը գնալ։

Ի՞նչպես թողնեմ... ասաց նա մի այնպիսի տխուր եղանակով, որով հասկանալի էին բոլոր դառն պատճառները։

Պարոն Արուսյանին հայտնի էին պատճառները, և նա այդ մասին երկար չթախանձեց: Նա ավարտել էր հայոց օրիորդական դպբոցներից մեկում, հետո մտել էր ռուսաց իգական գիմնազիա. այնտեղ ևս յուր ուսումը վերջացրել էր։ Այժմ մի քանի տներում դասեր էր տալիս, որպեսզի կարողանա թե՛ ինքը ապրել և թե՛ կերակրել պառավ մորը և հիվանդ քրոջը, որ այրի էր։ Ամեն երեկո, երբ պետք էր մի փոքր հանգստանալ, գալիս էր պարոն Արուսյանի մոտ հաշվապահություն սովորելու, որովհետև նրան խոստացել էին մի գործարանի գրասենյակում տեղ տալ։ Այդ բոլորը կատարում էր սա և ստիպված էր կատարել յուր մաշված կուրծքով, ուր բարակացավը սկսել էր փութով զարգանալ։

Պարոն Արուսյանին սաստիկ տանջում էր դժբախտ օրիորդի դրությունը, և նա շատ անգամ մտածել էր որևէ կերպով թեթևացնել նրա հոգսերը, բայց միշտ հանդիպել էր նրա համառ անձնասիրությանը, որ նպատակ էր դրել իր աշխատանքով ապրել և ոչ ոքի օժանդակությանը ձեռք չմեկնել։ Նա պարոն Արուսյանի այցելուներից միակն էր, որի առջև ամենայն հոժարությամբ դռները բաց էր անում Հայրապետը։

Ի՞նչպես է գնում քո թարգմանությունը, հարցրեց երիտասարդը։

Խիստ դանդաղ... և սիրտ չկա շարունակելու..., ասաց նա մի առանձին դժգոհությամբ։ Եվ ո՞ւմ համար թարգմանեմ։ Ինքս միջոցներ չունեմ տպագրել տալու։ Տանում եմ մեր խմբագիրների մոտ, կարծես, մի առանձին շնորհ են անում, որ ուրիշի աշխատությունը առնում են և ձրի տպում։ Բայց միշտ քարոզում են, թե ամեն աշխատանք պետք է վարձատրվի, շատ հասկանալի է, որ իրանց սեփական աշխատանքը միայն և ոչ ուրիշներինը։ Տանում եմ հայոց գրքերի տպագրության ընկերությանը, մեծ խոստումներով ձեոագիրը առնում են, հետո, ամիսներից, գուցե տարիներից հետո, երբ հարցնում ես, թե ի՞նչ եղավ, զարմանալով պատասխանում են, «մի՞թե մի այսպիսի ձեռագիր հանձնել ես մեզ»։ Արի ու գտիր։ Կիրակոսը ասում է Մարկոսի մոտ կլինի, իսկ Մարկոսը ասում է Պետրոսի մոտ կլինի։ Մեկը մյուսից խաբար չունի։ Գլուխը խոնարհեցնելով լռեց նա, և մի քանի րոպեից հետո, յուր տխուր դեմքը դարձնելով դեպի երիտասարդը, հարցրեց.

Դու ինչո՞վ ես զբաղված այս երեկո։

Ահա դրանով, ասաց պարոն Արուսյանը, տալով նրան նույն տետրակը, որ մինչ օրիորդի գալը ուղղում էր։ Այս երեկո հավաքվելու են ինձ մոտ մի քանի գործակատարներ կարդալու» համար։

Օրիորդը սկսեց թերթել տետրակը, ասելով.

Դու, որքան հիշում եմ, մի ժամանակ այդ մասին խոսում էիր։

Այժմ աշխատում ենք խոսքը գործ դարձնել։ Ես կարծում եմ, որ մի այդպիսի ձեռնարկություն փոքրիշատե կթեթևացներ մեր գործակատարների աննախանձելի դրությունը։ Օրիորդը դեռ լռությամբ թերթում էր տետրակը։ Դա մի համառոտ ծրագիր էր, որով պարոն Արուսյանը ցանկանում էր խնայողական դրամարկղ հիմնել նույն քարվանսարայի գործակատարների համար, ուր ինքը խանութ ուներ։

Իմ կարծիքով, նկատեց օրիորդը, նյութականը այնքան չէ ճնշում մեր գործակատարներին, նրանք եթե փոքր են ստանում բայց շատ գողանում են։ Ավելի նպատակահարմար կլիներ մտածել մի այնպիսի հիմնարկության մասին, որ բարոյապես կրթեր նրանց, որ մտավոր սնունդ տար նրանց։ Ո՞վքեր են մեր գործակատարները։ Ըստ մեծի մասին ոչ մի տեղ ուսում չառած, խանութպանների մոտ աշկերտությամբ առաջացած և նրանց բոլոր խարդախությունները սովորած մարդիկ են։ Փող միշտ կգտնեն նրանք։ Մի բան, որ պակասում է նրանց, այդ է՝ բարոյական կրթությունը:

Բոլորովին ճիշտ է քո նկատողությունը, օրիորդ, պատասխանեց պարոն Արուսյանը։ Բայց հարցը նրանումն է, թե ինչո՞ւ համար են գողանում մեր գործակատարները։ Գողանում են, որովհետև փոքր են ստանում և շատ են ծախսում։ Խնայողական դրամարկղը կընտելացներ նրանց չափավորության և, բացի դրանից, մի փրկարար ապաստան կլիներ, որ գոնե այն օրերում, երբ վաճառականները արտաքսում են նրանց, երբ զրկում են թե՛ ռոճիկից և թե՛ գողությունից, որ գոնե այդ դեպքերում քաղցած չմնային:

Այդ կնշանակե խրախուսել նրանց մեջ անբարոյականությունը, ասաց օրիորդը, և այժմ միայն նրա տխուր դեմքի վրա երևաց մի թեթև ժպիտ։ Քաղցածությունը գուցե ավելի խրատական կլիներ նրանց համար, քան թե դրամարկղի ապաստարանը։

Ինչո՞ւ ես դու այդպես ծուռն կերպով բացատրում իմ խոսքերը, Սաթենիկ, պատասխանեց երիտասարդը փոքր-ինչ տաքացած ձայնով։ Ո՞վ է հակառակում, թե պետք է նրանց մտավոր սնունդ տալ, բարոյապես կրթել: Որքա՞ն անգամ քեզ հետ խորհել եմ այդ մասին, որքա՞ն անգամ մտածել եմ կիրակնօրյա դպրոցների մասին, գործակատարների համար ընդհանուր գրադարանի մասին և ուրիշ այլևայլ միջոցների մասին։ Մի՞թե նույնիսկ այդ նպատակով չհիմնվեցավ վաճառականաց կլուբը։ Բայց ի՞նչ արած, որ մեզ մոտ ամեն մի օգտակար հիմնարկություն հազիվ հասնում էր իր նպատակին։ Վաճառականաց կլուբը դարձավ խաղաթղթի և անմիտ պարահանդեսների ասպարեզ, որ զարգացրեց միայն շռայլություն աղքատ վաճառականների ընտանիքում։ Աղքատ վաճառականի կինը, աղջիկը, որ մի ձեռք շնորհքով հագուստ ունեին և ամբողջ տարին խնամքով պահում էին և միայն տոն օրերում հագնելով տանից դուրս էին գալիս, իսկ այժմ, ընդհակառակն, ամեն շաբաթ կլուբի պարահանդեսներին ու երեկույթներին մասնակցելու համար խեղդում են իրենց ողորմելի ամուսիններին, որ միշտ նոր ու նոր հագուստներ կարել տան, այլևս չեմ խոսում մյուս ծախսերի մասին։

Օրիորդը դեռ շարունակում էր լուռ թերթել տետրակը։

Մտածվում է, և ես այդ մասին աշխատում եմ, որ գործակատարների համար ևս մի կլուր հիմնվի։ Դա գոնե մասամբ կազատեր նրանց «Մուշտայիդից» և Միխայլովսկի փողոցի այգիներից։ Գործակատարը երիտասարդ է, կյանքը եռ է գալիս նրա մեջ, շտապում է վայելել նրան։ Երբ ուրիշ ավելի վայելուչ միջոցներ չկան, նա ընկնում է անբարոյականության մեջ։

Օրիորդը գլուխը վեր բարձրացրեց, հարցնելով.

Դու կարծում ես, որ գործակատարների կլուբը նույնպես պարահանդեսների և խաղաթղթի ասպարեզ չի՞ դառնա։

Գուցե կդառնա, նայելով, թե որպիսի ուղղություն կտրվի երան։ Բայց երկու չարյաց փոքրագույնը։ Երբ գործակատարը գիշերը ոչ մի տեղ չունի ժամանակ անցկացնելու, հաճախում է այնպիսի տեղեր, ուր ստիպված է ծախսել և շատ ծախսել։ Եվ որովհետև իր չնչին ռոճիկը անկարող էր այդ ծախսերին դիմանալ, նա սկսում է գողանալ։ Ես ճանաչում եմ գործակատարներ, որ ամիսը 25 ռուբլի ռոճիկ ունեն, բայց 25 ռուբլի վճարում են միայն երկու սենյակի վարձը, ուր ապրում է նրանը սիրուհին։ Մյուս ծախքերը լրացնելու համար, իհարկե, պետք է խարդախությունների դիմեն:

Դրսում, սանդուղքների վրա, լսվեցան ոտնաձայներ։ Օրիորդը վեր կացավ, և ձեռքը մեկնելով, ասաց.

Երևի քո հյուրերը գալիս են, ես այժմ կգնամ։

Ինչո՞ւ ես շտապում, նրա ձեռքը բաց չթողնելով թախանձում էր երիտասարդը։ Եթե քեզ հետաքրքրում է, կխնդրեի, որ դու ևս մասնակցեիր մեր փոքրիկ ժողովին, տարակույս չունիմ, որ մենք օգուտ կքաղենք և քո կարծիքներից։

Մեծ ուրախությամբ կմնայի, բայց ես պետք է բժշկի մոտ գնամ։ Քրոջս հիվանդությունը դարձյալ սաստկացել է։ Նա առեց թղթապահը և հուշիկ քայլերով դուրս եկավ սենյակից։ Պարոն Արուսյանը բացականչեց.

Խե՜ղճ աղջիկ, ինքը հիվանդ, պիտի հոգ տանե և հիվանդ քրոջ մասին, պիտի կերակրե աղքատ ընտանիքը... Ցավալի զոհ դառն հանգամանքների...

Սանդուղքներից լսվող ոտնաձայնը պարոն Արուսյանի սպանած հյուրերինը չէր։ Բարձրանում էր մի անձն միայն, բայց այնքան շտապով, որ սաստիկ աղմուկ էր հանում։ Հանկարծ փոքրիկ սենյակի դռները շառաչմամբ ետ գնացին, շնչասպառ ներս ընկավ նա։ Դա նույնպես մի օրիորդ էր, բայց բոլորովին հակապատկերը մտահույզ, մելամաղձոտ Սաթենիկի։ Ահագին սև գլխարկը, որի ձևը այլանդակության էր հասնում, և ձեռքի նույնպես ահագին հովանին, որ միևնույն ժամանակ գավազանի տեղ էր ծառայում, բավական էին արտահայտելու մի արտակարգ բնավորություն, որ գիտեր արհամարհել հասարակաց գեղասեր ճաշակը։ Նա իրավ գեղեցիկ չէր, բայց մարդկանց պատմելու համար, կարծես, դիտմամբ ավելի տգեղացրել էր իրան։ Հեգնական ծիծաղը երեսին, շտապով մոտեցավ նա և, անփույթ կերպով ձեռք տալով, ասաց.

Կներես, պարոն Արուսյան, ես մի րոպեով միայն մտա քեզ մոտ. պարոն Սիրաքը արդեն վերջացրել է իր նոր վեպը. վճռեցինք, որ հավաքվինք քեզ մոտ, կարդանք: Համաձա՞յն ես։

Ովքե՞ր կլինին, հարցրեց պարոն Արուսյանը։

"Մինն այսպես, մյուսն այնպես" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Նոր երկինք Լուսնի համար
Էլեն Յոլչյան

Նոր երկինք Լուսնի համար

Տեսարան դեպի Բջնի բերդ
Տեսարան դեպի Բջնի բերդ
Խաղա առցանց