Րաֆֆի

Կայծեր

2 - Ա, Բ

Ա

ՎԱՆ

Հասնելով Վան, մենք իջևանեցինք Այգեստան կոչված արվարձանում, որ կից է այդ քաղաքին: Մեզ ընդունեց իր տանը թաղի նշանավոր անձիքներից մեկը, որ կոչվում էր վարպետ Փանոս: Այդ պարոնը արհեստով ներկարար էր:

Տան տերը առաջին անգամից երևաց ինձ բարի և ազնիվ մարդ, բավական վայելչակազմ մարմնով և պայծառ դեմքով: Արևելքում մարմնի բարեձևությունը շատ անգամ մարդու հառաջադիմության պատճառ է դառնում: Բայց վարպետ Փանոսը, բացի դրանից, ուներ և ճարտար լեզու և, որպես երևում էր, բավական փորձված ու խելացի մեկն էր: Երևի այդ էր պատճառը, որ չնայելով նրա երիտասարդությանը, նա ընտրված էր թաղական խորհրդի անդամ, ուր ծերությունը և սպիտակ մորուքը ավելի մեծ նշանակություն ունեին, քան խելքը:

Բոլորովին մութն էր, երբ հասանք Այգեստան:

Ասլանը սկսել էր այժմ, որպես ասում են, ինձ փոքր ի շատե մարդու տեղ դնել: Երբ մտանք վարպետ Փանոսի հյուրանոցը, նա իսկույն ինձ ծանոթացրեց տան տիրոջ հետ, ավելացնելով, թե իր մանկության ընկերներից մեկն եմ եղել և այժմ նրա լավ բարեկամն եմ: Վարպետը իր սուր և թափանցող աչքերով ոտքից ցգլուխ չափեց ինձ, հետո խիստ մտերմաբար հայտնեց իր ուրախությունը ինձ տեսնելու համար:

Որպես երևում էր, վարպետը նախածանոթ էր Ասլանի հետ և իր տան մեջ հենց այն գիշեր սպասում էր նրան: Նա գիտեր և այն, թե որտեղից էր գալիս Ասլանը, այդ պատճառով, երբ նստեցինք, նա մի առանձին խորհրդավոր եղանակով հարցրեց.

Ինչո՞ւ այդքան երկար տևեց քո ուխտագնացությունը...

Այդպես պատահեց... պատասխանեց Ասլանը նույն եղանակով:

Հուսով եմ, որ սուրբ աստվածամայրը կատարած պետք է լինի քո ցանկությունը...

Նա իր ուխտավորներին անմասն չէ թողնում իր շնորհներից...

Ուրա՜խ եմ... ասաց վարպետը, ոլորելով աջ կողմի ընչացքը, որ նշան էր նրա սրտի առանձին բավականության: Ուրեմն վատ չէր լինի, եթե խմեինք մի-մի բաժակ օղի ձեր հաջողության համար:

Վատ չէր լինի, ասաց Ասլանը, միայն ոչ առանց նախաճաշելիքի: Մենք բավական սոված ենք:

Այդ ինքնըստինքյան հասկանալի է, ասաց վարպետը ժպտալով և դուրս գնաց ընթրիք պատվիրելու:

Ասլանը ձգվեցավ օթոցի վրա և, բարձի փոխարեն ձախ ձեռքը նեցուկ տալով գլխին, նայում էր առաստաղին, որի մերկ գերանները, հնությունից դեղնելով, ստացել էին մուգ ծիրանի գույն, իսկ ճանճերը նրանց վրա դրել էին միլիոնավոր սև բծեր: Նա ընկղմված էր մտածությունների մեջ: Առանց մտածությունների չէի և ես: Գալով այդ քաղաքը, թեև ծիծաղելի է, բայց պետք է խոստովանվիմ, որ իմ ամենամեծ բաղձանքներից մեկն այն էր, որ տեսնեմ Վանա հռչակավոր կատուները: Մի՞թե այդ տան մեջ կատու չկա, մտածում էի ես, և աչքերս անհամբերությամբ թափառում էին այս կողմ ու այն կողմ: Չգիտեմ այստեղ ինչ հոգեբանական մի գաղտնիք կա, որ շատ անգամ մարդ հանկարծ տեսնում է միևնույն առարկան, որի վրա մի րոպե առաջ անգիտակցաբար մտածում էր: Ահա հանդիսավոր կերպով ներս մտավ իմ նազելին, բոլորովին սպիտակ, որպես ձյուն, երկայն, մետաքսի նման փափուկ մազերով և թավիշյա բրդոտ թաթիկներով: Նա լուռ անցավ սենյակի միջով, նախ մոտեցավ ինձ և մի առանձին քնքշությամբ գանգրահեր գլուխը և թավամազ պոչը քսեց իմ երեսին, հետո գնաց բարևելու Ասլանին: Շնորհալի կերպով մռմռալով, մի քանի պտույտներ կատարեց Ասլանի շուրջը և ապա նստեց նրա մոտ: Կարծես, այդ խելացի անասունն էլ էր հասկանում, թե մեզանից որն էր ավելի հարգանքի արժանի: Ասլանը սկսեց փայփայել նրա գեղեցիկ դլուխը, մեջքն ու ագին: Առաջին անգամ մի զարմանալի երևույթ գրավեց իմ ուշադրությանը: Որքան Ասլանը ձեռքով շփում էր նրա գլուխն ու մեջքը, այնքան արագ նրա երկար մազերը ճրըխկճրըխկում էին և դուրս էին արձակում կրակի ամբողջ փոշի:

Այդ ի՞նչ է, հարցրի ես:

Կայծեր են... պատասխանեց նա և սկսեց բացատրել նրանց դուրս ցայտելու բնական պատճառները, թե որպես շփումից առաջ է գալիս կրակը:

Բացի կատվից, տանեցիներից ուրիշ ոչ ոք չհայտնվեցավ: Երեխաները, երևի, քնած էին. նրանց ձայնն անգամ չէր լսվում: Իսկ կանայք այդ կողմերում օտար տղամարդի աչքին երևնալու սովորություն չունեին:

Այգեստանը արժանի էր իր կոչմանը: Քաղաքի այդ գեղեցիկ արվարձանը ծառախիտ այգիների բավական ընդարձակ տարածություն է, բաժանված լայն փողոցներով, որոնց աջ և ձախ կողմերում հոսում են առվակներ, հովանավորված ուռենի և բարդի ծառերով: Դրսից տները չեն երևում. ոչ մի լուսամուտ բացված չէ փողոցի վրա, բացի գլխավոր դռնից, որ ներս է տանում դեպի բնակարանը, որ ետևի կողմից միայն նայում է դեպի այգին կամ պարտեզը: Ամեն մի տուն կենտրոնացված է իր մեջ, ապրում է իր նեղ առանձնական կյանքով: Վարպետ Փանոսի տունը նույնպես այդ ձևն ուներ:

Սենյակը, որ որոշված էր մեզ համար, տան երկրորդ հարկումն էր գտնվում: Բավական կոկիկ մի սենյակ էր այդ, երևի միայն հյուրերի համար էր պատրաստված: Տան մեջ որքան գեղեցիկ իրեղեններ կային, իբրև զարդարանք, բոլորը դրված էին այստեղ: Պատուհանների մեջ շարած էին զանազան տեսակ չինական և պարսկական ամաններ, ամենահին Ժամանակներից մնացած, որոնց շատերը այժմ գործածությունից ընկել էին: Նրանց թվում կային պղնձյա թասեր, աշտանակներ, ափսեներ և մեծ բոլորակ սինիներ, բոլորը գեղեցիկ քանդակներով: Կային և բազմաթիվ նարգիլեներ ու չիբուխներ՝ երկայն ծխաքարշներով` հասմիկի փայտից կամ Շիրազի կեռասենուց պատրաստված: Երևում էր, որ այստեղ սովորություն կար այնքան թվով չիբուխներ ու նարգիլեներ պահել իր տանը, ինչ թվով պատահած ժամանակը հյուրեր կունենային: Երևում էին և զենքեր: Պատերից քարշ էին ընկած զանազան տեսակ պատերազմական գործիքներ, սկսյալ հնադարյան երկաթյա տապարներից, վահաններից, սաղավարտներից և զրահներից մինչև նոր ժամանակների երկայն նիզակները, ղարաբինաները, ատրճանակները և հրացանները: Դրանց թվում պատերից քարշ էին ընկած տեղային զանազան նվագարաններ` սազ, սանթուր, չոնգուր, սրինգ, դափ, թմբուկ և այլն: Երևում էր, որ տանտերը ածել ևս գիտեր, կամ դրանք պահվում էին հյուրերի համար: Այդ բոլոր զարդարանքները լրացնում էին մի քանի պատկերներ, որոնք, ինչպես թվում էր ինձ, հին դարերի գործ պետք է լինեին: Արդյոք ու՞մ պատկերներն էին, ես հասկանալ չկարողացա, շատ հավանական էր, որ թաղավորների, իշխանների պատկերներ լինեին, գոնե այդպես էին ցույց տալիս նրանց թե զգեստավորությունը և թե զենքերը, որոնք բոլորը հին ժամանակներին էին պատկանում: Այստեղ ու այնտեղ փունջերով դրած էին չորացրած ծաղիկներ, որոնց մեջ իր գեղեցկությամբ առաջին տեղը բռնում էր անթառամ ծաղիկը: Վասպուրականի լեռների ծաղիկները չորանալուց հետո ևս պահպանում են իրանց գեղեցկությունը: Ես թողնում եմ ուրիշ մանր-մունր զարդարանքները, որոնց բոլորից երևում էր, որ վարպետ Փանոսը ոչ միայն լավ արհեստավոր էր, այլև կրթված ճաշակի տեր մարդ էր և իրան շրջապատել գիտեր հազվագյուտ առարկաներով: Սենյակի պատերը ծեփված էին սպիտակ գաջով, որի վրա երևում էին պարսկական ճաշակով նկարված զանազան տեսարաններ: Մի տեղ պատկերացրած էր վագրի որսորդության հանդես. մի երիտասարդ, փղի վրա նստած, երկայն նիզակը ձեռքում բռնած, կռվում էր ամեհի գազանի հետ. շները շրջապատել էին նրան, բայց ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ. վագրը իր առջևի ճիրաններով պատերազմում էր փղի զորավոր կնճիթի հետ. երիտասարդը իր նիզակի ծայրը սրել էր նրա կողքը: Մի այլ տեղ կատարվում էր սալամի հանդես. Արևելքի թագավորներից մեկը, շողշողուն գոհարներով զարդարված, նստած էր փառավոր գահի վրա. հարյուրավոր գլուխներ խոնարհված էին նրա առջև. արքունիքի հռետորը, գահի մոտ կանգնած, ձեռքը ոգևորությամբ բարձրացրած, ճառախոսում էր, գովաբանելով արքայի ողորմածությունը և չկատարած սխրագործությունները: Մի տեղ ուժից ընկած. ծերունի մահմեդական էֆենդին, թիկն տված թավիշյա մութաքաներին, պառկած էր փափուկ օթոցի վրա. նարգիլեի օձապտույտ ծխաքարշը թույլ կերպով մխում էր նրա բերնում. երկու մանկահասակ կանայք փայփայում էին նրա մեկնած ոտները, երրորդը արմավենու տերևից կազմված հովհարով զովացնում էր զառամյալ դեմքը: Մի այլ տեղ չորս սևամորթ ստրուկներ, կիսամերկ, բոբիկ ոտներով, թևքերի վրա տանում էին մի շքեղ պատգարակ, որի մեջ նստած էր նրանց տերը, նախշուն, ոսկենկար զգեստներով: Վերջին երկու պատկերները բոլորից ավելի գրավեցին իմ ուշադրությունը:

Ինձ պատահել էր տեսնել Պարսկաստանի հարուստ հայերի տներում նկարներով զարդարված սենյակներ, բայց նրանց նկարները ոչինչ միտք չունեին, պատկերացնում էին ծաղիկներ, ափսեների մեջ դրած պտուղներ, պարտեզներ և սիրուն կանանց դեմքեր: Իսկ այստեղ, վարպետ Փանոսի հյուրանոցում պատկերների մեջ ես իմաստ էի տեսնում, կարծես նրանք դիտմամբ պատվիրված լինեին:

Սենյակի հատակը թեև զուրկ էր տախտակամածից, բայց նրա փոխարեն ծածկված էր եղեգնյա փսիաթներով, որոնց վրա տարածել էին գեղեցիկ պարսկական գորգեր և կապերտներ: Վերջինները տեղային տնային արհեստի արդյունք էին: Անկողինները, ծալած, փաթաթած, առանձին-առանձին դրած էին պատերի մոտ: Նրանց թիվը ցույց էր տալիս, թե վարպետ Փանոսը ո՛րքան հարուստ պատրաստություններ ուներ իր հյուրերի համար, որոնք նրա տնից միշտ անպակաս էին լինում: Ես ոչ մի վանեցու տանը եվրոպական կարասիք չտեսա, իսկ այստեղ կար մի գրասեղան և մի քանի աթոռներ, թեև նրանց վրա չէին նստում:

Սենյակի լուսամուտների առջև կար պատշգամբի նման մի բան, հովանավարված տանձի ու ծիրանի ծառերով: Խաղողի որթը ներքևից վեր էր բարձրացել և, փաթաթվելով պատշգամբի սյուներին, տալիս էր նրան կանաչազարդ հովանոցի կերպարանք: Սենյակում օդը բավական հեղձուցիչ էր: Ես, Ասլանին միայնակ թողնելով, դուրս եկա պատշգամբի վրա: Սկսեցի նայել դեպի այգին: Ծառերը ընկղմված էին գիշերային մթության մեջ. ոչ մի տերև չէր շարժվում: Ամեն ինչ լուռ էր, միայն անհանգիստ ճպուռը իմ մերձակայքում եղանակում էր իր միակերպ, տաղտկալի երգը:

Ներքևում, բակի մեջ, կրակ էր վառվում: Վարպետի համարյա բոլոր ընտանիքը պտտվում էր կրակի շուրջը: Այնտեղ, ամառնային օջախի վրա, մեզ համար կերակուր էին պատրաստում: Ամառը այգեստանցին եփում է, ուտում է և պառկում է բաց օդի ներքո: Ես տեսնում էի, թե ինչպես տափակ կտուրների վրա նստած էին հարևանները և ընթրիք էին վայելում: Նրանց սեղանը լուսավորված էր մի տեսակ արևելյան օտարոտի լամպայով, որը շինված էր փայտից և բարձր վանդակի ձև ուներ, և որի մեջ թռչունի փոխարեն՝ վառվում էր մի ճրագ: Վանդակի վրա հագցրած էին բարակ կտավից սպիտակ շապիկ, որ պահպանում էր ճրագը քամու հոսանքից:

Սովորությունները համարյա միևնույնն էին, ինչ որ տեսել էի մեր կողմերում: Ընթրիք էին անում կտուրների վրա. սեղանների շուրջը բոլորել էին միայն տղամարդիկ, իսկ կանայք ոտքի վրա սպասավորում էին, սպասելով, որ տղամարդիկ վերջացնեն, հետո իրանք ևս մի բան ուտեն: Աղջիկները նույն կտուրների վրա անկողիններ էին պատրաստում, իսկ մայրերը ճոճում էին անքուն զավակների օրորոցները: Ա՜խ, ո՛րքան քաղցր էր կտուրային այդ բացօթյա կյանքը... ո՛րքան անմոռանալի հիշատակներով կապված էր նա իմ սրտի հետ... Դեպի բարձր նայում ես, քեզ հովանավորում է պարզ, աստղազարդ երկինքը, իսկ քո շուրջը տիրում է անսահման, ազատ տարածություն, խնկարկված հազարավոր բուսականների անուշահոտությամբ:

Մի քանի կտուրներից երգի ձայն էր լսվում, երգում էին ըստ մեծի մասին հոգևոր երգեր: Աշխարհիկ երգեր շատ չունի այդ ժողովուրդը, և ինչ էլ որ ունի, խիստ տխուր են և մելամաղձոտ: Դա ամենապարզ հատկանիշն է հուսահատ ինքնուրացության, երբ մարդու միտքը, հոգին, բավականություն չգտնելով աշխարհային վայելչությունների մեջ և զուրկ լինելով նրա ուրախություններից, ձգտում է դեպի հոգևորը, դեպի երկնայինը: Տեղ-տեղ ածում էին չոնգուրների վրա: Այդ ձայները խիստ թախծալի եղանակով հնչում էին գիշերային լռության մեջ, որպես վշտալի սրտի դառն մրմունջներ: Վանեցու սեղանի երգն անգամ խառն է լինում արտասուքի հետ...

Երկար լսում էի ես: Երբեմն գիշերային խաղաղությունը վրդովվում էր խառնաշփոթ աղաղակներով: Աղմուկը հետզհետե սաստկանում էր: Ահա լսելի եղավ հրացանի խուլ նետում, և իսկույն տիրեց խորին լռություն…

Էլի կատաղե՜լ են անզգամները, ասաց վարպետը՝ շտապով իմ մոտից անցնելով: Առավոտյան կամ մի երկու սպանվածներ կունենանք, կամ մի քանի վիրավորվածներ...

Այնտեղ սպանում էին, իսկ այստեղ հոգևոր երգեր էին երգում:

Բայց մեր հյուրընկալը, որպես երևում էր, միայն աղոթքով բավականացող մարդիկներից չէր: Նա մտավ սենյակը, դրեց Ասլանի մոտ մի շիշ օղի և ափսեի մեջ խորոված տարեխ և, խլելով սենյակի պատից քարշ ընկած զենքերից մեկը, կրկին շտապով դուրս եկավ:

Ո՞ւր եք գնում, հարցրեց Ասլանը:

Մեր թաղում աղմուկ կա, գնում եմ տեսնելու` ի՛նչ է պատահել, պատասխանեց նա և, մի բան մտաբերելով, կանգ առեց շեմքի վրա: Ձեր անունով նամակներ են ստացված, ասաց նա, հանելով ծոցից մի ստվար կապոց և ձգելով Ասլանի մոտ:

Նա վազելով ցած իջավ սանդուղքներից:

Ասլանը լռությամբ վեր առեց նամակների ծրարները, մոտեցավ ճրագին և սկսեց ուշադրությամբ կարդալ: Ես հեռու նստած, հետազոտում էի նրա դեմքի փոփոխակի արտահայտությունները: Նրա սիրտը խռովության մեջ էր: Այն հեզ և խաղաղ աչքերը վառվում էին բարկության բոցով: Նա, որ այնքան զգույշ էր, կարծես մոռացավ իմ ներկայությունը և նամակներից մեկը, դեռ չվերջացրած, նետեց հատակի վրա և ձեռքը հուսահատական կերպով տարավ դեպի ճակատը, բռնեց աչքերը: Ի՞նչ էր պատահել: Նրա դողդոջուն շրթունքները մեքենաբար արտասանեցին միայն մի բառ` «թշվառակա՜ն»... Սի մեծ անհաջողություն միայն կարող էր Ասլանին այդ աստիճան զայրացնել: Նա կրկին վեր առեց չավարտված նամակը և շարունակեց կարդալ: Հետո բռնեց ճրագի վրա, և բարակ թուղթը մի վայրկյանում մոխիր դարձավ: Նա սկսեց կարդալ մնացած նամակները: Այժմ նրա դեմքը փոքր-ինչ խաղաղ էր: Բայց ճակատի վրա տակավին նշմարվում էին կնճիռներ: Երբեմն նամակը ցած էր գնում և իր հիշողության տետրակի մեջ ինչ-որ գրում էր, երբեմն մատների վրա թվեր էր հաշվում: Բայց ինձ զարմացրեց մի բան, երբ նա նամակներից մեկի վրա քսեց մի հեղուկ, և իսկույն առաջվա տողերի մեջտեղում հայտնվեցան նոր տողեր` բաց-կանաչագույն տառերով: Ո՞րտեղ էին թաքնված այդ տառերը: Ես չհամարձակվեցա հարցնել, երբ նկատեցի, որ նա դեռ ոչ բոլորովին հանգստացած էր:

Նամակները կարդալուց հետո նա բոլորը այրեց: Այժմ միայն ուշադրություն դարձրեց իր մոտ դրած տառեխների և օղիի շիշի վրա:

Վանա տառե՜խ... որքան ընտանիքներ ապրում են միայն այդ փոքրիկ ձկներով, բացականչեց նա և սկսեց ուտել: Դու չե՞ս սիրում, դարձավ դեպի ինձ:

Ես ախորժակ չունեի մի բան ուտելու: Ճանապարհի հոգնածությունից սաստիկ ջարդված էի: Հանգիստ և երկարատև քունը միայն կարող էր փոքր ի շատե կազդուրել ինձ: Բայց Ասլանի հոգը չէր. այդ երկաթի մարդը չգիտեր, թե ի՞նչ է հանգստությունը: Նա անհամբերությամբ սպասում էր վարպետին: Շատ չանցավ, վերադարձավ նա և, տարած զենքը իր տեղը դնելով, մի քանի անգամ անցուդարձ արեց սենյակի մեջ, ինքն իրան կրկնելով.

Անտանելի՜ է... անտանելի՜ է... մինչև ե՞րբ... համբերություններս հատավ...

Ի՞նչպես վերջացավ ձեր արշավանքը, հարցրեց Ասլանը ժպտելով:

Մինչև իմ հասնելը` ամեն ինչ վերջացած էր, քրդերը իրանց գործը կատարել էին... պատասխանեց նա` լեղակի կարասների մեջ կապույտ գույն ստացած ձեռքերը տրորելով և միևնույն խոսքերը կրկնելով: Համբերություններս հատավ... էլ համբերություն չմնաց... մինչև ե՞րբ...

Ասլանի մեղմ ժպիտը ծիծաղի փոխվեցավ:

«Համբերությունը կյանք է», այդ խրատը ավանդեցին մեզ մեր պապերը, ասաց նա, հեգնական կերպով նայելով վարպետի վրա:

Այո՛, բայց ամեն համբերություն իր չափն ու սահմանն ունի, պատասխանեց նա, շարունակելով կապույտ ձեռքերը տրորել: Իսկ մեր համբերությունը անզգա դիակների համբերություն է, և ավելի ոչինչ:

Ասլանը այժմ լուրջ դեմք ընդունեց:

Պատմեցեք, բանը ինչումն է, հարցրեց նա:

Իսկապես շատ սովորական մի դեպք, որի նմանը համարյա ամեն օր, ամեն գիշեր պատահում է, պատասխանեց վարպետը, նստելով Ասլանի մոտ:

Այգիներից միրգ էին գողանում: Թուրք կամ քուրդ գյուղացիները, երբ քաղաքը բան են բերում վաճառելու, գիշերը, դեպի իրանց գյուղերը վերադառնալու ժամանակ, սովորություն ունեն կողոպտելու հայերի այգիները: Դա պետք է մի առանձին բարություն համարել, երբ բավականանում են միայն պտուղներ գողանալով, բայց այդ անիրավները կտրատում են և ծառերը: Տեսնում ես, ցերեկով լուռ ու մունջ անցնում են այգիների մոտից, նայում են ծառերի վրա, նկատում են, որ այսինչ նորահաս կեռասենին, այնինչ գեղեցիկ տանձենին կարող է ծառայել իրանց կոտրած գութանը կամ արորը նորոգելու, իսկույն նշան են դնում, և, գիշերը մտնելով այգին, կտրում են և տանում: Տիրոջ տարիներով խնամած ու հասցրած ծառը ոչնչանում է, այգին այլանդակվում է: Իսկ ո՛րքան ցավ է պատճառում այդ դժբախտությունը խեղճ այգեգործին: Ես տեսել եմ ընտանիքներ, որոնք օրերով նստած իրանց սիրելի ծառերի կտրած բների մոտ, լաց են եղել, սուգ են կատարել, որպես սպանված որդու գերեզմանի վրա:

Պատահած անցքը, որքան վարպետի համար վրդովեցուցիչ էր, նույնքան Ասլանը սառն կերպով վերաբերվեցավ: Այդ երկրում կարգից դուրս բան չէր, որ մեկը աշխատասեր է, ծառեր է տնկում, այգի է մշակամ, պտուղներ է հասցնում, իսկ մյուսը ծույլ է, անկիրթ է. սովորել է միայն բռնությամբ հափշտակել առաջինի աշխատության արդյունքը:

Փոխանակ իրանք լաց լինելու, լավ չէ՞ր լինի, որ կտրողներին լացացնեին, ընդհատեց Ալանը վարպետի խոսքը:

Լավ կլիներ, պատասխանեց վարպետը խորին կերպով հոգոց հանելով: Բայց այդ դժվար է... շատ դժվար է... նրանց կողմումն է վայրենի ուժը... նրանց կողմումն է անպատիժ բարբարոսությունը... Մեր ձեռքերը կապել են, իսկ նրանցը` բաց թողել... Մեր ձեռքում մի փայտի կտոր անգամ չեն թողել, իսկ նրանք սուր են կրում... Մենք զրկված ենք անձնապաշտպանության ամեն միջոցներից: Եթե այգետերը մի ամենափոքր ընդդիմադրություն ցույց տա և թույլ չտա, որ իր ծառը կտրեն, հավատացած եղեք, որ մյուս գիշերը կմտնեն նրա տունը և նրա պարանոցը կկտրեն: Եվ այս տեսակ չարագործները կմնան անպատիժ, որովհետև այստեղ հայի գլուխը մի սոխի գլխի չափ արժեք չունի:

Եթե ամեն հայ իր սենյակում այդպես զենքեր ունենար, էլ նրա գլուխը չէին կտրի սոխի նման, նկատեց Ասլանը:

Այո՛, եթե ունենա՜ր... պատասխանեց վարպետը վրդովված ձայնով: Բայց հայը երբ երկու ղուրուշ ունի, միշտ մտածում է այդ բանի վրա, թե ի՞նչ գնեմ ու ի՞նչ ծախեմ, որ երկուսը երեք դարձնեմ: Նա այլևս ուրիշ բանի վրա չէ մտածում: Եվ կառավարությունը սովորել է նրան միշտ այդպես տեսնել, և երբ նրա ձեռքում մի զենք է նկատում, իսկույն խլում է՝ ասելով, «այդ քո գործը չէ, դու գնա քո արշինով պարապի՛ր»... Եվ հայը մնում է, որպես մի անպաշտպան որս քրդի և տաճկի ձեռքում: Նրա հունձքի արտերը այրում են, նրա այգիները կտրատում են, և տերը կանգնած, ձեռքերը փակած, միայն բաց աչքերով նայում է ու ա՜խ քաշում...

Մի՜թե այդ աստիճան անարդար է կառավարությունը, հարցրի ես:

Ի՜նչ կառավարություն: Այստեղ կառավարություն չկա, այստեղ կան միայն կեղեքիչ և ինքնակամ կառավարիչներ, որոնք միևնույն բարբաբոսություններն են գործ դնում: Լսեցեք, ես ձեզ կպատմեմ մի փաստ, որից կարել է հասկանալ, թե ինչ պտուղներ են մեր կառավարիչները: Մեր քաղաքը վաղուց անտի զինվորանոց չուներ: Զինվորներին սովորաբար բաժանում էին շրջակա գյուղերի հայոց տներում, և ամեն մի ընտանիք պարտավոր էր մի քանի զինվորներ պահել: Կարող եք երևակայել, թե ի՞նչ բան է անկարգ բաշիբոզուկը հայ ընտանիքի մեջ: Նա իրան կատարյալ տան տեր է համարում և թույլ է տալիս ամեն տեսակ կամայականություն: Գյուղացիները, չկարողանալով համբերել, դիմեցին նահանգապետ փաշային, խոստացան, թե իրանց ծախքով պատրաստ են քաղաքի մոտ մի զինվորանոց կառուցել, միայն թե ազատվեն իրանց անկարգ հյուրերից: Փաշան ընդունեց: Հավաքվեցան, խորհեցին, հաշվեցին շենքի ծախսերը, և բաժանելով իրանց մեջ, վճարեցին ամբողջ գումարը: Փողերի մեծ մասը դրա ու նրա կոկորդն անցավ, և վերջը շենքի բոլոր փայտեղենները դարձյալ գյուղացիների այգիներից կտրեցին:

Ձրի՞:

Այո՛, ձրի: Եվ մեծ անգթությունը նրանումն էր, որ տապարը ծառի տիրոջ ձեռքը տալով և նրա գլխին ծեծելով, հենց իրան` տիրոջն էին ստիպում կտրել իր սիրելի ծառը, որպես դանակը հոր ձեռքը տալով` ստիպում են կտրել սիրելի որդու պարանոցը:

Ապա ի՞նչ էին շինում ձեր քաղաքի սրբազան առաջնորդը և ձեր էֆենդի աղաները: Ինչո՞ւ ժողովրդի այդ պատվելի ներկայացուցիչները չբողոքեցին:

Հենց այդ էֆենդի աղաներն էին կտրել տվողները, որովհետև նրանց գլխավորները կապալով հանձն էին առել շենքը կառուցանելու: Իսկ սրբազան առաջնորդը նրանց բարեկամն է...

Հիմա ի՞նչ եք կարծում, ո՞վ է մեղավորը:

Իհարկե, մերոնք, մեր ժողովրդի ներկայացուցիչները, որ ավելի վնասակար են, քան թե թուրքը ու քուրդը:

Ասլանը և վարպետը դեռ երկար խոսում էին: Ես արդեն սկսել էի ձանձրանալ. եթե չամաչեի` կպառկեի ու կքնեի: Աչքերս դժվարությամբ էին բացվում, գլուխս այնքան ծանրացել էր, կարծես արճիճով լցված լիներ: Ի՞նչ մի առանձին բավականություն են գտնում այդ տեսակ վիճաբանությունների մեջ, մտածում էի ես, միշտ միևույն խոսքերը, միշտ միևնույն դատողությունները. մեկը հարստահարված է, մյուսը հարստահարող է, մեկը հալածված է, մյուսը հալածող է, ի՞նչ պետք է անել, որ նեղյալների դրությունն ավելի բարվոքվի, ի՞նչպես պետք է թեթևացնել ճնշվածների ծանր բեռը և այլև: Կարծես դրանք այն մեծ աստվածորդու աշակերտները լինեին, որ հրավեր կարդաց նեղված մարդկության` ասելով, «Եկա՛յք առ իս ամենայն նեղեալք և ծանրաբեռնեալք, և ես հանգուցից զձեզ»:

Ընթրիքի սեղանը վերջապես աղատեց ինձ նրանց խոսակցություններից. վիճաբանության թելը ընդհատվեցավ: Վարպետի տան սպասավորները նրա գործարանի աշակերտներն էին: Ներս մտան մի խումբ զանազան հասակի պատանիներ, յուրաքանչյուրը ձեռքում մի բան բերելով. մեկը աղ, մյուսը հաց, երրորդը գինի, չորրորդը կերակուրներ, մի խոսքով, ինչ որ պատրաստված էր, բոլորը միանգամից դրվեցավ սեղանի վրա: Նրանց տեսնելով, ես բոլորովին սթափվեցա, այլևս չէի նիրհում, մանավանդ երբ նկատեցի, որ այդ չարաճճիները մի առանձին հեգնությամբ էին նայում իմ վրա: Մեկը նրանցից մինչև անգամ դիտմամբ կոխեց իմ ոտքը: Բայց ես ավելի պատճառներ անեի նրանց վրա ծիծաղելու: Բոլորի ձեռքերը, սկսած մատներից մինչև արմունկները, կապույտ գույն ունեին, կապույտ գույնով ներկված էին և նրանց երեսներն ու քթերը: Հեշտ բան չէր ներկարարի աշակերտ լինել և չթաթախվել ներկերի մեջ: Բայց ե՞ս... ե՞ս ում աշակրտն էի... իմ ձեռքերն ի՞նչ գույնով պիտի ներկվեին... Այդ հարցերը իմ գլխում ծագելու ժամանակ ես ամբողջ մարմնով դողում էի...

Ընթրիքից հետո ես խնդրեցի վարպետից, որ ինձ մի տեղ ցույց տային քնելու: Նա իսկույն հրամայեց աշակերտներից մեկին, և նա ինձ համար անկողին պատրաստեց միևնույն սենյակում, ուր մեզ ընդունել էին: Տնային բարեկեցության գլխավոր հատկանիշներից մեկը երևում է անկողնի մաքրությունից: Ես այն տեսակ անկողին չէի տեսել իմ կյանքում: Գլուխս փափուկ բարձի վրա դնելը և աչքերս փակվելը` միևնույն րոպեում կատարվեցան:

Գիշերվա կեսին ես զարթեցա. սաստիկ ծարավ էի: Վանա աղի տառեխը ուտելը հեշտ բան չէ, այն ևս գիշերը: Բայց մեծ եղավ իմ զարմանքը, երբ տեսա, որ Ասլանը դեռ քնած չէր: Նա նստած էր աշտանակի հանդեպ, որի վրա վառվում էր յուղային ճրագը: Ինչ-որ գրում էր:

Այդ ի՞նչ ես գրում, հարցրի նրանից:

Նամակներ, պատասխանեց նա: Վաղը առավոտյան մեր թղթատարը մեկնելու է...

Արդյոք դեպի ո՞ր կողմը, արդյոք ո՞ւմ պետք է նամակ տանե, այդ մասին նա ոչինչ չխոսեց:

Եթե որսորդին գրելու լինես, իմ կողմից ողջունիր, խնդրեցի նրանից:

Լավ, ասաց նա և շարունակեց իր գործը:

Ես նկատեցի, նա չէ ուզում, որ ես նրան խանգարեմ: Լուռ կացա: Քունը փախավ իմ աչքերից: Անկողնիս մեջ պառկած, մի առանձին ապշությամբ նայում էի Ասլանի վրա: Նա երևում էր ինձ որպես մի մարմնացած գործունեություն: Բայց ի՞նչ նպատակի համար էր գործում այդ անխոնջ, մշտապտույտ ուժը, ես հասկանալ չէի կարողանում: Փետուրյա գրիչը երբեմն թղթի վրա սլանում էր, որպես նրա սրաթռիչ միտքը, իսկ երբեմն նա շարժվում էր դանդաղ, շրջանկատ կերպով, որպես հեռատես զգուշություն: Եթե ես վեր առնեի այն նամակներից մեկը, անտարակույս, կարդալ չպիտի կարողանայի, թեև նրանք գրված էին հայոց տառերով և հայերեն լեզվով: Գրելու այդ ձևը ես հետո սովորեցի, դա պայմանական մի ձև է, որ միայն նամակի գրողին և ստացողին է հայտնի:

Ասլանը գրում էր: Ես շարունակում էի նայել նրա վրա, և միևնույն ժամանակ զանազան մտածություններ զբաղեցնում էին իմ անփորձ գլուխը: Այդ մտածություններն այնքան խառն, այնքան անկապ էին, որ անկարելի էր նրանցից մի որոշ եզրակացություն դուրս բերել: Իմ երևակայության մեջ, որպես անրջական տեսիլքներ, պատկերանում և դարձյալ աներևութանում էին այն փոփոխությունները, թե ո՛րքան անգամ և ո՛րպիսի տարբեր կերպարանքներով այդ խորհրդավոր երիտասարդը հայտնվել էր ինձ: Երբեմն տեսնում էի նրան արաբական մինարեթում, այն ամայի, մշտալուռ ավերակների մեջ, իր ավազակային խմբով, բոլորված բոցավառ փայտակույտի շուրջը, անքուն սպասում էին, որ գիշերային խավարը թանձրանա, որ ճանապարհների անցուդարձը դադարի, որ մարդիկ հանգստանան խաղաղ քնով, իսկ իրենք կատարեն մի խավար գործ… Երբեմն տեսնում էի նրան նույն աբեղայական կերպարանոքվ, որպես երևաց ինձ «Կաթնաղբյուրի» ձորում: Հանդարտ, չափավոր քայլերով անցավ նա իմ մոտից և իբրև մի խաբուսիկ ուրվական, անհայտացավ ժայռերի մեջ: Կարծես և այժմ լսում էի նրա այն տխուր, անապատական երգը, որ դուրս կոչեց պառավ կախարդին փոքրիկ Հյուբբիի հետ տերևախիտ թուփերի միջից: Երբեմն տեսնում էի նրան վանեցի մանրավաճառի հագուստով, եզիդիների իշխանի վրանում: Գեղեցիկ Թուլթին, վրանի վարագույրի ետևից, սիրաբորբոք ալքերով նայում էր նրա վրա, առանց հասկանալու, որ այդ անգութ, խստաբարո երիտասարդի սրտում կնոջ սիրո համար տեղ չէր մնացել: Երբեմն տեսնում էի նրան «Գժի» տանը, կարծես և այդ րոպեում, ներկայանում էր ինձ այն զայրացած դեմքը, թե որպիսի խորին վրդովմունքով լսում էր նա բարեսիրտ քահանայի տխուր պատմությունները` հոգևոր առաջնորդի անկարգությունների մասին: Իսկ այժմ տեսնում էի նրան մի օտարոտի արհեստավորի տանը: Այստեղ նա բժիշկ էր, եվրոպական բարձր ուսում ստացած բժիշկ և ինձ հրամայել էր թաքցնել իր հայությունը: Ինչո՞ւ էր նա փախչում հայ անունից, ինչո՞ւ էր նա այդպես տեղերի և հանգամանքների համեմատ անդադար կերպարանափոխ լինում: Ահա այդ գաղտնիքը երկար զբաղեցնում էր իմ միտքը, և ես մի որոշ եզրակացության հասնել չէի կարողանում:

Մի բան, որ ավելի պարզ կերպով նկատում էի, սկսյալ այն օրից, որ ճանապարհորդում էի Ասլանի հետ` այն էր, որ նրա խորհրդավոր տեսակցությունները, ամեն տեղ և ամեն դեպքում, այնպիսի անձինքների հետ էին լինում, որոնք բողոքում էին երկրի ընդհանուր անկարգության դեմ: Եվ այդ տարբեր, զանազան ցեղերին պատկանող անձինքների մեջ կարծես թե տարածված էր մի գաղտնի թել, որ կապում էր բոլորի սրտերը, բոլորի կամքերը միմյանց հետ: Բայց ո՞ւմ ձեռքումն էր գտնվում այդ թելի ծայրը, ո՞վ էր դարձնում բոլորի կամքերը դեպի մի որոշ նպատակ, այդ գաղտնիքը և մինչև այսօր մնաց ինձ համար անհայտ: Կարոն, Ասլանը, Որսորդը և նրանց բոլոր համախոհները մի-մի գործիքներ էին, որ բաղկացնում էին մի բավականին բաղադրյալ մեքենայի կազմվածքը: Բայց այն ի՞նչ զորություն էր, որ պտտեցնում էր այդ մեքենան և նրան ընթացք և ուղղություն էր տալիս: Դա, որպես ինձ թվում էր, այն գերագույն տիրապետող ոգին էր, որ ինքը գոյություն ունի անհայտության մեջ, որ իրան պահում է անմատչելի, իսկ իր հզոր, աներևույթ ձեռքով կառավարում է մարդկանց սրտերը, մարդկանց մտքերը և նրանց ուղղություն է տալիս...

Ասլանը վերջացրել էր նամակները. նա այժմ սկսել էր կնքել ծրարները: Ճրագի լույսը խիստ աղոտ կերպով լուսավորում էր նրա գուլնաթափ դեմքը: Նա հագած ուներ մի տեսակ գիշերային խալաթ, և սենյակում տիրող տոթի պատճառով կոճակները թողել էր արձակ: Շապկի կիսաբաց օձիքից երբեմն երևում էր նրա մերկ կուրծքը: Այն լայն, զորավոր կուրծքի վրան նշմարում էի ես մի ընդարձակ սպի, որը, շատ հավանական էր, ստացվել էր հրացան գործիքից: Ես մի առանձին ուշադրությամբ նայում էի այն նշանի վրա: Չգիտեմ, ինչո՞ւ վերքը, սպին միշտ իմ մեջ հետաքրքրություն էր զարթեցնում: Երևի նրա համար, որ նա պարունակում էր իր մեջ մարդու կյանքի մի նշանավոր արկածի հիշատակները: Գուցե այդ էր պատճառը, երբ նա ծրարները կողպեց պահարանի մեջ, որ առավոտյան հանձնե թղթատարին, և երբ մտավ իր համար պատրաստած անկողինը, ես մտածեցի գոհացնել իմ հետաքրքրությունը: Բայց Ասլանը տարօրինակ բնավորություններից մեկն էր: Երբեմն նա այնքան քաղցր էր, որ կարծես թե շրթունքներից մեղր էր կաթում, իսկ երբեմն այն աստիճան ժանտ էր, որ կկարծեիր, թե աչքերից, երեսից լեղի էր թափում: Այդ րոպեներում լավ էր չխոսել նրա հետ: Բայց ես համբերել չկարողացա և համարձակվեցա հարցնել, թե այն ի՞նչ վերքի նշան է, որ երևում է նրա կուրծքի վրա:

Ինչո՞ւ ես հարցնում, մաղձոտ կերպով կտրեց իմ խոսքը:

Այնպես... ուզում եմ իմանալ...

Դրանից ի՞նչ օգուտ քեզ:

Ես լուռ կացա: Նա նկատեց, որ ես վշտացա, ավելի մեղմ կերպով ասաց ինձ.

-Ոչ ոք իրավունք չունի ուրիշի գաղտնիքների մեջ մտնել: Եթե դու հարցնեիր, թե ի՞նչպես է կազմված իմ կուրծքը, ո՞ր կողմումն է գտնվում իմ սիրտը և ի՞նչ պաշտոն է կատարում, կամ ո՞րպես են դասավորված իմ թոքերը, ես բոլորը կբացատրեի քեզ, որովհետև դրանից մի բան կսովորեիր: Բայց գիտենալ իմ կուրծքի վրա մի ծվատած տեղի պատմությունը, դա, կարծեմ, մի առանձին օգուտ չի բերի քեզ:

Ես ավելի վիրավորվեցա, ասելով.

Դու միշտ համարել ես ինձ մի երեխա, մի հիմար և տգետ երեխա, որի հետ, բացի կատակներից, ուրիշ բան չէ կարելի խոսել:

Ես կատակ չեմ անում: Բայց դու այնքան խելացի էլ չես, որքան կարծում ես...

Բ

ՓԱՆՈՍԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ

Գիշերը անցուցի անհանգիստ, տենդային դրության մեջ: Առավոտյան զարթեցա խիստ ուշ: Ասլանը սենյակում չէր, չէր երևում և վարպետ Փանոսը: Ես ինձ բավական թույլ էի զգում. մարմինս կոտրատվում էր, իսկ գլխիս մեջ տիրում էր մի տեսակ թմրություն, մի տեսակ մառախուղ: Գիշերվա բոլոր անցքերը երևում էին ինձ ինչպես մի երազ: Կոկորդիս մեջ ցավ էի զգում և, նայելով հայելու մեջ, տեսնում էի պարանոցիս վրա բաց-կապտագույն բծեր: Շապիկս բուրում էր դեղորայքի հոտով: Երևում էր, գիշերը Ասլանը իմ վրա գործ էր դրել բժշկական միջոցներ:

Վարպետի գործարանի փոքրիկ աշակերտներից մեկը ջուր բերեց, լվացվեցա, հագնվեցա և դուրս եկա պատշգամբի վրա:

Այստեղից բացվեցան իմ առջև հրաշալի տեսարաններ. երևում էին շրջակա լեռները իրանց գեղեցիկ հովիտներով, երևում էր քաղաքը իր կրկնակի պարիսպներով ու աշտարակներով, երևում էին քաղաքի բարձր սյունաձև մինարեթները և հայոց եկեղեցիների գմբեթները, երևում էր միջնաբերդը իր ահռելի, հսկայական կերպարանքով, երևում էր ծովը իր մանիշակագույն հարթ տարածությամբ: Իմ սիրտը տրոփում էր անհամբերաթյունից, թե երբ պետք է մոտից, շատ մոտից տեսնեմ այդ բոլորը: Գիշերով հասած լինելով Այգեստան` ես դեռ ոչինչ չէի տեսել: Իրավ, գեղեցիկ, շատ գեղեցիկ էր քաղաքի այդ ծառազարդ արվարձանը: Այգիների ծառերը, ծանրաբեռնված գույնզգույն պտուղներով, առավոտյան լուսով ավելի սքանչելի էին երևում, քան թե գիշերը: Արեգակը հսկում էր վերևից: Այժմ նրա լույսի երկյուղից գիշերային գողերը դադարել էին կողոպտելուց: Այժմ հերթը հասել էր ցերեկվա գողերին: Ահա ճնճղուկների ահագին երամը խառնաձայն աղմուկով իջավ ծիրանի ծառի վրա: Նրա տերևախիտ ճյուղերը թեքվեցան այդ փոքրիկ ավազակների ծանրության ներքո: Ճլվլում են, ոստոստում են և ուրախ, հաղթական աղաղակներով կտցահարում են իրանց քաղցր, հյութալի ավարը: Հեռվից ճռնչում է այգեպանի ճոճանակը, և չարաճճի խումբը միանգամից թողնում է ծառը: Ինչ զանազանություն քրդերի և այդ անմեղ արարածների մեջ: Երկուսն էլ ապրում են ուրիշի վաստակով: Բայց ճնճղուկներն ավելի բարեխիղճ են, դրանք գոնե չեն ոչնչացնում ծառերը: Այդ համեմատությունն էի անում, երբ վերադարձավ Ասլանը: Նրան տեսնելով, ես մտա սենյակը:

Ես չկամեցա քեզ զարթեցնել, լավ է, որ վեր ես կացել, ասաց նա բժշկի եղանակով, որ մի անծանոթ հիվանդի մոտ այցելություն է գործում: Մոտ եկ, տեսնեմ:

Ես մոտեցա: Նա սկսեց քննել իմ կոկորդը:

Փոքր-ինչ ուռուցք է գոյացել, բայց շուտով կանցնի, ասաց նա, տալով ինձ մի ինչ-որ հեղուկ և մի օծանելիք, և պատվիրելով, որ առաջինով ներսից ողողեմ կոկորդս, իսկ երկրորդը` դրսից քսեմ:

Այդ քաղաքում բժշկությունը նախ իմ վրա փորձիր, նկատեցի ես ծիծաղելով:

Ո՛չ, այս րոպեիս մի հիվանդի մոտից եմ գալիս, պատասխանեց նա իր սովորական սառնությամբ, բայց խեղճը հազիվ թե կապրի:

Նա վեր առեց իր եվրոպական լայնեզր գլխարկը և հեռացավ՝ պատվիրելով ինձ հանգիստ մնալ և տնից դուրս չգալ: Ես մնացի սենյակի մեջ միայնակ:

Երևում էր, որ վարպետ Փանոսը տանը չէր, եթե ոչ` նա կգար ինձ տեսնելու: Որդու փոխարեն եկավ մայրը: Դա այն ճարպիկ, լեզվանի և աչքաբաց կանանցից մեկն էր, որ իր ընդունակություններով սքողում է, մոռացության է տալիս տղամարդի անունը, և ամբողջ զավակները հասարակության մեջ ճանաչվում են միայն մոր անունով: Նրան կոչում էին Սանամ, և վարպետ Փանոսը մոր անունով կոչվում էր Սանամի տղա:

Նա մոտեցավ ինձ այս խոսքերով.

Լսեցի հիվանդ ես, որդի, ո՞ր տեղդ է ցավում, որդի, ասում են, կոկորդդ ուռել է. սուրբ տիրամայրը փարատություն տա: Ես հիմա կլավացնեմ, մի վախիր, հենց որ մատս դնեմ մի քիչ հուփ տամ, աստծո շնորհիվ կլավանա: Անցյալ օրը մեր հարևանի տղան էլ այսպես էր, հենց որ ձեռքս դիպավ, իսկույն լավացավ:

Պառավն էլ ուզում էր նորից խեղդել ինձ: Ես, իհարկե, քաղաքավարությամբ մերժեցի նրա բժշկական հնարները, հայտնելով, որ բոլորովին առողջ եմ զգում ինձ: Բայց նա դարձյալ չհանգստացավ` զգուշացնելով ինձ, թե քաղաքում «կապույտ հազ» կա, շատերի կոկորդը ուռչում է, շատերը մեռնում են, և միայն չափահասներն ազատվում են այդ «պատուհասից», իսկ երեխաների մեջ մեծ կոտորած է պատճառում:

Այսուամենայնիվ, վերջացրեց նա իր խրատները, զգուշությունը լավ բան է, և խորհուրդ տվեց այցելել իր որդու գործարանը:

Ես զարմանում էի, ի՞նչ փրկակար ազդեցություն կարող էր ունենալ ներկարարի գործարանը «կապույտ հազի» կամ մի կոկորդի ուռուցքի վրա: Այդ մասին պառավը ոչինչ չբացատրեց ինձ: Իսկ ես հետևեցի նրա խրատին միայն այն մտքով, որ առիթ ունենամ տեսնելու գործարանը:

Երբ պառավի հետ ցած իջանք սանդուղքներից, բակում մեզ հանդիպեց վարպետ Փանոսի կինը: Նրա երեխաները (մինը տղա, մյուսը աղջիկ) մոր փեշիցը բռնած, տրտնջում էին և ինչ-որ ուզում էին: Ինձ տեսնելով, երկուսն էլ շնորհալի դեմք ընդունեցին: Ո՞րքան գեղեցիկ էին այդ մի զույգ հրեշտակները, կայտառ, առողջ և մաքուր: Երեխայի մաքրությունից կարելի է գաղափար կազմել և մոր մաքրասիրության մասին: Վարպետի երրորդ որդին, բոլորից մեծը, գրքերը թևի տակ առած, տանից դուրս էր գնում: Երևի գնում էր մի տեղ սովորելու: Երբ նա հեռացավ, երկու փոքրիկները նորից սկսեցին տրտնջալ:

Նրանց մայրը մոտեցավ ինձ և գլխով լռությամբ ողջունեց: Նա թեև չխոսեց իմ հետ, բայց իմ հասակին նայելով, երեսը չծածկեց: Ճակատը զարդարված էր ոսկիներով, իսկ պարանոցը և կուրծքը` մարջանի խոշոր շարքերով: Այդ բոլորը մի առանձին փայլ էր տալիս նրա սիրուն, համակրական դեմքին: Ժիր տան տիկնոջ հատուկ սովորությամբ` նա իր բավական նուրբ գործվածներից պատրաստված զգեստների վրա հագել էր լայն, երկար, կարմիր շապիկ, որ իջնում էր մինչև ոտները: Այդ հագնում են գործի ժամանակ, որ մյուս հագուստները չկեղտոտվին:

Ինչո՞ւ չես խոսում, հարսին իրավունք տվեց պառավ սկեսուրը, դա էլ քո եղբայրն է:

Հարսի բերանը դարձյալ չբացվեցավ, որովհետև քաղաքավարությունը պահանջում էր, որ ես սկսեի խոսակցությունը: Բայց ես, կին տեսած չլինելով, կանանց հետ խոսելու ամենևին շնորհք չունեի: Որոնում էի մի բան` ասելու համար: Երեխաների տրտունջը ազատեց ինձ, նյութ տվեց իմ խոսակցությանը: Ես հարցրի.

Ինչո՞ւ են տրտնջում դրանք:

Ուզում են եղբոր հետ գնալ:

Կարդալո՞ւ:

Ինչ կարդացող պտուղներ են. կգնան այնտեղ, կխաղան, եղբորն էլ կխանգարեն, վարժապետին էլ:

Ո՞վ է վարժապետը:

Տեր Եղիշեն:

Նա դպրոց ունի՞:

Ուներ, բայց փակեցին... Այժմ այնպես, իմ որդու և մի քանի բարեկամների մանուկների հետ օրեկան մի քանի ժամ պարապվում է:

Իմ խոսակցության պաշարը սպառվեցավ: Մտածեցի հարցնել երեխաների անուները:

Ի՞նչպես է մեծի անունը:

Հայկ:

Փոքրի՞նը:

Արամ:

Իսկ այդ սիրուն աղջկա՞ նը:

Շամիրամ:

Պատմական անուններ են, նկատեցի ես, ինքս էլ զարմանալով եմ գյուտի վրա:

Թագավորների անուններ են, ավելացրեց պառավը: Որդիս շատ անգամ պատմում է երեխաներին այդ թագավորների գործերը, ասում է, որ ամեն մեկը պետք է գիտենա, թե ո՞վ էր իր անվան տերը:

Տիկինը, ինչպես երևում էր, շտապում էր: Առավոտ էր. տնային գործերը կոչում էին նրան: Մեր թեթև խոսակցությունը նա ավելի գործնականի փոխեց, ասելով, որ ճանապարհից ու հեռու տեղից ենք եկել, խնդրեց, որ մեր սպիտակեղենները, թե իմը և թե Ասլանինը, ուղարկեմ, որ լվանալ տա, որովհետև տանը այդ օրը լվացք չէին լվանալու, և ավելացրեց, եթե կարկատելու մի բան կա, նույնպես ուղարկեմ:

Ձեր տունն է, եղբայր, ասաց նա, մի ամաչեք, ինչ որ պետք ունեք, կարող եք պահանջել, որպես ձեր մորից և քույրից:

Ես շնորհակալություն հայտնեցի: Նա հեռացավ: Երեխաները այժմ հանգիստ էին: Նրանք կարծես մոռացան մեծ եղբորը, և երկուսն էլ ուրախանալով վազեցին կատվի փոքրիկ ձագի ետևից, որ նույնպես վազվզում էր բակում: «Դրանք էլ են սիրում Վանա կատուներին, որոնց մազերը կայծեր են արձակում», մտածեցի ես:

Թե մեր կողմերում, թե այստեղ, հյուրի համար մի առանձին հարգանքի և մտերմության նշան է համարվում, երբ տանտերը ցույց է տալիս յուր տնային տնտեսությունը: Այդ պատճառով ես սիրով ընդունեցի պառավի առաջարկությունը, երբ նա հրավիրեց տեսնելու իրանց տնտեսությունը: Նախ տարավ ինձ մառանը: Դա մի ստորերկրյա ներքնատուն էր, որ ամառնային սաստիկ տոթի ժամանակ ևս պահպանում էր իր մեջ խիստ ախորժելի զովություն: Այստեղ, մի կողմում, կիսով չափ հատակի մեջ թաղված, մինը մյուսի մոտ շարված էին գինու կարասները:

Այդ բոլորը մեր այգիիցն է, ասաց պառավը անմեղ պարծենկոտությամբ: Մյուս կողմում, զանազան փոքրիկ թակույկների (տուճիկ) մեջ կարգով դրված էին յուղ, պանիր, մեղր, աղ դրած տառեխ և զանազան տեսակ թթուներ խաղողից, բոխիից և պես-պես մրգերից ու բանջարեղեններից: Ես առաջին անգամ տեսնում էի այսպիսի լիություն:

Այդ բոլորը ո՞վ պիտի ուտե, հարցրի ես զարմանալով:

Մենք էլ կուտենք, ուրիշներն էլ կուտեն, պատասխանեց պառավը բարեսիրտ ծիծաղով: -Աստված խո բոլորը միայն մեզ չէ տվել. նա տվել է, որ մենք էլ չունեցողների համար բաժին հանենք:

Գնե՞լ եք այդ ամենը:

Ոչինչ չենք գնել: Բոլորը մեր տանիցն է. յուղը, պանիրը ստացել ենք մեր կովերից ու ոչխարներից, մեղրը մեր մեղուներից, մյուսները նույնպես մեր բերքերից ենք ստացել: Պատահում է, որ երբեմն քրդերը մեզ համար յուղ, պանիր, չորաթան ընծա են բերում, բայց մենք նրանց բերածը չենք ուտում, տալիս ենք վաճառելու:

Ես իսկույն հիշեցի, որ այդ սովորությունը Պարսկաստանի հայոց մեջ էլ կար, մանավանդ կանանց մեջ, որ «թրքազեն» է ասելով, մահմեդականների թե՛ մորթած միսը և թե՛ այլ ուտեստները պիղծ կհամարեին և չէին գործածի, ինչպես, փոխադարձապես, մահմեդականները հայերի պատրաստած ուտեստների վերաբերությամբ նույն կարծիքն ունեին:

Հետո մտանք ամբարը, որ մի ցամաք շինվածք էր, և ամեն կողմից օդը համարձակ անցուդարձ էր անում: Այստեղ ահագին, քառանկյունի փեթակները լի էին ցորենով և ալյուրով: Մեծ և փոքր խարարների ու ջվալների մեջ դրած էին զանազան տեսակ ընդեղեններ` բրինձ, ձավար, կորկոտ, մաշ, բակլա, սիսեռ, ոսպ և այլն: Դրանք պահոց օրերի համար էին:

Բացի բրինձից, ասաց պառավը, մնացած բոլորը մեր մշակություններից ենք ստացել: Բրինձի մշակությունը այստեղ չի հաջողվում, և այնքան էլ ջուր չկա. ասում են, որ նա ջուր շատ է սիրում:

Պառավը երկրագործությունից նույնպես տեղեկություն ուներ:

Հետո անցանք թոնրատունը: Այստեղ հաց էին թխում, կերակուրներ էին եփում: Աղախինների և սպասավորների մի ամբողջ խումբ աշխատում էր, կարծես մի մեծ բանակ պետք է կերակրեին: Բոլորի վրա հսկում էր, բոլորին կառավարում էր վարպետի կինը: Ես զարմանում էի, թե ինչպես նրա պառավ սկեսուրը իր իրավունքները տվել էր նրան: Մեր կողմերում այս տեսակ առանձնաշնորհություններ խիստ հազիվ էին պատահում ընտանիքների մեջ: Քանի որ պառավ սկեսուրը դեռ կենդանի էր, հարսը ձայն չուներ տնային տնտեսության մեջ:

Թոնրատունը, դեպի բակի կողմը դարձրած երեսը բաց, իսկ երեք կողմից ծածկված, մի ընդարձակ սրահ էր, որ հարմարեցրած էր ամառվա կեցության համար: Այստեղից մտանք հացատունը: Կարելի է ասել, որ վարպետ Փանոսի կահ-կարասիքը և տնային հարստության մեծ մասը այստեղ էր տեղավորված: Մինը մյուսի վրա ծալած դարսած էին գեղեցիկ կապերտներ, գորգեր, սփռոցներ և նախշուն թաղիքներ: Պղնձյա մեծ և փոքր կաթսաները, սինիները, թասերը, մաքուր, նոր կլայեկած, աչք էին շլացնում: Այստեղ ևս անկողինները, իրանց բոլոր պարագաներով կապած, կարգով դարսված էին ծալքերի վրա: Ո՞ւմ համար` վարպետ Փանոսի ընտանիքը շատ փոքր էր այդքանի համար: Պառավը փարատեց իմ մտատանջությունը` ասելով.

Պատահել են ուրախության հացկերույթներ, կնունք ենք ունեցել կամ մկրտություն, պատահել է, որ սուգ ենք ունեցել, մեռելահաց ենք տվել. հարյուր հոգուց ավելի մեր սեղանի վրա նստած են եղել: Բայց երբեք չի պատահել, որ մի գդալ անգամ հարևանից փոխ առած լինեինք: Ամեն ինչ մեր տանը պատրաստ ունեցել ենք, և ամոթ ենք համարել ուրիշից բան խնդրել: Մարդս մեռնելուց հետո ես շատ խեղճություն կրեցի. բայց այն ժամանակ ևս իմ աշխատանքով էի ապրում: Իսկ երբ որդիս մեծացավ, աստուծո ողորմածությամբ, հոր դատարկված տունը նորից լցրեց: Հիմա շատերը, որոնք առաջ ծիծաղում էին մեզ վրա և մարդի տեղ չէին դնում, հիմա նախանձում են:

Պառավի խոսքերը, և այն բոլորը, որ ես տեսա, իմ մեջ զարթեցրին և՛ ուրախ, և՛ տխուր մտածություններ: Ուրախալի էր ինձ տեսնել հայկական մի ճոխ տուն, աստուծո բոլոր բարիքներով լի, ուր ամենքը ուրախ և գոհ վայելում էին անսպառ բախտավորություն: Իսկ նրա շուրջը բազմաթիվ ընտանիքներ հեծում էին աղքատության մեջ: Ի՞նչ էր դրա պատճառը: Ես համոզված էի, որ թողյալ արտաքին հանգամանքերը, որոնք փութացնում էին տիրող աղքատությունը, գլխավոր և բուն պատճառը պետք էր որոնել իրանց` աղքատների մեջ: Ես հետո առիթ ունեցա մոտից, շատ մոտից շոշափել այդ պատճառները: Այդ դուք կտեսնեք իմ պատմության ընթացքում: Բայց ավելի համոզվեցա իմ կարծիքների մեջ, երբ տեսա վարպետ Փանոսի գործարանը:

Պառավի առաջնորդությամբ ես մտա մի երկարաձև շինվածքի մեջ, ուր զետեղված էր գործարանը: Այստեղ մինը մյուսի մոտ շարված էին ներկի կարասները: Ներկում էին ամեն գույներով, առավելապես լեղակի գույնով: Գյուղացինրը բերել էին զանազան տեսակ տնային գործվածքներ, որպիսիք են` կտավ, շալ, բամբակյա կամ բրդյա թելեր և այլն: Հաճախորդների մեջ կային զանազան ազգերից և զանազան լեզուներից` հայ, թուրք, քուրդ, ասորի և ուրիշները: Վճարների հատուցումները կատարվում էին ըստ մեծի մասին երկրագործական և անասնապահական բերքերով. փողի փոխարեն տալիս էին յուղ, պանիր, ցորյան, բուրդ, մորթիք և այլն: Այդ էր պատճառը, որ գործարանատերը ստիպված էր քաղաքում մի խանութպանի հետ ընկեր լինել, որպեսզի վաճառվեն այդ մթերքները: Ոմանք ոչինչ չէին վճարում:

Աշխատանքը եռ էր գալիս ժրաջան բանվորների ձեռքում: Փոքրիկ և մեծ աշակերտները, հագուստով ու մարմնով թաթախված ներկերի մեջ, վժվժում էին այս կողմ ու այն կողմ: Կապույտ լեղակը ամենի ձեռքերի և դեմքի վրա թողել էր իր թախծալի գույնը: Կապույտ էին գործարանի փայտյա սյուները, կապույտ էին առաստաղը, հատակը և կավով ծեփած պատերը, կապույտ էին երկայն փայտյա ձողերը, որոնց վրա չորացնելու համար կախ էին տված ներկված կտավները: Կապտագույն էր և լույսը, որ ներս էր թափանցել գործարանի նեղ պատուհաններից:

Բայց իմ ուշադրությունը գրավեց մի այլ բան, գործարանի փոխվարպետը, մի երեխա գրկում բռնած, լռությամբ մոտեցավ լեղակի կարասին: Կարասը հենց նոր էին խառնել և մուգ-լրջագույն փրփուրը դեռ դիզված էր նրա բերանի վրա: Նա երեք անգամ պտտացրեց երեխային կարասի շուրջը, հետո խորհրդավոր կերպով մատը թաթախեց փրփուրի մեջ և նրանով խաչաձև օծեց երեխայի կոկորդը: Պառավ դայակը, որ կանգնած էր այնտեղ և երկյուղածությամբ նայում էր այդ գործողության վրա, ընդունեց փոխ-վարպետի ձեռքից երեխային, նրա բժշկությանը վարձատրելով մի կապտագույն աքաղաղով, որ բերել էր յուր հետ:

Այդ երեխան կապույտ հազ ունի, ասաց վարպետ Փանոսի մայրը, որ կանգնած էր իմ մոտ, և խորհուրդ տվեց, որ նույն գործողությունը և իմ կոկորդի վրա կատարել տամ:

Շատ չանցավ, սովորական ժպիտը երեսին, ներս մտավ վարպետ Փանոսը: Նրա հայտնվիլը այն ազդեցությունը չգործեց, ինչպես առհասարակ լինում է վարպետի ներկայության ժամանակ. անգործը գործի է դիմում, աղաղակները լռում են, կրկին տիրում է կարգը, ոչ, այլ կարգը պահպանված էր և նրա բացակայության ժամանակ: Նրա մեջ չէր երևում ոչ հպարտ գործարանատիրոջ խստությունը և ոչ արևելյան վարպետի կոպիտ տիրասիրությունը, այլ մի պարզ, մտերմական կապ միացնում էր ստորադրյալներին իրանց գլխավորի հետ: Նա գործունյա մարդու հատուկ աչալրջությամբ մոտեցավ կարասներին, նայեց նոր ներկած կտավներին ու շալերին, մի քանի բաներ հարցրեց, մի քանի պատվերներ տվեց և հեռացավ: Նրա մի հայացքը բավական էր գիտենալու համար, թե որտեղ ի՛նչ էր պակաս, և որտեղ ի՛նչ պետք էր անել: Հետո նա դարձավ դեպի հաճախորդները. մոտենում էր ամեն մեկին, բարևում էր, հարցնում էր նրանց առողջությունը, հետաքրքրվում էր նրանց դրությամբ, թե ի՞նչպես է հացի բերքը, առո՞ղջ են նրանց անասունները, առո՞ղջեն նրանց հայրը, մայրը, կանայք, զավակները և այլն: Բոլորի անունները գիտեր, բոլորի մասին հարցմունքներ էր անում:

Ինչ որ ավելի աչքի էր զարկում, այդ էր՝ հաճախորդների չափազանց ընտանիությունը թե՛ վարպետ Փանոսի և թե՛ նրա տան հետ: Մի քուրդ մոտեցավ նրա մորը խնդրեց, որ իր անթարիի պատռված թևքը կարել տա: Մի այլ քուրդ մի զույգ կենդանի կաքավներ էր բերել վարպետի փոքրիկ երեխաների համար: Ես զարմանում էի, ի՞նչ էր պատճառը, այդ մարդը, որ գիշերը Ասլանի հետ այնքան դառնությամբ էր խոսում քուրդերի մասին, այժմ այդպես բարեկամաբար ողջագուրում էր նրանց: Մի՞թե դա մի տեսակ կեղծավորություն էր նրա կողմից, մի՞թե շահեկան նպատակները ստիպում էին նրան շողոքորթել իր հաճախորդներին: Ոչ, վարպետ Փանոսը ոչ կեղծավոր և ոչ շահասեր մարդ էր: Նա առհասարակ սիրում էր բարեկամական հարաբերություններ պահպանել ամեն տեսակ մարդկանց հետ, մանավանդ գյուղացիների հետ:

Վարպետ Փանոսի տունը մի տեսակ հյուրանոց էր այդ ամեն կողմից եկած, խառնիճաղանջ բազմության համար: Ես նրա գործարանը համեմատում էի իմ քեռին երի զինագործության գործարանի հետ: Բայց այնտեղ բոլորովին ուրիշ բան էր. այնտեղ գլխավորապես դեր էր խաղում շահը: Հաճախորդներից ոմանք, որոնք հեռու տեղերից էին եկած, իրանց գրաստները կապել էին վարպետի ախոռատանը. այնտեղ նրանց համար թե՛ սնունդ և թե՛ խնամք պակաս չէր: Գրաստների տերերը իրանք ևս գիշերում էին ախոռատանը կից առանձին բնակարանում և վարպետի խոհարանից կերակուր էին ստանում: Ոմանք իրանց գյուղերից բերած մթերքները տեղավորել էին նրա տանը. այստեղից տանում էին բազարը, վաճառում էին և փոխարենը ինչ-որ գնելիք ունեին, առնում էին ու բերում, նույնպես դնում էին նրա տանը: Կարծես այստեղ մի տեսակ մթերանոց լիներ նրանց համար: Նրանք այնքան ժամանակ հյուրասիրություն էին վայելում, մինչև գործները վերջացնում էին, հետո շնորհակալությամբ գնում էին իրանց տեղերը:

Երբ որ պատահում էր վարպետ Փանոսին գնալ քրդերի «օբաները», նա նույն հարգանքը և սիրալիր հյուրասիրությունն էր վայելում նրանց վրաններում: Օրերով, շաբաթներով, ամիսներով պահում էին իրանց մոտ, մի ընտանիքի վրանից մյուս ընտանիքի վրանն էին հրավիրում, ուտեցնում էին, խմեցնում էին, հետո զանազան պարգևներով ճանապարհ էին դնում: Մեկը ընծայում էր մի գեղեցիկ ձի, մյուսը` մի թանձր թաղիք կամ կապերտ, երրորդը` մի քանի ոչխարներ «ղավուրմայի» համար, չորրորդը` մի տիկ պանիր, յուղ, մեղր և այլն:

Զարմանալի էր այդ եռանդոտ և վերին աստիճանի բանիմաց մարդու բարոյական ազդեցությունը քրդերի վրա: Քրդերի զանազան ցեղերի մեջ, ուր նրա անունը հայտնի էր, ուր ճանաչում էին նրան` նա համարյա թե պաշտելի էր: Լինում էին կռիվներ քրդերի մեջ, թշնամություն, արյան վրեժխնդրություն, բավական էր, որ վարպետ Փանոսը հայտնվեր նրանց մեջ և մի երկու խոսք ասեր, իսկույն կտիրեր խաղաղություն: Շատ անգամ իրանք, քրդերը, փոխանակ իրանց շեյխերին դիմելու, հրավիրում էին նրան վճռելու իրանց մեջ ծագած այս և այն վեճերը: Նա այն աստիճան հեղինակություն էր վայելում, որ ամենադժվարին խնդիրներում անգամ, կարող էր մի քանի խոսքով հաշտություն կայացնել:

Վարպետ Փանոսի բարեկամությունը քրդերի հետ ոչ սակավ օգուտ էր բերում հայ գյուղացիներին: Ինձ պատմում էին այսպիսի դեպքեր. պատահում էր, որ հայ գյուղացիներից մեկի կովը, եզը կամ ոչխարները գողանում էին քրդերը. բավական էր, որ գյուղացին գիտենար, թե իր անասունները ո՛ր ցեղի մեջ են տարել կամ ո՛վ է իր գողը: Նա այլևս փաշային կամ մուֆթիին չէր դիմում գանգատվելու, ուղղակի գալիս էր վարպետ Փանոսի մոտ, հայտնում էր իր հետ պատահած անցքը: Վարպետը ուղարկում էր նրան նույն ցեղի ցեղապետի մոտ, ուր տարել էին կողոպուտը: Գյուղացին գնում էր, ներկայանում էր ցեղապետին այսպիսի խոսքերով. «Իմ այս և այն անասունները գողացել են. ասում են, որ ձեր «էլի» մեջն են բերել. ինձ ուղարկեց ձեր սպասին վարպետ Փանոսը, խնդրեց, որ գտնվի կողոպուտը»: Եթե, իրավ, գողացված անասունները այնտեղ էին տարված, իսկույն գտնում էին և հանձնում տիրոջը իսկ եթե տերը սխալվել էր, նրան ցույց էին տալիս կողոպուտի տեղը (քրդերի մեջ ոչ մի գողություն գաղտնի չէ մնում): Տերը հայտնվում էր ցույց տված տեղը՝ դարձյալ միևնույն խոսքերով, և ետ էր ստանում իր կորուստը:

Այդպիսի դեպքերում վարպետ Փանոսը նամակ չէր գրում, այլ ամեն հանձնարարություն կատարվում էր բերանացի պատվերներով: Բայց որպեսզի հավատային, որ ներկայացողը իսկապես նրա կողմից էր ուղարկված, նա սովորաբար տալիս էր նրա ձեռքը մի որևիցե նշան, օրինակ` իր դանակը, «տեր-ողորմյան», մորուքի սանդրը, վերջապես մի բան, որ տանողը ցույց էր տալիս` ասելով. «Այդ էլ վարպետի նշանն է»:

Երբ ճանապարհների վրա Քրդերը պատահեին մի հայ գյուղացու, բավական էր, որ նա ասեր, թե ես վարպետ Փանոսի մարդն եմ, այլևս նրան չէին դիպչի: Իհարկե, այդ բոլոր հարգանքները վայելում էր վարպետը այն ցեղերի կողմից, որոնց հետ նա բարեկամական հարաբերությունների մեջ էր, իսկ թշնամի ցեղերը ոչ միայն հայերին, այլ նույնիսկ քրդերին կկողոպտեին, եթե նրանք օտար ցեղի էին պատկանում: Գողությունը, հափշտակությունը, կողոպուտը քրղերի համար ապրուստի սովորական միջոցներից մեկն է:

Մի անգամ ես հարցրի վարպետ Փանոսից.

Ի՞նչ միտք ունի քո այդքան բարեկամությունը քրդերի հետ, որոնց այդքան ատում ես:

Նա պատասխանեց հայկական առածով.

«Շան հետ բարեկամացի՛ր, բայց փայտը ձեռքումդ պատրաստ պահի՛ր»...

Վարպետ Փանոսը կարդացած մարդ էր. հայոց հին գրականությունը նա բավական լավ ոաումնասիրած էր. Եղիշեից, Թոմա Արծրունուց նա ամբողջ գլուխներ անգիր գիտեր. իսկ Խորենացու հետ այնքան ծանոթ էր, որպես մի հմուտ քարոզիչ, որ գիտե, թե Ավետարանի այսինչ գլխի այնինչ համարում ինչ է ասված: Նրա մանկության օրերում հայտնի էր Ղազար վարդապետ «սքանչելագործը»: Այս տարապայման աբեղան ոչ մի վանական միաբանության հետ չհաշտվեցավ, կամ ավելի ճիշտ կլիներ ասել` միաբանությունները նրա հետ չհաշտվեցան, այն պատճառով առանձնացավ իր տանը, և մի քանի մանուկներ հավաքած իր շուրջը, սկսեց պարապել նրանց կրթությամբ: Այդ աշակերտներից մեկն էր պատանի Փանոսը և հառաջադեմ աշակերտներից: Վարժապետը նրան շատ էր սիրում և շատ անգամ խրատում էր, որ վարդապետ չդառնա: Այդ ժամանակ ուսում առնում էին միայն հոգևորական դառնալու նպատակով: Պատանի Փանոսի հայրը վաղուց մեռած լինելով` նրա վարժապետը առանձին հոգ էր տանում նրա ապագայի համար, նշմարելով նրա մեջ բավական հարուստ ընդունակությաններ: Իր վարժապետի խորհրդով Փանոսը մտավ մի ներկարարի գործարան: «Ինչ որ ինձ մոտ սովորեցար, այդքանը բավական է մի արհեստավորի համար, ասաց բարեսիրտ վարժապետը, երբ ճանապարհ դրեց նրան իր դպրոցից, հիմա գնա արհեստ սովորի՛ր, որ քեզ հաց տա»...

Ներկարարի գործարանում Փանոսը նույն հաջողությունը ունեցավ, որպես իր վարժապետի փոքրիկ դպրոցում: Իր ընդարձակ ընդունակությունների համար այստեղ ավելի լայն ասպարեզ գտավ, և մի քանի տարուց հետո աշակերտից դարձավ փոխ-վարպետ և մի նոր փայլ տվեց իր վարպետի գործարանին: Այդ տեսնելով, վարպետը շատ անգամ առաջարկում էր նրան ընկերանալ իր հետ, բայց Փանոսը միշտ շնորհակալությամբ մերժում էր: Երբ նա փոքր ի շատե գումար ձեռք ձգեց, հիմնեց իր համար մի փոքրիկ գործարան, որը հետզհետե ընդարձակելով, այն կատարելագործությանը հասցրեց, որպես մենք տեսանք:

Միևնույն տարում, երբ Փանոսը թողեց դպրոցը, նրա վարժապետի հետ պատահեց մի դժբախտություն: Նա սովորություն ուներ ամառը աշակերտներին տանել ծովեզրը լողանալու: Այդ միջոցին աշակերտներից մեկը խեղդվեցավ: Նրա ծնողները թեև բոլորովին ներողամտությամբ վերաբերվեցան դեպի անզգույշ վարժապետը, բայց կորուստը այնքան ծանր էր վարդապետի զգայուն սրտի համար, որ նա ոչնչով չէր կարողանում մխիթարել իրան: Իր ցավերը մոռացության տալու համար նա մտածեց ընտրել մի նոր և ամենադժվարին պարապմունք, որի մեջ կյանքը ենթակա լիներ անընդհատ վտանգների, և որը ավելի բախտավորություն կպատճառեր նրան, եթե կվերջանար մահվամբ: Այդ նպատակով նա ցրեց իր աշակերտներին և անհայտացավ: Նրա մասին շատ բաներ էին պատմում. ասում էին, որ քուրդ վայրենիների մեջ հայոց տառեր և քրիստոնեություն է տարածում, հրաշքներ է գործում, լուսավորչական եկեղեցի է հիմնում և բավական հետևողներ ունի: Բայց թե ո՞րտեղ էր այդ նոր առաքյալը և ո՞ր երկրում, ոչ ոք չգիտեր, միայն խոսվում էր, թե դեռ կենդանի է:

"Կայծեր" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Նոր ծաղիկ
Էլեն Յոլչյան

Նոր ծաղիկ

Պատերազմի աղետը
Պատերազմի աղետը
Խաղա առցանց