Պարույր Սևակ

Ուշացած իմ սեր

2

VI

Ինձ բռնեցի հանկարծ ես այն բանում,
Որ ոտքերըս հաճախ ինձ, ակամա
Անվերջ այգիներից - այգիներ են տանում:
Իսկ դուք մի՛ շտապեք հանցանքի մեջ բռնել:
Այգիներ եմ գնում ո՛չ թե նրա համար,
Որ շրջում են այնտեղ կանայք ամե՜ն ոճի.
Կանայք՝
Նման նրբին ճենապակու.
Հիանալ ես ուզում, ուրիշ ոչի՜նչ...
Կանայք՝
Նման շքեղ սիրամարգի.
Իրենք՝ անգույն, մինչդեռ նրանց հագի՜ն...
Կանայք՝
Նման դռան, որ չեն փակում.
Կողպեք բաց անելու ո՛չ մի հակում...
Եվ աղջիկնե՜ր.
Աչքերն այնպե՛ս վճիտ,
Որ լեռնային ջրին եթե ասես՝
«Ջինջ ես աղջըկական աչքերի պես»,
Ջուրը հիացմունքից կլճանա մի պահ,
Շո՛յված կզգա այնպե՛ս,
Կզգա այնպե՜ս հպարտ:
Եվ աղջիկներ բազո՛ւմ-
Այնպես նազո՜ւն,
Նազո՜ւկ,
Որ ամե՛ն մի պախրա,
Ամեն եղնի՛կ,
Այծյա՜մ
Ցնծությունից պիտի շիկնի ներքուստ,
Եթե լսի հանկարծ իր հասցեին.
«Ասես աղջիկ լինի, ահա թե ի՜նչ»:
Եվ աղջիկնե՜ր-
Այնքա՛ն կախարդիչ ու թովիչ
(Նրանց թովչանքն արդյոք ի՞նչ մակդիրով չափես),
Եվ աղջիկնե՜ր-
Թովիչ՝
աղջըկա՛ պես...
Բայց ինձ այգի են տանում ոչ թե նրանք՝
Ո՛չ թե այս բոց կանայք,
Աղջիկներն այս կրակ,
Ո՛չ էլ անծանոթին
Իբրև մոտիկ,
Վերջ ի վերջո «դու»-ով անվանելու հույսը...

VII

Սակայն ճիշտ է, որ ես այգիներ եմ գնում,
Եվ ճիշտ է, որ այնտեղ կանա՛յք չեն ինձ տանում:
Մանուկներն են տանում, երեխե՜քը:
Լայն ծառուղի:
Ավազ, որ և շեկ է,
Ինչպես այն թմբլիկը, ա՛յ, այս մեկը,
Որ իր գլխին,
Ասես
Թասակի պես,
Անվտանգ արևն է մազերի տեղ կրում:
Ինչպես և այն մե՛կը,
Այն մե՜կը, տե՛ս,
Որ ավազին, մատով, ինչ-որ բան է գրում:
Ժպտուն դեմքը նրա,
Նրա ձեռ ու ոտը
Այնպես պեպենոտ է,
Որ ուզում ես լվալ առվի ջրով այս ջինջ.
Քեզ թվում է տղան ոչ թե պեպենոտ է,
Այլ որ նրա դեմքը,
Նրա ձեռ ու ոտը
Այս ավազն է նախշել, ուրիշ ոչինչ:
Իսկ հապա ա՛յս մեկը...
Ա՛խ, այս երեխե՜քը...
Ամեն մեկըս ունի իր մեծ թուլությունը.
Մեկին՝ բարությունը,
Մեկին՝ մայրությունը,
Մեկին՝ խմիչքները,
Մեկին՝ սերը կանանց։
Ինձ մոտ մանուկների տիրություն է.
Ինչքան ինձ հիշում եմ՝
Հպատա՜կն եմ նրանց:
Ես, իսկապես ասած, այսպես եմ հասկանում.
Մարդիկ ուրիշ բան չեն, քան թե մանուկ՝
Մանուկ - հասակ առած,
Մանուկ - տարեց դառած,
Եվ, վերջապես, նաև մանուկ - ծերուկ:
Ես, իսկապես ասած, այսպես եմ հասկանում.-
Մեր մեջ ամեն լավ բան մանկականն է,
Ուստի «մանկականն» է լավի ածականը.
Այդպես չի՜ կարելի կոչել ժխտականը...
Իսկ դուք նկատե՞լ եք,
Բոլոր մանուկները
Ե՛վ նման են իրար,
Ե՛վ իրարից տարբեր:
Չե՞ք նկատել արդյոք, որ աշխարհում
Տգեղ մանո՞ւկ, երբե՛ք,
Աշխարհումըս բոլո՜ր մանուկներն են սիրուն...
...Ու ես թափառում եմ այգիներում,
Որ վերստին լսեմ զանգ-ծիծաղը նրանց,
Տեսնեմ ինքամոռաց-տարված խաղը նրանց.
Տեսնեմ,
Թե ինչպես են կավից տնակ շինում,
Գոտի շինում խոտից.
Տեսնեմ,
Թե ինչպես են իրենք իրենց զինում՝
Լաց լինելով ստից.
Լսեմ,
Թե ոնց նրանք բլբլում են անվերջ
Ու մոր հոգին հանում.
-«Իսկ այս ի՞նչ է, մա՛մա»…
Լսե՛մ,
Թե հալվելով՝
Ի՜նչ սիրով է նրանց մայրը պատասխանում,
Մերթ էլ.
-«Բավական է, դե մի՛ հանիր համը»...
Տեսնե՛մ,
Թե ինչպես են մեկը մեկի առաջ
Իրենց հայրիկներով հպարտանում.
Սրանն ինժեներ է,
Նրանն օդաչու է,
Որ... երկընքի՜ց անգամ անց է կենում...
Այստեղ ես հասկանում,
Զգում ու հասկանում ամբողջ սրտով,
Որ դու ի՞նչ էլ լինես՝
Ճարտարապե՛տ,
Վարպե՛տ,
Միլիցիոնե՛ր,-
Դու ամենի՜ց առաջ՝
Այս ամենից առաջ և կամ հետո՝
Պարտավոր ես կյանքում... «հայրի՛կ» լինել...
Եվ խենթ մի ցանկություն
Լափլիզում է քո սիրտն ու քո հոգին
Որ քե՛զ,
Եվ քե՛զ,
Եվ քե՜զ
«Հայրիկ» կոչի ձայնը ինչ-որ մեկի:
Ինչո՞ւ ինչ-որ մեկի։
Ո՛չ թե ինչ-որ մեկի,
Այլ, սիրելի՜ս, ձայնը մե՛ր մանկիկի...

VIII

Մենք ինչքա՜ն ենք տխրել՝ երազելով,
Ես աղջիկ եմ ուզում,
Իսկ դու՝ տղա:
Ես աղջիկ եմ ուզում՝ քո՛ մազերով,
Դու տղա ես ուզում՝ ի՛նձ պես թխաչ...
Ես աղջիկ եմ ուզում,
Որ քեզ նման լինի.-
Քեզ պես՝ կախարդանքով իրեն զինի.
Քո հասակի նման՝ մանկանկար հասակ,
Ինչպես քո դեմքի շուրջ՝ լուսապսակ.
Լինի քեզ պես նազո՛ւկ,
Քեզ պես նազո՜ւն,
Եվ քեզ նման զգաստ,
Ե՛վ երազուն.
Որ երբ ժպտա քեզ պես՝
Բացվի արշալույսը.
Ու երբ նայի քեզ պես՝
Վառվի մարած հույսը.
Երբ ծիծաղի քեզ պես՝
Զգաս-
Կյանքն է զնգում.
Ու երբ սիրի-
Զգաս՝
Արժե՜ ապրել կյանքում։
Ամե՛ն ինչով նման,
Թուլությունո՜վ անգամ,
Քե՛զ պես,
Միայն... քեզ պես դառնություննե՜ր չզգա...
Իսկ դու «չէ՛» ես ասում.
Դու ուզում ես տղա:
Թո՛ղ որ իր հոր նման տգեղ լինի, ոչի՜նչ,
Բայց թող աստղով լինի՝ իր հոր նման:
Մոր հոգու հետ, ոչի՜նչ, իր հոր նման
Թող նա մեկ-մեկ խաղա,
Չարություններ անի,
Բայց թող՝ իր հոր նման՝ երբե՜ք երես չառնի:
Թո՛ղ որ՝ իր հոր նման՝ շա՜տ բան տեսնի կյանքում,
Բայց թող՝ իր հոր նման՝ մի՛շտ էլ մնա կանգուն.
Թո՛ղ նա իր հոր նման՝ մեղկությունը ատի,
Փոքրոգություն, քծնանք իր հո՛ր նման դատի.
Իր հոր նման՝ երբեք չշլանա փառքից,
Թող շլանա, լավ է, աղջիկների քայլքի՜ց.
Իր հոր նման՝ թող որ հափշտակվի՛, տարվի՛,
Բայց երբ ժամը հասնի, հո՛ր պես սիրահարվի,
Հո՛ր պես կարողանա ատել, սիրել,
Կարողանա քե՛զ պես բախտի տիրել...
Ես ինչպե՜ս եմ ուզում
Ինձ հա՛յր տեսնել,
Դու ինչպե՜ս ես ուզում
Քեզ մա՛յր տեսնել...

IX

Բայց դու արդեն... արդեն մայր ես վաղուց.
Բակում քո տղան է հիմա խաղում...
...Ես ո՛չ փոքրոգի եմ,
Ո՛չ տգետ եմ,
Սակայն արի ու տես, որ խանդոտ եմ:
Ես խանդոտ եմ, ինչպես գարնան գետը՝
Ամեն ջրի հանդեպ,
Ինչպես արեգակից խանձված խոտը՝
Ամեն հրի հանդեպ:
Ի՜նչ փույթ, թե խանդելու չունեմ տեղիք,
Բայց իրավո՜ւնք...
Չէ՞ որ ամբողջովին քոնն եմ:
Քո՜նն եմ,
Բայց ո՛չ իբրև կրծքիդ թառած ծաղիկ.
Քո՜նն եմ,
Սակայն իբրև ո՛չ պաշարված քաղաք,
Ո՛չ էլ հարձակումով մեկեն շահված քաղաք:
Քոնն եմ ամբողջովին՝
Ա՛յն տան նման,
Ուր դու և՛ տանտեր ես այդ տան համար,
Ե՛վ տան միա՜կ-միա՜կ բնակիչը:
Չէ՞ որ ես այլ բան չեմ,
Ես լոկ սիրո ճիչ եմ՝
Խոսուն կասկածներիդ լուռ փարատման համար:
Քոնն եմ իմ անցյալո՛վ,
Իմ ներկայո՛վ,
Երազներո՛վ բոլոր,
Ապագայո՜վ.
Քոնն եմ ամբողջովի՜ն,
Իմ սիրելի՛ս։
Սա իրավունք մի՞թե ինձ չի տալիս
Գեթ այսքանից հետո պահանջելու,
Որ իրավունք չունես ինձ տանջելու,
Որ դու պիտի լինես ի՛մը՝ անվերապա՜հ,
Ի՛մը՝ ոտից գլո՜ւխ,
Ի՛մը՝ ամբողջովի՜ն.
Որ քո գորովագին սիրո ծովին
Ես տեր լինեմ,
Ինչպես ծովի հին աստվածը՝
Ինքը՝ Պոսեյդոնը.
Որ դու ամբողջովին ի՛մը լինես այնպես,
Ինչպես ես եմ քոնը.
Որ մի՜ կաթիլ անգամ դու չցրես,
Էլ չեմ ասում՝ սիրե՜ս...
Էլ չեմ ասում՝ սիրե՞ս...
Բայց ես գիտեմ, թե դու ո՜նց ես երկըրպագում,
Ո՜նց ես պաշտում... նրան,
Որ կոչում է քեզ «մայր»:
Ու ես, որ ո՛չ կույր եմ,
Ո՛չ էլ հիմար,
Միշտ մի հարցի առաջ աչք եմ փակում.-
Ո՞վ է առաջինը քո մեծ հոգում.
Ե՞ս եմ արդյոք, թե նա,
Ու վա՜յ թե նա...
Եվ ի՜նչ էլ որ լինի՝
Ես չեմ խանդում նրան,
Ա՛խ, չէ՜, ես լոկ քեզ եմ որդուդ համար խանդում.
Չէ՞ որ նա լոկ քոնն է և... իմը չէ:
Ու ես ո՜նց կուզեի,
Ո՜նց կուզեիր և դու,
Որ նա լիներ ի՛մը,
Որ ինձ «հայրի՜կ» կանչեր,
«Հայրիկ» այնպե՜ս կոչեր,
Այնպե՜ս գոչեր,
Որ աշխա՜րհը լսեր հոր անունը:
Բայց նա քոնն է միայն և իմը չէ:
Ցավն էլ այստեղ է, որ... խորանում է...

X

Հո ասեղ չէ սերը, որ կորցընես,
Իսկ թե ասեղ է նա՝ կթաքցընե՞ս
Ինչ որ բարձիկի մեջ կամ տոպրակում։
Եթե ասեղ է նա՝
Աչք է ծակում...
Դե՛հ, ո՞ւմ լավ հայտնի չէ մեր իսկ թուլությունը.
Մենք բոլորս էլ մի քիչ փսփսուք ենք սիրում։
Իսկ գեղեցիկ սեռի դրությունը
Շա՜տ է նախանձելի այս հարցերում:
Ոմանց համար արդեն դա մի թուլություն է,
Ինչպես ջուր խմելը, հաց ուտելը...
Պատկերացրեք հիմա դուք մեր դրությունը։
Պարզ է. հայտնի դարձավ և մեր սերը:
Ուրիշները դարձան կիսով նրա տերը.
Ե՛վ այս, և՛ այն կողմից տընտըղեցին նրան,
Մերթ թաղեցին նրան,
Մերթ պեղեցին նրան:
Ուրիշ խոսքով ասած՝
Նա մի դրոշ դարձավ,
Որ ո՛չ թե ձեռքից-ձեոք - բերնից-բերա՜ն անցավ...
Չէ՛, ասե՜ղ չէ սերը, որ թաքցընես,
Իսկ թե ասեղ է նա՝
Աչք է ծակում.
Իսկ թե ասեղ է նա՝
Հենց թաքցընես՝
Քո ցանկությանն ընդդեմ կհագցընես
Պոչից երկա՜ր մի թել,
Որ երևա՛ իսկույն։
Մենք ասեղը թելել բնավ չենք էլ փորձել:
Բայց ի՜նչ...
Դուրս է գալիս՝
Հիմար բան ենք գործել.
Կարելի է, ինչ խոսք, սիրահարվել
Միայն... հարկավոր էր խելոք վարվել,
Սուսի՜կ - փուսի՜կ այնպես...
Աստվա՛ծ վկա, այսպես
Չէ՞ որ կարելի է անգամ խելագարվե՜լ:
Ախար իմ ի՜նչ գործն է՝ մարդիկ ո՞նց են անում:
Իմ ի՜նչ գործն է.
Մարդիկ շա՛տ բաներ են անում,
Հազար ու մի տեսակ վա՛տ բաներ են անում:
Ես գործ ունեմ մարդկա՜նց,
Ո՛չ թե ամեն կարգի նրանց արարքի հետ.
Ես գործ ունեմ սիրո՜,
Ո՛չ թե թաքուն կապի հրայրքի հետ.
Միայն աղբյուրի՜ հետ հավերժախոս ու ջինջ,
Եվ ո՛չ հոսանքի հետ հեղեղային.
Եվ ո՛չ երբեք մոր հետ այն տղայի,
Որին չար ընկերն է խաղում դաղում.
-«Է՜յ, բի՛ճ...»:

"Ուշացած իմ սեր" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Շրջանաձև
Դավիթ Բալասանյան

Շրջանաձև

Բարբարայի դիմանկարը
Բարբարայի դիմանկարը
Խաղա առցանց