Պարույր Սևակ

Նահանջ երգով

2

XI

Բայց երբ վերըսկսենք մեր զրույցը կիսատ,
Որ կոչվում է կարծեմ բացատրություն,
Ինչ որ կոկված-սոկված խոսքերի տակ ծանոթ
Պիտի ջանամ ծածկել լռությունըս հսկա,
Որ դրանով, հանկարծ, քեզ չվիրավորեմ:
Միշտ խորհելով նույնը՝ պիտի չասեմ նաև,
Որ ինձանից երբեք դու չե՜ս ազատվելու,
Ինչպես չես ազատվի ո՛չ թե միայն փեշից,
Այլ քո մաշկի՜ց նաև,
Որի վրա
Իմ մատներն են թողել իրենց դաջվածքը խոր,
Որ չպիտի ջնջվի մոռացումից անգամ...
Պիտի չասեմ նաև,
Որ աչքերս էլ փակեմ՝
Իմ հայացքը կզգաս դու քո մեջքո՜վ նույնիսկ,
Անգամ հազարավո՜ր կիլոմետրի վրա:
Ու սայթաքես եթե կամ քայլերըդ խառնես՝
Զուր մի՛ կարծիր, թե դա դարուփոսից եղավ:
Այդ իմ հայացքն է քեզ շփոթեցնում հեռվից...

XII

Էլեկտրական լարին միշտ կիպ ու հուպ
Իր եղանով անկոթ
տրոլեյբուսը
մերթ-մերթ
Շաղ է տալիս կայծի խրձեր խառն ու խռիվ,
Շաղ է տալիս այնպես,
Ասես անտես մի մարդ
Ինչ-որ բան է զոդում
Խավարի մեջ,
Օդում:
Մեր սրտերն էլ չէ՞ որ զոդված էին իրար,
Զոդված էին՝
ասես աստծու հենց ի՛ր ձեռքով.
Ո՜չ մի սպի չկար զոդման տեղում:
Զոդված էին՝
ինչպես մոլեկուլն է զոդված,
Եվ ատոմը...
Ու մենք - բաժանվո՞ւմ ենք:
Հիմա անգիր գիտի ողջ աշխարհը.
Երբ անբաժանելին բաժանում են՝
Անջատվում է ահե՜ղ մի ջերմություն:
-Վկա՝ ատոմն ինքը:
Իսկ մեր բաժանումից... ծնունդ կառնի
Մի այնպիսի՛ ահեղ սառնամանիք ու ցուրտ,
Որ չի կարող չազդել եղանակի՜ վրա:
-Վկան՝ բևեռները...

XIII

Իրոք՝
սառնամանի՜ք,
Այնպիսի՛ ցուրտ իրոք,
Որ կարող է նույնիսկ ահաբեկել
Դեռ նոր սիրահարված այն զույգերին,
Որոնք հանդիպումի այլ տեղ չունեն,
Բացի փողոցներից ձմեռնաշունչ:
Տեղ չունեինք մե՛նք էլ:
Ու ցրտի մեջ ձմռան
Քայլում էինք՝
Ասես կոխկըրտելով
Ոչ միայն ձյուն-սառույց,
Այլև ժամ-ժամանակ:
Իսկ մեր շրթունքներից ու ռունգներից
Ընդհատ պոռթըկացող շնչառությունը տաք
Ասես ծուխը լիներ այն լուռ կրակոցի,
Որ «սոլյուտ» է կոչվում օտար բառով...
Քայլում էինք՝
գուցե ցրտից սրթսըրթալով
Ու թերևըս ցրտից փոքր-ինչ և կուչ եկած,
Բայց... տաքանում էին մեզ նկատող մարդիկ...
Սառնամանիքի մեջ անծայրածիր
Քայլում էինք այնպես, ինչպես հավանաբար
Երկրագնդի երկու սառած բևեռների
Հայտնագործողներն են քայլել մի օր...
Եվ մենք ինչո՞վ չէինք հայտնագործող, ասա՛:
Ես քե՛զ էի գտել,
Գտել էիր դու ի՛նձ...

XIV

Սենյակում բուն դրած հսկա սարդի նման՝
Համայն աշխարհով մեկ իր ոստայնն է փռում
Ռադիո-ընդունիչը:
Երկու մատով
Ես սեղմում եմ նրա սապատները մեկ-մեկ,
Եվ որտեղի՜ց-որտե՜ղ, չանցած երկու վայրկյան,
«Ավե Մարիա»-ն է մսերիս մեջ խրում
Նոտաների փուշը...
Չե՞ս նկատել արդյոք,
Որ հասնում է մի տեղ,
Սարսըռազդո՜ւ մի տեղ,
Երբ նվագող բոլոր գործիքները
Լոկ մի բան են ճչում.
-«Զարմանո՜ւմ եմ»:
Զարմանում եմ ե՛ս էլ,
Միա՜յն զարմանում եմ:
Զարմանում եմ, թե այդ ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս,
Որ կարճ պաչի փոխվեց մեր համբույրը երկար,
Եվ ժպիտըս փոխվեց քմծիծաղի...
...Խավարատյաց էին աչքերն իմ սև,
Մթահալած էին աչքերն իմ մութ.
Զույգ լուսարձակ էին կարծես նրանք:
Զարմանում եմ, թե ո՞նց, ո՞նց պատահեց,
Որ բնակվեց այնտեղ մթին տրտմությունը՝
Ինչպես որ չղջիկը քարանձավում...
...Դու շատ հաճախ էիր իմ մազերը գովում,
Որովհետև ուրիշ գովելու բան չունեմ:
Եվ ինձ զգում էի զորե՛ղ զարմանալի:
Զարմանում եմ, թե ո՞նց իմ մտքով իսկ չանցավ,
Որ կարող ես մի օր դու Դալիլա դառնալ
Եվ քո ձեռքով խուզել մազերը Սամսոնիդ...
...Իմ ձեռքերի գործը քեզ սիրելն էր որ կար՝
Փայել-փայփայելը,
Գրկել-գուրգուրելը:
Հիմա նրանք ի՞նչ են.
Խեղճ գործազո՜ւրկ:
Ու թե նրանց նույնիսկ նշանակեն նպաստ՝
Պիտի հրաժարվե՜ն:
Չզարմանա՞մ...
...Ներսըս հացադուլ է հայտարարել հիմա,
Ու սիրադուլ՝ սիրտըս:
Եվ ոտներս են միայն, որ չեն հայտարարում
Իրենց գործադուլը.
փողոցներում նրանք
Կոշկատակ են մաշում:
Չզարմանա՞մ...
Ու մտքերս են գործում,
Նույն փորձանքն են փորձում.
-Սկըսելով քեզնից՝ վերադառնում են քեզ,
Այն ընտանի սովոր կենդանու պես,
Որ դուրս գալով տնից՝ տուն է գալիս վերջում,
Իսկ տունն արդեն չկա՜:
Չզարմանա՞մ...
Չզարմանա՞մ, ասա՛,
Ինչպե՞ս չզարմանամ,
Որ այսքանից հետո ես, մտովին,
Քո անունն եմ տալիս՝ շա՛տ ավելի հաճախ,
Քան վտանգված նավի ռադիո-հեռագրիչը
Իր ահաբեկ «SOS»-ը...

XV

Դու փորձում ես գտնել արդարացում.
«Սայթաքում են... ընկնում... բայց չէ՞ որ ես... »:
Իսկ ես վերհիշում եմ քո երազը.
Իբըր թե ընկել ես ու ոտներըդ ջարդել,
Բայց... չես կարողանում քայլել ո՛չ թե ինքըդ,
Այլ ե՛ս, քո փոխարեն, ե՜ս չեմ կարողանում...
Ե՛ս, որ երազների չեմ հավատում բնավ,
Հիմա ինչպե՞ս չասեմ,
Ասա՛, ինչպե՞ս չասեմ,
Որ այս երազը ճի՜շտ դուրս եկավ:
Քո՛ ոտներն են ջարդվել,
Քայլել ե՛ս չեմ կարող...

XVI

Դու մեղք բնա՜վ չունես,
Ես այդ գիտե՛մ, գիտե՜մ:
Եվ ուզում եմ ցավըս արդարացման փոխել,
Բայց և հասկանում եմ, որ դա շատ է նման
Մի աչքը շիլ մարդու այն ձգտումին,
Երբ նա նկարվում է միշտ կիսադարձ,
Կարծես պիտի աչքը շտկի նկարվելով...


XVII

Եվ սևահեր-սևաչ կարոտ կնոջ նման,
Ինձ գիշերն է կանչում-հրավիրում՝
Տաք ժպիտով զառ-վառ իր լույսերի,
Իր գինդերով լամպե,
Ռեկլամ-հեռագրերով:
Եվ չգիտի խեղճը,
Եվ չգիտի, թե ես,
Ե՛ս, որ հայացքով իմ
Անցնող-դարձող կանանց
Մեխում էի մի պահ իրենց տեղում
Եվ տիրաբար անխոս հրամայում.
«Կանգնիր՝ քեզ աչքերով սիրե՜մ մի քիչ»,-
Ես դարձել եմ հիմա ինչ-որ էակ անսեռ...
Ու ես դուրս չեմ գնում,
Ես իմ տանն եմ մնում,
Որտեղ մի այնպիսի՛ մթնոլորտ է հիմա,
Այնպիսի՛ գարշ մի օդ, որից հավանորեն
Կսատկեին և՛ ճանճ, և՛ փայտոջիլ...
Իսկ աչքերիս առաջ, նույն սեղանին,
Հարցականի պես կեռ նույն լամպն է միշտ տնկված՝
Կոպիդ այնքա՜ն նման լուսամփոփով:
Ու մտքերս են հիմա իմ ուղեղը խածում՝
Իշամեղուների անտես պարսի նման...
Ու բերանըս հիմա ասես դուռն է դառնում
Այն մութ քարանձավի, որտեղ ձմռան մուտին
Տարթն են կրակ տալիս հովիվները...
Եվ իմ տառապանքը նորից նմանվում է
Մեր լեռնային կեռման կածաններին...
Ա՜խ, այդ լեռնաշխարհը...
Թե լինեի այնտեղ
Եվ այս կեսգիշերին ելնեի բակ՝
Այս արթըմնի ծանըր մղձավանջից
Դուրս հանելու բարի կամեցությամբ,
Ինձ կդիմավորեր մի ողջ հաչո՜ղ երկինք...
Դու չպիտի՛ տեսնես այդ երկինքը երբեք,
Եվ չպիտի՛ զգաս, որ այդ լեռնաշխարհում
Երբ նայում ես վերև՝
Գիշերային երկնին,
Ասես զույգ ա՛չք չունես,
Այլ զույգ հեռադիտա՜կ...
Թե լինեի այնտեղ
Ու դուրս գայի հիմա
Ձեղնածածկ ու կավե մեր տնակից,
«Քար-կշեռքը» պիտի աչքերիս դեմ ճոճվեր:
Ինձ թվում էր, թե նա իր թաթերով
Լույս ու մութն է կշռում ազնըվորեն,
Որ հաշտեցնի երկու վիճող հարևանի՝
Գիշեր-ցերեկվանը:
Իսկ հիմա նա
Հավանաբար պիտի իմ կորուստը կշռեր՝
Մի նժարին դրած քո արդարացումը...


XVIII

Գարնան քայլն եմ լսում.
Հասեհաս է արդեն:
Իսկ դու հեռանում ես:
-Գնաս բարո՜վ:
Գնա՛, սակայն հիշի՜ր.
Կան այգիներ,
Որոնց շուտով երբ դու այցի գնաս,
Ծանոթ ծառերը քեզ պիտի հարցնեն անշուշտ.
-Իսկ ո՞ւր է նա... ո՞նց թե...
Դու մտածիր,
Թե ի՛նչ պիտի նրանց պատասխանես:
Կա նստարան կանաչ:
Պիտի կանչի նա քեզ,
Եթե մինչև անգամ փոխես ճանապարհըդ,
Եվ իր կանաչ դեմքը թուխ բիբերիդ հառած՝
Պիտի հարցնի.
-Ո՞վ է այս օտարը կողքիդ...
Լիճ կա զբոսայգում,
Կան նավակներ ափին:
Ամեն անգամ հենց որ թիերն անվարժ բանեն՝
Ջուրը պիտի հարցնի.
-Ո՞նց թե... առանց նրա՞...
Ճոճ կա լճի ափին,
Հսկայակա՜ն մի ճոճ,
Որ պտույտ է գործում շուրջանակի
Եվ զույգեր է ճոճում՝
Նրա՛ համար կարծես,
Որ նոր ծնված սերը հասունանա:
Ճոճն այդ,
Քեզ տեսնելով ուրիշի հետ՝
Իր պտույտով պիտի գծի մի մե՜ծ... զրո:


XIX

Ես չեմ եղել Համլետ,
Չեմ էլ ուզում լինել.
«Լինել-չլինելը» մեզանից չէ կախված...
Եթե պետք է, որ ես ո՛չ ինձ նման լինեմ,
Այլ անպատճառ ինչ-որ ուրիշ մեկի նման,
Ապա ես կուզեի, շա՜տ կուզեի
Լինել շեքըսպիրյան մի խեղկատակ,
Որ ասեի հենց այն,
Ինչ բոլորը գիտեն,
Բայց բարձրաձայն ասել չեն հանդըգնում...
Սակայն ես դեռևս քեզ սիրում եմ այնքան,
Որ, է՜հ, դուրս եմ գալիս իմ երազած դերից
Եվ կաշխատեմ հագնել Առլեկինի դիմակ.
-Սուտ սե՜ր պիտի խաղամ, անհա՛յտ Կոլոմբինա...


XX

Արդյոք չէի՞ր ուզի գեթ մի պատառ լեգենդ:
Աստված, երբ Մովսեսին գերապատվեց՝
Բոլորի մեջ նրան նախընտրելով,
Եվ պատվիրեց իր ձայնը հասցընել
Մեղքերի մեջ թաղված ժողովրդին,-
Աստված, որ աստված էր՝
Չէր նկատել մի բան.
Իր Մովսեսն էր թլվա՛տ, կակա՛զ, ծանրալեզո՜ւ:
Աստծու համար ի՜նչ կա.
Ամենազոր է նա:
Եվ թույլ տվեց աստված, որ իր զրույցներին
Ներկա լինի նաև Ահարոնը,
Որ, իհարկե, ուներ ճարտար լեզու:
Մովսեսի պես թլվա՜տ,
Մովսեսի պես կակա՛զ՝
Ես որտեղի՞ց գտնեմ մի Ահարոն,
Որ քեզ սիրող սրտիս պատվիրաններն ամեն
Ականջիդ մեջ թողնի՝
Հեռանալուցս առաջ:
Սակայն ինչի՜դ են պետք պատվիրաններն իմ սուտ.
Չէ՞ որ ամեն նոր սեր իր նոր օրենքն ունի,
Ուրեմն ունի նաև արդարացումն իր նոր...
Ու ես պիտի մեռնեմ որոշակի մահով.
-Մի օր ես խեղդամա՜հ պիտի լինեմ,
Սակայն ո՛չ թե ջրում,
թեպետ մինչև այսօր
Չեմ սովորել գոնե կյանքում փո՜քր-ինչ լողալ:
Ապրած-զգացածըս ասել չզորելո՜ւց
Ես կխեղդվեմ մի օր՝
ինչպես մահանում են
Կոկորդի մեջ խցված սուր ոսկորից...

"Նահանջ երգով" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Օրորոցային Մայրիկի համար
Էլեն Յոլչյան

Օրորոցային Մայրիկի համար

Պատերազմ և խաղաղություն
Պատերազմ և խաղաղություն
Խաղա առցանց