Պարույր Սևակ
Առաձայն պատարագ
2
Եվ հարսներ բազում՝ արդար կաթնակեր,
միշտ մեծահարգո ու դեռ չխոսկան,
մոռացած ավանդ ու սովորություն՝
առաջին անգամ ձայն արձակեցին,
ճչացին հանկարծ՝ առաջի՜ն անգամ,
մերկ թևերն իրենց հագուստ դարձնելով
իրենց մերկանդամ ազդրերի համար
և ազդրերն իրենց՝ մերկ որովայնի...
ճչացին հանկարծ՝ առաջի՜ն անգամ,
իրենց կեսուրի փեշից կախվելով,
իրենց կեսրայրի ոտքը պագնելով...
Ձայն արձակեցին - ճչացին հանկարծ
առաջի՛ն անգամ՝
ու վերջի՜ն անգամ՝
իրենց նետելով քարափի քթից,
անդունդի շրթից,
ժայռի եղջըրից,
իրենց հանձնելով փրկարար ջրին՝
եթե կար քարափ, անդունդ, ժայռ ու ջուր...
Իսկ եթե չկա՜ր...
Զուր էր արևը նետում նիզակներ
մարդացուլերի թիկունքի վրա.
նրանք արևից չէին ամաչում,
և ոչ էլ իրենց ատյանից աստծո...
Եվ իզուր էին երկնքից թափվում աստըղ-ասուպներ,
ինչպես որ Կենաց պտղաբեր ծառից՝ խնձորներ հասած.
Եվան այլևս ուտել չէր կարող,
քանզի նա հիմա... բռնաբարվում էր օձից մարդակերպ,
բռնաբարվում էր՝ բազմության առաջ,
իր զավակների սահմռկած-սառած
հայացքի ներքո...
Եվ ո՞վ ձեզ կասի՝
ի՞նչն էր առավել.
գարշա՞նքը նրանց, թե՞ սահմռկումը:
Եվ ո՞վ ձեզ կասի՝
ի՜նչն էր առավել.
նրանց տանջա՞նքը, թե՞ վրեժն անլուր...
Նետերով լեցուն կապարճներ դարձան
նրանց ափերը,
նրբին-մոմաբույր մատները նրանց
նիզակներ դարձան,
նրանց հինայված եղունգները՝ տեգ:
Կռվեցին նրանք՝ կատվի պես վայրի,
մայր վագրի նման,
առյուծի պես էգ:
Կռվեցին նրանք ատամով, թուքով,
կռվեցին նրանք մարմնով ու հոգով,
և, աստվա՜ծ գիտի, հաղթեցի՛ն նրանք
իրենց հնօրյա անարգ թշնամուն՝
ոչ միայն իբրև նորօրյա Հուդիթ...
Թեպետ կապկպված ու գերի տարված,
թեպետ կեղեքված ու բռնաբարված,
փերթվելով թեպետ,
թեպետ ջարդվելով,
թեպետ պարտվելով՝
հաղթեցի՜ն նրանք:
Հաղթեցին նրանք՝ թողնելով մի հարց,
որ ես եմ հիմա տալիս աշխարհին.
-Որտեղի՞ց արդյոք, թուրքին հարց տվեք,
որտեղի՞ց այսքան վայրագ մոլություն:
Մարդկության համար չհայտնագործված այդ ի՞նչ ակունքներ,
բոլորին անհայտ այդ ի՞նչ ջրհորներ ունի տակավին
հաճույք ասվածը նրանց ընդերքում՝
հոգի հորջորջված իրենց որջերում գազանաբնակ:
Եվ ո՞վ կարող է, իրենցից բացի, հասկանալ մի կերպ
հեշտին հաճույքը, վսեմ վայելքը այն վեհ վայրկյանի,
երբ Մարիամ-Մարի-Սրբուհի կոչվող
տակավին մանուկ աղջընակներին
կեղեքում էին՝ բոլորի առաջ,
կեղեքում էին՝ ամբողջ ոհմակով,
կեղեքում էին՝ տաճարների մեջ, սուրբ խորաններում,
և մինչև անգամ մեկ ա՛յլ Մարիամի՝
միա՜կ Մարիամի սրբանկարի կտավի վրա...
-Եվ դո՛ւ, Կո՜ւյս Մարիամ, չմիջնորդեցիր,
որ Որդիդ գոռա.
-Բեկանեմ շանթե՜ր...
Եվ ո՞վ կարող է, բացի իրենցից, մի կերպ հասկանալ
այն վեհ վայրկյանի վայելքը վսեմ, հաճույքը հեշտին,
երբ կախում էին այսպես կեղեքված - տանջահար կանանց,
կախում... ոտքերի՜ց,
գլխիվա՜յր կախում,
և այնպես կախում,
որ մայրակառկառ ձեռքերը մանկանց մորը չհասնեն
և հոդախախտվող բազուկները մոր չհասնեն մանկանց...
Եվ դու, Տիրամա՛յր, լռեցի՜ր կրկին
նրանց չարչարանք-հարանքի հանդեպ,
ու Որդիդ չասաց.
-Բեկանեմ շանթե՜ր...
Եվ այսպես՝
բոլոր իսկուհի կանայք
մեռան Գորշ Գայլի որջերում մթին,
մարմնապե՛ս մեռան, մեռա՜ն հոգեպե՜ս:
Տիկնայք փափկասուն, գգյալ ու գգվյալ,
խորդենու նման տնաբույս կույսեր
նահատակվեցին անապատներում
և՛ արմատախիլ, և՛ բնակոտոր,
փլատակվեցին քարափներն ի վար,
ու թե փրկվեցին՝
խեղդվեցի՜ն հավետ,
խեղդվեցին և՛ մամ, և՛ աղջիկ, և՛ թոռ.
կանացի մի ո՜ղջ մահապուրծ աշխարհ
դարձավ խեղանդամ և անդամալույծ...
Եվ դու, Տիրամա՛յր, դու չեղար միջնորդ,
որ Որդիդ ասեր.
-Տալի՛թա, կումի՜...
Փոքրի՜կ, շա՛տ փոքրիկ գութն էլ է ազդում
մարդկության վրա համայն աշխարհի՝
գազանի մորթուց և՛ս պնդարմատ մի մազ պոկելով:
Այդ գո՜ւթը չկար:
Փոքրի՛կ և նույնիսկ շա՛տ փոքրիկ սիրուց
փոխվում է օդի բարեխառնությունն ամբողջ աշխարհում:
Այդ սե՜րը չկար:
Կար մի հրաման, անխա՛խտ հրաման.
-Բովանդա՜կ մի ազգ իր պետ ու ծետով,
մի ո՜ղջ ժողովուրդ ճռաքաղ անել՝
մոռացած ալլահ, փեյղամբար ու խիղճ,
խի՛ղճ, որ մինչևիսկ շունը չի ուտում,
իսկ սրանք նույնիսկ լափեցի՜ն շտա՛պ,
և թվում է, թե... մարսեցին նաև...
Ճռաքա՜ղ անել և արմատախի՛լ,
բոլո՜ր ձեռքերով ու միջոցներո՛վ...
Եվ սրածումին թիկնապահ դարձավ
անլուր աքսորը,
ու ծարավի հետ սովը դաշնակցեց՝
ամենազորը:
Ու տրոփեցին բզկտված սրտեր՝
մերկ թաթերի մեջ ու կրունկների,
սրանց բաբախուն ցավին համաչափ:
Տրոփվեց նաև մի կտոր տաք կամք՝
նույն կրունկերի ու թաթերի մեջ,
սրանց բաբախուն ցավին համաչափ...
Ամենուր փռված անթաղ դիերից հողն էր որդնոտել՝
Հոբ երանելու խեղճ մարմնի նման,
իսկ սրանց ոտքերն՝ ավելի՛ ևըս...
Կարեվեր ոտքից թունոտ փուշ կամ մեխ ձգել-հանելը
արգելված էր խիստ,
արգելված այնպե՛ս,
ինչպես փեյղամբար Ալիին Վալի վերանվանելը:
Իսկ եթե նույնիսկ իրավունք լիներ՝
փաթաթա՜ն չկար,
լաթի մի կտո՜ր.
նրանց վրայի հագուստ կոչվածը արդեն չէր պահում
նույնիսկ կարկատան,
որ խղճի նման մի բան էր դարձել...
Իսկ ագռավների ու ցիների հետ
սրանց ամենուր միշտ շրջապատող
վաչկատունների կանայք գիշատիչ
զարդարված էին սրանցից խլված հագուստ-կապուստով.
փոթ-փոթ զգեստներ
(գարնան ու ամռան ճոխ մանրանկա՜ր),
զառ-վառ գոգնոցներ և ուսանոցներ
(աշո՜ւն պահածո),
ակներ՝ հազվագյո՜ւտ
(կարեկցանքի՛ պես),
նույնքան հազվագյուտ զարդեր ու զուգսեր,
որոնց միամիտ շողարձակումը տալիս էր նոր փայլ
իրենց նորահայտ տիրուհիների վայրի հայածքին...
Իսկ հապա դրանց դև տղամարդի՜կ...
Իրենց մարմինը դեռ գազանների մորթիով ծածկող,
տակավին քեչա ու փալաս հագնող այդ նախամարդիկ,
դեգերում էին հիմա ամենուր՝
զուգված-զարդարված
արծաթաբանյալ ու ոսկենըկար այն շուրջառներով,
ա՛յն եմիփորոն-վակաս-լանջանոց-խույրով շողշողուն,
որ պոկել էին
իրենց սպանած
քահանա-երեց-եպիսկոպոսաց անթաղ դիերից...
Ո՞վ պիտի ասի սրանց ահռելի երեմիականը:
Կրակի տալով սրանց ալեզարդ բեղ ու մորուքը՝
տաքացնում էին սառնասրտորեն
իրենց խոշտանգիչ պես-պես զենքերը,
որ արեգակի կենտ աչքի առաջ
կտցելով հանեն նրանց աչքը զույգ,
որ գամեր մեխեն նրանց քունքի մեջ,
շիկացած մեխեր գամեն կրծքերին,
մեջք ու միջակը սղոցո՜վ հատեն՝
իրենցից պաշտված Եսայու նման...
Ո՞վ պիտի գոչի սրանց ահարկու եսայիականը:
Իսկ ով տակավին հետն էր իր հոտի,
ովքեր տակավին չէին սրբացել,
հոտի հետ մեկտեղ ու հոտի նման
գլխաբաց ու մերկ
քայլ էին փոխում
և արնադրոշմ իրենց ոտքերով քարշ էին տալիս
իրենց մարմինը՝ թիապարտի՜ պես,
կաշվի մեջ միայն ոսկոր պարփակող,
փետրի պես թեթև իրենց մարմինը,
որ ծանրացել էր
տիղմի մեջ խրված մեծ նավի՛ նման...
Ո՞վ պիտի գոռա նրանց ահարկու եսայիականը...
Եվ խոտաճարակ ու քրձահանդերձ այդ հոտի տեսքից
զարհուրում էին
ու կաղկանձելով փախս էին տալիս նույնիսկ շները:
Իսկ երբ պառկելու իրավունք էին հանկարծ ստանում՝
մարդընտելացած թռչուններն էին հարձակվում
նրանց խմբերի վրա՝
նրանց դնելով ծանոթ դիերի ու լեշերի տեղ
ու թույլ չտալով, որ հանգչեն մի քիչ,
մի փոքըր քնեն:
Իսկ ինչո՞ւ քնել,
եթե թռչնային նրանց քունն անգամ
լեցուն էր ահով ու զարհուրանքով:
Նրանց երազում
գիշերը միայն վհուկ չէր կարծես,
այլ նաև կավատ,
որ ծախում կույսեր
ու կուտակում էր անառակություն...
Իսկ ինչպե՞ս քնել, իսկ ինչպե՞ս քնել,
եթե սատանան, քաղցի տեսք առած,
բնակավայր է դարձըրել ներսդ՝
խեղճ աղիքներըդ,
որ գալարվում են՝
բռնաբարումից խույս տալ ջանացող
հեգ աղջիկների
մերկ մարմինների վտառի նման...
Եվ մի ժողովո՛ւրդ,
որ հացն էր պաշտում՝ նշխարի տեսքով,
մեռնում էր ահա առա՜նց նշխարի...
Եվ մի ժողովո՜ւրդ, որ իր գոյությամբ
հանապազօրյա հաց էր միշտ եղել
մի հսկայական կայսրությա՜ն համար,
մի ո՜ղջ ժողովուրդ մեռնում էր հիմա
հանապազօրյա հացի՜ կարոտով...
Մարդն էր հաց ուտում,
իսկ հիմա արդեն... հացն էր մարդ ուտում
Շո՜ւքըր ալլահա:
Եվ այսպես՝
անհաց-անջուր-անհագուստ,
հաճախ անհավատ,
բայց և անվհատ՝
նրանց կարեվեր քայլն էր տրոփում
անծանոթ-անհայտ ճանապարհների անհատնության մեջ,
անապատային հորիզոնների խուսափուկության,
ակամա տենչված հանգրվանների անհայտության մեջ
և ինքնահոլով-ինքնակրկընող հուսաբեկության:
Եվ քայլում էին...
Ետ նայող չկա՜ր:
Ետ նայողն իսկույն մեխվում էր տեղում՝
թշնամու թրով
կամ սրով սովի:
Եվ մահացածի վաղուց ցամաքած կուրծքը ծծելով,
բյուրավոր մանկունք դուռն էին ծեծում
ա՛յն Քավարանի՝ ա՛յն Ալ Արաֆի,
որ ասես լիներ զնդան թուրքական.
ասեղ գցելու տեղ անգամ չկար...
Իսկ ով չէր մեռնում այսքանից հետո,
ով համառում էր տակավին ապրել՝
մի բարեխնամ ձեռքով հավաքվում,
տարվում էր մոտիկ որբանոց մի տաք,
ուր սովալըլուկ-կիսամեռ որբին
ճաշ էին տալիս, սուլթանավայե՜լ,
մի ճաշ, որ ուներ լոկ մի թերություն՝
աղն էր քիչ պակաս
և շատ էր... թույնը...
Փոքրի՜կ, և նույնիսկ շա՛տ փոքրիկ սիրուց
փոխվում է օդի բարեխառնությունն ամբողջ աշխարհում:
Այդ սե՜րը չկար:
Փոքրի՜կ, շա՜տ փոքրիկ գութն էլ է ազդում
մարդկության վրա համայն աշխարհի,
Այդ գո՜ւթը չկար:
Կար մի չգրված - բնազդով տրված հրաման անգութ.
եթե կանգ առնել, ապա կանգ առնել
հարևանությամբ հացի փռերի,
որ յուրաքանչյուր բջիջըդ ոռնա,
և ամեն ջիղըդ ապստամբ դառնա,
և ամեն մազըդ քեզ ցնցի հուժկու...
Եթե կանգ առնել, ապա կանգ առնել
գետերի ափին, աղբյուրների մոտ,
և ոչ մի դեպքում... մի կում չխմել,
որ հրատոչոր քո լեզուն դառնա
կախվածի բերնից դուրս ընկած լեզու,
և քո պտըտվող աչքերն էլ դառնան
արևածաղկի նման ջրծաղիկ...
Իսկ եթե քնել՝ ապա լոկ քնել
դափ-դատարկ ու տաք իջևանատան,
զորանոցի մոտ դափ-դատարկ ու տաք,
բայց ոչ նրանց մեջ,
այլ երկնքի տակ՝
արյունով թրջված,
թարախով թացված
քարին ու փշին ընկողմանելով
և վերհիշել կեղեքիչ տեսքը անկողինների՝
քրոջ պես մաքուր,
սիրած կրծքի պես ճերմակ ու փափուկ
ու երեխայի ափի պես տաքուկ
այն ավանդական անկողինների,
որ սրանց առջև փակ էին արդեն՝
դարպասի նման Օտոման բանկի,
ա՛յն ծանոթ բանկի,
փորձանո՜թ բանկի,
որ դանայական տակառի նման
կլլելով սրանց՝
բյուր մեռնողների ու բյուր մեռելոց
արյուն-քրտինքը,
միլիոն միլիարդը,
չէր թողել նույնիսկ մեկ ուրիշ տակառ՝
Դիոգենեսի՛ տակառը ծանոթ,
որի մեջ սրանք ապրեին գոնե
և հիմա այսպես չմրմնջային.
«Աղուեսանց գոն որջք,
թռչնոց երկնից՝ բոյնք,
այլ որդւոյ մարդոյ
ո՛չ գոյ ուր դիցէ զգլուխ իւր իսկ»...
Դիոգենեսի տակառից էլ զուրկ՝
յուրաքանչյուրը այս խլյակներից
Դիոգենես էր մի յուրատեսակ.
մահվամբ ճառագող աչքերով երկու,
իբրև ճրագով,
օրը ցերեկով
մարդ էին փնտրում, սակայն... մա՜րդ չկար:
Մարդը կորել էր,
ինչպես որ հանկարծ կորչում է ջուրը՝
անապատներում կամ լեռնածերպում:
Եվ նա կորել էր ո՛չ այստեղ միայն՝
այս Գորշ Գայլ պաշտող միլիոնների մեջ,
այլև ամենո՜ւր.
աշխարհում ամբողջ
մարդն զբաղված էր մարդասպանությամբ,
իսկ սրանք՝ նաև... ազգասպանությա՜մբ՝
աչքերի առջև բոլո՜ր ազգերի,
և մե՜ծ ազգերի, հաղթո՜ղ ազգերի,
այս լեռնակղզու ազգովին խաչվող
բնակիչներից բարեկա՜մ կոչվող
ազգերի սառած աչքերի առաջ:
Ա՜խ, այս գերազնիվ-գերքաղաքակիրթ բարեկամները,
որոնց սուտ ու փուտ բարեխոսություն-բարեբանումը
դարձավ այն պագը,
որ անմահացրեց հայտնի Հուդային,
իսկ հանրահայտնի մի ազգ... մահացրեց՝
հոգեվարքի մեջ նո՛ր հասկացնելով,
թե ով աշխարհիս այս ջոջերին է հավատ ընծայում
միամտաբար և ասպետորեն՝ Դոն-Կիխոտի՜ պես,
նա վերջ ի վերջո մենախոսում է... Համլետի՜ նման՝
չկարենալով խլացնել մեկ այլ մենախոսություն.
«Հայոց հարց չկա, քանզի... հայ չկա»...
Սակայն հայ դեռ կա՜ր,
և հայե՛ր կային:
Կար աքսորյալի մի քայլ երերուն,
կար սովագարի աչք անմարդկային,
և անապատ կար՝
տա՜ք,
իբրև ապտակ:
Կար սողք ու թռիչք համաճարակի,
բայց և կար կամքի մի կենտ արագիլ,
որ փլատակվող երկինքների տակ
ու մշտաբորբոք անշեջ կրակի
շեկ շեղջի վրա կանգնած էր արդեն
ո՛չ թե մեկ ոտքով,
այլ երկո՜ւ ոտքով...
Կար եռամատնյա մի խաչակնքում
և եռամասնյա մի մեծ նպատակ,
որ պիտի սրանք դեռ կատարեին:
Նախ՝
կատարեցին միակ կարելին.
թրի-սրի դեմ,
հրի դեմ, ջրի,
հրանոթի դեմ ու գնդացըրի,
երեկվա նման ու վաղվա նման
մարտնչում էին առկա-ատամով,
կռվում կրունկով,
թաթով ու ծունկով՝
Վանում, Ուրֆայում, Մուսայի վրա,
Գարահիսարի կիսավեր բերդում...
...անխուսափ մահվան կարմիր սգերթում,-
անհայտ-անվանի սրբազա՜ն խենթեր,
որ մահվան շնչից չտատանվեցին
և... դրոշակո՛վ չպատանվեցին,
այլ լոկ հեռվահաս ու բազմադարյան
իրենց ծփացող ծիրանի արյամբ...
Եվ կատարեցին կիսակարելին.
ահի՜-մահի դեմ,
հովի-սովի դեմ,
արնահոսի դեմ
ու բարբարոսի՝
ջուրն էին նետում իրենք թե՛ իրենց,
թե՛ իրենց որդոց,
թույն տալիս իրենց սիրասուն կանանց
և աղջիկներին,
սպանում մորը,
սպանում հորը
և... խելագարվո՜ւմ,
և... խելագարվո՜ւմ,-
արդեն կրկնակի՛ սրբազան խենթեր,
որ զորեղ էին, ո՛չ ամենազո՜ր՝
այլևըս անհաղթ ու անպարտելի,
այլևըս հաղթած ոսոխին, աստծուն...
Կատարում էին և... անկարելին.
այսքանից հետո չէի՜ն մահանում՝
պահվելով իրենց հարազատների դիակների տակ,
ապաստանելով ոչ երկոտանի, այլ չորքոտանի
գազանի որջում,
ապաստանելով այն միա՜կ աստծուն,
որ դեռ չէր ժխտված
և որ կոչվում էր ինչպես Պատահմունք,
այնպես էլ Դիպված...
Ապաստանելով, վերջապես, նաև... կանանց տարազին:
Եվ առյուծաձև-արջակոխ լաճեր,
ճետեր արծվաձագ
ու մանչեր կորյուն,
որ ծնվել էին կարծես գլխարկով,
հիմա՝ զինազուրկ և ունայնաձեռ,
հիմա՝ նշանված կնիքով մահվան,
այլևս ուժաթափ՝
նաև ուշաթափ՝
լաչա՜կ կապեցին իրենց գլխներին
և խառնվեցին թափորին կանանց,
որպեսզի գուցե հաջողեն փրկվել:
Կարծես գլխարկո՜վ ծնված մայրերից՝
լաչակը հիմա այս խակ այրերի
գլուխն էր այրում առավել գուցե,
քան թե շիկացած թասն այն պղնձե,
որ դրվեց գլխին իրենց հայրերի՝
լաչակի տակից փայլակ արձակող աչքի դեմ իրենց:
Եվ շրջազգեստը կպչում էր նրանց՝
թերևս ավելի խենեշ ձևերով,
քան առևանգիչ վաչկատունների բազուկները պիղծ
իրենց մայրերի կողին սուրբխորան
և քույրիկների երկգմբեթ վանքին:
Եվ այս ամենը՝
լաչակի տակից շանթեր արձակող իրենց աչքի դեմ...
Եվ ով ճողոպրեց, փրկվեց մազապուրծ՝
ո՛չ մի ակնթարթ նա չմոռացավ
ու երբևիցե չի՜ մոռանալու
իր կրած անլուր անպատվությունը
և անպատմելի ողջ պատմությունը
յուրայնոց ու յուր...
Եվ ասում եմ ձեզ՝
մարգարեի պես.
-Օ՜, կնատարազ այրերի ոխի՛ց վախեցեք կյանքում
և սարսափեցեք նրանց վրեժի՜ց անբեկանելի:
Եվ ո՜ւր էլ լինեն այդ կնատարազ այրերի որդիք,
ինչքա՜ն էլ լինեն իրարից բաժան, իրար անճանաչ՝
նրանց հաշվեցեք հատո՛ւկ զորագունդ,
և նրանց շնչից դեռ օդը պիտի լցվի սարսուռով,
ու հողն ունենա երկրաշարժային գլխապտույտներ...
Օ՜, կնատարազ այրերի քենի՛ց դողացեք անվերջ
և սահմռկեցեք վրեժի՜ց նրանց,
որ սրբազան է այն շարժումի պես,
ինչ երդում տվող աջն է կատարում
կրծքի ձախ կողմին՝ սրտին դրվելիս...
-Ուխտըդ ուխտակա՜ն, ո՜վ սրբազան խենթ,
Ուխտըդ ուխտակա՜ն...
Եվ դո՛ւ չես ասում, ո՛չ էլ դուք,
այլ ե՜ս,
Ես՝ Սիս-Մասիսըս,
այդ ես եմ ասում
անդո՛ւլ-անդադա՛ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով,
Գողթան երգերի չափով մարտական,
բամբ բամբիռների հնչումով հատու
Սիսն ու Մասիսն են ղողանջում անվե՜րջ-անդադա՛ր-անդո՜ւլ.
ով ականջ ունի,
հավատո բլթակ՝
նա լսում է միշտ,
լսում է նրանց հանգերգը թնդուն,
որ թարգմանվում է դարձյալ զույգ բառով.
ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ
Հեռագրական մեքենաները
իրենց երկաթե սուր ժանիքներով
անվերջ կծոտում ու խածոտում են
թղթե բարալիկ ժապավենները,
որ խուսափելով այդ խածոտումից՝
տարածվում են շուտ ու գոտևորում համայն աշխարհը՝
«Վերջին լուրեր»-ով.
-Ինչ-որ փլուզված հանքում մեռել են
մի քանի հոգի...
-Ինչ-որ տեղ մեկին աքսոր են քշել
կամ սպանել են...
-Ինչ-որ տեղ ինչ-որ մի հանցապարտի
չեն մահապարտում...
Եվ անմիջապես գոռում-ճչում են
աշխարհիս բոլոր օրաթերթերը՝
տագնապից-ցավից-ցասումից չռված մեծ-մեծ տառերով.
և ձայնասփյուռի կետ-կայաններից
հաղորդավարներն իրենց թավ-թավշյա-թունավոր ձայնով
ողբերգականի շեշտերն են շարում
ամեն մի բառի ու տառի վրա.
շարժանկարի սարքերն են իսկույն չխկում ու վխկում.
և ամենուրեք ժողովներ (ճառե՜ր) ու ցույցեր (բողո՜ք),
թաքուն-բացահայտ սպառնալիքներ
(կառավարական հուշագրերի՜ բառերով շխկուն)...
Սակայն, դեռ երե՛կ, մի հա՜նք չէր փլվում,
այլ մի բովանդակ երկի՛նք անողոք,
և փլվում ո՛չ մեկ, ո՛չ էլ տասնըմեկ,
այլ միլիո՜ն ու մեկ թշվառի գլխին
և փլվում-փռվում աշտարակի պես բաբելոնական.
մարդիկ այնուհետև մոռացան իրենց մայրենի լեզուն՝
մարդկայներե՜նը...
Եվ երեկ ո՛չ մեկ, ո՛չ էլ տասնըմեկ,
այլ միլիո՜ն ու մեկ մարդ էր հռնդում
մի համատարած-բացօթյա բանտում...
Եվ սովամահ էր լինում, բռնությամբ,
քարից հաց քամող մի ամբո՜ղջ երկիր...
Աքսոր էր քշվում բովանդա՜կ մի ազգ
ու տաշվում-մաշվում բովանդա՜կ մի ցեղ...
Եվ այն ժամանակ, երե՛կ տակավին,
ո՞ւր էր աշխարհը և ի՞նչ էր անում,
ո՞ւր էր ականջը հանուր մարդկության,
որ չանսաց, օ ո՛չ, չուզեցա՜վ լսել
մի ամբողջ ազգի կանչը կաղկանձուն.
-Կոչեմ ապրողա՜ց...
Եվ այն ժամանակ, երե՛կ տակավին,
ո՞ւր էր աշխարհը և ի՞նչ էր անում,
ո՞ւր էր օրենքը հանուր մարդկության,
որ հանցապարտին չմահապարտեց...
Նա հանցապարտին չմահապարտեց
և դրանով իսկ բրդեց մի ապուր,
որ 20 տարի անցնելուց հետո
հենց ինքը խռթեց ամբողջ 10 տարի:
Եվ ասում եմ ձեզ՝
ուշացածի պես.
-Մե՜ր, նա՛խ մեր, լո՛կ մեր ապրածը հետո
վերապրեց ինքը աշխարհը համայն՝
երբ Վիլհելմ Հաջին Հիտլերին ծնեց,
և Թալեաթը ծնեց Հեբբելսին.
երբ չեթեն իրեն էսէս անվանեց,
և ենիչերին կոչվեց գեստապո,
շեհիդն ու միլլին՝ պատերազմ տոտալ,
Նոր կարգ՝ հիքմեթի հոքյումեթը հին,
հագգ դին ասվածը՝ նորակոչ նացիզմ,
և ցեղը՝ ռասսա,
ժոյն թուրքը՝ ֆաշիստ...
Եվ ասում եմ ձեզ՝
ուշացածի պես,
կրկնում եմ նորից,
որ կրկնեք և դուք.
-Հին Չանգըրըից իր սկիզբն առավ Բուխենվալդը նոր,
Օսվենցիմների սկիզբը դրվեց Դեր-Զորում միայն,
Մայդանեկները Զիարեթներում հիմնադրվեցին,
Դախաուները՝ Էնկյուրիներում, Ռաֆֆայում, Բաբում...
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
"Առաձայն պատարագ" ստեղծագործության մյուս մասերը
Յատուկ Երաժշտություն
Ալեքսանդր Սպենդիարյան
Երևանյան էտյուդներ
Անի. Կանանց ելքը եկեղեցուց, 1905
Խաղա առցանց