Նար-Դոս

Ճշմարիտ բարեկամը

III

Սակայն, այն զգացմունքը, սերը, որ պաշարել էր նրա բոլոր գոյությունը, շուտով կարողացավ լռեցնել տալ նրա մեջ խղճի խայթը, և այն քաղցր հույսը, որ մի ժամից հետո դարձյալ պիտի տեսնի նրան, խոսի նրա հետ, նորից լցրեց նրա սիրտն անսահման բերկրանքով... նա շտապով սրբեց յուր արցունքն և ջերմագին գրկելով Տիգրանիկին, շշնջաց.

Ոչինչ, Տիգրանիկս, ոչինչ չկա, մի վախիր… բայց այսօր, դու ուսումնարան չպիտի՞ գնաս:

Ինչպե՞ս չէ, մայրիկ, բայց դու լաց ես լինում…

Ես այլևս լաց չեմ լինիլ, Տիգրանիկս... այս մեկն աjսպես պատահեց... Դու գնա ուսումնարան, իսկ ես կերթամ հագնվելու, որովհետև այսօր պարոն Սուրեն Արևելյանը պիտի գա, և լավ չէ այսպես ներկայանալ...

Գնում եմ, մայրիկ, բայց տես, եթե դու դարձյալ լաց ես եղել, ես էլ լաց կլինեմ:

Մայրը ծիծաղեց, իսկ երեխան, պինդ փաթաթվելով նրա վզովը, մի քանի անգամ համբուրեց նրան և դուրս վազեց սենյակից: Մայրը նայեց նրա հետևից, բայց նրա հայացքի մեջ չէր փայլում մայրական ամենաքնքուշ սիրո այն հրճվանքը, որ ամենապարզ կերպով ցույց է տալիս այն սերտ, անքակտելի կապը, որ միացնում է մոր սիրտն յուր զավակի սրտի հետ... Մի քանի րոպե նա մնաց անշարժ նրա հետևից նայելիս: Վերջապես հառաչեց և տխուր ու անվճռական քայլերով գնաց յուր սենյակը:

Կես ժամից նա արդեն բոլորովին հագնված, պատրաստ էր և կանգնած հայելու առաջ նայում էր նրա մեջ:

Ա՛խ, ինչո՞ւ ես այսպես գունատ եմ, ասում էր նա տխուր նայելով յուր դեմքին, բայց նա չգիտեր, որ այդ գունատությունն ավելի էր սազում նրա դեմքին, քան շատերի կարմրությունը:

Նա մոտեցավ սեղանին և վերցրեց կարմրադեղը, բայց հանկարծ մի տեսակ զզվանքով շպրտեց այն դեպի սենյակի մյուս ծայրը, և կանչեց.

Երբե՜ք. երբե՜ք...

Նա գնաց հյուրասենյակը, որտեղ միշտ ընդունում էին Սուրեն Արևելյանին, և նրա առաջին գործը եղավ նայել ժամացույցին. տակավին կես ժամ կար մինչև նրա գալը: Նա նստեց բազկաթոռի մեջ և աչքերը հառեց ժամացույցի սլաքներին, նրան մեկ թվում էր, որ նրանք շատ դանդաղ են շարժվում և մեկ՝ ամենաարագ կերպով, որովհետև այդ րոպեին նրա մեջ գործում էին երկու հակառակ զգացմունքներ սեր և խիղճ: Սերն ասում էր՝ «պիտի տեսնես նրան, որովհետև այդ քաղցր է», իսկ խիղճը «ո՛չ, որովհետև այդ հանցանք է»: Արդյոք որի՞ն լսել նրանք գործում էին միահավասար ուժերով– առաջինին, բայց ինչպե՞ս պիտի դիմանար նա այն անտանելի կրակին, որ երկրորդը պիտի ձգեր նրա սրտի մեջ... երկրորդի՞ն, բայց նա ամենապարզ կերպով զգում էր, որ առաջինը նրան մի վայրկյան անգամ հանգստություն չպիտի տար... Որպիսի անել դրություն... Սակայն, մարդս այն աստիճան անհեռատես է, հաստատակամությունն այն աստիճան թույլ արմատներ ունի ձգած նրա սրտի մեջ, որ նա ավեւի շուտ անձնատուր է լինում ցանկությանը, կրքին, քան լսում ու հետևում յուր ներքին ձայնին: Այդ միևնույնը պատահեցավ և տիկնոջ հետ. նա անձնատուր եղավ յուր սիրույն, որովհետև հասկացավ, զգաց վերջապես, որ կռվել այլևս անհնարին է:

«Թող այսուհետև ինչ որ ուզում է լինի, բայց ես զգում եմ, որ առանց նրան ինձ համար շատ դժվար է ապրել»... վճռեց յուր մեջ մանկահասակ կինն և նույն րոպեին ժամացույցը զարկեց տասնևմեկն, իսկ նախասենյակում լսվեցավ զանգակի ձայնը: Մանկահասակ կինն ամբողջ մարմնով ցնցվեց և աչքերը դարձրեց դեպի դռները: Չանցավ երկու րոպե, դուռը բացվեցավ, և շեմքում երևաց Սուրեն Արևելյանն յուր մշտական լուրջ դեմքով:

Տեսնելով նրան, Եղիսաբեթը չկարողացավ իրեն զսպել, նա իսկույն վեր թռավ տեղից, գրեթե վազեց դեպի նա և, մեկնելով նրան յուր քնքուշ ձեռքը, կանչեց մի տեսակ ուրախ ձայնով.

Պարոն Սուրեն Արևելյան... բարյավ ձեզ:

Բարյավ ձեզ, տիկին, ասաց յուր լուրջ ձայնով Սուրեն Արևելյանը, սեղմելով նրա ձեռքը, ինչպե՞ս եք:

Մենք բոլորս էլ ողջ և առողջ ենք... բայց դուք եք, որ այս ամբողջ մի շաբաթը մեզ բոլորովին մոռացաք... Քանի անգամ մենք եկանք հյուրանոցը ձեզ տեսնելու, բայց ոչ մի անգամ չկարողացանք ձեզ այնտեղ գտնել:

Ցավում եմ, որ ես ձեզ այդքան անհանգստություն եմ պատճառել, տիկին, բայց և այնպես ես մեղավոր չեմ, որովհետև այս մի շաբաթն ես զբաղված էի ճանապարհի պատրաստությամբ:

Սուրեն Արևելյանի վերջին խոսքերը կայծակի ազդեցություն ունեցան տիկնոջ վերա:

Դուք արդեն հեռանո՞ւմ եք այստեղից, շուտ և նկատելի անհանգիստ ձայնով հարցրեց նա:

Այո:

Բայց ե՞րբ…

Շատ կարելի է, մի կամ երկու օրից հետո:

Մանկահասակ կնոջ դեմքը բոլորովին փոխվեցավ: Նա մտքովն անգամ չէր անցկացրել, որ Սուրեն Արևելյանն այդպես շուտ կարող էր հեռանալ... նա վախեցավ, որ չլինի թե իրեն մատնի, բայց նրա բախտից Սուրեն Արևելյանն երբեք նրան չէր նայում: Նա արդեն նստել էր հանդարտ բազկաթոռի մեջ և նայում էր դեպի դուրս, որտեղից թռչունների ուրախ ճռվողյունը ներս էր թափանցում սենյակը, ուր մի րոպե լռություն էր տիրել:

Բայց ինչո՞ւ այդպես շուտ եք հեռանում այստեղից, վերջապես հարցրեց Եղիսաբեթը, աշխատելով որքան կարելի է ձայնին լուրջ եղանակ տալ, որի մեջ, այսուամենայնիվ, մի փոքր դող էր լսվում:

Շուտ չէ, տիկին, դեռ իմ հաշվով ես ուշացել եմ:

Բայց մի՞թե կարելի է Ասիայում ճանապարհորդել, պ. Սուրեն Արևելյան... Հազար ու մի վայրի ցեղեր են թափառում այնտեղ, և մարդ ամեն մի քայլափոխում կարող է վտանգի ենթարկվել նրանց ձեռքից...

Այդ ինձ համար նշանակություն չունի, տիկին: Ինչպես ամեն մարդ, նույնպես և ես, վաղ թե ուշ, բայց մի անգամ պիտի մեռնեմ, իսկ այստեղ, թե վայրենի ցեղերի մեջ այդ ինձ համար միևնույն է: Իմ սերս դեպի ճանապարհորդությունն այնքան մեծ է, որ ոչ մի վտանգ նրա դեմն առնել կարող չէ:

Այդ բոլորովին անտարբերությամբ արտասանած խոսքերն այն աստիճան ազդեցին տիկնոջ սրտի և ուղեղի վերա, որ ակամայից նրա աչքերի առջև ներկայացավ, թե ինչպես վայրենի ցեղերը պատառոտում են այդ մարդուն, որի հետ այնքան սերտ կապով կապված էր նրա սիրտը: Նա սոսկաց ակամայից և մի քայլ առաջ գնաց դեպի նա, որպես թե կամենալով ազատել նրան վայրենի ցեղերի ճիրաններից... Նա պատրաստ էր ընկնել նրա վզովը, ամուր սեղմել նրան յուր կրծքին և բացականչել, «Ո՜չ, դու երբեք չես գնալ այնտեղ, ես քեզ չե՜մ թողնիլ... Բայց նա շուտով կարողացավ իրեն զսպել, շուռ եկավ և, գրեթե օրորվելով գնալով դեպի դաշնամուրը, նստեց նրա մոտ աթոռի վերա: Նա վերցրեց ձայնագրատետրը և մեքենայաբար սկսեց թերթել այն, մինչև որ կհանդարտվեր: Երբ բոլորովին հանդարտվեց, ձայնագրատետրը դրեց յուր տեղն և հարցրեց ճնշված ձայնով.

Սակայն մի՞թե իսկապես դուք չունեք ո՜չ մի բարեկամ, ո՜չ մի... սիրող սիրտ, որի համար դուք զոհեիք, թողնեիք ընդմիշտ այդ մտադրությունը...

Սուրեն Արևելյանը վայրկենապես միայն նայեցավ ուղղակի նրա աչքերին և պատասխանեց սովորական կերպով.

Ոչ:

Սենյակում տիրեց լռություն: Եթե այդ ժամանակ Սուրեն Արևելյանը նայեր մանկահասակ կնոջը, նա իսկույն կնկատեր, որ նրա մեջ մի ինչ-որ սոսկալի կռիվ է կատարվում: Նրա սիրտն այնպես արագ էր բաբախում, որ կարծես ուզում էր դուրս պրծնել բերանից, նրա լայն բացված աչքերի մեջ նկատվում էր մի ինչ-որ խիստ ցանկություն, բայց միևնույն ժամանակ անվճռականություն ու երկյուղ, իսկ շրթունքները, որոնք, կարծես, մի բան էին ուզում ասել, նկատելի կերպով դողում էին... Հանկարծ նա դեմքը ծածկեց ձեռքերով և սանձահար հեկեկանքը սկսեց խեղդել նրա կոկորդը:

Սուրեն Արևելյանը, որ մինչև այդ ժամանակ նայում էր դեպի դուրս, հանկարծ դեմքը դեպի նա դարձրեց և, ըստ երևույթին, բոլորովին չզարմացավ: Նա նույնչափ հանդարտ վեր կացավ տեղից և մոտենալով մանկահասակ կնոջը, հարցրեց յուր սովորական լուրջ ձայնով,

Տիկին, ի՞նչ է պատահել ձեզ:

Մանկահասակ կինը ավելի սկսեց հեկեկալ, ինչպես մի երեխա, երբ սկսում ես գուրգուրել նրան զանազան սրտացավական քաղցր խոսքերով:

Մի՞թե այսքան ժամանակ դուք ինձ չհասկացաք... հազիվհազ կարողացավ նա արտասանել խեղդող արցունքի միջից, սակայն դեմքը դարձյալ ծածկած ունենալով:

Սուրեն Արևելյանի դեմքը մի փոքր այլայլվեց: Մի րոպե նա անշարժ տեղնուտեղը մանկահասակ կնոջն անթարթ նայելիս վերջապես ձեռքն անցրեց յուր խիտ մազերի միջով և, հեռանալով դեպի բաց լուսամուտը, նա սկսեց նայել դեպի դուրս: Սենյակում լսվում էին միայն մանկահասակ կնոջ խուլ հեկեկանքները, որոնք հետզհետե նվազում էին. վերջ ի վերջո նրանք բոլորովին դադարեցին, և մանկահասակ կինն այժմ սկսեց սրբել թաշկինակով յուր արտասվաթոր աչքերը: Նա, կարծես, յուր վերջին բառերի հետ դուրս թափեց յուր միջից բոլոր դառնությունն ու հանգստություն տվեց յուր ալեկոծվող սրտին: Նա չէր համարձակվում Սուրեն Արևելյանի վերա նայելու, կարծես դեպի նա մի մեծ հանցանք գործած լիներ, որից և՛ ամաչում էր, և վախենում, բայց նրա աչքերն անհամբերությունից փայլում էին. նա համոզված էր, որ Սուրեն Արևելյանն իրեն հասկացավ և, ինչպես որ դատապարտյալը սպասում է, թե ինչ վճիռ կտան իրեն կկախեն, թե կազատեն, նույնպես և նա սպասում էր, թե ինչ դուրս կգա այդ սառնասիրտ, անտարբեր մարդու շրթունքներից:

Վերջինս դեռ երկար ժամանակ անշարժ կանգնած լուսամատի առաջ մտածողությամբ նայում էր դուրս: Վերջապես նա մի քանի անգամ ձեռքն անցրեց դարձյալ յուր գեղեցիկ մազերի միջով մի բան, որ նա անում էր այն ժամանակ, երբ կամենում էր սկսել մի որևէ լուրջ խոսակցություն շուռ եկավ դեպի մանկահասակ կինը և, մի վայրկյան միայն նայելով նրա վերա, վերջապես ասաց աննկատելի խռոված ձայնով,

Տիկին, արդյոք մտած՞ել եք դուք ձեր դրության մասին:

Ես մտածե՞լ եմ, մեքենայաբար կրկնեց մանկահասակ կինը, ես մտածել եմ, դուք ինձ հարցնում եք… Օ՜, եթե միայն ես երբե՜ք չկարողանայի մտածել իմ դրության մասին, ես այսքան չէի տանջվի… ես հասկանում եմ, թե ինչ եք ուզում դուք ասել, ավելացրեց նա բեկբեկված ձայնով. Բայց... ես չեմ կարող… ես ույժ չունեմ դիմադրելու, դուք ինձ հասկանո ւմ եք... ես թույլ եմ... ես կին եմ…

Եվ, դեմքը ծածկելով, նա նորից հեկեկաց:

Ըստ երևույթին Սուրեն Արևելյանի սիրտը շարժվեցավ. նա կիտեց հոնքերը, իսկ աչքերի կոպերը դողացին: Նա ծանր քայլերով մոտեցավ մանկահասակ կնոջն և ասաց մեղմացած ձայնով.

Հանդարտվեցեք, տիկին, ձեր աչքերից արցունք չպիտի թափվի (մանկահասակ կինն այդ խոսքերի վերա սանձահարեց արցունքն ու շունչն իրեն քաշեց): Ես ի սրտե ցավում եմ ձեզ վերա, շարունակեց նա: Ես չեմ մեղադրում ձեզ, որ դուք ույժ չունեք, որ դուք թույլ եք... դուք դրանում այնքան մեղավոր չեք... Մեղավոր է բնությունը, դեպքը, հանգամանքը... Բայց և այնպես, ես ասում եմ շեշտելով, այդ երբեք չպիտի լինի: Եթե դուք ցանկանում եք լինել երջանիկ, դուք ամեն կերպ պիտի աշխատեք կռվել ձեր մեջ այժմ գործող զգացմունքի դեմ. կռվել անդադար, մինչև որ, վերջ ի վերջո, հաջողվի ձեզ նրան հաղթել, և այդ ձեզ անպատճառ կհաջողվի, եթե միայն դուք ունենաք հաստատակամություն: Ինչ տեղ կա հաստատակամություն, այնտեղ ոչինչ խոչընդոտ չի կարող լինել:

Ես չեմ կարող...

Տիկին, խորհեցեք լավ: Դուք ամուսին և մայր եք, մայր մի գեղեցիկ, սքանչելի երեխայի: Տիգրանիկը... նա մի այնպիսի երեխա է, որի երջանկության համար ամեն բան պիտի զոհեք... Եթե չեք խղճում ձեզ. եթե չեք խղճում ձեր բարի ամուսնուն, գոնե պիտի խղճաք այդ անմեղ երեխային, որի երջանկությունն ավելի ձեր սիրո մեջ է կայանում: Մի խլեք այդ երջանկությունը նրանից և ուրիշին մի նվիրեք: Նա մեղք է: Աշխատեցեք, որ ձեր սիրտը միայն ձեր ամուսնու և նրա համար բաբախի և ոչ մի այլի համար, այդ պետք է, այդ անհրաժեշտ է:

Դուք ինձ չե՛ք սիրում... արդեն հուսահատությամբ գրեթե ճչաց մանկահասակ կինը և դեմքը բոլորովին ծածկեց:

Դուք մի՛ աշխատեք իմանալու՝ ես ձեզ սիրում եմ թե ոչ երկու դեպքումն էլ այդ ավելորդ կլինի բայց ես, իբրև ձեր ճշմարիտ բարեկամ, իբրև ձեզ սրտակից, միայն ձեր երջանկությունն եմ ցանկանում: Հավատացեք ինձ, որ ես ձեզ վերա ավելի եմ ցավում, քան թե դուք: Եթե դուք մի փոքր հեռատեսություն ունենաք և լավ խորհեք, դուք կտեսնեք, թե որպիսի սարսափելի թշվառություն կլինի ձեզ սպասելիս ապագայում, եթե այժմ կատարվի այն, ինչ որ այժմ դուք ցանկանում եք. դուք կտեսնեք, որ այն, ինչ այժմ դուք երջանկություն եք համարում, իսկապես ոչ այլ ինչ պիտի լինի, եթե ոչ միայն մի ամենասոսկալի թշվառություն, մի թունավոր կյանք… Մարդ ամեն մի դեպքում միշտ աչքի առաջ պիտի ունենա յուր գործի կամ մտադրության հետևանքը, իսկ դրա համար հարկավոր է ունենալ հեռատեսություն: Մարդ ամեն կերպ պիտի աշխատի անձնատուր չլինել կրքերին, ցանկությանը, իսկ դրա համար հարկավոր է հաստատակամություն: Ունի նա մարդկության այդ երկու անհրաժեշտ պայմանները նրան ամեն բան կհաջողվի, նա երջանիկ կլինի... Հազարապատիկ ավելի լավ է, որ մարդ առաջուց տանջվի, երբ համոզված է, որ հետո այդ տանջանքը պիտի պսակվի երջանկությամբ, քան առաջ երջանկություն կրի (թեպետև այդ լոկ խոսք կլինի), երբ ակնհայտնի է, որ հետո պիտի տանջվի սոսկալի կերպով: Ես այս բոլորը նրա համար եմ ասում, տիկին, որպեսզի ձեզ ապացուցանեմ, որ չնայելով ձեզ մեծ ջանքեր են հարկավոր հաղթելու այժմ ձեր սիրտը կրծող զգացմունքին, բայց այդ բոլորը ոչինչ, որովհետև ապագայում ձեզ մեծ երջանկություն է սպասում... Վերջապես մտածեցեք դուք ձեր պատվի մասին, պատվի, որն ամեն ինչ է մարդուս համար, առանց որի մարդս ոչինչ է, սակայն ոչ թե ոչինչ, այլ ամենաանպիտանը, ամենազզվելին է բոլոր արարածների մեջ: Ուրեմն, եթե պատիվը մի այդպիսի մեծ դեր է խաղում մարդուս կյանքի մեջ, եթե նա մարդկության ամենաառաջին նշանն է, ինչո՞ւ նրա վերա այդպես ցած աչքով պիտի նայել, ինչո՞ւ նրան ձեռքից այդպես շուտ պիտի թողնել, ինչո՞ւ նրան ամեն բանից չպիտի գերադասել, հետևաբար նրան անխախտ պահպանելու համար ինչո՞ւ ամեն բան չպիտի զոհել... Վերջ ի վերջո այստեղ հարցը գալիս է իմ մասին: Դուք ասացեք, տիկին, մի՞թե ես կարող եմ և պիտի դավաճանեմ իմ ընկերոջս, իմ բարեկամիս, հափշտակելով նրա երջանկությունը, ձգելով նրան սոսկալի տառապանքների մեջ... Մի՞թե եղբայրական, ընկերական, բարեկամական ամենասուրբ կապերը պիտի պղծել մի այնպիսի՝ հանցանքով, որ ո՜չ աստված և ո՜չ մարդիկ կարող են ներել... Ո՜չ, տիկին, ինչ կուզեք մտածեցեք, բայց ինձ համար այդ անկարելի է, ես այդ երբեք չեմ անիլ, թեկուզ դրա համար հարկավորվի իմ անձս զոհել:

Վերջին խոսքերի մեջ այն աստիճան վճռականություն էր լսվում, որ Եղիսաբեթը, որը բոլոր այդ ժամանակ անշարժ նստած և դեմքը ձեռքերով ծածկած՝ կլանում էր, ինչպես ասում են, նրա ամեն մի խոսքը, իսկույն հասկացավ, զգաց, որ այլևս ոչինչ յուր կողմից չէր կարող մեղմացնել նրա սիրտը: Նրա խոսքերը սուր-սուր նետերի նման ցցվում էին նրա ուղեղի մեջ, և նա ամենապարզ կերպով զգում էր, թե որքան դառն ճշմարտություն կար նրանց մեջ... նա մնաց անշարժ, ինչպես մի արձան, դեռևս հնչվում էին նրա ականջներում Սուրեն Արևելյանի բոլորովին լրջորեն, պարզ և սուր կերպով արտասանած խոսքերը, որոնք նրա մեջ կարծես սկսում էին հետզհետե մի ինչ-որ հեղափոխություն գցել...

Հանկարծ նա բարձրացրեց յուր գլուխն և սկսեց շրջահայել, նրա դեմքը գունատ էր ինչպես կտավ, իսկ հայացքն անմիտ: Նա տեսավ Սուրեն Արևելյանին կանգնած լուսամուտի առաջ սովորական կերպով դեպի դուրս նայելիս: Նա չէր հավատում, որ մի փոքր առաջ այնքան ազդու խոսողն այդ մարդն էր: Նա կարծում էր, որ ինքը երազի մեջ էր և այն խոսքերը երազի մեջ էր լսել: Բայց միևնույն չէ՞ այն խոսքերն այնքա՛ն պարզ էին, այնքա՛ն ազդու, նրանց մեջ այնքա՛ն ճշմարտություն, ազնվություն կար, նրանք այնքա՜ն ցավակցությամբ և անկեղծորեն էին բխում...

Նա փորձեց վեր կենալ, բայց գլուխը պտտվեցավ և նորից վայր ընկավ աթոռի վերա: Սուրեն Արևելյանը ետ նայեց և իսկույն շտապեց դեպի նա:

Տիկին, ի՞նչ պատահեց ձեզ, հարցրեց նա նկատելի անհանգիստ ձայնով:

Չգիտեմ թե ինչ է պատահում ինձ, շշնջաց մանկահասակ կինը գլուխն երկու ձեռքերի մեջ բռնելով. ես ինձ վատ եմ զգում...

Դուք տկար եք, տիկին, ձեզ հանգստություն է հարկավոր:

Մանկահասակ կինը վեր կացավ Սուրեն Արևելյանի օգնությամբ:

Ներեցեք, պարոն Սուրեն Արևելյան, ասաց նա, գլուխս պտտվում է. տարեք ինձ մինչև իմ ննջարանս...

Նա հենվեց Սուրեն Արևելյանի ձեռքի վերա, որը տարավ նրան մինչև յուր ննջարանի դուռը, ինքը ցիլինդրը ծածկեց և դուրս գնաց:

"Ճշմարիտ բարեկամը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Յասաման
Տիգրան Համասյան

Յասաման

Ալեքսանդր և Անահիտ Թոփչյան, 1972
Ալեքսանդր և Անահիտ Թոփչյան, 1972
Խաղա առցանց