Նար-Դոս

Նոր մարդը

2

5

Կնոջ մահից հետո կրկին ամուսնանալու միտքը չէր հեռանում Խանբեգյանի գլխից՝ երկու պատճառով։ Նախ այն պատճառով, որ տունը կատարյալ վերանա էր դարձել, ոչ մի բան իր տեղը չէր, ոչ մի բան իր ժամանակին և ինչպես հարկն էր չէր կատարվում, բարեկամների այցելությունը կտրվել էր, տղան ու աղջիկը բոլորովին սանձաթող էին եղել, երբ ուզում և ուր ուզում՝ գնում էին, դասերը չէին պատրաստում։ Մի խոսքսվ՝ տանտիկնոջ և մոր հսկող զսպող աչքը վերացել էր և այդպես շարունակել այլևս անկարելի էր։

Երկրորդ պատճառը, որ պակաս զորավոր չէր, քան առաջինը, այդ այն էր, որ Խանբեգյանը, իբրև տղամարդ, պարզապես կնոջ կարիք էր զգում, այնպիսի մի կնոջ, որը, բացի ընկեր-ամուսին լինելուց, լիուլի գոհացում տար իր արուի պահանջներին։ Բանն այն է, որ, չնայելով իր մոտ 60-ամյա հասակին, իր վարած ժուժկալ կյանքի և ամենօրյա ֆիզիկական մարզանքների շնորհիվ նա դեռևս առույգ երիտասարդի չափ առնական ուժ ու կորով էր զգում իր մեջ, և թեպետ ըստ ամենայնի հնարավորություն ուներ մի «կոմպանիոնուհի» պահելու իր տանը հատկապես այդ «պաշտոնի» համար տեղ փնտրող ֆրանսուհիներից կամ գաղտնի կապ հաստատելու որևէ թեթևաբարո կնոջ հետ, որպիսիք շատ կային իր ծանոթ շրջանում, բայց իրեն թույլ չէր տալիս այդ քայլն անելու, որովհետև կարծում էր, որ դրանով նախ՝ անարգած կլիներ իր հանգուցյալ կնոջ հիշատակը, երկրորդ «կոմպանիոնուհու» իսկական դերը գաղտնի չէր կարող մնալ տղայից և աղջկանից, որոնք այդ բանը հասկանալու համար արդեն հասունացած էին, և երրորդ՝ որևէ թեթևաբարո կնոջ հետ հարաբերության ունենալն անվայել կլիներ իր անվանը, դիրքին և, մանավանդ, հասակին, որը քիչ չէր զսպում նրան որևէ թեթևամիտ քայլ անելուց։

Պետք էր օրինավոր ամուսնություն, օրինավոր կին, «աստծու և մարդկանց առջև», որի հետ կարողանար առանց քաշվելու, առանց ամաչելու, բաց ճակատով իր տանը, իր զավակների մոտ նստել֊վեր կենալ, հյուր գնալ, հյուր ընդունել և երևալ հասարակության մեջ։

Այդ կինը կարող էր լինել Վիկտորիա Պավլովնան, միմիայն նա և ուրիշ ոչ ոք։ Թեպետ նա շատ էր կասկածում, թե այդ նորատի կինը, որը իր հանգուցյալ ամուսնուց զավակ չէր ունեցել, կարող լիներ գեթ չնչին չափով փոխարինել իր հանգուցյալ կնոջը՝ իբրև մայր և տանտիկին, բայց իբրև սոսկ կին իր ջահելությամբ և գեղեցկությամբ այնքան տենչալի էր թվում նրան, որ պատրաստ էր ուրիշ ոչ մի պահանջ չառաջադրելու նրան։

Եվ այժմ, երբ նրա ուրախությունից դողդողացող ձեռքին թրթռում էր նամակի բուրավետ թուղթը, որի վրա գրված էր կանացի անվարժ, անկանոն բարակ գրերով մի բառ միայն «Այո», նա արյան այնպիսի մի հորդում էր զգում երակների մեջ, որ կարծում էր, թե մի քսան տարով ջահելացել է ինքը, և մկանները պողպատ են կտրվել։ Նա ետ ընկավ թիկնաթոռի մեջքին, ձեռքերը տարածեց այս ու այն կողմը խաչելության ձևով, ատամները պինդ սեղմեց իրար և կուրծքը դուրս ձգեց մկանների այնպիսի ուժգին լարումով, որ թիակները ճռճռացին մեջքի վրա.

Սարեր տվեք ինձ, սարեր կործանեմ,
Ծառը արմատով գետինեն հանեմ,
Սուր ակռաներովս երկաթ կծամեմ,
Մեջս այսքան ուժ, ասեք, ի՞նչ անեմ,

արտասանեց նա Գամառ-Քաթիպայի մի ոտանավորի խոսքերն այն ձևով, ինչ ձևով որ լսել էր մի ժամանակ հայ բեմի վրա իրեն տրագիկ երևակայող մի դերասանից, որը բացի հուժկու ձայնից ուրիշ ոչ մի շնորհք չուներ։

Մի րոպե նրա միտքը կանգ առավ այդ դերասանի վրա։ Այն ժամանակ նրան շարունակ տեսնում էր կլուբում կոկ հագնված, սրածայր բեղերով, փայլուն ցիլինդրով, գեղեցիկ կանանց հետ։ Իսկ այժմ երբեմն հանդիպում էր նրան փողոցում մազակալած երեսով, հնոտիների մեջ, պատռած կոշիկներով, մի ոտը կաթվածահար քարշ տալիս, ձեռնափայտին դիմհար տված։ «Մենք պետք է որ հասակակից լինենք, մտածեց Խանբեգյանը, ինչո՞ւ ես այսպես պահպանվել եմ, իսկ նա...»։

К чорту! բացականչեց տեղից վեր թռչելով, ո՞րտեղից միտս եկավ այդ ավերակը...

Բնազդաբար զգաց, որ եթե շարունակի մտածել իրեն հասակակից այդ «ավերակի» մասին, կարող է այդ րոպեին իրեն տիրող ֆիզիկական զգացողությանը և հոգեկան տրամադրությանը միանգամայն հակադիր եզրակացության հանգել, ուստի կտրուկ կերպով վանեց իրենից այդ մտքերը և, ետ ու առաջ քայլելով, սկսեց մտածել, թե այժմ ինչ պիտի անի։

Այժմ, որ արդեն առել էր Վիկտորիա Պավլովնայի համաձայնությունը, իր ամենաառաջին անելիքը համարեց այն, որ իր կրկին ամուսնանալու որոշումը հենց այդ երեկո հայտնի տղային և աղջկան։ Ուրիշ պարագաներում նա շատ կդժվարանար այդ բանն անել, բայց այդ երեկո մի շատ հարմար առիթ ներկայացավ, որից և վճռեց օգտվել։ Բանն այն է, որ Վանյուշն ու Կատյան ճաշից հետո դուրս էին գնացել, առանց հորը հայտնելու, թե ուր են գնում և ժամը արդեն տասն էր դեռ չէին վերադարձել։ Թեև այդ առաջին անգամը չէր և այդ բանի համար նրանք ամեն անգամ նկատողություն էին ստացել հորից, բայց այս անգամ Խանբեգյանը վճռեց այնպես ձևացնել, թե այլևս չի կարող հանդուրժել այդ «ինքնակամությունը», և այն համոզումը թելադրել նրանց, թե այդ «ինքնակամությանը» մի անգամ առմիշտ վերջ տալու համար է, որ ինքը «հարկադրված» է կրկին ամուսնանալ, մանավանդ, որ նրանք տանն էլ շատ անկարգ են պահում իրենց՝ վերահսկող աչք չունենալու պատճառով։

Այս մտորումների մեջ նա երկար ժամանակ իր եռանդուն քայլերով անցուդարձ էր անում առանձնասենյակում, անհամբեր սպասելով տղայի ու աղջկա վերադարձին, երբ, վերջապես, նախ նախասենյակում, հետո մի սենյակ այն կողմ ճաշասենյակում լսեց նրանց ոտքերի և խոսակցության ձայնը։ Դուրս գնաց, անցավ մութ հյուրասենյակով և մտավ ճաշասենյակ այն ժամանակ, երբ աղախինը սառած ինքնաեռը գրկած դուրս էր տանում, ըստ երևույթին, տաքացնելու։

6

Վանյուշը, գիմնազիստի սպիտակ երիզավոր գլխարկը դեպի ծոծրակը ետ գցած, նստած էր ճաշասեղանի մոտ, ոտները երկար ու մեկ մեկնել էր սեղանի տակ, շվշվացնում էր և մատներով թմբկահարում էր սեղանի ծայրը։ Իսկ աղջիկը, գիմնազիստուհու սրճագույն շրջազգեստով և սև գոգնոցով, բուֆետից ուտելիքներ էր հանում ընթրելու համար։

Հոր մտնելուն պես Վանյուշը դադարեց շվշվացնելուց, առանց շփոթվելու, դանդաղորեն վեր կացավ, գլխարկը վերցրեց գցեց աթոռներից մեկի վրա և սկսեց երկու ձեռքի ափերով շտկել մազերը։ Նա իր տարիքին անհամեմատ բարձր և շատ բարակ տղա էր, հորը շատ նման․ երևում էր, որ հասուն հասակում հոր կատարյալ պատճենը դուրս կգար։ Կատյան, ընդհակառակը, համեմատաբար ցածրահասակ էր, գիրուկ, արդեն նկատելի հասուն կրծքով և հոր հետ ոչ մի նմանություն չուներ։ Խանբեգյանն ասում էր, որ տղան իրեն է գցել, իսկ աղջիկը՝ մորը։

Պապա, դուք դեռ տա՞նն եք, դիմեց նրան աղջիկը:

Այո, ես դեռ կլուբ չեմ գնացել, ձեզ էի սպասում, թե ե՞րբ, վերջապես, կբարեհաճեք շնորհ անել տուն դառնալու, որ նստենք և այս անգամ արդեն շատ լուրջ կերպով խոսենք։

Ինչի՞ մասին։

Այն մասին, որի համար ես շատ անգամ եմ ձեզ հանդիմանել, և դուք ոչ մի նշանակություն չեք տվել իմ խոսքերին, կարծես թե ես ձեր հայրը չեմ այստեղ, այլ մի օտար մարդ, որը ոչ մի իրավունք չունի խառնվելու ձեր գործերին։ Քանի՞ անգամ եմ ասել ձեզ, որ դուք ձեր իրավունքը չպիտի համարեք առանց իմ թույլտվության ե՛րբ ուզենաք և ո՛ւր ուզենաք՝ գնալ և վերադառնալ՝ երբ քեֆներդ տա։

Պապա, զարմանալի մարդ եք, ճշմարիտ, վառվեց աղջիկը և հուզմունքից նրա գեղեցիկ դեմքը կարմրեց․ այնպես եք խոսում, որ կարծես թե մենք երեխաներ ենք և ամեն մի չնչին բանի համար պետք է անպատճառ թույլտվություն խնդրենք։

Ինչպե՞ս, բարձրացրեց ձայնը հայրը, իր խոշոր աչքերը թավ հոնքերի տակից ոլորելով աղջկա վրա։ Այդ համարձակությունն էլ ես ստացել, հա՞։ Լա՛վ է, շա՛տ լավ է, կեցցես։ Չնչին բան է, հա՞, որ մի աղջիկ թրև գա փողոցներում աստված գիտե ո՛ւմ հետ և տուն դառնա կեսգիշերին։

Պապա, միջամտեց Վանյուշը շատ հանգիստ կերպով, բայց առանց համարձակվելու նայել նրան, նախ՝ հիմա կեսգիշեր չէ, և երկ...

Ձայնդ կտրի՛ր, հանկարծ պայթեց հայրը համբերությունից ելած։ Հիմի էլ դո՞ւ։ Ես ձեզ հետ չեմ խոսում դիսկուսիա բանալու համար։ Ես ինչ որ ասում եմ, այնպես էլ պե՛տք է լինի, այլապես ոչ ե՛ս եմ ձեր հայրը, և ոչ էլ դուք եք իմ որդիքը։ Վաղը չէ մյուս օրը քննություններ ունեք, փոխանակ տանը նստելու և լուրջ կերպով պատրաստվելու, որ չխայտառակվեք և չխայտառակեք ինձ, դուք ամբողջ օրը չեք իմանում ինչ եք անում և ո՛րտեղ եք թրև գալիս։ Ես դեն ածովի փողեր չունեմ, որ ամեն անգամ տանեմ ձեր դիրեկտորի և ուսուցիչների բուռը կոխեմ, որ մի կերպ անցկացնեն ձեզ։ Փողը ջհաննամը, բայց այն նվաստացո՞ւմը, որ ես զգում եմ։ Թե որ երեխա չեք, պետք է որ այդ հասկանաք, բայց որ չեք հասկանում, ուրիշ ի՞նչ կերպ վարվեմ ձեզ հետ, ասացեք, խնդրեմ։

Խանբեգյանի բարկությունը ավելի շատ ձևական էր, քան իսկական, իբրև նախապատրաստություն իր կրկին ամուսնանալու որոշումը նրանց աչքերում արդարացնելու համար։ Եվ երբ տեսավ, որ իր ցասկոտ խոսքերն իրենց ազդեցությունը գործեցին, կամաց-կամաց մեղմացավ, մանավանդ որ աղջիկը լացակում, կարմրատակած աչքերով խռոված նստել էր սեղանի մոտ, իսկ տղան, ձեռքերը անդրավարտիքի գրպանները կոխած, իր երկար ոտներով չափում էր սենյակի երկայնքը և չէր համարձակվում ձայն հանել։

Ես, իհարկե, հասկանում եմ ձեզ, ասաց հայրը մեղմացած տոնով, բայց աշխատելով ցույց չտալ, թե զիջում է նրանց, ձեր մոր մահից հետո կիսով չափ որբ եք մնացել, տանը մարդ չկա, եկող-գնացող չկա, որ զբաղվեք, իսկ իմ գործերը ժամանակ չեն տալիս ինձ ձեզնով զբաղվելու, ձեզ հետ տեղ գնալու։ Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ, տանը։ Ո՞վ է այստեղ տեր ու տիրական, Դունյան, ձեր պառավ հիվանդ դայակը և խոհարարը։ Է՛հ, եղա՞վ։ Մինչև ե՞րբ այսպես։ Եվ որպեսզի մի անգամ առ միշտ վերջ տամ այս դրությանը, ես ահա թե ինչ եմ որոշել։

Նա նստեց սեղանի մոտ և դարձավ տղային.

Վանյա, բավական է չափես սենյակը, եկ նստիր այստեղ և լսիր ինչ եմ ասում։

Վանյուշը նստեց նրա դիմաց, մեջքը դեմ տվեց աթոռի թիկունքին և չէր նայում հորը։

Ի՞նչ եք կարծում, ասաց Խանբեգյանը, փոխնիփոխ դառնալով տղային և աղջկան, ո՞րն է ավելի լավ. այսպես շարունակե՞լ, թե՞ տանն ունենալ մեկը, որ փոխարինի ձեր հանգուցյալ մորը և նայի տուն ու տեղին։

Այդ խոսքերի վրա տղան ու աղջիկը, որոնք մինչ այդ նստած էին խռովածի պես և ամենևին չէին նայում հորը, մեկեն նայեցին նրան այնպիսի մի հարցական-տարակուսական հայացքով, որ նա ակամա շփոթվեց և մի րոպե լռեց, աշխատելով դիմանալ նրանց այդ հայացքին։ Հետո, զգալով, որ կորցնում է իր հրամայողական-տիրական տոնը, շարունակեց, այս անգամ արդեն խոսքերը խառնելով իրար.

Ասելս այն է, որ... Դուք եք ավելի․․․ ավելի ձեզ համար է, որ ես մտածում եմ... Դուք արդեն երեխաներ չեք, և որովհետև այս բանում դուք էլ... որովհետև այս բանը ձեզ էլ Է վերաբերում, ես պարտավոր եմ զգում ինձ... ես չեմ ուզում առանց ձեզ նախապես հայտնելու իրագործել իմ որոշումը: Իսկ իմ որոշումը ահա թե ինչ է. ասաց նա, այս անգամ բռնի կերպով տիրապետելով իրեն, վաղը, թե մյուս օրը, առայժմ չեմ կարող ասել, բայց շուտով դուք այստեղ կունենաք նոր մայր և նոր տանտիկին: Եվ այդ նոր մայրն ու տանտիկինը, շտապեց նա միանգամից վերջացնել իրեն համար այդ շատ ծանր բացատրությունը, կլինի ձեզ երկուսիդ էլ շատ լավ ծանոթ Վիկտորիա Պավլովնան:

Վայ, հանկարծ բացականեց Կատյան և ուրախությունից վեր թռավ տեղից։ Այդ ի՞նչ ասացիք, պապա։ Դուք առաջարկությո՞ւն եք արել նրան։

Աշխատելով պահպանել մեծի լրջությունը` աղջկա ուրախ տրամադրությանը չենթարկվելու համար, Խանբեգյանը մի թռուցիկ հայացք ձգեց տղայի վրա, որը առաջվա պես նստած էր հոնքերը կիտած, առանց որևէ նշանով ցույց տալու, թե հոր հայտնությունն ի՛նչ տպավորություն գործեց իր վրա, վեր կացավ և ասաց.

Դե ավելորդ հարցումներ հարկավոր չեն։ Այժմ, նա նայեց պատի ժամացույցին, ես կլուբ եմ գնում մի կարևոր գործի համար, արդեն ուշացել եմ։ Իսկ դուք ընթերցեք և քնեցեք։ Բայց, տեսեք, ավելացրեց նա դուրս գնալիս, առավոտյան չտեսնեմ այստեղ ձեր սովորական խոզությունը։

7

Խանբեգյանը կլուբում ոչ մի կարևոր գործ չուներ. նա ուզում էր միայն խույս տալ աղջկա անհաճո հարցուփորձերից և, բացի այդ, հույս ուներ կլուբում այդ գիշեր հանդիպելու Վիկտորիա Պավլովնային, որը, չնայելով իր «սգավորությանը», շուտ֊շուտ երևում էր այնտեղ իր փայլուն կավալերներով շրջապատված։ Ու որքան անհամբեր էր շուտով գնալու և արդեն հագնված պետք է դուրս գար, հետաքրքրողությունը ստիպեց նրան իմանալու, թե ի՛նչ են խոսում իրար հետ տղան ու աղջիկն իր որոշումը նրանց հայտնելուց հետո։ Այդ նպատակով կամացուկ մտավ մութ հյուրասենյակը, ոտների ծայրերի վրա մոտեցավ ճաշասենյակի դռանը, որի ճեղքից լույսի հազիվ մի շերտ էր երևում, և շունչը պահած, սկսեց ականջ դնել։

Ու որքան էլ Կատյան ու Վանյան շշնջալով էին խոսում, Խանբեգյանը պարզորեն լսում էր նրանց արտասանած բառերը։

Գիտե՞ս ինչ, ասում էր Կատյան, եկ մի քիչ էլ թվաբանությամբ զբաղվենք։ Պարզ հանման և գումարման գործողություններ։ Քանի՞ տարեկան կլինի, քո կարծիքով, Վիկտորիա Պավլովնան։

Երևի ոչ պակաս 30-ից

Չէ՛, ի՞նչ ես ասում։ Լինի շատ-շատ 25 տարեկան։ Իսկ պապա՞ն։

Պապան 57 տարեկան է։

Գցենք 55։ Քանի՞ տարով մեծ կլինի Վիկտորիա Պավլովնայից։

55 մինուս 25 = 30։

Միշան (մեծ եղբայրը, որ ուսանում էր Պետերբուրգում) 23 տարեկան է, շարունակեց քույրը, քանի՞ տարեկան կլիներ Վիկտորիա Պավլովնան, եթե էն գլխից պապայի կինը լիներ և նա ծնած լիներ Միշային։

25 մինուս 23 = 2, ինն ամիս էլ долой = 1 տարեկան 3 ամսական։

Ու երկուսն էլ ծիծաղեցին։

Հիմա մի ուրիշ խնդիր, շարունակեց քույրը։ Ես 15 տարեկան եմ. եթե ամուսնանամ ու ամուսինս 30 տարով մեծ լինի ինձնից, քանի՞ տարեկան կլինի:

15 պլյուս 30 = 45 տարեկան։

Երևակայո՞ւմ ես ինձ, Վանյա, 45 տարեկան ամուսնու հետ։

Պապան խելագարվել է, նկատեց Վանյան, որ ավելի լուրջ էր պահում իրեն։ Եթե նա...

Խանբեգյանն այլևս քաջություն չունեցավ լսելու և հեռացավ։ «Շան լակոտներ, ասաց մտքումը, տես ինչ հաշիվներ են անում և ինչեր գիտեն»։ Զգաց, որ տրամադրությունը միանգամայն փոխվել է, և շատ զղջաց, թե ինչու ականջ դրեց։

Կլուբում շրջեց բոլոր դահլիճները, բայց ո՛չ մի տեղ չգտավ Վիկտորիա Պավլովնային և լավ համարեց, որ չգտավ, որովհետև այժմ, տղայի և աղջկա արած հաշիվների ազդեցության տակ, զգաց, թե շատ պիտի ամաչեր իր մոտ 60-ամյա հասակով երևալ այդ նորատի կնոջ հետ կլուբը լցրած իրեն շատ լավ ծանոթ հասարակության մեջ, կարծելով, թե այդ հասարակությունն արդեն գիտե, որ ինքն ու այդ նորատի կինը, որը ավելի շուտ իրեն իբրև աղջիկ կսազեր, շուտով պիտի ամուսնանային իրար հետ։

Բայց և այնպես այդ կնոջը շուտով տիրելու տենչալի հեռանկարը, նրա համաձայնությունն առնելուց հետո, այն աստիճան պաշարել էր նրան, որ շուտով մոռացավ տղայի ու աղջկա հաշիվները, իսկ հասարակության կարծիքի վրա թքել անգամ չուզեց և գնաց նստեց կանաչ սեղանի մոտ իր հին պարտնյորների հետ մի քիչ թուղթ խաղալու՝ բախտը փորձելու համար։ «Թե կտանեմ, ասաց մտքումը, խո ամեն բան լավ կգնա, թե չէ...»։ Նա չվերջացրեց միտքը և սկսեց թղթի կոլոդը խառնել։ Հենց առաջին խաղից տարավ։ Ոգևորվեց և շարունակեց։ Տարավ, տարվեց, տարավ, տարվեց և մի անգամ էլ որ տարավ, վեր կացավ։ Վերջը որ հաշվեց, տեսավ տանուլ է տվել։ «К чорту, ասաց մտքումը, հիմար նախապաշարմունք է»։ Ու նստեց ընթրելու և, հակառակ իր սովորության, մի քիչ կոնծեց։ Առհասարակ շատ ուրախ էր և կատակներ էր անում։

Խաղակից և սեղանակիցներից մեկը մի պնդակազմ, խոշոր ու գեղեցիկ տղամարդ, որի հետևից կարտյոժնիկ կամ, այդ ածականը փոփոխելով, կարտյոժնիկ Գաբս էին անվանում իր թղթամոլության համար, որի մեջ վիրտուոզ էր դարձել և երբեմն չէր քաշվում շուլերության դիմելու տեսնելով միշտ զգաստ, միշտ հավասարակշռված Խանբեգյանի արտասովոր ոգևորությանը, հարցրեց.

Սերգեյ Պետրովիչ, ի՞նչ է պատահել ձեզ, կարծես մի մեծ գանձ եք գտել։

Խանբեգյանը բազմախորհուրդ ժպիտով նայեց նրա դեմքին և, մտքումը պատկերացնելով Վիկտորիա Պավլովնայի նամակի մեջ գրված մի հատիկ բառը, պատասխանեց մի առանձին շեշտով.

Այո։

Կլուբից վերադառնալուց հետո քնեց շատ լավ, բայց առավոտյան սովորականից շուտ արթնանալով, սովորականից ավելի երկար նստեց ջղերը հանգստացնող և ամրացնող լողարանի մեջ, թեյի հետ ավելի ախորժակով կերավ նախաճաշը։ Մտադիր էր ժամանակ վաստակելու համար նախ մտնել գործարան, հետո՝ բանկ և ապա կեսօրին մոտ այցելել Վիկտորիա Պավլովնային՝ խոսելու իրենց ամուսնության մասին։

8

Ժամը տասին մոտ էր, որ նա մտավ գործարան և զարմանքով տեսավ, որ բոլոր բանվորները, տղամարդ և կին հավաքվել էին բակում, և նրանց մեջ բարձրաձայն խոսակցության կատարյալ քաոս էր տիրում։ Տղամարդ բանվորների մի ստվար խումբ շրջապատել էր գործարանի կառավարչին և նրա հետ մի ինչ-որ բանի մասին թունդ բանավեճի էր բռնվել։

Հինգ տարի բանել ենք մի տեղ, հինգ տարի ձեր թամբաքուի թոզն ենք կուլ տվել, բա էլ մեր հընգերութինը, մեր համքարութինը ո՞րդի պտի շանց տանք, բղավում էր մի ճղճղան ձայն։

Հլա քեզ էլ պտի տանենք, քե՛զ էլ, նրանից ավելի բարձր էր գոռում մի ուրիշը շրջանի հետին շարքերից։ Ի՞նչ ա, որ ուպրավլաուշչի ա, լայեղ չի՞, դիմեց այդ ասողը մոտը կանգնածներին։

Խազեինին էլ իմաց տանք, խազեինին էլ, գոռաց մի երրորդը։

Հրեն խազեինը, տո հրեն գալիս ա, կանչեց մեկը։

Խանբեգյանի բարձր հասակն իսկույն աչքի ընկավ. նույն րոպեին կառավարչին շրջապատող բանվորների կծիկը քանդվեց, և բակում տիրող խառնաշփոթ ձայները հանդարտվեցին։

Խանբեգյանն առանց կանգ առնելու իր շտապ ու եռանդուն քայլերով մտավ գրասենյակ և հենց դռան մոտ դիմեց իր հետևից մտնող կառավարչին.

Այս ի՞նչ է. ինչո՞ւ են հավաքվել, ինչո՞ւ չեն բանում:

Սերգեյ Պետրովիչ, ասաց կառավարիչը դեմքի ջղային ցնցումներով (ինչպես երևում էր, շատ էր հուզվել բանվորների հետ բանավիճելիս), մինչև հիմա բանում էին, բայց ձեր գալուց մի քիչ առաջ մեկ էլ տեսնեմ ամենքը, կարծես խոսքը մեկ արած, հագնվեցին և դուրս եկան, թե` գնում ենք մեռելը թաղելու։

Ի՞նչ մեռել։

Մի թոքախտավոր բանվորուհի ունեինք, մեռել է։

Ախ, հա, հանկարծ հիշեց Խանբեգյանն երեկվա աղքատ պառավին։ Երեկ նրա մայրը եկել էր ինձ մոտ։

Ձեզ մոտ է՞լ, զարմացավ կառավարիչը։

Ստեփան Գերասիմիչ, նկատեց Խանբեգյանը մեղմ կշտամբանքով, ներեցեք, դուք մարդկանց հետ վարվել չգիտեք։ Կտայիք այն պառավին մի քանի մանեթ և ռադ կանեիք։

Ի՞նչ իրավունքով, Սերգեյ Պետրովիչ։

Կզանգահարեիք ինձ։

Առանց այն էլ նրա վրա առաջուց տարած ավանսի...

Լավ, այդ թողնենք, կտրեց նրա խոսքը Խանբեգյանը։ Ասում եք, ուզում են գնալ մեռելը թաղելու։ Էլ ինչի՞ մասին էիք վիճում։

Ես չեմ թողնում։

Ինչո՞ւ։

Ինչպե՞ս թե ինչու, Սերգեյ Պետրովիչ։ Մի օր չբանելն ախր ահագին վնաս է գործարանին։

Թաղումից հետո կգան, չէ՞, տանելու։

Ասում են՝ կգանք, բայց գիտեմ, որ չեն գա։

Ինչպե՞ս թե չեն գա։

Կհարբեն։

Այդպիսի բան չի կարող պատահել, բացականչեց Խանբեգյանը վառված աչքերով։ Մի մեռելի պատճառով ամբողջ օրը գործարանը կանգնեցնել...

Դե իմ ասելս էլ ի՞նչ էր, վրա բերեց կառավարիչը։

Ո՞վ է նրանց գլխավորը, կանչեցեք գա այստեղ, հրամայեց Խանբեգյանը:

Կառավարիչը շտապով դուրս գնաց, ուր նորից բարձրացել էին խառնաշփոթ ձայները։

Խանբեգյանը նստեց կառավարչի գրասեղանի մոտ և նոր միայն, ձեռքը հազիվ մոտեցնելով գլխարկին, բարևեց գրասենյակի ծառայողներին, որոնք, գործերը թողած, հարգական-սպասողական դրության մեջ, սուս ու փուս նայում էին նրան։

Կառավարիչը վերադարձավ չուխավոր, կապույտ արխալուղի վրա կաշու գոտիկ կապած մոտ երեսուն տարեկան մի բանվորի հետ, որը մտնելուն պես գդակը վերցրեց և կանգ առավ դռան մոտ։ Նրա դեղնավուն դեմքի վրա այտերը կարծես մատներով հուպ էին տվել դեպի ներս․ անսովոր առատամազ բեղերը ծածկել էին ամբողջ բերանը և թևերը կախել այս ու այն կողմը։ Աչքերի մեջ ինչ-որ խորամանկ ժպիտ էր խաղում:

Խանբեգյանը նայեց նրան ոտից գլուխ։ «Տիպիկ կինտո», անցավ նրա մտքով։

Անունդ ի՞նչ է, հարցրեց։

Բախշո Նախշունով։

Էդ դո՞ւ ես նրանց խելքից հանել։

Բանվորը զարմացած նայեց Խանբեգյանին.

Ո՞նց թե խելքից հանել, խազեին: Երեխեք ե՞ն։ Մենք ամենքս մեկ ենք։

Լավ։ Չի լինի՞, որ չգնաք։

Բանվորը ժպտաց.

Ո՞նց կըլի, խազեին ջան, համքարութին ա։

Բայց գործը թողնել չի լինի, չէ՞։

Դե ի՞նչ անենք, խազեին ջան, էս մի օրն ա, է՛լի ամեն օր խո մեռել չի պատահում։ Պտի յոլա տանենք։ Էն խեղճն սկի կուբոն (դագաղը) վե քաշող էլ չունի։

Շատ լավ։ Չի լինի՞, որ ամենքդ չգնաք, այլ մի քանի մարդ ղրկեք ձեզանից։ Չէ, խազեին ջան, համքարութինը պտի համքարութին ըլի, որդի մի քանիսը, ընդեղ էլ ամենքը։

Իսկ եթե մեռելը պահեք մինչև կիրակի, երբ ամենքդ ազատ կլինեք։

Բանվորը նորից ժպտաց։

Խազեին ջան, ասաց նա և, գդակը կռան տակը դնելով, սկսեց մատներր մեկ-մեկ ծալել. ըսօր չորեքշաբթի։ էգուց հինգշաբթի, էլօր ուրբաթ, շաբաթ, կիրակի հինգ օր. բա հինգ օր մեռդլը, որ ըսկի տանը գնելու տեղ էլ չունի, պահել կըլի՞: Տունը քուլփաթով լիքը, օթախը այ էսքան, ցույց տվեց նա մի շատ փոքրիկ տարածություն մեռելը գետնին դրած, ըսկի մուկը պոչը ժաժ տալու տեղ չունի։ Էն պառավն էլ օր ու գիշեր գլուխը թակում ա, հա՛ թակում։ Ես նրանց հարևանն եմ, գիդամ բանը, ընենց որ, խազեին ջան, չի ըլի. պտի թողաք, որ գնանք ըսօր ևեթ հողին պահ տանք, պրծնենք։

Լավ, որ գնաք թաղեք, ետ կգա՞ք գործը շարունակելու։

Վա, դրան էլ խոսք կա՞, խազեին ջան, կգանք, բա ի՞նչ կանենք։

Քելեխ խո չե՞ք սարքի։

Աղքատին ի՞նչ քելեխ, խազեին ջան։ Ձեր տված փողը հրեն կուբոյին ենք տվել, մնացածն էլ ժամ֊պատարագին կգնա։

Լավ, գնացեք, բայց տեսեք ետ գաք։

Արխային կաց, խազեին ջան։

Բանվորը գդակը ծածկեց և դարձավ, որ դուրս գնա, բայց կառավարիչը պահեց նրան.

Լսի՛ր Բախշո, ի՛նչ եմ ասում. խազեինը թողեց, որ գնաք, բայց իմացեք, որ ես ժամերը կհաշվեմ։

Բանվորը շուռ եկավ և տարակուսանքով նայեց նրա դեմքին.

Ո՞նց թե․․․

Խանբեգյանը վեր կացավ և կանգնեց կառավարչի ու բանվորի մեջտեղը։

Լավ, հիմա ժամանակ չէ այդ մասին խոսելու, ասաց նա և դարձավ բանվորին. շուտով գնացեք, որ շուտով վերադառնաք։

Բանվորը դուրս գնաց։

Խանբեգյանը դարձավ կառավարչին.

Ստեփան Գերասիմիչ, հարկ չկար այդ բանն իսկույն ասելու։ Ես զարմանում եմ, որ մինչև այժմ չսովորեցիք նրանց հետ վարվելու կերպը։ Դուք նրանց զոռով սոցիալիստ եք դարձնում։

Ախր, Սերգեյ Պետրովիչ, դուք չգիտեք, թե ի՛նչ լիրբ ու զզվելի...

Խոսքը չվերջացավ կառավարչի բերանում. ներս մտավ նույն բանվորը ուրիշ երկու բանվորների հետ, և երեքն էլ մի րոպե լուռ կանգնած մնացին դռան մոտ մի տեսակ անհամարձակ ժպիտ դեմքերին։

Էլ ի՞նչ կա, հարցրեց Խանբեգյանը, դառնալով առաջվա բանվորին, որն իրեն Բախշո Նախշունով անվանեց։

Մենք ուզում ենք խնդրենք ձեզ, ասաց Բախշոն, որ դուք էլ, Ստեփան Գերասիմիչն էլ ու սրանք ամենքն էլ, ցույց տվեց գրասենյակի բոլոր ծառայողներին, շնորհ անեք գաք։

Թե ի՞նչ, զարմացավ Խանբեգյանը։

Լազաթ կըլի։

Խանբեգյանը դեմքը խոժոռեց։

Դե, այդ արդեն...

Ուզում էր ասել լրբություն է, բայց զսպեց իրեն, դեմքը շուռ տվավ ու ասաց առարկություն չվերցնող հանգիստ տոնով.

Դուք գնում եք` գնացեք, իսկ կանտորը փակել չի կարելի, հազար ու մի գործ կա։

Չէ, խազեին ջան, ընչի՞ եք...

Դե բավական է, հանկարծ բռնկեց Խանբեգյանը այլևս չկարողանալով զսպել իրեն, ես չեմ սիրում ավելորդ խոսակցություն։ Չէ մի, սև դրոշակ էլ կախենք ֆաբրիկի գլխին։

Բախշոն ու երկու ընկերները սուս ու փուս դուրս գնացին։ Ժպիտը չքացել էր նրանց դեմքից։

Իսկապես լիրբ և անամոթ ժողովուրդ, ասաց Խանբեգյանը ջղայնորեն և նորից նստեց կառավարչի գրասեղանի մոտ։

Հապա որ ասում էի ձեզ, նկատեց կառավարիչը, դրանց որ երես ես տալիս, աստառ էլ են ուզում։ Այդ ես եմ, որ դիմանում եմ դրանց, թե չէ, ուրիշը որ լինի... իսկ դուք ասում եք, թե ես չգիտեմ նրանց հետ վարվելու կերպը։

Ինչո՞ւ եմ ասում այդ, ասաց Խանբեգյանը, որովհետև անցյալ օրն ինքներդ էիք ասում, չէ՞, թե ինչ-որ պահանջներ են ուզում անել, հակառակ դեպքում մտադիր են գործադուլ հայտարարել։ Դրա համար է, որ ասում եմ` մի քիչ մեղմ վարվենք։

Այ, մեղմ վարվեցիք և տեսաք լրբությունն ուր հասավ։ Դուք նկատեցի՞ք, որ նա հարբած էր։

Առավոտ-առավոտ հարբա՞ծ, զարմացավ Խանբեգյանը։

Նրանք առավոտ֊երեկո չգիտեն. երբ պատահի` կխմեն, միայն թե փող լինի գրպաններում։ Օր չի պատահի, որ զանազան պատրվակի տակ ավանսով փող չվերցնի սա կամ նա։ Հետո, ռոճիկները բաժանելիս, հաշիվը որ առաջներն եմ դնում, սկսում են ղալմաղալ բարձրացնել։ Վճռել եմ այսուհետև ոչ ոքի և ոչ մի կոպեկ ավանս չտալ։

Խանբեգյանը, իր արծաթագլուխ ձեռնափայտին դիմհար տված, գրամեքենայի և համրիչի չխչխկոցի տակ դեռ երկար ժամանակ լուռ ու մտախոհ ականջ էր դնում կառավարչի գանգատներին, հետո հանկարծ նայեց ձեռքի դաստակին կապած ոսկի ժամացույցին և մեկեն վեր կացավ։ Ուզեց, ըստ երևույթին, ինչ֊որ բան ասել, բայց մի արագ հայացք ձգելով հաշվապահի ու նրա օգնականի, մեքենագրուհու և մի երկու ուրիշ ծառայողների վրա, որոնք, ըստ երևույթին անտարբեր, իրենց գործին էին, ոչինչ չասաց և դիմեց դեպի դուռը, գլխով նշան անելով կառավարչին, որ հետևի իրեն։

Նրանք դուրս եկան ընդարձակ բակը։

Բակը միանգամայն դատարկվել էր մարդկանցից։ Պահեստանոցների պատերի տակ կուտակված էին հարյուրավոր դատարկ արկղեր։ Բեռնակիր ավտոմոբիլը կանգնած էր գարաժի մոտ հանգած։ Այս ու այնտեղ թափթփված էին պատռոտուն դեղին թղթեր կանաչ յառլիկներով և ծխախոտի ջարդված տուփեր։ Գամփռ շունը, բակի մեջտեղ նստած, ահանգիստ գլուխն առջևի երկու թաթերի վրա դրած, տաքանում էր գարնան արևի ախորժելի ճառագայթների տակ։

Ստեփան Գերասիմիչ, ասաց Խանբեգյանը, դիմելով կառավարչի հետ դեպի բակի դուռը՝ գամփռ շան սև ու խոշոր աչքերի ուղեկցությամբ, այդ պահանջը, որ ասում եք... ի՞նչ եք կարծում, ագիտատոր չկա՞ մեջները։

Այս խոսքերի հետ կանգ առավ և նայեց կառավարչի աչքերին։

Պետք է որ լինի, պատասխանեց կառավարիչը վարանելով։ Մեկի վրա կասկած ունեմ և կարծում եմ, որ կասկածս անհիմն չպիտի լինի։ Քիչ ու շատ ինտելիգենտ է, լրագիր է կարդում, մնացածները բոլորը կինտոներ են։ Չի խմում։ Այսօրվա դեմոնստրացիան էլ պետք է որ նրա սարքածը լինի։ Երեկ փող էր հավաքում, որ պսակ դնեն մեռելի վրա։

Խանբեգյանը, մտախոհ, մի «հըմ» արեց և շարունակեց քայլել դեպի բակի դուռը։

Մտածում եմ մի հնար գտնել, որ կրճատեմ նրան, Սերգեյ Պետրովիչ, շարունակեց կառավարիչը, հետևելով նրան։ Դուք ի՞նչ խորհուրդ կտաք։

Խանբեգյանը իսկույն չպատասխանեց։

Չէ, ասաց հապաղելով, առայժմ սպասեցեք, բայց լավ հետևեցեք։ Ես կուզեի տեսնել՝ ինչ տեսակ մարդ է։

Վաղը որ գաք, ցույց կտամ:

Բակի դռան մոտ բաժանվելիս Խանբեգյանը դարձավ կառավարչին.

Բայց ձեզ նորից խորհուրդ եմ տալիս, Ստեփան Գերասիմիչ, նպաստավոր հող չստեղծել այդ ագիտատորի համար։ Մինչև անգամ վատ չի լինի, որ, եթե ուշ չէ, մի պսակ ուղարկեք այն բանվորուհուն դագաղի վրա դնելու գործարանի անունից։

Դուք կարծո՞ւմ եք։

Այո։ Մի քանի ռուբլին չնչին բան է, բայց դրանով կարող ենք բանվորության սիրտը շահել։ Առանց այն էլ, երևի, հայհոյում են մեզ, որ մերժեցի թաղմանը գնալ։

Կառավարիչը, ըստ երևույթին դժգոհ, ուզում էր առարկել, բայց ոչինչ չասաց։

Այսպես արեք, այդպես, ասաց Խանբեգյանը և հեռացավ։

9

Այս բոլոր անցուդարձի և խոսակցության ժամանակ Խանբեգյանի մտքից բնավ չէր հեռանում, որ գնալու է Վիկտորիա Պավլովնայի մոտ։ Ուրիշ անգամ կառք կնստեր, բայց գարնանային այդ հրաշալի եղանակին ամբողջ մարմնի մեջ այնպիսի մի կայտառության և շարժման պետք էր զգում, որ լավ համարեց ոտքով գնալ, չնայելով, որ բավական երկար ճանապարհ ուներ գնալու։ Բացի այդ, ժամը 11-ից նոր էր անցել, և այդպես վաղ անհարմար էր համարում Վիկտորիա Պավլովնայի մոտ գնալ։

Գոլովինսկի պրոսպեկտում շքեղ կաֆեներից մեկի առաջ հանդիպեց Կարտյոժնիկ Գաբոյին, ըստ երևույթին քիչ քնելուց ուռած-կարմրատակած աչքերով, որոնց տակ մի-մի փուչիկներ էին գոյացել և տգեղացնում էին նրա առնական գեղեցիկ դեմքը։

Խանբեգյանը գիտեր, որ նա ամուրի է, ունի մի սենյակ, ուր միայն քնում է, իսկ մնացած ամբողջ ժամանակն անց է կացնում դուրսը ցերեկը ճաշարաններում, իսկ գիշերը մինչև լուսադեմ կլուբում՝ կանաչ սեղանի մոտ կամ առանձին կաբինետներում։ Ոսկեպատ պենսնեն քթին, նա լրագիր էր կարդում, երբ պատահմամբ աչքն ընկավ Խանբեգյանի վրա։ Խանբեգյանը բարևեց և առանց կանգ առնելու շարունակեց ճանապարհը։

Սերգեյ Պետրովիչ, կանչեց նրա հետևից Կարտյոժնիկ Գաբոն, կարդացի՞ք նորությունը։

Խանբեգյանը կանգ առավ.

Ի՞նչ նորություն։

Սարաևոյի սպանությունը։

Ո՞վ է Սարաևոն։

Սարաևոն քաղաք է Բոսնիա-Հերցեգովինայում։ Այնտեղ սպանել են Ավստրիայի գահաժառանգին։ Ինչո՞ւ։

А чорт его! Երևի քաղաքական որևէ աստառ կունենա։

Խանբեգյանը շարունակեց ճանապարհը միանգամայն անտարբեր արտասահմանյան մի կորած- մոլորած քաղաքում տեղի ունեցած այդ անցքի հանդեպ։ Սակայն, երբ բանկում իր պաշտոնակիցները դիմավորեցին նրան նույն նորությունը հայտնելով, վալյուտայի և ակցիաների հետ գործ ունեցող մարդու հոտառությունը թելադրեց նրան հետաքրքրվելու քաղաքական այդ խոշոր անցքով, որը մութ կերպով զգաց նա անհետևանք չէր կարող անցնել քաղաքական ընդհանուր կացության, հետևաբար և բորսային գների համար։ Ուզեց անցքի մանրամասներն իմանալ որոշ հետևություններ անելու համար, բայց լրագրի մեջ հեռեգրական շտապ երկտողից զատ ուրիշ ոչինչ չգտավ։ Եվ որովհետև այդ անցքի շուրջը տեղի ունեցած խոսակցության ընթացքում Վիկտորիա Պավլովնայի մոտ գնալու համար իր որոշած ժամից մի կես ժամ էլ անցել էր, շտապով դուրս եկավ և կառք նստեց, մոռանալով Սարաևոն էլ, ամեն բան էլ։

1928

"Նոր մարդը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Հողուշող
Էլեն Յոլչյան

Հողուշող

Հայկական ընտանիք
Հայկական ընտանիք
Խաղա առցանց