Նար-Դոս
Աննա Սարոյան
4
Ստացա անկեղծ ցավակցությանդ նամակը։ Անչափ շնորհակալ եմ և խրախուսանքիդ համար։ Առավել քան այժմ ես կարոտ եմ այդպիսի խրախուսանքների, որովհետև զգում եմ, թե ինչպես վերջին հարվածը հիմն ի վեր տապալել է ամբողջ բարոյական աշխարհս։ Ես ընկած եմ, որպես մի մարդ, որ անթիվ ծանր վերքեր ստանալուց հետո՝ ստանում է և վերջին ամենասարսափելի վերքն ուղիղ կրծքին։ Սակայն ես չեմ տրտնջում։ Փա՜ռք և գոհություն նրան, ով տնօրինում է մարդկային բախտը։ Երբ տեսնում ես, երբ զգում ես, որ տկար են ուժերդ, պետք է հպատակվես տիրապետող բարձր, անիմանալի օրենքներին, որոնց սահմանել է ինքը նախախնամողը։ Եվ ես հպատակվում եմ։ Մինչև այժմ հուսահատ պատերազմ էի մղում։ Մոլորության անդունդն արդեն բաց էր արել իմ առաջ իր ահարկու բերանը, և քիչ էր մնում, որ կուրորեն ընկնեի նրա մեջ։ Բայց ի՞նչ շահեցի դրանից. ա՛յն, որ տանջանքներս կրկնապատկվեցին, ա՛յն, որ մեղք գործեցի և ի վերջո ընկա հաղթված։ Այո՜, ես այժմ ընկած եմ. հպարտ գլուխս այլևս չի հանդգնում վերև նայել. նա խոնարհված է և միշտ խոնարհ կմնա։ Թող այսուհետև ինչ կուզե լինի ես հաշտվել եմ ամեն բանի հետ։ Եվ դու չես կարող երևակայել, սիրելի Հռիփսիմե, թե որքան հանգիստ եմ այժմ։ Եթե կուրծքս ճղեն և հանեն սիրտս, նրան սառած կգտնեն։ Կարծես ես այլևս չեմ ապրում։ Եվ այդ պատճառով, առանց գեթ մի փոքր հուզվելու, այժմ համարձակ կարող եմ նկարագրել քեզ եղբորս վերջին ժամերն ու մահն իրենց բոլոր մանրամասնություններով։ Եվ պետք է նկարագրեմ։ Թող քո աչքերից էլ փոքր-ինչ արտասուք թափվի. նա արժանի է դրան։
Նա մեռավ սրանից ուղիղ երկու շաբաթ առաջ, նույն ամսի 16-ին, երեկոյան մոտ 5 ժամին։ Այդ նշանավոր օրը շատ լավ հիշում եմ։ Գարունն այստեղ շատ վաղ եկած լինելով, եղանակը հիանալի էր և այնքան տաք, որ մինչև անգամ լուսամուտները բաց էինք արել։ Մեր տեղափոխվելուց հետո, առաջին անգամն էր, որ մենք այս տանը պարզ օդ էինք ծծում։ Գրիգորը պառկած էր լուսամուտի առաջ. երկու օր առաջ նա խնդրել էր, որ մահճակալն այնտեղ տեղափոխենք։ Վերջին անգամ ուզում էր տեսնել գարնան պայծառ արևը, նայել կապույտ երկնքին և տեսնել, թե ինչպես ուրախ ծիծեռնակները գալիս նստում են բակում կապած թոկի վրա, օրորվելով ճլվլում են և նորից թռչում գնում։ Այդ հինգերորդ օրն էր, որ այլևս չէր կարողանում վեր կենալ անկողնից։ Մենք բոլորովին չէինք կարծում, թե այդ օրը կմեռներ, որովհետև մեռնելուց մի քանի ժամ առաջ նրա դրությունը նույնն էր, ինչ որ մի քանի օր առաջ, մինչև անգամ լավ էր։ Բայց երևի ինքն այդ իմանում էր, որովհետև նույն օրն առավոտյան հատուկ խնդրեց ինձ, որ չհեռանամ մոտից։ Այդ օրը սովորականից ավելի քնքուշ էր թե՛ դեպի ինձ, և թե՛ դեպի մայրս, որի մի ոտը հորս սենյակումն էր, մյուսը նրա մոտ։ Այդ օրը սովորականից շատ էլ էր խոսում ինձ հետ։ Իսկ երբեմն մերթ ուրախ էր լինում, մերթ հանկարծ տխրում և մտածության մեջ ընկնում։ Մի անգամ էլ ուրախ խոսելուց հետո, հանկարծ լռեց, գլուխը դարձրեց դեպի լուսամուտը և դուրս նայելով, ընկղմվեց մտածմունքների մեջ։ Չուզեցի խանգարել նրան, և փոքր-ինչ կռանալով դեպի նա, սկսեցի նայել դեմքին։ Աստվա՜ծ իմ, որքա՜ն փոխված էր այդ դեմքը, իմ ճանաչած սիրուն, կանացի դեմքը. նիհար, չոր, գունատ. կարծես մի կաթիլ արյուն անգամ չկար նրա երակների մեջ։ Փոքրիկ, կանոնավոր քիթը, որ միշտ ներդաշնակ գեղեցկություն էր տվել նրա դեմքին, կարծես սաստիկ մեծացած, դուրս էր ցցվել սեղմված պնչերով։ Աչքերը խոր էին ընկել և մեծացել, իսկ պարզ, լայն ճակատը կարծես ավելի լայնացել էր։ Չգիտեմ ինչ էր պատճառը, բայց ինձ թվում էր, թե առաջին անգամն եմ տեսնում նրան այդքան փոխված։ Երկար ժամանակ նա անշարժ կար նույն դրության մեջ։ Մի ինչ-որ անորոշ զգացմունք, կարծես, չէր թողնում ինձ, որ խանգարեմ նրա մտածմունքները, իսկ ինձ թվում էր, թե այդ մտածմունքները թանկ արժեն նրա համար։ Լուռ և խորին վշտով նայում էի նրա դեմքին, երբ հանկարծ նրա շրթունքները բացվեցին, և նա կամաց, շատ կամաց, կարծես ինքնիրեն շշնջաց.
Ի՜նչ սիրուն բան է գարունը... Ակամա սիրում ես կյանքը, ինչքան էլ որ լի լիներ ձախորդություններով... ակամա ուզում ես ապրել, սիրել և...
Լռեց և դեմքը կամաց դեպի ինձ դարձրեց.
Ուղիղ ասա, քույրիկ, առաջվա նման դարձյա՞լ մտածում ես...
Ոչ, Գրիգո՛ր, ես աղոթում եմ, պատասխանեցի ջերմեռանդ զգացմունքով։
Տեսա, թե ինչպես նրա դեմքը պայծառացավ։ Նա առավ ձեռքս և սեղմեց։
Աղոթի՛ր, սիրելի՛ քույրիկ, պատասխանեց, կարծես, ուժ ստացած։ Աղոթի՛ր, միայն աղոթքը կարող է փրկել քեզ կյանքիդ ծանր րոպեներում... Հավատա ինձ, որ երբեք չես զղջա, եթե չմոռանաս իմ այս անկեղծ խորհուրդը։ Ճշմարիտ է, թեև կյանքի ձախորդություններն երբեմն շատ մոլորությունների պատճառ են դառնում, բայց մարդս այդպիսի դեպքերում միշտ աչքի առաջ պիտի ունենա, թե ո՛վ և ի՛նչ է ինքը, երբեք չպիտի մեռցնե իր մեջ հավատը, հույսը, երբեք չպիտի մոռանա աղոթել, կարծելով թե այդպիսով ինքը վրեժխնդիր է լինում. այդ չափից դուրս անմտություն կլիներ մարդու կողմից... Հավատա ինձ, որ ձախորդություններն ու թշվառությունն էլ ունեն հոգեկան իրենց վսեմ քաղցրությունը, ինչպես առողջությունն ու երջանկությունը, միայն թե մարդ բնավ չկորցներ հավատը, հույսը, բնավ չմոռանար աղոթել... Այդ սովորեցրել է ինձ ինքը կյանքը, և դու առանց կասկածելու հավատա ինձ։
Ես լսում էի նրան խորի՛ն երկյուղածությամբ, լսում էի ո՛չ թե իբրև մի քսան տարեկան անփորձ երիտասարդի, այլ որպես մի պատկառելի, փորձության բովից անցած ծերունու, մի երկնառաք մարգարեի, որ տարածում է աստծո խոսքը... Բայց հանկարծ նրան լսելիս՝ մի ինչ֊որ անորոշ երկյուղ պաշարեց ինձ։ «Այս ի՞նչպես է խոսում սա այսօր» այդ հարցն ակամա ծագեց գլխումս։ Իսկ նա խոսում էր մի ուրիշ տեսակ, ոչ այնպես, ինչպես ամեն անգամ խոսում էր այդպիսի բաների մասին, նրա ձայնը հնչում էր տխուր, բայց մի ինչ֊որ վեհ, սրբազան ոգևորությամբ։ Նա նայում էլ էր ուրիշ տեսակ։ Նրա հայացքը վառվում էր, դրանով կարծես ուզում էր ուժ տալ իր խոսքերի ազդեցությանը...
Գրիգո՛ր, ինչո՞ւ այսօր այսպես ես խոսում, չկարողանալով դիմանալ, հարցրի կարճ լռությունից հետո։
Ինչո՞ւ, արտասանեց քնքշորեն, նայեց աչքերիս և մի տեսակ օտարոտի կերպով ժպտաց։ Որովհետև պետք է... մեռնեմ, ավելացրեց հանդարտ ձայնով, բայց վերջին բառն արտասանեց այնքան կամաց, որ հազիվ լսեցի։
Չգիտեմ այդ րոպեին ինչ պատահեց ինձ, միայն ամուր գրկեցի նրան. կարծեցի, թե նույն րոպեին հավիտյան պիտի անհետանար աչքիս առաջից։
Գրիգո՛ր, իհարկե, կատակ ես անում, շշնջացի, ինքս իմ ձայնից վախենալով։
Դարձյալ նայեց աչքերիս, և տեսա, թե ինչպես ժպիտը հանկարծ անհետացավ նրա դեմքից և այդ դեմքն ընդունեց տխուր, վշտալից արտահայտություն։ Նա ոչինչ չպատասխանեց, միայն երկար նայեց աչքերիս և դեմքը շրջեց դեպի լուսամուտը։ Այժմ նայում էի նրան համարյա սարսափով, հա՛մ ուզում էի փախչել նրանից, հա՛մ գրկիցս բաց չթողնել...
Չգիտեմ որքան ժամանակ այդպես անցավ, երբ նա, շարունակ դուրս նայելով, առաջվա նման, բայց այս անգամ շատ տխուր ձայնով շշնջաց.
Հիշո՞ւմ ես, քույրիկ այն ժամանակ մենք դեռ շատ փոքր էինք, ես տասը տարեկան էի, դու՝ յոթ գնացել էինք տետրակներ առնելու և ետ էինք գալիս։ Ճանապարհին մեզ մի կատաղած եզ պատահեց։ Ամենքն երկյուղից մի կողմն էին փախչում և թաքնվում առաջին պատահած տեղը։ Մենք շատ վատ տեղովն էինք անցնում, այնտեղ ոչ խանութ կար, ոչ բակ, որտեղ մենք էլ կարող լինեինք թաքնվել։ Ճարահատյալ կանգնեցինք այնտեղ գտնված մի տան պատի տակ։ Եզը մոտենում էր: Գունաթափ և սաստիկ երկյուղով դու սեղմվեցիր ինձ: Ես կանգնեցի առաջդ, որպեսզի եզանը դիմադրեմ և պաշտպանեմ քեզ նրա հարվածից: Արյուն կտրած աչքերով՝ եզն ուղղակի ինձ վրա եկավ և կանգնեց մեր առաջ: Ես սարսափից ոչ կարողացա աղաղակել, ոչ շարժվել, միայն բնազդմամբ մի կողմ սեղմվեցի և ետևիցս երկու ձեռքով ամուր բռնեցի քեզ: Եզը կանգնեց, կանգնեց, նայեց, նայեց մեզ, հանկարծ փռնչացրեց, շուռ եկավ և, պոչը տատանելով, վազեց միևնույն ուղղությամբ: Մենք ազատվեցինք: Ես նայեցի դեմքիդ՝ և կարծես, այժմ էլ տեսնում եմ այդ դեմքը. սաստիկ գունաթափ, սարսափից չռած, անմիտ աչքերով, դու ամբողջ մարմնով դողում էիր, առանց թողնելու ինձ՝ շարունակ նայում էիր եզան ետևից, կարծես նա դարձյալ շուռ պիտի գար մեր կողմը և առաջվա նման պիտի մոտենար մեզ այս անգամ հարու տալու դիտավորությամբ: Բայց եզը շուռ եկավ մի ուրիշ փողոց և չքացավ մեր աչքերից: Տեսա, թե ինչպես դու ազատ շունչ քաշեցիր, լուռ նայեցիր ինձ, մի տեսակ օտարոտի, բայց շատ անշնորք կերպով ժպտացիր, կամ ավելի ճիշտ է ասել՝ ծամածռեցիր դեմքդ և հանկարծ լաց եղար: Թեև, իկարկե, ես չփրկեցի քեզ եզան հարվածից, բայց այդ րոպեին պատրաստ էի զոհ գնալու եզանը, միայն թե քեզ ազատած լինեի, չնայելով, որ սարսափն ինձ էլ էր կաշկանդել: Այնուհետև ինչպիսի՜ հպարտությամբ և հրճվանքով հիշում էի այդ անցքը. մտքումս մի անգամից տպավորվել էր, որ քեզ ազատողն ես էի...
Նա լռեց և մնաց անշարժ, անթարթ դեպի դուրս նայելով: Երևում էր, որ մանկական այդ հիշողությունն այդ րոպեին էլ քաղցր էր նրա համար, և նա չէր ուզում հեռացնել այդ հիշողությունն իր գլխից: Ես էլ չէի համարձակվում խանգարել նրա այդ քաղցր հիշողությունը: Իրավ, ի՜նչ սքանչելի ժամանակներ էին այդ...
Մանկության օրեր, երազի նման
Անցաք, գնացիք, այլ չեք դառնալու...
շշնջաց նա, կամաց հոգոց հանեց և նայեց ինձ:
Գրիգո՛ր, ինչո՞ւ հիշեցրիր ինձ այդ անցքը, հարցրի:
Ինչո՞ւ, արտասանեց նա հուսահատ ձայնով, նրա՞ համար, որ ես այժմ այլևս ոչ մի բանից, չեմ կարող քեզ ազատել...
Զգացի, թե ինչպես սիրտս, սաստիկ ցավ տալով, թրթռաց, գլուխս ակամա խոնարհվեց նրա կրծքի վրա, և հուսահատության հեկեկանքը սկսեց խեղդել ինձ։ Այդ րոպեին արդեն աներկբա զգում էի, թե ինչպես մի աներևույթ զորություն սկսում էր կամաց-կամաց բաժանել նրան ինձնից հավիտյան...
Ճաշին, բացի կես բաժակ կաթից, ոչինչ չառավ բերանը։ Նկատում էի, թե ինչպես կամաց-կամաց թուլանում էր նա, բայց ուշքը մինչև վերջին շունչը վրան էր։ Մեռնելուց մի ժամ առաջ ուզեց տեսնել հորը։ Մայրս, որ, ըստ երևույթին, արդեն սկսել էր հասկանալ, թե բանն ինչումն է, կատարեց նրա խնդիրքը։ Շուտով հորս՝ թևից բռնած՝ զգուշությամբ ներս բերեց և զգուշությամբ նստեցրեց հիվանդի մահճակալի առաջ՝ աթոռի վրա։ Հայր և որդի նայեցին միմյանց. հորս հայացքը նույն անմիտ, նույն անզգա հայացքն էր, սակայն այս անգամ այդ հայացքի մեջ նկատվում էր փոքր-ինչ հետաքրքրություն, իսկ եղբորս հայացքը... Ինչքա՜ն սեր, կարեկցություն, վիշտ և հուսահատություն կար այդ հայացքի մեջ, հորը հավիտյան մնաս բարյավ ասող այդ լուռ վերջին հայացքի մեջ... Առավ հոր ձեռքը, ուզեց բան ասել, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ բերանից։ Միայն խոնարհվեց և շրթունքը կպցրեց նրա ձեռքին։
Այս ո՞վ է, կամաց հարցրեց հայրս, նայելով մորս։
Գրիգորն է... Չե՞ս ճանաչում, հազիվ կարողացավ արտասանել խեղճ մայրս, որովհետև արտասուքը խեղդում էր նրան։
Ոչ, չեմ ճանաչում, պատասխանեց հայրս և, փոքր- ինչ լռելուց հետո, հարցրեց. հիվա՞նդ է։
Այո։
Ես էլ եմ հիվանդ, խեղճ տղա, ես էլ եմ հիվանդ, արտասանեց հայրս, կարծես, սաստիկ կարեկցությամբ և, ձեռքը հեռացնելով Գրիգորի շրթունքից, սկսեց շոյել նրա գլուխը։
Այլևս չկարողացա դիմանալ սիրտս պատռվում էր և շտապով դուրս գնացի, որպեսզի այլևս ոչինչ չտեսնեմ, ոչինչ չլսեմ...
Երբ քառորդ ժամից հետո դարձյալ ներս մտա, մայրս հորս արդեն դուրս էր տարել։ Գրիգորը պառկած էր երեսն ի վեր և ձեռքով ծածկել էր դեմքը։ Երբ մոտեցա նրան, ձեռքը հեռացրեց դեմքից։ Ինչքա՜ն վիշտ տեսա այդ դեմքի վրա... Աղերսող հայացքով նայեց ինձ և առավ ձեռքս։
Աննա՛, արտասանեց դողդոջուն ձայնով, դու գիտես, թե ինչպես կնայես հայրիկին ու մայրիկին։ Բացի քեզնից, նրանք ո՛չ ոք չունեն, օգնիր նրանց, ինչպես կարող ես։
Ապա սեղմեց ձեռքս, թողեց և պատասխան չպահանջեց, չպահանջեց արդյոք նրա՞ համար, որ հասկանում էր, թե որպիսի ծանր պարտականություն էր դնում ինձ վրա, թե՞ նրա համար, որ հույս ուներ ինձնից չգիտեմ, միայն այդ մասին այլևս ոչինչ չխոսեց։
Նրա մահվան ներկա էինք միայն ես, մայրս և Թոմաս Գասպարիչր, որ հենց նոր էր եկել և, իմանալով, թե բանն ինչումն է, սաստիկ տխուր նստած էր մի կողմը։ (Եղբայներս՝ եղանակը լավ լինելու պատճառով՝ այդ օրը դուրս էին գնացել և դեռ տուն չէին եկել, ո՛վ գիտե որտեղ էին թափառում)։ Նա խնդրեց, որ քահանա կանչենք։ Թոմաս Գասպարիչը գնաց քահանայի ետևից։ Քահանան եկավ։ Ինչպիսի սրբազան ջերմեռանդությամբ ընդունեց հաղորդությունը... Մեռնելուց առաջ համբուրեց մորս ձեռքը, հետո իմը, իսկ ամենից վերջը Թոմաս Գասպարիչինը, որն, այլևս չկարողանալով դիմանալ, սկսեց երեխայի նման լաց լիներ Այնուհետև վերջին հայացքը վշտալից, աղերսող հայացքը ձգեց ինձ վրա և համարյա նույն րոպեին էլ հոգին ավանդեց... Ոչ, հոգին չավանդեց հոգին ավանդելիս, ասում են, մարդ սարսափելի է լինում, բայց այդպիսի բան ես բոլորովին չնկատեցի նրա մեջ այլ աչքերը փակեց և քնեց, քնեց, որպեսզի այլևս երբեք չարթնանա... Երբ աչքերը փակեց, ես բոլորովին չէի կարծում, թե մեռավ, բայց մայրս այդ իսկույն հասկացավ։ Նա նախ մի տեսակ բութ, անմիտ հայացքով մեքենայաբար նայեց ինձ, հետո թույլ, շատ թույլ ձայնով, կարծես ուժասպառ ճչաց և, գլուխը դնելով մեռած որդու գլխի մոտ՝ բարձի վրա, մի ձեռքով գրկեց նրա կուրծքը։ Սաստիկ մի դող ցնցեց ողջ մարմինս. ես հասկացա, որ եղբայրս մեռավ։ Աչքերս մթնեցին, ծնկներս թուլացան և այնուհետև այլևս ոչինչ չզգացի։ Երբ ուշքի եկա, տեսա, որ պառկած եմ սենյակումս՝ մահճակալիս վրա, մայրս նստած է կողքիս՝ սառը, գունատ, չոր դեմքով, իսկ Թոմաս Գասպարիչը դիմացը՝ աթոռի վրա, վշտից սառած ու կուչ եկած։ Սկզբում կարծեցի, թե առավոտ է և նոր եմ զարթնում, բայց երբ նայեցի մորս, նայեցի Թոմաս Գասպարիչին, նայեցի շուրջս, դարձյալ մորս, դարձյալ Թոմաս Գասպարիչին արդեն եղելությունը պարզվեց ինձ համար։ Եվ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե այդ ժամանակ ի՛նչպես կարողացա այնքան հանգիստ լինել, ո՛չ մի հառաչանք, ո՛չ մի արտասուքի կաթիլ, ո՛չ մի դառնություն, ո՛չ մի վիշտ. կարծես մեռած էի և զգում էի, որ մեռած եմ։ Ասում էին կեր՝ ուտում էի, խմիր՝ խմում էի, հագիր՝ հագնում էի, բեր այսինչը՝ բերում էի, տար այսինչը՝ տանում էի, արի՝ գալիս էի, գնա՝ գնում էի, մի խոսքով՝ անում էի, ինչ որ ասում էին, և արածս ոչ հասկանում էի, ոչ զգում։ Եվ եթե այժմ հարցնես ինձ, թե ինչպես թաղեցինք եղբորս, ով կար հուղարկավորությանը և այլն ոչինչ չեմ կարող ասել։ Այսքանը միայն մութ կերպով երազի նման հիշում եմ, որ ինձ սևեր հագցրին, ձեռքս մի թաշկինակ դրին, թեև թաշկինակի կարիք չունեի, ձեռքիցս բռնեցին, տարան եկեղեցի, և դարձյալ ետ բերին։ Այս էլ հիշում եմ, որ եկեղեցում համբուրեցի նրա ճակատը, դարձյալ համբուրեցի, դարձյալ... էլ ոչինչ չեմ հիշում։ Իսկ այժմ, երբ այդ ժամանակից անցել է ամբողջ երկու շաբաթ, երբ ամեն օր մտնում եմ նրա սենյակը և ամբողջ ժամերով ձեռքերս խաչած՝ նստում եմ նրա դատարկ մահճակալի վրա ի՞նչ եմ զգում ես... Փառք և գոհություն նրան, ով տնօրինում է մարդկային բախտը։ «Աղոթքը, միայն աղոթքը կարող է փրկել քեզ կյանքիդ ծանր րոպեներում» ասաց նա։ Օրհնյա՜լ լինի քո հիշատակը իմ սիրելի, իմ անգի՛ն եղբայր։
Սիրելի Հռիփսիմե,
Նամակ ես պահանջում. ի՞նչ գրեմ, ի՞նչ ունեմ գրելու, ի՞նչ կարող եմ գրել, երբ շուրջս և ներսս կատարյալ դատարկություն է տիրում։ Ոչինչ չկա, ոչ մի հիմնավոր բան, որից կարողանայի ամուր կպչել՝ չանհետանալու համար, որի վրա կարողանայի վերջնականապես կենտրոնացնել թափառող մտքիս ընթացքը՝ չմոլորվելու համար։ Երևակայիր մի անհուն անտակ խորխորատ անվերջ տարածության մեջ, որտեղ ընկել է մարդ. նա տարածում է ձեռքերն այս ու այն կողմը, որպեսզի մի բան գտնի, որից կարողանա բռնել՝ ավելի խորը չընկնելու համար, բայց միշտ հանդիպում է դատարկ տարածության, և նա շարունակ ընկնում է ցած, ընկնում է անվերջ, մինչև անգամ ոտների տակ հատակ չգտնելով. ես այդ դրության մեջ եմ։ Ճշմարիտ է, կա իմ մեջ մի զգացմունք, որի համար պարտական եմ մեռած եղբորս, և թեև այդ զգացմունքը շատ անգամ բարերար ներգործություն է ունեցել տանջված հոգուս վրա, բայց... անգին քույրիկ, հասկանո՞ւմ ես, թե որքա՜ն երիտասարդ եմ ես դեռ և թե սիրտս, հոգիս բնականաբար դեպի ինչը պիտի ձգտեն։ Ես... Ա՜խ, բավակա՜ն է. թողնենք այն, այլևս սիրտ չկա.
Եղբորս մահն, իհարկե, անհետևանք չէր կարող անցնել ոչ ինձ և ոչ մորս համար՝ մանավանդ մեր այս թշվառության ժամանակ։ Մայրս անմիջապես ընկավ անկողին և մոտ մի ամիս շարունակ պառկած էր։ Նրա և հորս միակ խնամատարն ես էի, թեև ես էլ պակաս հիվանդ չէի զգում ինձ։ Նրա անկողնից վեր կենալն ու իմ պառկելը մեկ եղավ, կարծես դիտմամբ իրար խոսք էինք տվել այդպես անելու։ Ես նրանից ավելի կարճ ժամանակ էի պառկած և ահա մի շաբաթ է ինչ վեր եմ կացել։ Այժմ ինձ սաստիկ թույլ եմ զգում, երկար չեմ կարողանում ման գալ կամ որևիցե բան շինել, շուտով հոգնում եմ, ուզում եմ նստել կամ թիկն տալ։ Գրիչն էլ այժմ դժվարությամբ եմ շարժում ձեռքիս։ Անցյալ օրը նայեցի հայելում, և ինքս ինձնից սարսափեցի։ Ակամա վերցրի անցյալ տարվա լուսանկարս և համեմատեցի. ինչքա՜ն փոփոխություն... չէի ուզում հավատալ, թե այդքան փոխվել եմ։ «Կամ այս իմ լուսանկարս չէ, կամ թե հայելին է ինձ խաբում» ասում էի ինքս ինձ։ Լուսանկարը ներկայացնում է մի գեղեցիկ, մի կայտառ օրիորդ, որի աչքերն երջանկությամբ և չարաճճի կերպով ժպտում են, իսկ հայելու մեջ տեսնում էի սաստիկ նիհար, սաստիկ գունատ, կարծես ծերացած մի աղջիկ, որի անկենդան, մեքենայական հայացքը, կարծես, ասում է... ի՞նչ է ասում. որոշ ոչինչ, բայց մի բան ասում է, որ ոչ ինքն է հասկանում, և ոչ ուրիշը կարող է հասկանալ... Դառնացած դեն շպրտեցի լուսանկարս և հեռացա հայեյուց...
Այստեղ սաստիկ շոգեր են։ Ամառանոցի սովոր լինելով, շատ դժվարությամբ եմ կարողանում դիմանալ։ Համարյա ողջ օրը սենյակիցս դուրս չեմ գալիս։ Միայն գիշերներն և առավոտյան կարողանում եմ ազատ օդ շնչել։ Ների՛ր, սիրելիս, սաստիկ հոգնեցի. էլ ոչինչ չեմ կարող գրել։
Ընդունիր կարոտալից համբույրներս։
Սիրելի Հռիփսիմե,
Այժմ փառք աստծո, բավական լավ եմ զգում ինձ, միայն շոգերն են սաստիկ նեղացնում։ Երբեմն երեկոները, լավ եղանակներին, դուրս եմ գնում փոքր-ինչ զբոսնելու և շուտով էլ վերադառնում եմ։ Հարցնում ես՝ մի՞թե եղբայրներս դարձյալ պարապ են։ Ոչ. մեր նախկին հարուստ «բարեկամներից» մեկը վերջապես «խղճաց» մեզ և երկուսին էլ ընդունեց իր մագազինը, բայց այն պայմանով, որ նրանք իրենց լավ պահեն։ Եվ այժմ, փառք աստուծո, նրանք տակավին իրենց լավ են պահում, և եթե բանը միշտ այդպես գնա, մենք գոհ կլինենք։ Այդ շատ լավ եղավ, եթե եղբայրներս դարձյալ պարապ մնային, հավատա, որ քաղցած կմեռնեինք։ Մորս հիվանդության միջոցին մեր վերջին կոպեկները ձեռքներիցս գնացին, և մենք մնացել էինք տարակուսած՝ թե ինչ պիտի անենք։ Այժմ եղբայրներիս գործի կանգնելով, կարող ենք փոքրիշատե տանելի կյանք ունենալ։
Ես արդեն վերջնականապես հաշտվել եմ դրությանս հետ, ներկան ինձ այնպես սարսափելի չի թվում, ինչպես երևակայում էի առաջ։ Միայն եղբորս վաղահաս մահը սրտիս մեջ թողել է մի այնպիսի խոց, որ երբեք և ոչ մի բանով չի կարող բուժվել։ Ամեն օր, ամեն ժամ նա կարծես կենդանի կանգնած է աչքիս առաջ, իսկ երազումս համարյա ամեն գիշեր տեսնում եմ նրան։ Նրա մեռնելուց հետո առանց տանջվելու չէի կարողանում մոտենալ նրա գրքերին և տետրակներին։ Ամեն անգամ, որ տեսնում էի այդ գրքերն ու տետրակները պահարանում դարսած, իսկույն մի տեսակ սաստիկ-սաստիկ ճմլվում էր սիրտս, և անցյալի հիշողությունները մեկը մյուսի ետևից ակամա զարթնում էին իմ մեջ։ Բայց երեկ չգիտեմ ինչո՞ւ սիրտս ձգտում էր դեպի այդ գրքերն ու տետրակները ուզում էի քրքրել նրանց, ուզում էի թերթել, ուզում էի ծայրեծայր կարդալ տետրակները, և ինձ թվում է, թե այդպիսով նա ինքը՝ կենդանի կանգնած իմ առաջ՝ խոսելիս կլինի ինձ հետ։ Այդ պատճառով մոտեցա պահարանին և բաց արի դուռը։ Գրքերն ու տետրակները դարսված էին իրենց կարգով, այնպես, ինչպես նա վերջին անգամ ինքն իր ձեռքով դարսել էր։ Կարգապահությունն ու մաքրությունն առհասարակ նա սաստիկ սիրում էր, և ես երբեք չէի տեսել, որ նրա գրքերը կամ տետրակները խառնիխուռն թափված լինեին ամեն ինչ իր տեղը, ամեն ինչ մաքուր։ Բայց այդ անգամ գրքերի և տետրակների վրա բավական փոշի էր նստել։ «Իսկ նրա վրա ահագին շերտ հող էր նստած» մտածեցի ես, դողդոջուն ձեռքով մի առ մի վերցրի գրքերն և սկսեցի փոշին սրբել։ Այդ վերջացնելուց հետո, վերցրի բոլոր տետրակները, ցած բերի և, նախապես նրանց վրայից էլ փոշին սրբելով, սկսեցի մի առ մի թերթել։ Այդ բոլորն ուսանողական տետրակներ էին, որոնց մեջ իրեն հատուկ մաքուր և գեղեցիկ գրերով գրել էր դասերը։ Այդ տետրակների մեջ գտա և նրա հիշատակարանը։ Ինչպես մի անգին գյուտի վրա, վրա ընկա այդ տետրակին և ահագին հետաքրքրությամբ սկսեցի թերթել։ Ա՜խ, ինչպե՜ս տրոփում էր սիրտս, ինչպիսի տանջանքով և սիրով սեղմում էի այդ տետրակը սրտիս, ինչպես ջերմագին համբուրում էի այն և թրջում արտասուքով... Մի անգամ, երբ կգաս այստեղ, սիրելի Հռիփսիմե, այդ տետրակը կկարդամ քեզ մոտ, և կտեսնես, թե ինչպիսի տղա էր նա, այդ տետրակի մեջ նա թափել էր իր բոլոր միտքն ու հոգին։ Բայց այժմ ես այնտեղից կարտագրեմ նրա բանաստեղծություններից մեկը (հիշատակարանի մեջ բավական թվով բանաստեղծություններ էլ ունի գրած), որ, ինչպես ամսաթիվը ցույց է տալիս, նրա վերջին գրածն է և գրել է մահից մի շաբաթ առաջ։ Այդ բանաստեղծությունը մի ամփոփ գաղափար կտա քեզ նրա հոգեկան աշխարհից։
Հասել է ժամը։ Շուտով նորաբաց,
Մանուկ արևս պիտի խավարի.
Դեռ կյանք չտեսած, դեռ չվաստակած՝
Մարմինս հողը պիտի ավերի։
Ա՜խ, ինչպե՜ս, ինչպե՜ս ուզում եմ ապրել,
Ապրել և գործել, գործել և տոկալ,
Ինչպես ջերմագին ուզում եմ սիրել,
Ամենքի համար աղոթել և լալ...
Խե՜ղճ, անբա՜խտ եղբայր... Ի՜նչպիսի կյանքի ծարավ, ի՜նչքան անկեղծ, խոր զգացմունք, ի՜նչքան տանջանք... Մի՞թե այդպիսի եղբորը երբևէ կարելի է մոռանալ, իմ անգի՛ն քույրիկ։ Երեկվանից դես անընդհատ մտածում եմ նրա մասին և որքան շատ եմ մտածում, այնքան ավելի եմ զգում, թե որքան մեծ և անփոխարինելի է իմ կորուստը։ Գիշերս բոլորովին չկարողացա քնել, ակամա արտասուքը հանդարտ հոսում էր աչքերիցս և թրջում էր դեմքս, անկողինս և ես դողդոջուն ձեռքերս սաստիկ հուսահատությամբ ու տանջանքով տարածում էի օդի մեջ՝ գոնե նրա ուրվականը գրկելու համար... Ա՜խ, նրա հիշատակարանն ամեն ինչ տակնուվրա արեց իմ մեջ... Դարձյալ սկսում եմ առաջվա նման... Ո՛չ, այլևս ոչինչ չեմ գրի այս մասին, միշտ միևնույն երգը... Գուցե արդեն ձանձրացրել եմ քեզ։
Մնաս բարյավ, իմ սիրելի քույրիկ, ցնոր գրություն։
Սիրելի Հռիփսիմե,
Խորհուրդ ես տալիս, որ շատ չհուզվեմ և խնդրում ես, որ եղբորս հիշատակարանն ուղարկեմ քեզ, որպեսզի այլևս տեղիք չունենամ հուզվելու։ Ես էլ եմ հասկանում, որ շատ հուզվելը ներկա դրությանս մեջ ինձ վնասակար է, բայց մի՛ վախենա. հիշատակարանը գտնելուս առաջին օրն էր, որ այնպես հուզվում էի, այժմ ինձ զսպում եմ։ Ուրեմն, սիրելիս, հիշատակարանը կմնա ինձ մոտ. ողջ կյանքումս չեմ բաժանվի նրանից, չեմ բաժանվի այն պատճառով միայն, որ նա ինձ համար անգին է և միշտ էլ անգին կմնա։
Դարձյալ բանը թարսվեց և մեծ եղբայրս իր հին աստվածը միտը բերեց։ Մեր «բարեկամն» էլ վռնդեց նրան, և իրավունք ուներ, որովհետև եղբայրս դարձյալ սկսել էր խմել, ստացած ռոճիկից էլ ոչ մի կոպեկ տուն չէր բերում։ Է՜հ, այդպես էլ կարծում էի. արբեցողությունն այնպես չէ բույն դրել նրա մեջ, որ նա երբևէ կարողանար դրանից ձեռք վերցնել։ Դրա համար կամք է հարկավոր և փոքր-ինչ ժուժկալություն, իսկ եղբայրս զուրկ է թե՛ մեկից, թե՛ մյուսից. անգործ մնալն ու խմելը նրա համար ամեն բանից քաղցր է։ Իսկ փոքր եղբայրս դարձյալ այնտեղ է և, պիտի ասած, կարողացել է ծուլությանը հաղթել և աշխատում է։ Բայց նրա ստացած ռոճիկն ի՞նչ պիտի անի մեր այնքան, թեկուզ սաստիկ չափավորած, կարիքներին։ Ծայրահեղ աղքատությունը սպառնում է թակելու մեր դուռը... Մայրս ուզում է տունը ծախել, բայց ես չեմ թողնում, դրանից ստացած փողն էլ շուտով կհատնի (մանավանդ, որ տունն անհամեմատ պակաս են գնահատում), այնուհետև ի՞նչ պիտի անենք, ինչո՞վ պիտի վճարենք բնակարանի վարձը... Ոչ, անմտություն կլիներ հոգսերի վրա նոր հոգսեր ավելացնել։ Երևակայում եմ, թե որքան դժվար է մի տնից մյուսը տեղափոխվել, թե որքան անտանելի է տանտիրոջից միշտ անարգված լինել տան վարձը ժամանակին չվճարելու համար... Ոչ, հազարապատիկ ավելի լավ է մեռնել թեկուզ քաղցած, բայց ականջը հանգիստ՝ սեփական տան հարկի տակ։ Սեփակա՜ն տանը, սեփակա՜ն տանը... ուրիշ տեղ կյանքը կրկնապատիկ, քառապատիկ դառը կլինի։ Ես այդ զգում եմ։ Մայրս ուզում է մի որևէ գործ վերցնել։ Տեսնենք ինչ կլինի։
Սաստիկ հուզված եմ գրում քեզ այս տողերը, սիրելի Հռիփսիմե։ Ես այժմ կատարելապես ոչնչացած եմ։ Մայրս կար էր վերցրել կարելու, ես էլ օգնում էի նրան, բայց... ոչինչ չկարողացա կարել, այսինքն ոչ թե ոչինչ չկարողացա կարել, այլ կարել չգիտեի, կարը փչացրի։ Կար բաժանող կինը տեսավ կարս և հանդիմանեց նախ մորս, որ ինձ թողել էր կարելու, հետո ինձ, որ կարը փչացրել էի։ «Ահագին աղջիկ ես և ամենահասարակ կար անգամ չգիտես, ամոթ չէ՞» ասաց։ Ամոթ չէ՜... Այնքան ամոթ էր, որ հազար երանի կլիներ, եթե նույն րոպեին գետինը պատռվեր և կլաներ ինձ հավիտյան... Մինչև անգամ մտադրվեցի ինքնասպանություն գործել և կգործեի, աստված է վկա, կգործեի, եթե... Ամեն տեսակ դժբախտություն, ամեն տեսակ բախտի հալածանք կտանեի և տանում եմ բայց հասարակ կնոջ այդ հասարակ բանի համար տված հանդիմանությունը ո՛չ մի կերպ չէի տանի և չե՛մ կարող տանել։ Այդ հանդիմանությունը մտքիցս մի վայրկյան անգամ չի հեռանում, և որքան շատ եմ մտածում այդ մասին, այնքան... սիրտս անտանելի ծանրանում է... Կարծում եմ, թե ամբողջ մարդկությունն աշխարհիս ամեն ծայրերից, մինչև անգամ տան չորս պատերը, որոնցից այլևս դուրս չեմ գալիս, ծաղրելով մատնացույց են անում ինձ և ասում տեսե՜ք, այս ահագին աղջիկը հասարակ կար անել անգամ չգիտե... Ի՜նչ մեծ համարում ունեի ինձ վրա. կարծում էի, թե բավական է, որ մի բան անել կամենամ և վերջացած է, ամեն բան կանեմ. բայց իրողությունը, փորձը ցույց տվեց, որ ոչ թե ոչինչ չեմ կարող անել, այլև... որ ես ինքս ոչի՜նչ եմ, ոչի՜նչ, ոչի՜նչ... Եվ դեռ մի անգամ մեռած եղբորս հպարտությամբ պատասխանեցի. «Ի՜նչ, ես կաշխատեմ»... խե՜ղճ, խեղճ Աննա... Եվ եղբայրս էլ հույս ուներ ինձնից, թե կարող եմ աշխատել... Ո՜հ, որքա՜ն անտանելի է դրությունս։ Ինքս ինձնից սարսափում եմ։ Գոնե չունենայի սրտիս մեջ՝ դեռ մանկությանս հասակից սերմանված՝ հպարտությունը, այս գոռոզությունը, գոնե կարողանայի՝ տանել ինձ տված արդարացի հանդիմանությունները, գոնե սիրտս կարողանար հաշտվել ուղեղիս հետ այն ժամանակ... Իսկ այժմ... կատարելապես իրավունք ունեմ ասելու, որ ես իսկապես թշվառ եմ... Ա՜խ, ա՜խ, անգի՛ն քույրիկ... սրտիս և ուղեղիս մեջ դժոխք կա...
Սիրելի Հռիփսիմե,
Աղքատ տեղովդ ինձ քսան ռուբլի ես ուղարկել։ Ինչո՞ւ... ինչո՞ւ ես ուղարկել... և դեռ ներողություն էլ ես խնդրում, որ ուշ ես ուղարկում, որովհետև ռոճիկդ նոր ես ստացել... Բայց քեզ ո՞վ ասաց, որ ուղարկես... նպատակդ ի՞նչ էր, որ ուղարկել ես,,. Ինձ ծաղրե՞լ, ինձ հանդիմանե՞լ... Այո՞... Կարծես թե ինքս ինձ քիչ եմ ծաղրում, կարծես թե ինքս ինձ քիչ եմ հանդիմանում... Եվ գրում ես, որ շնորհակալություն չգրեմ քեզ։ Մի՞թե կարծում էիր, որ շնորհակալություն կգրեմ։ Ի՞նչ բանի համար. որ տանջանքս կրկնապտտկեցի՞ր... որ ինքս ինձ ավելի ատել տվեցի՞ր... որ մի անգամից ցույց տվիր, թե որքան չնչին և անպե՞տք եմ ես՝ քեզ հետ համեմատած... Երբ բաց արի ծրարը, հանեցի միջից ուղարկածդ թղթադրամները և կարդացի նամակդ արյունս գլխիս խփեց։ Կատաղությունից, ամոթից ու անզորությունից լաց եղա... Աստվա՛ծ իմ, այն ինչ արտասուք էր... Կյանքիս մեջ դեռ այնպես լաց չէի եղել, արտասուքիս յուրաքանչյուր կաթիլը, կարծես, թույն էր, որ քաղվում էր ուղղակի սրտիցս... Անգի՛ն քույրիկ, այս ի՞նչ է պատահում ինձ...
Հ. Գ. Նամակիս հետ ետ եմ ուղարկում ուղարկածդ քսան ռուբլին։ Անշուշտ հասկանում ես ինձ և չես նեղանալ, որ այդ փողերը չեմ ընդունում։
Դարձյալ, դարձյալ ուղարկել ես և հետն էլ մի երկար հանդիմանություն։ Այո՛, այո՛, սիրելի Հռիփսիմե, համաձայն եմ քեզ հետ, որ ես շատ հպարտ եմ, շատ փոքրոգի և շատ հիմար, բայց... հավատա, որ ավելի մեծ բարերարություն արած կլինեիր ինձ, եթե այդ փողերը սկզբից չուղարկեիր։ Չես կարող երևակայել, թե ինչպես տանջվում եմ ես, երբ նայում եմ այդ փողերին... Այնուամենայնիվ, ընդունում եմ, բայց այն պայմանով ուշադրություն դարձրու այն պայմանով, որ այդ իմ պարտքս լինի և ես՝ այսօր թե էգուց, բայց մի ժամանակ՝ անպատճառ վերադարձնեմ քեզ։ Գրիր, որ այդ պայմանին համաձայն ես, ապա թե ոչ, դարձյալ ետ կուղարկեմ։ Մինչև գրելդ այդ փողերից մի կոպեկ անգամ չեմ ծախսի։
Սիրելի Հռիփսիմե,
Շնորհակալ եմ։
Սիրելի Հռիփսիմե,
Ի՞նչ ես ուզում, որ գրեմ։ Թե ի՞նչպես եմ անցկացնում օրս։ Կզակս ափիս հենած՝ առավոտից մինչև երեկո նստած եմ լուսամուտի առաջ և եթե երբեմն պատահում է, որ մի որևէ ճանճ՝ ցրտից անզորացած՝ ման է գալիս ապակիների վրա, բռնում կամ գլուխն եմ կտրում, դեն գցում, կամ թևերն ու ոտները կտրատում ու թողնում, որ թավալգլոր գա այդպես անդամահատված, մինչև որ սատկի... Սրանից էլ լա՞վ զբաղմունք։ Ժամանակ չէ՞... թող անցնի, ուրիշ կերպ չանցնի, թող այսպես անցնի, ի՞նչ վնաս։ Վերջը խո մահ է...
Սիրելիս,
Իզուր ես ինձ երկար ու բարակ խրատներ կարդում. իզուր ես աշխատում ապացուցել ինձ, որ իմ այս խելքով, հասկացողությամբ ես չեմ կարող և չպետք է այսպես լինեմ, որ ես զոռով եմ այսպես անում և անարդարացի կերպով չարախոսում ինքս ինձ վրա։ Ես ինքս էլ այդպես եմ կարծում, բայց արի տես, որ անիծյալ իրականութլունը խելք և հասկացողություն չի պահանջում, այլ կյանքի համար պատրաստություն, իսկ հենց այդ բանն է, որ ես չունեմ, բայց թե ինչո՞ւ չունեմ այդ ինքդ էլ շատ լավ կարող ես հասկանալ, եթե քրքրես անցյալս և դաստիարակությունս... Միանգամից համոզվիր, որ ես կյանքի համար մի կոպեկ, մի գրոշ չարժեմ։ Կրկնում եմ՝ ես անպատրաստ եմ, անպատրաստ այս երբեք մի մոռանար։ Իսկ նոր պատրաստվել այժմ անհնարին է, ուշ է։ Ինչպես սկզբից հիմքը գցվել է, այնպես էլ պետք է գնա մինչև վերջը։ Եվ թող գնա։ Ես հրաշքներ չեմ սպասում և ոչ էլ ինքս կարող եմ հրաշքներ գործել։ Ես մի այլանդակ արարած եմ, որի բերանը հացը ծամած պիտի դնել... Որքա՜ն ատում եմ ինքս ինձ, որքա՜ն զզվում եմ ինքս ինձնից... Եթե հնար լիներ սոսկալի մեղապարտությունից խուսափելու...
Իմ անգին Հռիփսիմե,
Այս տողերը գրելիս արդեն թույն եմ խմել, իսկ երբ կարդալիս կլինես, անշուշտ այլևս կենդանի չեմ լինի։ Մնաս բարյավ... հավիտյան... էլ ինձ չես տեսնի։ Անիծի՛ր ինձ, բայց լաց եղիր. արտասուքդ գուցե թեթևացնի մեղապարտ հոգիս... Ի՜նչ սոսկալի բան է թույնը... Բայց կյանքն ավելի սոսկալի է, իհարկե, ինձ համար, իսկ քեզ և ուրիշների համար ոչ։ Հա, կարծեմ արդեն ստացած պետք է լինես մի քանի օր առաջ իմ քեզ ուղարկած քսան ռուբլին, որ պարտք էի քեզ։ Ների՛ր, հպարտությունս հաղթեց։ Այս նույն հպարտությունն է, որ ինձ գերեզման է տանում։ Արդյոք կների՞ ինձ աստված, կների՞ Գրիգորի հոգին... Բայց ապրելն ինձ համար անհնարին էր։ Դարձյալ մնաս բարյավ, աննման քույրիկ. աղոթք արա մեղապարտ հոգուս համար։