Մուրացան

Խորհրդավոր միանձնուհի

6

Քաղաքներում ապրող մեր գործողներն, առհասարակ, այն կարծիքի են թե գյուղում գործելու ասպարեզ չկա, թե ձանձրույթն ու պարապությունը կարող են այստեղ մարդուն խեղդել։ Մինչդեռ ես, չգիտեմ թե որքան ժամանակ էլ պիտի ապրեմ, որ գյուղական ժողովրդի մեջ կատարելիք կարևորագույն գործերի գեթ մի մասը կարողանամ կատարել։ Քաղաքներին կյանք մատակարարողը գյուղն է, ինչպես և ազգի կենդանության ուժ տվողը գյուղացին։ Ով որ կամենում է ազգի կենդանությունը զորացնել, նա պիտի գյուղը գործելու, ծառը ջրելու և ուռճացնելու համար նախ նրա արմատները պետք է հագեցնել...

Քույր-Աննան յուր պատմությունը, գրեթե, ավարտել էր։ Այժմ ես գիտեի թե՝ այնքան շատ ինձ հետաքրքրող «միանձնուհին», ով էր։ Սակայն մնում էր իմանալ էլի մի բան, այսինքն այն թե յուր թված բոլոր այս գեղեցիկ գործերը, որոնցից ավելին ինքս ամեն օր տեսնում էի իմ աչքով, արդյո՞ք նա առանց դժվարության և արգելքների էր սկսել և գլուխ հանել, թե հանդիպել էր նաև խոչընդոտների։ Եվ եթե այս վերջինները եղել էին, ապա ինչպես նա, մի տկար կին, կարողացել էր կոպիտ գյուղացու ստեղծած արգելքների դեմ կռվել։ Իմ այդ հարցին նա պատասխանեց.

Աշխարհում ես չգիտեմ դեռ մի գործ, որի կատարելն ազատ լիներ արգելքներից։ Գոնե իմ փորձերից սովորած՝ ես կարող եմ ասել, թե նույնիսկ ամենադյուրին կատարված գործը, կապ ունի միշտ մի արգելքի հետ։ Սակայն այդ արգելքները կարծում եմ, միշտ էլ վնասակար չեն։

Ընդհակառակը, դրանք սովորեցնում են գործողին՝ յուր գործը դնել հաստատ հիմքի վրա, կամ ապագա չարիքների դեմ՝ դարձնել այն աննկուն ու զորավոր։

Արգելքների մասին եք հարցնում, օ՛, ես նրանց շատ եմ հանդիպել, թեպետ իմ պատմության ընթացքում և ոչ մինը հիշեցի։ Եթե իմ նվիրման գործում զգացածս ուրախությունը թունավորվել է երբևիցե, այդ պատահել է հենց արգելքներից հզորագույնին հանդիպածս ժամանակ, մանավանդ, երբ դրանց դեմ կռվելու համար իմ ուժը նվազ և քաջությունն անբավարար եմ գտել։ Բայց համբերությունն ու անվհատ աշխատությունը ոչնչացնում են, նույնիսկ, ամենազորավոր արգելքները։ Այդ ճշմարտության ես հասու եղա, դժբախտաբար, մի փոքր ուշ, որովհետև համբերությունն էլ սովորեցնում է մարդուն փորձառությունը, որից ես զուրկ էի իմ առաջին ձեռնարկությունների ժամանակ։

Դժվար չէ ձեզ երևակայել, թե ո՛րքան մեծ էր լինում իմ տանջանքը, երբ մի օգտավետ գործ սկսելու համար ամեն ինչ մտածած, կշռած և կարևոր ծրագիրը կազմած, ուրախ ու հուսալիր դիմում էի գյուղացիներին և առաջարկում նրանց օգնել ինձ այդ գործն սկսելու, հանդիպում էի սառն ու անտարբեր ընդունելության։ Ճշմարիտ է, նրանք ինձ հարգում էին, ուստի և լսում ինձ հոժարությամբ, շատ անգամ էլ, նույնիսկ, գլուխները շարժում ի նշան համաձայնության, բայց դրանով էլ վերջանում էր նրանց ձեռընտվությունը։ Ամեն ոք անտարբեր գնում էր յուր գործին և ես դարձյալ մնում էի միայնակ՝ իմ մտածմունքների և ծրագրերի հետ։

Դրանից հետո, ասենք, ես դիմում էի քահանային, խոսում էի նրա հետ ամբողջ ժամերով։ Նա նույնպես ուշադրությամբ լսում էր ինձ և, մինչև անգամ, համոզվում, որ ես հասարակության համար օգտավետ գործ եմ առաջարկում։ Սակայն մի բան արգելում էր նրան համաձայնվել ինձ հետ։ Ինչ բան էր այդ, չգիտեի, միայն ինձ թվում էր թե՝ նա չէր կամենում այս դեպքում յուր խելքին հավատալ, նա վախենում էր թե՝ մի՞գուցե յուր համաձայնությունից, կամ առաջարկածս գործից մի վնաս հասնե իրեն։ Նույն ձևով էր վարվում և տանուտերը, երբ խոսում էի նրա հետ և սկսելիք գործի կարևորությունը բացատրում՝ իրեն մատչելի օրինակներով։ Նա ինձ հասկանալով և իմ խոսքերից համոզվելով հանդերձ՝ խնդրում էր թողնել գործը մի ուրիշ անգամի, կամ գալ տարվան։ «Մինչև այն ժամանակ գուցե, գյուղացիներին կարողանամ համոզել», ասում էր նա և սակայն այնուհետև գյուղացիների հետ ոչինչ չէր խոսում, կամ եթե խոսում էր, հարցն այն ձևով էր դնում, որ լսողները ոչ հետաքրքրվում և ոչ էլ ուշադրության էին առնում այն։

Ոչ մի բանից այնքան չէ խորշում գյուղացին, որքան այն նորություններից, որոնք հակառակում են գյուղի նահապետական սովորություններին։ Գյուղացու այդ հատկությունը հարգելի է արդարև յուր ունեցած առաքինությունների ու խիստ բարոյականի նկատմամբ, բայց նույն հատկությունն անպայման վնասում է նրան, երբ խնդիրը գալիս է յուր աշխատությունը և արդյունագործելու հին եղանակը բարեփոխելուն, կամ գյուղի մեջ հանրօգուտ մի հաստատություն հիմնելուն։ Նա դրանց դեմ էլ, համարյա, նույն ուժովն է կռվում, ինչ ուժով որ կկռվեր, եթե մինը համարձակվեր ձեռնամուխ լինել յուր բարոյականը խախտելուն։ Ուղեղի ծուլությունն, առհասարակ, թագավորում է գյուղերում և այդ է պատճառը, որ գյուղացին խորշում է միշտ սկսել այն՝ ինչ որ չեն սկսել յուր հայրը, կամ պապը։

«Այդպիսի դեպքերում ես վերադառնում էի իմ խուցը տխուր և շատ անգամ հուսահատ։ Ինչ պիտի կարողանամ անել այս ժողովրդի համար, քանի որ նա ինքը չէ կամենում յուր բարին, մտածում էի ես, մի օր, այո՛, այն կարծիքին էի, թե ամեն ինչ կարող եմ անել, ամեն արգելքների կարող եմ հաղթել, բավական է, որ հաստատ կամք և գործելու եռանդ ունենամ... բայց այժմ, ահա, տեսնում եմ որ բարիք գործելու համար էլ բավական չէ գործողի կամքը, այլ նրան պիտի միանա նաև բարիք ստացողի ցանկությունը։ Այսպես էի մտածում, այո՛, բայց հետո տեսնում, որ մտածելով ոչինչ չէր առաջանում, պետք էր գործել։ Եվ ես դարձյալ մտնում էի գյուղը, խոսում էի, հորդորում էի, որին էլ պատահում էի և վստահ էին իրենց հառաջադիմության նկատմամբ ունեցածս սիրո վրա։ Այնուհետև ես ոչ թե խնդրում, այլ պատվիրում էի, և իմ պատվերները կատարում էին ճշտությամբ։

Ով որ կոչված է գյուղում գործելու, նա պետք է իմանա, որ գործ ունի քմահաճ մի երեխայի հետ։ Ինչպես որ հոգատար դաստիարակը համբերությամբ և առանց հուզվելու տանում է երեխայի քմահաճությունները, չհրաժարվելով սակայն շարունակ նրան ուղղելու, անհրաժեշտ միջոցներից և նրա ընդունակության չափով, նրան բարին ու ազնիվը ներշնչելու պարտավորությունից, այդպես էլ պիտի վարվի գյուղի մեջ գործողը։ Նա չպետք է նույնիսկ ինքնասիրություն ունենա կամ հուզվի ու վրդովվի, եթե այդ ինքնասիրությունը կոպտությամբ վիրավորեն։ Նա ավելի առաքյալի, քան հասարակ գործողի դեր պիտի կատարե։ Գյուղում հնձելու ոչինչ չկա, դա մի խորդացած, խոպանապած երկիր է. պետք է հերկել, արորադրել այն, պետք է մշակել, պարարտացնել հողը և ապա թե սեր անել։ Այդքանն է միայն մեր ժամանակի մշակների գործը։ Իսկ այդ գործի ազնիվ պտղաբերության հունձը ուրիշ և ավելի բախտավոր ժամանակի մշակներ կանեն, օրհնելով, անշուշտ, այն անձնվեր նախորդներին, որոնք հմտությամբ մշակեցին երկիրը և «սերմանեցին զսերմն բարի...»։

Որովհետև արգելքների մասին է խոսքը, շարունակեց քույր-Աննան, ես կարծում եմ, դրանց թվում պետք է դասել և այն արգելքները, որոնք երբեմն հասնում էին ինձ ոչ թե արտաքուստ, այսինքն դիմացի մարդկանցից, այլ նույնիսկ ինձանից։ Կարող եք այդպիսի արգելքներ երևակայել։

Չգիտեմ, չեմ հասկանում ձեր խոսքը, պատասխանեցի ես։

Այո, այդպիսի արգելքներ գոյություն ունեին և կարողանում էին երբեմն խանգարել ինձ, շարունակեց։ նա։ Միթե կարծում եք, թե հնարավոր է ապրել աշխարհում մոտ քսան տարի, սովորել կյանքի հրապույրներին, ի վերջո ջերմագին սիրել և այս ամենը միանգամից մոռանալ... ով որ չէ փորձել նա գուցե հասարակ աչքով նայե այդ բոլորի վրա։ Բայց ես ասում եմ, որ դրանք մարդկային կյանքի ծանրագույն փորձերն են և դրանց բովից անվտանգ անցնելու համար պետք է ունենալ ավելի ուժ, ավելի քաջություն, քան որքան այս դեպքում ենթադրելի է։

Պատահել է շատ անգամ, մանավանդ, արտաքին արգելքների հանդիպածս ժամանակ, որ իմ ուխտը լեռան չափ ծանրացել է սրտիս վրա։ Այդպիսի ժամանակները փափագելով փափագել եմ գտնվիլ կրկին իմ նախկին ընկերուհիների շրջանում, այն անհոգ, միշտ ուրախ և միշտ ծիծաղող հասարակության մեջ, ուր տխրությունը չէր կնճռում ճակատս, ուր ամենքը սիրում, զբաղեցնում էին ինձ, ուր կյանքը հրապույրով լի ծիծաղում էր ինձ...

Պատահել է, որ ես անձկությամբ ցանկացել եմ տեսնել իմ ծնողներին, մի անգամ էլ լսել նրանց քաղցր ձայնը, նրանց սիրապատար, անուշ խոսքերը, վայելել նրանց ջերմ գրկախառնությունը, սիրաշունչ համբույրը... Բայg նրանք չկային, այնպես չէ։ Գոնե մի անգամ շիրիմները տեսնեի և իմ արտասուքով թրջեի նրանց... Պատահել է, որ ես հիվանդացել եմ. ինձ սիրով այցելել, ինձ համար հոգացել են գյուղացի կանայք, նույնպես և իմ սիրելի աշակերտուհիները։ Բայց դրանց բոլորի մեջ հոգիս անձկությամբ պտրել է իմ հարազատ մորը։ Ես կամեցել եմ լսել նրա ձայնը, զգալ նրա ձեռքերի շոշափը իմ այրվող ճակատի վրա... Հիշել եմ այն երջանիկ ժամանակները, երբ ես հիվանդանում էի, և նա անհանգիստ, սրտադող և շունչը բռնած, պտտում էր անկողնիս շուրջը, սիրով ու խանդով լի աչքերը դարձնում վրաս, ճակատս քնքշությամբ շփում, ձեռքերս ափերի մեջ ճմլում և անդադար «ինչպե՞ս ես այժմ իմ անուշիկ Աննա...», հարցնում ինձ այնպիսի իմ քնքուշ, խանդակաթ ձայնով, որ այժմ էլ հիշելուց սիրտս թուլանում է...

Իսկ ի՞նչ ասեմ ես նկատմամբ Գարեգնի, որ իմ կյանքի մեջ այս դժվարատար հեղափոխությունը մտցրեց։ Միթե կարող էի նրան մոռանալ, նրան, որ իմ բոլոր մտքերի, խորհուրդների և գործերի հեղինակն էր. որին այնքան ուժգին, այնքան ջերմությամբ սիրեցի, բայց որն այժմ հազարավոր մղոն հեռու էր ինձանից։ Երբեմն ժամերով նստած մտածում էի նրա համար։ Նախկին կրակը բուռն կերպով արծարծվում էր իմ մեջ, փափագում էի տեսնել նրան մի անգամ, լսել նրան մի անգամ... հիշում էի մեր վերջին տեսակցությունը և նրա վերջին հրաժեշտի խոսքերը, «գնա սիրեցյալ քույրիկ, ես օրհնում եմ քեզ, օրհնում եմ քո ճանապարհը, գնա, թող աստված լինի քեզ հետ», ասաց նա։ Ես եկա և մարմնացրի նրա ցանկությունը։ Բայց ո՞ւր է նա ինքը։ Ցանկանում էի, որ նա տեսներ թե ինչպե՛ս հավատարիմ մնացի իմ ուխտին, թե ինչպես, յուր սիրո պատճառով, կնոջ համար ծանրագույն խաչը ես բարձի... բայց նա չկար, չէր կարող տեսնել գոնե իմանայի, թե նա մտածում է իմ մասին, հիշո՞ւմ է նա ինձ, թե մոռացել է իսպառ... Եվ այս վերջին միտքը տանջում էր հոգիս։

Այսպես, ուրեմն, թե՛ այս մտածությունները և թե՛ նորոգվող զգացումները նույնպես արգելքներ էին իմ ձեռնարկած գործին և մինչև իսկ, երբեմն, զորեղ արգելքներ։ Հաճախ իմ հոգին թուլանում, ընկճվում էր դրանց ազդեցությունից, իմ աշխույժը նվազում և գործելու եռանդը հանգչում էր, որովհետև աշխարհային կյանքը դեռ ամբողջապես չէր մեռել իմ մեջ. նա օրհասական կռիվ էր մղում այն բարձր ու սրբազան կյանքի դեմ, որ պատրաստվում էր շուտով իմ գոյությանը տիրել։

Սակայն այս հոգեկան կռիվներն իմ մեջ կատարվում էին, իհարկե, իմ նվիրման առաջին տարիներում, երբ մի կողմից էլ, ինչպես ասացի, արտաքին նեղություններն էին պաշարում ինձ։ Ես սովորություն ունեի այդպիսի ճգնաժամերում կարդալ իմ հիշատակարանը և գլխավորապես նրա այն էջերը ուր իմ սիրելի ուսուցչի խոսքերն էին գրված։ Նրանք ինձ մխիթարում ու քաջալերում էին։ Մի անգամ այդպիսի մի հուզված ժամանակ, ես պատահեցի նրա այն խոսքերին, որ ասել էր հորս՝ իմ ձեռքը մերժելու ժամին. «Կա մի ուրիշ մարմին, որ ավելի սիրելի և ավելի պաշտելի է քան մեր սեփականը. այդ մարմինը Հայրենիքն է։ Ես ուխտել եմ իմ անձը նրան նվիրել, նրա սիրուց զատ աշխարհում ուրիշ սեր չճանաչել, նրա ցավերից զատ ուրիշ ցավերով չվշտանալ, նրա բախտավորությունից զատ՝ ուրիշ բախտավորություն չխնդրել...»։ Եվ այս խոսքերը մեծ-մեծ տառերով տախտակի վրա օրինակելով՝ կախեցի իմ սենյակի ճակատին։ Այնուհետև ամեն օր կարդում էի նրանց և հոգեպես կազդուրված իմ գործը շարունակում։

Բայց հետո, իհարկե, տարիները հոլովվելով՝ վաղեմի զգացումներն էլ հետզհետե թուլացան, մանավանդ որ ես շարունակ ճնշում էի նրանց։ Իմ սկսած գործը գնալով մեծացավ, բարգավաճեց և իմ բոլոր հոգսերն ու մտածմունքը գրավեց։ Այնուհետև շարունակ ես զբաղված էի այդ գործելով և իմ ուժը մինչև անգամ չէր բավում բոլորին։ Ես ստիպված էի շատ բան թողնելու մեր քահանային, նախապես նրան գործելու եղանակը սովորեցնելով։ Եվ տեր-հայրը, պետք է խոստովանել, ամենահավատարիմ հետևողը դարձավ իմ օրինակին։

Իսկ այժմ, երբ ես դառնում նայում եմ իմ այս քսանամյա գործունեության վրա, տեսնում եմ թե ինչպես մի տկար կնոջ կամքը կարողացել է այսքան գործ կատարել, հրճվում, մխիթարվում եմ և շարունակ օրհնում իմ սիրելի և իմաստուն ուսուցչին, որ յուր հոգեշունչ խոսքերով վառեց, բորբոքեց իմ սիրտը և ուխտել տվավ ինձ այս սրբազան ուխտը։ «Հեռացեք աշխարհից, բայց մի մտնեք կուսանոց, ասաց նա ինձ. գնացեք հեռու-հեռու, դեպի կորած հայ գյուղերը, դեպի այն ժողովուրդը, որին մոռացել են մեր գործողները, որի մեջ օրըստօրե նվազում, հանգչում է կենդանության ուժը, գնացեք այնտեղ, ուր տգիտությունը բռնացած քանդում, ավերում է ինչ որ պատմական ժամանակներից մնացել է գեղեցիկ և հարգելի։ Մտեք այդ ժողովրդի մեջ. նվիրեցեք ձեզ նրա բարօրության և նրա մանկանց կրթության գործին։ Սովորեցրեք նրան ճանաչել յուր անցյալը, բարվոքել ներկան և գործել ապագայի համար։ Ուսուցեք նրան հարգել իրեն, սիրել ընկերին և պաշտպանել նրան, երբ հարկը պահանջե...»։ Ես լսեցի իմ ուսուցչին և հեռացա աշխարհից, ահա՛ իմ բոլոր պատմությունը...

Սեպտեմբեր 15, X. քաղաք։

Երեք ամիս շարունակ մնացի Ն. գյուղում և անցուցի այդտեղ ամենաքաղցր և հիշատակի արժանի օրեր։ Բացի մենավոր և որսորդական զբոսանքներս, որոնք հարուստ բնության ծոցում լինելուն համար մեծ հաճույք էին պատճառում ինձ, ես բախտավոր էի նաև նրանով, որ շարունակ վայելում էի քույր-Աննայի սիրելի և անզուգական ընկերակցությունը։ Թեպետ ես արդեն դադարել էի նրա գեղեցիկ ստեղծվածներով հիանալուց, ըստ որում նրանց պատահում էի գրեթե ամեն քայլափոխում, այսուամենայնիվ, դեռ նրա զրույցներն ու կարծիքները լսելու ծարավ էի։ Այս պատճառով կցանկայի երկար ապրել այդ գյուղում և երկար վայելել ազնիվ կույսի ընկերակցությունը։ Դժբախտաբար օգոստոսը վերջանում էր, և ես պետք է վերադառնայի քաղաք, որովհետև անձնական գործերս չէին ներում ավելի ուշանալ։ Գրեթե այս միակ պատճառով իմ հյուրընկալ տեր-Հովսեփը, ցանկանալով արտաքո կարգի մի պատիվ անել ինձ, որոշեց յուր որդու՝ Հակոբի հարսանիքը իմ ներկայությամբ կատարել։

Գյուղացիներս, առհասարակ, ձմեռն ենք ազատ, ասաց նա ինձ մի օր, և մեր հարսանիքները, գլխավորապես, այդ ժամանակն ենք անում։ Բայց որովհետև ցանկանում եմ, որ դուք իմ որդու հարսանիքը տեսնեք, այդ պատճառով որոշեցի այս ամսում կատարել։

Ես, իհարկե, շնորհակալություն արի տեր-հորը՝ ինձ արած պատվի համար, որից չէի կարող հրաժարվել, եթե մինչև իսկ կամենայի, որովհետև դրանով վիրավորած կլինեի քահանային։ Այդ հարսանիքը տեղի ունեցավ։ Հակոբի հյուրերի հետ, որոնք բաղկացած էին գյուղի երիտասարդներից, ես էլ գնացի մոտակա շենը, ուսկից և բերինք նրա նորատի և գեղեցիկ հարսնացուն։ Գեղեցիկ եմ ասում նրա համար, որ ճանապարհին հաջողվեց ինձ մի վայրկյան տեսնել նրա երեսը, որ ծածկված էր թանձր, կարմիր քողով։ Հարսանիքը, հակառակ իմ սպասածին, կատարվեց շատ պարզ և անպաճույճ ձևով։ Ուրիշ գյուղերում տեսել էի, որ նա տևում է երեք կամ չորս օր և այդ բոլոր ժամանակ ամբողջ գյուղն ուրախության և զվարճության մեջ է լինում։ Կովեր ու եզներ են մորթում, գինին ու օղին ջրի պես է հոսում, իսկ հրավիրյալները հարսանիքատան ներսն ու դուրսը լցված՝ ուտում, խմում են. մանավանդ, երբ հարսանիքը գյուղի հարստին է պատկանում։ Բայց այստեղ տեր-հայրը միայն մի օր ուներ հացկերույթ և այն շատ պարզ պատրաստությամբ։

Իմ հարցին թե ինչու այստեղի գյուղացիք ուրախանալ չգիտեն, քույր-Աննան պատասխանեց,

Գյուղացիք ամեն տեղ էլ նույնն են։ Մանավանդ սյունեցիք ավելի շքեղ տոներ կատարել գիտեն։ Իմ նոր եկած տարիները ես այստեղ յոթ օր շարունակ հարսանիք եմ տեսել և սարսափել, որովհետև այդ ուրախության մեջ գյուղացու տան իսկական ավերումն եմ նկատել, մանավանդ, երբ իմացել եմ, որ դրանցից շատերը պարտքերով են այդ ուրախությունը կատարում։ Յուր չնչին փառասիրությունը գոհացնելու համար, գյուղացին քաղաքում պարտք է վերցնում տոկոսով և երկու երեք օրվա մեջ փոխ առածն սպառելով հավիտյան ստրուկ է մնում վաշխառուի ձեռքին։ Այնուհետև նրա տունը, տեղը, անասունը, այգին վաշխառուի ստացվածքներն են։ Պարտապան գյուղացին դողալով է յուր պարտատիրոջ երեսը ելնում։ Նրա տարած ընծաները՝ կաթ, ձու, մածուն, կարագ կամ հավ, որ նա շարունակ յուր երեխաների բերանից է խլում, վաշխառուն ընդունում է իբրև իրեն հասանելի եկամուտ, սակայն առանց գյուղացու պարտքից մի սև փող իջեցնելու։ Եվ ինչու համար այս բոլորը միայն մի քանի օր զվարճանալու և հարևաններին զվարճացնելու՝ համար։

«Սակայն շատ տարիներ են, ինչ այս գյուղում այդ շռայլությունները վերացել են։ Գյուղացին, առհասարակ, ինքն էլ ուրախ է լինում, որ այդ ծանրության տակ չմտնե, միայն թե ընկեր-հարևանից է ամաչում։ Պետք է մինը լինի, որ ամենքին հավասարապես հորդորե այդ կորստաբեր ճանապարհից հեռանալ։ Եվ նրանք կլսեն նրան։ Ահա այդ դերն էլ ես հանձն առի, ժամանակին խոսեցի, բացատրեցի, նույնիսկ քահանային քարոզել տվի եկեղեցում, որից հետո գյուղացիներն իրենք արդեն եկան և մեր ներկայությամբ համախոսական ստորագրելով որոշեցին վերացնեն իրենց միջից ամեն ավելորդ ծախք, որը սովորություն ունեին նրանք անելու թե՛ ուրախության և թե՛ տրտմության ժամանակ։ Հակառակ վարվողը տուգանք պիտի վճարեր գյուղական գանձարանին։ Այդպիսի տուգանք, իհարկե, դեռ մինչև այսօր չէ մտել մեր գանձարանը, որ ապացուցանում է թե գյուղացին ինքը շատ գոհ է այդ որոշումից։ Այստեղից օրինակ են վերցրել և հարևան գյուղերը, հույս ունեմ թե՝ ուրիշ հեռու տեղեր էլ կհետևեն այս բարի սովորության։

Կարող էի միթե չհամակերպվել քույր-Աննայի այս մտքերին, որոնք, որքան էլ պարզ և հասարակ երևային, այսուամենայնիվ, ամփոփում էին իրենց մեջ գյուղական ընտանիքի հաստատության պայմանները։

Հակոբի հարսանիքից մի քանի օր հետո քույր-Աննան հայտնեց ինձ որոշ նորություն, այն է թե շուտով պիտի կատարել տա յուր ձեռնասուն վարժուհու և վարժապետի պսակը։

Եթե տեր-հայրը յուր որդու հարսանիքով կամեցավ պատվել ձեզ, ես էլ իմ որդեգիրների հարսանիքով կպատվեմ, ասաց քույր-Աննան ժպտալով։ կցանկանայի նաև, որ դուք լինեիք նրանց խաչեղբայրը. այդ մեծ՝ ուրախություն կպատճառեր իմ որդեգիրներին, բայց գյուղական սրբագործված սովորության դեմ չպետք է մեղանչել։ Նրանց ծնողներն արդեն ունին իրենց հին կնքահայրը, որի ընտանիքի անդամները, նույնիսկ որդոց որդի, պիտի կատարեն այդ պաշտոնը փոխադարձաբար։ Մենք ուրեմն չենք խառնվիլ նրանց իրավունքներին։ Դուք կլինիք հարսեղբայր։

Ես ուրախությամբ ընդունեցի քույր-Աննայի առաջարկությունը և հարցրի թե՝ արդյոք վաղուց են նրանք նշանված։

Նրանք վաղուց սիրում էին միմյանց, պատասխանեց քույր-Աննան ժպտալով. այդ ես նկատեցի դեռ մի քանի տարի սրանից առաջ, երբ նրանք տակավին ուսանում էին։ Այդ սերն, իհարկե, արտահայտվում էր լոկ քնքուշ, մանկական բարեկամությամբ։ Եվ որովհետև երկուսն էլ չափից դուրս ուշիմ երեխաներ էին, ուստի իմ առանձին հոգածության առարկան դարձրի նրանց, նպատակ ունենալով, ինչպես առաջներն էլ ասացի, պատրաստել նրանցից իմ գործը շարունակող հաջորդներ։

«Պետք է հիշեմ նաև, որ Մանիշակը այն երիտասարդ գյուղացու աղջիկն է, որ առաջին անգամ ինձ, իբրև «միանձնուհի» այս գյուղը բերավ։ Նա ամուսնացավ իմ գալուց մի քանի տարի հետո և սա նրա առաջին զավակն է։ Իսկ Պետրոսը որդի է մի այնպիսի մարդու, որ շարունակ իմ ձեռնարկություններին արգելք էր լինում։ Սակայն ես նրա տան միջից պատրաստեցի ինձ համար հավատարիմ օգնական։

Նշանակված օրը երիտասարդ զույգի պսակը կատարվեց։ Եկեղեցում ներկա էին քույր-Աննայի հետ միասին և յուր դպրոցի աշակերտներն ու աշակերտուհիները, որոնց առանձին խնամքով հյուրասիրեց Պետրոսի հայրը յուր գեղեցիկ պարտիզում։ Քույր-Աննան, պսակված զույգը և ես այդ փոքրիկ հյուրերի հետ էինք, իսկ գյուղացի հրավիրյալները ուրախանում էին մեզանից հեռու գտնվող մի ուրիշ այգում, իրենց գլուխ ունենալով տեր-Հովսեփին։ Այսպես էր կարգադրել ինքը, քույր-Աննան, որպեսզի յուր սանիկները հանդիսատես չլինեին մեծերի ազատ զվարճությանը։ Այս տոնախմբությունների հետ միասին օգոստոսն էլ վերջացավ։ Քույր-Աննայի գուշակության համաձայն ես բոլորովին կազդուրվել էի։ Պետք էր այժմ վերադառնալ քաղաք, ուսկից ամբողջ երեք ամիս բացակա էի։ Այս վերադարձն, իհարկե, ծանր չէր ինձ համար, բացի անձնական գործով զբաղվելու անհրաժեշտությունը, վաղուց էր ինչ հեռու էի մորիցս ու քույրերիցս, բարեկամ ու ծանոթ չէի տեսել, շատ մի նորություններից զուրկ էի և որքան էլ դեպի քաղաքի կյանքն անհամակիր, այսուամենայնիվ, այժմ փափագում էի վերադառնալ։

Բայց իմ գյուղացի բարեկամների, մանավանդ քույր-Աննայի համար, զգալի էր իմ հեռանալը։ Վերջինս, մինչև անգամ, ցավում էր, որ սովորել է իմ ընկերակցության։

Գոնե չգտնեի ձեր մեջ իմ գաղափարների ու համոզմանց համակիր մեկը, այն ժամանակ ավելի հեշտ կլիներ մոռանալ ձեզ, ասում էր նա պարզությամբ. Բայց բախտի բերմունքով դուք էլ նույն դավանությունն ունիք մեր ճակատագրի մասին ինչ որ ես, այդ պատճառով ձեր բաժանումը՝ իբր իմ մխիթարության զրկանք եմ նկատում։ Քույր-Աննայի խոստովանությունն անկեղծ էր, սակայն ես պիտի խոնարհեի հարկի առաջ։ Սեպտեմբերի 2-ին, կյուրակե առավոտ գնացի նրան իմ հրաժեշտի ողջույնը տալու։

Ես հեռանում եմ այստեղից, բայց տանում եմ ինձ հետ ամենաթանկագին հիշատակներ՝ ձեր բարեկամության ու գործերի, ասացի նրան։ Եթե բախտը հաջողե՝ ես կրկին կվերադառնամ այստեղ՝ վայելելու համար բնության և ձեր ձեռքով այս գյուղում պատրաստված բարիքները, որոնք մեծագնի էին ինձ, մանավանդ, ձեր անզուգական բարեկամությամբ համեմված լինելուն համար։ Իսկ եթե անկարող լինիմ այդ փափագին հասնել, այն ժամանակ կմխիթարվիմ գեթ այն քաղցր մտածությամբ թե՝ մի անգամ, գոնե, վայելեցի ես այդ բոլորը։ Բարի ճանապարհ, ասաց քույր-Աննան, աշխատեցեք ձեր խոստումը կատարել, իսկ եթե չկարողանաք, գոնե մի մոռանաք մեզ։ Աշխատեցեք երբեմն-երբեմն նամակ գրել ինձ և տեղեկություն տալ այն ամենի մասին, ինչ որ գիտեք թե՝ պիտի հետաքրքրե ինձ և ինչ որ լրագրում անկարող եմ կարդալ։ Ի վերջո կատարեցեք իմ մի խնդիրը՝ ոչ մի տեղ և ոչ ոքի մոտ մի խոսեք իմ մասին և մի հիշեք իմ գործերից ոչինչ։

Ինչո՞ւ, զարմացմամբ հարցրի ես. չէ որ բարի գործերը արժանի են ամեն տեղ գովությամբ հռչակվելու, և դա ավելի օգուտ, քան չարիք կարող է բերել գործին։

Ոչ, ես չեմ կամենում, որ իմ գոյությունը հայտնի լինի աշխարհին. անհայտության մեջ ապրել, անհայտության մեջ մեռնել, այդ է իմ ցանկությունը։ Եվ դրա համար ես ունիմ հարգելի պատճառներ։

Արդյոք չէիք կարող խելամուտ անել ինձ այդ պատճառներից մեկին, հարցրի ես ժպտալով։

Մի բան միայն կարող եմ ասել։ Ով որ գործում է և դրա համար էլ փող փչել տալիս հրապարակում, նա հրավիրում է մարդկանց՝ գալ և քանդել յուր գործը։ Թողեք որ ես ցորենի մի հատ լինիմ, այս երկրի մեջ մեռած... իսկ երբ այդ ցորենը կվերընձյուղե, երբ նրա հասկերը կլցվին և մարդիկ պտուղը կվայելեն, այն ժամանակ թող հիշեն նաև մեռած ցորենը, որ կյանք տվավ հասկերին և որին այլևս հափշտակիչ թռչունները չեն կարող փորել և հողից հանել... Իսկ առայժմ կամենում եմ անծանոթ մնալ աշխարհին, քանի դեռ նրա օգտի համար եմ վաստակում։ Այո, չեմ կամենում փառավորվիլ մարդկանցից՝ մի բարի և օգտավետ գործ քանդելու գնով։ Ահա ինչ որ կարող եմ ասել ձեզ...

«Որքա՛ն սեր դեպի հասարակաց բարին և որքան համեստություն, մտածեցի ես, եթե այս հոգվով վառված մի քանի տասնյակ գործիչներ ունենայինք, լեռներ կշարժեինք, գետերի ընթացքը կկասեցնեինք... բայց ուր են այդ գործիչները»։

Ես խոստացա քույր-Աննային ճշտությամբ կատարել յուր պատվերը և ջերմությամբ համբուրելով նրա սուրբ ձեռքը՝ հեռացա։

Տեր-հայրը, յուր որդիները և Պետրոս վարժապետը, որոնք ձի հեծած սպասում էին ինձ գյուղի ծայրում, ճանապարհ ձգեցին ինձ բավական հեռու։

Այնուհետև իջա դեպի Ուզուն-Դարայի կիրճերը, իմ նախկին առաջնորդ Պետոյի հետ։ Այս անգամ մեր ճանապարհորդությունն անցավ առանց պատահարների։ Երկու, օրից հետո ես արդեն քաղաքումն էի։

1887, հունիս 5, Թիֆլիս։

Հայրենի քաղաքիցս հեռանալուց հետո, այսօր առաջին անգամն եմ ձեռք առնում իմ հիշատակարանը, որ ծածկված մնացել էր իմ պահարանի մի անկյունում։ Ես նորից կարդացի այն և անցյալի քաղցր հիշատակները հուզեցին հոգիս։ Այդ հուզմունքը, սակայն, ուրախություն չէր այլ անդարձ կորուստի կսկիծ և հառաչանք...

Ուղիղ երեք տարի է անցել այն երջանիկ օրից, երբ ես Ն. գյուղում քույր-Աննային ծանոթացա, սակայն այդքան ժամանակի ընթացքում ես դեռ իմ հիշատակարանում նրա անձին վերաբերյալ պատմությունը չավարտեցի։ Տխուր ժամանակը և տխրագույն դեպքերը վաղուց իմ գրիչը դատապարտել էին անգործության, և լռությունն ինձ համար դարձել էր հաճելի հիվանդություն։ Բայց հիվանդությունն, ինչպիսին էլ որ լինի, անբնական կացություն է և վնասակար, մանավանդ, հոգվո առողջության, հետևապես, պետք է ազատվել նրանից, եթե կամենում ենք դեռ ապրել, մտածեցի ես և նորեն ձեռք առի գրիչս։ Ինձ մնում էր ավելացնել իմ հիշատակարանում դարձյալ մի քանի երես և դրանով իմ «խորհրդավոր միանձնուհու» պատմությունը կվերջանար։ Այդ էլ ահա անում եմ այժմ, մտածելով թե իրավունք չունիմ անհայտության մեջ թողնելու հիշատակն այն աննման կույսի, որին յուր առանձնության մեջ ճանաչեցի, որի արդյունավոր գործունեությունը տեսա, որի անզուգական առաքինությամբ հիացա։ Եթե հարյուր ընթերցողից գեթ մեկը ոգևորվի իմ «միանձնուհու» ուխտով, այդ ոգևորությունն իսկ ապարդյուն չի անցնիլ, նա բարիք կարտադրե, իսկ բարվույն ամեն տեղ կդիմավորեն գրկաբաց։

Ն. գյուղից վերադառնալով, ես աշունն ու ձմեռը անցուցի մեր քաղաքում, իսկ 85 թվականի սկզբում արդեն Թիֆլիսումն էի անձնական գործով։ Մինչև այստեղ գալս մի քանի նամակներ ունեի գրած քույր-Աննային և պատասխաններն ստացած իսկ այստեղ հասնելուց հետո, ավելի ևս հաճախ սկսա գրել, որովհետև 85 թվականի առաջին քառորդը մեզ համար հարուստ ու հետաքրքրական էր ընդհանրական մի խնդրի, այն է կաթողիկոսական ընտրության վերաբերյալ տեղեկություններով։ Եվ որովհետև հայ խմբագրություններից մեկին մոտ էի ես, ուստի կարողանում էի իմ բարեկամուհուն, գրեթե ամեն շաբաթ, նորանոր տեղեկությունները հաղորդել՝ նկատմամբ այն անձի և նրա հետ կապված խնդրի, որոնք այնքան մոտ ու սիրելի էին յուր սրտին և որոնց մասին մենք գյուղում խոսում էինք շարունակ։ Իմ տված տեղեկությունները, նայելով ժամանակի կուսակցական ոգուն և հանգամանքների փոփոխության, լինում էին երբեմն ուրախ և երբեմն տխուր։ Սակայն մոտալուտ երջանկության մի հույս թևապարում էր մեր շուրջը։ Ամենքս սպասում էինք թե՝ որոշյալ օրն ու ժամին պիտի ավետենք միմյանց «արժանիքի հաղթանակն» ընտրությամբ մի անձի, որի մասին գովությամբ էին խոսում հայոց թերթերը և որի վրա մեծ հույս ու վստահություն ունեին հայրենասերները։ Սպասում էին նրան տեսնել բարձրացած վեհապետական այն գահին, դեպի որն ամեն հայ հառում էր յուր աչքը սիրով ու հավատով, ջերմեռանդ անկնածությամբ և որն յուր մեջ ամփոփում է հազար վեց հարյուր տարվա հայության հոգևոր կյանքի իղձերն ու մխիթարությունները։ Այդ սրբազան պաշտոնին արժանի համարված անձը, քույր-Աննայի անզուգական ուսուցիչը, հայրենավառ Գարեգինն էր, որը վաղուց արդեն եպիսկոպոսական աստիճանին հասած, այժմ արդեն նշանավոր մի թեմի սիրված ու մեծարված առաջնորդն էր։

Եվ ահա, արդարև, նույն տարվա ապրիլին ես կարողացա մի ավետավոր հեռագիր հասցնել քույր-Աննային, որին մի շաբաթից հետո իբր պատասխան հետևյալ նամակը ստացա.

«Ազնիվ բարեկամ.

«Ձեր հեռագիրը լցրեց իմ սիրտը անսահման բերկրությամբ։ Չգիտեմ ինչպես արտահայտեմ իմ շնորհակալությունը Ձեզ, որ այդքան սիրելաբար փութացել եք ինձ ուրախացնելու։ Չնայելով Ձեր հավաստիացումներին, ես, այնուամենայնիվ, հույս չէի տածում թե մեր ժամանակակիցները կկարողանան այդպես իմաստաբար գնահատել արժանիքը։ Օրհնյալ լինին նրանք, որոնք սուրբ գործի համար միացան ի մի սիրտ և «գործեցին զբարին»։ Եթե ճշմարտությունը հաղաթանակում է, ուրեմն նրա զինվորները կարող են պարծենալ և քաջալերվիլ։ Եվ սա կրկնակի բարիք է մեզ համար։ Այսօրվանից արդեն գործելու նոր եռանդ է վառվում իմ մեջ։ Ես, որ մինչև այսօր «ի փոքուն եղէ հաւատարիմ», այսուհետև պետք է աշխատությունս կրկնապատկեմ, ըստ որում կա մեկը, որ կարող է մեզ «ի վերայ բազմաց կացուցանել»։

Ողջ եղեք, ազնիվ բարեկամ և ընդունեցեք իմ սրտագին շնորհակալության և անկեղծ հարգանաց հավաստիքը. որով պիտի մնամ միշտ

Ձեր խոնարհ աղախին՝ Աննա Ե...յան»։

Այդ օրից հետո անցան երկու հուսալիր ամիսներ։ Ես կրկին նամակներ գրեցի քույր-Աննային, միշտ ուրախ նորություններ հաղորդելով նրան և նույնպիսի պատասխաններ էլ ստացա։ Բայց որովհետև հուլիս և օգոստոս ամիսներում Թիֆլիսից ելած՝ ճանապարհորդում էի, ուստի քույր-Աննային նոր նամակ գրելու առիթ չունեցա։ Երբ ամռան վերջը վերդարձա քաղաք, այստեղ իմացա, որ ամեն բան արդեն փոխվել էր, և մեր հույսերն nւ իղձերը իսպառ ոչնչացել... Այդ նորությունը շատ ծանր ազդեցություն արավ վրաս։ Բոլոր առօրյա խնդիրների հետ միասին ես մոռացա նաև քույր-Աննային։ Բայց նա ինքը ինձ չէր մոռացել։ Անգետ լինելով իմ բացակայության, նա կարծել էր թե՝ ես նամակ չեմ գրում իրեն այն պատճառով, որ վաղուց տեղյակ լինելով տխուր նորությանը, սիրտ չեմ անում այդ բանը իրեն հայտնելու։ Ուստի ինքը շտապել էր հետևյալ համառոտ նամակն ինձ ղրկելու.

«Ազնիվ բարեկամ.

Այստեղ հասավ սույն թվականի օգոստոսի 22-ին լույս տեսած «Մեղուն»։ Ձեր լռության պատճառը հասկացա, իրավունք ունիք. լռեցեք...

Ձեր վշտահար քույր-Աննա»։

Եվ ես արդարև լռեցի։ Ինչ գրեի այնուհետև նրան, ինչ նյութի վրա խոսեի, չէ որ մեր մտերմության շունչ ու հոգի տվող խնդիրը մեռել էր և նրան այլևս հարություն տալու, հույս չկար...

Անցան մի քանի ամիսներ։ Ես ոչ մի նամակ չգրեցի իմ բարեկամուհուն, ոչ էլ նրանից ստացա։ Սակայն մի օր ինքս ինձ մտածեցի, «Սա արդեն անքաղաքավարություն է։ Գոնե մի քանի տող գրությամբ նրա առողջությունից հարցնեմ։ Խեղճ կինը առանց այն էլ ճնշված է վշտերի տակ, հետևապես և կարոտ վշտակցության...»։

Եվ իսկույն էլ նստելով ու թե մի քանի տող, այլ շատ երկար մի նամակ գրեցի քույր-Աննային՝ աշխատելով կարելվույն չափ սփոփել նրա սիրտը կամ գեթ ապագայի հուսով պարարել։

Որքան մեծ եղավ իմ զարմանքն ու ապշությունը, երբ երկու շաբաթից հետո, փակած ետ ստացա իմ նամակը, Պետրոս վարժապետի հետևյալ գրության հետ.

«Հարգելի բարեկամ.

Վշտահար սրտով վերադարձնում եմ Ձեզ այն նամակը. որ ուղղել էիք իմ սիրեցյալ ուսուցչուհուն։ Նա այլևս չկա... Մի ամիս առաջ փոխվեցավ երկինք, թողնելով մեզ անմխիթար սուգի մեջ... Ներեցեք, որ ինձ է վիճակվել այս տխուր նորությունը Ձեզ հաղորդելու։

Հաճեցեք ընդունել խորին հարգանքը

Ձեր նվաստ ծառա Պետրոս Կովիկյանի»։

Ահա մի անսպաս հարված էր։ Միթե քույր-Աննան մեռավ, միթե արդարև այն մեծ, այն հոյակապ կինը այլև չէ ապրում աշխարհում... Ես չէի կարողանում հավատալ, չէի կամենում, որ դա ճշմարտություն լիներ... Բայց ավաղ, վարժապետի գուժաբեր նամակը կատակի համար չէր գրված։

Սակայն ինչն արդյոք սպանեց նրան, մի դաժան հիվանդություն, թե՛ յուր հայտնի վիշտը, չգիտեի, վարդապետն այդ մասին ոչինչ չէր հիշել։

Այսպես թե այնպես այդ գույժն իմ սրտին կսկիծ պատճառեց։ Քույր-Աննայի մեռնելով մենք կորցնում էինք մինն այն գերազանց ուժերից, որոնք ծնունդ էին առել վաթսունական թվականներին, որոնց սակայն արժանավոր հետևողներ չգտնվեցին մինչև այսօր։ Սա մի անդառնալի կորուստ էր…

86 թվականի ամառը ես վերադարձա իմ հայրենի քաղաքը և ամենից առաջ սրբազան պարտք համարեցի գնալ քույր-Աննայի գերեզմանին այցելության։

Գրեթե միևնույն ամսվա մեջ ես անցա իմ ծանոթ ճանապարհներով. տեսա նույն ժամանակվա հարուստ դաշտերը գեղեցիկ ձորերը, կանաչ բլուրները, գեղազարդ հովիտները, նույն կուսական անտառները, նույն ահավոր լեռներն ու կիրճերը։ Բոլորն էլ նույնչափ գեղեցիկ, նույնչափ հրաշալի, որչափ և այն ժամանակ։ Սակայն այդ անփոփոխ գեղեցկությունների մեջ ես, կարծես, մի տխրություն էի նշմարում. բնությունն այլևս չէր ժպտում, արևի շողերը չէին ծիծաղում, զեփյուռի շունչը էլ չէր գուրգուրում... ես չէի ականջում ոչ սարյակի երգին, ոչ ջրվեժի շառաչին, սրտիս հետ խոսում էր միայն թփերի մեջ սահող առվակի մրմունջը, որ կարծես յուր տխուր, մեղմաձիգ շշունջով՝ անհայտության մեջ մեռած հերոսուհուն էր ողբում...

Երեկոյան դեմ էր, երբ Ն. գյուղը հասա։ Իմ ծանոթներից առաջին անգամ, տեր-Հովսեփին պատահեցի։ Նա դիմեց դեպի ինձ. մենք գրկվելով համբուրվեցանք, իբր հայր և որդի։ Որքա՛ն էր նա փոխվել երկու տարվա մեջ։ Նրա մազերն այժմ ավելի սպիտակ, իսկ դեմքը գունատ էր։

Էլ ուր ես եկել մեզ մոտ, որդի, սրտաշարժ ձայնով խոսեց քահանան, մեր գյուղը որբացավ, անշքացավ, նրա զարդն ու գեղեցկությունը կորավ. Քույր-Աննան էլ չկա, որին ես եկել տեսնելու... Եվ այս խոսքերի հետ նրա աչքերը լցվեցան։ Ես էլ հուզվեցա և արտասվեցի։ Եվ ինչպե՛ս չարտասվեի։ Ես մտել էի այն գյուղը, որի բնությունն ու մարդիկը սիրելի էին դարձել ինձ քույր-Աննայի շնորհիվ, իսկ նա այժմ չկար, գյուղը կիսով չափ դատարկ, անշքացած և տխրամած էր երևում ինձ։

Հասանք տուն։ Մեզ դիմավորեցին քահանայի որդիքը. կինը և հարսները, վերջը եկավ և Պետրոս վարժապետը յուր ամուսնու Մանիշակի հետ։ Նրանք բոլորն էլ տխուր, բոլորն էլ կարծես ընկճված էին նույն թախծության ներքո։ Ամենքին էլ ողջունեցի ինչպես իմ սիրելի բարեկամներին, հետո սկսանք խոսել քույր-Աննայի մահվան վրա։ Խնդրեցի տերհորը պատմել, թե ինչ հիվանդությամբ արդյոք մեռավ խեղճ կինը և միթե չէին կարող բժշկական օգնություն հասցնել։

Երևի աստծուց այդպես էր վիճակված, որդի, սկսավ խոսել տեր-հայրը. նրա հիվանդության պատճառը ոչ ոք չիմացավ։ Դեռ անցյալ տարի այս ժամանակ ինչպես նա առողջ էր, ուրախ, զվարթ և հանկարծ օգոստոսի վերջերում փոխվեցավ։ Երկու ամիս շարունակ անկողնին ծառայեց։ Շատ անգամ կամեցա գնալ քաղաք բժիշկ հրավիրելու, բայց ամեն անգամ էլ նա արգելեց։ Ինչու համար ես բերում բժիշկը, տեր-հայր, ասում էր նա ինձ. կյանքն արդեն ինձ համար դարձել է ծանր բեռ, ով որ այն վերցնե, շնորհապարտ կլինեմ նրան... Ինչու համար էր այդպես ասում, չէի կարողանում հասկանալ, որովհետև այդպիսի հուսահատական խոսքեր ես նրանից առաջները բնավ չէի լսել։ Եվ սակայն պատճառը չէի համարձակվում հարցնել։ Այդպես նա հալվեց, մաշվեց և ճրագի պես հանգավ։

Պետրոս վարժապետն ուրիշ մանրամասնություններ հաղորդեց։

Անցյալ օգոստոսի 30-ին, ուրբաթ օր, ես լավ հիշում եմ, ասաց նա, երեկոյան դեմ քույր-Աննան, Մանիշակը և ես նստած էինք ուսումնարանի բակում և խոսում էինք։ Վանքի ծառան բերավ լրագիրները։ Քույր-Աննան առավ և սկսավ թերթել։ Դրանցից մինի հեռագիրները կարդալիս նա հանկարծ բացականչեց. «օ՛հ, ամեն բան կորավ...» և ձեռքը դեպի ճակատը տանելով՝ բռնեց գլուխը և այդպես, գրեթե քառորդ ժամ, մնաց անշարժ, ընդարմացած։

Ինչ է պատահել, քույրիկս, ինչու տխրեցիր, հարցրեց Մանիշակը։

Ինչ, որ պատահել է, սիրելիս, նրա ցավը դու շատ ուշ պիտի զգաս, ասաց նա մեղմով և լռեց։ Մենք ուրիշ հարցեր չարինք, վասնզի տեսանք, որ նա չէ ուզում խոսել։ Եվ այդ օրվանից էլ կարծես դժբախտ հիվանդությունը մտավ նրա մեջ։ Վասնզի մյուս առավոտ դասատուն չեկավ և ինձ հանձնեց պարապել յուր դասը, իսկ հետևյալ օրը՝ կյուրակի պատարագին չեկավ և դպրապետությունը ես արի։ Երկուշաբթի և երեքշաբթի դարձյալ դասերից բացակա էր։ Այդ բոլոր ժամանակ նա կամ փակված էր լինում յուր սենյակում, կամ տխուր ու մտախոհ շրջում էր անտառում։ Մի շաբաթից հետո բոլորովին թողեց յուր պարապմունքը և ամեն առավոտ կանչում էր ինձ ու Մանիշակին և պատվիրում, թե ինչպես պիտի մենք յուր դասերը պարապենք։

Հիվանդ եմ, սիրելիներս, ասաց նա մի օր, էլ գործելու սիրտ չունիմ. աշխատեցեք, որ իմ բացակայությունը զգալի չլինի երեխաներին, պարապեցեք նրանց հետ սիրով, եռանդով, դուք արդեն պատրաստված եք դրա համար։ Գուցե մի օր ես չլինիմ, ուրեմն այժմյանից գործը կառավարելու հոգսը պիտի առնեք ձեզ վրա։

Աստված չանե, քույրիկ, ինչու այդպես եք ասում, դուք մեզ անիծում եք, վշտացած նկատեցինք մենք։

Չէ, սիրելիներս, մի՛ նեղանաք, իմ սիրտը վկայում է, որ վախճանս հեռու չէ, ասաց նա հառաչելով, տխրելու էլ ոչինչ չունիք. ոչ ոք աշխարհում հավիտյան չէ ապրում։ Սակայն ես ուրախ եմ, որ ինձանից հետո պիտի թողնեմ ձեզ. վստահ եմ, որ դուք հավատարիմ կմնաք ինձ։

«Այնուհետև նա դարձյալ մի-մի անգամ մտնում էր դասատուն, առաջվա նման քաղցրությամբ խոսում էր աշակերտների ու աշակերտուհիների հետ, ասում էր նրանց, որ այնուհետև միայն մենք պիտի պարապենք իրենց հետ և պատվիրում էր հնազանդ լինել մեզ։

«Մի քանի օրից հետո քույրիկը կանչեց մեզ. այլև անցյալ տարում ավարտողներից իրենց ընդունակությամբ հայտնի մի աշակերտի ու աշակերտուհու. բոլորիս հետ միասին կազմեց դասերի նոր ցուցակ և գլխավոր առարկաները մեզ, իսկ երկրորդականները վերջիններին հանձնելով, պատվիրեց, որ այդ օրից արդեն ուսումնարանի բոլոր հոգսը առնենք մեզ վրա։ Այդ միևնույն օրը նա գանգատվում էր գլխացավից, իսկ երեկոյան դողացրեց, ապա սաստիկ ջերմ ուներ և ամբողջ գիշերը, ինչպես Մանիշակն էր ասում, այրվել էր տաքությունից։

«Հետևյալ առավոտ քույրիկի դրությունն ավելի վատթարացավ։ Թիկունքում, կրծքում ու կողերում ցավեր էր զգում, շնչառությունը ծանրացել էր, իսկ երեկոյան, ջերմի սաստկությունից մինչև անգամ զառանցում էր։ Այդ ամենի վրա ավելացավ նաև հազը, որ գնալով սաստկանում և քունն ու հանգստությունը խանգարում էր։ Չնայելով որ տեր-հոր և տանուտերի խնդիրը մերժեց, թույլ չտալով բժիշկ հրավիրել քաղաքից, այսուամենայնիվ մորս աղաչանքը լսեց և թույլ տվավ, որ գյուղի վարսավիրն արյուն առնե թիկունքից։ Վերջինի ասելով քույրիկը թոքերի բորբոքումն ուներ և այդ միջոցը կարող էր նրան օգնել։ Արդարև արյուն առնելուց հետո կրծքի ու թիկունքի ցավերը հանդարտվեցան և շնչառությունը թեթևացավ։ Այնուհետև գործադրեցինք մի քանի տնային միջոցներ էլ գլխացավի ու ջերմի դեմ, որով մի քանի օրից հիվանդությունը մեղմացավ։ Բայց ինքը, կարծես, չէր կամենում առողջանալ և խույս էր տալիս օգտավետ միջոցների գործադրությունից Նույնիսկ բավական չափով կերակուր չէր ընդունում, որից հետզհետե մաշվում ու թուլանում էր։ Այդ էր պատճառը. որ չնայելով մեր անընդհատ հոգացության, նա, այսուամենայնիվ, անկողնից չելավ և դրսում չերևաց։ Գրեթե մեզանից զատ էլ ուրիշ ոչ ոքի չէր ուզում տեսնել, խոսում էր շատ քիչ և այն՝ միայն Մանիշակի հետ, իսկ երբեմն անկողնում գրում էր ինչ որ բան։ Ախորժակը հետզհետե փակվում էր և վերջին օրերում, համարյա, ոչինչ չճաշակեց, իսկ բժշկական օգնությունը, ինչպես տեր-հայրն էլ ասաց, նա բացեիբաց մերժել էր։

«Հոկտեմբերի վերջին, նորեն սկսավ խոսել տեր-հայրը, նա կանչեց յուր մոտ ինձ, տանուտերին և գյուղի մի քանի նշանավոր մարդկանց և ասաց. «Զգում եմ, որ վախճանս մոտեցել է. ես հեռանում եմ ձեզանից, բայց իմ սիրած գործերը, որոնց արդեն կտակած եմ և իմ մնացորդ կարողությունը, թողնում եմ ձեզ։ Իմ ուսումնարանը, իմ սիրելի աշակերտները մնում են ձեր հուսով։ Պահեցեք նրանց, պաշտպանեցեք նրանց, խնդրում եմ։ Իմ վարժապետներն ու վարժուհիները դեռ երիտասարդ են և կյանքի մեջ անփորձ, օգնեցեք նրանց, թև ու թիկունք եղեք նրանց գործին և այդ երջանկություն կբերե ձեզ...»։ Մենք խոստացանք ու երդվեցինք հավատարիմ մնալ նրա պատվիրանին։ Նա սրտաշարժ խոսքերով օրհնեց մեզ և մենք արտասվելով դուրս գնացինք նրա մոտից։

Նրա անկողնի մոտ հսկում էի ես, խոսել սկսավ այժմ Մանիշակը. մեռնելուց մի օր առաջ խնդրեց ինձ օգնել իրեն նստել անկողնում և կանչել յուր մոտ Պետրոսին և նորընտիր վարժապետին ու վարժուհուն։ «Իմ սիրելի որդիներս, ասաց նա մեզ. ես հեռանում եմ ձեզանից, բայց իմ հոգին թողնում եմ ձեզ հետ, հավատարիմ մնացեք նրան։ Գնացեք շարունակ այն շավղով, որը ես ձեզ համար հարթեցի։ Ձեզ եմ հանձնում այն գործը, որին նվիրել եմ իմ երիտասարդությունը, իմ հասուն տարիքը, իմ ուրախությունները, իմ ամբողջ կյանքը... սիրեցեք այդ գործը ձեր անձից ավելի, զոհեցեք նրան ձեր հանգստությունը, ձեր զվարճությունները, եթե կարող եք և եթե կամենում եք ինձ ժառանգորդ կոչվիլ։ Սիրեցեք միմյանց և միասնական ուժով առաջ տարեք ձեր մոր և վարժուհու սիրած ու պաշտած գործը։ Իմ հոգին կհրճվի երկնքում և ոսկերքս գերեզմանի մեջ, եթե դուք արիությամբ ծառայեք ձեր պաշտոնին և հավատարիմ մնաք իմ դավանության, որ է՝ «սիրել ընկերը յուր անձից ավելի»։ Խոստացեք ինձ որդու և աշակերտի ազնվագույն խոստումով, որ իմ պատվերները ճշտությամբ կկատարեք և ինչ որ ես ավանդ եմ տալիս ձեզ նույնը և դուք ավանդ կթողնեք ձեր որդիներին կամ հաջորդներին...»։

"Խորհրդավոր միանձնուհի" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Էնզելի
Ալեքսանդր Սպենդիարյան

Էնզելի

Լուսաբացից առաջ
Լուսաբացից առաջ
Խաղա առցանց