Մուրացան
Ինչ լայնեղ է
2
Զ
Անհրաժեշտ մի փոքրիկ բացատրություն նախընթաց երեկոյան պարահանդեսի ժամանակ պարոն Գևորգ Սիմբրյանի բռնած ընթացքի համար։
Այն օրից սկսած, որ օրիորդ Ամալիան թողեց օրիորդական գիշերօթիկը, նրա ապագայի խնդիրը ծանրացավ պարոն Սիմբրյանի սրտի վերա։ Ինչպես հարազատ մորեղբայր և շատ չար ու բարի տեսած մարդ, նա գուշակում էր, թե ինչ թշվառ վախճան կունենար այդ աղջկա վերաբերությամբ այսօրվա ունեցած ամենափոքր անհոգությունը։
Նա գիտեր, որ գեղեցկությունը երկսայրի սուր է մի կնոջ ապագայի համար. նա կարող է բարձրացնել նրան մինչև երջանկության գագաթնակետը կամ գլորել թշվառության անհատակ անդունդը։ Մի առաքինի և հաստատուն բնավորության տեր կնոջ համար գեղեցկությունը թանկագին զարդ է. նա ստիպում է մարդկանց ճանաչել իրմով առաքինությունը և պաշտել նրան. նա հարգանք է ծնեցնում նույնիսկ ապառաժ սրտերում. ճշմարիտ արժանավորությունը երկրպագվում է նրա շնորհիվ։ Բայց նույն այդ գեղեցկությունը մի դժբախտություն է թեթևամիտ և սնափառ կնոջ համար։ Այգ գեղեցկությամբ, ճշմարիտ է, նա խմբում է յուր չորս կողմն անթիվ երկրպագուներ, բայց դրանցից ամեն մեկը մոտենում է նրան յուր որոշ նպատակով, առանց ներքին հարգանքի, առանց ազնիվ զգացմունքների… Մի քանի գողտրիկ հաճոյախոսություններ, մի քանի քաղաքավար շարժմունքներ, որոնք մեր շատ երիտասարդների միակ արժանավորությունն են կազմում և որոնք սակայն բավականաչափ գգվում են թեթևամիտ գեղեցկուհիների ինքնասիրությունը, կարողանում են այս վերջինների սիրտն ու զգացմունքը հաղթահարելու և նրանց գերելու։ Այնուհետև վտանգը դառնում է անխուսափելի և կորուստը տեղի է ունենում յուր բնական ճանապարհով։ Զղջումը վերա է հասնում հենց այն ժամանակ, երբ արդեն կորուստը անդառնալի…
Այս ամենը քաջ գիտենալով, պարոն Սիմբրյանը շտապում էր գտնել յուր քեռդստեր համար մի արժանավոր փեսացու և ամուսնացնել նրան որքան կարելի է շուտ, այսինքն` քանի որ դեռ Ամալիան շատ չէր ծանոթացել աշխարհի հետ և քանի որ նա ազատ էր անսիրտ և անհոգի երիտասարդության դավադրություններից։ Բացի այս, պարոն Սիմբրյանին հարկավոր էր Ամալիայի շնորհիվ բարեկամանալ այնպիսի մի մարդու հետ, որ նյութական մեծ ուժ ունենար և որ հարկավոր ժամանակում բարեհաճեր իրեն թև ու թիկունք դառնալու։ Հենց այս էր, եթե չեմ սխալվում, և իշխանուհի Դարիայի ցանկությունը։ Բայց ո՞վ էր Թիֆլիսի մեջ այն անձը, որ թե՛ գեղեցիկ, թե՛ առողջ և թե՛ զարգացած լիներ Ամալիային հաճելի լինելու համար և թե՛ հարուստ պարոն Սիմբրյանին և յուր քրոջը գրավելու համար։ Այդպիսին միայն Արսեն Մաշտոցյանն էր, որին ճանաչում են ընթերցողները։
Եվ ահա պարոն Սիմբրյանը մոտենում է նրան, տեղեկանում է նրա ամուսնանալու ցանկությանը և իշխանուհի Ամալիային արժանի գովեստներով առաջարկում է Մաշտոցյանին նրա ձեռը։ Վերջինս չէր ճանաչում այդ աղջկանը և պնդում էր, որ չեր տեսել նրան ոչ մի տեղ, հետևապես անկարող էր ընդունել Սիմբրյանի առաջարկությունը, նախքան աղջկա հետ ծանոթանալը։ Այդ պատճառավ նա խոստացավ նրան Ակումբի առաջին պարահանդեսին ներկա գտնվիլ մի փոքր ժամանակով և այդտեղ օրիորդի հետ ծանոթանալուց ետ, հայտնել Սիմբրյանին յուր վերջնական որոշումը։
Այնուհետև արդեն հայտնի է ընթերցողներին, թե այս ժամադրությունը ինչպես տեղի ունեցավ և ինչ վախճան ստացավ։
Բայց ո՞րքան մեծ եղավ պարոն Սիմբրյանի զարմանքը, երբ պարահանդեսի հաջորդ օրը հայտնելով յուր այս դիտավորությունը իշխանուհի Դարիային` նրանից մերժումն ստացավ։
Իմ աղջիկը ես այդպես շուտ մարդու տալ չեմ կարող, և ա՛յն առաջին պատահած երիտասարդին, նկատեց իշանուհին. Ամալիան այնքան երիտասարդ և այնքան գեղեցիկ է, որ Մաշտոցյանից ավելի հարուստ և ավելի պատվավոր մարդիկ կարող են խնդրել նրա ձեռքը. բացի այս, Մաշտոցյանը մի վաճառական է և ուրիշ ոչինչ. իսկ մի վաճառականը Ամալիայի համար շատ քիչ է. իմ աղջիկը իշխանազն է և իշխանի հետ էլ պիտի ամուսնանա. եթե այդ չհաջողվեցավ, գոնե մի գեներալի հետ, և ոչ թե մի հասարակ վաճառականի, որի հայրը տասնյակ տարիներ առաջ մի փերեզակ էր։
Դարիկո, եկ ես ու դու մեր մեջ անկեղծությամբ խոսենք, այստեղ մեզ ոչ ոք չի լսում, մի փոքր վրդովված խոսեց Սիմբրյանը. այդ բոլորն ինչ որ դու ասացիր, միայն դատարկ խոսքեր են, ես ինքս շատ լավ եմ ճանաչում ձեր իշխանական տան արժեքը, ձեր իշխանազնությունը դեռ չէ ապացուցանում, որ դուք մեծ մարդիկներ եք. կամենո՞ւմ ես այդ իշխանազն ցեղից ես լակեյներ կբերեմ քեզ համար։ Բայց բանը նրանումն է, թե արդյոք այդ իշխանական տիտղոսի և նրա համար ունեցած ձեր մեծամտության արժանավայել կարողություն էլ ունի՞ք դուք։ Կարո՛՛ղ ես արդյոք մի քանի տարի շարունակ այնպես պատվավոր պահել քո աղջիկը որ քո ցանկացած իշխաններն ու գեներալները հետամուտ լինին նրա ձեռքը խնդրելու։ Պատիվն էլ եթե մյուս կողմը դնենք, փող ունի՞ս դու նրան երեկվա պես միշտ զուգված ու զարդարված պահելու, կամ գոնե խելք` սրիկաների որոգայթներից նրան միշտ ազատ պահելու։
Եվ վերջապես ինչու՞ համար ես իշխան ու գեներալ պտրտում, մեր կյանքի միակ նպատակը երջանիկ ապրելը չէ՞. է՜հ ո՞ր իշխանի տանը կարող է Ամալիան այնքան բախտավոր լինել, որքան Արսեն Մաշտոցյանի տանը։ Իշխանությունն էլ, ուժն էլ, պատիվն էլ այժմ փողի մեջ է, իսկ Մաշտոցյանն այնքան փող ունի, որ քո աղջկանը ոչ թե իշխանուհու, այլև պրինցեսի պես կարող է պահել։ Ի վերջո ի՞նչ ես դու շատ իշխանազնությունից խոսում, քո եղբայրը ես չե՞մ, մեր հայրը մի աղքատ կոշկակար չէ՞ր, և եթե մեր հարևան Ղարսոյի ողորմությամբ ես մի քիչ ուսում չառնեի ու իմ խելքի ուժով անուն չաշխատեի, դուն Ագապյանների հարսը կդառնայի՞ր։ Մի քանի տասնյակ տարի առաջ երազումդ էլ չէիր տեսնում, թե ինչ բան է իշխանազնությունը, բայց հիմա քո մեծամտությունն ինձ վերա ես ուզում ծախել: Թող, քույրիկս, այդ հիմարությունները, մենք իրար ճանաչում ենք և միմյանց չպետք է խաբենք։
Իշխանուհին տեսավ, որ էլ ընդդիմանալու տեղը չէ. յուր առաջ նստած էր այն եղբայրը, որ ճանաչում էր յուր անցյալը և ներկան և որին ինքը պարտական էր յուր բոլոր գոյությամբ. պետք էր լսել նրան։ Բայց ո՞վ չգիտե, որ տարիներով պաշտած ու գուրգուրած իդեալը մի օրում ուրանալ հեշտ չէ։
Դեռ Ամալիան մի փոքրիկ աղջիկ էր, որ իշխանուհին պարծենում էր նրա ապագայով. նա մտածում էր նրա բախտի վերա պատվաստել յուրը և նոր իշխանական տան խնամությամբ բարձրացնել Ագապյանի տան ընկած անունը: Այսօր այդ բոլորը ցնդվում էր օդի մեջ, որովհետև տխուր իրականությունը գալիս էր նրան համոզելու, թե պետք է հնազանդվել յուր եղբոր վճռին։ Այսուամենայնիվ իշխանուհին վերջին միջոցը գործ դրեց անուղղակի ճանապարհով յուր եղբոր դիտավորությունը խանգարելու։ Ես համաձայն եմ քեզ հետ, ասաց նա եղբորը, առաջարկիր այդ Ամալիային իրեն, նա չափահաս աղջիկ է և պետք է որ ինքը վճռե յուր ապագայի խնդիրը։ Այդ դեպքում ես ցանկանում եմ պատասխանատվությունից ազատ լինել:
Սիմբրյանը համաձայնվեցավ։
Այդ միջոցին օրիորդ Ամալիան գտնվում էր մի ուրիշ սենյակում յուր ձայնագրության ուսուցիչ Պլատոն Ջոմարջիձեի հետ։ Այս պարոնը հասարակ մահկանացուներից չէր, նա էլ օրիորդ Ամալիայի նման իշխանական ծագումն ուներ։ Բայց վարժապետություն էր անում օրիորդին մի բախտավոր դիպվածով։ Մի անգամ օրիորդ Ամալիան յուր մոր հետ միասին հրավիրվեցավ վրաց մի արիստոկրատ ընտանիքի հացկերույթին։ Բախտի բերմամբ այդտեղ գտնվում էր և իշխան Ջոմարջիձեն, որը հենց նոր էր վերադարձել Իտալիայից, ուր նա գնացել էր իր ձայնը կատարելագործելու։ Հացկերույթի ժամանակ օրիորդ Ամալիային ճանաչող տիկիններն ու օրիորդներր ստիպեցին նրան երգելու և նա մի քնքշիկ ընդդիմությունից հետո երգեց. բայց երգեց այնպես հրաշալի, որ նույնիսկ իշխան Ջոմարջիձեն հիացավ։
Այս աղջիկը մեծ ապագա ունի, բացականչեց նա և ապա մոտենալով իշխանուհի Դարիային, ասաց. իշխանուհի, թույլ տվեք, որ ես մի քանի ամիս պարապեմ ձեր իշխանուհի դստեր հետ և ուսուցանեմ նրան յուր ձայնը մշակելու արհեստը։
Ի՞նչ վարձատրություն կպահանջեք ձեր այդ նեղության համար, ծիծաղելով հարցրեց իշխանուհին, կարծելով, թե իշխանը կատակ է անում։
Ոչինչ. ինձ բավական է այն հոգեկան զվարճությունը, որ ես կզգամ մի նշանավոր տաղանդ զարգացնելով անկեղծությամբ պատասխանեց իշխան Պլատոնը։
Իշխանուհին տեսնելով, որ երիտասարդ երգիչը ձրիաբար առաջարկում է իրեն մի արժանավոր ծառայություն, ուրախությամբ ընդունեց և հետևյալ օրից արդեն իշխան Պլատոնը սկսավ հաճախել օրիորդի մոտ և երգեցողության դասեր տալ նրան:
Բայց ինչպես որ բնական էր՝ իշխան Պլատոնի յուր աշակերտուհու վերաբերությամբ ունեցած պլատոնական հարաբերությունը միշտ նույնը չմնաց, շուտով նա տեսավ, որ իշխանուհին գեղեցիկ աչքեր ունի, և որ նրանց մեջ այրվում է մի աստվածային կրակ… Մի երեսնօրյա դասախոսությունից ետ, վարժապետի և աշակերտուհու զրույցները մտերմական կերպարանք առին, առանց մայր իշխանուհու գիտության։
Այն միևնույն միջոցին, երբ Սիմբրյանը խոսում էր քրոջ հետ յուր քեռդստեր ապագա ամուսնության մասին, Ամալիան դաշնամուրի առաջ նստած պատմում էր Ջոմարջիձեին նախընթաց ավուր պարահանդեսի մանրամասնությունները: Ի միջիայլոց նա պատմեց նրան յուր ծանոթանալը Արսեն Մաշտոցյանի հետ, նրա հետ պարելը և նրա հյուրասիրությունը։ Պատմության այս կտորն ուսուցչի ուշադրությունը գրավեց, մանավանդ երբ իմացավ, որ ծանոթացնողը Սիմբրյանն է եղած, որը մի քանի օր առաջ հայտնել էր իրեն յուր աշակերտուհուն ամուսնացնելու դիտավորությունը։
-«Այս մարդիկ ինձ դեմ հզոր հակառակորդ են հանում», մտածեց նա ինքն իրեն և մտքումը դրավ մինչև վերջը մաքառելու։
-Ամալիա, կարողացե՞լ եք արդյոք գուշակել ձեր մորեղբոր` Մաշտոցյանի հետ ձեզ ծանոթացնելու դիտավորությունը, խորամանկությամբ հարցրեց նա օրիորդից։
-Ոչ, մի՞թե դուք կարծում եք, թե դա մի առանձին դիտավորությամբ է եղած։
-Այո՛, ձեր մորեղբայրը ցանկանում է յուր իշխանուհի քեռդուստրը ամուսնացնել այդ ապատոհմիկ վաճառականի հետ։
Վերջին բառերը նա արտասանեց արհամարհանքով։
-Այդ անկարելի է, վիրավորված բացականչեց օրիորդը,- իմ մորեղբայրը չի մտածիլ այդքան նվաստացնել ինձ։
Իշխանը ինքն իրեն ուրախացավ օրիորդի այդ պատասխանով, բայց շարունակեց գռգռել նրան։
-Ձեր մորեղբայրը հայ չէ՞ միթե, այդ հայերից ամեն բան սպասելի է։ Մի՞թե նրանք կարող են գնահատել արյան ազնվությունը. նրանցը փողն է, փողի հետ էլ կամուսնացնեն ձեզ։ Իմ մորեղբորից, ընդհակառակը, ես այդ աստիճան ստորություն չեմ սպասում, նա թույլ չի տալ իրեն աղարտել իմ հայրական տան պատիվը։
Այդ հետո կտեսնենք, ծիծաղելով պատասխանեց իշխանը, լսելով Սիմբրյանի ձայնը, որ յուր քրոջ հետ խոսելով մոտենում էր Ամալիայի սենյակին, ստիպեց աշակերտուհուն մի բան երգելու, որպեսզի իրենց մտերմական խոսակցության վերա չպատահեն, իսկ ինքը ձախ կողմից սկսավ մեղմով զարկել դաշնամուրի ստեղունքները, կեղծելով, իբր թե ձայնակցում է երգին։
Ամալիա, երևի դու ցանկանում ես Շտոլցի հացը խլել, ծիծաղելով նկատեց Սիմբրյանը, քրոջ հետ միասին մտնելով նրա սենյակը։
Գուցե մի օր նրան կգերազանցե, շողոքորթեց օրիորդին ուսուցիչը, այժմ դեռ վաղ է։
Ես էլ այդ հավատն ունիմ Ամալիայի վերա, մանավանդ, երբ իշխանն է նրա վարժապետը, պատասխանեց Սիմբրյանը և բազկաթոռն առաջ քաշելով նստեց դաշնամուրի մոտ։ Բայց վարժապետը կարծես գուշակեց, որ քույր ու եղբայր խոսելիք ունեին յուր աշակերտուհու հետ, ուստի դասը կարճ կտրելով հեռացավ։
Քեզ մի շատ լավ նորություն ունիմ հայտնելու, Ամալիա, սկսավ խոսել Սիմբրյանը, ի՞նչ ես խոստանում ինձ, որ հայտնեմ։
Առաջ հայտնի՛ր, որ արժեքը տեսնեմ, սառնությամբ պատասխանեց օրիորդը, գուշակելով մորեղբոր հառաջաբանության հետևանքը։
Մենք, այսինքն ես և մայրդ, որոշել ենք քեզ ամուսնացնել, ի՞նչ ես կարծում, լա՞վ որոշում ենք արել, թե՞ վատ։
Կարծում եմ դեռ իմ ամուսնանալու ժամանակը չէ, սիրելի մորեղբայր, ուրեմն ձեր որոշման մասին կարծիք հայտնել չեմ կարող։
Սխալվում ես, սիրելիս, ուրիշները ամուսնանում են դեռ տասնհինգ կամ տասնվեց տարեկան հասակում, իսկ դու արդեն տասնութ տարեկան ես և շուտով տասնևինը կմտնես։ Այդ բավական մեծ հասակ է կովկասցի աղջկա համար։
Լա՛վ, թողնենք հասակը. ո՞վ է իմ փեսացուն, ժպտալով հարցրեց Ամալիան:
Քո փեսացո՞ւն, ա՛յ, դրա համար կարող ես հարցնել. ես ոչինչ ասելիք չունիմ։ Քո փեսացուն մի շատ առողջ, գեղեցիկ, զարգացած և հարուստ երիտասարդ է, նա թիֆլիսի բոլոր երիտասարդների մեջ ընտրվածը և միակն է…
Բայց ո՞վ է, անհանգստությամբ ընդհատեց օրիորդը:
Պարոն Արսեն Մաշտոցյանը, ծանրությամբ պատասխանեց քեռին, այն պատվական երիտասարդը, որի հետ երեկ ծանոթանալու պատիվը ունեցար։
Ամալիան հոնքերը կիտեց և նրա աչքերը բարկությունից սկսան փայլել։
Մորեղբայր, կատա՞կ եք անում ինձ հետ, հարցրեց նա խորհրդավոր եղանակով։
Կատա՞կ, ինչու համար, սիրելիս, շատ լրջությամբ եմ խոսում։
Ավելի վատ. ուրեմն դուք գիտակցաբար ստորացնում եք ինձ։
Ստորացնե՞լ, ինչու՞ համար, Ամալիա, մի՞թե այդպիսի առաջարկություն անելը քեզ ստորացնել կնշանակե։
Իհարկե, ի՜նչ լայեղ է ինձ ամուսնանալ մի որևէ վաճառականի հետ… խորին արհամարհանքով բացականչեց իշխանուհի օրիորդը և ձեռքում բռնած նոտաները բարկացած շպրտեց դաշնամուրի վերա։
Ամալիա, այդ վարմունքը քեզ չի վայելիր, դառնությամբ նկատեց Սիմբրյանը, դու երիտասարդ ես և արածդ չես հասկանում։
Ավելի կանեմ, եթե երկրորդ անգամ թույլ կտաք ձեզ այդպես կոպիտ կերպով ինձ անպատվելու։
Ամալիա, դու քո բախտը հեռացնում ես քեզանից. հետո շատ կզղջաս, բայց արդեն ուշ կլինի։
Ավելի կգերադասեմ ազնվական պատվով մեռնել, քան թե վաճառականի կին դառնալով հարյուր տարի ապրել։ Մի՛ խոսեք ինձ հետ այլևս այդ նյութի վերա. ես չեմ կամենում լսել:
Դուք ի՞նչ եք ասում, տիկին, դարձավ Սիմբրյանը յուր քրոջը, որ թեպետ լուռ, բայց ներքին հաճությամբ լսում էր յուր դստերը։ Դուք է՞լ նույն մտքին եք, ինչ որ ձեր աղջի՞կը:
Ամուսնացողը նա է, եթե նա չէ հավանում, ես ի՞նչ կարող եմ ասել, պատասխանեց իշխանուհին անտարբերությամբ։
Սիմբրյանը տեսավ, որ յուր քրոջ հիմարությունը գերազանցում էր աղջկանը, ուստի վերին աստիճան վրդովված, «արյուն ձեր ի գլուխ ձեր» ասաց ավետարանի խոսքերով և բարկացած դուրս գնաց սենյակից։
Է
Առաջիկա կյուրակե օրը պարոն Մաշտոցյանը հարմար գտավ այցելել Ագապյաններին, յուր ծանոթությունը հաստատելու և յուր ապագա հարսնացվին ի մոտո ճանաչելու համար։ Նա ոչինչ տեղեկություն չուներ ա՛յն դժգոհությունից. որ տեղի էր ունեցել Ագապյանների և պարոն Սիմբրյանի մեջ։ Երբ ծերուկ սպասավորը հայտնեց օրիորդ իշխանուհուն մի անծանոթ հյուրի գալուստը, նա հրամայեց առաջնորդել նրան յուր մոտ, որովհետև մայր իշխանուհին դեռ եկեղեցումն էր: Ինքը օրիորդը այդ ժամանակ նստած էր դաշնամուրի առաջ և երգում ու նվագում էր։ Մտնելով դահլիճը, պարոն Մաշտոցյանը լսեց օրիորդի դաշնահարության և երգի ձայնը. նա մի քանի րոպե կանգ առավ դահլիճում, չհամարձակվելով խանգարել իշխանուհու մուսաներին։ Օրիորդը երգում էր ոգևորված. նրա անուշ և ոլորուն ձայնը միախառնվելով դաշնամուրի բեկբեկուն և սրտաշարժ հնչյունների հետ ստեղծում էր մի հրաշալի մեղեդի, որով բանաստեղծը երգել էր մի օր սիրո անմահությունը:
Քանի՜-քանի՜ գեղեցիկ պատկերներ նկարվեցան այդ րոպեին երիտասարդի երևակայության առաջ։ Նա հանկարծ մտաբերեց ա՛յն բախտավոր օրը, երբ Ամալիան յուր սիրելի ամուսինը կլինի և յուր տան մեջ էլ նույնպիսի ոգևորությամբ կերգի և կնվագի դաշնակը. այն ժամանակ նա կհիշեցնե նրան այս միևնույն օրը, երբ ինքը դահլիճի մեջ կանգնած զմայլմամբ լսում էր իրեն առանց համարձակվելու խանգարել նրա մենավոր ոգևորությունը։
«Այսօր ես այստեղ կանգնած եմ անվստահ հույսով՝ թե արդյոք պիտի հաջողեմ քեզ ժառանգելու, մտածում էր ինքն իրեն երիտասարդը, բայց կգա երևի մի օր, երբ ես առանց քո գիտության կկանգնեմ իմ սեփական դահլիճում և այսպես կլսեմ քո դաշնահարությունը. բայց ո՞վ երջանկությունս, այն ժամանակ այսպիսի կասկածներ չեն տանջիլ ինձ, այն ժամանակ հանգիստ սրտով կսպասեմ քեզ հետ գրկախառնվելու րոպեներին»։ Բայց նա երկար չկարողացավ այս երազներով զբաղվել։
Դուք կարող եք ներս գնալ, լսեցրեց յուր անհաճո ձայնը ծերուկ առաջնորդը, երգելուն մի՛ նայեք, մեր իշխանուհին ամեն օր է երգում։
Մաշտոցյանր կարծես քնից արթնացավ. նա չէր սպասում սպասավորի նկատողությանը, որովհետև չգիտեր էլ թե նա յուր հետևում կանգնած է. այժմ ստիպված էր առաջ գնալու: Երբ ներս մտավ, իշխանուհի օրիորդը դեռ երգում էր․ նա այնպես ձևացրեց, իբր թե չէ նշմարում Մաշտոցյանին։ Վերջինս մնաց կանգնած, մինչև որ օրիորդը յուր նվագը վերջացրեց։ Դարձնելով յուր դեմքը, նա տեսավ Մաշտոցյանին:
Օ՜հ, դո՛ւք այստե՞ղ, հազար ներողություն, ինչպե՞ս պատահեց, որ ես ձեր գալը չիմացա, զարմացմամբ բացականչեց օրիորդը և քաղաքավարությամբ առաջարկեց նրան նստել հանդիպակաց բազկաթոռի վերա։
Իշխանուհի, դուք ա՛յնպես գեղեցիկ և ա՛յնքան հրաշալի եք երգում, որ ես կցանկանայի ամբողջ օրն աննկատելի մնալ ձեզանից, միայն թե լսեի ձեր կախարդող մեղեդին։
Շնորհակալ եմ ձեր հաճոյախոսության համար. ես հազիվ թե արժանի եմ նրան, ժպտալով պատասխանեց օրիորդը։ Հաճոյախոսությո՞ւն, երբե՛ք, ես ճշմարտությունն եմ ասում, օրիորդ. հաճոյախոսելու բնավ տեղիք չունիմ։
-Ավելի լավ. ուրեմն ինձ մնում է ուրախանալ, որ մի բանով կարողացել եմ ձեզ զվարճացնել, նկատեց օրիորդը ինքնագոհ ժպիտով։
Այսուհետև Մաշտոցյանը և իշխանուհին, որոնք խոսակցության մի կարևոր նյութ չունեին, բայց պարտավոր էին միմյանց զբաղեցնել, սկսան, ինչպես բնական էր խոսել իրենց ծանոթության սկզբնապատճառ պարահանդեսի, նրա մեջ տեղի ունեցած անցքերի, մի քանի աչքի ընկնող անձնավորությունների և այլ այսպիսի աննպատակ բաների վերա։ Վերադարձավ եկեղեցուց և մայր իշխանուհին, որը յուր կողմից նույնպես քաղցրությամբ ողջունեց երիտասարդի գալուստը, և սկսավ ընկերակցել նրանց խոսակցությանը, ավելացնելով մի քանի նոր պատմություններ երկու երիտասարդներին անծանոթ անցյալից։ Այդ պատմություններից երևաց, որ Մաշտոցյանի պապը շատ սրտակից բարեկամ էր եղած իշխանուհու հոր հետ, իսկ հայրը դրացի ընկեր նույնիսկ իշխանուհու հետ, թե մի ժամանակ նրանց տունը գրեթե մեկ էր. թե ամեն օր այդ երկու դրացիները միասին էին ժամանակ անցուցանում, միասին ուտում, խմում և քեֆ անում, թե ինչպես հիմա ժամանակները փոխվել են, ինչպես դրացության բարեկամությունը մոռացվել և նրա օրենքները խախտվել են և այլ այսպիսի հին ու անպետք ճշմարտություններ։
Այս բոլոր աննպատակ խոսակցության ժամանակ երեք խոսակիցներն էլ մի որոշ նպատակ ունեին իրենց համար: Երիտասարդ Մաշտոցյանն ուշի ուշով դիտում էր օրիորդ Ամալիային, որ յուր կարծիքով յուր անբռնաբարելի սեփականությունն էր։ Վաճառականին հատուկ սրամտությամբ նա քննում էր նրա արտասանած ամեն մի խոսքը, նրա յուրաքանչյուր հայացքը, ժպիտը և շարժմունքը։ Նա կարծում էր, թե այդ ճանապարհով կարող էր ուսումնասիրել յուր ապագա հարսնացուին և նախքան առաջարկություն անելը՝ ճանաչել նրան։ Սա, իհարկե, մի տղայական խորամանկություն էր, որ նրան մի ճշմարիտ եզրակացության հասցնել չէր կարող։ Մի կին ճանաչելու համար շատ քիչ են ոչ միայն վայրկենական այցելությունները, այլև տարիների կենակցությունը։ Կինը մի գաղտնիք է, որի բանալին յուրաքանչյուր անգամ նորից պետք է ստեղծել, ըստ որում նրա բարոյական կազմությունը ոչ մի տեսական օրենքի չէ ենթարկվում։ նույնիսկ փորձառու մարդիկ ընդհանրապես կանանց մասին խոսելու ժամանակ զգուշանում են որոշ կարծիքներ հայտնելուց, որովհետև մի վերաբերությամբ ունեցած փորձառուությունը անպետք է լինում մյուսի համար։ Հետևապես մի երիտասարդ Մաշտոցյանի համար շատ վաղ էր օրիորդ Ագապյանին ճանաչել՝ դեռ յուր առաջին ծանոթության ժամանակ։ Իսկ վերջինս, չնայելով որ արդեն մերժել էր Մաշտոցյանի հետ ամուսնանալու առաջարկությունը, այսուամենայնիվ ոչինչ ջանք չէր խնայում նույն երիտասարդի ներկայությամբ ավելի գեղեցիկ և շնորհալի, ավելի խելոք և զարգացած երևալու, քան ինչ որ էր իսկապես։ Սա մի բնական ձգտում էր՝ հատուկ ցուցամոլության. բայց քննիչ երիտասարդը չէր տեսնում այդ բանը Ամալիայի գեղեցիկ աչքերը խանգարում էին նրան… ինչ մայր իշխանուհուն էր վերաբերում, նա առաջ աշխատում էր գտնել երիտասարդի մեջ մի աչքի ընկնող պակասություն, խելքի մեջ լիներ այդ, թե դեմքի վերա, որպեսզի կրկին անգամ յուր եղբորից առաջարկություն ստանալուց այդ պակասության առարկությամբ ազատվեր նրանից։ Բայց երբ տեսավ երիտասարդը անբիծ էր (ըստ յուր քննության), այժմ մտածում էր ունենալ նրան ի նկատի, որ եթե իշխանների ու գեներալների բանը չհաջողվի, գոնե այս հարստություն էլ է մնա իրենց, որովհետև իշխանուհին փորձով գիտեր, որ հարսնացու աղջիկներին միայն մի անգամ են հետամուտ լինում. խելք ունեցողը այդ մի անգամը չպետք է ձեռքից տա։
Բայց պարոն Մաշտոցյանը զգաց, որ հակառակ ընդունված սովորության, երկարացան յուր այցելության ժամերը։ Սա պատրաստվում էր արդեն դուրս գալու, երբ ներս մտավ իշխան Ջոմարջիձեն։ Մաշտոցյանի ներկայությունը պարոն ուսուցչի վերա վատ տպավորություն արավ, «Ուրեմն սրանք կատակ չեն անում, մտածեց նա ինքն իրեն, այս բուրժուան կամենում է հափշտակել իմ սեփականությունը…»։ Երբ Մաշտոցյանը դուրս գնաց, ուսուցիչը խորամանկությամբ մոտեցավ մայր իշխանուհուն և կեղծավոր ժպիտով հարցրեց.
Կարող եմ արդյոք շնորհավորել իշխանուհուն յուր սիրելի դստեր արժանավոր նշանադրությունը։
Նշանադրությո՞ւն, զարմացմամբ բացականչեց իշխանուհին, այդ աոաջին անգամ ձեզանից եմ լսում։
Մի՛ ծածկեք ձեր բարեկամից այն, ինչ որ բոլոր քաղաքն արդեն գիտե, շարունակեց Ջոմարջիձեն խորամանկությամբ, ես միայն կարող եմ ուրախանալ ձեր դստեը բախտավորության համար։
Այդպես բան չկա դեռ, իշխան, ձեզանից ծածկելու ոչինչ չունինք։
Ուրեմն ինձ սխալեցրել են։
Անպատճառ։ Բայց ում համար են ասում, թե Ամալիայի փեսացուն է։
Ահա՛ այս երիտասարդ վաճառականի։ Եվ եթե. թույլ կտաք ինձ անկեղծ լինելու, կասեմ, որ մեր իշխանների շրջանում շատ արհամարհանքով են նայում ձեր այս ընտրությանը։ Իշխանուհիներից շատերը ափսոսանքով են խոսում օրիորդ Ամալիայի մասին, և խիստ զարմանում են, որ նա թույլ է տվել իրեն այդպես անխղճաբար յուր անունը անպատվելու։
Ուրեմն գտնվել են մարդիկ, որ հավատացել են այդ շինծու լուրերին, հեգնական ժպիտով հարցրեց իշխանուհին։
Այդ դեռ բոլորը չէ, շարունակեց ուսուցիչը, մեր երիտասարդ իշխաններից մեկը, որ հայտնի է մեր մեջ յուր զարգացմամբ և կալվածների մեծ հարստությունով և որը տեսել է Ամալիային պարահանդեսում, պատրաստվում է եղել այս օրերս օրիորդի ձեռքը խնդրելու, բայց լսելով այդ դժբախտ լուրը, հուսահատվել է, և ինչպես ասում են՝ վճռել է հեռանալու քաղաքից, այդ անհավասար ամուսնության հարսանիքը չտեսնելու համար։
Աստված իմ, աստված իմ, այդ քո եղբայրը, մայրիկ, մեզ պիտի խայտառակե աշխարհքում. վրդովված բպցակնչեց Ամալիան դեպի մայրը դիմելով, անպտճառ նա է այդ մասին խոսացել փողոցում և լսողները տարածել են ամեն տեղ։
Հանգիստ եղի՛ր, աղջիկս, իմ եղբայրը այդ մասին խոսել չէր կարող, քանի որ այդ առթիվ մեզ մոտ խոսք ու զրույց չէ եղել, խորհրդավոր ձայնով և ակնարկությամբ խրատեց մայրն աղջկան, ի՞նչ հարկ կա վրդովվելու մի հնարած լուրի համար. բոլոր աշխարհքն էլ գիտե, որ իշխան Լևոն Ադապյանի աղջիկը մի փերեզակի որդուն ամուսին չի դառնալ, որքան էլ որ նա հարուստ լինի։ Ւսկ ձեզ, իշխան, դարձավ նա դեպի ուսուցիչը, խնդրում եմ հերքել ձեր շրջաններում այդ լուրի ճշմարտությունը։ Մենք թշնամիներ շատ ունենք և այդ զրպարտությունն անշուշտ նրանցից մեկի գործն է։
Այս ասելով իշխանուհին հեռացավ, կամենալով ժամանակ տալ սրտացավ ուսուցչին պարապել յուր աշակերտուհու հետ։
Անցյալ դասերի մի քանի կրկնություններից ետ, որոնք տեղի ունեցան մայր իշխանուհուն ապահովեցնելու համար, իշխան Պլատոնը կրկին հետամուտ եղավ իրեն հետաքրքրող ճշմարտությանը։
Ամալիա, ստո՞ւյգ է արդյոք իմ լսածների վերաբերությամբ ձեր մոր տված հերքումը, ասացեք ինձ ճիշտը, որովհետև, ինքներդ գիտեք, որ ձեր ապագա բախտավորության խնդիրը վաղուց իմ հոգածության առարկան է դարձած։
Ամալիան չպատասխանեց։
Օրիորդ, մի ծածկեք ինձանից ճշմարտությունը, թախանձեց ուսուցիչը, անհրաժեշտ է, որ ես այն այսօր ևեթ իմանամ, որովհետև կա մի վճիռ, որի լավ կամ վատ վախճանը պիտի որոշե ձեր բախտը։
Օրիորդը սկսավ տարուբերվիլ. նա վախենում էր, թե մի գուցե յուր համառությամբ փչացներ մի գործ, որ արդարև մեծ բախտ պիտի ստեղծեր յուր համար։
Իմ մոր հերքումը ճշմարիտ է միայն իմ վերաբերությամբ, պատասխանեց վերջապես Ամալիան, Բայց ճշմարիտ չէ իմ մորեղբոր վերաբերությամբ։ Նա արդարև առաջրկել է ինձ ամուսնանալ Մաշտոցյանի հետ և ես բացե ի բաց մերժել եմ նրա առաջարկությունը։
Տեսա՞ք, որ իմ գուշակությունը սխալ չէր, ես ասացի, որ մորեղբայրդ այդ դիտավորությամբ է ծանոթացրել ձեզ Մաշտոցյանի հետ, իսկ դուք չէիք կամենում հավատալ։
Իրավունք ունիք, ես սխալվում էի, պատասխանեց օրիորդը, և տեսնելով, որ արդեն բացվել է ուսուցչի առաջ, կամեցավ օգուտ քաղել այդ դեպքից։ Այժմ դուք ասացեք ինձ, ո՞վ է այն հարուստ իշխանը, որ պատրաստված է եղեր այս օրերս իմ ձեռքը խնդրելու, հարցրեց նա ուսուցչին։
Այն իշխա՞նը… ներեցեք. նրա անունը տալ չեմ կարող, ժպտալով պատասխանեց վերջինս։
Խնդրում եմ, աղաչում եմ, մի՛ մերժեք ինձ այդ… թախանձեց օրիորդը, գոնե ասացեք ինձ միայն նրա անունը։
Նրա անո՞ւնը…
Այո՛, միայն անունը։
Իշխան Պլատոն Ջոմարջիձե, ձեր ամենախոնարհ ծառան։
Օրիորդը շառագունեց և աչքերը խոնարհեց դեպի գետինը։
Երևի դուք այս պատասխանին չէիք սպասում, այնպես չէ՞, հարցրեց ուսուցիչ իշխանը։
Ես չէի կարծում… թե դուք այսպես կամաչեցնեիք ինձ… ես ձեր մասին երբեք չեմ մտածել… -կակազեց օրիորդը, բայց մի խորհրդավոր հայացք, որ նա գաղտագողի ձգեց յուր ուսուցչի վերա, արդեն մատնեց այն ներքին գոհունակությունը, որ նա զգում էր այս հայտնության վերաբերությամբ։
Երբե՞ք, ի՞նչ եք ասում, Ամալիա, մի՞թե թույլ կտաք ինձ հավատալ, որ դուք երբեք իմ մասին չեք մտածել։
Այսինքն ես կամենում եմ ասել, թե երբեք չեմ մտածել, որ դուք այդպիսի առաջարկություն կանեիք ինձ։ Ես արդարև հարգում եմ ձեզ, իբրև իմ ուսուցչին, բայց… վերջապես ես չեմ կարող բոլորը ասել… Ես հասկանում եմ, օրիորդ. դուք կամենում եք ասել, թե ես ձեզ հարգում եմ, բայց չեմ սիրում, այնպես չէ՞։
Ոչ, այդ էլ չէ… ես չեմ ասում, թե չեմ սիր… ա՛խ, բայց գիտեք… ա՜խ, ես ամաչում եմ…
Ուրեմն դուք ինձ սիրում եք, աստված իմ, ասացեք, Ամալիա, ասացե՛ք, որ դուք արդարև սիրում եք ինձ, ոգևորված բացականչեց երիտասարդ իշխանը և հանկարծ, առանց քաշվելու, գրկեց օրիորդի փափուկ մեջքը, ամուր սեղմելով նրան յուր կուրծքի վերա։
Ախ, դուք անխոհեմ մարդ, շշնջաց օրիորդը և արագությամբ դուրս խլվելով երիտասարդի գրկից, շառագունած դեմքով նստեց սենյակի անկյունում դրված բազմարանի վերա։
Ամալիա՛, իմ հրեշտակ, մի զայրանաք իմ վարմունքի վերա, աղաչավոր ձայնով մոտեցավ իշխանը օրիորդին, դուք ա՛յնքան գեղեցիկ և ա՛յնքան հրաշալի եք, որ ես չեմ կարող անտարբեր սրտով նստել ձեր առաջ, մի նեղանաք իմ վարմունքից, նեղացեք ձեր աստվածային աչքերի ազդեցությունից. ապառաժն անգամ կփշրվեր նրա առաջ, ո՞ւր մնաց ես, մի թույլ և զգայուն արարած, որ ստեղծված եմ միմիայն սիրելու համար։
Օրիորդը լուռ էր. նա չէր կարողանում նայել յուր երկրպագուի կրակոտ աչքերին, որոնց մեջ այդ րոպեին վառվում էր մի կատարյալ հնոց։
Դուք չեք խոսում, Ամալիա, բայց գոհ եմ, որ գոնե լսում եք ինձ, շարունակեց երիտասարդը նույն եռանդով. ես կամենում եմ ասել ձեզ բոլորը, ինչ որ ամբարված է այս անուժ սրտի մեջ։ Ես ձեզ սիրում եմ, Ամալիա, սիրում եմ հոգվո բոլոր զորությամբ, իմ սրտի բոլոր կարողությամբ։ Այն օրից սկսած, որ ես ձեզ առաջին անգամ տեսի այն հացկերույթի վերա և առաջին անգամ լսեցի ձեր հրեշտակային ձայնը, մի հրեղեն շանթ խլվելով այդ դիցական աչքերից՝ պլպլվեցավ իմ խեղճ ու տկար սրտին, և այն օրից սկսած նա այրվում, խորովվում է ձեր սիրո անշեջ կրակով… Գթացեք ինձ վերա, օրիորդ, գթացե՛ք իմ խեղճ սրտին, նա արժանի է ձեր կարեկցության… Օրիորդը դարձյալ լուռ էր։
Ուրեմն թող հուսամ, որ դուք գոնե ինձ լսում եք, քաղցրությամբ կրկին շարունակեց երիտասարդը, ես ձեզ անկեղծությամբ խոստովանեցի բոլորը, ինչ որ զգում էի. այժմ մնում է ինձ ասել միայն մի երկու խոսք։ Սիրելով ձեզ, օրիորդ, ես չեմ բավականանում միայն այս դատարկ խոստովանությամբ, ես միևնույն ժամանակ խնդրում եմ ձեր ձեոքը և սիրտը և դրանց փոխարեն տալիս եմ ձեզ իմ իշխանական անունը և պատիվը, և դնում եմ ձեր ոտքերի մոտ իմ բոլոր կարողությունը, հարստությունը, կալվածները և հազարավոր հպատակները։ Կառավարեցեք նրանց ինչպես գիտեք, ինչպես կամենում եք, միայն թե այդ բոլորի փոխարեն տվեք ինձ ձեր սերը։
Օրիորդը այս անգամ բարձրացրեց յուր աչքերը, և քաղցրությամբ նայեց իշխանի վերա։
Դուք խոստանում եք ինձ այդ սերն, այնպես չէ՞, ջերմությամբ հարցրեց երիտասարդը։
Գնացե՛ք. դուք շատ ուշացաք. իմ մայրը կարող է կասկածել, հանդարտ ձայնով խոսեց օրիորդը և պարզեց յուր ձեռքը դեպի նրան։
Գնա՜լ, բայց առանց ձեզանից մի խոստովանության խոսք լսելո՜ւ, բացականչեց երիտասարդը տենդային հուզմամբ օրիորդի ձեռքը բռնելով։
Գնացե՛ք, աղաչում եմ. ձեր բոլոր խոսածները ես հանդարտ սրտով լսեցի և այս բավական է. գնացե՛ք…
Երիտասարդը հասկացավ օրիորդի միտքը, և ավելի չդիմադրեց. նա ջերմությամբ համբուրեց նրա ձեռքը և շտապավ դուրս գնաց սենյակից:
Մի քանի րոպեից ետ Ամալիան կրկին ձեռքն առավ նոտաները և հանդարտ սրտով նստեց դաշնամուրի առաջ։
Իշխանուհի Դարիան յուր աղջկանը գտավ բնական դրության մեջ։
Ը
Առաջին այցելության քաղցր ընդունելությունից քաջալերվելով, պարոն Մաշտոցյանը սկսավ այնուհետև հաճախել Ագապյանների տունը և շատ անգամ. իբրև մերձավոր բարեկամ ժամերով նստել օրիորդ Ամալիայի մոտ, խոսակցել նրա հետ, լսել նրա քաղցր երգեցողությունը և երբեմն էլ զմայլել նրա հափշտակող դաշնահարությամբ։
Բայց և այնպես այս առավելությունները չէին գոհացնում երիտասարդ Մաշտոցյանին, նա ցանկանում էր ավելին։ Յուր բոլոր այցելությունների ժամանակ նա Ագապյաններից ստանում էր միմիայն մի քաղաքավարի ընդունելություն, որը նրանք շատ անգամ հասցնում էին ծայրահեղ նրբության: Բայց, իհարկե, այդ բավական չէր. սիրահար փեսացուն վայրկյան առ վայրկյան սպասում էր լսել նրանցից մի խոսք, մի ակնարկություն, որ կապ ունենար յուր դիտավորության հետ. նա սպասում էր, որ մայր իշխանուհին մի օր իրեն յուր փեսա անվաներ, կամ օրիորդ Ամալիան՝ յուր սիրահար։ Իսկ այդպիսի ակնարկություններ տեղի չէին ունենում։
Վերջապես նա վճռեց դիմել պարոն Սիմբրյանին և խնդրել նրա աջակցությունն այս կարևոր գործի մեջ։
Դուք մի հնոց վառեցիք իմ սրտում ու հեռացաք, ասաց նա մի օր Սիմբրյանին այլաբանորեն, այժմ կարևոր է, որ այդ հնոցի համար փայտն էլ ինքներդ մատակարարեք։
Պատրաստ եմ ձեզ ծառայելու, պատասխանեց նա ժպտալով, միայն թե ասացե՛ք ինչո՞ւմն է խնդիրը։
Մի՞թե դեռ պետք է բացատրել ձեզ, չէ՞ որ դուք էիք աոաջինը, որ ինձ հիշեցրիք։
Հասկանում եմ, Ամալիայի մասին է ձեր խոսքը, բայց ի՞նչ եք կամենում, որ ես անեմ։
Առաջարկեցեք իմ կողմից ձեր քույր իշխանուհուն հանձնել ինձ այն, ինչ որ ինձ է պատկանում։
Ամալիայի ձեռքը, այնպես չէ՞։
Այո՛, իմ միակ գանձն աշխարհի վերա։
Սխմբրյանը մի վայրկյան լռեց։ -Ի՞նչ է պատահել. դուք լռում եք, - անհանգստությամբ հարցրեց Մաշտոցյանը։
-Ոչի՛նչ, սիրելիս, ես մտածում եմ այն հանձնարարության վերա, որը դուք անում եք ինձ, և գտնում եմ, որ ես նրան կատարել չեմ կարող։
-Ի՞նչպես, դուք ուրեմն ընդդեմ եք իմ ցանկությանը։
-Ընդհակառակը, ես եմ առաջինը, որ փափագում եմ ձեր այդ միությանը, որովհետև հավատում եմ նրա երջանիկ ապագային։ Եվ խոսքիս ապացույց այն է, որ ես ինքս ծանոթացրի ձեզ իմ քրոջ և քեռադստեր հետ և հիշեցրի ձեզ Ամալիայի հետ ամուսնանալու անզուգական առավելությունը։
-Ուրեմն ինչու՞ չեք ցանկանում ձեր ձեռքով էլ պսակել գործը։
-Ա՛յ թե ինչու՞ համար։ Դուք հո գիտեք, սիրելիս, որ ժամանակները փոխվել են և մանավանդ ամուսնական խնդիրներում էլ առաջին տեղը չեն բռնում բարեկամների, խնամակալների և նույնիսկ ծնողների խորհուրդները։ Լուսավորության շնորհիվ այժմ գործն այն տեղն է հասել, որ ամուսնացողներն իրենք են ընտրում իրենց ընկերները, իրենք են ընդունում, կամ մերժում առաջարկությունները և իրենք էլ վերջավորում գործը։ Ամալիան ինքը հասած ու զարգացած աղջիկ է, նա մինչև անգամ կարող է վիրավորվել, եթե ես ձեռներեց լինեմ այդ գործում. և նույնիսկ նրա մայրը հազիվ թե համաձայնվի մի դրական պատասխան տալ ձեզ, եթե դուք դիմեք նրան: Ուրեմն ավելի լավ է և հարմար, եթե դուք ինքներդ անեք այդ առաջարկությունը նույնիսկ իրեն Ամալիային, փառք աստծո, դուք այժմ միմյանց ավելի քան ծանոթ եք և միմյանցից քաշվելու բան չունեք։ Արեք նրան ձեր առաջարկությունն ազատորեն և երբ նրա հաճությունը կառնեք, հարսանյաց ուրախությունը մենք միասին կկատարենք։ Այս վերջին դեպքում ես ձեր երկուսիդ խոնարհ ծառան եմ։
Մաշտոցյանն այս խորհրդին ընդդիմանալու պատճառ չուներ։ Միայն չգիտեր ի՞նչ ձևով անել յուր առաջարկությունը։ Չնայելով հաճախակի այցելություններին, նա վերջին օրն էլ այնպես անծանոթ էր Ամալիային, ինչպես և առաջ: Նա չէր ճանաչում ո՛չ նրա սիրտը, ո՛չ նրա հոգին, ո՛չ զգացումները, և ո՛չ ձգտումները, որովհետև օրիորդը միշտ կոճկված էր լինում նրա մոտ։ Կընդունե՞ր արդյոք յուր առաջարկությունը, թե ոչ, հայտնի չէր։
Եվ արդարև այսպիսի դիպվածում, ոչինչ այնքան դժվար չէ, որքան ամուսնական մի առաջարկություն. այդ կնշանակի ուղղակի պահանջել մարդիկներից, որ հավատան յուր աներևույթ բարեմասնություններին, յուր հոգեկան արժանավորությանը և կամ հավանեն յուր արտաքին կերպարանքին, ինչպես մի ծախու հանվող արձանի, որին քանդակագործը հանում է հրապարակ, ի տես ժողովրդյան։ Բոլորովին ուրիշ պայմաններ ունի այն մարդու գործը, որ այս կամ այն հանգամանքի շնորհիվ սիրվել է մի աղջկանից, նրա գործը ստեղծում և պսակում է նույն ինքն սերը, առանց նեղություն պատճառելու մեկին, կամ մյուսին։
Բայց ինչպես էլ որ լիներ, Մաշտոցյանը պիտի վերջ տար այդ տարտամ դրությանը. նա որոշեց անմիջապես դիմել իրեն օրիորդին։
Օրը կիրակի էր, բայց դեռ ոչ ոք չէր այցելել Ագապյաններին։
Օրիորդ իշխանուհին միայնակ նստած գիրք էր կարգում, երբ ներս մտավ Մաշտոցյանը։ Սովորական ողջույնից ետ երիտասարդը նկատեց. Առաջին անգամ է, որ պատահում եմ մի աղջկա, որը դաշնակահար լինելով հանդերձ՝ սիրում է ընթերցանություն:
Փոփոխություններն առույգացնում են կյանքը, միօրինակությունն է, որ անշարժություն և հետևապես մեռելություն է առաջացնում, ժպտալով պատասխանեց օրիորդը։
Այդ ճշմարիտ է, բայց ես կարծել եմ, որ երաժշտությունը նույն ինքը մարմնացյալ փոփոխություն է։
Գուցե միայն լսողների համար, բայց նվագողներն այդ կարծիքը չունեն նրա մասին:
-Ի՞նչ եք կարդում դուք։
-Մի ռոման, ուր ինչպես միշտ երգվում և չարչարվում է սերը։
-Դուք ուրեմն սիրո՞ւմ եք սիրահարական ռոմաններ։
-Այո՛, ինձ զվարճացնում են սիրային արկածները: Բայց չէ՞ որ շատ անգամ էլ նրանք կլացացնեն ձեզ։
Ես առհասարակ այդքան դյուրազգաց չեմ։
Մի՞թե, զարգացմամբ բացականչեց երիտասադը, ձեզ նման մի գեղեցկուհին պետք է, որ ամբողջապես ստեղծված լինի զգացմունքներից։
Այդ ես կարծում եմ օգուտ կբերի ուրիշներին, բայց ոչ ինձ:
Ուրեմն դուք երբեք ուրիշների համար չե՞ք մտածում։
Ինչո՞ւ չէ եթե միայն այդ ուրիշն էլ ինձ համար է մտածում։
Հասկանում եմ. դուք ուրեմն ավելի ինքնասեր եք, քան մարդասեր։
Այդ վերջին բառը. ես կարծում եմ այն մարդիկներն են ստեղծել, որոնք ուրիշին տալու ոչինչ չեն ունեցել, ծիծաղելով նկատեց օրիորդը։
Գուցե՛, մի առանձին անվստահությամբ շեշտեց Մաշտոցյանը, կարծելով, թե օրիորդի ակնարկությունն իրեն է վերաբերում։ Բայց ցանկանալով միևնույն ժամանակ մոտենալ յուր նպատակին, հարցրեց.
Ի՞նչ չափով եք առհասարակ մտածում դուք ա՛յն մարդկերանց վերա, որոնք միայն ձեզ համար են մտածում։
Միայն ի՞նձ համար։
Այո՛, միայն ձեզ համար։
Այդ ես չեմ հասկանում. մի՞թե կարող է գտնվել մի մարդ, որի հոգածության առարկան միայն ես լինիմ։
Ինչո՞ւ չէ. եթե մեկը սիրում է ձեզ, նա չէ կարող ուրիշ բանի վերա մտածել։
Այո՛, եթե սիրում է. բայց ես դեռ այդպիսի մարդ չեմ ճանաչում, հետևապես, չեմ կարող այժմյանից ասել, թե փոխադարձաբար ի՞նչ կանեմ ես նրա համար։
Բայց եթե այդ մարդը գար և ուղղակի խոստովաներ ձեզ յուր սրտի զգացմունքը, մի՞թե դուք կզայրանայիք նրա վերա։
Երբե՛ք, ինչու՞ համար վիրավորել մի մարդու, որի միակ հանցանքը ինձ սիրելն է. թող սիրե՝ ով կամենում է. սիրեն՝ որքան ցանկանում են։
-Թույլ կտա՞ք ուրեմն, որ բոլոր մարդիկ սիրեն ձեզ,- զարմացմամբ հարցրեց Մաշտոցյանը և յուր նախանձոտ աչքերը հառեց օրիորդի վերա։
-Զարմանալի հարց,- ծիծաղելով պատասխանեց օրիորդը,- կարելի էր միայն թույլ չտալ, որ մարդիկ ատեն ինձ, ապա թե չէ սիրելուն ի՞նչ կա, նրանց սիրելը հոգ չէ ապացուցանում, թե ես էլ նրանց եմ սիրում։
-Հասկանում եմ, ուրեմն դուք ընդհանրապես բարեկամական սիրո մասին եք խոսում։
-Մի՞թե թշնամական սեր էլ կա աշխարհում։
-Թշնամական սեր չկա, բայց կա մի սեր, որ հասարակ բարեկամական չէ. այդ սերը մինչև անգամ մարդկային էլ չէ. նա աստվածային է…
Բայց ո՞ւմ են սիրում այդ աստվածային սիրով։
-Նրան, ով արժանի է այդ սիրուն։
-Օրինակի համար, ցույց տվեք ինձ մի այդպիսի անձնավորություն։
-Իշխանուհի Ամալիան, մահկանացուների մեջ գեղեցկագույնը…
-Կա՞ն, ուրեմն, այնպիսի մարդիկ, որոնք այդ աստվածային սիրով սիրում են նրան,- ծիծաղելով հարցրեց օրիորդը։
-Չգիտեմ կա՞ն, թե ոչ, բայց գիտեմ, որ կա՛ մեկը, որ սիրում է և որ պատրաստ է ամեն ինչ զոհելու միմիայն նրա փոխադարձ սիրոյն արժանանալու համար։
-Հետաքրքիր է տեսնել այդ մարդուն,- հեգնական ժպիտով պատասխանեց օրիորդը։
-Այդ մարդը ձեր առջևն է, օրիորդ,- ջերմեռանդությամբ պատասխանեց երիտասարդը։
Ամալիան աշխատեց շառագունել, բայց այդ չհաջողվեց նրան. վերջապես նա յուր գեղեցիկ աչքերը խոնարհեց գետին։
-Արդյոք թո՞ւյլ եք տալիս նրան սիրելու ձեզ,- հարցրեց Մաշտոցյանը։ Ես ոչ ոքին չեմ արգելում… ցած ձայնով պատասխանեց օրիորդը։
Բայց նա կարո՞ղ է հուսալ. որ փոխադարձաբար կսիրվի ձեզանից։
Չգիտեմ։
Այդ իրավացի պատասխան է. արդարև դուք այժմյանից իմ այդ հարցին դրական պատասխան տալ չեք կարող, պետք է սպասել գոնե մոտիկ ապագային։ Բայց ես մի ուրիշ առաջարկություն ունեմ, նրան որոշակի պատասխանելը ձեր իրավունքն է…
- Խոսեցեք. ես ձեզ լսում եմ։
Օրիորդ, նոր չէ, որ ես ճանաչում և սիրում եմ ձեզ:
Երեք տարուց ավելի է, որ ես առաջին անգամ տեսա ձեզ ձեր վարժարանի դռներում. դուք ձեր ընկերուհիների հետ միասին պատրաստվում էիք գնալու ձեզ հյուրասիրող մի իշխանուհու տունը։ Այն ժամանակ դուք նույնչափ գեղեցիկ և հրաշալի էիք, որչափ և այսօր։ Երբ առաջին անգամ տեսա ձեզ գրեթե հափշտակվեցա, մանավանդ երբ դուք ուղղեցիք ինձ ձեր կախարդող հայացքը, եթե շրջապատողներից չվախենայի, այդ րոպեին ես կընկնեի ձեր առաջ և կերկրպագեի ձեզ։ Բայց դուք ձեզ սպասող կառքը հեծաք և ձեր ընկերուհիների հետ միասին հեռացաք։ Ես նույնպես կառքով հետևեցի ձեզ։ Կրկին անգամ մեր հայացքները պատահեցան իրար իշխանուհու տան մուտքի առաջ և այնուհետև էլ ես չտեսա ձեզ… Բայց այդ օրից սկսած ես անդադար մտածում էի ձեզ վերա։ Ո՞վ գիտե, գուցե դուք էլ մի բան հիշում եք իմ այս պատմածներից։
Գրեթե ոչինչ։
Հասկանալի է. ուրիշ կերպ լինել չէր կարող։ Բայց այս բոլոր հիշածներս մի նպատակ ունին, օրիորդ, և այդ նպատակի համար ես կամենում եմ ազատորեն խոսել, հավատալով, որ դուք այնքան զարգացած եք, որ կարող եք հասկանալ ինձ և անկեղծորեն պատասխանել իմ առաջարկությանը։
Խոսեցեք, խնդրեմ, ազատ եք։ -Իմ խոսքը կարճ է, օրիորդ, ես խնդրում եմ ձեր ձեռքը. կարո՞ղ եք արդյոք չմերժել ինձ այն։
-Իմ ձե՞ռը։
-Այո՛։
-Դուք սիրո՞ւմ եք անկեղծությունը։
-Ինչպես իմ աստծուն։
-Եվ չե՞ք ցավիլ, եթե այդ անկեղծությունը վնասե ձեզ։
-Գուցե կցավիմ, բայց և անտրտունջ կհնազանդվիմ նրան։
-Որովհետև դուք այդքան քաջություն ունիք, հարգելի բարեկամ, ուրեմն ես կարող եմ անկեղծաբար խնդրել ձեզ, որ չվշտանաք. ես մերժում եմ ձեր խնդիրը։
Մաշտոցյանը կարծես շանթահար եղավ. բայց և իսկույն զսպեց յուր այլայլությունը. նա փորձեց մինչև անգամ ժպտալ՝ օրիորդի մերժման ազդեցությունը անզգալի անելու համար, սակայն այդ ջանքը ապարդյուն անցավ, բնությունը մի քանի րոպե հաղթանակեց և նրանք երկուսն էլ սկսան լուռ ու մունջ նայել իրար։
Երբ մի քանի վայրկյան անցավ, երիտասարդը առաջինը ընդհատեց լռությունը։
-Չեմ կարող չխոստովանվել, օրիորդ, որ ձեր մերժումը ինձ մեծ ցավ է պատճառում։ Ես, որ այսքան ժամանակ միայն ձեզ վերա էի մտածում, ձեզ երազռւմ և ձեզ հետ կենակցելու հույսով ուրախանում, այժմ անկարելի է, որ հոգվով չափ չվշտանամ՝ իմ գողտրիկ երազները օդի մեջ ցնդած տեսնելով: Բայց և այնպես, ես հետաքրքրվում եմ իմանալ, թե ինչու՞ համար եք մերժում ինձ։ Եթե դուք ինձ չեք սիրում այժմ, այդ որքան էլ ինձ համար ցավ է, այսուամենայնիվ հարգելի պատճառ չէ իմ խնդիրը մերժելու համար. ես կարծում եմ և հավատացած եմ, որ մի օր դուք կսիրեք ինձ, եթե համաձայնվիք միայն տալ ինձ ձեր ձեռը։ Դուք էլ կարող եք վկայել, որ սերը մի օրվա մեջ չէ ծնունդ առնում և ոչ աճում. ամեն մի անձնանվիրություն զարթուցանում է սեր. իսկ ես կարող եմ արժանի լինել ձեզ կատարյալ անձնվիրությամբ։
-Սե՞րը. իհարկե ոչ, սերը չէ իմ մերժման պատճառը. ընդհակառակը, ես հավատացած եմ, որ դուք կարող եք սիրել տալ ձեզ՝ ի՞նչպես և ո՞ւմ որ կամենաք։
-Ուրեմն իմ արտաքին կերպարանքն է ձեզ համար հակակրականը։
-Ամենևին ոչ. դուք գեղեցիկ տղամարդ եք, և ձեր ապագայի ամուսինն իրավմամբ կարող է ձեզնով պարծենալ։
-Ուրեմն իմ հարստությունը ձեզ համար շատ փո՞քր է երևում. և դուք երևի վախենում եք ազնվական տան արժանավայել ապրուստ չունենալ։
-Ընդհակառակը. ինձ ասել են, և ես հավատում եմ, որ ամբողջ Թիֆլիսի մեջ եթե ոչ առաջինը, գոնե երկրորդն եք դուք ձեր հարստությամբ, հետևապես կասկածելու էլ տեղիք չունեմ, թե ձեր ամուսինը կարող է երբևիցե ամենահարուստ ազնվականից պակաս կյանք վարել։
-Աստված իմ, ուրեմն ինչո՞ւմն է իմ պակասությունը, ինչով եմ ես անարժան ձեր սիրուն,- զարմացմամբ բացականչեց երիտասարդը։
-Կամենո՞ւմ եք, որ ես անկեղծ լինեմ։
-Այո՛, աղաչում եմ։
-Դուք վաճառական եք։
-Եվ ա՞յդ է իմ հանցանքը,- հեգնական ժպիտով հարցրեց Մաշտոցյանը։
-Այո՛, և այդ դժբախտաբար բավական մեծ արատ է մի իշխանական տան աղջկա համար։
-Հասկանում եմ. ուրեմն դուք կցանկանայիք, որ ձեր ամուսինն անպատճառ մի հայտնի իշխանազն, կամ գոնե տոհմիկ ազնվական լիներ։
-Այո. բայց ներեցեք, որ ես անկեղծաբար խոսեցի, դուք այնքան զարգացած եք, որ ինձ կհասկանաք։
-Կատարելապես. այդ կողմից միամիտ եղեք։ Բայց և այնպես թույլ տվեք ինձ էլ անկեղծաբար մի քանի խոսք ասելու։
-Շնորհ արեք խնդրեմ. ուրախությամբ կլսեմ ձեզ։
-Մեր իշխանների և ազնվականների մասին շատ սխալ գաղափար ունիք դուք, օրիորդ. այն նշանակությունը, ինչ որ լուսավորյալ ազգերը տալիս են իրենց հին ազնվականությանը անկարելի է մեր ազնվականությանը հատկացնել։ նրանց նախահայրներն արդարև մի օր մեծ մարդիկներ են եղել, դյուցազնական սիրտ և հոյակապ հանճար են ունեցել, հայրենիքի համար ապրել և հայրենիքի համար են մեռել, իրենց մեծ գործերով սերունդներ են ոգևորել և վերջապես որդվոց որդի ճշմարիտ ազնվականության պատկառ մնալով` խորշել են թզուկներ ծնելուց և սնուցանելուց որպեսզի նրանց ապիրատ գործերով տոհմական ընդ նմին և հայրենական արժանապատվությունը չարատավորվի։ Ամբողջ դարեր ազնվականությամբ ապրող մի տոհմի հետ արդարև մեծ փառք է կապել և՛ անուն, և՛ կյանք, և այդ փառքը ձեռք բերելու համար` գովության արժանի է մի կնոջ ջանքը, եթե միայն այդ կինն էլ զգում է յուր մեջ այդ փառավոր տոհմին արժանի լինելու կոչումն։
Բայց մի՞թե միևնույն գովությամբ կարող ենք խոսել և մեր ազնվականներից շատերի վերա, որոնց նախահայրերն այդ կոչումը ձեռք են բերել ոչ թե հայրենիքին մի նշանավոր ծառայություն անելով, այլ շատ անգամ…
Մեր հայ իշխանազուների մասին, կարծեմ, չեք կարող այդ տեսակ կարծիք հայտնել, ընդհատեց օրիորդը հանկարծ հայասեր դառնալով (չնայելով, որ այդ առաջին անգամն էր հայության ապավինում)։
Հայ իշխանազուննե՞ր, ո՞րտեղ են նրանք, ծիծաղելով հարցրեց Մաշտոցյանը։ Չլինի թե այս Սլկունիները, Ռշտունիները, Արշակունիները և այլ բազմաթիվ շինծու ունիները դուք ճշմարիտ իշխանազուններ եք կարծում և կամ Մելիք-Պողոսյաաններն ու Սողոսյանները ազնվականներ։ Շատ սխալվում եք։ Եթե դուք մի օր մտածած լինեիք հայերեն սովորելու, դուք մեր գրքերից կիմանայիք, որ այդ Սլկունիների, Ռշտունիների, Արշակունիների և այլոց ցեղերը հարյուրավոր տարիներ սրանից առաջ ջնջվել, անհետացել են և նրանց գերեզմաններն անհայտության մեջ կորել են։ Այս նոր Սլկունիներն ու Ռշտունիներր ոչ այլ ինչ են, եթե ոչ` Խոյից, Ջուղայից, Համադանից, Վանից և հայոց երկրի ուրիշ կողմերից շատ տարիներ առաջ Վրաստան գաղթած փինաչիների, ջորեպանների և այլ այս տեսակ մարդկանց սերունդներ: Նորեկ մարդիկ առհասարակ հանդուգն և ձեռներեց են լինում. և ահա դրանք Վրաստան մտնելով շտապել են մի վկայաթղթով իշխանազուններ հրատարակվիլ… Ինչ մեր Մելիք-Պողոսյաններին ու Սողոսյաններին է վերաբերում, դրանք էլ հայ գյուղերի խեղճ տանուտերերի որդիք են, շատ սակավ բացառությամբ։ Հայոց գյուղերում մի ժամանակ ամեն տանուտեր մելիք էր կոչվում․ չնայելով, որ այդ խեղճ մարդուն մեկն էր լինում նա․ բայց այսօր այդ մարդկանց սնափաո սերունդը ինքն իրեն ազնվական է երազում և չէ սխալվում, որովհետև հավատացողներ կան։ Բայց այն ժամանակվա բնիկները, վաճառականներ լինեին նրանք, թե՛ արհեստավորներ, իհարկե, կարիք չունեին նոր անուն և պատիվ ձեռք բերելու, որովհետև այն ժամանակ նրանք արդեն սեփական անուն և պատիվ ունեին։ Միակ նրանց սխալմունքն այն է եղել, որ չեն մտածել, թե իշխանազուն օրիորդները մի օր կարհամարհեն նրանց թոռներին…
Վերջապես այս բոլորից հետո, օրիորդ, մի փոքրիկ բացատրություն ևս և մենք հավիտյան կբաժանվենք միմյանցից։ Ձեր պաշտած ազնվականության վերա այնքան խոսելով, ես երբեք միտք չունեի ձեզ համոզելու՝ ընդունել իմ առաջարկությունը. քավ լիցի, ազնվականի ամուսին լինելու ձեր փառամոլ ցանկությունը արդեն բավական էր մի անգամ ընդմիշտ իմ սիրտը ձեզանից սառեցնելու․ ես միայն ցանկացա ծանոթացնել ձեզ այն ոչնչության հետ, որին կուրորեն պաշտում եք դուք։ Իսկ այսուհետև կմնա մեզ ապացուցանել՝ թե մեզանից որն է ճշմարիտ ազնվականը։
Այս ասելով երիտասարդը վերցրեց գդակը և քաղաքավարությամբ գլուխ տալով իշխանուհուն, դուրս գնաց սենյակից։