Մուրացան

Հասարակաց որդեգիրը

2

Դ

Սոմարյանցի հյուրերը Գևորգին տեսնելով ուրախության աղաղակ բարձրացրին։ Նրանցից մի մասը ուռա՜ էր կանչում, մյուսները գժանոցից փախած խելագարների նման բացականչություններ էին անում, ուրիշները հրավիրում էին նրան իրենց մոտ նստել, իսկ երաժիշտները, որ այդ միջոցին լուռ էին, սկսան ի պատիվ Գևորգի մի տուշ ածել։

Գևորգն առաջին անգամ մի այսպիսի տեղ մտնելով, մնացել էր ապշած.

Դահլիճի հրաշալի լուսավորությունը, նորա շլացնող զարդարանքները, հարուստ և շքեղ սեղանը, փայլուն հյուրերի բազմությունը, երաժշտության որոտը, այդ բոլորը մի րոպեում այնպիսի կախարդական ազդեցություն արին նրա վերա, որ խեղճն իրեն երազի մեջ էր կարծում։ Հենց առաջին րոպեներից սկսած մի տեսակ թմրություն կամաց-կամաց պատեց նրա ամբողջ մարմինը: Նա կարծես հետզհետե խլանում էր, նրա աչքերը սկսում էին մթագնել, դահլիճի մեջ որոտացող երաժշտության ձայնը, հարբած հյուրերի աղաղակն այլևս լսելի չէին լինում նրան, դահլիճի հարյուրավոր ճրագները, յուր չորս կողմը պտտվող բազմությունը, կամաց-կամաց անհետանում էին նորա աչքից և ստանում էին հյուլեների կերպարանք, որոնք արեգակի շողերի առաջ լողում են օդի մեջ։ Նա սկսում է թուլանալ։

Գևո՛րգ, ի՞նչ պատահեց քեզ, վրդովված ձայնով գոչեց տանուտերը, տեսնելով, որ պատանին երերվում է ոտքի վրա, դու հիվա՞նդ ես, հա՞, գու հիվա՞նդ ես։

Գևորգը ոչինչ չպատասխանեց։

Աթոռ, աթոռ տվե՛ք տղային, որ նստե, ձայն տվին մի քանիսը։

Նա ուշաթափվում է, ջո՛ւր հասցրեք, աղաղակում էր մի ուրիշը։

Ջո՛ւր, ջուր սրսկեցեք հրամայեց սեղանապետը։ Եվ իսկույն ծառաներից մի ամենաշնորհալին ջրի շիշը կըլթ կըլթ, կըլթ, թափեց խեղճ Գևորգի գլխին և շորերի վերա։

Կամա՛ց, հիմա՛ր, խեղճ տղայի շորերը բոլորովին թրջեցիր, բարկությամբ գոշեց Սոմարյանցը և սեղանից անձեռոցը վերցնելով, սրբեց Գևորգի շորերը։

Սպասավորի շնորհալի բարերարությունը և Սոմարյանցի ու հյուրերի աղաղակը սթափեցրին Գևորգին թմրությունից։ Նա իսկույն բարձրացավ աթոռից և շփոթված սկսեց ուղղել յուր հագուստները։

Ի՞նչ պատահեց քեզ, ո՛րդի, հարցրեց նրան Սոմարյանցը, ինչո՞ւ այդպես դարձար։

Ոչի՛նչ, գլուխս մի փոքր պտույտ եկավ, աչքերը գետնին գցած պատասխանեց Գևորգը։

Ոչի՛նչ, ոչի՛նչ, կա՛նցնե, շուտով կանցնե, գոչեց մյուս կողմից սեղանապետը, և մոտենալով բռնեց նրա ձեռքից և նստեցրեց յուր կողքին։

Այժմ դեռ պետք է մեր սեղանից մի բան վայելես, հետո մեր հյուրերի կենացը կխմես, և հետո մեզ համար կերգես. այնպես չէ՞։ Դե, սկսիր առաջին գործդ, ասաց նրան սեղանապետը և հրամեցրեց նրան հատկապես սեղանապետի համար պատրաստված կարկանդակը։

Գևորգը սաստիկ ամաչում էր։ Յուր կյանքում նա առաջին անգամն էր արժանանում այսպիսի բարձրաստիճան հյուրերի ուշադրության։ Ուստի և նա ոչինչ չկարողացավ ճաշակել. ամոթից քրտինքը վազում էր նրա ճակատի վերա։

Պարոն սեղանապե՛տ, դուք շատ քնքշաբար եք վարվում իմ դրացու հետ, նկատեց Սոմարյանցը, ինձ թողեք նորա մտերմությունը վաստակել: Այ» ասելով նա մոտեցավ Գևորգին, կտրեց կարկանդակից մի մեծ կտոր և սկսավ զոռով խրել Գևորգի բերանը: էլ այժմ ազատում չկար, պետք էր վայելել այդ անիծյալ կարկանդակը։ Եվ Գևորգը հնազանդվեցավ յուր ճակատագրին։ Բայց դեռ վերջին պատառը չեր անցել նրա կոկորդից, և ահա՛ սեղանապետը մոտեցրեց նրան գինվո ահագին բաժակը։

Ես գինի չեմ խմում, պարոն սեղանապետ, համենտությամբ նկատեց պատանին և բաժակը հեռացրեց իրենից է:

Այդ անկարելի է, գոչեց սեղանապետը յուր բոլոր սեղանապետական արժանավորությամբ, դու պետք է մեր հյուրերի կենացը խմես։ Այո՛, այո՛ անկարելի է, պետք է, որ մեր կենացը խմեք աղաղակեցին միաբերան մի քանիսը։

Իսկ եթե չի խմիլ, ես գինու բաժակը կթափեմ նրան գլխին, ավելացրեց Սոմարյանցը:

Գևորգն այս վերջին սպառնալիքից վախեցավ։ նա ձեռքն առավ բաժակը և աչքերը գետին խոնարհած ձեր կենացը, շշնջաց հազիվ լսելի ձայնով և խմեց մի քանի կաթիլ։

Չեղա՛վ, չեղա՛վ, բոլորը պետք է խմել, աղաղակեց սեղանապետը։

Բաժակի հատակը պետք է չորացնել, գոչեց մի ուրիշը, որ ըստ երևույթին առանձին հմտություն ուներ արբեցության արհեստի մեջ։ Գևորգը այս անգամ կես ամոթից և կես բարկությունից ստիպված մի կողմ թողեց յուր ծայրահեղ ամոթխածությունը և բաժակը դատարկեց փառավորապես։

Կեցցե՛ս, կեցցե՛ս, աղաղակեցին հյուրերը և երաժշտությունը սկսավ նրանց ձայնակցել։

Մի փոքր ժամանակից հետո սեղանապետը նշան տվավ, և երաժշտությունը լռեց։

Այժմ դու պետք է մեզ համար երգես, ասաց նա Գևորգին և դառնալով դեպի հյուրերը, հրամայեց, որ բոլորն էլ լռեն։

Ի՞նչ երգ եք կամենում, որ ես երգեմ, հարցրեց Գևորգը ոտի կանգնելով։

Որը որ դու ավելի լավն ես համարում։

Այո՛, որը որ դու ավելի լավն ես համարում, արձագանք տվին սեղանապետի խոսքերին մի ուրիշ անկյունից։ Բայց, ո՞ր երգն էր ավելի լավ յուր գիտեցածներից, այդ մեկը նույն րոպեին Գևորգը չէր կարողանում որոշել, ուստի մի քանի րոպե մնաց լուռ կանգնած և բոլոր դահլիճն ուշադրությրւնը լարած` սպասում էր նրան։

«Ես կերգեմ ա՛յն երգը, որ Շառլոտան ավելի էր սիրում», վերջապես մտածեց ինքն իրեն պատանին, «երևի դա է ամենից լավը իմ երգերից։ Եվ նա սկսեց քաղցր և մեղմ ձայնով երգել «Սիրահարի բաղձանքը»։

Տխուր գիշեր, աղոտ լուսին ։
Թե լինեին ինձ ընկեր,
Շունչ զեփյուռին, մրմունջ առվին
Շշնջեին ինձ երգեր:

Մայրյաց թավուտ, մարմանդ դալար,
Մարդկան ոտից անկոխ հովիտ,
Ուր սուրբ սիրույն ձխի բուրվառ
Թե իրենց մեջ տային հանգիստ:

Այդ սրբազան միայնության
Մեջ կերգեի իմ Սիրուհին,
Եվ իմ դողդոջ երգերի ձայն
Կավանդեի գողտրիկ հովին:

Որ նա տաներ, մեղմիկ հնչեր
Այնտեղ, ուր նա կննջե լռին,
Եվ նորա սիրտն առներ, բերեր
Իմ սիրալիր սեղմեր սրտին:


Վերջին տունը հազիվ թե վերջացրեց երգիչը և ահա դահլիճի մեջ որոտացին ծափահարությունների և կեցցեների ձայները։ Բոլոր հրավիրյալներն անխտիր հիացան պատանու գողտրիկ և ոլորուն ձայնի վերա, բոլորն էլ միաբերան գովում էին նրան։

Բայց այդ միակ երգով չբավականացան, իհարկե, Սոմարյանցի հյուրերը։ Նրանք խնդրեցին սեղանապետին, որ կրկին երգել տա Գևորգին։

Գևորգն այժմ այլևս չէր ամաչում, նա սկսեց երգել, և երգեց մոտ տասը հատ երգեր, մեկը մյուսից հաջողակ։

Ծափահարություններին և կեցցեներին վերջ չկար:

Այժմ մեր հրավիրյալներն սկսան խորը կերպով հետաքրքրվել պատանու գրությամբ, հարցնում էին Սոմարյանցից նրա հոր, մոր և մինչև անգամ ազգականների անունները։ Տեղեկություններ էին պահանջում նրա կեցության և պարապմանց մասին և այլն, և այլն։

Պարոն Սոմարյանցը, պետք է խոստովանել, շատ քիչ բան գիտեր յուր դրացու մասին, և նրա նման մի հարուստին այդ բանում մեղադրել անկարելի էր. ուստի նա հազիվ թե կարողանում էր գոհացնել յուր հյուրերի հարցասիրությունը։

Բայց դահլիճի մի ուրիշ անկյունում, մի խումբ հյուրեր բոլորովին ուրիշ կարծիքներ էին հայտնում Գևորգի մասին: Նրանցից մի քանիսը պնդում էին, որ նա հայոց դպրոցներից մեկի աշակերտն է դեռ. մյուսները հաստատում էին, որ նա նոտայի վարժապետ է. յուր քթի մեծությամբ նշանավոր մի պարոն հիշում էր, որ այդ տղային տեսել էր Թիֆլիսի երաժշտական դպրոցում. մի ուրիշը հաստատում էր, որ նա մասնակցում էր Հայոց բարեգործական ընկերության վերջին անգամ տված նվագահանդիսին իսկ հայոց «գեղեցիկ դերասանուհիների» կենացը խմող երիտասարդներից մեկն ասում էր և փաստերով հաստատում, որ ինքն այդ տղային անցյալ տարի տեսել էր Պետերբուրգի երաժշտական դպրոցում և զարմանում էր, թե նա այժմ ի՞նչ էր շինում Թիֆլիսում և կամ ինչո՞ւ այդպես աղքատ է հագնված։

Այս տարաձայն խոսակցությունները, որոնք հակասում էին միմյանց, շատ անհանգստություն պատճառեցին երիտասարդ բժիշկ Դուդուկջյանին, որը գեղեցիկ սովորություն ուներ ամեն տեսակ ժողովների մեջ բոլորից առաջ խոսելու։ Նա բարձրացավ յուր տեղից և գինվո բաժակը ձեռքում բռնած (մոռանալով, որ կենաց առաջարկելու համար չէր կանգնել), ամենին լսելի ձայնով հարցրեց.

Պարոն սեղանապե՛տ, մեր հարգելի հյուրերը ցանկանում են իմանալ, թե արդյոք մեր այդ տաղանդավոր և շնորհալի երգիչը ո՞րտեղ և ինչո՞վ է պարապում։ Արդյոք կարո՞ղ եք հրամայել, որ նա բավարարություն տա նրանց հետաքրրքրությանը։

Ինչո՞ւ չէ, պատասխանեց սեղանապետը և ապա դառնալով դեպի Գևորգը հարցրեց.

Դու ի՞նչ գործով ես պարապում, մեր հյուրերը կամենում են իմանալ։

Ես լինում եմ գերմանացի Գուստավի գործարանում և պարապում են փականագործությամբ, համեստությամբ պատասխանեց Գևորգը։ Փականագործությա՞մբ, զարմացմամբ հարցրին մի քանի տեղերից։

Այո՛, փականագործությամբ, կրկնեց պատանին։

Ի՞նչ եք ասում, մի՞թե կարելի է, որ ձեզ պես շնորհալի երիտասարդը փականագործությամբ է պարապում, տաքացած մոտեցավ նրան բժիշկը, ձեռքի բաժակը սեղանի վրա դնելով։

Ի՞նչ պետք է անել, պարոն բժիշկ. ղրանից ավելի լավ պարապմունք ինձ ո՞վ պիտի տար։

Ա՜ , ինչ եք ասում, պարոն, դուք ձեզ կորցրել եք անհայտության մեջ։

Բայց ես շեմ կարող հավատալ մեր երգչի խոսքերին, նա երևի կատակ է անում, ձայնը լսելի արավ հայոց գեղեցիկ դերասանուհիների» կենացը խմող և Գևորգին Պետերբուրգի երաժշտական դպրոցում տեսնող պարոնը։

Ես կատակ չեմ անում, հարգելի պարոն, ես փականագործությամբ եմ պարապում պարոն Գուստավի գործարանում։

Ցավալի է, շատ ցավալի է, հարեց սեղանի ձախ կողմից երդվյալ հավատարմատար Մաստակյանը, խիստ կարեկցական արտահայտություն տալով յուր դեմքին, բայց և այնպես շամպանիայի բաժակը ձեռքից չթողնելով։

Իսկ ես պիտի ասեմ, որ ոչ միայն ցավալի, այլև ամոթ է ձեզ, ռուսաստանցիներուդ համար ասանկ շնորհալի երիտասարդ մը ունենալ և զանի, ինչպես հարկն է, խնամել չկամենալ։ Այս փոքրիկ հառաջաբանով խառնվեցավ խոսողների հետ պարոն Դեմուրջյանը, մի պոլսեցի նորեկ երիտասարդ, որ բավական խնամքով սրել էր յուր ընչացքի ծայրերը և «Մասիսի» մի համարը ծալած դրել էր րեդինգոտի գրպանը рour chigue, եթե ասանկ տաղանդավոր պատանի մը մեր Պոլիսը գտնվեր, շարունակում էր նա, կտեսնեք, թե մեր հոնտեղի ազգայինք ի՜նչ մեծ զոհաբերություններով զանի առաջ պիտի քաշեին գեղարվեստից տաճարներուն մեջ։

Բայց դուք, հարգելի պարոն, մի Դուրյան ունեիք, երիտասարդ, բայց իրոք տաղանդավոր բանաստեղծ, որ մեծ ապադա էր խոստանում և նա քսան և երկու տարեկան հասակում, մեռավ Պոլսում, վերջին աղքատության մեջ, նկատեց նրան պարոն Սլաքյանը, որ մի կողմը քաշված մեծ զվարճությամբ լսում էր հափշտակված հյուրերի ճառախոսությունները։

Եթե ամեն բանի մեջ ատանկ ծուռը դատելու ըլլանքնե, պարոն, հարեց Դեմուրջյանը, գիտե՞ք ուր կհանգի ձեր ճանապարհը Կրետեի հին լաբյուրինթոսին մեջ, որը, ինչպես գիտեք, Մենովսի հրամանավ Դեդալոս անդրիագործը շինեց...

Լաբյուրինթոսների պատմությունն անել ավելորդ է, շարունակեցեք բուն խնդրի վրա խոսել, ընդհատեց նորան պարոն Սլաքյանը։

Դարձյալ ծուռը կդատիք, պարոն. լաբյուրինթոսներու պատմությունն անանկ հետաքրքիր նյութ մ՚է հնագիտության համար, որ մեր դարու բոլոր հնախոսք մեծամեծ հատորներ հրատարակած են ցարդ անոնց վրայոք։ Եթե ինձ չեք հավատար, շնորհ ըրեք մեր Պոլսո-գրավաճառանոցներն այցելելու ու հոն պիտի տեսնեք, թե ի՜նչ ահագին հատորներ կվաճառվեն, բոլորն ալ հնագիտության և գլխավորապես լաբյուրինթոսներու մասին հարուստ տեղեկությամբք լի...

Պարո՛ն, դուք դարձյալ բուն խնդիրը մոռացաք, նորեն ընդմիջեց նրան պարոն Սլաքյանր, ես Դուրյանի մասին էի խոսում, որ Պոլսում աղքատության մեջ մեռավ, դուք ի՞նչ էիք կամենում սրա մասին ասել։

Հա, մոռցա, ես ալ ադոր համար պիտի խոսեի։ Դուք. հարգելի պարոն, Դուրյանի անուն տալով խնդիրը կշփոթեք։ Վասնզի այլ է բանաստեղծ, այլ է երգիչ։ Բանաստեղծը չկրնար երգիչ ըլլալ և ոչ ալ երգիչը բանաստեղծ։ Սա անանկ ճշմարտություն մ՚է, որ մեր Պոլսո բոլոր ազգայինք գիտեն, և ձեզի պես նշանավոր ազգասերի մ՚ալ չը գիտնալը պատիվ չի բերեր...

Մենք, պարո՛ն, գիտենք ըստ հարկին պատվել զԼիթռե զՎիկթոր Հուկո, դուք Կովկասու հայքդ հազիվ կրցաք Դյուլոռեի մը հոգեհանգիստը կատարել։

Բայց բուն խնդիրը, պարո՛ն, բուն խնդիրը, անհամբերությամբ ընդհատեց նրան պարոն Սլաքյանը։ Բուն խնդիրն այն է, որ Դուրյան իբրև սոսկ բանաստեղծ կրնար աղքատության մեջ մեռնիլ, ըստ որում բանաստեղծությունը մեր պոլսեցվոց մոտ գին չունի, մինչ երգիչ մը կրնա դյուրավ հաճո ըլլալ անոնց, մանավանդ, ա՛յն մեծ խնջույքներուն մեջ, որք հաճախ տեղի կունենան մեր Պոլիսը հարուստներու քով։ Եվ ասանկով այդ երգիչը կրնա յուր համար ապահով ապագա մը պատրաստել, ինչպես խել մը եվրոպացի նշանավոր երգիչը… Պարոն Դեմուրջյանը դեռ չէր ավարտել յուր ճառը, որ ծիծաղն ու քրքիջը լցվեցավ դահլիճը։ Պարոն ճառախոսը զգաց, որ յուր իմաստալից խոսքերն ըմբռնողներ չգտնվեցան յուր սեղանակիցների մեջ, ուստի «անհասկացողներու առաջ խոսելը հիմարություն մ՚է» փնթփնթալով անցավ և յուր տեղը բռնեց։

Պարոն Դեմուրջյանին հաջորդեց մեզ ծանոթ երիտասարդ բժիշկը հետևյալ ճառով.

Պարոննե՛ր, մեր ազգն այժմ աղքատ է մեծ մարզիկներով և դորա պատճառը մենք ինքներս ենք։ Որովհետև, ոչ թե ազգն է ամուլ, որ չէ ծնում այդ տեսակ մարզիկներ, այլ մենք, ազգի անդամներս ենք մեղավոր, որ նրա ծնածները չենք խնամում։ Մեր մեջ շատերը կան, որոնք ի րնե կանչված են մեծ մարզիկներ լինելու համար, բայց այդպիսիներն անխնամ մնալով չեն զարգանում, չեն ուռճանում, այլ վայրի բույսերի նման մի աննշան հասակ առնելով՝ գոսանում, անհետանում են: Այդ տեսակ ծնունդներ, այդ տեսակ ուժեր մեր մեջ շատ կան. մնում է միայն հետամուտ լինել նրանց գտնելու համար, և գտնելուց հետո ըստ պատշաճին խնամել նրանց։ Մի որոշ ժամանակից հետո մենք մեծ մարդիկներ կունենանք, այնքան մեծ, որ մենք նրանցով կկարողանանք պարծենալ... (կեցցեներ և ծափահարություններ)։

«Այս երիտասարդը, շարունակեց ճառախոսը, որ այսօր մեզ հոգեկան զվարճություն պատճառեց յուր գեղեցիկ երգերով և գրավեց մեր բոլորի ուշադրությունը, իմ հիշած ուժերից մեկն է. նա կարող է ապագայում մի նշանավոր երգիչ լինել, նա կարող է և օտարների ուշադրությունը գրավել յուր երկնատուր շնորհքների կատարելագործությամբը, բայց նա կարող է և կորչիլ անհայտության մեջ, որովհետև մի կտոր

17 Մուրացան, հատոր I հացի համար ծառայում է փականագործի գծուծ արհեստով։ Ուրեմն, մենք պետք է օգնենք նրան յուր կոչմանը ծառայելու։

(Համաձայնության աղաղակներ)։

«Ես տեսնում եմ, որ դուք համակրում եք իմ խոսածներին. ինձ մնում է առաջարկել այն միջոցը, որով կարելի կլինի օգնել այդ երիտասարդին բարձրացնելու ա՛յն աստիճանների վերա, որի համար օժտված է նա բնությունից»։

Առաջարկեցե՛ք, առաջարկեցե՛ք, ձայն տվին մի քանի տեղերից։

Ահա՛ իմ առաջարկությունը, պարոններ։ Ես կարևոր եմ համարում հենց այստեղ ստորագրություն բանալ այդ երիտասարդի օգտին, որին մենք բոլորս անխտիր կմասնակցենք։ Յուրաքանչյուրը մեզանից, յուր կարողության համաձայն, թող մի գումար ստորագրե, և այդ ժողովված փողով մենք կղրկենք այս երիտասարդին Պետերբուրգի կամ եվրոպական մի ուրիշ նշանավոր քաղաքի երաժշտական դպրոցը, ուր նա յուր ձայնը կմշակե և երգելու արհեստի մեջ կկատարելագործվի։

Կեցցե՜, կեցցե՜, պարոն բժիշկ, գոռացին հրավիրյալները և ծափահարություններով թնդացրին դահլիճը։

Իսկ սեղանապետը իբրև վարձատրություն նորա գեղեցիկ ճառին, առաջարկեց խմել պարոն բժշկի կենացը։

Բոլոր հրավիրյալներն ուրախությամբ ընդունեցին այդ առաջարկությունը և դատարկեցին բաժակները։ Սակայն մեր նախածանոթ պարոն Դեմուրջյանը ռուսահայոց նման լռությամբ կենացներ խմելն անվայել համարելով, առաջ անցավ և ձախ ձեռքում բաժակը բռնած, իսկ աջով յուր ընչացքը ոլորելով, խոսեց, «Ձեր թանկագին կենացը կպարպեմ սա բաժակը, պարոն բժիշկ։ Մեր ամենուս մեջ, եթե չասեմ խելոքը, գեթ ամենեն ազգասերը գտնվեցաք։ Ձեր ըրած առաջարկությունը մեր երգչին քոնսերվատոր խրկելու համար անանկ խելացի առաջարկություն մ՚է, որ պատիվ կբերե թե՛ առաջարկողին և թե՛ ընդունողներուն։ Քաջահույս եմ, թե մեծարգո հրավիրյալք, որքան հնարավոր է առատագույնս պիտի նվիրաբերին սա հանրօգուտ գործին համար։ Չեր ճառի ալ պիտի ըսեմ, պարոն բժիշկ, որ հրաշալի բան մ՚էր: Մատուց ի վեր է, որ Պոլսեն հեռի գտնվելու ապաբախտություն ունենալուս համար, ասանկ շենք ու շնորհքով ատենապանություն մը լսած չունեի։ Կցավեմ միայն, որ համառոտ անցաք։ Գիտե՞ք, ասանկ փափուկ նյութը մեր ազգային ժողովի մեջ երկար վիճաբանությանց առարկա կըլլա. ան ատեն տեսնելու է, թե մեր պատվելի երեցփոխանք ի՛նչ գովության արժանի ճիգեր կթափին ատենաբանությանց մեջ զիրար գերազանցելու։ Գեղեցիկ խոսելն ալ առանձին ձիրք մ՚է, զոր աստված ի վերուստ շնորհած է մեզ մահկանացուներոոուս։

Դժբախտաբար մեր Ռուսիո ազգայինք սա շնորհքե'ն զուրկ ըլլալուն համար, անոր հարգը, ինչպես որ կվայելի, չեն ճանչնար։ Մինչդեռ անգին պոլսեցի մը յուր կյանքը կտա գեղեցիկ ատենաբանություն մը լսելու համար…

Փառավոր լինեք, պարոն Դեմուրջյան, շատ գեղեցիկ եք խոսում, ընդհատեց նրան սեղանապետը, տեսնելով, որ պարոն ճառախոսի ախորժակը հետզհետե բացվում է խոսելու համար, դուք այնքան բարի կլինեք, որ թույլ կտաք ինձ իսկույն ևեթ գործին ձեռնարկել, որովհետև ինչպես որ դուք, պոլսեցիներդ խոսելն եք սիրում, այնպես էլ մենք` ռուսաստանցիներս` գործելը,

Շնորհ ըրեք, կաղաչեմ, կրնա՞մ մի ձեզ ընդդիմանալ, այս ասելով պարոն Դեմուրջյանը կրկին դիմեց բժշկին և «Զեր թանկագին կենացը» ասելով բաժակը դատարկեց։

Երիտասարդ բժիշկ Դուդուկջյանը չկամենալով հարմար րոպեն ձեռքից թողնել, իսկույն թուղթ պահանջեց և սովորական վերտառությունը նրա վրա գրելով, առաջարկեց սեղանապետին ստորագրելու։

Որովհետև առաջարկությունը ձերն է, առաջ դուք ստորագրեցե՚ք, դարձավ սեղանապետը բժշկին։

Ո՛չ, պարոն սեղանապետ. դուք եք այժմ մեր մեծն ու կառավարիչը, ձեզ է վայել առաջնորդ լինել մեզ և այս գեղեցիկ գործի մեջ։

Այս խոսքերը սեղանապետի ինքնասիրությունը գգվեցին, և նա գրիչը ձեռքն առնելով և բարձրաձայն արտասանելով, ստորագրեց` «Բանկիր Աբրահամ Տանպետյանց 500 ռուբլի»։ «Կեցջի՛ք, կեցջի՛ք», գոչեցին միաբերան հրավիրյալները և տեղերից բարձրանալով իրենք էլ միաբերան ոգևորված առաջ անցան և սկսան կարգով ստորագրել։

Ի՞նչ ըսավ. 500 ռո՞ւբլ, բացականչեց զարմացմամբ պարոն Դեմուրջյանը և մոտենալով Դուրյանի մասին իրեն նկատողություն անող պարոն Սլաքյանին, նրա ականջում շշնջաց․ «Լսա՞ք ինչ ըսավ պարոն սեղանապետը»:

Այո՛, ի՞նչ կա, սառնությամբ հարցրավ Սլաքյանը:

500 ռուբլ ըսավ, եղբայր, ասանկ առատաձեռնություն կըլլա՞ մի:

Ինչու՞ չէ. դուք ինքներդ չէիք, որ ձեր ճառի մեջ հույս էիք հայտնում, թե «առատագույնս պիտի նվիրաբերեն»:

Կսխալիք, բարեկամս. եթե բոլորս ալ 500-ական ռուբլ ստորագրելու ըլլանք նե, գիտե՞ք ծայրը ո՞ւր կհանգի։

Կրետեի լաբյուրինթոսին մեջ, զոր Մինովսի հրամանավ Դեդալիոս անդրիագործը շինեց, ծիծաղելով պատասխանեց պարոն Սլաքյանը։

Դուք զիս կծաղրե՞ք, հա՞․ բայց ես առանց կատակի կխոսեմ, տաքացած շարունակեց Դեմուրջյանը: Ասանկով դուք ժաղովուրդը կանբարոյականացնեք։ Ի՞նչ հարկ կա այս աստիճան առատությամբ վարձատրիլ ողորմելի երգիչ մը, մինչդեռ անդեն Երուսաղեմ յուր լեռնակուտակ պարտքերուն տակ կհեծե…

Պարոն Սլաքյանը,որ յուրայինների ինչ պտուղ լինելը լավ էր ճանաչում, ծիծաղեց Դեմուրջյանի միամիտության վերա, և «Երուսաղեմի պարտքն էլ պոլսեցիներդ կհոգաք» ասելով հեռացավ:

Մինչդեռ այստեղ Դեմուրջյանն ու Սլաքյանը խոսում էին, մյուս հրավիրյալները սեղանապետի գլխին թափված՝ եռանդով ստորագրում էին: Սեղանապետից հետո ստորագրեց Սոմարյանցը՝ դարձյալ նրա օրինակին հետևելով, 500 ռուբլ: Իսկ մյուս հյուրերը ոչ ավելի քանի 200, 150,100 և 50 ռ.: Վերջին գումարից պակաս ստորագրող չեղավ: Կես ժամվա մեջ ամբողջ թերթը ծածկվեցավ ստորագրություններով:

երբ բոլորը վերջացրին, երիտասարդ բժիշկը հաշվեց, և, ի մեծ ուրախություն հրավիրյալների, հայտնեց, որ ստորգրվածների գումարը հասնում է 4550 ռուբիու։

Դահլիճը դարձյալ թնդաց ուրախության աղաղակներով և ծափահարություններով։ Գևորգը մնացել էր ապշած։ Մի քանի րոպե նա կարծեց թե ինքը երազի մեջ է։ Նա մինչև անգամ մտաբերեց իրենց հարևան պառավ Սալոմեի պատմությունը, թե ինչպես մի գիշեր քաջքերը նրան տարել էին հարսանիք, ի՛նչպես նրան պատիվներ և ընծաներ էին տվել, ոսկե զարդեր էին հագցրել․ մինչևի լույս իր հետ խաղացել, պարել և քեֆ էին արել, իսկ հետո լուսաբացին տարել էին, որ սարից ներքև գլորեն, բայց նա իսկույն երեսին խաչակնքել էր և քաջքերն աներևութացել էին, իսկ ինքը ողջ և առողջ վերադարձել էր տուն։

Այս պատմությունը մտաբերելով, Գևորգը կամեցավ մինչև անգամ երեսին խաչակնքել, կասկածելով թե գուցե յուր տեսած բարի մարդիկներն էլ քաջքեր էին, ապա թե ոչ, ի՞նչ տարօրինակ երևույթ էր այս, որ երեկ Գուստավի գործարանում մշակի պես բանող գործավորը, որին երեկոյան ինչպես մի գրաստի շալակել էին տվել երկաթե վանդակները, մի քանի ժամից հետո հանկարծ մի այդպիսի շքեղ դահլիճում գտնվելր, այդքան մեծ պատիվներ ու գովությունների արժանանար, հարուստ մարդիկ իրենով հետաքրքրվեին, մի կետ ժամում 4550 ռուբլ փող ժողովեին իրեն համար, Պետերբուրգ ղրկելու խոստումներ անեին և այլն, և այլն։

«Չէ՛, չէ՛, սա երազ է», շշնջաց ինքն իրեն պատանին և ձեռքի պատառաքաղը սեղանի տակով գաղտուկ դեպի ազդրը տանելով պինդ հրեց մարմնի վրա, որ տեսնե՝ եթե միսը ծակում է և ինքը ցավ է զգում, ուրեմն երազ չէ, իսկ եթե ոչինչ չէ զգում, ուրեմն ճիշտ որ քաջքերի մեջ է գտնվում։

Հարկ չկա ասել, որ հարուստի պատառաքաղը նոր և սուր լինելով, կատակներ չէ անում, այդ պատճառով էլ խեղճ Գևորգի բարակ վարտիքն ու ազդրը նրա սուր ծայրին չդիմադրեցին, և ծակվելով բավական կսկիծ պատճառեցին իրենց, տիրոջը։

Այսուամենայնիվ, Գևորգը շուտով զվարթացավ, երբ յուր հետ պատահածների երազ չլինելն ստուգեց։ Պարոն Դուդուկջյանը ստորագրված փողերի հաշիվն անելուց հետո թուղթը ծալեց և հանձնեց սեղանապետին:

Ի՞նչ պետք է անեմ այս թուղթը, հարցրեց նրանից սեղանապետը:

Այդտեղ ստորագրված փողերը կժողովեք և հարկ եղած հոգացողությունն անելուց հետո, մեր երգչին կուղարկեք Պետերբուրգի երաժշտական դպրոցը:

Անպատճառ Պետերբուրգի՞:

Այո՛, իմ կարծիքով։

Պարոննե՛ր, դուք ո՞րտեղ ավելի հարմար կդատեք, հարցրեց սեղանապետը հրավիրյալներին։

Վիեննա, գոչեց մեկը սեղանի ծայրից:

Ո՛չ, Փարիզ, կրկնեց մի ուրիշը։

Ավելի լավ չէ՞, որ Լոնդոն ղրկենք, հարցրեց մի երրորդը։

Ինչո՞ւ Իտալիա չուղարկենք, մուսաների աշխարհը։

Իմ կարծիքով, թե փողը կբավականանա, ղրկենք Նյու֊Յորք, այդ ամենից նպատակահարմարն է։

Ինձի լսեիք նե, Փարիզ կղրկեիք, մեջ մտավ պարոն Դեմուրջյանը, վասնզի հոն...

Ո՛չ, ո՛չ, Լայպցիգ ղրկենք, այդ քաղաքը նշանավոր է իր երաժշտական դպրոցով, ընդհատեց պոլսեցուն մի ուրիշ երիտասարդ։

Իսկ մի հաղթանդամ կապալառու, որ մի անգամ կարդացել էր Բազմավեպիս մեջ Եվդոկիա քաղաքի նկարագրությունը, մի գլուխ գոչում էր` «Եվդոկիա ղրկենք, Եվդոկիա, պարոն սեղանապետ»։

Պարոն Դեմուրջյանը, որ լավ ծանոթ էր Եվդոկիային, խիստ բարկացավ կապալառուի վրա և առաջ նետվելով գոչեց. «Պարո՛ն, ինչու՞ այդ աստիճան տգետ եք, չգիտեք, որ Եվդոկիայում քոնսերվատոր չկա ու հոն պղինձ շինելեն զատ ուրիշ ոչինչ չգիտեն»:

Վնաս չունի, կարելի է, կարելի է, անտարբերումթյամբ կրկնում էր հաղթանդամ կապալառուն։

Սեղանապետը տեսնելով, որ խոսողները շատացան, հրամայեց, որ բոլորն էլ լռեն։ «Ես ինքս կկարգադրեմ, ուր որ ղրկելու է. միայն թե դուր ձեր ստորագրած փողերը վաղվանից սկսեցեք վճարել», ավելացրեց նա։

Շատ լավ, շատ լավ, դուք կարգադրեցեք, կրկնեցին ամեն կողմից հրավիրյալները։ Եվ սեղանապետը շնորհակալություն հայտնելով նրանց շարունակեց կենացների ընդհատված գործը։

Այժմ Գևորգի բարեկամները շատացան։ Երիտասարդ, հասակավոր, ուսումնական, վաճառական, բոլորն էլ խնդակացում էին նորան, սեղմում էին նորա կոշտ ձեռքերը, հետաքրրվում էին նորա անցյալով և ներկա դրությամբ։ Մինչև անգամ Գևորգին Եվդոկիա ղրկելու համար խորհուրդ տվող կապալառուն խոստացավ յուր աղջիկը տալ նորան, երբ նա Եվդոկիայից ուսումն ավարտած կվերադառնար։ Իսկ հայոց թատրոնին ծառայող մի հին դերասան շշնջում էր Գևորգի ականջին, Գիտես, պարոն, եթե ես այստեղ չլինեի, դու այդպես մեծ ընդունելություն չէիր գտնիր Ես ինքս առաջին անգամ ճառախոս բժշկին խորհուրդ տվի հրավիրյալների ուշադրությունը դարձնել քեզ վրա և ստորագրություն բանաք երաժշտական դպրոցը ղրկելու համար»։

Գևորգը բոլորովին զգացվել և ուրախությունից շփոթվել էր, նա չգիտեր, որին արդյոք պատասխաներ, և ճարահատալ գլուխ էր իջեցնում աջ ու ձախ ի նշան շնորհակալության:

Վերջապես ճառախոս բժիշկը մոտեցավ նորան և պատվիրեց, որ հենց վաղվանից թողնե յուր պաշտոնը Գուստավի գործարանում և ապա ներկայանա պարոն Տանպետյանցին, որը նույնպես յուր կողմից հարկավոր հոգացողությունները վաղվանից կանե` նորան Պետերբուրգ ղրկելու համար:

Գևորգը խոնարհությամբ գլուխ տվավ և խոստացավ, բժշկի պատվերի համաձայն, վաղվանից թողնել յուր պաշտոնը Գուստավի գործարանում։

Առավոտյան չորս ժամին Սոմարյանցի տան մեջ ընթրիքը և հրավիրյալների ուրախությունները վերջացան։ Հյուրերից յուրաքանչյուրը քաշվեցավ յուր տունը, նոցա հետ էլ մեր երգիչ Գևորգը։

Առավոտյան շատ վաղ Թամարը զարթելով որդու անկողինը պարապ գտավ։ Այդ բանն առաջին անգամ նորան չանհանգստացրեց, որովհետև Գևորգը սովորություն ուներ շատ անգամ դեռ լուսաբացին տանից դուրս գալու։ Նա գնում էր Քուռի ափին լվացվելու և ապա մոտակա այգիները պտտում էր, մինչև Գուստավի գործարանում աշխատանքը կսկսվեր։ Բայց մի փոքր հետո Թամարը նկատեց, որ երեկոյան յուր ձեռքով պատրաստած անկողնին գրեթե ձեռք դիպած չէր։ Եթե Գևորգը այստեղ քնած լիներ, նա ամեն ավուր պես խառն ու անկարգ դրության մեջ կլիներ։ Թամարն սկսեց անհանգստանալ․ նա շտապավ անկողնից ելնելով հագնվեցավ և դուրս թռավ բակը։

Բակի դուռը նույնպես բաց էր։ «Անպատճառ երեխաս մի չարիք է բերել յուր գլխին, նա երեկոյան տխուր էր», շշնջաց ինքն իրեն Թամարը։ Նա պատրաստվում էր փողոց դուրս գալու և ահա բակը մտավ Գևորգը։ Նա ուրախությունից բոլորովին այլայլվել էր։

Ո՞րտեղ էիր, որդի՛․ ի՞նչ է պատահել քեզ, ինչու՞ այդպես այլայլված ես… իրար ետևից հարցնում էր մայրը։

Այս րոպեիս կասեմ, մայրիկ․ դու տուն արի։ Այս ասելով նա մոր ձեռքից բռնած շտապեց դեպի տուն։

Երբ նոքա ներս մտան, Գևորգը գրկեց մորը և բացականչեց․

Ուրախացի՛ր, մայրիկ, ուրախացի՛ր, մենք բախտավոր ենք…

Բայց ի՞նչ է պատահել քեզ, որդի, ես ոչինչ չեմ հասկանում, անհանգստությամբ ընդհատեց նորան մայրը։

Այս րոպեիս մայրիկ, այս րոպեիս, կպատմեմ քեզ բոլորը, և դու կտեսնես, որ մենք բախտավորվել ենք։

Այս ասելով Գևորգը նստեց մահճակալի ծայրին և մի փոքր շունչ առնելուց ետ, սկսեց պատմել բոլորը, ինչ որ երեկ երեկոյանից մինչև այն րոպեն անցել էր յուր գլխով։

Այսպես նա պատմեց Սոմարյանցի տանից յուր հրավիրվելը, նրա պատվարժան հյուրերի առաջ երգելը, յուր գտած ընդունելությունը, հյուրերի յուր մասին խոսածները, վերջապես, իրեն Պետերբուրգ ղրկելու համար ստորագրությամբ փող ժողովելը և այլն, և այլն։

Թամարը մնացել էր ապշած. նա չէր կարողանում յուր ականջներին հավատալ։ «Սոմարյա՞նց և դարբին Ղազարի որդին. իմ Գևորգը, և Պետերբուրգ։ Ոչինչ չեմ հասկանում ... շշնջում էր ինքն իրեն խեղճ կինը։ Բայց երբ Գևորգը սկսեց նորան հավատացնել, որ յուր բոլոր պատմածները ճիշտ է և այդ պատճառով էլ ինքն այս գիշեր տանը չէ քնել, որի ապացույցը յուր անձեռնամուխ անկողինն է, Թամարը սկսեց ուրախությունից լալ։ Նա գրկեց որդուն, սեղմեց յուր կրծքին և երկար համբուրում էր նրան։

Երբ մոր և որդու հուզմունքը մի փոքր մեղմացավ, Թամարը հարցրեց. «Այժմ ի՞նչ ես կամենում անել, որդի»:

Ի՞նչ պիտի անեմ, պետք է գնամ Գուստավի մոտ և հայտնեմ նրան, որ թողնում եմ յուր գործարանը:

Բայց մի՞թե այդպես շտապավ:

Իհարկե, մայրիկ։ Պարոն բժիշկն ինձ պատվիրեց, որ այսօր անպատճառ թողնեմ իմ այդ կեղտոտ արհեստը և պատրաստվեմ Պետերբուրգ գնալու համար։ Պատրաստվելու համար էլ քիչ ժամանակ չէ հարկավոր:

Բայց թե քո պաշտոնը այդտեղ թողնես և հետո քեզ չուղարկե՞ն, այն ժամանակ ի՞նչ կլինի մեր ճարը, Գուստավն էլ քեզ չի ընդունիլ...

Հա՜, հա՜, հա՜ , հա՜, ի՞նչ միամիտ ես, մայրիկ, լիքը բերանով ծիծաղեց Գևորգը, Սոմարյանցին, Տանպետյանից կամ թե նոցա մյուս պատվավոր հյուրերին, դու հավասարեցնում ես մեր աղքատ Ալեքսին ու Սանդրոյին, էլի՞: Հիանալի է, հիանալի, հա՜, հա՜, հա՜ , հա՜ , և ուրախ ձայնով կրկին Գևորգն սկսավ կարկաչել:

Ինչու՞ համար ես ծիծաղում, որդի։ Մի՞թե չէ կարող պատահել, որ այսօր քեզ խոստանան և վաղը չկատարեն:

է՜, է՜, սիրելի մայրիկ, շատ միամիտ ես։ Դու մեծ մարդիկներին չես ճանաչում, նոցա տված խոսքն ու գլուխը մեկ է։ Վերջապես ինչպե՞ս կարող են չկատարել. կատարել տվողը փողը չէ՞: Փողն արդեն պատրաստ է, ուրեմն իմ Պետերբուրգ գնալս էլ վերջացած գործ է:

Աստված տա, որ այդպես լինի, որդի: Միայն թե պիտի գիտենաս, որ Գուստավի գործարարը թողնելը հեշտ է. ոչ ոք զոռով քեզ չի կարող կապել նորա հետ: Ավելի լավ է առայժմ շարունակես գնալ քո առաջվան գործին, և երբ այդ քո բարերարներն ամեն բան կկարգադրեն ու կպատրաստեն, այն ժամանակ կթողնես Գուստավի գործարանը և ուղղակի կճանապարհվես Պետերբուրգ:

Սխալվում ես, մայրիկ, ես խոսք եմ տվել պարոն բժշկին, և եթե հենց այսօրվանից չթողնեմ իմ պաշտոնը, նա ինձ վերա վատ գաղափար կկազմե: Նա մինչև անգամ իմ Պետերբուրգ գնալուն էր արգելք կդառնա:

Դու գիտես, որդի: Ինքդ չափահաս տղա ես. չպետք է քեզ խելք սովորեցնեմ: Եթե գիտես, որ հաստատ քեզ տերություն անեն այդ մարդիկը և եթե դու վստահ ես նրանց վրա, կատարիր քո տված խոսքը և հենց այսօրվանից թողիր պաշտոնդ: Իսկ եթե մի փոքր կասկածելի տեղ ունես, իզուր մի դժբախտացնիր քեզ և քեզ հետ էլ քո մորը: Աչքիս մեջ մազ է բուսել, մինչև որ քեզ այդ հասակին եմ հասցրել և մի արհեստի տիրացրել: Այնպես չանես, որ կրկին ինձ ստիպես լվացարանում աշխատելու: Արդեն ուժից ընկել եմ ես, և դու պետք է այսուհետև հոգաս ինձ և քո ապագայիդ համար:

Միամիտ կաց, սիրելի մայրիկ. ես պետք է մեռնեմ, որ դու կրկին լվացարան գնաս. բայց քանի որ կենդանի եմ, այդ բանը քեզ հետ չի պատահիլ:

Իսկ ինչ կվերաբերի իմ բարերարների վրա վստահ լինելուն, ես շատ եմ վստահ: Եթե դու ինքդ լինեիր Սոմարյանցի տանը և տեսնեիր, թե ինչե՜ր էին անում ինձ համար այդ մարդիկը, դու ինքդ առաջինն ինձ կստիպեիր, որ թողնեմ այդ մարդիկը, դու ինքդ առաջինն ինձ կստիպեի, որ թողնեմ իմ պաշտոնը: Վերջապես այդ մարդիկն ինձ իրենց որդեգիրն են ընդունել: Մի՞թե մի ամբողջ հասարակություն չի կարողանալ մի որդեգիր պահել:

Դու գիտես, որդի, ես էլ ոչինչ ընդդիմանալու չունեմ, երբ դու ինքդ վստահ ես այդ մարդկանց վրա, ես ի՞նչ կարող կարող եմ ասել, դու խո քո թշնամին չես։ Արա՛, ինչպես կամենում ես։

Ուրեմն հենց այս րոպեից կերթամ Գուստավին հայտնելու, որ թողնում եմ ծառայությունս։

Ո՛չ դեռ քնիր մի փոքր, հանգստացիր, և հետո կերթաս։ Անքնությունդ քեզ կարող է հիվանդացնել։ ՚

Գևորգը չընդդիմացավ։ Նա հանվեցավ պառկեց և չնայելով որ չափից դուրս ուրախ էր, այսուամենայնիվ, քունը շուտով ծանրացավ նորա արտևանունքների վերա։

Կես օրը արդեն անցել էր, երբ Գևորգը զարթեցավ։

Ա՜խ, մայրիկ. ինչու՞ համար ինձ ժամանակին չզարթեցրիր, ես ուշացա, տրտնջաց Գևորգը և ցատկելով անկողնից սկսավ շտապ֊շտապ հագուստները հագնել:

Չես ուշացել, որդի. Գուստավին մինչև երեկո կարող ես տեսել, հանգստացրեց նրան մայրը։

Գուստավը չէ իմ ցավը։ Պարոն Տանպետյանցին և բժշկին պիտի տեսնեի։

Իզուր է, մի՛ շտապիր։ Այդ մարդիկն ամբողջ գիշերը քեֆ են արել. նրանք աղքատների պես չեն ապրում, ամբողջ օրը քնում կլինեն։

Ճշմարի՞տ ես ասում, մայրիկ։

Իհարկե, որդի, նրանք դեռ քնած կլինեն։ Մինչև անգամ հարմար էլ չէ, որ հենց այսօր գնաս այդ մարդկանց մոտ և նրանց անհանգստացնես։

Ինչպե՞ս թե հարմար չէ. բայց ե՞րբ պիտի գնամ։

Վաղը: Այդ ավելի քաղաքավարություն կլինի քո կողմից:

Ճշմարիտ որ այդպես է, մայրիկ։ Իսկույն ևեթ այդ մարդկանց անհանգստացնելը լավ չէ։ Ուրեմն վաղր կերթամ նրանց մոտ։ Իսկ այժմ կշտապեմ Գուստավի գործարանը, այնպես չէ՞։

Բայց էլի մի բան եմ ուզում հարցնել քեզ, որդի, խոսեց Թամարը երկչոտ ձայնով։

Ի՞նչ բան, ի՞նչ բան, շտապով ընդհատեց նրան Գևորգը։ Ուզում էի հարցնել թե արդյոք դու լավ վստա՞հ ես այդ մարդկանց վերա, և համոզված ես որ նրանք քեզ չեն խաբիլ:

Վստահ եմ, վստահ եմ, մայրիկ. բնավ մի կասկածիր:

Տե՛ս, չզղջաս: Գուստավի գործարանը մի անգամ թողնելուց ետ երկրորդ անգամ դու նրան դիմել չես կարող:

Չե՛, մայրիկ չեմ զղջալ միամիտ եղիր: Այս ասելով Գևորգը վեր առավ յուր ջարդված գդակը և դուրս գնաց:

Այսուամենայիվ Թամարն ուրախ չէր: Մի տխուր մտածմունք, որը նա իրենից հեռացնել չէր կարողանում, անհանգստացնում էր նրան: Նա հավատացած էր, որ Գևորգը մի սխալմունք է գործում Գուստավի գործարանը թողնելով, բայց և այնպես նա նրան արգելք դնել չէր կարող, որովհետև Գևորգն էլ պակաս չէր հավատում յուր բարերարների արած խոստմունքներին:

Փողոցը դուրս գալով Գևորգը բոլորովին ուրիշ տրամադրության մեջ մտավ: Նա գնում էր Գուստավի մոտ յուր ծառայությունը թողնելու. այդ արդեն վճռված էր: Ուստի նա ուրախ էր և այդ ուրախությունը կարծես թևեր էր տալիս նորա ոտքերին: Ուրիշ ժամանակ գուցե մի այդպիսի դեպք որպիսին էր նրան Պետերբուրգ ղրկելը, գուցե շատ դժվարությամբ հեռացներ նրան Գուստավի գործարանից որովհետև նա պետք է հեռանար Շառլոտայից. բայց այժմ նա ուրախ է ինչու համար պատճառը շատ պարզ է: Նա վիրավորված է: Նա դրանով կարող կլինի վրեժխնդիր լինել թե Գուստավից և թե նրա աղջկանից:

Գուստավի ամբողջ գործարանը, դրա հետ էլ միասին նրա բոլոր ընտանիքը մինչև այսօր Գևորգին ճանաչել էին ինչպես մի հասարակ գործավոր, մի մշակ և դորա համեմատ էլ վարվել էին նրա հետ: Բայց նա մի հասարակ մշակ չէր, նա... բայց թողնենք որ ինքը խոսի յուր համար: Այո ես մի հասարակ բանավոր չեմ մտածում էր Գևորգը արագ արագ յուր քայլերը փոխելով ես ունեմ արժանավորներ, ես բարձր եմ Գուստավի բոլոր գործավորներից մի ամբողջ գլխով: Եվ այդ բանը ես չեմ ասողը: Սոմարյանցի պատվարժան հյուրերի կարծիքն է սա։ Ես տեսա, թե ինչպես զարմացան նոքա, երբ ես հայտնեցի, թե մի փականագործի մոտ եմ ծառայում։ Այդ խելոք մարդիկները իսկույն ճանաչեցին իմ արժանիքը և ափսոսացին: Ես տաղանդ ունիմ, ես ձիրքեր ունիմ. այդ բանը Սոմարյանցի բոլոր հյուրերն էլ վկայում էին, ինչու՞, ուրեմն անհայտության մեջ թաղել այդ հարստությունը: Ճշմարիտ է, ես իմ արժանիքը մինչև այսօր չեմ ճանաչել, բայց ես մեղավոր չէի: Ես մեղավոր կլինեմ, արդարև, թե այսօրվանից հետո դարձյալ նույն հիմարը մնամ, եթե ես Գուստավի գործարանում կորաքամակ երկաթ ծեծեմ, ճախարակ պտտեցնեմ և թույլ տամ, որ օրիորդ Շառլոտան երկաթե վանդակները շալակել տա ինձ ինչպես գրաստի... Իսկ քեզ հետ, հարգելի օրիորդ, իմ հաշիվը հետո կվերջացնեմ, տաքացած շարունակում էր Գևորգը։ Ես քեզ սիրում էի, ես քեզ համար մտածում էի, իսկ դու արհամարեցի՞ր ինձ։ Հոգ չէ։ Մենք մի օր կտեսնվինք միմյանց հետ։ Այդ օրը ես աղքատ հագուստներում չեմ լինի և ոչ էլ ջարդված գդակով։ Այդ օրը դու գուցե կմեկնես ինձ քո ձեռը իսկ ես արհամարհանքով շուռ կտամ իմ երեսը։ Իսկ դուք, ողորմելի հիմարներ, ինքն իրեն դառնում էր Գևորգը յուր ընկեր բանվորներին, դուք, որ առիթ չէիք փախցնում ինձ ծաղրելու և չարչարելու համար, դուք միշտ էլ այդպես ողորմելի կմնաք, պատռտած հագուստով և մրոտած երեսով։ Եվ այն ժամանակ, երբ ես մի նշանավոր երգչի համբավ կվայելեմ, երբ ամենայն տեղ ժողովուրդն ինձ ծափահարություններով կդիմավորե, երբ ես հարուստ, բախտավոր կլինեմ, այն ժամանակ էլ դեռ դուք երկաթ կծեծեք, և պողպատ կսղոցեք…»։

Այս մտածմունքներով Գևորգը շարունակում էր յուր ճանապարհը։ Վերջապես նա հասավ Գուստավի գործարանին․

«Այժմ, երբ ինձ Գուստավը տեսնե, դեմքը պիտի խոժոռե, իսկ իմ ընկերակիցներին անշուշտ կսկսեն հաչել, թե ինչու՞ համար եմ ուշացել»։ Ինքն իրեն խոսում էր Գևորգը գործարանի բակը մտնելով։ «Բայց ինչպես պիտի զարմանան, շարունակում էր նա, երբ ես հայտնեմ նրանց, թե թողնում եմ ծառայությունս։ Եվ այն ժամանակ թող Շառլոտան ու յուր

հայրը կարծեն, թե հենց երեկվա ինձ հասցրած վիրավորանքի համար եմ թողնում իմ ծառայությունը: Այդ ավելի կտաջե նրանց»:

Գևորգը դեռ չէր հասել գործարանի դռանը, և ահա ծերունի Գուստավը դիմավորեց նրան. բահը ուսին դրած նա գալիս էր պարտիզից Բայց նա յուր դեմքը չխոժոռեց, ինչպես Գևորգը գուշակել էր: Ընդհակառակը, շատ բարեսրտությամբ խոսեց նրա հետ:

Գևորգ դու շատ ես ուշացել: Տեսնում ես, ծեր մարդ, վաղ առավոտվանից սկսած բանում եմ պարտիզի մեջ, իսկ դու կես օրը անցկացրել ես և հետո ես գալիս: Երիտասարդ մարդը ծերից ավելի պիտի գործ շինե, իսկ դու ընդհակառակն ես անում, մի՞թե այդ լավ է:

Ես ուշացա նրա համար, պարոն Գուստավ, որ այսօրվանից վճռեցի թողնել իմ ծառայությունը ձեզ մոտ:

Ինչպե՞ս թե վճռեցիք թողնել ձեր ծառայությունը, զարմացմամբ հարցրեց Գուստավը:

Այնպես էլի. վճռեցի, որ այսուհետև փականագործությամբ չպարապեմ:

Դուք կատա՞կ եք անում:

Բնավ. շատ լրջությամբ եմ խոսում:

Ուրեմն գործարանատերերից մեկը ձեզ ավելի ռոճիկ է խոստացել հա՞, հարցրեց Գուստավը, ձեռքի բահը տան պատի վերա հենելով:

Ոչ պարոն Գուստավ: Ինձ ոչ ոք գործարանատերերից ոչինչ չէ խոստացել, այլ երեկվանից ես վճռեցի, որ ձեզ մոտ այլևս չծառայեմ:

Ինչո՞ւ համար անպատճառ երեկվանից:

Անուշտ նրա համար, որ երեկ վանդակներն իրեն շալակել տվինք, այս խոքերով իջավ սանդուղքից Շառլոտան, որ մինչև այդ պատշգամբի վերա կանգնած լսում էր յուր հոր և Գևորգի խոսակցությունը:

Գևորգը Շառլոտային տեսնելուց մի տեսակ վրդովմունք զգաց սրտի մեջ և մի քանի քայլ անզգայաբար ետ քաշվեցավ: Օրիորդը կանգնեց Գևորգի հանդեպ:

Ճշմարի՞տ, որ դուք թողնում եք մեր գործարանը, հարցրեց նրանից Շառլոտան յուր խելոք և գեղեցիկ հայացքը սևեռելով Գևորգի վերա:

Այո՛… ես արդեն հայտնեցի պարոն Գուստավին:

Եվ պատճառն այն էր, որ մենք վանդակները երեկ ձեզ հանձնեցինք տանելու, այնպես չէ՞:

Գևորգը ոչինչ չպատասխանեց:

Կարծում եմ մեղավորը ես էի: Եթե ես ներողություն խնդրեմ խո կմնա՞ք մեզ մոտ, հարցրեց նորեն Շառլոտան:

Ինչներուդ եմ ես պետք, օրիորդ, դուք արդեն ինձանից լավ շատ գործավորներ ունեք:

Բայց ես կկամենայի, որ դուք անպատճառ մնայիք ինձ մոտ, դուք կարող էիք առաջ գնալ, ասաց նրան Գուստավը:

Նույնը ես էի ուզում ասել Գևորգ: Դուք իզուր եք ձեր երկու տարվա աշխատանքը կորցնում, դուք գուցե կզղջաք, ավելացրեց Շառլոտան:

Մեծապես շնորհակալ եմ ձեր բարերարությունից, բայց ինչ որ լինի, ես պետք է անպատճառ թողնեմ իմ ծառայությունը: Այդ արդեն վճռված գործ է:

Եթե ես ավելացնեմ ձեր ռոճիկը, կմնա՞ք ինձ մոտ, հարցրեց Գուստավը:

Ո՛չ չեմ կարող:

Հետո ինչո՞վ պիտի պարապեք…

Ա՜խ, հայրիկ, ինչու՞ համար ավելորդ հարցեր եք անում դրան, բարկացած ընդհատեց հորը Շառլոտան, եթե չէ կամենում մնալ մեզ մոտ, թո՛ղ չմնա, մենք հո չպետք է աղաչենք նրան:

Յուր հաշիվը վերջացրեք և հետո՝ բարի ճանապարհ, ուր կամենում է, թող գնա: Այս ասելով Շառլոտան բարձրացավ սանդուղքի վերա և մտավ տուն:

"Հասարակաց որդեգիրը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Սիմֆոնիկ պատկերներ
Ղազարոս Սարյան

Սիմֆոնիկ պատկերներ

Մանկության մեղեդի
Մանկության մեղեդի
Խաղա առցանց