Մուրացան

Առաքյալը

7

Ցած ու ստոր արարածներ ենք և ուրիշ ոչինչ, բացականչեց նա հանկարծ և քայլերն արագացրեց։

Ճանապարհի կիսում նա հանդիպեց ուստա Պետուն, որ շտապ-շտապ գալիս էր իրեն գտնելու։

Աղա՛. ախր ես քե եմ ման գալի (պտրտում)։ Էսօր էրկու հետ (անգամ) գնացել եմ տանուտերի տունը` Սալբուն հարցրել. ասել ա` հլա Սևանից եկել չի։ Քե մատաղ, աղա, թե կարաս, ջափա (նեղություն) քաշի, ե՛կ էն մարգին մի բանով օգնի, խեղճ ա, տունը քանդվում ա։

Ի՞նչ մարդ, չեմ հասկանում, հարցրեց Կամսարյանը, սկզբում չիմանալով թե ո՞րի մասին է խոսքը։

Մեր Էն խեղճ Սային... բա Էրեկ չասի՞ թե` Խոջան հրաման ա բիրել, որ նրա էլած չէլածը ծախի՞։ Այ, հմի պրիստավը վե կալած էկել ա, խեղճի դուռը կտրել։ Քանի մարդիկ մեջ ընկան, խնդրեցին, աղաչեցին թե մի քիչ էլ ա մոհլաթ տա, ասավ` տալ չեմ. փողս բիրեք տվեք, պրիստավին վեր ունեմ գնամ, թե չէ ինչ ունի չունի, պտի վեր գրեմ, ինչ կըլի կնկանը շորերն էլ... Դե, մենք փող ո՞րդիան գտնենք էս սհաթին, գեղականի ջանումը հա՞լ ա մնացել որ հվաքի տա։

Գնանք, գնանք, ուրախությամբ կօգնեմ, եթե հնար լինի, ասաց Կամսարյանը, գոհ լինելով, որ քիչ առաջ հուզված յուր խիղճը պիտի հանգստացնե մի բարի գործով։

Հնա, կըլի, խի՞ չի ըլիլ։ Հենց որ դու ռուսևար պրիստավին հասկացնես, թե ախար էս մարդը Խոջին պարտ ա լել քսան մանեթ, էդ խի՞ քսանը հարիր էրսուն ա դառել, էն ա նա էլ Սայուն զոռիլ չի։

Ուրեմն Սայու պարտքը 20 մանեթ է եղել և հիմա ետ 130 է ուզո՞ւմ, հարցրեց երիտասարդը։

Բա՛։

Քանի՞ տարի է։

Չորս։

Ճշմարի՞տ։

Սաղ գեղին ա հայտնի։

Գնանք, գնանք, դա հետաքրքրական է, ասաց երիտասարդը և շտապեց։

Գյուղերում արտաքո կարգի մի դեպք պատահած ժամանակ, ուրախության առիթով լինի այդ, թե տխրության, գյուղացիք սովոր են խռնվիլ այն տան բակը, ուր դեպքն է պատահել և հետաքրքրվիլ նրանով` իբրև սեփական գործով։ Սայու բակն էլ այդ վայրկենին լիքն էր ժողովրդով։

Պրիստավը, որ մոտ քառասնամյա, բարձրահասակ, շիկահեր և բարեդեմ մարդ էր, կանգնած խոսում էր մի քանիսի հետ, իսկ Խոջա Միրզան, որ պարտատեր լինելուց զատ թարգմանչի դեր էր կատարում, ձեռքերին ու ոտքերին անելով բացատրում էր պրիստավի խոսքերը։

Խոջան արտաքինով, անշուշտ և ներքինով, պրիստավի հակապատկերն էր։ Դա մի գիրուկ, կարճահասակ մարդ էր, արևահար դեմքով, մանր ու շարժուն աչքերով, որոնց կոպերը` արտևունքներից զուրկ լինելուց զատ, խիստ կարմիր Էին և նրա հայացքին տալիս Էին ոչ միայն խորամանկ, այլև լպիրշ արտահայտություն։ Կարճ, քիչ ջարդված քիթը, որ անշուշտ յուր անցյալ պատմությունն ուներ, և սուր կզակի վրա, տեղ-տեղ միայն բուսած, նոսր ու գորշ մորուքը, լրացնում Էին նրա դեմքի տգեղությունը, որ յուր մեջ ուներ նաև մի ժանտ գիծ, որից ռամիկը կամա ակամա պիտի վախենար։

Պրիստավը խոսում էր այնպիսի մարդկանց հետ, որոնք եկել Էին Սայու համար նրա օգնությունը հայցելու, դրանց թվումն էր և տանուտերը։

Մինչդեռ պարտապան Սային, որ աղքատ հագնված, նիհար, և ինչպես ասում են, մազն երեսին չորացած մի ծերուկ էր, մորթե գդակը կռան տակն առած և մեջքը սրահի սյունին հենած խեղճ ու կրակ նայում էր մեկ պաշտոնյային, մեկ խոսող մարդկանց, առանց մի բառ արտասանել կարողոնալու և ապա հայացքը ձգում յուր վերջին հույս ու ապավեն ձիուն ու մի հատ կովին, որ գոմից դուրս հանած, պատրաստվում Էին առաջինը վեր գրել, իբրև արժեքավոր իրեր։

Սայու կինը ցնցոտիների մեջ փաթաթված, ձեռքերը խաչած, կանգնած էր կովի մոտ, իսկ նորա կողքին գտնվում Էին յուր մեռած որդու երկու մանկահասակ, նիհար, կիսամերկ և բոկոտն որբուկները, մի տղա և մի աղջիկ, որոնք վախեցած աչքերով և մանկական հուսահատությամբ նայում Էին մերթ խոսող պաշտոնյային, մերթ պարտատեր Խոջին, որ յուր ժանտ դեմքով, սրածայր գդակով և մահուդից կարած երկար կապայով նրանց աչքին, այդ րոպեին, թվում էր իբրև մինն այն դևերից, որոնց մասին իրենք լսել Էին հեքիաթներ՝ պապից կամ տատից։

Մտնելով Սայու բակը, Կամսարյանն ուղղակի դիմեց պրիստավին և հայտնելով նրան յուր անունն ու ազգանունը, խնդրեց ծանոթանալ։

Վերջինս սիրով ընդունեց այդ ծանոթությունը և ուրախություն հայտնեց, որ Չիբուխլուի նման մի հետ ընկած անկյունում պատահում է պարոնի նման մի երիտասարդի, ուստի խոսակիցներից հեռանալով, սկսավ զրուցել վերջինի հետ։

Պետրոսն առանց ուշացնելու, հայտնեց պաշտոնյային յուր նպատակը, որ էր օգնել գյուղացուն, դժար կացությունից ելնելու։

Դուք, երևի, կամենում եք նրա պարտքն առնել ձեր վրա՞, հարցրեց պաշտոնյան, լավ չըմբռնելով Կամսարյանի խոսածը։

Ոչ, ես իմացա, որ պարտատիրոջ պահանջն անարդար է, այդ պատճառով կամենում եմ, որ մասնավոր կարգով քննության առնենք այդ խնդիրը։

Այդպիսի քննության ես, դժբախտաբար, չեմ կարող մասնակցել և դա գործնական հետևանք էլ չի ունենալ։ Որովհետև պարտատերը ներկայացրել է ինձ դատարանից առած օրինավոր հրամանագիր (կատարողական թերթ) և հայտնելով, որ պարտապանը հոժարությամբ չէ վճարում յուր պարտքը, պահանջում է վեր գրել նրա ստացվածքը և աճուրդով վաճառել. ես չեմ կարող օրենքի հրամանը չկատարել։ Ես ինքս իրավաբան եմ, և այդ ամենը գիտեմ։ Օրենքի հակառակ ոչինչ չեմ առաջարկիլ։ Այս մեկն եմ միայն խնդրում, որ ժամանակ տաք ինձ այս մարդու հետ խոսելու։ Սրա պահանջը հիմնված է հայտնի խարդախության վրա, որի համար քրեական պատժական օրենքը սպառնում է հանցավորին իրավունքների զրկանք և բանտարկություն։

Ի՞նչ խարդախություն կարող է լինել, նա դատարանին ներկայացրել է 131 ռուբլու օրինավոր մուրհակ և այդքան գումարի էլ հրամանագիր առել։

Բայց գյուղացին պարտ չէ նրան այդքան։

Գուցե, այսուամենայնիվ, ես իրավունք չունեմ այդ իմանալու։

Բայց ես խոսում եմ ձեզ հետ ոչ իբրև պաշտոնական անձի, այլ իբրև ճշմարտության նախանձախնդիր բարեկամի հետ։

Համեցեք, ես ձեզ լսում եմ։

Գյուղացին այս մարդուց չորս տարի առաջ ստացել է միայն 20 ռուբլի։ Այդ քսան ռուբլին այսօր դարձել է 131։ Այս հանելուկը չէ՞ հետաքրքրում ձեզ։

Չափազանց։ 20 ռուբլին ինչպե՞ս կարող է չորս տարվա ընթացքում դառնալ 131։

Այ, հենց ես էլ այդ եմ ուզում հարցնել պարտատերից։

Հարցրեք, իմացեք, դա հետաքրքրական է։

Խոջան, որ մի փոքր հեռու կանգնած դիտում էր խոսակիցներին և վատ բան գուշակում վարժ ռուսերեն խոսող երիտասարդի ներկայությունից, իբրև իրավատեր շտապեց միջամտել, ձայնը բարձրացնելով դիմեց պաշտոնյային և յուր աղճատած ռուսերենով ասաց.

Գասպատին պրիստավ, դեն կոնչիլսա, իդի, պիշի, դա՛։

Ուզում էր ասել, պարոն պրիստավ, օրը մթնում է, արի', վեր գրի, վերջացրու։

Պաշտոնյան չպատասխանեց և նրա փոխարեն Կամսարյանն առաջանալով հարցրեց.

Ի՞նչ է քո պահանջը այս մարդուց։

Իմ պահանջն ինչ որ ա, Էն ա գրած ա սպոլնի լիստումը, պատասխանեց Խոջան փորձառու դատախազի հավակնությամբ։

Այնտեղ գրված է, որ սա պարտ է քեզ 131 ռուբլի։ Բայց մի՞թե ճիշտ է այդ։

Բա որ ճիշտ չըլի, կգրե՞ն, քո ասիլով դատարանը սո՞ւտ ա խոսում, նկատեց Խոջան, չարախնդիր մարդու նենգամտությամբ։

Դատարանը սուտ չի խոսիլ, բայց դու ա՛յն ասա, այս մարդուն 131 ռուբլի՞ ես տվել։

Բա չե՞մ տվել։

Խոջա, քե ղուրբան, իմա՞լ դյուզը չես ասելի. տյուն ինձի մինակ քսան մանեթ ես տվե, միջամտեց Սային հուսահատ ձայնով։

Բա շահ չըկա՞ , մյուդաթ չըկա՞, բարկացավ Խոջան։

Հա, իդենց ասա՛, մյուտաթ հալբաթ որ կա... համաձայնեց Սային` ձայնը ցածրացնելով։

Քանի՞ տարի է, որ քսան մանեթ ես տվել սրան, հարցրեց Կամսարյանը։

Ի՞նչ գիտամ, շա՛տ...

Էլի՛. մի ասա՛։

Չորս տարի ա, ա՛ղա, պատասխանեց Սային։

Այնպե՞ս է, չորս տարի՞ է, հարցրեց Պետրոսը Խոջին, բայց նա չպատասխանեց։

Չորս տարի ա, չորս, հաստատեցին գյուղացիներն ամեն կողմից։

Քանիսո՞վ ես շահ հաշվել, որ 20 մանեթը չորս տարումը դարձել է 131 մանեթ։

Էդ իմ բանն ա, քե ի՞նչ, յա դու ո՞վ ես, որ իմ գործումը խառնվում ես, նկատեց Խոջան կոշտ կերպով, կամենալով, այդպիսով վիրավորել և հեռացնել անսպաս միջամտողին։ Ապա դառնալով պրիստավին ասաց. ղասպատին պրիստավ, պաժալուստա, իդի կոնչի, մինե վաժնի դելը եստ, դոլգի նե մագու իզդես սիդեթ։ Կամենում էր ասել` պարոն պրիստավ խնդրում եմ, ե՛կ վերջացրու, կարևոր գործ ունիմ, չեմ կարող այստեղ երկար մնալ։

Պրիստավը մոտեցավ։

Գիտե՞ք ինչ կա, Վասիլ Իվանիչ, դարձավ Պետրոսը վերջինիս. այս մարդը չորս տարի առաջ 20 ռուբլի է տվել յուր պարտապանին և այժմ նրանից պահանջում է 131 ռուբլի։ Ես հետաքրքրվում եմ իմանալ թե` քանիսո՞վ է տոկոս հաշվել, բայց նա չի ուզում պատասխանել։

Сколько процентов считали? հարցրեց պրիստավը ծիծաղելով։

Կակոյ տեբե դելը. իսպոլնի լիստ շտո՞ գավարիտ տակ նադը դելայտ, պատասխանեց Խոջան, կամենալով ասել` «Քեզ ի՞նչ, հրամանագիրն ինչ ասում է, դու այն պետք է անես»։

Հիմա դո՞ւք պատասխանեցեք, ասաց պրիստավը Կամսարյանին և ժպտալով հեռացավ։

Այդպես կանե, մի՛ վախենար. միայն թե ասա՛, քանիսո՞վ ես տոկոս հաշվել, հարցրեց երիտասարդը։

Ախպեր, քե ի՞նչ. ես հո քեզանից չեմ փող ուզում։

Ինձ ի՞նչ. ա՛յ ասեմ քեզ։ Ես փաստաբան մարդ եմ։ Փաստաբանը գիտե՞ս ինչ է. ադվակատ։ Ա՛յն դատավորը, որ քեզ իսպոլնիտելնի լիստ է տվել, ինձանից ավել չէ օրենք իմանում։ Իսկ իմ իմացած օրենքների մեջ գրված է թե` ով որ իրա պարտապանից հարյուրին 12 տոկոսից ավելով ջահ առնե, նրան պետք է պատժել` զրկելով ամեն իրավունքներից և բանտ նստեցնելով։ Ա՛յ, հիմի դու այսքան մարդկանց մեջ այս խեղճ Սայուց 20 մանեթի համար 111 ռուբլի շահ ես առնում։ Ես կարող եմ Սայու գործն հանձն առնել, այս մարդկանց էլ վկա գրել ու քեզ քաշ տալ դատարան, իսկ այնտեղից ուղղակի ղրկել էշի դրախտը, հասկանո՞ւմ ես։

Այս խոսքերն ասվեցան այնպիսի մի խիստ եղանակով, որ Խոջան երկյուղից քաջությունը կորցրեց։

Աղբեր, ախար դու լավ մարդ ես էրևում, ի՞նչ ունես ղալմաղալում. ինձանից դու հո առնելիք, տալիք չունիս. էս մարդը փող ա պարտ, ի՛մ փողն ուզում եմ, դու խի՞ ես մեջ ընկնում։

Չէ, պիտի ասես, քանի՞ տոկոս ես հաշվել։

Մանեթին մի շահի, ասաց Խոջան, տեսնելով որ «ատվակատից» պրծնում չըկա։

Ռուբլուն 5 կոպե՞կ, զարմացավ Կամսարյանը։

Հա։

Ինենց ա, մանեթին մի շահի ենք խոսե, հաստատեց Սային։

Տեսնո՞ւմ ես, հենց գիտաս, սուտ եմ ասո՞ւմ, նկատեց Խոջան։

Սպասիր, սպասիր։ Դու ռուբլուն 5 կոպեկ ես ասում, չէ, դե ես 10 կոպեկ կհաշվեմ, տեսնենք ո՞րքան է լինում։

Այս ասելով Կամսարյանը հանեց հուշատետրը, որն այժմ յուր աչքին ատելի չէր երևում և նրա մի ազատ երեսի վրա սկսավ մատիտով հաշվել.

20 ռուբլին հարյուրին 10-ով` մի տարումը կտա 2 ռուբլի։ Այս 22 ռուբլին երկրորդ տարումը կբերի 2 ռ. 20 կոպեկ, ուրեմն բոլորը 24 ռ. 20 կոպեկ։ Սա էլ երրորդ տարումը տոկոս կբերի 2 ռ. 42 կոպ., միասին կանե` 26 ռ. 62 կոպ.։ Այս 26 ռ. 62 կոպեկն էլ չորրորդ տարում կտա 2ռ. 66 կոպ.։ Ուրեմն չորս տարուց հետո քո տված 20 ռուբլին կդառնա 28 ռ. 28 կոպեկ, որից 8 ռուբլի 28 կոպեկը յուր արդար շահն է։ Եթե մինչև անգամ հարյուրին 12 տոկոս հաշվենք, բոլոր գումարը կլինի 31 ռուբլի և մի քանի կոպեկ։ Հապա մնացած հարյուրը ո՞րտեղից ես դուրս բերել։

Պարտապան Սային, որ սկզբում մեծ հավատ ուներ երիտասարդի հմտության վրա և հույս էր տածում թե նա մի բանով կթեթևացնե յուր ծանր դրությունը, տեսնելով այժմ որ նա տոկոսը չափազանց շատ պակասեցրեց, եկավ այն եզրակացության, թե այդ տղան ուրեմն բան չէ հասկանում, ուստի սկսավ վհատվիլ։ Նույն կարծիքին էին ուստա Պետին ու տանուտերը։

Հենց այդ պատճառով էլ Խոջան կարծես ոգի առավ։

Էդ դու ո՞նց ես հաշվում, որ իմ առնելիքը ջուր ես կտրացնում... Հաշիվ անելը, որ մանում չես, խի՞ ես բանի մեջ խառնվում, նկատեց նա մեծ սրտով։

Ինչպե՞ս չեմ իմանում։ Դու չե՞ս ասում թե մանեթին 5 կոպեկ։

Դե ես 10, 12 եմ հաշվում և այդպես է դուրս գալիս։ Ուրիշ կերպ լինել չէ կարող։

Ո՞նց չի կարող. դե հմի ես հաշվեմ, դու մտիկ արա։

Այս ասելով Խոջան հանեց ծոցից մի փոքրիկ, խաղալիքի պես համարիչ և հաստ ու սև մատներով նրա հատիկները դեսուդեն անելով, սկսավ հաշվել.

Մի մանեթին, որ 5 կոպեկ ըլի ամսումը, մի տարումը կըլի 12 հետ 5 կոպեկ, չուն տարին 12 ամիս ա։ էս քե 60 կոպեկ։ Հմի դու ես իմ աղեն, մանեթը, որ մի տարումը 60 կոպեկ բերի, 10 մանեթը կբերի 6 մանեթ. 20 մանեթն էլ կբերի 12 մանեթ։ է, հմի իմ 20 մանեթը, մի տարուց եդը դառավ 32 մանեթ...

Սպասիր, սպասիր, ուրեմն դու ռուբլուն 5 կոպեկ հաշվում ես միայն մի՞ ամսումը, հարցրեց Կամսարյանը զարմանալով։

Բա մի՞ տարումը։ Խի՞, փող եմ գտել, թե՞ գլխիս ձի ա քացի տվել... Հրեն ուրիշները մի ամսումը մանեթին 10, յա 12 կոպեկ են առնում. ես 5 եմ հաշվել. սրանե էվել խղճմտանքով բան կըլի՞։

Կամսարյանն ապշած նայում էր Խոջայի կարմիր կապիճներում պլպլացող աչքերին և մի քանի վայրկյան ոչինչ չէր խոսում։ Ապա դառնալով պրիստավին, ժպտալով ասաց.

Վասիլ Իվանիչ, գիտե՞ք այս մարդը քանիսով է հաշվել տոկոսը։

Քանիսո՞վ, հետաքրքրվեց պաշտոնյան։

Հապա գուշակեցեք։

Քսանո՞վ, քսանհինգո՞վ...

Ի՞նչ քսան, ի՞նչ երեսուն, ո՛չ ավելի և ո՛չ պակաս` հարյուրին վաթսուն։

Անկարելի է։

Հավատացեք։

Օ՛, օ՛... բացականչեց պրիստավը։

Ըշտո, պետ կապեկ մնոգո՞ (ի՞նչ, հինգ կոպեկ շա՞տ է)։ շփոթված հարցրեց Խոջան։

Պյոտր Կիրիլիչ, սա հինգ կոպեկ է ասում, դարձավ պրիստավը երիտասարդին։

Այո՛, 5 կոպեկ. բայց ռուբլուն 5 կոպեկ մի ամսումը։ Ուրեմն մի տարում 12 անգամ 5 կոպեկ, որ կանե 60։

Այդպե՞ս է, հարցրեց պաշտոնյան Խոջային։

Դա, դա, վեռնը (այո՛, այո՛, ճիշտ է), հաստատեց Խոջան։

О, это уж черезчур! բացականչեց Վասիլի Իվանիչը։

Դուք, պարոն պրիստավ, խնդրեմ իբրև դատարանի պաշտոնյա, վկա լինիք, որ այս մարդը, ձեր և ժողովրդի ներկայությամբ ասաց և հաստատեց, որ ինքը հարյուրին ստանում է վաթսուն տոկոս։

Ուրախությամբ, ուրախությամբ, համաձայնեց պաշտոնյան։

Էդ ի՞նչ ա է՞, խի՞ չեք թողնում, որ էդ մարդը իրա գործը վերջացնի, հարցրեց Խոջան, գուշակելով, որ մի ինչ-որ վատ բան է պատրաստվում իրա համար։

Ի՞նչ է, այ իսկույն կասեմ։ Բայց թող մի ես էլ քո ասած ձևով հաշվեմ ու տեսնեմ թե արդյո՞ք մանեթին հինգ կոպեկ է գալի՞ թե ավել...

Դրուստ ա, աղբեր, դրուստ. ես խաբող մարդ չեմ. էս սաղ մհալը գիտա թե Խոջա Միրզան ի՞նչ մարդ ա։

Հա, ո՞վ ինչ է ասում. բայց թող մի հաշվենք... Այս ասելով Կամսարյանն սկսավ հաշվել։ 20 ռուբլին 60 կոպեկով մի տարումը կբերի 12 ռուբլի։ ճիշտ է։ 12 և 20 կլինի 32։ Այդ 32 ռուբլին մյուս տարումը կբերի 19 ռ. 20 կոպեկ։ Ուրեմն երկու տարումը քո փողը կդառնա 51 ռ. 20 կոպ.։ Ճիշտ է։ Այդ 51 ռ. 20 կոպեկն էլ երրորդ տարումը կբերի շահ 30 ռ. 72 կ., երկուսը միասին` կլինին 81 ռ. 72 կ.։ Բարի։ Այդ 81 ռ. 72 կոպեկը չորրորդ տարում կտան տոկոս 49 ռ. 15 կոպեկ։ Ուրեմն բոլորը միասին 131 ռ. 7 կոպեկ։ Շատ ճիշտ է, Խոջա, ասաց Կամսարյանը հեգնելով։

Բա որ ասում եմ, պարծեցավ Խոջան յուր ճշտությամբ և մեջքն ուղղելով հանգիստ շունչ առավ։

Սայու և յուր պաշտպանների վրա կարծես ջուր մաղվեց։

Բայց գիտե՞ս ի՞նչ կա, նորեն խոսեց Կամսարյանը։

Ի՞նչ։

Ահա պրիստավի և բոլոր ժողովրդի ներկայությամբ հաստատվեց, որ դու պարապում ես անխիղճ վաշխառությամբ, այսինքն ժողովրդից առնում ես այնպիսի մեծ տոկոս, որն օրենքը արգիլելով արգելում է։ 100-ին 60 կոպեկ շահ առնելը այնպիսի հանցանք է, որ օրենքը դրա համար կպատժի քեզ զրկելով որոշ իրավունքներից և բանտարկելով մեկից մինչև երկու տարի։ Հիմի դու կարող ես, եթե ուզում ես, վեր գրել տալ այս մարդու կովն ու ձին, բայց ես թույլ չեմ տալ, որ դու նրանց ծախես։ Ահա՛, հենց այսօր ես խնդիր կգրեմ Սայու կողմից և իմ ձեռքով կհասցնեմ պրոկուրորին։ Գործը կերթա դատարան։ Ես այնտեղ կպաշտպանեմ Սայու իրավունքը, իսկ պրոկուրորը կմեղադրե քեզ։ Սային յուր կովն ու ձին հետ կստանա, իսկ դու կնստես բանտում։ Այնուհետև հազարներ էլ որ ծախսես, չես կարող ազատվել։ Այդպե՞ս է, թե ոչ, Վասիլ Իվանիչ, դարձավ պաշտոնյային։

Վերջինս, որ ոչինչ չէր հասկացել Պետրոսի հայերեն խոսածներից, հարցրեց.

Ի՞նչն է այդպես։

Կամսարյանը կրկնեց յուր խոսածները ռուսերեն։

Այո՛, այդպես է. օրենքը ծանր պատիժ է տալի վաշխառուներին, իսկ ձերը նույնպես վաշխառություն է, հաստատեց պաշտոնյան։

Խոջայի գույնը երկյուղից թռավ։ Նա ձայնը ցածրացնելով ասաց.

Աղբեր, ընչի՞ եք ուզում ինձ վնաս տալ։ Ախար ես լավություն եմ արել, վատություն հո չե՞մ արել։ Մարդը սոված ա էլել, փող եմ տվել, սերմացու ա առել, ցանել ա, հնձել ա, չորս տարի ապրել ա...

Սերմացուի փող ես տվել, որ հիմա գաս կովն ու ձին հափշտակե՞ս, ընդհատեց Պետրոսը զայրացած. ախար քո տվածից ու նրա տոկոսից ավելի արժե հենց միայն այս կովը, հապա ձի՞ն ուր ես տանում։

Դե ո՞ւր ա, որ տանում եմ, ասում եք, ես էլ թողիլ չեմ որ վեր գրի. բերեք իմ փողը տվեք, անց կենամ գնամ։

Չէ, դու փող չես ստանալ։ Քոնն այս կովն ու ձին են, վեր գրել տուր, տար, եթե կարող ես։ Մենք էլ հետո մեր գիտցածը կանենք։

Չեմ ուզում, աղբեր, երեսուն մանեթը բաշխում եմ, իմ հարյուր մանեթը տվեք, վեր կենամ, գնամ։

Քեզ հասանելիքը 28 ռուբլի է, եթե ուզում ես, ստացիր և գործը վերջացրու, եթե ոչ, պատրաստվիր, որ տարի ու կես բերդումը նստես։

Աղբեր, խի՞ եք տունս քանդում, բա ես մեղք չե՞մ... ախար ես էլ մարդ եմ, տուն ունեմ, տեղ ունեմ, օղլուշաղ ու էրեխեք ունեմ... Աստոծ վեր չունիլ, որ իմ հալալ աշխատած փողը ձեռքիցս խլում եք... աղաչավոր ձայնով խոսում էր Խոջան և պատրաստվում կարծես լաց լինելու։

Ի՞նչ է պատահել, հարցրեց պրիստավը, տեսնելով, որ Խոջան խոսում է լալաձայն։

Ոչինչ, վաշխառուն այժմ դերասանություն է անում, բացատրեց Կամսարյանը։

Հա, հիմա ի՞նչ ես ասում, վե՞ր գրեմ թե ոչ, ուշանում ենք, դիմեց պրիստավը Խոջային։

Ո՛չ, ո՛չ, ես հաշտությամբ եմ ուզում վերջացնել, ուզում եմ լավություն անել, շտապով հայտարարեց Խոջան, համոզված լինելով որ բացված խարդախությունը կարող է ցավ բերել յուր գլխին։

Մի թաքուն ուրախություն, որից դեռ անբաժան էր երկյուղի զգացմունքը, պաշարեց Սայուն։ Մինչդեռ ուստա Պետին ու տանուտերը Խոջայի նվաղած ձայնից արդեն գուշակելով, որ նրա բանը փթռուկ է, սկսան շտապեցնել վախճանը, ամեն կողմից համոզելով, որ Խոջան յուր ասած լավությունն անե, վերջացնե։

Բայց Կամսարյանը թույլ չտվավ, որ վերջինս մինչև իսկ «լավություն անելու» պատրվակով գործն ավարտելու մխիթարությունն ունենա։

Այդպես մի՛ խոսեք և մի՛ սխալեցնեք ձեր լսողներին, սաստեց նա Պետուն և մյուսներին։ Այս մարդը լավություն չէ անում։ Եթե մենք համաձայնենք, որ սա 28 ռուբլին ստանալով գործը խաղաղությամբ վերջացնե, այն ժամանակ մենք ենք լավություն անում սրան և ոչ թե ինքը մեզ։ Այդ պետք է սա իմանա, շնորհակալ լինի և խոստանա, որ այսուհետև ձեռք պիտի վերցնե յուր այս անպիտան ու վնասակար արհեստից։ Հակառակ դեպքում, ես հենց այս երեկո կգրեմ իմ բողոքը և կուղարկեմ պրոկուրորին։

Մի քանի թեր և դեմ խոսքերից հետո, վերջապես Խոջան համաձայնեց ստանալ 28 ռուբլին, որից տասն ուներ Սային, ութը Պետին պարտք տվավ, իսկ մնացորդ տասը նվիրեց Կամսարյանը։

Երբ Խոջան ու պրիստավը հեռացան, իսկ տանուտերը գնաց ճանապարհ դնելու նրանց, Սայու կինը վազեց, ընկավ Պետրոսի ոտքերը և ուրախության արտասուքն աչքերին, սկսավ համբուրել նրա ծնկները և օրհնել նրան սրտաշարժ խոսքերով։

Հազիվ երիտասարդը բարձրացրեց կնոջը, մոտեցավ ծերուկ Սային, որ ուրախությունից համրացած չէր կարողանում խոսել, բայց դողդոջուն ձեռքերը բարձրացնելով աշխատում էր երիտասարդի գլուխը բռնել և համբուրել։

Կովի մոտ կանգնած Փոքրիկ աղջիկը, մեծերի աղմուկին չմասնակցելով, գրկել էր հեզիկ կենդանու գլուխը և շարունակ նրա աչքերն ու դունչը համբուրելով, ասում էր ուրախ-ուրախ.

Հիշկա, մարալ ջան, էլ քե չեն տանելում, տյուն կացիր մեր կուշտ, քո հորթն էլ քո կուշտ... օխա՛յ, ինչ լավ է...

Իսկ եղբայրը, որ մինչ այն, ձիու կապը ձեռքին, կանգնած էր այդտեղ, այժմ ուրախությունից մյուս մարդկանց չտեսնելով, ճչում էր անընդհատ.

Ճոճ պապ, ճոճ պապ, ձին իմա՞լ անեմ, իստեղ պախե՞մ, թե՞ թորգեմ էթա խոտին...

Կամսարյանին մյուս կողմից շրջապատել էին գյուղացիները և շնորհակալության տարափ էր, որ այս ու այն կողմից տեղում էին նրա գլխին։ Երիտասարդը շտապեց հեռանալ, փախչելով, համարյա, անվերջ շնորհակալիքներից։

Սակայն կատարված իրողության լուրը տարածվել էր գյուղում կայծակի արագությամբ. ուստի ո՞ր կողմից էլ անցնում էր երիտասարդը, կանայք ու տղամարդիկ, կտուրների վրայից թե ցանկերի հետևից, օրհնում ու գովում էին նրան։

Արդեն մութ էր, երբ Պետրոսը տանուտերին պատահելով, նրա հետ միասին վերադարձավ տուն։ Վերջինս ամենից շատ էր ուրախ, որովհետև յուր տան հյուրն էր, որ գյուղացիներից մինին այդպիսի մեծ բարիք էր արել այսօր։ Անկարելի էր, որ այդ դեպքը չշոյեր նրա պատվասիրությունը։ Այդ էր պատճառը, որ նա այսօր մի առանձին հոգածությամբ էր թախանձում, որ երիտասարդը հրաման տա Սալբիին` ընթրիք պատրաստելու։ Բայց Պետրոսը մերժեց և բավականանալով միայն երկու բաժակ թեյով, խնդրեց, որ յուր համար անկողին պատրաստեն, ըստ որում հոգնած էր և ցանկանում էր վաղ քնել։

Եվ սակայն, մինչև որ անկողինը կպատրաստեին, նա բարձրացավ տան կտուրը, մի քանի վայրկյան ինքն յուր հետ այնտեղ առանձին մնալու և օրվա ընթացքում պատահածների մասին խորհելու համար։ Արդեն պարտապան գյուղացուն ծանր պատուհասից ազատելն ու նրան հետևող անվերջ օրհնություններն ու շնորհակալությունները լսելը այնքան էր հուզել ու ցնցել նրա հոգին, որ նա չէր կարող հանգիստ քնել, եթե այդ ամենի առիթով հետզհետե յուր գլխում ծագող հարցերին պատշաճ լուծում ու պատասխան չգտներ։

Ինչպես ամբողջ օրը, նույնպես և այժմ ամպերը շարունակ բացխփուկ էին անում երկնքի երեսին, որից լուսինը մերթ պայծառ բացվում, լուսավորում էր աղքատիկ գյուղն ու նրա խղճուկ տները և ծովակն ու կղզին` շրջապատող դաշտերով, թմբերով ու լեռներով, մերթ լողում, սուզվում էր ամպերի հետևը և հրապուրիչ տեսարանները խավարով ծածկում։ Սակայն հորիզոնի արևելյան հյուսիսը ծածկված էր թանձր, կապարի պես սև և միապաղաղ թուխպերով, որոնք, թվում էր, թե պիտի վրդովեին գիշերվա խաղաղությունը։

Բայց Կամսարյանը չէր հետաքրքրվում այժմ բնության երևույթներով։ Որքա՛ն շատ բան էր տեսել նա այսօր, որքա՛ն նորություններ իմացել. դրանց մասին էր մտածում։

Նա դեռ երեկ այն կարծիքին էր, թե ոչինչ չէ կարելի անել գյուղում, թե ամեն բան այնպես սառած ու քարացած է այստեղ, որ յուր նման մարդկանց ձեռքերը, որքան էլ նրանք զինված լինեին զորեղ գործիքներով, չեն կարող ոչ հին սառույցը հալել, ոչ էլ քարացած կոշտերը մաղել։ Բայց այսօր, ահա՛, նա կատարեց մի գործ, որն յուրմով լուծեց մահու և կյանքի խնդիր։ Նա վերահաս կործանումից ազատեց մի տուն, վերջնական անկումից փրկեց մի ընտանիք և դրա համար շատ քիչ, կամ գրեթե ոչինչ աշխատություն գործ դրավ...

Եվ սակայն որքա՛ն շատ կային այդպիսի թողված ու լքված տներ և ընտանիքներ. որքա՛ն շատ բան կարելի էր անել դրանց համար։ Եվ նա երևակայեց, թե ի՞նչ կլիներ այսօր խեղճ Սայու դրությունը, եթե ինքը, բախտի բերմամբ, չհանդիպեր այստեղ, չզսպեր Խոջայի ավարառության տենչը, չպաշտպաներ անզոր, անօգնական գյուղացուն... Ապա նա հիշեց տիրացուի դպրոցը, երեխաներ կրթելու և ուսուցանելու վայրենի եղանակը և միևնույն ժամանակ, Մոսու իրավացի դիտողությունը թե` «երբ ցորեն հաց չկա, պետք էր քաղցածին տալ գոնե ճաթ, որպեսզի նա սովից չմեռնի»։ Վերջը նա մտքով փոխադրվեց Սևան, հիշեց նրա անշարժ ու քարացած դրությունը, աբեղայի բողոքը, նրա երկար զրույցները, հայտնած ցանկությունները և անապատը վերակազմելու ու պայծառացնելու նկատմամբ նրա առաջարկած միջոցները։

Այս ամենը հիշելուց և դրանց վերաբերմամբ երկար մտածելուց հետո, երիտասարդը եկավ այն եզրակացության, թե անհրաժեշտ է աշխատել հնարավոր դարձնել գյուղում ապրելն ու գործելը...

Այդ վայրկենին նորեն լուսինը բացվեցավ և պայծառ լուսով երկիրը ողողելով, երևան հանեց գեղեցիկ ծովակն ու շրջակա լեռները և դրանց հետ միասին... Չիբուխլուի չոր, գծուծ պատկերը, յուր գետնին կպած տներով, յուր աթարի դեզերով...

Երիտասարդը նայեց յուր շուրջը, զգաց դարձյալ մի անհաճո անհանգստություն և չկամենալով, այլևս դրա մասին մտածել. իջավ ներքև։

Մի քառորդ ժամից նա Մորփեոսի գրկումն էր։

ԺԵ

Կես գիշեր էր։ Խոր ու քաղցր քնի մեջ Պետրոսն իհարկե չէր տեսել թե ի՛նչպես հորիզոնը փակող սև ամպերը բարդ-բարդ վերանալով լուսինը ծածկեցին և ապա հետզհետե թանձր մառախուղը երկրի երեսը պատեց։ Քիչ հետո սկսավ շաղել թեթև անձրև, որն ապա գնալով սաստկացավ ու հորդացավ և մեծ աղմուկով սկսավ բաց գետինն ու տան կտուրը ծեծել։ Հովը, որ երեկոյան մեղմ էր ու քնաբեր, այժմ զորացել, փոխվել էր քամու և ուժգին շառաչելով փոթորկում էր անձրևը և հաճախ նրա հոսանքն ուղղում դեպի սրահն, ուր թախտի վրա, քաղցր քնի մեջ հանգչում էր այդ վայրկենին քաղաքացի հյուրը։

Երկա՛ր անձրևը ծեծում էր դուրսը, երկա՛ր օդի մեջ շառաչում քամին, և սակայն Պետրոսը քնած էր հանգիստ և չէր զգում նույնիսկ ցրտությունը ցողի, որ քամին հաճախ շաղում էր յուր դեմքին։ Բայց, ահա, հանկարծ ճայթեց մի որոտ. Մարալինջի և Ահմանկան բարձունքը դողդողացին և անձրևի շառաչը, կարծես, կրկնապատկվեց։ Երիտասարդը վեր թռավ և սարսափով տեսավ ոչ միայն օդի մեջ մրրկող հեղեղը, այլև այն, որ յուր անկողնի երեսը թրջված է բոլորովին։ Բացի այդ, նրա վրա տեղ-տեղ կտուրից ծորում է անձրևաջուր։

Անակնկալ պատահարից շփոթված Պետրոսը վեր կացավ տեղից և կամենում էր տան դուռը ծեծել ներս մտնելու համար, բայց մտածելով, թե այդտեղ տանուտերը քնած է կնոջ և երեխայոց հետ, անհարմար տեսավ զարթեցնել նրանց։ Բայց ի՞նչ անել, չէ՞ որ անհնար էր գիշերն անցնել անձրևի տակ։ Իսկույն նա մտաբերեց փոքրիկ սենյակը, որ կից էր ախոռին, և առանց երկար մտածելու, բացավ դուռը և անկողինը հավաքելով մտավ ներս։

Ախոռի սուր, անախորժ հոտը, տոգորված ավելի ևս անախորժ ջերմությամբ, դիպավ նրա քթին, բայց այժմ արդեն ժամանակը չէր թերություններ քննելու։ Պետրոսին հարկավոր էր մի ծածկարան անձրևից պատսպարվելու համար և նա, ահա, գտել էր այն։ Շտապ-շտապ փռելով անկողինը այդտեղ գտնվող թախտի վրա, նա դուռը փակեց ու պառկեց, կարծելով թե պիտի քնե։ Բայց չանցավ քառորդ ժամ և ախոռից փչող հոտը սկսավ անհանգստացնել նրան։ Նա բացավ սենյակի դուռը և նորեն պառկեց։ Այժմ որովհետև դրսից եկող թարմ օդը շոյում էր նրա դեմքը, ուրեմն, կարող էր քնել։ Երիտասարդը փակեց աչքերը և աշխատեց մտածությունները հեռացնել իրանից, լավ իմանալով, որ քնել կարողանալու համար, ամենից առաջ ուղեղը պետք է քնացնել։ Բայց այդ էլ չօգնեց։ Որովհետև չէր անցել դեռ կես ժամ, որ նրան սկսան անհանգստացնել լվաները, որոնք հողե հատակ ունեցող և, մանավանդ փակ պահվող այդպիսի տեղերում վխտում են ամառը։ Երիտասարդն սկսավ շուռ ու մուռ գալ, աջ կողմի վրա պառկել, ձախի վրա փոխել, երբեմն էլ անկողնից ելնելով` շապիկը հանել ու թափ տալ, բայց իզուր։ Արյան ծարավի այդ լվաները, որոնք տավարը գոմից հեռացնելուց հետո զրկված էին բավարար կերակրից, վաղո՛ւց, շատ վաղո՛ւց սպասում էին այսպիսի մի համեղ որսի, այն էլ ի՛նչ որս... քաղաքացի, մաքրակենցաղ... Լվաներն, իհարկե, չգիտեին, օր Կամսարյանը համալսարանական է և իրավաբան, այդ պատճառով ծծում էին նրա արյունը անգթաբար, առանց դատավորից կամ դատաստանից վախենալու։

Այսպես անցան մի երկու ժամեր, բայց ի՛նչ ժամեր... պետք էր Կամսարյանի տեղը լինել` հասկանալ կարենալու համար թե, որպիսի՛ տանջանքի ու նահատակության ժամեր էին դրանք։ Եվ եթե դուք, ո՛վ համալսարանական ընկերներ, որոնք ոգևորվող Կամսարյանի խոստումը լսելուց նրան ծափահարել և ձեռքերի վրա օդն էիք բարձրացրել, գտնվում լինեիք այդ վայրկենին նույն հոտած ախոռին կից սենյակում և տեսնեիք նրա անլուր տանջանքը, անպատճառ կասեիք, թո՛ղ եղբայր, ի՞նչ ես տանջում քեզ... վեր կաց, հավաքիր իրերդ, գնա այնտեղ, ուր մարդիկ ապրում են իսկական մարդո՛ւ և ոչ անասունի նման։

Բայց թե ի՞նչ էր խոսում ու մտածում այդ միջոցին ինքը Կամսարյանը, այդ մասին լավ է լռել, որպեսզի եթե երբևիցե նման ոգևորությամբ վառվին ուրիշ երիտասարդներ, նրանց անծանոթ մնա առաջին ոգևորվողի հուսահատ տրտունջը։

Անտանելի ժամերի հետ միասին, վերջապես անցավ և անձրևը, դադարեց քամին և աղոթարանն սկսավ հետզհետե պարզվիլ ու բացվիլ։

Կամսարյանը որոշեց դուրս գալ յուր տանջարանից։ Բայց որովհետև սրահի առաստաղից դեռ կաթկթում էր ջուրը և, հետևապես, նրա տակ պառկել անհնարին էր ուստի կիսով չափ հագնվելով, նա դուրս եկավ սրահը և այդտեղ դրված թախտը մի կերպ քաշելով տարավ բակը, ուր օդը թարմ և մաքուր էր։ Ապա անկողինն էլ ներսից հավաքելով մի լավ թափ տվավ, որպեսզի անամոթ լուերին հալածե և նորեն փռելով թախտի վրա, մեջը մտավ ու պառկեց։ Դրսի թարմ օդն ու կրած նեղություններից զգացած հոգնությունը շուտով քուն բերին երիտասարդի աչքերին։

Խաղաղության հրեշտակը շատ անգամ անգործությունի՞ց, թե որոշ նպատակով, յուր խնամքին հանձնված մահկանացուների հետ կատակներ է անում։ Նա ծանր ու զարհուրելի երազներ է տալիս նրանց, որոնք արթնության ժամանակ շրջապատված են լինում կյանքի դյուրություններով և ընդհակառակն, հեշտալի ու քաղցր երազներով գգվում է նրանց, որոնք արթնության միջոցին գտնվում են ծանր ու անհամբույր վիճակում։

Մեր Կամսարյանին էլ նա անուշ քուն տալուց հետո, տարավ հանկարծ Բորժոմ։

Օ՛հ, ի՛նչ երջանիկ հակադրություն։ Առավոտ է։ Փառաշեն վիլլայի պատուհանները ողողված են արևի պայծառ շողերով, բայց բաց կանաչ մետաքսյա վարագույրը չէ թողնում, որ նրանք թափանցեն ննջարանը, ուր այդ վայրկենին Պետրոս Կամսարյանը` անկողնու մեջ նստած, առավոտյան թեյն է վայելում։ Նա այդպես սիրում էր անել, երբ օրը կյուրակի էր և յուր գործը ոչ այլ ինչ, եթե ոչ հագնվել և ժամը 12-ի մոտ ելնել այցելության։ Կանաչ վարագույրի ստեղծած փափուկ ու քնքուշ լույսը գգվում է ննջարանի հարուստ զարդարանքը այնպիսի գույներով, որ կարծես թե նրանց վրա նայում ես երփներանգ ծիածանի միջից։ Ամեն տեղ պերճություն, թավիշ ու կերպաս. ամեն տեղ ընտիր ճաշակի նրբություն... Իսկ երիտասարդի անկողի՞նը. դա կոմֆորտի վերջին խոսքն է։ Մահճակալն ամբողջովին ձուլված է բրոնզից և զարդարված ոսկեքանդակ փղոսկրով։ Նրա հատակն ուռցրել են փափուկ, փետրալից օթոցներ, որոնք ծածկված են ձյունի պես սպիտակ սավանով, իսկ գեղեցիկ վանդակազարդ սնարը` կիսով չափ փակում են աղվափետրով լի բարձեր` ծածկված նուրբ կտավով և զարդարված ծակոտկեն ժանյակներով (կրուժևա)։ Թեթև բեհեզից կարած և շքեղ մետաքսով երեսած վերմակը, որ այժմ կիսածալ ընկած է մի կողմ, լրացնում է կազմածքը հարուստ անկողնի, որի մեջ նստած է երիտասարդը` ճենապակյա ոսկեզօծ գավաթը ձեռին։ Մահճի առաջ դրված փոքրիկ նգույրի վրա գտնվում են սեր, կարագ, ընտիր շաքարահացեր։ Երիտասարդը վայելում է, և միևնույն ժամանակ, խոսում յուր մոր հետ այն մասին, թե ինչպե՛ս ինքը հիմարություն էր արել «կռոների» երկիրը գնալով և այնտեղ անլուր տանջանքների ենթարկվելով։ Լիդիա Պավլովնան կարեկցում էր որդուն և, միևնույն ժամանակ, աշխատում, որ յուր քնքուշ հոգատարությամբ մոռացնել տա նրան կրած նեղությունները։

Բայց տեսարանը փոխվում է։ Բնության ու արհեստի շքեղություններով զարդարված «Հանքային» պարկում, կարկաչահոս Բորժոմկայի ափին, ծառերով հովանավոր մարմանդի վրա խմբված է ամառանոցաբնակ տիկնանց, երիտասարդների ու երիտասարդուհիների մի փայլուն բազմություն, որի մի մասը կրոկետ է խաղում, մյուսը զվարճախոսում է, իսկ իրեն` Կամսարյանին շրջապատողները ճառում են բարձրի, գեղեցկի և վսեմի մասին... Հանկարծ մի սիրուն, արծաթահնչյուն ձայն առաջարկում է բազմությանը` թողնել խաղերն ու զրույցը և կատարել մի զբոսանք, անցնելով Բորժոմկայի յոթ կամուրջները։ Ամենքն համաձայնում են, որովհետև առաջարկողը գեղանի Ադելինան է, փայլո՛ւն բազմության այդ վայրկենի թագուհին... Եվ խմբակն իսկույն բաժանվում է զույգ-զույգ, եռյակ կամ քառյակ մասերի, որպեսզի ալլեաներով ու նեղ կամուրջներով անցնելու ժամանակ իրար չխանգարեն։

Կամսարյանն, ի հարկե, յուր թևն է առել չքնաղ Ադելինային, որ այդ վայրկենին քնքուշ էր ավելի, քան գարնան վարդը, գրավիչ ու քաղցրաբույր, քան ծաղկոցի շուշանը և սիրախոս ու գեղաձայն, քան այգածին սոխակը։

Խմբակի մասերը դիմում Էին առաջ խոսելով, ճչալով, կամ ուրախ կարկաչելով, երբեմն իրար միանալով, իսկ հաճախ անջատ քայլերով։ Չորրո՞րդ թե հինգերորդ կամուրջն Էին անցնում, երիտասարդը չէր հիշում, և ահա խիտ ծառերի մի սիրուն պուրակ շրջապատեց նրանց։ Մի վայրկյան նրանք տեսան իրենց միայնակ և կանգ առին հովանավոր ծածկարանի մեջ։

Գեղանի կույսի լուսավառ հայացքը սևեռվեց երիտասարդի սիրահույզ աչերին և վարդագույն շուրթերը ժպտի աննման ծիածանի միջից, շշնջացին կիսաձայն.

Ինչո՞ւ այդքան ուշացար... Եթե գիտենայիր թե որքա՛ն անձկությամբ էի սպասում քեզ... որպիսի՛ կարոտով, իմ օրերն անցնում...

Եվ շուշան բաղուկները պատեցին իսկույն պարանոցը երիտասարդի, որ գրկեց նրան քնքշաբար և սեղմեց կրծքին մեղմով... Հրատապ շուրթերը հանդիպեցին իրար և արքայությունը մի վայրկյան իջավ երկրի վրա...

Հանկարծ մի ահավոր գոռոց շրջապատը թնդացրեց։ Երիտասարդը վեր թռավ։ Առաջին բանը, որ աչքին զարկավ, աթարի դեղն էր, որի շուրջն անձրևը գոյացրել էր տիղմի ընդարձակ ճահիճ... Սա ուրեմն դարձյալ չարաբաստիկ Չիբուխլուն էր։ Բայց ի՞նչ գոռոց էր այն, որ զարթեցրեց երիտասարդին յուր անուշ քնից ու երազի արքայությունը փոխեց իրական դժոխքի։ Դա խանդակաթ բառաչն էր տանուտերի այն կռվի, որին Սալբին կթելուց հետո բաց էր թողել յուր հորթին մոտենալու համար, իսկ անմիտ անասունը չհամբերելով այնքան, որ հասնի հորթուկին, շտապել էր ճամփի կիսից յուր զվարթ ձայնով ավետել նրան յուր գալուստը, առանց մտածելու, թե այդտեղ քնած է Կամսարյանը, որ անուշ երազ է տեսնում։

Фу, что за безобразие, բացականչեց երիտասարդը, այս անգամ արդեն ռուսերեն, և բարձրանալով տեղից, սկսավ շուտ-շուտ հագնվիլ։ Երբեք գյուղն ու գյուղացին այնքան զզվելի չէին երևացել Պետրոսի աչքում, որքան այս վայրկենին։ Այդ պատաճռով հենց որ տանուտերը երևաց, նա դիմեց նրան դժգոհությամբ. Ի սեր աստուծո, տանուտեր, մարդ ղրկիր Սեմյոնովկա, որ շուտ տրոյկա բերեն (սայլակ), ես մինչև երկու ժամը պիտի ճանապարհվեմ անպատճառ։

Տրոյկը ուր որ ա, էս ա կխասնի, ես իրիկվան եմ ապսպրե... ասաց տանուտերը և սկսավ հարցուփորձել, թե ինչպե՞ս է պատահել, որ նա քնելու թախտը դուրս է բերել բակը, կամ անձրևի ժամանակ ո՞րտեղ է պատսպարվել։

Պետրոսը պատմեց յուր գլխին եկածը դժգոհությամբ լի խոսքերով, որոնք ծանր ազդեցություն արին տանուտերի վրա։ Սա անկեղծ ցավ հայտնեց, որ չէ իմացել անձրևի գալը, ապա թե ոչ կարող էր հենց ներսի տանը քնելու տեղ պատրաստել երիտասարդի համար։ Շատ բարկացավ նաև Սալբիի վրա, որ բաց էր թողել «անիծուկ կովը», իսկ սա յուր բառաչով խանգարել էր «աղի» անուշիկ քունը։

Հենց այս զրույցի և բացատրությանց ժամանակ լսվեցավ հեռվում փոստային սայլակի զանգի ղողանջը։

Հրեն տրոյկը գալում ա, ավետեց տանուտերը։

Այդպես շո՞ւտ, զարմացավ Կամսարյանը և ուրախանալով, որ վերջապես ազատվում է նեղություններից, յուր սրտում հաշտվեցավ բոլոր անցածի հետ, մոռանալով թե՛ անձրևը, թե՛ լվաները և թե՛ կովի բառաչը։

Շուտով հասավ սայլակը` եռալուծ ձիաներով։

Տոնակա՛ն, դո՞ւ ես էկե, հարցրեց տանուտերը ծանոթ կառապանին։

Ես եմ եկել, բա ըսկի կթողա՞մ, որ իմ աղին ուրիշ մարդ տանի՞, ասաց կառապանը վստահությամբ, չնայելով որ տանելիք աղին առաջին անգամն էր տեսնում յուր կյանքում։

Ինչպե՞ս է, որ այդպես վաղ ես եկել, հարցրեց երիտասարդը։

Բա ըսկի կը եդանա՞մ։ Խոջա Միրզեն 6 շահի բաշխեց, ասավ` Տո՛նական քե տենեմ, ռավոտը ծեգը ծեգին Չըբըխլվում։

Խոջան ի՞նչ ունի այս գործում, զարմացավ Պետրոսը։

Ինենց ա, իրիգվան Խոջի խետն եմ ապսպրե, բացատրեց տանուտերը։

Եվ նա քեզ վեց շահի բաշխե՞ց, հետաքրքրվեցավ երիտասարդը։

Բաշխեց, բա՛։ Ասավ, Տո՛նական, ընենց արա, որ էսօր ճաշի վախտը աղին հասցնես Դիլի։ Րևում ա լավ բարեկամդ ա, քե համար հոգում ա։

Երիտասարդը չպատասխանեց։ Նա մտածում էր այն մասին, թե ինչպե՞ս ժլատ ու գծուծ վաշխառուն սիրով զրկվել է յուր 30 կոպեկից, միայն այն պատճառով, որ իրեն (Կամսարյանին) իբրև վնասակար մարդու, մի փոքր ավելի վաղ հեռացնե գյուղից։ Այս մտածմունքը, սակայն, փոփոխություն չառաջացրեց երիտասարդի որոշման մեջ։ Նա սիրով սկսավ յուր իրեղենները կապկպել, որի ժամանակ մի փոքր տարակուսեց միայն բերած գրքերի մասին, չիմանալով թե` ինչ անե նրանց, որովհետև տեսնում էր թե անօգուտ է այլևս այդ ծանրոցքը տանել Թիֆլիս, և այս գուցե այն պատճառով, որ չէր ուզում այնտեղ, յուր աչքի առաջ ունենալ այնպիսի իրեր, որոնք հիշեցնեին նրան յուր «առաքելության» պատմությունը։

Շուտով մի գեղեցիկ միտք փարատեց նաև այդ մտմտուքը։ Նա հիշեց, որ բողոքարկու աբեղան գրքեր էր խնդրել իրենից։ Արի՛ այս կապոցը ղրկեմ նրան, և սա կլինի մի գեղեցիկ նվեր, մտածեց երիտասարդը և գրքերի կապոցն առանձնացնելով, խնդրեց տանուտերին, հավատարիմ գնացողի ձեռքով հասցնել այն աբեղային։ Թե ի՞նչ օգուտ պիտի քաղեր վերջինս Маркс-ի «Полный курс охоты» և Освальд-ի «Ляговая собака» գրքերից Սևանի տկլոր կղզում, դրա համար Պետրոսը ավելորդ համարեց մտածել։

Մի ժամից արդեն ամեն ինչ պատրաստ էր։ Երիտասարդը կամեցավ վարձատրել մի բանով հյուրասեր տանուտերին, բայց վերջինս բացե իբաց մերժեց ընդունել որևէ վարձատրություն, ասելով թե` յուր պարտքն էր պատվել աստուծո հյուրին, եթե նույնիսկ ամիսներով նա ապրեր յուր տանը։ Միայն շատ երկար թախանձելուց հետո, Պետրոսը կարողաց՜ավ մի թղթադրամ խրել հյուրընկալի ձեռքը, իբրև հագուստի նվեր Սալբիի և երեխայոց համար։

Արևը մի չվան բարձրացել էր Մարալինջից, երբ Կամսարյանն յուր սրտագին շնորհակալությունը հայտնելով տանուտերին և նրա կնոջը, ողջունեց նրանց վերջին անգամ և բարձրացավ սայլակը։ Տոնականը մի զորավոր բացականչությամբ խրախուսեց ձիերին և նրանք աշխույժով սլացան դեպի խճուղին։

Այստեղից Սեմյոնովկա և այնտեղից Դիլիջան ուղևորությունն անցավ հաջող և առանց պատահարների։ Գիշերվա հորդ անձրևից հետո եղանակը հրաշալի էր, օդը թեթև ու կազդուրիչ, իսկ բուսականությունը` զվարթ և փայլուն։ Կամսարյանին թվում էր թե Սեմյոնովկայից մինչև Դիլիջան տանող ճանապարհը, անշուշտ, յուր կյանքի վրա պիտի ավելացնե մի ավելորդ տարի։ Վասնզի այդ հովաշունչ ժամերին Մայմեխի թավշապատ լանջերի վրա, նրա թավուտների և անտառների մեջ խաղում էին այնպիսի հովեր ու սղոխներ, տոգորված կանաչի և ծաղկանց բուրմունքով, որ ամեն անգամ շունչ քաշելիս, նրան թվում էր թե շունչի հետ միասին մտնում է յուր թոքերը ոչ թե օդի ալիք, այլ կենսատու պալասան...

Դեռ կեսօր չէր, որ Կամսարյանը հասավ Դիլիջան։ Մինչև այստեղ նա շարունակ աշխատել էր չմտածել այն ամենի մասին, ինչ որ կարող էր յուր տրամադրությունը խանգարել։ Նա ջանացել էր մանավանդ, որ գաղափարական «ես»-ը չարթնանա և հիմար բաներ չշշնջա յուր ականջին, «Այսպես պիտի լիներ... ուրիշ կերպ չէր լինի... որովհետև հնար չկա...» այս դարձվածներով էր օրորել նա այդ «ես»-ին և նրա խիղճը քնացրել։ Բայց Դիլիջանում նա հիշեց հանկարծ Թարսաչայի կայարանի վերակացուին, հայոց նախկին «գյուղական ուսուցչին» և արդի «չորքոտանիների վարժապետին»։

«Ի՛նչ պատասխան պիտի տամ նրան, եթե հարցնե թե ինչո՞ւ վերադարձա»... մտածեց Կամսարյանը և տեսավ, որ հարցը բավական լուրջ է։

Ավելի լավ է թողնել փոստի սայլակը և գնալ, մասնավոր կառքով... մտածեց նա և այդպես էլ արավ։ Փոստի կայարանում ճանապարհորդներին դյուրություն տալու համար հարմարեցված էր ճաշարանի նման մի բան։ Այդտեղ երիտասարդը կուշտ նախաճաշ արավ և ապա մասնավոր մի կառք վարձելով, շարունակեց յուր ուղին։

Այժմ նա դարձյալ ոչինչի մասին չէր մտածում և զբաղված էր դիտելով ճանապարհի նոր հանդիպող տեղերը, կամ լեռների ու ձորերի այն տեսարանները, որ կարծում էր թե գալիս ժամանակը չէր նկատած։ Միայն թե Աղստևի կամուրջին մոտեցած ժամանակ նա մի վայրկյան մտածեց այն մասին, թե երբ կառքը կմոտենա Թարսաչային, ինքը կհրամայե կառապանին, այնպես արագ անցնել կայարանի առջևից, որ «չորքոտանիների վարժապետը» մինչև իսկ չի որոշիլ թե` ո՞վ է նստած կառքում։ Եվ այս մտածմունքի մեջ նա ձեռքը տարավ ծոցը, որպեսզի պորտսիգարը հանե. սակայն նրա փոխարեն դուրս ելավ դրաձյալ չարաբաստ Note-երի տետրը, որն այս անգամ արդեն ատելի լինելու չափ անհաճո երևաց նրան։ Առանց երկար մտածելու` երիտասարդը շպրտեց այն կամուրջի վրայից դեպի շառաչող գետը։

Ոսկեզօծ տետրակը փայլեց մի վայրկյան արևի առաջ և անհետացավ Աղստևի տխրակարկաչ ալիքներում...

ԺԶ

Թիֆլիս հասնելով Կամսարյանը զարմացավ, երբ ծառան հայտնեց թե Կիրիլ Կարպիչը մի օր առաջ գնացել էր Բորժոմ։ Իբրև սկզբունքի տեր վաճառական, նա յուր օրերը չէր զոհում զվարճության։ Ի՞նչն էր ուրեմն պատճառը, որ նա այս անգամ բացառություն էր արել. «Մի գուցե մերոնցից մեկը հիվանդացել է» մտածեց Պետրոսը անհանգստությամբ։ Բայց երբ ծառան հայտնեց թե` «աղան գնացել է նրա համար, որ էգուց, աղջիկ պարունի ծնունդին էնտեղ լինի», երիտասարդը թե՛ ուրախացավ և թե՛ շփոթվեց։

Իրա՛վ, վաղը մայրիկի ծնունդն է... ի՞նչպես էի մոռացել... Բայց էլի լավ եմ հասել... մտածեց նա ինքն իրեն և շտապելով դեպի յուր սենյակը, հանեց գզրոցից ու պահարանից յուր նոր շորերը, արդուզարդի պատկանելիքը և այն ամենը, ինչ որ կարող էր պետք գալ ամառանոցում թե՛ զբոսանքի և թե՛ հանդեսների ժամանակ։ Եվ այս ամենը զգուշությամբ ու կարգով ճամպրուկում տեղավորելուց հետո շտապեց առաջնակարգ վարսավիրայի մոտ յուր գլխի արտաքինը կանոնավորելու, այն է` խուզվելու և ածիլվելու։

Երեկոյան վեց ժամից մի քանի րոպե անց Բաթում ճանապարհվող գնացքը առավ յուր հետ նաև Կամսարյանին, յուր ճամպրուկով ու կապոցներով մի քանի ժամից հասցրեց նրան Միխայլովո։ Այստեղից մինչև Բորժոմ պետք էր ճանապարհը շարունակել կառքով, վասնզի այդ ժամանակ դեռ չէր շինված երկաթուղու Բորժոմ տանող գիծը։

Պայծառ լուսնկա գիշեր էր։ Հարթ ու ողորկ խճուղին, որի նմանը չկար Կովկասի ոչ մի կողմը, ախորժելի դարձուց նաև այս ուղևորությունը։

Կես գիշերից անցած, երիտասարդը հասավ անտառապատ ձորի մեջ փակված Բորժոմը և փոխանակ ուղղակի իրենց վիլլան գնալու, դիմեց հյուրանոց, ա՛յն պատճառով, որ նախ գիշեր ժամանակ տուն մտնելով անհանգիստ չանէ յուրայիններին և երկրորդ, որ հետևյալ առավոտ մաքուր հագնված ու վայելուչ կերպով գնա մայրիկին շնորհավորելու և նրան այդպիսով մի հաճելի անակնկալ (սյուրպրիզ) անելու։ Այս նպատակով նա խնդրեց նաև հյուրանոցի տիրոջը` կանխավ պատրաստել տալ մատակարարին` ամենաընտիր ծաղիկներից մի թանկագին փունջ, «սիրելի մայրիկին» տանելու համար։

Հետևյալ օրը վաղ` Լիդիա Պավլովնան զբաղված էր գալիք հյուրերի համար սուրճ ու շոկոլադ պատրաստելով, կամ սեղանատանը` շաքարահացերի և այլ ուտելիքների սեղանն ու սպասը կարգավորելով։ Նա թեպետ ուրախ էր, որ յուր ծննդյան հիսուներկուերորդ տարեդարձը կատարում է հարուստ ու բախտավոր, շրջապատված դեռևս սիրելի ամուսնով, առողջ զավակներով, բայց մի մեծ պակաս ուներ յուր ուրախության մեջ, դա սիրելի Պետյայի բացակայությունն էր, որը հնար չկար ոչնչով փոխարինելու... Օ՛, ինչպե՛ս կատարյալ կլիներ նրա ուրախությունը, եթե այսօր Պետյան գտնվում լիներ այն փայլուն հյուրերի հետ, որոնք շնորհավորության գալուց հետո, պիտի հրավիրվեին ճաշի Վարանցովի պարկում...

Դեռ այս մտածմունքների հետ էր Լիդիա Պավլովնան, երբ երեխաները մի շշուկ բարձրացրին վիլլայի ծաղկանոցում, որ գտնվում էր գետափնյա փողոցի վրա։ Նա դուրս թռավ իսկույն վարագույրներով զարդարուն փոքրիկ պատշգամը և այդտեղից իմացավ անակնկալ նորությունը։

Իմ սիրելի Պետյան, իմ աննման որդին չի մոռացել յուր մոր ծննդյան օրը. նա գործը թողել, շտապել եկել է մայրիկին շնորհավորելու... մտածեց իսկույն Լիդիա Պավլովնան և ուրախության արցունքը նրա աչքերը թրջեցին։

Պետրոսը դիմեց դեպի մայրը ուրախության ու գոհության ժպիտը երեսին և գրկելով ու համբուրելով նրան, շնորհավորեց ծննդյան տարեդարձը։ Լիդիա Պավլովնան որդու բերած փունջը գտավ հրաշալի և գուշակեց, որ ոչ ոք ապագա շնորհավորողներից կարող է նմանը նվիրաբերել իրեն։

Պետրոսի գալով Կամսարյանների վիլլան նոր փայլ ու շուք ստացավ։ Մեծ գոհունակությամբ լսեց այդ լուրը նաև Կիրիլ Կարպիչը, որ դահլիճի մի կողմը նստած` նարդ էր խաղում յուր հին բարեկամ Մարկ Իվանովիչ Մարկոզովի հետ։ Վերջինս, որ ծաղրում էր էտիկետի օրենքները, վաղ առավոտից էր եկել տիկնոջը շնորհավորելու և տեսնելով նրան դեռևս պենյուարի մեջ, ասել էր, որ այդ շորը նրան ավելի է սազում, որովհետև նրա մեջ տիկինը ավելի է «թմփլիկ, կլորիկ»։

Կուգեր, բաս չէ՞ր գա... կռոների մոտ հո չէր մնա, նկատեց նա Լիդիա Պավլովնային, որ եկել էր ամուսնուն որդու գալուստն ավետելու։

Եվ տես թե` ի՞նչ օր եկել է՛, հենց իմ ծննդյան օրը...

Բանիդ կաց... ծնունդ էլ որ չէր էլել, էլի կուգեր... շեշ ու չհար, Կիրիլ Կարպիչ, քարդ դիր... շարունակեց խաղը Մարկ Իվանիչը, որ ուրախ բնության տեր ու կատակասեր մեկն էր։

Մի երկու ժամից արդեն բարեկամներն ու բարեկամուհիները գալիս էին շնորհավորելու։ Կանայք ու տղամարդիկ, օրիորդներ ու երիտասարդներ, ոմանք զատ-զատ, ոմանք խմբովին, հետզհետե լցնում էին վիլլայի դահլիճն ու նրան կից վերանդան, որ զարդարված էր շքեղ վարագույրներով։ Հաճելի աղմուկով ներս ու դուրս էին անում մանավանդ երիտասարդուհիները, որոնց զրույցի մեծ մասն, առհասարակ, բաղկացած էր լինում ձայնարկություններից ու բացականչություններից։

Լիդիա Պավլովնան յուր գլուխը կկորցներ, եթե երիտասարդ որդին, որ քաջ կենցաղագետ էր, կարգով կանոնով ամենքին չընդուներ, հարկ եղած տեղը սիրով չժպտար, կամ ուր որ պետք էր, հաճոյախոսություն չաներ։

"Առաքյալը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Լարային քառյակ – Քամի
Էլեն Յոլչյան

Լարային քառյակ – Քամի

Զրույց, 1969 թ
Զրույց, 1969 թ
Խաղա առցանց