Հրանտ Մաթևոսյան

Մենք ենք, մեր սարերը

3

3

Այնինչ՝ Ավագ հորեղբայրը սարերում շոգից կուտակված ոչխարը հաշվում էր տասը-տասը: Հոտից մեկը մի կերպ պոկում էր, քշում հեռու, հայհոյում հաշվապահին և ասում.

– Մե՜կ:

Չարչարանքով պոկում էր երկրորդը, հայհոյում պարապ հացակեր հաշվապահին և մահակի ծայրով ոչխարի մեջքին դնում հաշվապահական աշխարհի ուղարկած «երկու» թվանշանը.

– Երկո՜ւ: Թե՝ էս անմեղ անասունը ինչ գործ ունի երկուսի հետ: Երրորդը կարճ ականջներով հիմար մի ոչխար էր, որ բոլորովին

չգիտեր ինչ բան է թվաբանությունը:

– Երե՜ք: Եկան ոչխարը կեղտոտեցին իրենց արձանագրություն-ներով:

– Չո՜րս: Գելերոց լինես:

– Հի՛նգ, վե՛ց, յո՛թ, ո՛ւթ, ի՜նը, տա՛սը: «Մի տասը»:

Ոչխարները կետագիծ էին քաշում հորեղբոր դեմից, իսկ նա նրանց մեջքին մահակի ծայրով դնում էր նրանց հետ կապ չունեցող թվեր:

– Մե՛կ, ե՛րկու, ե՛րեք... տա՛սը: «Ե՛րկու տասը»:

Ընկերները մեեեե՜կ, ե՛րկուուուո՜ւս, ե՛րեեեե՜ք կապկում էին քթախոս հորեղբորը, և նա թքելով ետ էր կանգնում:– Մի՛ խանգարիր էս զահրումարը: Նստած՝ Ավագի համարքին են սպասում:

– Հաշվեցի՞ր, Ավագ:

– Հաշվեցի:

– Ինչքա՞ն էր, Ավագ:

– Էլի էնքան:

– Ինչքա՞ն:

– Ինչքան որ գրած է:

Գյուղի հաշվապահը, շրջկենտրոնի հաշվապահը, հաշվապահների մինիստրությունը՝ բոլո՜րը գիտեն, որ հովիվ Ավագ Հովհաննիսյանը խնամում է յոթ հարյուր հինգ գլուխ ոչխար, և միայն ինքն Ավագ հորեղբայրը չգիտե, թե քանի ոչխար է պահում ինքը: Սարերում չեն հաշվում: Ծերունիները հարյուր տարեկան են, իսկ մյուսները գյուղի երեխաներ են: Ամենամանրերը օրորոցի երեխաներ են: Տավարի գլխաքանակը. կորուստ չի եղել, գումարած աճը՝ այդքան է: Անասնակերը. ինչքան կար՝ հնձել ենք: Մեղրը. մի անգամ քամեցինք, մի անգամ էլ քամեցինք, էլի կքամեինք՝ չքամեցինք, թող մեղուն կուշտ լինի, մի բան էլ ավելանա:

Նախագահը գրում է ֆերմայի վարիչին. «Դուրս գրել հնձվորի համար մսացու ոչխար»: Ֆերմայի վարիչը հնձվորների խմբապետին ասում է.– Շա՞տ եք:– Կանք, էլի: Ֆերմայի վարիչն Ավագ հորեղբորն ասում է.– Մսացու տուր՝ տանի:

Իսկ հաշվապահը, որ գրասենյակում նստած սպասում է, թե ով ինչ հաշիվ է ներկայացնելու, հունձը վերջացրած խմբապետին ասում է.– Խմբիդ դիմաց երկու ոչխար եմ գրել, կերե՞լ եք երկու ոչխար:

– Չորս պիտի լիներ կամ հինգ, լավ չեմ հիշում:

Գյուղում տասը շնչանոց մի ընտանիք կա. տատն է, որդին ու հարսը և տասնմեկից մինչև քսանհինգ տարեկան թոռները: Բացի տատից, առավոտն աշխատանքի են դուրս գալիս, իրիկունը վերադառնում բոլորը: Տատն ասում է.

– Վեր կացեք, երեխաներ, թեյամանը գնաց:

Հետո տատն ասում է.

– Ուշացաք, երեխաներ, աշխատանքից:

Իրիկունը տատն ասում է.

– Նստեք հացի:

Տատը լուսաբացի ծուղրուղու է. երբ պիտի նստեն հացի՝ ասում է «նստեք», երբ գերանդիներն ուսել են՝ ասում է «գնացեք», երբ ամենափոքրը, տասնմեկ տարեկանը, ձիուն կպչում է Գետամեջից օրվա փոստը բերելու գնա՝ տատն ասում է «գնա, զգույշ կլինես, չընկնես»: Նրանց ընտանիքը տատը չի կառավարում և ոչ էլ որդին: Որդին միայն ասում է. «Եղիշիկը գնաց, չէ՞, փոստի ետևից: Մենք էլ գնացինք, արևն ուր հասավ, հա՜...»:

Արևն է ղեկավարում նրանց աշխատանքը, հյուսիսից բարձրացող ամպերը, դեմքին քսվող քամու սառնության չափը:

Մի ուրիշ բան էլ կա այդ ընտանիքում. տատն ասում է «հավերը թուխս եմ դրել»: Չի ասում «այսքան ձու թխսի տակ եմ դրել, այսքանից ճուտ է դուրս եկել, այսքանից՝ ոչ»: Տնեցիները չեն ասում «այսինչ

գործից այսքան արեցի», միայն ասում են... ոչինչ էլ չեն ասում: Ուղղակի՝ եթե հոգնած են՝ քնում են, եթե հոգնած չեն՝ աշխատում են: Աշնանը նրանց մառանները լիությունից տրաքվում են: Նրանց տանը կողպեք չկա. հասնողը վերցնում է, ինչպես հասնողն աշխատել է:

Գյուղը նրանց ընտանիքի նման է: Շռայլ՝ աշխատելիս, անփույթ՝ ծախսելիս, անտարբեր՝ ուրիշ մարդկանց հետ հարաբերություններում իրենց արածի նկատմամբ: Իսկ այդ ուրիշները նրանց արածը երբեմն լավություն են որակում, երբեմն վատություն: Գյուղը խուլ է այդ որակումներին:

Պատերազմի ժամանակ, գժվեցնող վշտերի, խելագար ուրախությունների ու մեծ իրարանցման մեջ, նախագահ Բագրատ Դուր−միշյանը տնտեսության գոմահանդերից մեկը տվեց հարևան Գետամեջին: Փոխարենը վերցրել էր մի տասը խոյ, տվել, ասում են, զինվորական լիազորին, որպեսզի որդուն նորից ճակատ չտանի: Քայլող տղամարդը, ոչ թե տասնչորս տարեկան տղա-երեխան կամ վաթսունից բարձր պապը, սև մազ-մորուքով տղամարդը, մատների մեջ՝ ծխախոտ, գյուղի համար ուրախություն էր, գյուղը գոմահանդի համար չաղմկեց: Բագրատի որդուն ասում էին.

– Գևո՜րգ ջան...– Եվ այս մի հատիկ բառի մեջ երևում էր քույրերի գլուր-գլուր կարոտը եղբայրներին, մոր թառանչը երեխայի համար՝ որ այնքա՜ն միամիտ էր, որ նրանից կռվող դուրս չէր գա... երևում էր հարսների ամոթխած-հանդուգն հոգոցը ամուսինների համար:

– Գևո՜րգ ջան:

– Ասա, ի՞նչ է, քույրիկ:

– Ա՜խ, Գևորգ ջան:

Պատերազմը վերջացավ, և չորս տարի առաջ նշանվածների հար-

սանիքին, լեզուն շաղած հովվի կերպարանքով, դեռևս անհամարձակ, հարսանքատանը կանգնեց գյուղի ծաղրածուն.

– Տղերք,– ասաց հովիվը,– սարերում մի գայլ կա, հազար անգամ կրակել եմ՝ չի կպել, շները հազար անգամ ետևից են ընկել՝ խաբել է, չեն բռնել: Ու ամեն անգամ մի բան փախցրել է: Ամենաառաջին անգամ մոտս ոչ շուն կար, ոչ հրացան. մահակով քշեցի վրան՝ ատամները բացեց կանգնեց: Դրա հետ գլուխ դնել չէր լինի, մի քոսոտ գառ հրեցի առջևը՝ բանի տեղ չդրեց. պտտեց, պտտեց, աչքը աչքիս պտտեց, թափով խփվեց հոտի մեջ, որձի մոտից թռավ՝ որձը մնաց անդմակ: Ոչ կարողանում եմ սպանել, ոչ էլ ինքն է ինձ սպանում՝ ազատվեմ, էլ հնար չկա, ծիծաղում եմ: Անունը դրել եմ Բագրատ:

– Չպետք է Բագրատ դնեիր,– ասաց դժվար օրերի նախագահ Բագրատը,– պիտի Լիազոր դնեիր: Իմ վիրավոր տղեն օրենքով ազատվում էր՝ անօրեն եմ ազատել: Մեկը պիտի տուժեր՝ տնտեսու-

թյունն է տուժել:

– Բայց անունը վերցրել է՞,– հարցրին հովվին:

– Տղերք, փոխեմ Լիազո՞ր, թե Բագրատն էլ ոչինչ:

Գյուղն ուզում էր լիազորին դատի տալ, բայց իմացավ, որ նա թոշակի է անցել, խոզ է բտում ու գոռգոռում է այգի մտնող երեխաների վրա: Զրկեին խոզին լափ տալու հաճույքի՞ց:

Բայց դեռ երկար տարիներ թշշալով էին նայում Գետամեջին, վերջն էլ չհամբերեցին՝ հնձեցին գոմահանդը, ոչխարը քշեցին ձմեռելու: Դատական ծանուցագիր եկավ՝ չստացան. ճանապարհին կորել է: Կենտրոնից հեռախոսեցին՝ Անտառամեջն այնպես էր փնթփնթում լսափողի մեջ, որ կարելի էր կարծել, թե արջ է: Նորեն զանգահարեցին՝ Անտառամեջն ասում էր. ինչէէէէ՜... Նրանք ասում էին եկեք դատարան՝ Անտառամեջն ասում էր. ինչէէէ՜... Կարծեցին Անտառամեջը խուլ է: Եվ դատարանը, դեպքերից ետ չմնալու համար, կազմակերպեց գոմահանդի վաճառքը նախկին տեր Անտառամեջին: Եվ դատարանում անտառամեջցի մարդ չկար, որպեսզի նրան հաշտության ձեռք մեկներ Գետամեջի ներկայացուցիչը: Գյուղի անունը մնաց Արջ. այդ բոլորը գիտեն, բացի իրենից գյուղից, որ ժամանակ չունի բամբասանք լսելու. նորոգում է Գետամեջի փչացրած գոմերը, խոտհարքները մաքրում է Գետամեջի հատկապես դրած մրջնաթմբերից, աղբյուրներին նավ է գցում: Եվ առհասարակ չպետք է Գետամեջից աղջիկ ուզել, նրանք տան կնիկ լինել չեն կարող:

Գյուղում հարևանների մեջ էլ կռիվ է ընկնում մի քանի թիզ հողի համար: Այդ կռիվը «ցանկապատդ քեզ քաշիր» է. բայց ծիծաղելի չէ, որովհետև կռիվ չէ մի աման տանձի համար: Դա մի թիզ ավելի փորելն է, փոցխելն է, ցանելն է, նայելն է, ուրախանալն է: Ցանկապատեր չկան և ընդհանրապես բաժանի ոչ մի նշան չկա. այդ գիծը հարևանների գլխի մեջ է. եթե երկուսի մտքում էլ նույն տեղով է անցնում՝ խաղաղ են, եթե տարբեր տեղերով է անցնում՝ վիճում են: Մեկի այգին մյուսի աչքից չի պահվում ցանկապատով: Բերքը, դեռ ծաղիկը ծերին, խժռում են երկուսի երեխաները միասին: Վարունգի թաղը մի մասով մի հարևանի հողում է, մյուս մասով՝ մեկ. բուկլիցելիս մտքի ետևից ընկած մի հարևանը սահմանն անցնում է, մտքի ծայրը գալիս է, մարգինը չի գալիս:

– Տեսնում ես դու՝ որտեղ եմ հասե՜լ...

– Իսկ իմ ջո՛ւրը որտեղ է հասել մտքի ետևից ընկած...

– Հա, ես ու քո ջուրը մի օրի ենք:

Ի միջի այլոց, գոմահանդի վրա վիճելիս Անտառամեջն ասում էր Գետամեջին.

– Մեզ խոտը չի հետաքրքրում: Եթե ձեզ թողնենք՝ մեր գոմահանդը մեզանից կնեղանա ու էդպես էլ կնեղանա:

Այդ պատճառով էլ ծիծաղելի չեն վեճերը երկու թիզ հողի համար:

"Մենք ենք, մեր սարերը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Լարային քառյակ – Քամի
Էլեն Յոլչյան

Լարային քառյակ – Քամի

Երանոս սարը, 1990
Երանոս սարը, 1990
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից