Հակոբ Պարոնյան
Մեծապատիվ մուրացկանները
Ը
Մանուկ աղան, որ վարի սենյակն էր և խահվե կը խմեր, տիկին Շուշանին վար իջնալն տեսնելուն պես՝ խահվեի գավաթն թողուց և Աբիսողոմ աղային քովը գնաց։
Այսպես, ըսավ, Մելքոն աղան թևես քաշեց, և մեկտեղ ընթերցատունը մտանք։ Այդ ընթերցատունը ժամանակավ գինետուն էր։ Աստված ողորմի հոգուն, Կոմիկ աղան կը բռներ, աղեկ մարդ մ’ էր, հիվանդություն մը եկավ վրան, շատ բժիշկներ նայեցան, ճար մը չկրցին գտնել, և խեղճը մեռավ․․․
Մանուկ աղային կինը լրագիր մը ի ձեռին ներս մտավ և լրագիրը Աբիսողոմ աղային տալով՝
Մեծապատիվ էֆենտին հատկապես բարև ըրած է ձեզի, ըսավ և դուրս ելավ։
Աբիսողոմ աղան աճապարանոք բացավ լրագիրն և կարդաց․
«Վանեն հետևյալը կը գրեն մեզ»։ Աս չէ, վարինը կարդանք, ըսավ և կարդաց․ «Մեր բարեկամներեն մին Մուշեն հետևյալը ղրկած է մեզ ի հրատարակություն»։ Աս ալ չէ, մյուսը նայինք․ «Քուրիե տ’ Օրիանի» մեջ հետևյալ տողերը կը տեսնվին»։ Մյուս երեսն անցնինք․ «Թայմզի» թղթակիցը հետևյալը հեռագրած է հիշյալ լրագրին»։ Ասոնց մեջ իմ անունս չկա․․․ սա կտորը նայինք․․․ «Մայրաքաղաքիս ազնվական դասուն անդամ մ’ալ ավելցավ այս օրերս։ Երևելի վաճառական և բազում ագարակներու տեր, ազգասեր, լեզվագետ, ազնվասիրտ և վեհանձն Աբիսողոմ էֆենտի, որ մեր ազգայնոց ծանոթ է, երեկ Տրապիզոնի շոգենավով մայրաքաղաքս եկավ և ուղղակի Բերա ելավ Ծաղկի փողոց, թիվ 2 տունը։ Աբիսողոմ էֆենտիի պես մեկու մը մայրաքաղաքս գալն անշուշտ մեծ ուրախություն պիտի պատճառե մեր բարեմիտ ազգայնոց»։
Աբիսողոմ աղան Մանուկ աղային դառնալով՝ տես, ըսավ, ի՛նչ գրած է ինծի համար, և բարձր ձայնով անգամ մ’ ալ կարդաց։
Մեծապատիվ էֆենտին բարև կընե եղեր, ըսավ տիկինը նորեն ներս մտնելով, բաժանորդագին պիտի տաք եղեր։
Հիմա՛, ըսավ Աբիսողոմ աղան և տվավ բաժանորդագինը տիկնոջ, որ վազելով վար իջավ։
Սա մարդը գեշ չը՞ գրեր կոր, հե՛, հարցուց Աբիսողոմ աղան։
Այո՛, գեշ չգրեր։
Պատվական լրագիր մ’ է։
Ավելի պատվականը կրնա ըլլալ։
Տիկինը դուռը բանալով Աբիսողոմ աղային նամակ մը, խոշոր ծրար մը հանձնեց ըսելով․
Մեծապատիվ էֆենտին մասնավորապես կը բարևե զձեզ։
Աբիսողոմ աղան նամակը բացավ և հետևյալը կարդաց․
«Մեծապատիվ էֆենտի,
Ձեր մեծապատվության մայրաքաղաքս գալն իմանալով փութացի ձեր գալուստը շնորհավորելով՝ լրագրես տասն օրինակ ղրկել։ Քաջահույս եմ, որ պիտի հաճիք ձեր բաժանորդությամբը քաջալերել լրագիրս, որով պիտի խրախուսեք զիս, որ խմբագրական տաժանելի ասպարեզին մեջ ազգին ծառայություններ ընելու կոչված եմ։
-
-
-
-
-
-
-
-
-
-
- Մնամ հարգանոք
- խմբագիր-տնօրեն
- …… լրագրո»
- (ստորագրություն)
-
-
-
-
-
-
-
-
-
Տասը հատն ի՞նչ ընեմ․․․
Կշտանալով կը կարդանք․․․
Տիկինը նորեն ներկայացավ ծրարով մը և նամակ մ’ ալ տվավ Աբիսողոմ աղային, որ բանալով սկսավ կարդալ․
«Մեծապատիվ էֆենտի,
Ձեր հանրածանոթ ազգասիրությունը քաջալերություն տվավ ինձ լրագրես տասնհինգ օրինակ ղրկել ձեզ։ Քաղցր է ինձ հուսալ, որ պիտի բարեհաճիք զանոնք ընդունիլ ի պաշտպան կանգնիլ լրագրության, որ մեր մեջ ընթերցասիրության չտարածվելուն պատճառովը դժբախտաբար գեշ վիճակի մը մեջ կը գտնվի։
-
-
-
-
-
-
-
-
-
-
- Մնամք հարգանոք
- խմբագիր-տնօրեն
- …… լրագրո»
- (ստորագրություն)
-
-
-
-
-
-
-
-
-
Աբիսողոմ աղան նամակը ծալլելու վրա էր, տիկինը ներս մտավ․
Մեծապատիվ էֆենտին սիրով բարևներ կընե եղեր ձեզի, ըսավ և նամակով մը գիրքեր ներկայացուց Աբիսողոմ աղային, որ նամակը բացավ և սկսավ կարդալ․
«Մեծապատիվ էֆենտի,
Իմ մտքիս ծնունդն եղող քերթվածները հրատարակած ըլլալով՝ արժան դատեցի անոնցմե քառասուն օրինակ ձեզ ղրկել։ Կը հուսամ, որ շնորհ կընեք զանոնք ընդունելու և կերպով մը քաջալերություն տալու ինձ, որպեսզի մյուս քերթվածներս ալ քիչ օրեն հրատարակության տամ։
Խնդրելով, որ ընդունիք իմ խորին մեծարանացս հավաստիքը, մնամ ձերդ մեծապատվության խոնարհ ծառա»։
-
-
-
-
-
-
-
-
-
-
- (ստորագրություն)
-
-
-
-
-
-
-
-
-
Աբիսողոմ աղան նամակը գոցեց և քովը դրավ։
Տիկինը դարձյալ ներս մտավ։
Մեծապատիվ էֆենտին բարև՞ ըրած է դարձյալ, հարցուց Աբիսողոմ աղան։
Ո՛չ, բեռնակիրներեն մեկը եկած է և կրողչեքը կուզե։
Աբիսողոմ աղան քսան դահեկան հանեց, տվավ։
Տիկինը դուրս ելավ, դուռը գոցեց։
Ընթերցատան մեկ անկյունը քանի մը հոգի նստած ընտրելի թաղականներու ցուցակը կը պատարաստեին, ըսավ Մանուկ աղան՝ յուր պատմության թելն ձեռք առնելով։ Անոնք մեր կողմեն չէին և կաշխատեին, որ իրենց ուզած կաշառակեր մարդերը թաղական ընտրեն։
Տղուն մեկը եկավ սա գիրքերը ձգեց, գնաց, ըսավ տիկինը նորեն մտնելով․ մեծապատի՛վ Էֆենտին շատ բարև կընե եղեր և այսօր կամ վաղը պիտի գա եղեր զձեզ տեսնելու։
Տիկինը գրքերը սեղանի մը վրա դրավ։
Ի՞նչ ընեմ այսչափ գիրքերը, գրավաճա՞ռ պիտի ըլլամ ես։ Չեմ ուզեր, ալ ասկից վերջը եթե բերող ըլլա, մի ընդունիր, Աբիսողոմ աղան հոս չէ՝ ըսե և ճանփե։ Ատ ալ չըլլար, դուն խմբագիրները չես ճանչնար․ անոնց մեջ կը գտնվին այնպիսիներ, որ երբ իմանան, թե իրենց ընկերներեն մեկուն լրագիրն առած ես և իրենցը չես առեր, վրադ կը հարձակին և չլսված խոսքեր կընեն։
Եթե այնպես է ընդունե, որչափ լրագիր որ բերեն, ի՞նչ ընենք, բռնվեցանք անգամ մը․ եթե գիրք բերեն, մի ընդունիր։
Տիկինը գլուխը ծռելով դուրս ելավ։
Թեպետ այդ մարդիկն իրենց ուզածները թաղական ընտրելու, կաշխատեին, բայց իրենց մեջ ալ անմիաբանություն կար․ ակնավաճառն յուր առաջին հաճախորդը կուզեր թաղական ընտրել, Հացագործն կուզեր թաղական ընտրել այն մարդն, որուն տունը օրը տասը հաց կուտար․ դերձակն թաղական տեսնել կը փափագեր այն երիտասարդն, որուն վրա շաբաթը երկու անգամ հագուստ կը ձևեր, կը կարեր․ համետագործը քվե տալ կուզեր այն հարուստին, որուն մեկ երկու համետ կը շիներ տարին․ խմբագիրն յուր բոլոր բաժանորդները թաղական խորհրդո մեջ տեսնել կուզեր․ փաստաբանը իրեն շատ դատ հանձնողին քվե կուտար․ բժիշկն՝ յուր ամենեն ծանր հիվանդին, և գինեպանն ալ ամենեն շատ օղի և գինի խմողին կուզեր հանձնել թաղին գործերը։ Ահա այսպես իրենց մեջ․․․
Մանուկ աղան դարձյալ չկրցավ շարունակել յուր պատմությունը, վասնզի ուրիշ հյուր մը ներս մտնելով ընդհատեց անոր խոսքը։
Այս հյուրը մաքուր հագված երիտասարդ մ՚ էր․ յուր կլոր և ճերմակ դեմքը շրջանակված էր դեղինով խառն սև մորուքե մը, որ շատ չէր վայլեր։ Պատկերներ կան, որ առանց շրջանակի ավելի գեղեցիկ կերևան․ թեպետ և կան ալ, որ գեղեցիկ երևալու համար շրջանակի կը կարոտին։ Եթե բնությունը չարգիլեր կիներու շրջանակի մեջ անցունել իրենց դեմքերն, այսօր ո՜րչափ կիներ մորուք պիտի ունենային։ Այս երիտասարդը ներս մտնելուն պես հանեց յուր սև և երկար գլխարկն և բարևեց սենյակին մեջ գտնվող երկու բարեկամները։
Մանուկ աղան անմիջապես դուրս ելավ բարկությամբ մռմռալով․
Այս տարիքն եկած եմ, և ասանկ բան գլուխս եկած չէր․ թո՛ղ չեն տար, որ երկու խոսք ընեմ․ հազիվ թե բերանս կը բանամ, մեկը կուգա, կսկսի խոսել, և իմ խոսքս բերնիս մեջ կը մնա։
Աբիսողոմ աղա հրամանքնի՞դ եք, հարցուց հյուրն բազմոցի վրա նստելեն ետքը։
Այո՛, ես եմ։
Շնորհակալ եմ, որ Աբիսողոմ աղան դուք եք․ ձեր գալուստը լրագրի մեջ կարդացի և շատ ուրախացա, որ ազգերնուս մեջ ձեզի պես ազնիվ սիրտ կրող ազգասերներ պակաս չեն, վասնզի այն ազգն, որ ազգասեր չունի յուր մեջ, ազգ չէ։
Այո՛։
Փոխադարձաբար այն ազգասերն ալ, որ ազգ չունի, ազգասեր չէ։
Շիտակ է։
Այս երկուքն իրարու հետ այնպիսի սերտ կապակցություն մ՚ ունին, որ իրարմե բաժնելուդ պես՝ երկուքն ալ կը կորսվին։
Այնպես է։
Ազգ մը, որ յուր աշխատավորները չքաջալերեր, ավելցուց հյուրն միշտ ծանր և լրջագույն եղանակով մը, ազգերու կարգ անցնելու բնավ իրավունք չունի։
Շատ աղեկ կը խոսիք։
Եվ երբ աշխատավոր մը վարձքը չընդունիր յուր ազգեն, բնականաբար կը վհատի և երբեմն կը խորհի երթալ ինքզինքը ծովը նետել։
Ատ տղայություն է։
Ներեցե՛ք, Աբիսողոմ աղա, եթե մեր այս առաջին տեսությանը քիչ մը համարձակ կը խոսիմ ձեզի հետ։
Հոգ չէ։
Ծառադ վեց տարի Եվրոպա մնացած եմ և բժշկություն սորված եմ։
Աղեկ արվեստ։
Գիշերները քունս ծախելով կարդացած ու գրած եմ, որպեսզի քաղաքս դառնամ և ազգիս ծառայություն ընեմ։
Մարդ ալ յուր ազգին ծառայություն ընելու է։
Երկու տարի է, որ հոս կը գտնվիմ, և մինչև այսօր հազիվ չորս հիվանդ նայած եմ․ հասկցիր, թե ի՞նչպես կը քաջալերվին հոս բժիշկները։
Ցավալի բա՜ն․․․ այս տեղացիները հիվանդ ըլլալու սովորություն չունի՞ն․․․
Ունին, բայց հոս հիվանդները ազգային զգացում չունին, Հայաստանի վրա գաղափար չունին։
Ի՞նչ կըսեք։
Այո՛, երբ հայ մը հիվանդ ըլլա, օտար ագգե բժիշկ մը կը բերե յուր տունը՝ առանց գիտնալու, թե հայու ցավն հայը կարող է միայն բժկել, առանց համոզվելու, թե օտարը չէ կարող հայու ցավուն դարման ըլլալ։ Այսօրվան օրս երկու հազարեն ավելի հայ բժիշկ կա․ ասոնց մեջեն հինգ վեց հատը, մանավանդ երկու երեք հատը պատվական կյանք կանցունե, և անդին մնացածը ամեն օր բերանը բաց կսպասե, որ հիվանդ մը ներկայանա իրեն և ստակ առնե։
Գեշ վիճակ։
Ի՞նչ ընեն ազգային բժիշկներն, երբ ազգային հիվանդներն օտարներու կը դիմեն… ո՛հ, օտարասիրություն, օտարասիրություն, գոչեց բժիշկն աչերն երկինք վերցնելով, ե՞րբ պիտի երթաս մեր քովեն։
Օտարասիրությունը աղեկ բան չէ։
Մանավանդ թե բժիշկները քաջալերելու չափ հիվանդություն ալ չկա մեր ազգին մեջ․ և այն ազգին մեջ, որ հիվանդությունը տարածված չէ, պարապ բան է Եվրոպայի բժիշկներուն չափ ճարտար բժիշկներ հուսալ, ինչպես նաև այն ազգն, որու մեջ ընթերցասիրությունն տարածված չէ, իրավունք չունի տաղանդավոր և հանճարեղ հեղինակներ ունենալու․ տաղանդն և հանճարն առանց քաջալերության կը մեռնի։
Շատ իրավունք ունիք։
Չեք կարող երևակայել, Աբիսողոմ աղա, թե որչափ հուսահատած եմ․ հազար անգամ զղջացած եմ, երկու հազար անգամ անեծք կարդացած եմ բժիշկ ըլլալուս համար․ ո՜ւր էր, թե բժիշկ ըլլալու տեղ հիվանդ ըլլայի և․․․ մեռանեի․ մեր ազգին մեջ հիվանդությունը բժշկութենեն աղեկ է, վասնզի տգիտությունն գիտութենեն ավելի կքաջալերվի․․․ թեթևությունը ծանրութենեն ավելի հարգ կը գտնե, մոլիներն առաքինիներեն ավելի պատիվ կը վայելեն․ ճշմարիտ աստված, ուխտ ըրած եմ, որ եթե օր մը երևելի ազգայիններեն հիվանդ մը նայիմ, անոր անունը լրագիրներու մեջ բարձրացունեմ։
Այս խոսքին վրա Աբիսողոմ աղա արթնցավ, այսինքն փառասիրությունն արթնցավ։ Ի՜նչ անուշ բան է թերություններ հավաքել միամիտ մարդերու վրայեն։ Խորամանկներն երբեմն վարպետությամբ այնքան կը կեղծեն իրենց թերություններն, որ անոնց հավաքիչները կը շվարեցնեն․ վասնզի անոնք երբեմն միամիտ և երբեմն խորամանկ կը ձևանան, ժամ մը՝ տգետ, ժամ մը՝ գիտուն, մերթ՝ անաչառ, մերթ՝ աչառու, մերթ՝ կեղծավոր, մերթ՝ անկեղծ, և երբ ազգային նշանավոր, հանճարեղ և հերանուշ Ծերենցը ասոնցմե մին նկարագրելով անբնական անձ մը ներկայացնե, ամեն կողմեն կը բասրվի, թե Ծերենցն տակավին Մանուկենց է անձեր ստեղծելու արհեստին մեջ, թե միևնույն անձին վրա Ադամն և Նեռն, սատանան և հրեշտակն, Զոյիլն և Հոմերոսն, արականն և իգականն միանգամայն կներկայացնե։ Ի՞նչ հանցանք ունի ճերմակերես Ծերենցն, երբ յուր ներկայացնելիք անձերն խորամանկ են․ Ներեցե՛ք, Աբիսողոմ աղա և տեր բժիշկ, եթե ձեր խոսակցությունն ընդմիջեցի․ ի բնե քիչ մը անհամբեր եմ․ երբ խոսքին կարգը գա, չեմ կարող ինքզինքս բռնել, որչափ ալ այս բնավորությանս պատիժը կրած ըլլամ և կրեմ։ Այո՛, Ծերենցն կը ներկայացնե անձերն ոչ թե ինչպես որ են, այլ ինչպես որ կերևին։ Ծերենցն այս մասին որչափ ալ երկնցնե յուր մազերն, իրավունք ունի, վասնզի ունինք հեղինակներ, որոնք Ծերենցեն ավելի երկար մազ ունին և կը ներկայացնեն իրենց անձերն ոչ թե ինչպես որ են, այլ ինչպես որ կուզեն իրենք, որ ըլլան անոնք։ Ասոր համար է, որ կին-հեղինակներն, երբ Հայկ կամ Վարդան կամ Արտաշես ներկայացնել ուզեն, Վիքթոր Հյուկոյի խոսքերը կամ Մոլթքեի կարծիքները կը դնեն անոնց բերնին մեջ։ Ասոնք կը կարծեն, թե երբ Ադամ յուր ժամանակին հատուկ պարզությանը մեջ ներկայացնեն, կը կորսունեն իրենց տաղանդն, եթե ունին, կամ կը վնասեն իրենց հանճարին, զոր ունենալ կը կարծեն, կամ վերջապես կը զրկվին այն համբավեն, զոր վաստկիլ կերազեն։ Ո՞վ ըսած է այս ողբերգակներուն, թե ավելի դժվար է մեկուն պատկերն ճշտությամբ նկարելն, քան թե երևկայությամբ անբնական պատկեր մը գծելն․ ո՞վ պոռացած է ասոնց ականջն ի վար, թե նկարիչ մը պատկերներ ստեղծելու սկսելե առաջ՝ պատկերներ ընդօրինակելու է։ Ոչ ոք։ Եվ ով կը հանդգնի այս փափուկ ժամանակին մեջ ուրիշի մը գործն անաչառաբար քննադատելու։ Մեր քննադատները, քիչ բացառությամբ, ակնոց ակնոցի վրա կդնեն գործի մը մեջ գեղեցիկ կտորներ փնտրելու համար․ փնտրելու համար և ոչ թե տեսնելու համար, վասնզի տեսնված բանը չփնտրվիր։ Ասոնք բնավ տարբերություն չունին գրաքննիչներեն, որք որևէ հրատարակության մը մեջ միայն տգեղ կտորներ կը փնտրեն։ Չեմ տեսած քննադատ մը, որ տգեղ հրատարակության մը կոկորդեն բռնե, սղմե և սպանե զայն։ Սպանելու չէ, գործ մը գեղեցկացնելու աշխատելու է, կըսե, անոր գեղեցիկ կողմերը ցույց տալով և միշտ տգեղ կետերը հեռուանց ցցունելով խիստ քիչ անգամ։ Ո՛չ, պարոն քննադատներ, ո՛չ, իրավունք չունիք, սպանեցեք տգեղ գործերն և վստահ եղեք, որ պիտի գեղեցկանան անոնք։ Մարդեր կան, որ կը գեղեցկանան, երբ մեռնին։ Ես, որ այսչափ խստությամբ կը խոսիմ ուրիշներու երկերուն վրայոք, կը կարծեք, թե քաղցրությամբ կը վարվիմ «Մուրացկաններուս» անձերուն հետ, որոնց բերնեն ելած խոսքերն միայն բառ առ բառ կը գրեմ հոս, առանց իմ կողմեն կետ մ՚ ավելցնելու hանդգնությունն ունենալու։ Բնավ երբեք, մանավանդ թե կզգամ, որ իմ անձերս ալ ունին շատ թերություններ, զորս օր մը պիտի հարվածեմ։ Նույնիսկ մեծ թերություն մ՚է, որ պատմիչ մը յուր պատմության թելը կտրե և յուր ընթերցողներն երկու ժամ խնդիրեն դուրս խոսքերով զբաղեցնե։ Բայց ի՞նչ ընեմ, այս թերությունս իմ առավելությունս է, վասնզի այս թերությանս շնորհիվ է, որ կրցած եմ քանի մը ընթերցողներու տեր ըլլալ, թերություն, որ թերություններ ուղղելու պաշտոնն ունի։ Այսչափ բացատրություն ալ թերությանս համար։ Դառնանք ուրեմն մեր պատմության։
Աբիսողոմ աղան, ինչպես ըսինք, ականջները տնկեց, երբ իմացավ, որ բժիշկն եթե հիվանդ մը գտնե, անոր անունն լրագիրներու մեջ պիտի հրատարակե․ ուստի անմիջապես տկարություն ունենալ ուզեց։
Աղեկ եղավ, որ, ըսավ բժշկին, այսօր հոս եկաք, վասնզի քանի մ՚ օրե ի վեր վրաս գեշություն մը կա։
Ի՞նչ կգգա՞ք, հարցուց բժիշկը։
Գեշություն մը կզգամ։
Ո՞ր կողմդ։
Ո՞ր կողմս։
Այո՛։
Ամեն կողմս։
Ախորժակդ ի՞նչպես է։
Աղեկ է։
Կերածդ շատ մը կը մարսե՞ս։
Կը մարսեմ։
Գիշերները հանգիստ կը քնանաս։
Շատ հանգիստ, բայց վրաս գեշության մը կզգամ։
Գլուխդ երբեմն կը ցավի՞։
Այո՛։
Վրադ սանկ թուլության պես բան մը․․․
Ճիշտ։
Երբեմն դողալ մը սանկ․․․ Այո, այո, դողալ մը սանկ․․․ (մեկուսի) կյանքիս մեջ դողացած չունիմ։
Դողալեն վերջը տաքություն մը․․․
Տաքություն մը։
Տաքութենեն վերջը քրտինք մը․․․
Քրտինք մը։
Առտուները լեզվիդ վրա լեղիություն մը։
Այո՛, լեզվիս վրա լեղիություն մը։
Հասկցա, բան մը չէ, կանցնի, ինքզինքդ մսեցուցած ես։
Ինծի ալ այնպես կուգա, որ ինքզինքս մսեցուցած եմ։
Շատ բժիշկներ կան, որ այս հիվանդությունը չեն հասկնար, սխալ դեղեր կուտան, ուրիշ հիվանդություն կը հրավիրեն։
Ուրախ եմ, որ դուք աղեկ հասկցաք, դեղ մը տվեք, որ շուտ մը անցնի։
Բժիշկը ծոցեն հանեց թերթակալը կամ տետրոնը երկուքեն որն որ ուզեք, կրնաք գործածել․ ազատ եք նաև ոչ մին գործածելու և ոչ մյուսն, թուղթ մը քաշեց անոր մեջեն և մատիտով քանի մը բառ գծելեն ետքը թուղթին վրա՝ Աբիսողոմ աղային տվավ զայն՝ ըսելով․
Ասիկա կարմիր ջուր մ՚ է․ ժամը մեկ անգամ կը խմեք անկից խահվեի գավաթով․ թեպետ և քիչ մը լեղի է, բայց ազդու է։
Շատ աղեկ։
Մոռցա հարցնելու, թե բնությունդ ի՞նչպես է։
Բնությունս․․․ շիտակը, խարդախ մարդերեն չեմ ախորժիք․ ամենուն հետ աղեկ կը վարվիմ․․․
Ամեն առտու, դուրս կելլա՞ք, հարցուց բժիշկն՝ խոսքին ձևը փոխելու ստիպվելով։
Հոս գալես ի վեր երկու առտու դուրս չկրցի ելնել։
Իրա՞վ կըսեք։
Սուտ խոսելու ի՞նչ պարտք ունիմ։
Ուրեմն դեղ մ՚ ալ գրեմ։
Բժիշկը դեղագիր մ՚ ալ գրեց և Աբիսողոմ աղային տվավ։
Նախ այս դեղը պիտի առնես, ըսավ բժիշկն, որպեսզի վաղը առտու դուրս ելնես և վերջը մյուս ջուրը պիտի խմես։
Եթե այս դեղեն խմեմ, վաղը առտու անպատճառ դուրս կրնա՞մ ելնել։
Այո՛, անպատճառ։
Այս ի՜նչ աղվոր դեղ է․․․ Հապա թե որ դարձյալ հյուրեր գան և զիս խոսքի բռնե՞ն։ Հյուրերդ ի՞նչ վնաս ունին։
Ի՞նչպես վնաս չունին․ երկու առտու է, որ դուրս ելնել կուզեմ և թող չեն տար․ կուգան, երկու ժամ գլուխ կը ցավցունեն։ Բայց վաղը առտու անպատճառ պիտի ելնեմ, վասնզի պատկերս քաշել պիտի տամ։
Բժիշկը դարձյալ հարցման ձևը փոխեց հարցնելով․
Փորդ ի՞նչպես է։
Ամենուն փորին պես փոր է։
Պի՞նդ է։
Ո՞վ գիտե․․․ իրավ որ օր մը օրանց հետաքրքրություն ունեցած չեմ հասկնալու համար, թե պի՞նդ է, թե ոչ․ ո՞վ պիտի նայի անանկ բաներու։
Աբիսողոմ աղա, ամեն օր մեծ գործ կընե՞ս, հարցոց վերջապես բժիշկը ճարը հատնելով։
Այո՛, այո՛, ամեն օր մեծ գործ կը տեսնեմ։
Ո՜վ մեծագործություն․․․
Ո՜վ մեծախոսություն․․․
Շատ լավ, պատասխանեց բժիշկն, ես վաղն առտու նորեն կուգամ ձեզ տեսնելու։
Կըլլա։
Մնաք բարով․ հոգ մի ընեք, ձեր տկարությունը քանի մը դեղով կանցնի։
Շնորհակալ եմ։
Բժիշկն գլխարկն առնելով մեկնելու վրա էր, երբ Աբիսողոմ աղան ըսավ անոր․
Գրելիքդ չմոռնաս։
Բժիշկը խորհիլ սկսավ, թե ի՛նչ էր գրելիքը, և շուտ մը հիշելով՝ պատասխանեց․
Այո՛, այո՛, միտքս է, լրագրի մը մեջ պիտի գրեմ ձեր անունը։ Մնաք բարով։
Երթաք բարով։
Բժիշկը մեկնելուն պես Աբիսողոմ աղան ըսավ ինքնիրեն․
Վախցա, որ բժիշկը կըսե, թե «դուն հիվանդություն մը չունիս» և շինծու հիվանդ ըլլալս հայտնի կըլլա․ բայց պարապ տեղը վախցած եմ, վասնզի անիկա ոչ թե միայն չհասկցավ հիվանդ չըլլալս, այլ ըսավ նաև, թե քանի մը դեղով կանցնի հիվանդությունդ։ Էհ, պարոն բժիշկներ, դուք բան մ՚ ալ չեք հասկնար, և մամս իրավունք ուներ բնավ բժիշկ չկանչելու։ Ես բան մը չունիմ, տեր բժիշկ, շարունակեց, անունս լրագրի մեջ գրել տալու համար հիվանդ եղա․․․ Այս վերջին խոստովանությունը քիչ մը խենդություն երևցավ Աբիսողոմ աղային, որ խղճմտանքը հանդարտեցնելու համար ըսավ ինքնիրեն։
Լսողն ալ պիտի կարծե, թե հիվանդ չեմ և շինծու հիվանդ եղած եմ․ քանի մ՚ օրե ի վեր է, որ անհանգստություն մ՚ ունիմ, ոչ կրնամ ուտել և ոչ քնանալ, հազ մ՚ ալ ունիմ, որ գիշերները չքնացներ զիս։
Ո՜վ փառասիրություն, իրավ է, որ դուն երբեմն խելացիները խենդ և խենդերը խելացի կընես․․․