Հակոբ Պարոնյան

Մեծապատիվ մուրացկանները

Ա

Հազար ութը հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշեր՝ քանիին, սեպտեմբերի երեսունը մեկին,― ներեցեք, երեսունին պիտի ըսեի, վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի,― երկար և ընդարձակ թիկնոցի մը մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մարդ մը, որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր, Ղալաթիո նավամատույցին վրա կայնած՝ նավակե մը յուր սնդուկները հանել կաշխատեր։

Կը տեսնեք՝ որչափ պարզությամբ սկսա։ Պատմությունս հետաքրքրական ընելու ջանքով և անկից քանի մը հարյուր օրինակ ավելի ծախելու համար չըսի, թե նույն օրն սաստիկ հով մը կար, թե տեղատարափ անձրև կուգար, թե խառն բազմություն մը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակը կը վազեր, թե ոստիկանությունն աղջիկ մը ձերբակալած էր և այլն խոսքեր, որովք վիպասաններն կսկսին միշտ իրենց վեպերը։ Ես ալ կրնայի ըսել այս ամենը, բայց չըսի, որովհետև նույն օրն ոչ հով կար, ոչ անձրև, ոչ խուռն բազմություն և ոչ ձերբակալված աղջիկ մը։

Արդ, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որ ժամանակակից դեպք մ՚ է։

Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչքերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քիթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քիթով, թեպետ և բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել․ անոր մեծությունը սխալեցուց զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պ․ Հ․ Վարդովյան հանդիպեր յուր աչերով, կը հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։

Սնդուկներն և անկողինն, որ քուրջի մը մեջ ներփակված էին, նավակեն հանելուն պես ճամփորդն քաշեց քսակն ու նավավարին իրավունքը վճարելով՝ բեռնակիր մը կանչեց։ Հինգ բեռնակիրներ ներկայացան իրեն։ Տարակույս չկա, որ եթե հինգ կանչեր, քսան և հինգ պիտի ունենար յուր առջև մայրաքաղաքիս սովորությանը համեմատ։

Ո՞ր կողմ պիտի երթաք աղա, հարցուց բեռնակիրներեն մին՝ մեկ ոտքը սնդուկներեն միույն վրա կոխելով։

Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2 պիտի երթամ, պատասխանեց խոշոր մարդը։

Շատ աղեկ, հասկցա, Բերա, Ծաղկի փողոց․․․ պատվական փողոց մ՚ է, ըսավ հարցումն ընող բեռնակիրն և սնդուկին մեկն ալ շալկելով սկսավ երթալ։

Ծաղկի փողոցն ես ալ գիտեմ, ըսավ երկրորդ բեռնակիրն և սնդուկին մեկն ալ ինք առնելուն պես՝ Բերայի ճամփան բռնեց։

Ես ամեն օր կերթամ Ծաղկի փողոցն, ըսավ երրորդն և մարդուն անկողինը գետնեն վերցնելն, կռնակին վրա առնելն ու վազելն մեկ ըրավ։

Այս գործողություններն այնքան արագությամբ կատարվեցան, որ մարդը շվարելով սկսավ չորս կողմը նայիլ՝ տեսնելու համար բեռնակիրներն, որ բազմության մեջ անհայտ եղած էին։

Ի՞նչ խայտառակություն է աս, պոռաց վերջապես ոտները գետինը զարնելով, ո՞ւր տարին անկողինս և սնդուկներս, ատոնք ի՞նչ իրավունք ունին իմ անկողնուս և սնդուկներուս խառնվելու, ի՞նչ աներես մարդ են եղեր այս տեղաց մարդերը․ ինչ որ կը տեսնեն, կառնեն, կը տանին։

Ծաղկի փողոցը մենք ալ գիտենք, աղա, մեզի ալ բան մը տուր, որ տանինք, ըսին միուս երկու բեռնակիրները։

Ծաղկի փողոցն ալ գետնին տակն անցնի, դուք ալ, պատասխանեց մարդն, որուն այտերն նեղութենե կարմրիլ սկսած էին։

Երկու բեռնակիրները խնդալով հեռացան․ և ճամփորդն ալ յուր սնդուկներուն ետևեն երթալ կը պատրաստվեր, երբ բարձրահասակ, թխադեմ, փոքր աչերով մարդ մը ուսերը տնկած, ձեռները շփելով և բռնազբոսյալ ժպիտով մը մոտեցավ անոր և քաղաքավարական ձևով մը ձեռները բռնելով հարցուց․

Դո՞ւք եք, Աբիսողոմ աղա, ե՞րբ եկաք, ո՞ր շոգենավով եկաք, ի՞նչպես եք, ձեր եղբայրն ի՞նչպես է, ազգային գործերն ի՞նչպես են Տրապիզոն, հացին գինը քա՞նի է հոն, անձրև եկա՞վ այս օրերս ձեր քաղաքը․․․ վայ, Աբիսողոմ աղա, վայ․․․

Ես եմ Աբիսողոմ աղան, հիմա եկա, տաճկի շոգենավով եկա, շատ աղեկ եմ, եղբայրս ալ աղեկ է, ազգային գործերն ալ աղեկ են Տրապիզոն, հացին գինը մեկ դահեկան է, անձրև չեկավ այս օրերս մեր քաղաքը, պատասխանեց փութով թիկնոցաբնակն՝ առանց ճանաչելու այս անձն։

Ներեցեք, թողություն ըրեք, որ չկրցի մինչև շոգենավ գալ զձեզ դիմավորելու համար։ Ինծի գրված էր Տրապիզոնեն, որ այս շաբթու անպատճառ հոս պիտի գաք․․․ Ես ատանկ բաներու չեմ նայիր։

Արդարև մայրաքաղաքս ինքզինքը բախտավոր համարելու է ձեզի պես պատվական ազգային մը, շնորհալի երիտասարդ մը, ողջամիտ մեկը․․․

Սնդուկներս․․․

Ազնիվ սիրտ մը, վեհանձն հոգի մը․․․

Բեռնա․․․

Հայրենասեր անձ մը․․․

Կիրները․․․

Ազգասեր, ուսյալ, կրթյալ․․․

Սնդուկ․․․

Դաստիարակյալ․․․

Ներս առին, տարին․․․

Ազնվասիրտ, ազնվախոհ, ազնվադեմ մեկը իր մեջ ունենալու համար։

Սնդուկներուս մեջ ատանկ բաներ չկան, պատասխանեց Աբիսողոմ աղան քալել սկսելով՝ բեռնակիրները գտնելու համար։

Թեպետև դուք զիս չեք ճանչնար, բայս ես ձեր գերդաստանը խիստ լավ կը ճանչնամ․ ձեր լուսահոգի հայրն իմ լրագրույս բաժանորդ էր։ Շատ բարի մարդ մ՚ էր, աղքատներուն ողորմություն կուտար, աղքատ աղջիկներ կը կարգեր և իրեն դիմողներուն բարություն կըներ։ Ասանկ ողորմած մարդերը շատ ապրելու են, բայց, ի՞նչ օգուտ, անգութ մահը միշտ բարիները կառնե և թող կուտա չարերն, որ ազգին չարություն ընեն։ Թողունք սակայն հիները և ուրիշ բանի վրա խոսինք։ Շոգենավուն մեջ հանգի՞ստ էիք։

Շատ հանգիստ էի, պատվականապես կերա, խմեցի և պառկեցա, պատասխանեց Աբիսողոմ աղան՝ քայլերն շուտ առնել սկսելով։

Եթե հանգիստ չըլլայիք, վաղվան լրագրույս մեջ պիտի գրեի և ընկերության ուշադրությունը պիտի հրավիրեի, ըսավ խմբագիրն ետևեն վազելով։

Շնորհակալ եմ։

Կաղաչեմ, ըսեք ինձի, քանի՞ տարեկան եք։

Քառասուն։

Վաճառական եք, կարծեմ։

Այո․․․ եթե անցագիր պիտի շինել տաք, հարկ չկա, վասնզի հատ մը ունիմ։

Չէ, վաղվան թերթիս մեջ պիտի գրեմ, որ առջի օրը Տրապիզոնեն մայրաքաղաքս եկավ մեծապատիվ Աբիսողոմ աղա երևելի վաճառականն, որ յուր լեզվագիտությամբ և վաճառականական հմտությամբն ծանոթ է մեր ազգայիններուն։ Տաճկերեն գիտեք կարծեմ։

Ո՛չ։

Ֆրանսերե՞ն։ Ո՛չ։

Անգղիերե՞ն։

Ո՛չ։

Գերմաներե՞ն։

Ոչ։

Վնաս չունի, ես լեզվագետ պիտի ըսեմ ձեզի համար և ձեր վրայոք գովեստով պիտի խոսիմ։

Ամեն Պոլիս եկողներուն անունները ձեր թերթին մեջ կը գրե՞ք։

Գրեթե ամենն ալ, եթե ձեզի պես պատվավոր ազգայիններ ըլլան։

Պոլիսեն գացողնե՞րն ալ կը գրեք։

Գրեթե կը գրենք, եթե պատվավոր ազգայիններ ըլլան։

Շատ լավ, իմ անունս ալ գրեցե՛ք, ես ալ պատվավոր ազգային մ՚ եմ։ Մեր քաղքին մեջ արտերու, եզերու, կովերու և ագարակներու տեր եմ․․․ Ասոնք ալ գրե՛, ըսավ այնպիսի դեմքով մը, որ կը հայտներ, թե մեծ շահ մ՚ուներ այս խոսքերուն հրատարակությանը մեջ։

Հոգ մի՛ ընեք․ խղճի և արդարության պարտք մը կատարելու համար անոնք ալ կը գրեմ։

Երկու երեք հատ սպասավոր ալ ունիմ․․․ անոնք ալ լրագրույդ մեկ կողմը կրնա՞ս անցունել։

Ինչո՞ւ չէ։

Ոսկիե ժամացույց և շղթա ալ ունիմ, բայց շոգենավուն մեջ չգողցնելու համար վրաս չառի․ անոնք ալ գրել պե՞տք է, հարցուց Աբիսողոմ աղան, որ բոլորովին մոռցած էր սնտուկները։

Ատոնք գրելու հարկ չկա։

Շատ լավ, բայց մյուս ըսածներս լրագրույդ մեջ ամենեն առաջ դիր, որ կարդան։

Այնպես ընելու միտք ունիմ։

Խոշոր գրերով գրե՛։

Հանգիստ եղեք․ ամենեն խոշոր գրերով։

Միայն հարուստ մարդերուն գալն և երթալն կը գրեք․․․ այնպես չէ՞։

Այո։

Եթե աղքատ մարդերն ալ կը գրեք, չեմ ուզեր, որ իմ անունս․․․

Բնավ երբեք, ստակ չունեցողներուն անունները բնավ չենք գրեր, նույնիսկ եթե հազար ոսկի ալ տված ըլլան դպրոցի մը շինության համար։

Ըսել է որ դուք ամեն իրիկուն հոս կսպասեք Պոլիս եկող կամ անկից մեկնող հարուստները տեսնելու և անոնց անունները հրատարակելու համար, որպեսզի ժողովուրդն գիտնա, թե ով եկած է և ով գացած է․․․ Տարակույս չկա, որ վաղը իրիկուն իմ անունս պիտի կարդամ ձեր լրագրին մեջ։ Այո՛, ձեր հասցեն տվեք, որ տեղական թղթատարով ղրկեմ լրագիրը։

Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2։

Շատ աղեկ, ըսավ խմբագիրն և գրպանեն թուղթ մը հանելով բաժանորդներուն ցուցակին մեջ անցուց Աբիսողոմ աղան։

Վաղը առտու լույսը չճղքված ղրկե, որ կարդամ իմ անունս լրագրին մեջ։

Իրիկվան դեմ կը ղրկեմ, վասնզի լրագիրս իրիկունները կը տպվի։

Որչա՛փ ուրախ կըլլայի, թե ձեր վաղվան լրագիրն առտուն տպեիք․․․ բայց վնաս չունի, իրիկվան թո՛ղ ըլլա, բավական է․ որ անունս խոշոր գիրերով գրվի։

Այդ մասին հանգիստ եղե՛ք․ վաղը իրիկուն անպատճառ կը ղրկեմ լրագիրն ընկալագրով։

Ընկալագրո՞վ․․․ Տեղական թղթատարով պիտի ղրկեիք հապա․․․ Ընկալագիրն ո՞վ է, անունս գիտե՞․․․

Ընկալագիրն թուղթ մ՚ է, որուն մեջ կը գրեմ «Ընկալա մեծապատիվ Աբիսողոմ աղայեն․․․ լրագրո տարեկան բաժանորդագին մեկ ու կես ոսկի» և այդ թուղթը ձեզի կը հանձնեմ, որով տարի մը իրավունք կունենաք իմ լրագիրս ընդունելու։

Տարի մը շարունակ պիտի գրե՞ք իմ անունս։

Չէ, բայց դուք բաժանորդ պիտի ըլլաք իմ լրագրույս՝ մեկ ու կես ոսկի վճարելով ինծի։

Մեկ ու կես ոսկի՜՜․․․ շատ է․․․ երեք քառորդ ոսկի չբա՞վեր։

Խմբագիրները բաժանորդագնույն վրա սակարկություն չեն ըներ․․․։

Շատ լավ․ ղրկեցեք ձեր լրագիրն և այն թուղթը, բան մը կընենք։

Սակայն չկարծեք, թե ես բաժանորդ գրելու նպատակով զձեզ տեսնելու եկա, քավ լիցի, այդ պզտիկությունը չեմ ընդունիր․ բարեկամական պարտք մը կատարելու համար եկա զձեզ տեսնելու։

Հայտնի բան է։

Բնավ ձեր մտքեն չանցունեք, թե այս մարդը մեկ ու կես ոսկի փրցնելու համար զիս տեսնելու եկավ։

Չեմ անցուներ։

Վասնզի կան խել մը մուրացկան խմբագիրներ, որք Պոլիս եկողները կողոպտելու համար անոնց քովը կերթան և բաժանորդ կը գրեն զանոնք․ ես այդ բանը չեմ կարող ընել, վասնզի բնությանս մեջ չկա․․․ ես իբրև պատվավոր մարդ կուզեմ ապրիլ։

Հասկցա, իբրև պատվավոր մարդ կուզեք ապրիլ։

Ինձ հետ ձեր ունեցած այս տեսակցությունն ալ ուրիշի մի՛ զրուցեք, վասնզի տեսակ մը բախտանդիր, չվառական անձեր կան, որք բանդագուշական կենսագրություններ կը գրեն և իմ անձնականությունս կը խծբծեն։ Կը հասկնամ, անձնականությունդ կը խծբծեն։

Օրինակի համար սա պարագային մեջ հանցանք մ՚ ունի՞մ ես․ զձեզ դի­մավորելու եկա և խոստացա ձեր անունը լրագրույս մեջ հրատարակել․ դուք ալ իբրև ողջամիտ ազգային մը բաժանորդ գրվեցաք․ կաղաչեմ, ըսեք, ձեր կոկո՞րդը սղմեցի, որ ինծի բաժանորդ գրվիք։

Ամենևին։

Ատրճանա՞կ ցցուցի։

Բնավ երբեք։

Դանա՞կ քաշեցի։

Ոչ․ բայց ուրիշ տեղեր ատրճանա՞կ կամ դանա՞կ ցցունելով բաժանորդ կը գրեն։

Ատ ըսել չեմ ուզեր, սա ըսել կուզեմ, որ դուք ձեր հոժար կամքով բաժանորդ գրվեցաք։

Այո՛։ Եվ ես վեհանձնաբար վարվեցա այս պարագային մեջ։

Տարակույս չկա։

Չվարվեցա այն խմբագիրներուն պես, որք օտարականի մը Պոլիս գալն իմանալուն պես՝ վազելով անոր տունը կերթան բաժանորդ գրելու համար։

Այդ չվառականներն իրավունք չունին քու անձնականությունդ խծբծելու․․․ դուն վստահ եղի՛ր ինծի․․․

Շնորհակալ եմ ձեզմե․ մնաք բարով, Աբիսողոմ աղա՛․ օր մը մեր խմբագրատունը հրամմեցեք խահվե մը խմելու։

Շատ աղեկ․ օր մը կուգամ։ Վաղվանին մեջ անցունելու չմոռնաք։

Անհոգ եղեք։

Աբիսողոմ աղան և խմբագիրն բաժնվեցան իրարմե Բերայի քառուղ­վույն առջև, ուր հասած էին խոսելով։

Աբիսողոմ աղան առանձին մնալով սկսավ ճամփան շարունակել՝ ինքն իրեն հետևյալ խորհրդածություններն ընելով․

«Ես ինքզինքս չէի կարծեր այն չափ մեծ մարդ, որչափ որ կը կարծե այս խմբագիրն․ բայց հարկավ այն ինձմե աղեկ գիտե իմ որչափ մեծ ըլլալս, վասնզի խմբագիր մ՚ է և ուսումնական է․․․։ Վաղը լրագրի մեջ իմ անունս տեսնողները անշուշտ իրար պիտի անցնին և հետաքրքրություն պիտի ունենան ինծի հետ տեսնվելու․ վաղը պետք է որ կիրակի օրվան հագուստներս հագնիմ և ոսկիե ժամացույցս ու շղթաս ալ դնեմ․ սպասավորներս ալ հետս բերելու էի․ ո՞վ գիտեր․․․։ Ամեն մարդ պիտի իմանա վաղը, որ մեծ մարդ մը եկած է Կ․ Պոլիս․ ազնվախոհ, ազնվասիրտ, լեզվագետ, ուսումնական, դաստիարակյալ, կրթյալ և այլն մեկը, և՛ յուրաքանչյուր կնիկ պիտի ըսե իր էրկանը․ «Մեր աղջիկը սա Աբիսողոմ աղային տանք»։ Էրիկն ալ պիտի պատասխանե կնկանը․ «Նայինք՝ Աբիսողոմ աղան մեր աղջիկը կառնե՞, անիկա հարուստ տեղե մը աղջիկ առնել կուզե հարկավ»։ Այս պատասխանին վրա էրկան և կնկան մեջ վեճ մը պիտի ծագի և իրարու գլուխ պիտի պատռեն․ որո՞ւ հոգ․․․։ Անունիս լրագրին մեջ անցնիլն սա օգուտն պիտի ունենա, որ երկու օրվան մեջ հարուստ աղջիկ մը առնելով պիտի լըմնցունեմ ամուսնության գործն, որու համար միայն եկած եմ հոս․․․ այս ամուս․․․»։

Աղյուս բեռցված էշերու կարավանեն էշ մը բախվելով Աբիսողոմ աղային դեմ՝ ընդմիջեց զայն իր խորհրդածություններու մեջ, ուր ընկղմած ըլլալով ուշադրու­թյուն չէր ըներ առջևեն եկող էշերուն, որովք լի է միշտ Բերայի մեծ փողոցը։

Մեկդի կեցիր, ըսավ իշավար պարսիկն Աբիսողոմ աղային՝ արդարացնել ուզելով յուր էշը։

Ատ խոսքը առաջ ըսելու էիր, որ զգուշանայի, պատասխանեց Աբիսողոմ աղան և ճամփան շարունակեց։

"Մեծապատիվ մուրացկանները" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Ռապսոդիա
Էդուարդ Բաղդասարյան

Ռապսոդիա

Ծերունու դիմանկար, 1883
Ծերունու դիմանկար, 1883
Խաղա առցանց